Jump to content

Հնագրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հնագրություն, հնագրագիտություն, պալեոգրաֆիա, պատմության օժանդակ դիսցիպլին, որն ուսումնասիրում է գրի զարգացման պատմությունը, գրատեսակների ու դրանց գրանշանների (տառերի) կրած փոփոխությունները, հնագույն գրավոր հուշարձանները և հարակից խնդիրներ (ըստ ստեղծման ժամանակը, տեղը, հեղինակի ինքնության հաստատումը, գրավոր տեքստի ճիշտ վերծանումը և այլն)։ Ձևավորվել է XVIII դարում, մասնավորապես՝ ֆրանսիացի գիտնական Բ. Մոնֆոկոնի ջանքերով (որն առաջին անգամ գործածել է հնագրություն տերմինը)։ Ընդհանուր հնագրություն առայժմ չկա. այն ներկայանում է մասնավոր գիտաճյուղերով (հայկական հնագրություն, հունական հնագրություն, լատիներեն հնագրություն, սլավոնական հնագրություն և այլն)։ Ժամանակակից հնագրությունը բավականաչափ ընդլայնել է իր պրոբլեմատիկան և հարցադրումները։ Այն ուսումնասիրում է նաև գրանշանների կառուցվածքը, դրանց ծագման ակունքները, այլ գրերի հետ ունեցած առնչակցությունները, գրանշանի ֆունկցիան, կիրառությունը՝ կապված ոչ միայն նրա հնչյունական կամ իմաստային առումների, այլև համառոտագրության, ծածկագրության, թվագրության, գրչության արվեստի, թվային արժեքի և այլնի հետ։ Հնագրության մի առանձին մասնաճյուղ ուսումնասիրում է գաղտնագրերը։ Հնագրությունը զբաղվում է նաև գրության նյութի ու միջոցների հարցերով։ Այն հենվում է հարակից գիտությունների (լեզվաբանություն, բնագրագիտություն, արվեստագիտություն, մասամբ և քիմիա, ֆիզիկա) տվյալների վրա, օգտվում է ուսումնասիրության նրանց եղանակներից։ Հայկական հնագրության առանձին հարցերի ուսումնասիրությամբ առաջինը զբաղվել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի հայ ժողովրդի պատմության ուսուցիչ Ի. Հարությունյանը, որը 1892-ին հրատարակել է «Հայոց գիրը» խորագրով աշխատությունը։ Սակայն հայկական հնագրության, որպես տեսական գիտաճյուղի, հիմքերը դրվեցին XIX վերջին, երբ Հ. Տաշյանը կազմեց Վիեննայի Մխիթարյան մատենադարանի հայերեն ձեռագրերի ցուցակը և հայկական հնագրության վերաբերյալ առաջին ձեռնարկը («Ակնարկ մը հայ հնագրության վրա», 1898 թ.)։ Այն գրելու շարժառիթ է ծառայել արևելագետ Շուխարտի՝ Եգիպտոսում ձեռք բերած հունարեն հայատառ պապիրուսը, որի վերծանության համար նա Հ. Տաշյանին խնդրում է պատասխանել հայկական հնագրության հետ առնչվող որոշ հարցերի, որոնց առիթով վերջինս ձեռնարկում է հայոց հնագրության ուսումնասիրությունը՝ լուսաբանելով V—XVIII դդ. հայկական գրատեսակների, նրանց անվանումների պատմության, թվագրման և գործածության ժամանակի, կրկնագրերի, կետադրության նշանների և հայկական հնագրությանն առնչվող այլ խնդիրներ։ Հայկական գրերի տեսակների վերաբերյալ Հ. Տաշյանի դասակարգումը ցարդ պահպանել է իր գիտական նշանակությունը։ XIX դ. վերջին և XX դ. սկզբին տպագրվեցին հայկական ձեռագրացուցակներ։ Հայոց գրի և գրչության հարցերին անդրադարձել է Դ. Հովսեփյանը՝ «Գրչության արվեստը հին հայոց մեջ» (1913 թ.) աշխատությունում։ Հրատարակել է նաև V—XVIII դդ. 143 ձեռագրերի ֆակսիմիլային ալբոմ։ Ամբողջությամբ հնագրությանն է նվիրված Հ. Աճառյանի «Հայոց գրերը» (1928 թ.) աշխատությունը, ուր ուսումնասիրված են մեսրոպյան գրերն ու նրանց զարգացումը, հայկական գաղափարագրերը, ծածկագրերը և այլն։ Կ. Ղաֆադարյանի «Հայկական գրի սկզբնական տեսակները» (1939 թ.) աշխատությունում առանձնապես արժեքավոր է կապ գրերին վերաբերող ուսումնասիրությունը։ Հայ հնագրության հարցերին անդրադարձել են նաև Գ. Լևոնյանը, Լ. Խաչերյանը, է. Աղայանը։ Հայկական գրի ծագման, արամեերենի հետ նրա առնչությանն է նվիրված Ա. Փերիխանյանի մի աշխատությունը «Հայ գրի ծագման շուրջը» (Переднеазиатский сборник, 1966 թ.)։ Հայկական հնագրության բազմաթիվ խնդիրներ ուսումնասիրել և հրատարակել է աղբյուրագետ Ա. Աբրահամյանը՝ իր աշխատություններում քննելով նախաքրիստոնեական շրջանի հայ մատենագրության հնարավոր գոյությունը, պարզաբանելով հայոց գրերի ստեղծման, հայկական գրատեսակների և նրանց գործածության ժամանակի ու խմբավորման, թվանշանների գործածության, տոմարագիտության, թվականների վերծանության սկզբունքների, կետադրության, առոգանության նշանների, կապգրության, համառոտագրության, գաղափարագրության, ծածկագրության, գրանյութի ու գրենական պիտույքների և հնագրությաև հետ կապված այլ հարցեր։ Հայաստանում ձեռագրերի հնագրական ուսումնասիրությամբ զբաղվում են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 462