Jump to content

Հայաստանի Հանրապետության նախագահ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է ՀՀ նախագահից)
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Հայաստանի նախագահի դրոշը
այլ=
այլ=
Պաշտոնավարում է՝
Վահագն Խաչատուրյան
ՏիտղոսՊարոն Նախագահ
(ոչ պաշտոնական)
Մեծարգո
(պաշտոնական)
ՆստավայրՀՀ Նախագահի նստավայր
Պաշտոնավարման ժամկետՅոթ տարի
Առանց վերընտրվելու վերընտրվելու հնարավորությամբ
Անդրանիկ պաշտոնավարԼևոն Տեր-Պետրոսյան
ՁևավորումՀայաստանի Սահմանադրություն
1991 նոյեմբերի 11
Աշխատավարձ15 873 600 դրամ
Կայքpresident.am

Հայաստանի Հանրապետության նախագահը պետության գլուխն է։ Հանրապետության նախագահը հետևում է Սահմանադրության պահպանմանը, ապահովում է օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բնականոն գործունեությունը։ Հանրապետության նախագահը Հայաստանի Հանրապետության անկախության, տարածքային ամբողջականության և անվտանգության երաշխավորն է։

Հանրապետության նախագահն անձեռնմխելի է։ Հանրապետության նախագահն իր լիազորությունների ժամկետում և դրանից հետո չի կարող հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել իր կարգավիճակից բխող գործողությունների համար։ Իր կարգավիճակի հետ չկապված գործողությունների համար Հանրապետության նախագահը կարող է պատասխանատվության ենթարկվել իր լիազորությունների ավարտից հետո։

Նախագահի պաշտոնը 2022 թվականի մարտի 13-ից զբաղեցնում է Վահագն Խաչատուրյանը[1]։

Հայաստանի նախագահներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

     Նախագահի պաշտոնակատար
     Առաջադրվել է Հայաստանի հանրապետական կուսակցության կողմից
     Առաջադրվել է Քաղաքացիական պայմանագիր կուսակցության կողմից

Հ/Հ Նախագահը Լուսանկարը Պաշտոնավարման ժամկետը Պաշտոնավարման տևողությունը Կուսակցական պատկանելությունը
1 Լևոն Տեր-Պետրոսյան
11 նոյեմբերի 1991 11 նոյեմբերի 1996 2278 օր Հայ ազգային կոնգրես
Հայոց համազգային շարժում (1988 - 2013)
11 նոյեմբերի 1996 4 փետրվարի 1998[Ն 1]
2 Ռոբերտ Քոչարյան
(1998 թվականի փետրվարի 4-ից
ապրիլի 9-ը՝ ՀՀ Նախագահի պաշտոնակատար)
4 փետրվարի 1998 9 ապրիլի 1998 64 օր Անկուսակցական
9 ապրիլի 1998 9 ապրիլի 2003 3653 օր
9 ապրիլի 2003 9 ապրիլի 2008
3 Սերժ Սարգսյան 9 ապրիլի 2008 9 ապրիլի 2013 3652 օր Հայաստանի հանրապետական կուսակցության
նախագահ
9 ապրիլի 2013 9 ապրիլի 2018
4 Արմեն Սարգսյան 9 ապրիլի 2018 23 հունվարի 2022[Ն 2] 1385 օր Անկուսակցական
- Ալեն Սիմոնյան (ՀՀ Նախագահի պաշտոնակատար) 23 հունվարի 2022 13 մարտի 2022 49 օր Քաղաքացիական պայմանագիր
5 Վահագն Խաչատուրյան 13 մարտի 2022 մինչ օրս - Անկուսակցական

ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի համաձայն, Հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում մինչև նորընտիր Նախագահի կողմից պաշտոնի ստանձնումը նրա պարտականությունները կատարում է Ազգային ժողովի նախագահը, իսկ եթե դա հնարավոր չէ՝ վարչապետը։

Ժամանակային սանդղակ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վահագն ԽաչատուրյանԱլեն ՍիմոնյանԱրմեն ՍարգսյանՍերժ ՍարգսյանՌոբերտ ՔոչարյանԼևոն Տեր-Պետրոսյան

Պաշտոնի հիմնադրում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պաշտոնը հիմնադրվել է ՀՀ Գերագույն խորհրդի 1991 թվականի հունիսի 21-ի որոշմամբ՝ սահմանելով, որ ընտրությունները Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ընդհանուր, հավասար և ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա գաղտնի քվեարկությամբ կանցկացվեն մինչև 1991 թվականի դեկտեմբերի 31-ը։ ՀՀ Գերագույն խորհրդի 1991 թ. հունիսի 25-ի որոշմամբ Հայաստանի Հանրապետության պրեզիդենտի ընտրությունները նշանակվեցին 1991 թվականի հոկտեմբերի 16-ին, չորեքշաբթի օրը։

Ընտրության կարգ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտրության կարգ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանրապետության Նախագահն ընտրվում է Ազգային ժողովի կողմից՝ յոթ տարի ժամկետով։ Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրելու իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը։ Առաջին փուլում Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որը ստացել է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք քառորդը։ Եթե առաջին փուլում Հանրապետության նախագահ չի ընտրվում, ապա անցկացվում է ընտրության երկրորդ փուլ, որին կարող են մասնակցել առաջին փուլին մասնակցած բոլոր թեկնածուները։ Երկրորդ փուլում Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որը ստացել է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդը։ Եթե երկրորդ փուլում ևս Հանրապետության նախագահ չի ընտրվում, ապա անցկացվում է ընտրության երրորդ փուլ, որին կարող են մասնակցել երկրորդ փուլում առավել ձայներ ստացած երկու թեկնածուները։ Երրորդ փուլում Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որը ստանում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը։ Եթե երրորդ փուլում էլ Հանրապետության նախագահ չի ընտրվում, ապա տասնօրյա ժամկետում անցկացվում է Հանրապետության նախագահի նոր ընտրություն։

2018 թ. ընտրությունների հետ կապված արված է վերապահում՝ Հանրապետության նախագահի ընտրության երրորդ փուլում Հանրապետության նախագահ է ընտրվում առավել ձայներ ստացած թեկնածուն։

Ընտրության կարգը մինչև 2015 թ. սահմանադրային փոփոխություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանրապետության Նախագահն ընտրվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից՝ հինգ տարի ժամկետով։ Հանրապետության Նախագահ կարող է ընտրվել երեսունհինգ տարին լրացած, վերջին տասը տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, այլ պետության քաղաքացիություն չունեցող, վերջին տասը տարում Հանրապետությունում մշտապես բնակվող և ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք։ Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել Հանրապետության նախագահի պաշտոնում։

Հանրապետության Նախագահն ընտրվում է Սահմանադրությամբ և օրենքով սահմանված կարգով։ Հանրապետության նախագահի ընտրությունը անցկացվում է նրա լիազորությունների ավարտից հիսուն օր առաջ։ Հանրապետության Նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որին կողմ է քվեարկել բոլոր թեկնածուներին կողմ քվեարկած ընտրողների թվի կեսից ավելին։ Եթե քվեարկվել է երկուսից ավելի թեկնածու, և նրանցից ոչ մեկին կողմ չեն քվեարկել անհրաժեշտ թվով ընտրողներ, ապա քվեարկությունից հետո՝ տասնչորսերորդ օրը, անցկացվում է Հանրապետության Նախագահի ընտրության երկրորդ փուլ։ Հանրապետության Նախագահի ընտրության երկրորդ փուլին կարող են մասնակցել այն երկու թեկնածուները, որոնց կողմ են քվեարկել առավել թվով ընտրողներ։ Երկրորդ փուլում Հանրապետության Նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որին կողմ են քվեարկել առավել թվով ընտրողներ։ Մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում նա ընտրվում է, եթե կողմ է քվեարկել քվեարկության մասնակիցների կեսից ավելին։

Եթե Հանրապետության Նախագահ չի ընտրվում, ապա նշանակվում է նոր ընտրություն, իսկ քվեարկությունն անցկացվում է նոր ընտրություն նշանակվելուց հետո՝ քառասուներորդ օրը։

Հանրապետության Նախագահն իր պաշտոնն ստանձնում է Հանրապետության նախորդ Նախագահի լիազորությունների ավարտման օրը։ Նոր կամ արտահերթ ընտրության միջոցով ընտրված Հանրապետության Նախագահը պաշտոնն ստանձնում է ընտրությունից հետո՝ քսաներորդ օրը։

Հանրապետության Նախագահի թեկնածուներից մեկի համար անհաղթահարելի խոչընդոտներ առաջանալու դեպքում Հանրապետության Նախագահի ընտրությունը հետաձգվում է երկշաբաթյա ժամկետով։ Անհաղթահարելի ճանաչված խոչընդոտները չվերանալու դեպքում նշանակվում է նոր ընտրություն, իսկ քվեարկությունն անցկացվում է նշված երկշաբաթյա ժամկետը լրանալուց հետո՝ քառասուներորդ օրը։ Մինչև քվեարկության օրը թեկնածուներից մեկի մահվան դեպքում նշանակվում է նոր ընտրություն, իսկ քվեարկությունն անցկացվում է նոր ընտրություն նշանակելուց հետո՝ քառասուներորդ օրը։

Հանրապետության Նախագահի հրաժարականի, մահվան, լիազորությունների կատարման անհնարինության կամ նրան պաշտոնանկ անելու դեպքերում նշանակվում է Հանրապետության Նախագահի արտահերթ ընտրություն, իսկ քվեարկությունն անցկացվում է Հանրապետության Նախագահի պաշտոնը թափուր մնալուց հետո՝ քառասուներորդ օրը։

Ռազմական և արտակարգ դրության ժամանակ Հանրապետության Նախագահի ընտրություն չի անցկացվում, իսկ Հանրապետության Նախագահը շարունակում է իր լիազորությունների իրականացումը։ Այս դեպքում ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո՝ քառասուներորդ օրը, անցկացվում է Հանրապետության Նախագահի ընտրություն։

Երդմնակալություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանրապետության Նախագահը պաշտոնն ստանձնում է օրենքով սահմանված կարգով՝ Ազգային ժողովի հատուկ նիստում, ժողովրդին տրված հետևյալ երդմամբ. «Ստանձնելով Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնը՝ երդվում եմ. անվերապահորեն կատարել Սահմանադրության պահանջները՝ հարգել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, ապահովել Հանրապետության անկախությունը, տարածքային ամբողջականությունը և անվտանգությունը՝ ի փառս Հայաստանի Հանրապետության և ի բարօրություն Հայաստանի Հանրապետության ժողովրդի։»։

Լիազորություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թ. ընդունված սահմանադրային փոփոխությունները ընդգրկում են նաև ՀՀ նախագահի լիազորություննրի փոփոխություն։ [1]

Հետևյալ լիազորությունները սահմանված էին ՀՀ սահմանադրությամբ մնիչև 2015 թ. փոփոխությունները և ուժի մեջ են մնում մինչև 2018 ՀՀ նախագահի ընտրություններ 2018։

Հանրապետության Նախագահը՝

  1. ուղերձով դիմում է ժողովրդին և Ազգային ժողովին.
  2. Ազգային ժողովի ընդունած օրենքն ստանալուց հետո՝ քսանմեկօրյա ժամկետում, ստորագրում և հրապարակում է այն։ Այդ ժամկետում կարող է Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքն առարկություններով, առաջարկություններով վերադարձնել Ազգային ժողով՝ պահանջելով նոր քննարկում։ Հնգօրյա ժամկետում ստորագրում և հրապարակում է Ազգային ժողովի կողմից վերստին ընդունված օրենքը.
  3. Արձակում է Ազգային ժողովը և նշանակում արտահերթ ընտրություն, եթե Ազգային ժողովը երկու անգամ անընդմեջ երկու ամսվա ընթացքում հավանություն չի տալիս կառավարության ծրագրին։
    Հանրապետության Նախագահը Ազգային ժողովի նախագահի կամ վարչապետի առաջարկությամբ կարող է արձակել Ազգային ժողովը, եթե՝
    • Ազգային ժողովը հերթական նստաշրջանի երեք ամսվա ընթացքում որոշում չի կայացնում կառավարության որոշմամբ անհետաձգելի համարվող օրենքի նախագծի վերաբերյալ.
    • հերթական նստաշրջանի ընթացքում Ազգային ժողովի նիստերը երեք ամսից ավելի չեն գումարվում.
    • հերթական նստաշրջանի ընթացքում Ազգային ժողովը երեք ամսից ավելի իր կողմից քննարկվող հարցերի վերաբերյալ որևէ որոշում չի կայացնում։
  4. Ազգային ժողովում պատգամավորական տեղերի բաշխման և պատգամավորական խմբակցությունների հետ խորհրդակցությունների հիման վրա վարչապետ է նշանակում պատգամավորների մեծամասնության վստահությունը վայելող անձին, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա առավել թվով պատգամավորների վստահությունը վայելող անձին։ Հանրապետության Նախագահը վարչապետ է նշանակում կառավարության հրաժարականի ընդունումից հետո՝ տասնօրյա ժամկետում։ Կառավարությունը կազմավորվում է վարչապետի նշանակումից հետո՝ քսանօրյա ժամկետում։ Հանրապետության Նախագահը վարչապետի առաջարկությամբ նշանակում և ազատում է կառավարության անդամներին։
    Հանրապետության Նախագահն ընդունում է կառավարության հրաժարականը նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստի, Հանրապետության Նախագահի կողմից իր պաշտոնն ստանձնելու, կառավարությանն անվստահություն հայտնվելու, կառավարության ծրագրին հավանություն չտալու, վարչապետի կողմից հրաժարական ներկայացվելու կամ վարչապետի պաշտոնը թափուր մնալու օրը։ Հանրապետության Նախագահի կողմից կառավարության հրաժարականի ընդունումից հետո կառավարության անդամները շարունակում են իրենց պարտականությունների կատարումը մինչև նոր կառավարության կազմավորումը.
  5. օրենքով նախատեսված դեպքերում նշանակումներ է կատարում պետական պաշտոններում.
  6. կազմավորում է ազգային անվտանգության խորհուրդ և նախագահում այն, կարող է կազմավորել խորհրդակցական այլ մարմիններ.
  7. ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունը միջազգային հարաբերություններում, իրականացնում է արտաքին քաղաքականության ընդհանուր ղեկավարումը, կնքում է միջազգային պայմանագրեր, Ազգային ժողովի վավերացմանը, կասեցմանը կամ չեղյալ հայտարարմանն է ներկայացնում միջազգային պայմանագրեր և ստորագրում դրանց վավերագրերը, հաստատում, կասեցնում կամ չեղյալ է հայտարարում վավերացում չպահանջող միջազգային պայմանագրերը.
  8. նշանակում և հետ է կանչում օտարերկրյա պետություններում և միջազգային կազմակերպություններին առընթեր Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչներին, ընդունում է օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների դիվանագիտական ներկայացուցիչների հավատարմագրերը և հետկանչագրերը.
  9. Ազգային ժողովին է առաջարկում գլխավոր դատախազի, կենտրոնական բանկի նախագահի և վերահսկիչ պալատի նախագահի թեկնածությունները։ Գլխավոր դատախազի առաջարկությամբ նշանակում և ազատում է գլխավոր դատախազի տեղակալներին։ Օրենքով սահմանված դեպքերում կարող է առաջարկել Ազգային ժողովին պաշտոնանկ անել գլխավոր դատախազին, կենտրոնական բանկի նախագահին, վերահսկիչ պալատի նախագահին։
  10. նշանակում է սահմանադրական դատարանի չորս անդամ, իսկ Ազգային ժողովի կողմից Սահմանադրության 83-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված ժամկետում սահմանադրական դատարանի նախագահ չնշանակելու դեպքում՝ սահմանադրական դատարանի կազմից սահմանադրական դատարանի նախագահ։
    Սահմանադրական դատարանի եզրակացության հիման վրա կարող է դադարեցնել սահմանադրական դատարանի՝ իր նշանակած անդամի լիազորությունները կամ համաձայնություն տալ նրան որպես մեղադրյալ ներգրավելու, կալանավորելու կամ նրա նկատմամբ դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու հարց հարուցելու վերաբերյալ.
  11. արդարադատության խորհրդի առաջարկությամբ նշանակում է վճռաբեկ դատարանի և նրա պալատների նախագահներին և դատավորներին, վերաքննիչ, առաջին ատյանի և մասնագիտացված դատարանների նախագահներին, դադարեցնում է նրանց լիազորությունները, համաձայնություն է տալիս նրանց՝ որպես մեղադրյալ ներգրավելու, կալանավորելու կամ նրանց նկատմամբ դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու հարց հարուցելու վերաբերյալ, արդարադատության խորհրդի եզրակացությամբ նշանակում է վերաքննիչ, առաջին ատյանի և մասնագիտացված դատարանների դատավորներին.
  12. նշանակում է արդարադատության խորհրդի երկու իրավաբան գիտնական անդամներ.
  13. զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն է, համակարգում է պետական մարմինների գործունեությունը պաշտպանության բնագավառում, նշանակում և ազատում է զինված ուժերի և այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմը.
  14. Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարվելու դեպքերում հայտարարում է ռազմական դրություն և կարող է հայտարարել ընդհանուր կամ մասնակի զորահավաք և որոշում է ընդունում զինված ուժերի օգտագործման մասին։
    Պատերազմի ժամանակ Հանրապետության Նախագահը կարող է նշանակել և ազատել զինված ուժերի գլխավոր հրամանատարին։
  15. սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում, խորհրդակցելով Ազգային ժողովի նախագահի և վարչապետի հետ, հայտարարում է արտակարգ դրություն, իրականացնում է իրավիճակից թելադրվող միջոցառումներ և այդ մասին ուղերձով դիմում է ժողովրդին։
  16. օրենքով սահմանված կարգով լուծում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիության և քաղաքական ապաստան տալու հետ կապված հարցերը.
  17. պարգևատրում է Հայաստանի Հանրապետության շքանշաններով և մեդալներով, շնորհում բարձրագույն զինվորական և պատվավոր կոչումներ, բարձրագույն դիվանագիտական և այլ դասային աստիճաններ.
  18. ներում է շնորհում դատապարտյալներին.
  19. օրենքով սահմանված կարգով ձևավորում է իր աշխատակազմը.
  20. նշանակում է Ազգային ժողովի ընտրությունները.
  21. կարող է առաջարկել Ազգային ժողովի Նախագահին հրավիրել Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան կամ նիստ.
  22. կարող է առաջարկել Ազգային ժողովին հայտարարել համաներում.
  23. կարող է առաջարկել Ազգային ժողովին որոշում ընդունել պատերազմ հայտարարելու և խաղաղություն հաստատելու մասին։ Ազգային ժողովի նիստ գումարելու անհնարինության դեպքում լուծում է պատերազմ հայտարարելու հարցը.
  24. կարող է առաջարկել Ազգային ժողովին անվստահություն հայտնել Կառավարությանը.
  25. օրենքով սահմանված կարգով նշանակում է Հեռուստատեսության և ռադիոյի Ազգային հանձնաժողովի չորս անդամ.
  26. կարող է վարչապետի առաջարկությամբ նախարարներից մեկին նշանակել փոխվարչապետ.
  27. կարող է մեկ ամիս ժամկետով կասեցնել Կառավարության որոշման գործողությունը և դիմել Սահմանադրական դատարան՝ Սահմանադրությանը դրանց համապատասխանության հարցը պարզելու համար.
  28. վարչապետի ներկայացմամբ սահմանում է Կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգը.
  29. կարող է հրավիրել և վարել կառավարության նիստ արտաքին քաղաքականության, պաշտպանության և ազգային անվտանգության հարցերով.
  30. վավերացնում է մարզպետներ նշանակելու և ազատելու մասին կառավարության որոշումները.
  31. կարող է Ազգային ժողովին ներկայացնել Սահմանադրության փոփոխությունների նախագիծ.
  32. Սահմանադրության 111-րդ և 112-րդ հոդվածներով և «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքով նախատեսված դեպքերում նշանակում է հանրաքվե։

Նախագահի կողմից հրապարակվող իրավական ակտեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանրապետության Նախագահը հրապարակում է հրամանագրեր և կարգադրություններ, որոնք չեն կարող հակասել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենքներին ու ենթակա են կատարման Հանրապետության ամբողջ տարածքում։

Լիազորությունների դադարեցում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանրապետության նախագահի լիազորությունները դադարեցվում են նրա հրաժարականի, մահվան, լիազորությունների կատարման անհնարինության կամ նրան պաշտոնանկ անելու դեպքում։

Հանրապետության Նախագահն իր հրաժարականը ներկայացնում է Ազգային ժողով։ Հրաժարականը ներկայացնելուց հետո՝ տասնօրյա ժամկետը լրանալուն պես, երկօրյա ժամկետում հրաժարականը կրկին ներկայացնելու դեպքում Հանրապետության Նախագահի հրաժարականը համարվում է ընդունված, և Սահմանադրությամբ սահմանված կարգով ու ժամկետներում անցկացվում է արտահերթ ընտրություն։

Հանրապետության Նախագահը կարող է պաշտոնանկ արվել պետական դավաճանության կամ այլ ծանր հանցագործության համար։ Հանրապետության Նախագահին պաշտոնանկ անելու հարցի մասին եզրակացություն ստանալու համար Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ դիմում է սահմանադրական դատարան։ Հանրապետության Նախագահին պաշտոնանկ անելու մասին որոշումը սահմանադրական դատարանի եզրակացության հիման վրա կայացնում է Ազգային ժողովը՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով։ Եթե սահմանադրական դատարանի եզրակացությամբ Հանրապետության Նախագահին պաշտոնանկ անելու հիմքերը բացակայում են, ապա հարցը հանվում է Ազգային ժողովի քննարկումից։

Հանրապետության Նախագահի ծանր հիվանդության կամ նրա լիազորությունների կատարման համար այլ անհաղթահարելի խոչընդոտների առկայության դեպքերում, որոնք տևականորեն անհնարին են դարձնում նրա լիազորությունների կատարումը, Ազգային ժողովը կառավարության առաջարկով և սահմանադրական դատարանի եզրակացության հիման վրա պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով որոշում է ընդունում Հանրապետության Նախագահի՝ իր լիազորությունների կատարման անհնարինության մասին։ Եթե սահմանադրական դատարանի եզրակացությամբ Հանրապետության Նախագահի լիազորությունների կատարման անհնարինության հիմքերը բացակայում են, ապա կառավարությունը չի կարող նման առաջարկով դիմել Ազգային ժողով։

Նախագահի աշխատակազմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախագահի կազմավորած խորհրդակցական մարմիններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի Սահմանադրության 55-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն կազմավորված մարմիններն են՝

  • Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության խորհուրդ
  • Հայաստանի Հանրապետության Հանրային խորհուրդ
  • Հայաստանի Հանրապետության Նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհուրդ
  • Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր քաղաքացիության հարցերի հանձնաժողով
  • Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողով
  • Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողով
  • Հայկական տպագրության հիմնադրման 500-ամյակի միջոցառումները նախապատրաստող պետական հանձնաժողով
  • Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի հիմնադրման 70-ամյակի տոնակատարության միջոցառումների հանձնաժողով
  1. Հրաժարական է ներկայացրել
  2. Հրաժարական է ներկայացրել
  1. «Վահագն Խաչատուրյանը` Հայաստանի հինգերորդ նախագահ». Hetq.am. Վերցված է 2022 թ․ մարտի 17-ին.