Ռոման Յակոբսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոման Յակոբսոն
Ծնվել էսեպտեմբերի 29 (հոկտեմբերի 11), 1896
Մոսկվա, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էհուլիսի 18, 1982(1982-07-18)[2][3][4][…] (85 տարեկան)
Քեմբրիջ, Մասաչուսեթս, ԱՄՆ[1]
ԳերեզմանՄաունթ Օբերն գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Խորհրդային Ռուսաստան,  ԽՍՀՄ,  Չեխոսլովակիա և  ԱՄՆ
Ազգությունռուս
Դավանանքհուդայականություն
Մասնագիտությունլեզվաբան, գրականագետ, մանկավարժ, պատմաբան, գրող, քննադատ և ուսուցիչ
Հաստատություն(ներ)Հարվարդի համալսարան, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ և Մասարիկի համալսարան
Գործունեության ոլորտլեզվաբանություն, Ստրուկտուրալիզմ, Պոետիկա, ձևաբանություն և Ռուս գրականություն
Պաշտոն(ներ)Ամերիկայի լեզվաական հասարակության նախագահ
ԱնդամակցությունՍերբական գիտությունների և արվեստների ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Լեհական գիտությունների ակադեմիա
Ալմա մատերՄոսկվայի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետ և College of Philosophy of the Prague German University?[5]
Տիրապետում է լեզուներինանգլերեն[6][7], ռուսերեն[7], շվեդերեն, նորվեգերեն և չեխերեն[7]
Եղել է գիտական ղեկավարՄորիս Հալլի[8]
Հայտնի աշակերտներClarence Brown?
Պարգևներ
Ամուսին(ներ)Soňa Haasová?
 Roman Jakobson Վիքիպահեստում
Զրույց Ռոման Յակոբսոնի հետ՝ Վիկտոր Դուվակինի ձայնագրությամբ. Ձայնագրության բնօրինակը «Բանավոր պատմություն» պահոցում.

Ռոման Յակոբսոն (ռուս.՝ Рома́н О́сипович Якобсо́н, անգլ.՝ Roman Osipovich Jakobson, սեպտեմբերի 29 (հոկտեմբերի 11), 1896, Մոսկվա, Ռուսական կայսրություն[1] - հուլիսի 18, 1982(1982-07-18)[2][3][4][…], Քեմբրիջ, Մասաչուսեթս, ԱՄՆ[1])[10], ռուս և ամերիկացի լեզվաբան, մանկավարժ, գրականագետ։ Կառուցվածքային լեզվաբանության ռահվիրա, 20-րդ դարի ամենահայտնի և ամենաազդեցիկ լեզվաբաններից մեկը, որն իր նորարար գաղափարներով նպաստել է հումանիտար գիտությունների զարգացմանը։ Տեսական լեզվանաբանության, հնչյունաբանության, քերականության, ռուսաց լեզվի և գրականության, պոեզիայի, հոգելեզվաբանության, նշանագիտության և մի շարք այլ հումանիտար գիտությունների վերաբերյալ աշխատությունների հեղինակ է։ Նիկոլայ Տրուբեցկոյի հետ հեղափոխական զարգացման է ենթարկել լեզուների հնչյունական համակարգի վերլուծման հնարքները՝ արդյունքում բացահայտելով ժամանակակից հնչյունաբանության առարկան։ Յակոբսոնը շարունակել է զարգացնել այդ մոտեցումները նաև ձևաբանության, շարահյուսության և իմաստաբանության մեջ։ Նա մեծապես նպաստել է սլավոնական լեզվաբանության զարգացմանը, հատկապես իր երկու ուսումնասիրություններով, որոնք նվիրված են հոլովմանը և բայի քերականական կարգերին ռուսերենում։ Որոշիչ ազդեցություն ունենալով Կլոդ Լևի-Ստրոսի և Ռոլան Բարտի, ինչպես նաև այլ լեզվաբանների վրա՝ նա դարձել է առանցքային կերպար կառուցվածքային վերլուծության մոտեցումների կիրառման ուղղությամբ ոչ միայն լեզվաբանության, այլև փիլիսոփայության, մարդաբանության և գրականագիտության բնագավառներում։ Յակոբսոնը զարգացրել է Ֆերդինանդ դը Սոսյուրի սկզբնավորած ստրուկտուրալիզմի՝ կառուցվածքաբանության մոտեցումը, որն այնուհետև դարձել է հզոր շարժում հետպատերազմյան Եվրոպայում և ԱՄՆ-ում։ Չնայած 1970-ական թվականներին ստրուկտուրալիզմի ազդեցության նվազմանը՝ Յակոբսոնն իր աշխատանքներով շարունակել է ուշադրություն հրավիրել լեզվաբանական մարդաբանության վրա։ Այս տեսանկյունից մեծ է եղել նրա ազդեցությունը իր աշակերտ Մայքլ Սիլվերստեյնի զարգացրած մշակույթի նշանագիտություն և Դել Հայմսի հաղորդակցության ազգագրություն տեսությունների վրա։ Յակոբսոնի՝ լեզվական ունիվերսալիաները (լեզվաբանական տիպաբանության կարևորագույն հասկացություն՝ հատկանիշներ, որոնք բնորոշ են գրեթե բոլոր կամ մեծամասամբ բոլոր բնական լեզուներին) ընդգծելու տեսակետը, մասնավորապես տարբերակիչ առանձնահատկությունների նրա հայտնի տեսությունը նշանակալի ազդեցություն են թողել Նոամ Չոմսկու վաղ շրջանի գիտական մտքի զարգացման վրա, որը 20-րդ դարի երկրորդ կեսին դարձել է տեսական լեզվաբանության ամենաազդեցիկ դեմքը[11]։

Կյանք և գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոսկվա[խմբագրել | խմբագրել կոդը]

Յակոբսոնը ծնվել է Ռուսաստանում 1896 թվականի հոկտեմբերի 11-ին[10]։ Նա սերում է հրեաների բարեկեցիկ ընտանիքից. հայրը՝ Իոսիֆ (Օսիպ) Աբրամովիչ Յակոբսոնը, ձեռնակատեր էր, իսկ մայրը՝ Աննա Վոլպերտ Յակոբսոնը՝ քիմիկոս[10]։ Լեզուների նկատմամբ նրա հետաքրքրությունը սկսվել է դեռ մանկուց։ Սովորել է Լազարևի անվան Արևելյան լեզուների ինստիտուտում, այնուհետև Մոսկվայի համալսարանի պատմալեզվաբանական ֆակուլտետի սլավոնական բանասիրություն բաժնում[12]։ Որպես ուսանող՝ 1915 թվականին եղել է Մոսկվայի համալսարանի Լեզվաբանական խմբակի հիմնադիրներից և առաջատար անդամներից մեկը՝ ակտիվ մասնակցություն ունենալով Մոսկվայի ավանգարդ արվեստի և պոեզիայի կյանքին։ 1918 թվականին ավարտել է Մոսկվայի համալսարանը[10]։ 1918-1920 թվականներին աշխատել է Մոսկվայի համալսարանում։ Այդ ժամանակի լեզվաբանությունը մեծապես կրում էր նեոքերականագետների ազդեցությունը, որոնք կարծում էին, որ լեզուների ուսումնասիրության գիտական միակ եղանակը լեզվի պատմության և նրա բառապաշարի զարգացման ուսումնասիրությունն է ժամանակի համատեքստում (այս մոտեցումը հայտնի է որպես տարաժամանակյա՝ դիախրոնիկ մոտեցում կամ պատմական լեզվաբանություն)։ Յակոբսոնը, քաջածանոթ լինելով Ֆերդինանդ դը Սոսյուրի այս մոտեցումներին, զարգացնում է հետևյալ մոտեցումը, համաձայն որի՝ լեզվի կառուցվածքն ինքնին կարող է ծառայել իր հիմնական գործառույթին՝ այն է տեղեկատվության փոխանակմանը խոսակիցների միջև (այս մոտեցումը հայտնի է որպես համաժամանակյա՝ սինխրոնիկ մոտեցում)։

Չեխոսլովակիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած Յակոբսոնը սկզբում Բոլշևիկյան հեղափոխության աջակիցներից էր՝ շուտով հիասթափվել է, քանի որ հումանիտար գիտությունների բնագավառում իր ստեղծարար մոտեցումները դառնում են պետական պահպանողականության և թշնամական վերաբերմունքի զոհ[13]։ 1920 թվականին նա Մոսկվայից մեկնել է Պրահա, որտեղ աշխատել է որպես Սովետական դիվանագիտական առաքելության անդամ՝ շարունակելով աշխատել նաև իր դոկտորական ատենախոսության վրա։ 1933 թվականին աշխատանքի է անցել Բռնոյում։ Չեխոսլովակիայում ապրելը նրան հնարավորություն է տվել մտերմանալ Նիկոլայ Տրուբեցկոյի հետ, որը հեռացել էր Ռուսաստանից հեղափոխության ժամանակ և 1922 թվականին աշխատանքի անցել Վիեննայում։ 1920-1930 թվականներին Յակոբսոնը համագործակցել է Տրուբեցկոյի հետ։ 1926 թվականին Չարլզի համալսարանի պրոֆեսոր Վիլեմ Մաթեզիուսը հիմնադրել է լեզվի տեսության Պրահայի լեզվաբանական խմբակը (Պրահայի դպրոց)։ Յակոբսոնը այդ դպրոցի հիմնադիրներից և ազդեցիկ գործիչներից էր (մյուս անդամներից էին Նիկոլայ Տրուբեցկոյը, Ռենե Վելեկը և Ժան Մուկարովսկին)։ Յակոբսոնը ամբողջովին ընկղմվել է նախապատերազմյան Չեխոսլովակիայի գիտական և մշակութային կյանք՝ մտերմիկ հարաբերություններ հաստատելով չեխ բանաստեղծների և գրական այլ ազդեցիկ դեմքերի հետ։ 1930 թվականին Չարլզի համալսարանում Յակոբսոնը ստացել է դոկտորի գիտական աստիճան[10]։ 1933 թվականին Բռնոյի Մասարիկի համալսարանում ստացել է պրոֆեսորի կոչում։ Չեխական պոեզիայի վերաբերյալ իր ուսումնասիրություններով մեծ ազդեցություն է ունեցել չեխ ակադեմիկոսների վրա։

Սկանդինավիա[խմբագրել | խմբագրել կոդը]

1939 թվականի մարտի սկզբին նա հեռացել է Պրահայից՝ գնալով Բեռլին, այնուհետև Դանիա, որտեղ միացել է Կոպենհագենի լեզվաբանական խմբակին և համագործակցել Լուի Ելմսլևի հետ[10]։ 1939 թվականի սեպտեմբերի 1-ին տեղափոխվել է Նորվեգիա[10], իսկ 1940 թվականին դեպի Շվեդիային սահմանակից շրջան[10], որտեղ շարունակել է աշխատել Կարոլինսկա համալսարանական համալիրում աֆազիայի (ուղեղի որոշակի շրջանների ախտահարման հետևանքով խոսքի ընկալման և արտահայտման անկարողություն) և լեզվական հմտությունների վերաբերյալ իր աշխատությունների վրա։ Մինչ նրա շվեդ գործընկերները վախենում էին երկրի՝ գերմանական հնարավոր զավթումից, 1941 թվականին նրան հաջողվել է Էռնստ Կասիրերի (Համբուրգի համալսարանի ռեկտոր) հետ բեռնատար նավով փախչել Նյու Յորք՝ դառնալով տեղի ներգաղթյալ մտավորական մեծ համայնքի մասը[10]։

Մասնագիտական գործունեությունը ԱՄՆ-ում և հետագա տարիներին[խմբագրել | խմբագրել կոդը]

Նյու Յորքում սկսել է դասավանդել «Նոր դպրոց»-ում («The New School»՝ գիտահետազոտական մասնավոր համալսարան)՝ շարունակելով սերտորեն կապված մնալ այդ ժամանակի չեխ ներգաղթյալների համայնքին։ «Բարձրագույն ազատ դպրոց» համալսարանում՝ («École libre des hautes études» համալսարան՝ նախատեսված աքսորյալ ֆրանկոֆոնների՝ ֆրանսախոսների համար), նա ծանոթացել և համագործակցել է Կլոդ Լևի-Ստրոսի հետ, ով դարձել է ստրուկտուրալիզմի՝ կառուցվածքաբանության առանցքային ջատագովներից։ Նա ծանոթություններ է հաստատել նաև ամերիկացի շատ լեզվաբանների և մարդաբանների հետ, ինչպիսիք են Ֆրանց Բոասը, Բենջամին Լի Ուորֆը, Լեոնարդ Բլումֆիլդը։ Երբ ամերիկյան իշխանությունները որոշեցին նրան հայրենադարձնել Եվրոպա, Ֆրանց Բոասը փրկեց նրա կյանքը։ Պատերազմից հետո Յակոբսոնը դարձել է «Միջազգային օժանդակ լեզվի միության» խորհրդատու (այդ կազմակերպության նպատակն էր ստեղծել օժանդակ լեզու միջազգային հաղորդակցության համար)։ 1951 թվականին այդպիսի լեզու է դառնում ինտերլինգվան (այդ միջազգային օժանդակ լեզուն ներառում էր լատինական արմատներով բառեր, ինչպես նաև բառեր, որոնք փոխառվել են իտալերենից, իսպաներենից, պորտուգալերենից, ֆրանսերենից, գերմաներենից և ռուսերենից)։

1941 թվականին նա տեղափոխվել է Հարվարդի համալսարան[10], որտեղ աշխատել է մինչև 1967 թվականը՝ մինչև իր պաշտոնաթողությունը։ Հնչյունաբանության վերաբերյալ նրա համընդհանուր կառուցվածքաբանական տեսությունը տպագրվել է ԱՄՆ-ում 1951 թվականին՝ Ռոման Յակոբսոնի, Գունար Ֆանտի և Մորիս Հալլի համահեղինակությամբ։ Այդ նույն տարում նրա տեսությունն իր խորը տպավորությունն է գործել երիտասարդ Նոամ Չոմսկու վրա՝ այդ կերպ իր ազդեցությունը թողնելով նաև սերող լեզվաբանության վրա[14]։

Իր կյանքի վերջին տասնամյակում նա աշխատել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում։ Նա այդ համալսարանի պատվավոր պրոֆեսոր էր։ 1975 թվականին ընդունել է արևելյան ուղղափառ քրիստոնեություն[15]։

Յակոբսոնը մահացել է Քեմբրիջում՝ Մասաչուսեթսում, 1982 թվականի հուլիսի 18-ին[10]։ Նրա այրին մահացել է 1986 թվականին, իսկ առաջին կինը, որ ծնվել էր 1908 թվականին, մահացել է 2000 թվականին։

Գիտության մեջ ներդրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն Յակոբսոնի հիշողությունների՝ իր աշխարհայացքի զարգացման ամենաորոշիչ շրջանը Ռուսաստանում 1912-1920 թվականների հեղաշրջման և մեծ ակնկալիքների ժամանակաշրջանն էր, երբ ինքը՝ որպես ուսանող, հիանում էր հայտնի ռուս ֆուտուրիստ (ապագայապաշտ) մտավորական, լեզվաբան Վելիմիր Խլեբնիկովով[16]։

«Լեզվի հնչյունական կաղապարը» («The Sound Shape of Language») գրքի երկրորդ հրատարակության նախաբանը փաստում է, որ այդ գիրքը ներկայացնում է «լեզվում հնչյունի կառուցվածքի և գործառույթի բացահայտման Յակոբսոնի փնտրտուքների» չորրորդ շրջանը[17]։ Առաջին շրջանն ընդգրկում է մոտավորապես 1920-1930 թվականները, երբ նա, համագործակցելով Նիկոլայ Տրուբեցկոյի հետ, զարգացրել է հնչույթ հասկացության վերաբերյալ տեսակետը և լուսաբանել հնչյունական համակարգի կառուցվածքը։ Երկրորդ շրջանում՝ մոտավորապես 1930-ական թվականների վերջից մինչև 1940-ական թվականները, նա զարգացրել է այն տեսակետը, որ «լեզվում երկակի (բինար) տարբերակիչ առանձնահատկությունները» լեզվի հիմնաքարային տարրերն են, և այդպիսի յուրահատկությունները պարզապես տարբերություններ չեն[17]։ Երրորդ շրջանում՝ 1950-ական, 1960-ական թվականներին, նա աշխատել է ձայնագետներ՝ իր աշակերտ Մորիս Հալլիի և Գունար Ֆանտի հետ՝ լեզվի տարբերակիչ առանձնահատկությունների ձայնագիտական հատկանիշները դիտարկելու համար։

Հաղորդակցության գործառույթները՝ ըստ Յակոբսոնի[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազդեցություն կրելով Կարլ Բյուլերի հաղորդակցության Օրգանոն-մոդելից (համաձայն այդ մոդելի՝ լեզուն կամ լեզվական նշանը ունի երեք գործառույթ՝ արտահայտչական, նկարագրական, անվանողական)՝ Յակոբսոնը տարբերակել է հաղորդակցության վեց գործառույթ, որոնցից յուրաքանչյուրը զուգակցվում է հաղորդակցության գործոնների հետ (ներքոհիշյալ գծապատկերում Բրյուրելի տեսության դրույթները ներկայացված են վարդագույն և դեղին սյուներում, իսկ այդ տեսության՝ Յակոբսոնի լրամշակումները՝ կապույտ)։

  • Գործառույթներ
  1. վերաբերական կամ նկարագրական (երբ նկարագրվում է կոնտեքստային տեղեկատվություն)
  2. գեղագիտական կամ բանաստեղծական (ինքնաարտացոլում, երբ ասույթին տրվում է գեղագիտական արժեք)
  3. հուզական (ինքնաարտահայտում, երբ ենթական արտահայտում է իր վերաբերմունքը իր իսկ ասածի վերաբերյալ)
  4. կոնատիվ (երբ խոսողը նպատակ ունի ազդել խոսակցի վրա)
  5. ֆատիկ (խոսողի և խոսակցի միջև կապերի հաստատումն է)
  6. մետալեզվաբանական կամ մետահաղորդակցական (լեզվական կոդի աշխատանքի ստուգումն է)[18]
[18]

Տեքստում այս վեց գործառույթներից մեկը միշտ գերիշխում է և սովորաբար կախված է տեքստի տեսակից։ Պոեզիայում գերակշռողը գեղագիտական՝ պոետիկ գործառույթն է, երբ շեշտը դրվում է հաղորդած տեղեկատվության վրա։ Պոեզիայի իրական առանձնահատկությունը, ըստ Յակոբսոնի, «համարժեքության սկզբունքի պրոյեկցիան է ընտրության առանցքից դեպի համադրության առանցք»։ Ընդհանուր առմամբ այստեղից հետևում է, որ պոեզիան հաջողությամբ միավորում և համադրում է ձևն ու գործառույթը, ինչպես նաև կարելի է ասել, որ այն քերականության պոեզիան վերածում է պոեզիայի քերականության։ Յակոբսոնի հաղորդակցության գործառույթների տեսությունը առաջին անգամ տպագրվել է «Վերջին պաշտոնական հաղորդումներ։ Լեզվաբանություն և պոեզիա»-ում (Թոմաս Սեբեոկ «Ոճը լեզվում», Քեմբրիջ, Մասաչուսեթս, 1960, էջ 350–377,Style In Language, Cambridge Massachusetts, MIT Press, 1960, pp. 350–377): Չնայած իր լայն տարածմանը՝ Յակոբսոնի հաղորդակցության վեց գործառույթների մոդելը արժանացել է քննադատության, քանի որ այն հատուկ ուշադրության չի արժանացնում լեզվի առարկայական գործառույթը, որը, ըստ Ջորջ Մունինի, «ընդհանուր առմամբ բավականաչափ ուսումնասիրված չէ լեզվաբանների կողմից»[19]։

Ժառանգությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեզվաբանության մեջ Յակոբսոնի երեք հիմնարար գաղափարները մեծ դեր են խաղում լեզվաբանության արդի ճյուղերում՝ լեզվաբանական տիպաբանություն, լեզվական ունիվերսալիաներ (տիպաբանության կարևորագույն հասկացություն՝ հատկանիշներ, որոնք բնորոշ են գրեթե բոլոր կամ մեծամասամբ բոլոր բնական լեզուներին)։ Յակոբսոնը ազդեցություն է թողել նաև Նիկոլա Ռուվետի հարացուցային վերլուծությունների տեսության վրա[18]։

Յակոբսոնն ազդեցություն է թողել նաև Ֆիեդեման Շուլզ ֆոն Թունի հաղորդակցական քառակուսու կամ հաղորդակցության քառակողմ մոդելի, ինչպես նաև Մայքլ Սիլվերստեյնի մետագործաբանության (մետապրագմատիկա), Դել Հեյմսի հաղորդակցության ազգագրություն (էթնոգրաֆիա), էթնոպոետիկայի, Ժաք Լականի հոգեվերլուծության և Ջորջիո Ագամբենի փիլիսոփայության վրա։

Յակոբսոնի ժառանգության ազդեցությունը հսկայական է եղել սլավոն մտավորականների, հատկապես Հյուսիսային Ամերիկայի սլավոն լեզվաբանների, օրինակ՝ Օլգա Յոկոյամայի վրա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 http://www.jstor.org/stable/413375
  2. 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France Roman Jakobson (1896-1982) (ֆր.)BnF, 2011.
  3. 3,0 3,1 3,2 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 Nationalencyklopedin (շվեդերեն) — 1999.
  5. Studenti pražských univerzit 1882–1945
  6. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  7. 7,0 7,1 7,2 CONOR.Sl
  8. Mathematics Genealogy Project — 1997.
  9. https://www.muni.cz/o-univerzite/vyznamenani/cestne-doktoraty-udelene-mu?page=9
  10. 10,00 10,01 10,02 10,03 10,04 10,05 10,06 10,07 10,08 10,09 10,10 Kucera, Henry. 1983. "Roman Jakobson." Language: Journal of the Linguistic Society of America 59(4): 871–883.
  11. Knight, Chris, 2018. Decoding Chomsky: Science and revolutionary politics. New Haven & London: Yale University Press,
  12. Jakobson, Roman (1997). My Futurist Years, pp. 5, 30. trans. Stephen Rudy. Marsilio Publishers. 1-56886-049-8.
  13. Knight, Chris, 2018. "Decoding Chomsky: Science and revolutionary politics". London & New Haven: Yale University Press, 2018, pp. 85-86.
  14. Knight, Chris, 2018. "Decoding Chomsky: Science and revolutionary politics". London & New Haven: Yale University Press, pp. 85-90.
  15. «YIVO | Jakobson, Roman Osipovich». Yivoencyclopedia.org. Վերցված է 2014 թ․ հունվարի 17-ին.
  16. Knight, Chris, 2018. 'Incantation by Laughter', chapter 11 in Decoding Chomsky: Science and revolutionary politics. London & New Haven: Yale University Press, pp. 91-103.
  17. 17,0 17,1 Jakobson, Roman; Waugh, Linda R. (2002 թ․ հունվարի 1). The Sound Shape of Language (անգլերեն). Walter de Gruyter. ISBN 9783110889451.
  18. 18,0 18,1 18,2 Middleton, Richard (1990/2002). Studying Popular Music, p.241. Philadelphia: Open University Press. 0-335-15275-9.
  19. Mounin, Georges (1972) La linguistique du XX siècle. Presses Universitaires de France

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Jakobson R., Remarques sur l'evolution phonologique du russe comparée à celle des autres langues slaves. Prague, 1929 (Annotated English translation by Ronald F. Feldstein: Remarks on the Phonological Evolution of Russian in Comparison with the Other Slavic Languages. MIT Press: Cambridge, MA and London, 2018.)
  • Jakobson R., K charakteristike evrazijskogo jazykovogo sojuza. Prague, 1930
  • Jakobson R., Child Language, Aphasia and Phonological Universals, 1941
  • Jakobson R., On Linguistic Aspects of Translation, essay, 1959
  • Jakobson R., "Closing Statement: Linguistics and Poetics," in Style in Language (ed. Thomas Sebeok), 1960
  • Jakobson R., Selected Writings (ed. Stephen Rudy). The Hague, Paris, Mouton, in six volumes (1971–1985):
    • I. Phonological Studies, 1962
    • II. Word and Language, 1971
    • III. The Poetry of Grammar and the Grammar of Poetry, 1980
    • IV. Slavic Epic Studies, 1966
    • V. On Verse, Its Masters and Explores, 1978
    • VI. Early Slavic Paths and Crossroads, 1985
  • Jakobson R., Questions de poetique, 1973
  • Jakobson R., Six Lectures of Sound and Meaning, 1978
  • Jakobson R., The Framework of Language, 1980
  • Jakobson R., Halle M., Fundamentals of Language, 1956
  • Jakobson R., Waugh L., The Sound Shape of Language, 1979
  • Jakobson R., Pomorska K., Dialogues, 1983
  • Jakobson R., Verbal Art, Verbal Sign, Verbal Time (ed. Krystyna Pomorska and Stephen Rudy), 1985
  • Jakobson R., Language in Literature,( ed. Krystyna Pomorska and Stephen Rudy), 1987
  • Jakobson R. "Shifters and Verbal Categories." On Language. (ed. Linda R. Waugh and Monique Monville-Burston). 1990. 386-392.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]