Իննատիզմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Իննատիզմ (լատին․՝ innātus - բնածին), փիլիսոփայական և իմացաբանական ուսմունք, ըստ որի՝ միտքը ծնվելիս լի է լինում գաղափարներով և գիտելիքով, և հետևաբար նորածինների գիտակցությունը դատարկ չէ, ինչպես կարծում էին վաղ շրջանի էմպիրիցիստները, ինչպիսին էր օրինակ Ջոն Լոքը։ Այս ուսմունքի համաձայն՝ ոչ ամբողջ գիտելիքն է ձեռք բերվում փորձառության և իմաստության շնորհիվ։ Պլատոնը և Դեկարտը մեծ դեր են ունեցել իննատիզմի ուսմունքի և այն գաղափարի զարգացման գործում, ըստ որի՝ մարդու գիտակցությունը ծնվում է գաղափարներով, գիտելիքով և հավատալիքներով։ Երկու փիլիսոփաներն էլ շեշտում են, որ փորձառությունն այս գիտելիքները բացահայտելու բանալին է, սակայն հենց գիտելիքի աղբյուրը չէ։ Էական է այն, որ գիտելիքը ի հայտ չի գալիս կյանքում փորձ ձեռք բերելու ընթացքում, ինչպես կարծում էին Ջոն Լոքը և այլ էմպիրիցիստներ[1]։

Իննատիզմի և նատիվիզմի տարբերությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհանրապես իննատիզմ և նատիվիզմ տերմիններն օգտագործվում են իբրև հոմանիշներ, քանի որ դրանք երկուսն էլ նշանակում են «գիտակցության մեջ առկա բնածին մտքեր»։ Սակայն ավելի նեղ իմաստով իննատիզմը վերաբերում է Պլատոնի և Դեկարտի փիլիսոփայությանը։ Նրանք կարծում էին, որ Աստված կամ էլ նրա նման մի էակ մարդու գիտակցության մեջ դնում է մտքերն ու գաղափարները։

Նատիվիզմը ուսումնասիրվում է գենետիկայի, ճանաչողական հոգեբանության և հոգելեզվաբանության ոլորտներում։ Նատիվիստները պնդում են, որ բնածին մտքերը ինչ-որ կերպ գենետիկորեն փոխանցվում են, այսինքն՝ այդ մտքերը որոշակի գենոտիպերի ենթատիպեր են, որոնք հատուկ են բոլոր մարդկանց։

Նատիվիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նատիվիզմը իննատիզմի վրա հիմնված ժամանակակից ուսմունք է։ Նատիվիզմի պաշտպանները հիմնականում փիլիսոփաներ են, ովքեր նաև աշխատում են ճանաչողական հոգեբանության և հոգելեզվաբանության ոլորտներում։ Հայտնի են հատկապես Նոամ Չոմսկին և Ջերի Ֆոդորը (վերջինս քննադատաբար է մոտեցել նատիվիզմին)։ Նատիվիստները հիմնականում դեմ են էմպիրիցիստերին այն նույն պատճառով, որի համար դեմ էին ռացիոնալիստները, այն է՝ նորածին երեխայի միտքը դատարկ տախտակ չէ, այն ունի բնածին կառուցվածք։

Բնածին գաղափար[խմբագրել | խմբագրել կոդը]

Փիլիսոփայության և հոգեբանության մեջ բնածին միտքը գիտելիքի որևէ գաղափար կամ միավոր է, որը համընդհանուր է ամբողջ մարդկության համար, այսինքն՝ մի բան, որով մարդիկ ծնվել են, այլ ոչ թե սովորել են կյանքի ընթացքում։

Այս խնդիրը բավականին վիճելի է, և կարելի է ասել, որ այն տեսակետ և վիճաբանություն է մարդու բնույթի մասին, թեև այն օգնում է մարդուն ճանաչելու հարցում։

Փիլիսոփայական վիճաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած մարդիկ տարբերվում են իրենց մշակույթի, լեզվի, ռասայի և այլ պատճառներով, բնածին մտքերը պատկանում են մարդու ճանաչողության ավելի հիմնային մակարդակների։ Օրինակ՝ փիլիսոփա Ռենե Դեկարտը տեսաբանել է, որ Աստծու մասին գիտելիքը բնածին է, քանի որ այն մարդու մեջ հավատի առկայության արդյունք է։

Այլ փիլիսոփաներ, մասնավորապես էմպիրիցիստները քննադատել են այս տեսությունը և հերքել են բնածին մտքերի առկայությունը՝ ասելով, որ մարդկության ամբողջ գիտելիքը ձեռք է բերվում կյանքի փորձի շնորհիվ, այլ ոչ թե ինչ-որ նախնական խոհեմության։

Փիլիսոփայորեն, բնածին մտքերի վերաբերյալ վիճաբանությունները կենտրոնացած են ռացիոնալիստական և էմպիրիցիստական իմացաբանության մեջ։ Ռացիոնալիստները հավատում են, որ որոշ գաղափարներ գոյություն ունեն փորձից անկախ, այնինչ էմպիրիցիստները պնդում են, որ գիտելիքը ձեռք է բերվում փորձի միջոցով։

Իմանուիլ Կանտը գերմանացի փիլիսոփա էր, ով ժամանակակից փիլիսոփայության մեջ վերջ է դրել ռացիոնալիստների և էմպիրիցստների միջև այս անելանելի դրությանը և միավորել է այս երկու տեսությունները։

Գոթֆրիդ Լայբնից[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոթֆրիդ Վիլհելմ Լայբնից

Գոթֆրիդ Վիլհելմ Լայբնիցը առաջարկել է այն միտքը, որ մենք ծնվում ենք որոշակի բնածին մտքերով, որոնցից ամենաճանաչելին մաթեմատիկական համընդհանուր ճշմարտություններն են։ Այն փաստը, որ 1 + 1 = 2 ակնհայտ է և չի պահանջում որևէ փորձնական ապացույց։ Լայբնիցը պնդում է, որ էմպիրիզմը միայն ցույց է տալիս գաղափարները, որոնք ճիշտ են ներկա պահին։ Օրինակ՝ փորձով կարելի է տեսնել, որ մեկ խնձորին ավելացնելով ևս մեկը ստացվում է երկու խնձոր։ Սակայն դա հասկանալու համար անհրաժեշտ է ունենալ սա հասկանալու բնածին կարողություն կամ բնածաին միտք, որը թույլ կտա առանց այս փորձը տեսնելու ենթադրել, որ մեկ խնձորին մյուսն ավելացնելու դեպքում միշտ ստացվում է երկու։

Լայբնիցը այսպիսի գաղափարներն անվանել է մաթեմատիկական համընդհանուր ճշմարտություններ, որոնք «անհրաժեշտ ճշմարտություններ» են։ Այսպիսի մեկ այլ օրինակ է «անհնար է, որ միևնույն առարկան միաժամանակ լինի և չլինի» արտահայտությունը։ Լայբնիցը պնդում է, որ այսպիսի համընդհանուր ճշմարտություններն ընդունվում են բոլորի կողմից և համարվում են բնածին մտքեր։ Հաճախ լինում են գաղափարներ, որոնք համարվում են համընդհանուր ճշմարտություններ, որոնք, սակայն, չեն ընդունվում բոլորի կողմից։ Լայբնիցը սա բացատրում է նրանով, որ որոշ մարդիկ անտեղյակ են այդ բնածին մտքի մասին, և դա չի նշանակում, որ նրանք չունեն այդ բնածին միտքը։ Փորձնական ապացույցները անհրաժաշտ են միայն բածաին մտքերն ու արդեն իսկ եղած գաղափարները դուրս հանելու համար։ Սա նման է երաժշտության առաջին նոտաները լսելուն պես ամբողջ եղանակը վերհիշելուն։

Ջոն Լոք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնածին մտքերի ամենամեծ հակառակորդը Ջոն Լոքն է՝ Լայբնիցի ժամանակակիցը։ Լոքը պնդում էր, որ միտքը ծնվելիս անկախ է ամբողջ գիտելիքից և գաղափարներց. այն դատարկ տարածություն կամ մաքուր տախտակ է, և որ դրա վրա ժամանակի ընթացքում ամեն ինչ գրվում է կյանքի փորձի և դատողության շնորհիվ։

Լոքը մարդու հասկացողության վերաբերյալ մի ակնարկում նշել է, որ համընդհանուր համաձայնության գաղափարը ոչինչ չի ապացուցում. այն ոչ այլ ինչ է, քան ուղղակի անհատների համաձայնություն։ Որոշ մարդիկ, ինչպես նաև նորածինները կարող են ընդհանրապես չհամաձայնել համընդհանուր ճշմարտությունների հետ։ Լոքը նաև համաձայն չէր այն մտքի հետ, որ բնածին մտքերը մարդու մոտ կարող են գոյություն ունենալ, նույնիսկ եթե մարդը անտեղյակ է դրանց մասին։

Դեկարտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեկարտը առաջադրել են այն միտքը, որ բնածին գիտելիքը կամ գաղափարները ժառանգական բնույթ ունեն։ Որևէ հիվանդություն կարող է ժառանգական լինել, և մարդը կարող է այդ հիվանդությունը հետագայում ձեռք բերել։ Նա ենթադրում էր, որ ժառանգաբար փոխանցվող ցանկացած բան կարող է սկզբում մարդու կյանքում ի հայտ չգալ, սակայն այն հետագայում անպայման կդրսևորվի։ Դեկարտի՝ բնածին գիտելիքի և ժառանգական հիվանդությունների միջև համեմատությունը ենթադրում է, որ եթե տեղի է ունենում ինչ-որ բան, որը չի թողնում անհատին ցուցադրել իր բնածին գիտելիքը, դա ամենևին էլ չի նշանակում, որ անհատը չունի այդ գիտելիքը։ Այլ կերպ ասած բնածին մտքերը կամ գիտելիքը պահանջում են որոշակի փորձ՝ իրենց դրսևորելու համար[1]։

Պլատոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պլատոնը պնդում էր, որ եթե մարդը գիտի, որ ինչ-որ գաղափար կամ միտք ճշմարիտ է՝ առանց դրա մասին հատուկ գիտելիք կամ փորձ ձեռք բերելու, ապա նա դրա մասին ունի բնածին գիտելիք, որը առաջացել է նախքան նրա աշխարհ գալը։ Պլատոնն իր «Մենոն» աշխատության մեջ պատմում է, թե ինչպես էր իր ուսուցիչը՝ Սոկրատեսը մի անգամ ստրուկ տղային երկրաչափական մի թեորեմի մասին հարցեր տալիս։ Չնայած տղան նախկինում այդ թեորեմի մասին ոչինչ չէր սովորել, նա կարողանում էր ճիշտ պատասխաններ տալ հարցերին։ Պլատոնը բացատրում է սա նրանով, որ Սոկրատեսը այնպիսի հարցեր էր տալիս, որոնք տղայի մեջ արթնացնում էին բնածին մաթեմատիկական գիտելիքները։ 

Գիտական գաղափարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր «Մենոն» աշխատության մեջ Պլատոնը բարձրացնում է մի շատ կարևոր իմացաբանական դժվարին հարց. ինչպե՞ս է մենք կարող ենք որոշակի գաղափարներ ունենալ, եթե դրանք չեն վերցվում մեր շրջապատից։ Նոամ Չոմսկին այս խնդիրը դիտարկել է որպես փիլիսոփայական հենք իննատզմի գիտական քննության համար։ Նրա լեզվաբանական տեսությունը, որը վերցված է 18-րդ դարի դասական լիբերալ մտածողներց, ինչպիսին էր օրինակ Վիլհելմ Հումբոլդտը, փորձում է բացատրել, թե ինչպես մենք կարող ենք գիտելիք ձեռք բերել բարդ համակարգերի մասին՝ առանց շրջակա միջավայրից տեղեկություն ստանալու։ Այսպիսի օրինակ են մարդու լեզվական ունակությունները։ Մարդկայինլեզուն բաղկացած է բարդ համակարգերից, որոնք հնարավոր չէ հասկանալ ՝ զուտ շրջակա միջավայրում փորձ ձեռք բերելով։ Համաձայն Չոմսկու՝ շրջակա միջավայրը չափազանց աղքատ, զանազան և անորոշ է բացատրելու համար բարդ գաղափարներ սովորելու փոքր երեխաների ունակությունը։ Էական է նաև այն, որ քերականական գիտելիքը չի կարող առաջանալ կյանքի ընթացքում։ Մարդն ի ծնե ունի տարբեր լեզուների քերականությունն ընկանելու ունակություն, որը թույլ է տալիս նրան լսած լեզուն և տարբեր կառույցները ինքնաբերաբար դասակարգել մի համակարգի մեջ։ Նոամ Չոմսկին այս ամենն ապացուցելու համար առաջ է բերել այն փաստը, որ գոյություն ունեցող բոլոր լեզուները հիմնային մակարդակով միանման են ( քերականություն, բառապաշար, որոշ արտահայտություններ, ասացվածքներ )[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Stich, S. P. (1975). Innate ideas. Berkley, CA: University of California Press.
  2. Pousaz, L. (2011, March 22). New evidence for innate knowledge. Retrieved from http://actu.epfl.ch/news/new-evidence-for-innate-knowledge-5/