Լեզվաբանական աշխարհագրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Լեզվաբանական աշխարհագրություն, լեզվաշխարհագրություն, լեզվաբանության բաժին, որը զբաղվում է լեզուների, լեզվական մի խումբ կամ մասնակի երևույթների տարածքային բաշխվածության հարցերի քննությամբ ինչպես ամբողջ երկրագնդում, այնպես էլ առանձին աշխարհամասերում և կամ ավելի փոքր տարածքային միավորումներում։ Ըստ այդմ էլ առաջին դեպքում «լեզվաբանական աշխարհագրություն» տերմինը գործածվում է լայն առումով, մյուս դեպքում (սահմանափակ շրջանակների հաշվառմամբ)` նեղ առումով, իբրև արեալային կամ տարածքային լեզվաբանության հոմանիշ։ Վերջին ժամանակներս ավելի հաճախ այդ տերմինները կիրառվում են հետևյալ իմաստային սահմանազատմամբ. «լեզվաբանական աշխարհագրություն» տերմինը կիրառվում է այն դեպքում, երբ նկատի է առնվում «լեզվական երևույթների տարածական բաշխումը», իսկ «արեալային լեզվաբանություն» տերմինը կիրառվում է «ժամանակակից լեզվական երևույթների բաշխման հիմքի վրա հնագույն արեալների քննության» դեպքում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեզվաբանական աշխարհագրությունը բարբառագիտության ընդերքում ձևավորված գիտակարգ է[1]։ Հ.Պետրոսյանն այն բնութագրում է իբրև բարբառագրություն։ Երևույթների պատմական դիտարկման դեպքում պետք է շեշտել, որ բուն լեզվաբանական աշխարհագրության առարկան ծնունդ է առել հնդեվրոպաբանության ընդերքում։ Ցեղակից (նախընտրաբար՝ հնդեվրոպական) լեզուների ընդհանրությունները վեր հանելու գործընթացում, երբ դիտարկվում էին ոչ միայն ժամանակակից լեզուները, այլև մերձցեղակից լեզվական դրսևորումների տարածքային բաշխվածությունը, ակնհայտ դարձավ, որ XIX դարի լեզվաբանական տեսություններից մեկը՝ ծննդաբանական ծառը իր ոչ ճկունությամբ ու սխեմատիզմով ի վիճակի չէ ներկայացնելու լեզվական իրական համապատկերը, քանի որ հանդիսանում է իրականության չափազանց մակերեսային և ոչ ճշգրիտ արտացոլումը։ Ծննդաբանական ծառի թերություններից մեկն այն է, որ նրանում հաշվի չի առնվում աշխարհագրական մերձակցության գործոնը, որն իրականում բավական մեծ դեր ունի։

Լեզվաբանական աշխարհագրության, որպես առանձին գիտաճյուղի, ձևավորումը գերազանցապես կապում են XIX դարի վերջին և XX դարի սկզբին գերմաներենի և ֆրանսերենի բարբառագիտական ատլասների ստեղծման հետ։ Վերջինս ներկայացնում է մի որոշ լեզվի համար բազմաթիվ քարտեզների մի հավաքածու, որոնցից յուրաքանչյուրը նվիրված է մի բառի, քերականական մի ձևի վիճակագրության։ Մեկ առ մեկ նշանակված է, թե այդ բառը կամ ձևը երկրի զանազան կողմերում ինչ ձևով է հնչում։ Գերմանիայի լեզվաբանական ատլաս կազմելու գաղափարը պատկանում է Վենկերին։ Նրա ծրագիրը, որը սկսվել էր 1876 թ.-ին, ավարտվել 1926 թ.-ին Վրեդեի կողմից, կրճատված հրատարակվել է 13 ստվարածավալ պրակներով, որոնք լույս են տեսել 1926-ից 1951 թվականներին։ Ժամանակագրական առումով ֆրանսերեն բարբառների ատլասի կազմման աշխատանքները թեև սկսվեցին մի փոքր ավելի ուշ (1902 թ.), սակայն արդեն 1910 թվականին Ժ. Ժիլյերոնը և Է. Էդմոնը ավարտին հասցրին 1920 քարտեզի կազմումը։ Ֆրանսիական ատլասը կազմեց 7 ստվար հատոր և հրատարակման ենթակա էր արդեն 1912 թ.-ին։ Կ. Յուբերգի և Յա. Յուդի կազմած իտալա-շվեյցարական ատլասի կազմումը տևեց 12 տարի (1928-1940 թթ.) և կազմեց 8 հատոր։ Իտալական լեզվաբանական ուղղության մեջ, որը հայտնի է որպես նեոլինգվիստիկա, կիրառության մեջ է դրվում «արեալային/տարածքային լեզվաբանություն» տերմինը։ Լեզվաբանական աշխարհագրության, որպես առանձին գիտաճյուղի, կազմավորման գործընթացում մեծ է եղել Ա. Դոզի և Է. Կոսերիուի հիմնարար աշխատանքների դերը։ Ռուսական կայսրությունում բարբառագիտական հետազոտությունները մեծ կարևորություն են ստացել XIX դարի երկրորդ կեսից (Ա. Սոբոլևսկի, Ի. Սրեզնևսկի, Ք. Պատկանյան)։ Ռ. Ավանեսովի և հեղինակակիցների «համասլավոնական լեզվաբանական ատլասը» դարձավ Եվրոպայի լեզուների ատլասի անհրաժեշտ բաղկացուցիչ մաս։ Հայ բարբառագիտության պատմության մեջ բարբառագիտական քարտեզագրման փորձեր են կատարել (Հր. Աճառյանից հետո) Ռ. Բաղրամյանը («Դերսիմի բարբառային քարտեզը», Ե., 1960 թ.), Կ. Դավթյանը («Լեռնային Ղարաբաղի բարբառային քարտեզը», Ե., 1966 թ.), գրող և բարբառագետ Արտակ Վարդանյանը («Նախիջևանի բարբառային քարտեզը», Հանդես ամսօրեայ, Վիեննա, 2000 թ.)։

Կապը հարակից գիտությունների հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեզվաբանական աշխարհագրություն առարկան անմիջական կապի մեջ է լեզվաբանական, լայն առումով՝ բանասիրական մի շարք գիտակարգերի հետ։ Առաջին հերթին այն սերտ կապի մեջ է պատմահամեմատական լեզվաբանության, մասնավորապես հնդեվրոպաբանության հետ՝ըստ էության այն ծագել է վերջինիս հուզող խնդիրների շրջանակում։ Սկզբնապես լեզվաբանական աշխարհագրությունը դիտարկվել է ոչ միայն իբրև պատմահամեմատական լեզվաբանության հավելված, այլ ինչ-որ չափով իբրև նրա այլընտրանք։ Լեզվաբանական աշխարհագրության և պատմահամեմատական լեզվաբանության փոխգործակցության արդյունքում նոր հնարավորություններ են ստեղծվում, որոնք խթանում են ինչպես հնդեվրոպաբանության, այնպես էլ լեզվաբանական աշխարհագրության զարգացմանը։ Դրա վառ օրինակն է տարածքի ծագումնաբանական խտություն կոչված նորագույն տեսության ծագումն ու զարգացումը։ Այն դիտարկում է միավոր մակերեսում (միլիոն կամ հազար քառակուսի կիլոմետրում) առկա ծագումնաբանական ընտանիքների քանակը։

Լեզվաբանական աշխարհագրությունը կապված է նաև լեզվաբանական տիպաբանության հետ։ Սրանց համատեղ գործունեության արդյունքում առաջացավ լեզվամիություն գաղափարը։ Լեզվամիության հանգում են քերականական փոխառությունները։ Լեզվամիության դասական օրինակ է բալկանյան լեզվամիությունը, որի մեջ մտնում են հնդեվրոպական ընտանիքի 4 տարբեր ճյուղեր՝ հունական, ռոմանական, սլավոնական և ալբանական։

Լեզվաբանական աշխարհագրությունը կապված է նաև հանրալեզվաբանության հետ։ Վերջինիս ուսումնասիրության առարկա միջլեզվական ազդեցությունների ու փոխազդեցությունների մեխանիզմները հավասարապես կարևորվում են նաև լեզվաբանական աշխարհագրության համար։

Վերջապես, լեզվաբանական աշխարհագրությունը առնչվում է նաև հնագիտության, ծագումնաբանության և հարակից այլ գիտակարգերի հետ։ Որպես նրանց բոլորին հուզող ընդհանուր խնդիր կարելի է նշել բանական մարդու(Homo Sapiens) երկրի վրա տարածման օջախների դիտարկումը։

Լեզվաբանական ատլաս[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեզվաբանական ատլասը քարտեզների այնպիսի համակարգված հավաքածու է, որը բացահայտում է լեզվական ամենատարբեր երևույթների տարածվածության ձևերն ու աստիճանը։ Լեզվաբանական ատլասի կազմմանը նախորդող նախապատրաստական աշխատանքների փուլում կատարվում է քարտեզագրման ենթակա տարածքների ընտրություն, բնակավայրերի քանակի ճշգրտում, այն ծրագրերի մշակում, որոնց հիման վրա պետք է հավաքվի համապատասխան նյութը։ Առաջին ատլասները հստակորեն ցույց տվեցին, որ տարբեր լեզվական երևույթների սահմանները ոչ միայն չեն համընկնում, այլև հաճախ խաչաձևում են կամ անցնում իրար մոտով՝առաջացնելով զուգաբանություններ(իզոգլոսներ)։ Զուգաբանությունը քարտեզի վրա այն գիծն է, որը ցույց է տալիս նույնական երևույթի (հատկանիշի) տարածական ընդգրկումը ժամանակային կտրվածքում, ճշգրտում է այդ երևույթի տարածքը (արեալը)։

XX դարի երկրորդ կեսին լայն թափ ստացած լեզվաբանական ատլասներ կազմելու գործը ներկայումս տվել է իր որոշակյի դրական արդյունքները։ Այժմ արդեն կազմվել են աշխարհի ավելի քան 300 ատլասներ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հ.Պետրոսյան, Հայերենագիտական բառարանում, Երևան, 1987, էջ 132։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Է.Աղայան, Հայ լեզվաբանության պատմություն, 1-2, Երևան, 1958-1962։
  • Ա. Սարգսյան, Լեզվաբանական աշխարհագրություն, Երևան, 2003։
  • Հ. Պետրոսյան, Հայերենագիտական բառարան, Երևան, 1987։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 513