Հոգելեզվաբանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հոգելեզվաբանություն կամ լեզվի հոգեբանություն, ուսումնասիրում է այն հոգեբանական և նյարդակենսաբանական գործոնները, որոնք թույլ են տալիս մարդուն ձեռք բերել, օգտագործել, հասկանալ և վերարտադրել որևէ լեզու[1]: Գիտությունն ուսումնասիրում է այն մեխանիզմները, որոնց միջոցով լեզուն մարդու ուղեղում վերլուծվում և ներկայացվում է:

Հոգելեզվաբանության մեջ կատարված առաջին քայլերը ընդհանուր առմամբ փիլիսոփայական բնույթ էին կրում: Հոգելեզվաբանությունը չէր դիտարկվում որպես կիրառական գիտություն: Ժամանակակից հետազոտությունների համար օգտագործվում են կենսաբանությունը, նյարդաբանությունը, ճանաչողական գիտությունները, լեզվաբանությունը և տեղեկատվական գիտությունները՝ պարզելու համար, թե ինչպես է ուղեղում լեզուն վերծանվում և մշակվում, այլ ոչ թե իմանալու համար հասարակական գիտությունների գործընթացները, մարդկության զարգացումը, հաղորդակցության մասին տեսությունները և այլն: Գիտության բազմաթիվ ենթաճյուղեր կան, որոնք ուսումնասիրում են լեզվին վերաբերող ուղեղի նյարդաբանական գործընթացները: Այդպիսին է, օրինակ, նյարդալեզվաբանությունը, որը դարձել է առանձին գիտություն:

Հոգելեզվաբանությունը հիմնված է կրթության և փիլիսոփայության վրա և ներառում է «ճանաչողական գործընթացները», որոնք հնարավոր են դարձնում բառապաշարից և քերականական կառույցներից ստանալ քերականորեն ճիշտ ձևակերպված և իմաստալից նախադասություններ, ինչպես նաև գործընթացները, որոնք հնարավորություն են տալիս հասկանալ արտահայտություններ, բառեր, տեքստեր և այլն.: Զարգացումային հոգելեզվաբանությունը ուսումնասիրում է երեխաների՝ լեզու սովորելու ունակությունը:

Եզրույթի ծագումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոգելեզվաբանություն եզրույթը ստեղծել է Ջեյքոբ Ռոբերտ Կանտորը 1936թ իր՝ «Քերականության օբյեկտիվ հոգեբանություն» գրքում, սակայն այն շրջանառության մեջ է դրվել 1946 թվականին Նիկոլաս Հենրի Պրոնկոյի գրած «Լեզուն և հոգելեզվաբանությունը» հոդվածից հետո[2][3][4]:

Ուսումնասիրության ոլորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոգելեզվաբանությունը միջճյուղային ոլորտ է: Հետևաբար, այն ուսումնասիրվում է տարբեր ոլորտների հետազոտողների կողմից, ինչպիսին են օրինակ՝ հոգեբանությունը, ճանաչողական գիտությունը, լեզվաբանությունը և լոգոպեդիան: Հոգելեզվաբանությունը ուսումնասիրում է տարբեր թեմաներ, սակայն այս թեմաները կարելի է բաժանել մի քանի մասի՝ պատասխանելով հետևյալ հարցերին.

  1. Ինչպե՞ս են երեխաները լեզու սովորում;
  2. Ինչպե՞ս են մարդիկ ըմբռնում լեզուն;
  3. Ինչպե՞ս են մարդիկ վերարտադրում լեզուն;
  4. Ինչպե՞ս են մարդիկ սովորում նոր լեզու:

Հոգելեզվաբանության մեջ ստորաբաժանումներ կատարվում են նաև՝ հիմնվելով տարբեր տարրերի վրա, որոնք կազմում են մարդկային լեզուն:

Ոլորտներ՝ կապված լեզվաբանության հետ.

  • Հնչյունաբանությունը և հնչույթաբանությունը զբաղվում են լեզվի հնչյունների ուսումնասիրությամբ: Հոգելեզվաբանության մեջ այս հետազոտությունը կենտրոնանում է այն բանի վրա, թե ինչպես է ուղեղն ընկալում և մշակում այս հնչյունները:
  • Ձևաբանությունը ուսումնասիրում է բառային կառույցները և բառերի միջև գործող հարաբերությունները, ինչպես նաև բառերի կազմությունը՝ հիմնված տարբեր օրենքների վրա (օրինակ՝ հոգնակի թվի կազմությունը):
  • Շարահյուսությունն ուսումնասիրում է այն կաղապարները, որոնց համաձայն բառերը միանում են նախադասություն կազմելու համար:
  • Իմաստաբանությունը կապված է բառերի և նախադասությունների իմաստի հետ: Եթե շարահյուսությունը ուսումնասիրում է նախադասության ձևական կառուցվածքը, իմաստաբանությունն ուսունասիրում է նախադասության իմաստը:
  • Գործաբանությունը ուսումնասիրում է իմաստի մեկնաբանության մեջ համատեքստի դերը:

Լեզվի ըմբռնումը հետազոտող մասնագետը կարող է ուսումնասիրել կարդալու ընթացքում բառաճանաչության գործընթացը՝ հասկանալու համար պրոցեսները, որոնք ներգրավված են տեքստում առկա տարբեր կառույցների ուղղագրական, ձևաբանական, հնչյունաբանական և իմաստաբանական ինֆորմացիայի ծագման մեջ: Լեզվի վերարտադրությամբ հետաքրքրված հետազոտողը կարող է ուսումնասիրել, թե ինչպես են բառերը պատրաստվում խոսքում գործածվելու համար՝ սկսած գաղափարային կամ իմաստաբանական մակարդակից: Զարգացումային հոգելեզվաբաններն ուսումնասիրում են, թե ինչպես են նորածինները և երեխաները սովորում և վերարտադրում լեզուն:[5]

Տեսություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս բաժնում կքննարկվեն վերոնշյալ հարցերի վերաբերյալ տեսությունները:

Լեզվի ձեռքբերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Երեխաների՝ լեզու ձեռք բերելու կամ սովորելու մասին երկու մտածելակերպ կա, և բազմաթիվ վիճաբանություններ են լինում՝ որոշելու համար, թե որ տեսությունն է ավելի ճիշտ: Ըստ առաջին տեսության՝ երեխան պետք է սովորի ամբողջ լեզուն: Երկրորդ տեսության համաձայն՝ լեզվի վերացական համակարգը հնարավոր չէ սովորել: Մարդիկ ունեն բնածին լեզվական ընդունակություն, կամ էլ հասանելիություն համընդհանուր քերականությանը: Այն տեսակետը, ըստ որի՝ լեզուն անհրաժեշտ է սովորել, հատկապես տարածված էր մինչև 1960 թվականը: Այն լավ ներկայացվել է Ժան Պիաժեի և Ռուդոլֆ Կառնապի մտածողության տեսություններում: Բիհեյվիորիզմ հոգեբանական ուղղության մեջ լեզուն դիտարկվում է որպես վարք, որը ձևավորվում է արհեստականորեն մշակվող ռեֆլեքսների կողմից, հետևաբար լեզուն պետք է սովորել:

1959 թվականին, երբ Նոամ Չոմսկին քննադատեց Սկինների գիրքը, ի հայտ եկավ իննատիստական տեսակետը (իննատիզմ՝ բնածին մտքերի տեսություն): Այս տեսության շնորհիվ հոգեբանության մեջ առաջացել է «ճանաչողական հեղափոխություն» ասվածը[6]: Չոմսկին որպես հիմք է ընդունել մարդու՝ լեզու սովորելու և բարդ շարահյուսական կառույցներ հասկանալու բնածին հատկությունը: Այս հատկանիշները վեր են այլ էակների ըմբռնման սահմաններից. դրանք բնորոշ են միայն մարդուն: Ըստ Չոմսկիի՝ երեխաները լեզու սովորելիս շատ ժամանակ ունեն՝ հետազոտելու համար մարդկային բոլոր հնարավոր լեզուների քերականությունը, սակայն այդ ժամանակ չկար որևէ ապացույց, որ երեխաները բավական գիտելիք են ստանում իրենց մայր լեզվի քերականության մասին: Հետևաբար, պետք է լինի մեկ այլ բնածին մեխանիզմ, որը մարդուն օժտում է լեզվական ունակություններով: Այդպիսի լեզվական ընդունակությունն է, որ բնորոշ է մարդկային լեզվին և տարբերակում է այն կենդանիների հաղորդակցումից:

Չոմսկիի տեսության վերաբերյալ եղել են թեր և դեմ կարծիքներ: Կողմ կարծիքներ հայտնողները համաձայն են այն մտքի հետ, որ մարդու՝ լեզու կիրառելու ընդունակությունները որակապես տարբերվում են կենդանիների ունակություններից[7]: Հնարավոր է, որ այս ընդունակությունների պատճառները ժառանգափոխությունը, կամ էլ այլ նպատակների համար հմտությունների հարմարեցումն են: Վերջերս վերակագնվել է այն տեսակետը, ըստ որի՝ լեզուն կարելի է սովորել: Այս տեսակետը մարտահրավեր է նետում այն կարծիքին, որ լեզուն բնատուր շնորհ է՝ առաջ բերելով այն փաստը, որ դա դեռևս գիտականորեն ապացուցված չէ: Սկսած 1980-ական թվականներից՝ համակարգչային տեխնոլոգիաների զարգացման հետ մեկտեղ, գիտնականները կարողացել են ուսումնասիրել լեզվի ձեռքբերումը՝ օգտագործելով նյարդային ցանցերի մոդելներ[8]: Դրանք առաջ են բերում փաստեր այն մասին, որ մարդու ուղեղը լեզու և լեզվի շարահյուսություն սովորելու համար բավականաչափ տեղեկատվություն է պարունակում: Եթե սա ճիշտ է, ապա լեզու ձեռք բերելու համար այլևս պետք չէ որևէ բնածին մեխանիզմ:

Լեզվի ըմբռնում[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեզվի ընկալման ոլորտին վերաբերող հարց է այն, թե ինչպես են մարդիկ ընթերցելիս հասկանում նախադասությունները: Փորձնական մի հետազոտության արդյունքում տարածվել են մի շարք տեսություններ նախադասության ընկալման մեխանիզմների և կառուցվածքների մասին: Սովորաբար այս տեսությունները ուշադրություն են դարձնում նախադասության ետևում թաքնված իմաստի վրա, և թե երբ է իմաստը հասկանալի դառնում ընթերցողի համար: Այս հարցերի արդյունքում ի հայտ են եկել նախադասության վերծանման վերաբերյալ երկու տեսակետներ՝ մոդուլային և փոխգործուն:

Ըստ մոդուլային տեսակետի՝ նախադասության ընթերցման գործընթացը կազմող փուլերը առանձին մոդուլներում անկախ են գործում: Այս մոդուլները կամ միավորները սահմանափակ փոխազդեցություն ունեն միմյանց վրա: Օրինակ՝ նախադասության վերծանման մասին մի հեղինակավոր տեսություն, որը կոչվում է «այգու արահետ»,[9] պնդում է, որ սկզբում տեղի է ունենում նախադասության շարահյուսական վերլուծությունը: Համաձայն այս տեսության՝ նախադասությունը կարդալիս ընթերցողը ինքն իր համար ստեղծում է նախադասության ամենապարզ և հասարակ կառուցվածքը՝ խուսափելու համար անիմաստ ջանքերից և իմացական բեռից: Սա արվում է առանց որևէ իմաստաբանակն վերլուծության կամ էլ համատեքստի ուսումնասիրության: Այս տեսության համաձայն՝ իմաստաբանական վերլուծությունը տեղի է ունենում ավելի ուշ քան շարահյուսականը: Այդ պատճառով ընթերցողը նախադասության իմաստն ընկալելու համար երբեմն ստիպված է լինում վերընթերցել այն[10]:

Նախադասության վերլուծության փոխգործուն տեսության համաձայն՝ նախադասության ետեևում թաքնված տեղեկատվությունը կարելի է վերլուծել և հասկանալ ցանկացած պահի[11]: Նախադասության իմաստը ընկալվում է ավելի շուտ, այնուհետև այն օգնության է հասնում՝ հասկանալու համար նախադասության շարահյուսական կառուցվածքը:

Այս երկու մոտեցումների վերաբերյալ շատ քննարկումներ են լինում, և դեռևս չի պարզվել, թե որն է դրանցից ավելի ճշմարիտ:

Լեզվի վերարտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեզվի վերարտադրությունը առնչվում է այն հարցի հետ, թե ինչպես են մարդիկ վերարտադրում լեզուն գրավոր կամ բանավոր ձևով այնպես, որ լեզվի միջոցով իմաստը փոխանցվում է այլ մարդականց: Մարդկանց՝ իմաստ արտահայտելու կարողությունը բացատրելու ամենանպաստավոր եղանակներից մեկը խոսքի մեջ սխալների հայտնաբերումն ու դրանց ուսումնասիրությունն է:[12] Դրանք ներառում են խոսքի անսահունության տարբեր պատճառները՝ սխալ մեկնարկը, կրկնությունը, վերաձևակերպումը, բառերի միջև դադարները, կմկմալը, արտասանության սխալները և այլն: Այս սխալները լեզվի վերարտադրության մասին շատ բան են ասում, օրինակ այն, որ՝

  1. Խոսքը նախապես մտածված է. խոսքի մեջ սխալներ թույլ տալը, օրինակ մի բառի փոխարեն մեկ ուրիշ բառի գործածությունը ցույց է տալիս, որ խոսողը նախապես չի ձևակերպում ամեն մի նախադասությունը, որը պետք է արտաբերի: Նախադասությունները մարդու մտքում ծագում են հենց խոսելու ընթացքում: Խոսողը նախադասությունները արտաբերելուց առաջ մտածում է միայն հիմնական իմաստը արտահայտելու մասին, այլ ոչ թե մանրամասնությունները շեշտելու, հետևաբար երբեմն որևէ բառ ասելու փոխարեն գործածում է մեկ ուրիշը և թույլ է տալիս նմանատիպ այլ սխալներ:
  2. Բառապաշարը ձևակերպվում է իմաստաբանորեն և հնչյունաբանորեն. բառերի փոխարինումը և արտասանական սխալները ցույց են տալիս, որ բառապաշարը կանոնակարգվում է ոչ միայն ըստ իմաստի, այլ նաև ըստ կառուցվածքի:
  3. Ձևաբանական բարդ կառուցվածք ունեցող բառերը ստացվում են միավորման միջոցով, այսինքն խոսողը բարդ կառուցվածք ունեցող բառերն արտաբերում է՝ միմյանց կցելով դրա մաս կազմող պարզ ձևույթները:

Սովորաբար տարբերակում են լեզվի վերարտադրության երեք փուլ՝ պատկերացում (որոշել, թե ինչ է պետք ասել), ձևակերպում (մտքին լեզվական կառուցվածք տալը) և կատարում (արտաբերումը)[13][13]:

Մեթոդաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարքագծային խնդիրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոգելեզվաբանության ոլորտում իրականացված փորձերը հիմնականում վարքագծային բնույթ ունեն: Այսպիսի հետազոտությունների ընթացքում մասնակցին ներկայացնում են լեզվաբանական որևէ հատկանիշ և խնդրում են կատարել որևէ գործողություն: Օրինակ՝ նրան կարող են խնդրել կարծիք հայտնել որևէ բառի վերաբերյալ, արտասանել որևէ բառ կամ էլ պատասխանել որոշ հարցերի, որի ընթացքում չափում են պատասխան տալու ժամանակահատվածը և ճիշտ պատասխանների թիվը[14]:

Աչքերի շարժումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերջերս լեզվի վերարտադրությունը հետազոտելու համար սկսել են ուսումնասիրել աչքերի շարժումները[15][16]: Ռայները (1978) առաջինն էր, ով սկսեց կարևորել ընթերցելու ընթացքում աչքերի շարժումները: Ավելի ուշ սկսել են օգտագործել տեսողական հարացույցը ՝ ուսումնասիրելու համար բանավոր խոսքի ընթացքում ճանաչողական գործընթացները: Եթե աչքի շարժումները սերտ կապված են մարսու ուշադրությանհետ, ապա լեզվի վերարտդարությունը կարելի է ուսումնասիրել՝ հետևելով հայացքին[17]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Nordquist, Richard. "psycholinguistics." ThoughtCo, Apr. 25, 2017, thoughtco.com/psycholinguistics-1691700.
  2. Pronko, N. H. (1946). Language and psycholinguistics: a review. Psychological Bulletin, 43, May, 189-239.
  3. Levelt, W. J. M. (2013). A History of Psycholinguistics: the pre-Chomskyan era. Part 1. Oxford: Oxford University Press. 978-0-19-965366-9.
  4. Murray, D. J. (2001). Language and psychology: 19th-century developments outside the Germany: A Survey (pp. 1679-1692). En S. Auroux (Ed.), Geschichte der Sprachwissenschaften (vol. 2 History of the Language Sciences: An International Handbook on the Evolution of the Study of Language from the Beginnings to the Present. (Ill.) Berlin: Walter de Gruyter. 911 pp. 3110167352)
  5. Houston D.M., Jusczyk, P.W. (2000)։ «The Role of Talker-Specific Information in Word Segmentation by Infants»։ Journal of Experimental Psychology: Human Perception and Performance 26 (5): 1570–1582։ doi:10.1037/0096-1523.26.5.1570։ Արխիվացված օրիգինալից-ից 5 October 2013-ին։ Վերցված է 1 March 2012 
  6. Chomsky N, Skinner B. F. (1959)։ «A Review of B. F. Skinner's Verbal Behavior»։ Language (Linguistic Society of America) 35 (1): 26–58։ ISSN 0097-8507։ JSTOR 411334։ doi:10.2307/411334 
  7. Hauser M.D., Chomsky N., Fitch W. (2002)։ «The faculty of language: what is it, who has it, and how did it evolve?»։ Science 298 (5598): 1569–79։ PMID 12446899։ doi:10.1126/science.298.5598.1569 
  8. Elman, Jeffrey; Bates Elizabeth; Johnson Mark; Karmiloff-Smith Annette; Parisi Domenico; Plunkett Kim (1998). Rethinking innateness: A connectionist perspective on development. The MIT Press. 
  9. Frazier L., Rayner, K. (1982)։ «Making and correcting errors during sentence comprehension: Eye movements in the analysis of structurally ambiguous sentences»։ Cognitive Psychology 14 (2): 178–210։ doi:10.1016/0010-0285(82)90008-1 
  10. Rayner K., Carlson M., Frazier L. (1983)։ «The interaction of syntax and semantics during sentence processing: Eye movements in the analysis of semantically biased sentences»։ Journal of verbal learning and verbal behavior 22 (3): 358–374։ doi:10.1016/s0022-5371(83)90236-0 
  11. Trueswell J., Tanenhaus M. (1994)։ «Toward a lexical framework of constraint-based syntactic ambiguity resolution»։ Perspectives on sentence processing: 155–179 
  12. V. Fromkin, (1973)։ «Speech errors as linguistic evidence» 
  13. 13,0 13,1 Psycholinguistics.. Harley, Trevor A.. Los Angeles, Calif.: SAGE. 2011. ISBN 9781446263013. OCLC 846651282. https://www.worldcat.org/oclc/846651282. 
  14. Fischler I. (1977)։ «Semantic facilitation without association in a lexical decision task»։ Memory & Cognition 5 (3): 335–339։ doi:10.3758/bf03197580 
  15. Rayner K. (1978)։ «Eye movements in reading and information processing»։ Psychological Bulletin 85 (3): 618–660։ PMID 353867։ doi:10.1037/0033-2909.85.3.618 
  16. Tanenhaus M. K., Spivey-Knowlton M. J., Eberhard K. M., Sedivy J. E. (1995)։ «Integration of visual and linguistic information in spoken language comprehension»։ Science 268 (5217): 1632–1634։ PMID 7777863։ doi:10.1126/science.7777863 
  17. «Slips of the Tongue: Windows to the Mind | Linguistic Society of America»։ www.linguisticsociety.org։ Վերցված է 2017-05-02