Մարտի 1-ի իրադարձություններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է 2008թ.-ի մարտի 1-ի դեպքերից)
Մարտի 1-ի իրադարձություններ
Լուսանկարում ձախից աջ և վերևից ներքև պատկերված են 2008 թվականի փետրվարի 24-ին Ազատության հրապարակում տեղի ունեցած ցույցը, մարտի 1-ին Մյասնիկյանի հրապարակում ցուցարարների կողմից տեղադրված վրանները, Ազատության հրապարակը, որտեղ տեղակայվել էին ոստիկանական ուժերը։
Ամսաթիվ2008, փետրվարի 20 - մարտի 2 (11 օր)
ՎայրԵրևան, Հայաստան
ՊատճառՍերժ Սարգսյանը ընտրվել է Հայաստանի նախագահ
ՆպատակՀեղաշրջում/իշխանափոխություն
Արդյունք
  • Իշխանության հաղթանակ
    • Ուժային կառույցների կողմից ընդդիմության կազմակերպած հակաիշխանական զանգվածային գործողությունների և անկարգությունների ճնշում,
    • Արտակարգ դրության հայտարարում,
    • 10 անձի սպանություն (զինծառայող, ոստիկան, ցուցարարներ)
    • Անկարգությունների բազմաթիվ մասնակիցների ձերբակալում
Հակամարտող կողմեր
Ղեկավարներ
Կորուստներ

Զաքար Հովհաննիսյան Սամվել Հարությունյան Գրիգոր Գևորգյան Հովհաննես Հովհաննիսյան Տիգրան Խաչատրյան Արմեն Ֆարմանյան Դավիթ Պետրոսյան

Գոռ Քլոյան

Տիգրան Աբգարյան

Համլետ Թադևոսյան

Մարտի 1-ի լույս 2-ի իրադարձություններ, մի շարք հակակառավարական անկարգություններ Հայաստանում 2008 թվականի փետրվարի 19-ի նախագահական ընտրություններից հետո։ Անկարգություններ տեղի ունեցան երկրի մայրաքաղաք Երևանում և կազմակերպվեցին նախագահի թեկնածու և Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների և ընդդիմության այլ առաջնորդների կողմից՝ իշխանության բռնի զավթման նպատակով։ Իրադարձությունների հետևանքով զոհվեց 10 (2 ոստիկան, 8 քաղաքացիական անձ)[1][2] և վիրավորվեցին հարյուրավոր ոստիկաններ, զինծառայողներ և քաղաքացիական անձինք[1]։ Անկարգությունները կանխելու նպատակով 1 ամիս ժամկետով Երևան քաղաքում հաստատվեց արտակարգ դրություն[3]։

Իրադարձությունները սկսել էին ակտիվորեն զարգանալ փետրվարի 20-ից, երբ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները Երևանի Ազատության հրապարակում հիմնեցին շուրջօրյա ճամբար և սկսեցին կազմակերպել հանրահավաքներ, բողոքի այլ գործողություններ։ Լևոն Տեր-Պետրոսյանն ու նրա կողմնակիցները չէին ընդունում ընտրությունների արդյունքները և պնդում էին, որ նախագահ է ընտրվել Լևոն Տեր-Պետրոսյանը։

Մարտի 1-ի իրադարձությունների առանձին դեպքերով կայացվել են դատավճիռներ, սակայն մինչև օրս ամբողջական դեպքերի վերաբերյալ չի եղել դատական գործընթաց։ Տարբեր քաղաքական ուժեր, հասարակական շրջանակներ այս իրադարձությունների վերաբերյալ ունեն ոչ միանշանակ դիրքորոշում։ Որոշները մեղադրում են այն ժամանակվա գործող իշխանություններին, իսկ ոմանք էլ ցույցերը կազմակերպողներին՝ ի դեմս Լևոն Տեր Պետրոսյանին ու նրա նախընտրական շտաբի ներկայացուցիչներին։

Փետրվարի 20-ից 21-ի իրադարձություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բողոքի ակցիաներն սկսվեցին փետրվարի 20-ին՝ համախմբելով ընդդիմության շուրջ 25000 համակիրների։ Տեր-Պետրոսյանը պնդում էր, որ բանակը դուրս չի գա ժողովուրդի դեմ՝ վկայակոչելով այն փաստը, որ ինքն աջակցություն է ստանում պաշտպանության երկու փոխնախարարներից։ Փետրվարի 21-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի երկու ընդդիմադիր ներկայացուցիչներ հայտարարեցին, որ իրենք չեն ընդունում արդյունքները։ Մեկ օր անց իր հրաժարականը ներկայացրեց Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ, «Դաշնակցություն» խմբակցության ներկայացուցիչ Վահան Հովհաննեսյանը` իր որոշումը հիմնավորելով ընտրական գործընթացի հանդեպ անվստահությամբ և նշելով, որ կեղծարարությունների մեխանիզմը ներդրվել է դեռևս 1996 թ.-ին` Տեր-Պետրոսյանի իշխանության օրոք։ Բողոքի ակցիաները շարունակվեցին փետրվարի 22-ին։ Գագիկ Ջհանգիրյանը, ով այն ժամանակ գլխավոր դատախազի տեղակալ էր, դատապարտեց ընտրությունները՝ կոչ անելով ժողովրդին անհապաղ միջոցներ ձեռնարկել իր քվեները պաշտպանելու համար։ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի խոսնակն այնուհետև դիմեց նախագահի լիազորությունները դեռևս վայր չդրած Ռոբերտ Քոչարյաինին Ջհանգիրյանին պաշտոնից ազատելու կոչով՝ վկայակոչելով օրենսդրական այն պահանջը, որ դատախազներին արգելում է անդամակցել քաղաքական կուսակցությունների կամ որևէ այլ կերպ մասնակցություն ունենալ քաղաքական գործընթացներին։ Պաշտպանության նախարարությունը հերքեց Տեր-Պետրոսյանի պնդումն առ այն, որ երկու փոխնախարարները խոստացել են թույլ չտալ բանակի միջամտությունը բողոքի ցույցերին, սակայն «Երկրապահ» կամավորականների միությունը շարունակում էր վիճարկել այդ հարցը։ Ցույցերը շարունակվում էին առանց պաշտոնական թույլտվության։ Ընդդիմությունը շարունակում էր պնդել, որ ընտրություններն անցկացվել են զանգվածային խախտումներով։ Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը քննադատում էին բողոքի ցույցերն ամբողջապես չլուսաբանելու համար։

Փետրվարի 22-ի իրադարձություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ ցույցերի երրորդ օրը հրապարակում ներկա էր 30,000 մարդ։ Սերժ Սարգսյանը բողոքի ակցիաները համարում էր շանտաժ՝ սպառնալով կիրառել ուժ բոլոր նրանց հանդեպ, ովքեր կխախտեն օրենքը։ Նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը, ով այն ժամանակ ներկայացնում էր ընդդիմադիր ճամբարը, պնդում էր, որ իշխանությունները բավականաչափ համարձակություն չունեն՝ ցույցերը ցրելու համար։ Փետրվարի 23-ին ցուցարարների թիվը հասավ 50 000-ի։ Քոչարյանն ընդդիմությանը մեղադրում էր իշխանությունը զավթելու փորձերի մեջ և կոչ անում գործող կառավարությանը ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ կարգուկանոն պահպանելու համար։ Ոստիկանությունը միևնույն ժամանակ հանդես եկավ հայտարարությամբ՝ իր պատրաստակամությունը հայտնելով «ձեռնարկել վճռական գործողություններ հասարակական կարգուկանոնը խախտելու և իրավիճակը ապակայունացնելու բոլոր փորձերի դեմ և կանխել ծայրահեղական ցանկացած դրսևորում` մարդկանց սահմանադրական իրավունքները պաշտպանելու համար»։ Հայտարարությունում հերքվում էին ոստիկանապես Ալիկ Սարգսյանի հրաժարականի մասին շրջանառվող լուրերը։

Փետրվարի 23-ի իրադարձություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոբերտ Քոչարյանի հրամանով պաշտոնից ազատվեց գլխավոր դատախազի տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը։ Փետրվարի 27-ին նրան ձերբակալեցին՝ Հայաստանի Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված մեղադրանքների հատկանիշներով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը)։

Փետրվարի 24-ի իրադարձություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցուցարարների թիվը հասել էր 50.000-ի։ Բազմաթիվ ուսանողներ դասադուլ էին հայտարարել և միացել պայքարին։

Փետրվարի 25-ի իրադարձություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Փետրվարի 25-ին 40-ից 50 հազարանոց մարդկանց բազմությունը շարժվեց դեպի Ազատության հրապարակ, ուր մի քանի անգամ խաղաղ հանրահավաք կազմակերպելու հրապարակային կոչերոով հանդես եկավ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Վերջինս իր ելույթներում վկայակոչում էր 1980-ականների վերջերը, երբ խորհրդային իշխանությունները ձերբակալեցին իր գլխավորած «Ղարաբաղ» կոմիտեի անդամներին։ Առաջին նախագահն ասում էր, որ չի վախենում ձերբակալությունից կամ քաղաքական սպանությունից, և եթե իշխող քաղաքական ուժի՝ Հայաստանի հանրապետական կուսակցության պատվերով իրեն ոչնչացնեն, դա միայն կնպաստի տվյալ քաղաքական կառույցի արագ ոչնչացմանը։ Նույն օրը երկու անգամ ելույթ ունեցավ ֆրանսիայի հայկական համայնքի ներկայացուցիչ Սարգիս Հացպանյանը, որն իր խոսքում անդրադարձավ հայերի մասնակցությանը Ֆրանսիայում և Գերմանիայում տեղի ունեցած հեղափոխական շարժումներին։ Կեսգիշերին մոտ ցուցարարների թիվը հասել էր 10-ից 15 հազարի. նրանցից ոմանք գիշերն անցկացրին վրաններում։

Փետրվարի 26-ի իրադարձություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Փետրվարի 26-ին լուրեր տարածվեցին, որ հանրակրթակրթական դպրոցների տնօրեններն իշխող կուսակցությունից հրահանգ են ստացել մասնակցել նորընտիր նախագահի թիմակիցների կողմից Հանրապետության հրապարակում կազմակերպվելիք ցույցին։ Առավոտյան արդեն արգելափակված էին էլեկտրոնային փոստեր սպասարկող մի շարք կայքեր (այդ թվում՝ Hotmail, Gmail և այլն)։ Նույն օրը ձերբակալվեցին Տեր-Պետրոսյանի մի շարք կողմնակիցներ, ովքեր վայելում էին հասարակական լայն ճանաչում։ Ըստ հաղորդվող տվյալների՝ իշխանամետ ճամբարի կողմից կազմակերպված հանրահավաքին մասնակցել է շուրջ 100.000 մարդ։ Առաջին նախագահի պնդմամբ՝ իր հանրահավաքին մասնակցողների թիվը կրկնապատկվել էր, քանի Հանրապետականի հանրահավաքի շատ մասնակիցներ հեռացել են այնտեղից՝ ներկա գտնվելու իր կազմակերպած միջոցառմանը։ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունն այդ ընթացքում պնդում էր, որ կարողացել է կանխել ընդդիմության կողմից Երևանի հեռուստատեսային աշտարակը գրավելու փորձերը։ Ըստ նրա՝ նման դավադրության նպատակն է եղել Տեր-Պետրոսյանին ուղիղ եթեր տրամադրելը։ Սակայն այդ տեղեկությունները հետագայում հերքվեցին ընդդիմության մամուլի քարտուղարի կողմից, որն արված հայտարարությունը որակեց որպես հոգեբանական ճնշում։ Գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանն այդ օրն ակնարկեց, որ իր կառավարության համբերության բաժակը կարող է լցվել և կոչ արեց ցուցարարներին խելքի գալ։

Փետրվարի 27-ի իրադարձություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Փետրվարի 27-ին Երևանի կենտրոնական փողոցներում հայտնվել էին ավելի մեծ թվով ցուցարարներ։ Երեկոյան նրանց թիվը նորից հասել էր տասնյակ հազարների. շատացել էին նաև վրանները։ Բազմությունը լի էր բնակչության ամենատարբեր շերտերը ներկայացնող մարդկանցով՝ գյուղացիներով, ուսանողներով, երեխա ունեցող ընտանիքներով, պետական համակարգում աշխատող անձանցով, ինչպես նաև՝ ընդդիմադիր ուժերի առաջնորդերով։ Առավոտյան ժամը 11։30-ի սահմաններում ցուցարարները ներխուժեցին Ազատության հրապարակի հարևանությամբ գտնվող «Կարապի լիճ» սրճարան։ ԱԱԾ-ն հետագայում խոստովանեց, որ ընդդիմադիր առաջնորդներին բռնությունների հրահրողներն եղել են իր աշխատակիցները։ Քաղաքացիական հագուստով ոստիկանները (որոնց թիվը 1։3-ի հարաբերակցությամբ գերազանցում էր համազգեստ կրող ոստիկաններին և զինվորականներին) թույլ չէին տալիս, որ լրագրողները լուսանկարեն տարածքը։ Սակայն ի հեճուկս դիմադրությունների (անձնական անվտանգության հասցեին հնչեցված և տեսախցիկները կոտրելու սպառնալիքներին), վերջիններից ոմանք կարողացան հասնել իրենց նպատակին։ Ցույցն այնուհետև շարունակվեց առանց միջադեպերի։

Փետրվարի 28-ի իրադարձություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Փետրվարի 28-ի վաղ առավոտյան Ազատության հրապարակի հարևանությամբ գտնվող փողոցները շրջափակված էին ոստիկանության մեքենաներով, որն անհնարին էր դարձնում մեքենաներ կայանելը, ինչպես նաև ուղևորներ վերցնելը և իջեցնելը։

Փետրվարի 29-ի իրադարձություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Փետրվարի 29-ի գիշերը Ազատության հրապարակի վրանների թիվը հասել էր 132-ի. շուրջօրյա ցույցերը շարունակվում էին։ Ցերեկը կազմակերպված երթին մասնակցել էր շուրջ 100 հազար մարդ։

Մարտի 1[խմբագրել | խմբագրել կոդը]

ԽՍՀՄ արտադրության ԲՄՊ զրահամեքենա, որը Ռոբերտ Քոչարյանի հրամանով Երևան է մտել ցուցարարներին ցրելու համար:[4]
Իշխանափոխություն պահանջող ցուցարարների բազմությունը Ստեփան Շահումյանի հրապարակում։

Մարտի 1-ի առավոտյան ժամը 6։30-ին Հայաստանի ոստիկանությունը և նրանց աջակցող ուժերը, անսպասելիորեն հարձակում գործելով Ազատության հրապարակում հավաքված ցուցարարների վրա, դաժան կերպով ցրեցին բողոքարարներին, որոնց թիվը, ըստ հաղորդվող տվյալների, կազմում էր 700-1000 մարդ։ Ականատեսների վկայությամբ իշխանական ուժերը զենքեր և նռնակներ էին տեղադրել քնած բողոքարարների արանքում, իսկ հետո պնդելով, որ կանխում են պետական հեղաշրջման փորձ, գրոհել էին ժողովուրդի վրա։ Ոստիկանությունն անցել էր մահակների ու էլեկտրական հարված հասցնող սարքերի կիրառման։ Ցուցարարներից ոմանք ոստիկանների հարձակման պահին կարողացան փախչել։ Տասնյակ անձինք ստացան ծանր վնասվածքներ. ավելի քան 100-ը ձերբակալվեցին։ Վկաներից մեկը Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությանը հայտնել էր, որ հրապարակում իրենց երկու կողմից մոտեցել են սաղավարտներով, պլաստիկ վահաններով և ռետինե մահակներով զինված ոստիկանության հատուկ ջոկատներ։ Վերջիններս, ըստ ականատեսների, առանց նախազգուշացման սկսել են ցանել ջուր ու իրենց ռետինե մահակներով ու էլեկտրական հարված հասցնող սարքերով հարձակվել ցուցարարների վրա։ Արդեն ժամը 11։00-ին մոտ Ազատության հրապարակն ամբողջությամբ շրջափակված էր ոստիկանների կողմից. տարածքը թափոններից ու արյան հետքերից մաքրելու համար օգտագործվում էին ջրի մեծ տակառներ (միևնույն ժամանակ, ոստիկանության հատուկ զորրքերը անում էին ամեն ինչ՝ անցորդներին տարածքը լուսանկարել թույլ չտալու համար)։ Կարապի լճի սրճարանը չորս կողմից փակել էին վրանի քաթանով, որպեսզի տեսանելի չլինի՝ ինչ է կատարվում ներսում։ Ըստ շրջանառվող լուրերի՝ ցուցարարներին ֆիզիկական բռնության ենթարկելու համար Հայաստան էին բերվել Արցախի Պաշտպանության բանակի զորքեր, քանի որ Երևանի ոստիկանությունը դժկամություն էր հայտնել նման գործողությունների դիմելու հրահանգին։

Ժամը 11։30-ի սահմաններում Ազատության հրապարակից մինչև Հյուսիսային պողոտա, այնուհետև՝ դեպի Ֆրանսիայի դեսպանատուն շարժվեցին շուրջ 1000 խաղաղ ցուցարարներ։ Ցուցարարներից Հրազդան քաղաքի բնակիչ Սարո Վահանի Կոստանյանը, շրջանառվող լուրերի համաձայն, ոստիկանների դաժան ծեծից կորցրել է աչքի տեսողությունը։ 1։30-ին մոտ տարածք բերվեց ոստիկանության զրահապատված անվասայլակը, որի շուրջ հավաքվեց ահագնացող ժողովուրդը։ Ժամը 2-ին մոտ հրապարակում հավաքված բազմությունը շուրջ 150,000-ով գերազանցում էր նախորդ օրերին հավաքված բազմությանը։ Ոստիկանության հատուկ ծառայողների թիվը գերազանցել էր 3000-ը։

Ժամը 15։00-ին հրապարակ է գալիս Նիկոլ Փաշինյանը։ Նա կոչ է անում բարիկադներ ստեղծել և զինվել տարբեր առարկաներով։

Ժամը 21։00-ին ոստիկանները սկսեցին օդ կրակել ահաբեկելով ցուցարարներին։ Ցուցարարները ունենում են առաջխաղացում Մաշտոցի պողոտայում։

Ոստիկանները դիրքավորվել են Վազգեն Սարգսյան փողոցում (ՀՀ ԱԳՆ շենքի մոտ)։

Ժամը 21։45 ոստիկանները սկսում են գրոհը, սակայն հասնելով Մաշտոց-Լուսավորիչ խաչմերուկին չեն կարողանում առաջ շարժվել։ Զորքը կրկին նահանջում է և տեղակայվում Լեո փողոցում։

Ժամը 22։30-ին Ռոբերտ Քոչարյանը հայտարարում է արտակարգ դրություն։

Մարտի 2-ին ժամը 2։45-ի սահմաններում Լևոն Տեր-Պետրոսյանը կոչ է անում հեռանալ Դեսպանատներին հարող տարածքից։

Հրապարակը դատարկվում է ժամը 3։00-ին։

Միջազգային արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Human Rights Watch-ը դատապարտել է հայկական իշխանություններին խաղաղ ցուցարարների դեմ ուժի և բռնության օգտագործման համար[5], ովքեր գտնվում էին վրանային ճամբարում, Ազատության հրապարակում։

Մարտի 1-ի գործ[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թ.-ին Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո, մարտի 1-ի գործը քննության նոր թափ ստաացավ։ Մասնավորապես մեղադրանք առաջադրվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, նախկին պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանին և ՀՀ նախկին գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովին։ Հատուկ քննչական ծառայության առաջադրած մեղադրանքները վերաբերում էին նախնական պայմանավորվածությամբ սահմանադրական կարգը տապալելուն, իշխանությունը բռնի զավթելուն։ Մարտի 1-ի գործով մեղադրանքներ են առաջադրվել նաև այլ նախկին պաշտոնյաների` մասնավորապես, նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանին, նախկին քննչական խմբի ղեկավար Վահագն Դավթյանին։

Աղմկահարույց գաղտնալսումը[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թ.-ի սեպտեմբերի 11-ին համացանցում հայտնվեց գաղտնալսման տեսագրություն, որտեղ ԱԱԾ և ՀՔԾ պետերը հեռախոսով քննարկում են մարտի 1-ի գործին վերաբերող հարցեր, հեռախոսազրույցում նրանք քննարկում էին Ռոբերտ Քոչարյանին և Յուրի Խաչատուրովին կալանավորելու որոշումը։ Գաղտնալսումը մեծ արձագանք ստացավ մամուլում և հասարակության մեջ, տարբեր քաղաքական շրջանակների կողմից կատարվածը հակասական գնահատականներ էր ստանում։ Նույն օրը ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը հանդես եկան մամուլի ասուլիսով, հաստատեցին կատարվածի փաստացի լինելը։ Ուժային կառույցների ղեկավարները այն բնութագրեցին «մարտի 1-ի գործի բացահայտմանը խոչնդոտելուն ուղղված քայլ», նրանք հանդես եկան նոր բացահայտումներով և հանրությանը ներկայացրին նոր փաստեր։ ԱԱԾ և ՀՔԾ պետերի հեռախոսային խոսակցության գաղտնալսումը մեծ դժգոհության առիթ դարձավ, Այդ գաղտնալսումից 3 ամիս անց համացանցում հայտնվեց նոր գաղտնալսում` վարչապետ Փաշինյանի, Արթուր Վանեցյանի և Սասուն Խաչատրյանի մասնակցությամբ, այն ստացավ «գաղտնալսում համար 2 անվանումը»։ -->

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Հայաստանի Ազգային ժողովի որոշում, Պ-433-24.01.2014-ՊԻ-011/0
  2. «Մարտի 1-ի 10-ը զոհերը | Epress.am». Epress.am. 2014 թ․ մարտի 1. Վերցված է 2018 թ․ մայիսի 26-ին.
  3. Հայաստանի նախագահի հրամանագիրն արտակարգ դրություն սահմանելու մասին, 2008 թվականի մարտ 1, ՆՀ-35-Ն
  4. ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆ
  5. 2008 Human Rights Report: Armenia Bureau of Democracy, Human Rights, and Labor 2008 Country Reports on Human Rights Practices. February 25, 2009.(անգլերեն)