Jump to content

Գործաբանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գործաբանություն կամ լեզվագործաբանություն, առանձին և ինքնուրույն ճյուղ հաղորդակցական լեզվաբանության մեջ։ Այն ժամանակակից լեզվաբանության նոր ուղղություններից մեկն է, և, ինչպես նկատել է Սուսովը, գործաբանությունը ներկայացվում է որպես լեզվաբանության գործաբանական ուղղություն, կամ որպես գործաբանության լեզվաբանական կողմ։ Այն ուսումնասիրում է լեզվական անհատների միջև եղած հարաբերությունները և այդ հարաբերությունների օգտագործումը այն հաղորդակցա-գործաբանական տիրույթում, որտեղ հաղորդակցվում են խոսողը/գրողը և լսողը/կարդացողը, որոնց բնութագրելու համար անհրաժեշտ է իմանալ իրենց հաղորդակցման կոնկրետ վայրի և ժամանակի մասին, որոնք էլ կապված են հաղորդակցական ակտի նպատակից և սպասելիքներից[1]։

Հարկ է նշել, որ լեզվական հաղորդակցությունը բավականին բարդ ու բազմատարր մի ամբողջություն է, որտեղ զուտ լեզվական ոլորտի ուսումնասիրությունները համակցվում են արտալեզվական ուսումնասիրություններին անմիջական մասնակցություն ունենալով տեքստի կազմակերպման մեջ։ Իսկ տեքստը հանդես է գալիս որպես հասցեագրողի կողմից կոդավորված տեղեկատվություն, որը ենթարկվում Է հասցեատիրոջ ապակոդավորմանը։ Կապված տեքստի հաղորդակցական հայեցակերպի հետ՝ վերլուծության մեջ ի հայտ է գալիս նաև մեկ այլ լեզվաբանական գիտակարգ տեքստի գործաբանությունը։ Տեքստի գործաբանությունը բավականին ընդգրկուն հասկացություն է, սակայն միևնույն ժամանակ նույնքան էլ անմիանշանակ։ Այն իր շրջանակներում ներառում է այնպիսի բաղադրատարրեր, ինչպիսիք են՝

ա/ տեքստի գործաբանություն բուն իմաստով, այսինքն՝ ցանկացած տեքստի այն անհրաժեշտ յուրահատկությունը, որը մատնանշում Է հասցեագրողի վերաբերմունքը հաղորդակցման օբյեկտի, ինքնին հաղորդակցման ակտի և վերջինիս միջոցով հասցեատիրոջ հանդեպ,

բ/ հասցեագրող /հեղինակ/ և հասցեատեր,

գ/ տեքստի գործաբանական նպատակադրություն և

դ/ ծրագրավորվող գործաբանական ներգործություն։

Տեքստի գործաբանությունն իր ամբողջ էությամբ հանդերձ հիմնված Է ներգործման գործառույթի վրա, որն ապահովվում է տեքստի համապատասխան կառուցվածքային մասնատմամբ, ասույթային և վերասույթային մակարդակներում առկայական տրոհման բնույթով ու որոշ այլ միջոցներով և ամենից շատ այն գործաբանական բովանդակությամբ, որը կարգավորում է բովանդակության իմաստային կողմի ընկալման տեսանկյունը, ինչպես նաև տեղեկություն է կրում արդեն ոչ թե արտաքին աշխարհի/հաղորդակցման օբյեկտի, այլ հաղորդակցման ակտի մասնակիցների հասցեագրողի և հասցեատիրոջ մասին։ Այս ամենն է, որ մեկ ամբողջություն դարձած ապահովում է համապատասխան ազդեցությունը, հասցեատիրոջ կողմից տեքստի բովանդակության սւպակոդավորման շնորհիվ բացահայտում գործարանական այն նպատակադրությունը, որն ընկած է տեքստի հիմքում[2]։

Լեզվի կատարած վեց գործառույթներն ըստ Յակոբսոնի

Գործաբանությունը/պրագմատիկան բնութագրում է նշանի և դա օգտագործողի՝ ադրեսատի հարաբերությունը։ Նշանի պրագմատիկ նշանակութունը կախված է նրանից, թե ադրեսատն ինչպես կմեկնաբանի նշանը։ Ի տարբերություն Պիրսի նշանագիտությանը, Սոսյուրի նշանաբանական համակարգում պրագմատիկան բացակայում է։ Պիրսն առաջինն էր, ով հանձինս մեկնաբանողի՝ նշանագիտական տեսության մեջ ներմուծեց մարդկային գործոնը։ Ցանկացած նշան միշտ հասցեագրված է ինչ-որ մեկին և նրա պրագմատիկ նշանակությունը ամենից առաջ բխում է ադրեսատի նախատրամադրվածությունից, արձագանքից։ Սակայն նշանի ամեն մեկնաբանություն ներկայանում է տեքստի ձևով։ Իսկ ի՞նչ փոխհարաբերություն կա նշանի և տեքստի միջև[3]։

Անհասկանալի նշանի բացատրության համար միշտ բավականին ընդարձակ տեքստ է անհրաժեշտ, որովհետև երբ մենք սկսում ենք բացատրել նշանը, այդ բացատրությունն արդեն տեքստի ձև է ստանում։ Ըստ Բարտի, տեքստը «աշխատում է» նշանակիչի ոլորտում, քանի որ ներկայացնում է այն, ինչ արտահայտում է նշանը։ Դա նշանակում է, որ նշանի ու տեքստի միջև անջրպետ գոյություն չունի և հնարավոր չէ որոշել, թե որտեղ է ավարտվում նշանն ու սկսվում տեքստը։ Յուրաքանչյուր նշան, այդ թվում նաև լեզվական նշանը, նրա նշանակության մեջ թաքնված ամփոփ տեքստ է, ճիշտ այնպես, ինչպես տրամաբանության մեջ հասկացությունն է համարվում դատողության ամփոփ ձևը[3]։

Սակայն տեքստի գլոբալ իմաստը նրա նշանային տարրերի առարկայական բովանդակությունից չի գոյանում։ Տեքստն ունի այն առանձնահատկությունը, որ նրա ամբողջական նշանակիչը չի կարելի փոխարինել այլ նշանակիչով, այսինքն՝ տեքստը վերարտադրել այլ բառերով, որովհետև դա արդեն կլինի ուրիշ տեքստ։ Սա նշանակում է, որ տեքստի նշանակիչը և նշանակյալը կարծես թե միավորվում են միմյանց հետ։ Ժամանակակից նշանաբանության պատկերացումների համաձայն` բառի, անունի համար բնորոշ է դենոտացիան, իսկ տեքստի պրոբլեմը կոննոտացիայի պրոբլեմ է։ Ռ.Բարտի համար տեքստը հռետորական կատեգորիա է։ Ինչպես նկատում է Արիստոտելը, այստեղ մենք մտահոգված ենք ոչ այնքան նրանով, թե ինչ ասենք, որքան նրանից, թե ինչպես ասենք և դա կախված է նրանից, թե ում ենք ասում[3]։

Հռետորական վերլուծությունը տալիս է ցանկացած տեքստի հասկացման մեխանիզմը, քանի որ յուրաքանչյուր տեքստի կառուցում ենթադրում է երկխոսություն, որի նպատակն է ադրեսատին դարձնել հեղինակի համախոհը։ Հռետորական վերլուծությունը պահանջում է վերհանել.

ա/ տեքստի ընդհանուր նպատակը. հեղինակն ուզում էր տեղեկությու՞ն տալ ադրեսատին, համոզե՞լ նրան, զվարճացնե՞լ, ստիպել մտորելու՞…,

բ/ տեքստի կոնկրետ նպատակը, որը ընդհանուր նպատակն է՝ գումարած հիմնական թեզիսը, որը կարող է լինել թեման, այսինքն`այն, ինչին այն նվիրված է,

գ/ ո՞ւմ համար կամ ի՞նչ լսարանի համար է նախատեսված տեքստը[3]։

Կարևոր է նաև ձայնի ինտոնացիան, քանի որ «Ի՞նչ լեզվով ձեզ հետ խոսեմ» հարցը ոչ միշտ է նույնական այն հարցի հետ, թե՝ «Ի՞նչ լեզվով ձեզ դիմեմ»։ Ըստ Ա.Ֆ.Լոսեվի, լեզվի ինտոնացիան վկայում է նրա անվերջ իմաստային արժեքայնության մասին, քանի որ միևնույն նախադասությունը կարելի է այնքան տարբեր ինտոնացիաներով արտաբերել, որ դա ըստ իմաստի հաստատականից փոխվի նույնիսկ լրիվ հակառակին[3]։

Միխայիլ Բախտինի կարծիքով ցանկացած տեքստ կարող է դիտվել որպես երկխոսություն։ Նույնիսկ այն դեպքում, երբ գործ ունենք մենախոսության հետ, ապա դա կարելի է դիտել որպես երկխոսություն` միայն թե ինքն իր հետ։ Դրանով իսկ տեքստը դառնում է հաղորդակցության միջոց, իսկ հաղորդակցությունը դիտվում է որպես նշաններով միջնորդավորված միջսուբյեկտային փոխազդեցություն, որն արտահայտվում է ադրեսանտ-տեքստ-ադրեսատ սխեմայով։ Ադրեսանտը տեքստի, հաղորդագրության հեղինակ-ուղարկողն է, իսկ ադրեսատը`նա, ում այն ուղղված է։ Սովորական հաղորդակցության ընթացքում տեքստը ստեղծելու համար ադրեսանտն օգտվում է լեզվից, որն արդեն գոյություն ուներ իրենից առաջ, իսկ գեղարվեստական հաղորդակցության ընթացքում նա կրկնակի դերակատարում ունի, քանի որ պետք է ոչ միայն տեքստը ստեղծի, այլև դրա գեղարվեստական լեզուն։ Ադրեսատի և ադրեսանտի դիրքորոշումների ձևավորման վրա մեծ ազդեցություն են թողնում կոդերը[3]։

Հնչյունագործաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավանդական լեզվաբանության մեջ միշտ չէ, որ բացատրվում է խոսքային գործունեության մեջ տեղի ունեցող բոլոր երևույթները։ Որոշ երևույթներ, ինչպես նաև նոր գաղափարներ գտնելու և բացատրելու համար գիտությունը դիմում է լեզվաբանությանը հարակից մասնագիտություններին, որոնք էլ իրենց հերթին հանգեցնում են նոր մասնագիտությունների ձևավորմանը, ինչպիսիք են` հոգեբանություն, հանրալեզվաբանություն, տեքստի լեզվաբանություն, հաղորդակցական լեզվաբանություն և խոսքային ակտերի տեսություն։

Լեզվաբանության մեջ անցած տասնամյակների ընթացքում շրջադարձ է կատարվել դեպի գործաբանություն (պրագմատիկա), որպես լեզվական երևույթներ իրականացնող առարկա՝ ելնելով լեզվի հաղորդակցական գործառույթից։ Պրագմատիկայի ուսումնասիրության առարկան խոսքի հաղորդակցական բովանդակությունն է։ Պրագմատիկան (հունարեն ρrάgmα, prάgmαtos՝ գործ, գործողություն) սեմիոտիկայի և լեզվաբանության հետազոտությունների մի շրջանակ է, որում ուսումնասիրվում է խոսքի լեզվական նշանների գործառույթը[4]։

Լեզվագործաբանությունն ուսումնասիրում է խոսքում լեզվական նշանների իրականացրած գործառույթները. այն բացատրում և նկարագրում է անձի վարքի մեխանիզմը, որպեսզի ցույց տա խոսքային ազդեցությունն խոսակցի վրա։  Գործաբանության մեջ առաջին հերթին անձը դիտարկվում է որպես խոսքային գործունեություն իրականացնող սուբյեկտ։  Տվյալ դեպքում կարևորվում է նաև այն թե խոսողն ինչ վերաբերմունք ունի իր իսկ ասածի նկատմամբ և թե ինչպես է նա ասում կամ հաղորդում այն[4]։

Խոսքային ազդեցությունը կարող է լինել բաց և փակ, և սա էլ հենց հիմքն է այն երևույթի, որ ժամանակակից լեզվագործաբանության մեջ կան երկու ուղղություններ. ֆունկցիոնալ և փակ:  Այստողից ակնհայտ է դառնում այն, որ իրոք սա ժամանակակից լեզվաբանության նոր ուղություններից է։ Պատահական չէ նաև այն, որ ֆունկցիոնալ և փակ լեզվագործաբանությունը համընկնում է «լեզվական անհատի տեսության» տերմինի հետ։

Հաղորդակցական ռազմավարությունների ամբողջությունը լեզվական անհատի ձևավորման շատ կարևոր բաղադրիչ է։ Նախընտրած հաղորդակցական ռազմավարությունից կախված կարելի է առանձնացնել ավտորիտար, լիբերալ, և դեմոկրատ լեզվական անհատների։  Առաջինին բնորոշ է կտրուկ հաղորդակցական ռազմավարությունը, երկրորդին՝ փափուկը, երրորդին՝ ճկունը[5]:

Հաղորդակցական ռազմավարությունների իրագործումը տեղի է ունենում հաղորդակցական մարտավարությունների միջոցով։ Մարտավարությունը խոսողների վերբալ (խոսքային) կարողությունների օգտագործումն է հաղորդակցական նպատակին հասնելու և հասցեատիրոջ արձագանքը ստանալու համար[5]։

Լեզվական պրագմատիկան չունի հստակ ուրվագծեր։ Այն շոշափում է խոսողի, հասցեատիրոջ, հաղորդակցության մեջ նրանց փոխգործակցության և հաղորդակցման իրավիճակի հետ կապված մի շարք հարցեր։ Խոսողի տեսանկյունից, ըստ Հարությունովայի, ուսումնասիրվում են.

  1. խոսքի բացահայտ և թաքնված նպատակները,
  2. խոսքի մարտավարությունը և խոսքային վարքի տեսակները,
  3. զրույցի կանոնները, որոնք ենթակա են այսպես կոչված համագործակցության սկզբունքին, ըստ որի կառուցվում է բանավոր հաղորդակցում՝ խոսակցության նպատակին և ուղղությանը համապատասխան,
  4. խոսողի վերաբերմունքը կամ արտասանության պրագմատիկ իմաստը, արտասանության անուղղակի իմաստները, ակնարկները, այլաբանությունները և այլն.
  5. խոսողի հղումը, որը գալիս է իր նպատակներից,
  6. պրագմատիկ ենթադրություններ, այսինքն՝ հասցեատիրոջ գիտելիքների ընդհանուր պաշարի, տեղեկացվածության, հետաքրքրությունների, կարծիքների և դիտարկումների, հոգեբանական վիճակի, բնավորության առանձնահատկությունների և հասկանալու կարողության մասին խոսելը,
  7. խոսողի վերաբերմունքն իր ասածի նկատմամբ[4]։

Գործաբանության մեջ սուբյեկտի մակարդակը դիտարկվում է որպես լեզվի կենտրոնական մակարդակ, որը կազմում է հաղորդակցական գործընթացների բոլոր բաղադրիչները[6]։

Լինելով հարաբերականորեն նոր՝ գործաբանական լեզվաբանությանը համահունչ ուղղություն՝ հնչագործաբանությունն առաջացել է հնչյունաբանության և գործաբանության հիմքի վրա և ընդգծում է արտալեզվական գործոնի կարևորությունը։ Գործաբանության կարգի ներգրավումը հնչյունաբանության մեջ վկայում է ոչ միայն հնչյունաբանական հետազոտությունների դաշտն ընդլայնելու, այլև ասույթի կառուցվածքային և խորքային ոլորտները թափանցելու և ունկնդրի վրա ներգործելու մակերեսային և խորքային մեխանիզմները բացահայտելու հնարավորության մասին։ Այդ առումով առոգանության դերն անգնահատելի է[7]։

Միանգամայն հնարավոր է, որ տարբեր հասցեագրողներ տարբեր հանգամանքներում միևնույն բառերն օգտագործելիս նկատի ունենան տարբեր երևույթներ։ Իսկ այն բոլոր հարցերին, թե ինչպես է դա հնարավոր, և թե որն է կոնկրետ բառիմաստի, խոսքի որոշակի հանգամանքների, բառն արտաբերելիս խոսողի նկատի ունեցած իմաստի, նրա մտադրությունների, գործողությունների և արդյունքում արտահայտված մտքի միջև եղած կապը, պատասխանում է գործաբանությունը[7]։

20-րդ դարից սկսած հետաքրքրություն առաջացավ տարբեր լեզուներում հնչյունաբանական համակարգերի սեգմենտալ բնութագրիչների առոգաբանական ուսումնասիրություններ կատարելև հետ կապված[8]։

Չի կարելի անտեսել առոգանության դերը, քանի որ հատկապես վերջինիս շնորհիվ է, որ հասցեագրողի խոսքը լիարժեքորեն հասնում է հասցեատիրոջը։ Խոսքում գործածվող առոգանական միջոցները լսարանի վրա ներգործելու հնարավորություն են ստեղծում և անգամ կարող են փոխել լսողների անձնական կողմնորոշումը։ Նման ներգործումը շատ հաճախ կանխամտածված բնույթ է կրում և որպես վերջնանպատակ ծառայում է մատուցված տեղեկատվության նկատմամբ որոշակի վերաբերմունքի ձևավորմանը[7]։

Առոգանական միջոցների հմուտ կիրառության շնորհիվ է միայն, որ հաջողվում է կոնկրետ իրադրությունում լիարժեք ներգործում իրացնել՝ հիմնական շեշտը դնելով հենակետային, այսինքն՝ կարևորագույն տեղեկատվություն կրող բառերի վրա։ Առոգանությամբ կարելի է դատել խոսողի մասին՝ նրա խառնվածքի, մտածողական ընդունակության, տրամադրության։ Առոգանության միջոցով բանախոսին հաջողվում է հասցեատիրոջը հասանելի դարձնել բառերով չարտահայտված իմաստը, ինչպես նաև հաղորդակից դարձնել իր մտորումներին ու մեկնաբանություններին։ Առոգանությունը ոչ միայն ընդլայնում է խոսքի իմաստը, այլև վերջինիս հաղորդում է առանձնահատուկ նրբերանգներ։ Միևնույն բառը կարող է արտաբերվել բազում ձևերով[7]։

Առոգաբանական բազմազանության շնորհիվ գրավոր խոսքի համեմատ կտրուկ աճում է բանավոր խոսքի արտահայտչականությունը մտքեր, զգացմունքներ և տրամադրություն հաղորդելիս։ Ինչպես նշում է Բեռնարդ Շոուն, գոյություն ունի այո կամ ոչ ասելու հիսուն, սակայն դրանք գրելու՝ ընդամենը մեկ եղանակ[7]։

Դադարը առոգաբանական բաղադրիչների մեջ առանձնահատուկ տեղ է գրավում։ Գործառական առումով լինելով վերհատույթային երևույթ՝ ֆիզիկապես այն յուրահատուկ՝ դատարկ տարածություն է որը, սակայն, բանավոր խոսքում միշտ կարելի է լցնել դիմախաղով, հայացքով, ժեստով, ինտենսիվ շարժումներով և այլն։ Այն հասցեագրողին թույլ է տալիս հավաքել մտքերը և խոսքն ավելի նպատակային դարձնել, իսկ հասցեատիրոջը՝ ժամանակ ունենալ  ասվածի ուղղվածությունն ու իմաստը լավ ըմբռնելու համար։ Ավելի հաճախ այն բնութագրվում է որպես արտասանական ժամանակավոր դադար։ Ճիշտ և տեղին արված դադարները բանախոսի վարպետության մասին են վկայում[7]։

Բարձր ձայնով խոսելը հասարակության մեջ ասոցացվում է քաղաքավարության, խոցելիության, կանացիության հետ, մինչդեռ ցածր ձայնը ենթադրում են հեղինակություն, հաստատակամություն, տղամարդկություն[9]։

Ձայնի բարձր կամ ցածր տոնը զուգորդվում է այն վստահության հետ, որը խոսողը ցանկանում է դնել իր խոսքի մեջ։ Այլ կերպ ասած՝ բարձր տոնը խոսում է անվստահության, անորոշության, տարակուսանքի մասին, իսկ ցածր տոնը խոսքին հաղորդում է վստահություն և հաստատականություն[9]։

Ելույթի մեղեդայնությունը, խոսքի արտահայտչականությունը հնարավորություն են տալիս հուզականորեն գրավել ունկնդրին, նպաստել ասելիքի բովանդակության ընկալմանը և ոչ թե քննադատական մոտեցմանը[7]։

Ըստ Հիրշբերգի, ձայնի երկարություն տեղի է ունենում այն ժամանակ, երբ նոր ինֆորմացիա է ասվում խոսքում, իսկ ձայնի երկարության կրճատումը տեղի է ունենում ասելիքում խոսակցին հայտնի ինֆորմացիայի հատվածների վերջնամասում։  Ինչևէ, այս հատկանիշը բնորոշ է քաղաքական բանավեճերին, անկախ արծարծվող թեմայի նոր լինելուց[10]։

Խոսքում լռությունը հիմնականում կարող է առաջանալ երկու պատճառով. ֆիզիոլոգիական սահմանափակումներ և հաղորդակցական նպատակներ։ Առաջինը բխում է շնչառության ցուցանիշից և հոգեբանական սահմանափակումներից։  Երկրորդը կախված է գործաբանական նպատակներից, այսինքն այն, ինչը ներակա է կամ չի ասվում խոսույթում[9]։

Հաստատական եղանակը քաղաքական բանավեճերում ամենակարևոր արգումենտատիվ ռազմավարությունն է, մանավանդ եթե կա գաղափարների բախում և հանդիսատես կամ լսարան, որին պետք է համոզել ու ստեղծել անձի իմիջը[9]։

Հեգնանքը չի ենթադրվում որ բոլորը միանշանակ հասկանալու են։ Միայն շատ խելացիները կարող են հասկանալ դրանք, և բացի այդ հեգնանքը կարծես մի դաշինք կամ համաձայնություն բանախոսի և լսարանի միջև[9]։

Ժխտումը հիմնականում տեղի է ունենում օգտագործելով բացասական երնգով մակբայներ կամ արտահայտություններ։  Հնչյունաբանության տեսանկյունից այն առավել ցայտուն է դառնում հնչյունի երկարության մեծացմամբ, որն այդ պահին ձայնին տալիս է արտահայտչականություն[9]։

Հռետորական հարցերը արգումենտատիվ ռազմավարություններ են, որի դեպքում չի ենթադրվում որևէ պատասխան։ Նպատակն այն է, որ մարդկանց մտքում ստեղծվի խնդիր, որպեսզի նրանք սկսեն մտածել դրա մասին[9]։

Ելնելով նրանից, որ բանավոր հաղորդակցման ժամանակ հնչյունաբանությունը խոսքի իմաստավորման հիմնական բաղադրիչներից մեկն է, և տեսնելով այդ խնդիրը, որը վերաբերում է հնչյունագործաբանությանը, այժմ քննության առնելու համար բավականին արդիական է[11]։

Գաղտնիք չէ, որ մեծ լսարանի վրա խոսքային ազդեցությունը հնարավորություն է տալիս տեսնել և նկատել լսարանի արձագանքն ասվածին, իսկ լսարանի կողմից միանգամից պատասխան լսելու հնարավորություն չունենալը զրկում է ելույթ ունեցող անձին իր գործողությունները շփման ժամանակ շտկելուց։  Այս բարդությունից խուսափելու համար անհրաժեշտ է մոտավորապես ենթադրել, թե ինչպես կարձագանքեր լսարանը ասվածին։  Լսարանն իր հերթին գնահատում է այն, թե ինչ է ասում խոսողը, ինչպես է նա ասում այդ ամենը, և թե ինչպիսինն է հենց ելույթ ունեցող անձը կամ բանախոսը։  Այդ գնահատականից էլ կախված է կընդունվի արդյոք, թե չի ընդունվի ինֆորմացիան լսարանի կողմից, կամ ազդում է արդյոք տրված ինֆորմացիան լսարանի վրա։  Փաստորեն, հոգեբանական համատեքստը հաճախ ազդում է լսարանի վրա որպես  թաքնված ուժ[12]:

Պետք է նկատի ունենալ, որ առաջին հերթին գոծաբանական բնութագրիչները կարող են վերաբերվել ինչպես ամբողջ խոսքային ակտին, այնպես էլ դրա առանձին տարրերին և մասերին[13]։

Տեքստի գործաբանական կառուցվածքի տեսանկյունից հիմնական բաղադրիչներից է նաև հուզականությունը, որն այժմ շատ հետազոտությունների առարկա է ընդհանուր լեզվաբանական, ինչպես նաև քերականական ու ոճաբանական հայեցկարգերում, իսկ խոսքի հուզականության ուսումնասիրումը կարևոր է առոգանության տեսանկյունից (Ленца, Соловьева 1989: 59): Ցանկացած խոսքային ակտ շփման մեջ ենթադրում է ոչ միայն ռացիոնալություն, այլև՝ հուզականություն, որն էլ իրագործվում է հնչյունների արտաբերման օգնությամբ  (Багдасарян 2019: 140): Ասվածի իմաստը հասկանալու համար կորևոր է դրա հուզական երանգավորումը, քանի որ այն ներառում է հաղորդակցության տիպը, թեմառեմատիկ միասնությունը և հուզական երանգավորումը[14]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ПРАГМАТИКА ПЕРЕДАЧИ СОВЕТА В НЕМЕЦКОЙ ХУДОЖЕСТВЕННОЙ ПРОЗЕ ХХ ВЕКА, Соколова Екатерина Борисовна
  2. Լրագրային տեքստի կառուցվածքի հաղորդակցական և գործաբանական առանձնահատկությունները, Ապրեսյան Ա.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Վարդանյան, Սուսան (2016). ՆՇՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ (Ուսումնամեթոդական ուղեցույց). ԵՐԵՎԱՆ: Լուսաբաց.
  4. 4,0 4,1 4,2 Арутюнова Н.Д. Речевой акт // Лингвистический энциклопедический словарь: Советская энциклопедия. – М., 1990.
  5. 5,0 5,1 Актуализация высказываний согласия в диалогическом дискурсе, Ружникова Оксана Михайловна, 2004
  6. Лингвопрагматика диалогической коммуникации, Мирианашвили М.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 ԱՌՈԳԱՆՈՒԹՅՈՒՆ –ԻՄԱՍՏ ՓՈԽՆԵՐԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՆԱՎՈՐ ԽՈՍՔՈՒՄ, Խաժակյան Մ. Գ.
  8. NUCLEAR TONES IN ENGLISH: THE CASE OF HOUSEHOLD CONSUMER PRODUCTS TV COMMERCIALS, José Antonio Mompeán González
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 9,6 The Pragmatics of Prosodic Features in the Political Debate, Daniela Braga & Maria Aldina Marques
  10. The Pragmatics of Intonational Meaning, Julia Hirschberg
  11. Фонопрагматические характеристики речевого акта требования (на материале современного немецкого языка), Карандеева Л.Г.
  12. Юридический текст как объект профессионально-ориентированного дискурса, Медведева М.С.
  13. Прагматические характеристики речи и их лексикографическая репрезентация (по материалам идеографических словарей русского языка), Воронина Татьяна Михайловна
  14. Фонетика в аспекте прагматики, Д. Л. Ленца, Е. В. Соловьева