Սիբաուեյհի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սիբաուեյհի
պարս․՝ سيبويه
արաբ․՝ سیبویه‎‎
Sibuye1.jpg
Սիբավեյհիի գերեզմանատան մուտքը
Ծնվել էմոտ. 760
Արդաքան, Ֆարս, Իրան
Մահացել էմոտ. 797
Շիրազ, Իրան
ՔաղաքացիությունBlack flag.svg Աբասյան խալիֆայություն
Ազգությունպարսիկ
Մասնագիտությունլեզվաբան
Գործունեության ոլորտՔերականություն և արաբերեն
Տիրապետում է լեզուներինարաբերեն[1]

Աբու Բիշր իբն Ուսման ալ Բասրի, ավելի հայտնի որպես Սիբաուեյհի (արաբ. سيبويه), արաբ բանասեր, Բասրայի քերականական դպրոցի ներկայացուցիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիբաուեյհին ծագումով պարսիկ էր և ապրում էր Բասրայում։ Նրա իսկական անունն է Ամր իբն Օսման իբն Կանբար։ Ծնվել է հարավային Պարսկաստանում ալ Բայդա փոքրիկ քաղաքում կամ Ահվազում: Նրա ծննդյան և մահվան տարեթվերի վերաբերյալ միասնական կարծիք գոյություն չունի։ Ամենայն հավանականությամբ նա մահացել է մոտավորապես 45 տարեկան հասակում, 180/796 թ.-ին։ Որոշ հեղինակներ գտնում են, որ նա մահացել է Ահվազում, մյուսները՝ Շիրազում։ Երբ Սիբաուեյհին պատանի էր, նրա ընտանիքը տեղափոխվում է Բասրա։ Սիբաուեյհին հայտնվում է մի միջավայրում, որտեղ կրթություն ստանալը և գիտությունները հասկանալը անմիջականորեն կապված էր արաբերենի` նոր կրոնի լեզվի, յուրացման աստիճանի հետ: Սիբաուեյհիի` մուսուլմանական ավանդության (Ղուրան, հադիսներ) առաջին ուսուցիչը եղել է Համադ իբն Սալամա իբն Դինար ալ Բասրին: Սիբաուեյհին նախընտրությունը տալիս էր ավելի շատ իր քերականական տրակտատի շարադրմանը, քան ղուրանական գիտությունների և արաբերենի դասավանդմանը։ Հարուն ալ Ռաշիդի օրոք (786-809) գիտական ամբիցիաները և ֆինանսական դժվարությունները ստիպում են Սիբաուեյհիին ուղղվել Բաղդադ և համոզել առաջին վեզիր Յահյա ալ Բարմակին հանդիպում կազմակերպել ալ Կիսաի հետ։ Եվ հենց այս ժամանակ նրանց միջև տեղի է ունենում հայտնի բանավեճը, որը ավարտվեց Սիբաուեյհիի պարտությամբ։ Այս ամենից հետո Սիբաուեյհին որոշում է ընդմիշտ լքել Իրաքը: Նա տեղափոխվում է Պարսկաստան, որտեղ էլ մի քանի տարի անց մահանում է։

«الكتاب»[խմբագրել | խմբագրել կոդը]

Արաբական լեզվաբանության պատմության մեջ Սիբաուեյհիի «Գիրքը» ձեռք է բերել բացառիկ հեղինակություն։ Այն անվանում էին «քերականության Ղուրան»: Հստակ հայտնի չէ, թե երբ է Սիբաուեյհին ավարտին հասցրել իր տրակտատը։ Սակայն հավանաբար դա եղել է Հիջրայի 170-180 թթ.-ին (=786-796)։ Անկասկած, տրակտատը գրելիս Սիբաուեյհին օգտագործել է իր ուսուցչի՝ ալ Խալիլի շատ մտքեր և դրույթներ, ում նա հաճախ վկայակոչում է իր աշխատության մեջ։ Ինչքանով է զգալի ալ Խալիլի ազդեցությունը Սիբաուեյհիի վրա, հնարավոր չէ որոշել։ Երկու լեզվաբաններն էլ ունեին շատ խորը, սակայն տարբեր մոտեցումներ լեզվի նկատմամբ։ Ելնելով «كتاب العين»-ից՝ կարելի է ասել, որ ալ Խալիլին ավելի շատ հետաքրքրում էր բառի կառուցվածքը և նրա սահմանների որոշումը, մինչդեռ Սիբաուեյհիին բառը նախ և առաջ հետաքրքրում էր որպես նախադասության մի մասնիկ։ Ամեն դեպքում «Գիրքը» արժանի է ամենաբարձր գնահատանքին՝ լինելով արաբական քերականական համակարգի ամբողջական շարադրման առաջին փորձը։ «Գիրքը» չունի ո՛չ անվանում, ո՛չ նախաբան, ո՛չ էլ վերջաբան։ Աշխատության մեջ ներկայացված են արաբերենի խոսքի մասերը: «Գրքի» մեծ մասը նվիրված է շարահյուսությանը: Ընդհանուր առմամբ տրակտատի վերջին մասում մանրամասնորեն քննության են ենթարկվում նաև հնչյունաբանությունը, ձևաբանությունը: Օգտագործվող լեզվական նյութը վերցված է գերազանցապես Ղուրանից և պոեզիայից: Սիբաուեյհին հետևողականորեն Ղուրանի և պոեզիայի լեզուն դիտում է որպես առավել ընդունելի խոսակցական ձև։ Որպես քերականության վերաբերյալ աշխատություն՝ «Գիրքը», ցույց է տալիս լեզվի հանդեպ կառուցվածքային մոտեցում, հեղինակը ձգտում է վերլուծել իր ասածները նկարագրական մեթոդով։ Սիբաուեյհիի համար շարահյուսությունը սկզբնապես հանգում է երկու ֆունկցիաների կամ մասնիկների փոխազդեցությանը։ Նրանցից մեկը պետք է անպայման հանդես գա ղեկավարողի, մյուսը՝ ղեկավարվողի դերում։ Արդեն «Գրքի» առաջին գլուխը ներմուծում է խոսքի մասերի եռանդամ խոնարհման համակարգ, որը արդյունքում դարձավ ամբողջ արաբական լեզվաբանության հենակետային հասկացություններից մեկը։ Սիբաուեյհին բայը բնորոշում է որպես խոսքի մաս՝ ածանցված գոյականից, որը արտահայտում է գործողության իմաստ կամ տվյալ անվան վիճակը։ Նրա լեզվաբանական վերլուծության մեջ գերակշռում է երկակի դասակարգումը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ջահուկյան Գ․ Բ․, Լեզվաբանության պատմություն, Երևան, ԵՊՀ հրատ․, 2015, էջ 138-144, 146, 152 (Սիբավեյդի ընթերցմամբ)։
  • Derenbourg H. Le livre de Sibawaihi. Vol. I—II. Paris, 1881—1889. New York, 1970.
  • Звегинцев В. А. История арабского языкознания. М., 1958. С. 47-49.