* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:
Ֆրանչեսկո Տոլդո (իտալ.՝ Francesco Toldo, դեկտեմբերի 2, 1971(1971-12-02)[1][2][3], Պադովա, Վենետո, Իտալիա), իտալացի նախկին ֆուտբոլիստ, հանդես է եկել դարպասապահի գոտում։ Առավել հայտնի է «Ֆիորենտինայում» և «Ինտերում» իր մրցելույթներով, որտեղ անցկացրել է 17 մրցաշրջան (8-ը «Ֆիորենտինայի» և 9-ը «Ինտերի» կազմում) և նվաճել է 15 գավաթ։ Որպես Իտալիայի հավաքականի դարպասապահ հանդես է եկել 5 մրցաշարերում, բայց որպես առաջին համար փառավորվել է Եվրո 2000-ի ժամանակ, որի արդյունքներով իտալացիները դարձել են արծաթե մեդալակիր։ Ըստ ֆուտբոլային քննադատների համարվում է 1990-ականների վերջի և 2000-ականների սկզբի իտալական և համաշխարհային ֆուտբոլի լավագույն դարպասապահներից մեկը[4][5]։
Ֆրանչեսկո Տոլդոն ծնվել է 1971 թվականի դեկտեմբերի 2-ին Պադովայում։ Հայրը ծխախոտային գործարանում էր աշխատում և քիչ էր վաստակում[6]։ Ֆրանչեսկոն ֆուտբոլով սկսել է զբաղվել «Կազելլեյում», մինչ դարպասապահի գոտում խաղալու վերջնական որոշում կայացնելը հանդես է եկել տարբեր դիրքերում[7]։ Ֆրանչեսկոյի առաջին վաստակած գումարները չնչին էին․ դեռ 14 տարեկան հասակում Ֆրանչեսկոն որպես մատուցող աշխատանքի է ընդունվել և երկար ժամանակ գումար է հավաքել որպեսզի այն բավականացնի շապիկ գնելու համար։ Ֆուտբոլը նրա համար նախասիրություն էր[6]։ Պադովայից հեռանալուց հետո մարզումները շարունակել է Մոնտեբելլունա ակումբի կազմում՝ Ջանկարլո Կապորելլոյի գլխավորությամբ։ Ըստ Ֆրանչեսկոյի հիշողությունների Կապորելլոն խենթ բայց խանդավառությամբ լի մարզիչ էր․ դարպասապահի գոտու հավակնորդներին հերթով կանգնեցրել է դարպասի առաջ և երեք մետր հեռավորությունից հարվածներ է կատարել։ Նրանց՝ ում հաջողվել է հետ մղել հարվածները իրենց տեղն են գտել մարչական խմբում[8]։ Դարպասապահի մարզումները մասնակիցներից պահանջում էր ֆիզիկական և մտավոր պատրաստվածություն․ 14 տարեկան հասակում Տոլդոն բավականին մեծ ծնկներ ուներ, ինչը բարդացնում էր հարվածի դեպքում անվնաս դաշտին ընկնելու տեխնիկայի ընկալումը[6]։
1988 թվականից ընդգրկվել է «Միլանի» կազմում։ Վերջինիս հիմանական կազմում չի ացնկացրել գեթ մեկ հանդիպում։ Քիչ հետո Տոլդոն վարձակալական հիմունքներով հանդես է եկել տարբեր ակումբներում։ 1990/1991 մրցաշրջանում ընդգրկվել է Սերիա B-ում հանդես եկող «Հելլաս Վերոնայի» կազմում, սակայն երրորդ դարպասապահի պաշտոնից վերև բարձրանալ նրան չի հաջողվել[6]։ Ավելի ուշ խաղացել է Սերիա C2-ում հանդես եկող «Տրենտո» և «Ռավեննա» ակումբների կազմում, վերջինիս հետ 1992/1993 մրցաշրջանում դարձել է Սերիա C1-ի չեմպիոն[9]։ Պրոֆեսիոնալ կարիերան սկսելուց հետո Տոլդոն իր ողջ աշխատավարձը փոխանցել է հորը․ ըստ իր հուշերի, իր ընտանիքը երկար ժամանակ հավաքում էր 10000 լիրա՝ ավտոմեքենա գնելու նպատակով։ Նույնիսկ «Ռավեննա» տեխափոխվելուց հետո, չնայած խաղացողների աճող աշխատավարձին, Տոլդոն իր ընտանիքի ֆինանսական ապահովությունը առաջնային էր դասում բոլոր առաջնահերթություններից[6]։
1993-2001 թվականներին Տոլդոն հանդես է եկել «Ֆիորենտինայում», վերջինիս կազմում 8 մրցաշրջանի ընթացքում զբաղեցրել է հիմնական դարպասապահի պաշտոնը։ Մինչ 1993/1994 մրցաշրջանի ավարտը խաղացել է վարձակալական հիմունքներով, որից հետո «մանուշակները» գնել են նրա ամբողջական տրանսֆերը[10][11]։ Իր նորամուտի մրցաշրջանում օգնել է իր թիմին դառնալ Սերիա B-ի չեմպիոն և նվաճել Սերիա A-ի ուղեգիր։ 1995 թվականի մարտի 5-ին Հռոմի Օլիմպիական մարզադաշտում «Լացիոյի» դեմ կայացած հանդիպման ժամանակ սեփական դարպասը ընդունելով 8 գնդակ դարձել է սեփական հակառեկորդի հեղինակ[9]։
Տոլդոյի տրանսֆերի վերջնական գնումը տեղի է ունեցել 1995 թվականին՝ 4 մլրդ․ իտալական լիրայի դիմաց[12]։ Տոլդոյի մեծ ներդրման շնորհիվ «Ֆիորենտինան» 1995/1996 մրցաշրջանում դարձել է Սերիա A-ի բրոնզե մեդալակիր, Իտալիայի գավաթակիր (թիմի կազմում իր առաջին գավաթը) և Իտալիայի սուպերգավաթակիր[13]։ «Մանուշակների» կազմում հասել է մինչև Գավաթակիրների գավաթի կիսաեզրափակիչ[9]։ 1999/2000 մրցաշրջանում Ֆրանչեսկո Տոլդոն իր նորամուտն է նշել Չեմպիոնների լիգայում․ 1999 թվականի սեպտեմբերի 14-ին խմբային փուլի «Արսենալի» դեմ կայացած առաջին իսկ խաղում Տոլդոն հետ է մղել Նվանկվո Կանուի 11 մետր նշանակետից կատարած հարվածը այդպես օգնելով իր թիմին զրոյական ոչ-ոքիի արդյունքում վաստակել 1 միավոր[14]։ Հոկտեմբերի 27-ին կայացած պատասխան հանդիպման ժամանակ մանուշակները Գաբրիել Բատիստուտայի խփած միակ գոլի շնորհիվ 1։ 0 հաշվով հաղթանակ են տարել զինագործների նկատմամբ իսկ Տոլդոն կրկին փրկել է իր թիմին՝ հետ մղելով Կանուի կատարած վտանգավոր հարվածը և որը Տոլդոյի կարծիքով իր ողջ կարիերայի լավագույն սեյվն էր[15]։ 2000 թվականի արդյունքներով Եվրոպայի փոխչեմպիոն հռչակվելուց բացի Տոլդոն արժանացել է մի շարք այլ նվաճումների[16][17]․ ճանաչվել է Սերիա A-ի անցած մրցաշրջանի լավագույն դարպասապահ, իր թեկնածությունն է առաջադրվել «Ոսկե գնդակ» մրցանակաբաշխությանը (վաստակած 7 միավորով զբաղեցրել է 14-րդ հորիզոնականը), իսկ IFFHS-ի վարկածով լավագույն դարպասապահի անվանակարգում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը[18][19]։
2000 թվականի Եվրոպայի առաջնությունից հետո դարպասապահի ծառայություններով հետաքրքրվել են մի շարք ակումբներ, ընդ որում Տոլդոն նշել է որ ամենից շատ հետաքրքրություն է դրսևորել «Բարսելոնան»[20]։ «Ֆիորենտինան» որն այդ ժամանակ ֆինանսական ճգնաժամ էր ապրում, Ֆատիհ Տերիմի գլխավորությամբ անհաջող մրցաշրջան էր անցկացրել և մտադիր էր վաճառքի հանել Ֆրանչեսկո Տոլդոյի և Ռուի Կոշտայի տրանսֆերները[21][22]։ Ռոբերտո Մանչինիի թիմի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելուց հետո 2000/2001 մրցաշրջանում Տոլդոն իր թիմի հետ դարձել է Իտալիայի գավաթակիր։ «Ֆիորնենտինան» որն արդեն մեկ տարվա ընթացքում սնանկ էր ճանաչվել 140 մլրդ իտալական լիրայի դիմաց Տոլդոյի և Կոշտայի տրանսֆերային իրավունքները վաճառել էր «Պարմային», ընդ որում Տոլդոյի դիմաց ակումբը ստացել էր 55 մլրդ լիրա (սահմանված արժույթով մոտավորապես 28,4 մլն․ եվրո)․ այդ ամենի շնորհիվ ակումբը դեռևս պահպանեց իր ֆինանսական կայունությունը[23][24]։ Այնուամենայնիվ Տոլդոն և Կոշտան հրաժարվել են տեղափոխվել «Պարմա» չնայած որ վերջինս մտադիր էր Տոլդոյին ձեռք բերել «Յուվենտուսի» հետ համաձայնության եկած Ջանլուիջի Բուֆֆոնին փոխարինելու նպատակով, նույն ինքը՝ Տոլդոն չի սպասել Բուֆֆոնի «Յուվենտուսի» հետ համաձայնության գործընթացի ավարտին և իր կարիերան շարունակելու համար ընտրել է Միլանի «Ինտերը», որտեղ նա տեղափոխվել է նույն գումարի դիմաց[24][25][26][27][28][28][29]։ Տոլդոյի մերժման արդյունքում տրանսֆերային շղթան հետևյալ կերպ է ձևավորվել․ «Ինտերից» «Պարմա» է տեղափոխվել Սեբաստիան Ֆրեյը, ում Տոլդոն փոխարինել է «Ինտերում», «Պարմայից» «Յուվենտուս» է տեղափոխվել Ջանլուիջի Բուֆֆոնը, վերջինիս հարկադրանքով Էդվին վան դեր Սարը տեղափոխվել է «Ֆուլհեմ»[30]։
Հեկտոր Կուպերի գլխավորությամբ Տոլդոն իր իսկ առաջին մրցաշրջանում աչքի է ընկել բարձր մակարդակի խաղով, իր թիմի հետ հասնելով ընդհուպ մինչև ՈւԵՖԱ-ի գավաթի կիսաեզրափակիչ և դառնալով Իտալիայի առաջնության բրոնզե մեդալակիր։ Չնայած որ մինչև վերջին պահը թիմը հավակնում էր առաջնության չեմպիոնի տիտղոսին, վերջին տուրում «Լացիոյից» կրած պարտությունը թիմին իջեցրել է 3-րդ հորիզոնական՝ առջևում թողնելով «Ռոմային» և «Յուվենտուսին»[31]։ «Ինտերում» հանդես գալու ողջ ընթացքում Տոլդոն արժանացել է երկրպագուների հարգանքին և իր պրոֆեսիոնալզմի շնորհիվ բարձր է գնահատվել։ 2002/2003 մրցաշրջանում Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի «Վալենսիայի» դեմ հանդիպումը նշանակալից էր Տոլդոյի համար․ չնայած վալենսիացիների 2։ 1 հաշվով տարած հաղթանակին, «Ինտերը» պայքարը շարունակել է կիսաեզրափակչում միայն Տոլդոյի գործադրած ջանքերի շնորհիվ, ով իր հուսալի խաղով բազում հարվածներ է հետ մղել և թույլ չի տվել իսպանական ակումբին խոշոր հաշվով հաղթանակ կորզել[32]։ Այնուամենայնիվ կիսաեզրափակչում մրցաշարի ապագա չեմպիոն «Միլանի» հետ կայացած միլանյան դերբիի արդյունքներով «Ինտերը» լքել է պայքարը[33]։ Նույն մրցաշրջանից հիշարժան է նաև Իտալիայի դերբիի շրջանակում «Յուվենտուսի» դեմ կայացած հանդիպման ժամանակ Տոլդոյի ցույց տված խաղը․ հանդիպման հաշիվը բացել է Ալեսանդրո Դել Պիեռոն՝ անվրեպ իրացնելով 11 մետրանոց հարվածը, սակայն հանդիպման վերջին րոպեներին անկյունային հարվածի խաղարկման ժամանակ Ֆրանչեսկո Տոլդոն հայտնվելով մրցակցի տուգանային հրապարակում և առաջացած խառնաշփոթ իրավիճակում արագ կողմնորոշվելով գնդակը անդրադարձի շնորհիվ ուղարկել է մրցակցի դարպասը[34][35]։ Մի շարք պաշտոնական աղբյուրներում որպես գոլի հեղինակ հիշատակվում է ոչ թե Տոլդոն՝ այլ Քրիստիան Վիերին ով անկյունայինի խաղարկման ժամանակ նույնպես հպվել է գնդակին[36]։ Նույն ինքը՝ Տոլդոն շարունակ պնդում է որ հարվածի պահին ինքն է վերջինը հպվել գնդակին այլ ոչ Վիերին[37]։ 2003 թվականի Ոսկե գնդակի մրցանակաբաշխության ժամանակ Տոլդոն նույնպես իր տեղն է գտել հավակնորդների ցուցակում (դառնալով մրցանակաբաշխության պատմության մեջ առաջադրված 14-րդ դարպասապահը) հավաքելով ընդհամենը 1 միավոր[18]։
Տոլդոն «Ինտերի» կազմում
Հեկտոր Կուպերի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալը և Ալբերտո Ձակկերոնիին նրա փոխարեն նշանակելը 2003/2004 մրրցաշրջանում «Ինտերին» տհաճություններ են պատճառել։ Տոլդոն աչքի է ընկնում ոչ արդյունավետ խաղով սակայն չնայած այդ ամենին 2003 թվականի սեպտեմբերի 17-ին Չեմպիոնների լիգայի շրջանակում «Արսենալի» դեմ կայացած հանդիպման ժամանակ (0։ 3) իրեն լավագույնս է դրսևորում հետ մղելով Թիերի Անրիի իրացրած 11 մետրանոց հարվածը և օգելով իր թիմին՝ պատմության մեջ առաջին անգամ հյուրընկալվելիս հաղթանակ տանել «զինագործների» նկատմամբ[38][39][40]։ Մրցաշրջանի արդյունքներով Տոլդոն և թիմակիցները առաջնությունում զբաղեցրել են 4-րդ հորիզոնականը, ինչը թիմին հնարավորություն է ընձեռել մասնակցելու հաջորդ մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի խաղարկությանը[41]։ 2004/2005 մրցաշրջանում Տոլդոն «Ինտերի» հետ դարձել է Իտալիայի գավաթակիր ինչպես նաև դուրս է եկել Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ, որտեղ կրկին պարտություն է կրել «Միլանից»։ 2005 թվականին թիմի հետ արժանացել է Իտալիայի սուպերգավաթին, սակայն Անգլիայում ակումբների միջև կայացած ստուգողական հանդիպումներից հետո Տոլդոն իր տեղը մեկնարկային կազմում վերջնակապես զիջել է ակումբի կազմը համալրած Ժուլիո Սեզարին[42]։ Ակումբին երկար ժամանակ չէր հաջողվում տիրանալ որևէ գավաթի, իսկ Տոլդոն կանգնել էր երկընտրության առջև․ կամ մնալ ակումբում որպես երկրորդ դարպասապահ կամ էլ լքել ակումբը[20]։ 2006 թվականի փետրվարին չնայած նրա շուրջը «Պալերմոյի» «Միլանի» և «Ֆիորնետինայի» կողմից առաջացած հետաքրքրություններին Տոլդոն իր պայմանագիրը երկարաձգել է մինչև 2009 թվականի հունիս, որի հետ մեկտեղ կարճ ժամանակահատվածում Ժուլիո Սեզարի խաղում անկում է նկատվել ինչի շնորհիվ Տոլդոն կրկին վերադարձել է մեկարկային կազմ՝ Սերիա A-ում մասնակցելով 9 հանդիպման[43]։ «Կալչիոպոլի» կոռուպցիոն սկանդալի հետ պայմանավորված իրադարձությունները (որում իրենց մասնակցությունն են ունեցել «Յուվենտուսը» և «Միլանը») և հիմնական մրցակիցների նկատմամբ պատժամիջոցները նպաստել են «Ինտերին» դառնալ առաջնության չեմպիոն, Իտալիայի գավաթակիր և սուպերգավաթակիր, ինչպես նաև երկար ժամանակով իրենց դիրքը պահպանել են առաջնության աղյուսակի վերնամասում։ «Ինտերի» չեմպիոնությունը Սերիա A-ում առաջինն էր 1989 թվականից ի վեր[44]։
2007/2008 մրցաշրջանում երրորդ անգամ դարձել Իտալիայի չեմպիոն և հասել է մինչև Իտալիայի գավաթի եզրափակիչ[45]։ 2009 թվականի ապրիլին պայմանագիրը ակումբի հետ երկարաձգել է մինչև 2011 թվականի ամառ, այդպես դառնալով Ժուլիո Սեզարի փոխարինողը[46][47]․ 2008/2009 մրցաշրջանում 3-ական հանդիպում է անցկացրել Սերիա A-ում և Իտալիայի գավաթում և ևս մեկ հանդիպում Չեմպիոնների լիգայում, 4-րդ անգամ դառնալով Իտալիայի չեմպիոն[45]։ 2009/2010 մրցաշրջանի արդյունքներով Տոլդոն արժանացել է թրեբլի, դառնալով ոչ միայն առաջնության և Իտալիայի այլ նաև Չեմպիոնների լիգայի գավաթակիր, առաջնությունում կամ Չեմպիոնների լիգայում չմասնակցելով գեթ մեկ հանդիպման[48]։
Տոլդոյի ֆիզիկական պատրաստվածությունը թույլ է տվել իրեն անցկացնել ևս մեկ մրցաշրջան սակայն չնայած այդ փաստին Տոլդոն 2010 թվականի հուլիսի 7-ին Inter Channel հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է կարիերան ավարտելու մասին[6][20]։ Պատճառներից մեկը նոր դարպասապահ Լուկա Կաստելացցիի համալրում էր ակումբի ճամբար, որը Ֆրանչեսկոյին հնարավորություն չէր ընձեռելու խաղալ գեթ մեկ հանդիպում մրցաշարերից ցանկացածում[49]։ Տոլդոն ֆուտբոլում փնտրելով նոր հորիզոններ հայտարարել է երիտասարդական ակումբների ճամբարում աշխատելու մասին[20][50]։
1993-1994 թվականներին 8 հանդիպում է անկցացրել մինչև 21 տարեկաններից կազված Իտալիայի երիտասարդական հավաքականի կազմում, իսկ իր նորամուտը նշել է 1993 թվականի սեպտեմբերի 22-ին Դանիայի դեմ կայացած (1։ 0) հաղթական հանդիպման ժամանակ։ 1993 թվականին Տոլդոն Չեզարե Մալդինիի գլխավորած Իտալիայի օլիմպիական հավաքականի հետ (Մ 23) մասնակցել է Միջերկրածովյան խաղերին անցկացնելով 4 հանդիպում։ Ըստ Տոլդոյի հուշերի, հյուսիսաաֆրիկացի խաղացողները նրա համար «մղջավանձ» էին հանդիսանում․ նրանք աննդհատ շարժման մեջ էին գտնվում և պատրաստ էին «ուտել» մրցակցին[20]։ 1994 թվականին Ֆրանսիայում կայացած Եվրոպայի երիտասարդական առաջնության ժամանակ Իտալիայի հավաքականը նույն Մալդինիի գլխավորությամբ դարձել է մրցաշարի չեմպիոն․ կիսաեզրփակչում՝ հետխաղյա 11-մետրանոցների ժամանակ Տոլդոն հետ է մղել տան տերերի կազմի խաղացող Կլոդ Մակելելեյի իրացրած 11 մետրանոց հարվածը[51]։
Իր նորամուտը «սկուադրա աձուրայի» կազմում նշել է 1995 թվականի հոկտեմբերի 8-ին Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակում Խորվաթիայի հավաքականի դեմ կայացած հանդիպման ժամանակ։ Դաշտ է դուրս եկել փոխարինելով Ջանֆրանկո Ձոլային։ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ժամանակ Տոլդոն Անգլիա է մեկնել որպես Անջելո Պերուցցիին փոխարինող[52]։ Ֆրանչեսկոն չի եղել հավաքականի հիմանական դարպասապահը՝ մշտապես մրցակցելով այնպիսի դարպասապահների հետ ինչպիսիք են՝ Ջանլուկա Պալյուկան, Անջելո Պերուցցին, Քրիստիան Աբբիատին, Լուկա Մարկեջանին, Ֆրանչեսկո Անտոնիոլին և Ջանլուիջի Բուֆֆոնը։ Այդպիսով 1998 թվականի Աշխարհի առաջնության ժամանակ եղել պահեստային խաղացող։ 2000 թվականի Եվրոպայի առաջնության նախօրեին ենթադրվում էր որ Ֆրանչեսկոն նույնիսկ չի ընդգրկվելու հավաքականի հայտացուցակում կամ լավագույն դեպքում ընդգրկվելու էր փոխարինողի կարգավիճակով[53]։
2000 թվականի հունիսի 3-ին Նորվեգիայի հավաքականի դեմ կայացած ստուգողական հանդիպման արդյունքում իտալացիները նվազագույն 1։ 0 հաշվով պարտություն են կրել։ 52-րդ րոպեին գոլային դրվագի ժամանակ Ջանլուիջի Բուֆֆոնը վնասվածք է ստացել[54]։ 58-րդ րոպեին Տոլդոն դաշտում է հայտնվել Բուֆֆոնի փոխարեն վերջինս ստացած վնասվածքի պատճառով բաց է թողել Եվրո 2000-ը[55][56][57]։ Խմբային փուլում Տոլդոն մասնակցել է Թուրքիայի (հաղթանակ 2։ 1 հաշվով), Բելգիայի (հաղթանակ 2։ 0 հաշվով) և Շվեդիայի (2։ 1) հավաքականների դեմ կայացած հանդիպումներին։ Քառորդ եզրափակչում Ռումինիայի հավաքականի դեմ տարած հաղթանակի շնորհիվ Իտալիան պայքարը շարունակել է կիսաեզրափակչում և մրցել մրցաշարի ֆավորիտ Նիդերլանդների հավաքականի հետ։ Մրցաշարի ընթացքում Ֆրանչեսկո Տոլդոն շատ է շփվել Ալբերտո Ֆերարինիի հետ, ում համարում էր իր «հենարանը»․ Ֆերարինին ոչ միայն կանգխագուշակել է Բուֆֆոնի փոխարեն Տոլդոյի մասնակցությունը Եվրոպայի առաջնությունում, այլ նաև Հոլանդիայի հավաքականի դեմ Տոլդոյի հաջող խաղը այդ թվում նաև հետխաղյա 11-մետրանոցներում[58][59]։ Կիսաեզրափակիչ հանդիպման 34-րդ րոպեից իտալացիները խաղացել են 10 հոգով՝ Ջանլուկա Ձամբրոտայի խաղադաշտից հեռացվելու պատճառով, սակայն չնայած այդ փաստին խաղի հաշիվը չի բացվել ո՛չ հիմնական ժամանակում ո՛չ էլ լրացուցիչ ժամանակում։ Հանդիպման ընթացքում իտալացիների դարպասին նշանակվել է 2 11-մետրանոց հարված։ Առաջին դեպքում Տոլդոյին հաջողվել է հետ մղել Ֆրանկ դե Բուրի իրացրած 11-մետրանոցը, իսկ մյուս դեպքում Պատրիկ Կլյուվերտին չի հաջողվել հստակ իրացնել հարվածը[60]։ 11-մետրանոց հարվածաշարի ժամանակ Տոլդոն հետ է մղել Ֆրանկ դե Բուրի և Պաուլ Բոսվելտի հարվածները իսկ Յապ Ստամի հարվածը շեղ է ընթացել։ Արդյունքում իտալացիները 11-մետրանոց հարվածաշարի արդյունքում 3։ 1 հաշվով հաղթանակ են տարել, իսկ ՈւԵՖԱ-ն Տոլդոյին պաշտոնապես ճանաչել կիսաեզրփակիչ հանդիպման լավագույն խաղացող[61][62][63]։ Ֆրանսիայի դեմ եզրափակիչ հանդիպման արդյունքում չնայած Տոլդոյի ցույց տված վստահ խաղին իտալացիները 1։ 2 հաշվով պարտություն են կրել և բավարարվել են միայն արծաթե մեդալներով[59][64]։ Մրցաշարի արդյունքներով Տոլդոն ընդգրկվել է Եվրոպայի առաջնության խորհրդանշական հավաքականում (ՈւԵՖԱ-ի վարկածով)[65]։ Մրցաշարից հետո Տոլդոն դժգոհություն է հայտնել՝ հարգանք պահանջելով նվաճաց արծաթե մեդալների դիմաց, նշելով որ հավաքականը այդ ամենին մեծ դժվարությամբ է հասել[20]։ Տոլդոյին զարմանալու տեղիք էր տալիս նաև այն փաստը որ թիմին եզրափակչում խաղալու հնարավորություն ընձեռելով հավաքականի մարզիչ Դինո Ձոֆը մամուլում չի արժանացել շնորհակալական խոսքերի փոխարենը արժանացել է քննադատությունների՝ եզրափակչում պարտություն կրելու համար[20]։
2000 թվականի Եվրոպայի առաջնությունը դարձել է առաջին և միակ մրցաշարը որում Տոլդոն մասնակցել է հիմնական դարպասապահի կարգավիճակով, չնայած որ 2002 թվականի Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի ժամանակ Տոլդոն դեռևս մնացել էր հիմնական կազմում[59]։ Ջանլուիջի Բուֆֆոնը վնասվածքից ապաքինվելով Տոլդոյին դուրս է մղել հիմնական կազմից և երկար տարիների ընթացքում համարվել է ազգային հավաքականի լիդեր․ հենց ինքն է պաշտպանել Ջովաննի Տրապատտոնիի գլխավորած հավաքականի դարպասները 2002 թվականի Աշխարհի առաջնության ժամանակ[66][67]։ Իտալիայի հավաքականի կազմում վերջին հանդիպումը անցկացրել է 2004 թվականի փետրվարի 18-ին Պալերմոյում կայացած Չեխիայի հավաքականի դեմ հանդիպման ժամանակ։ Ընդգրկվել է 2004 թվականի Եվրոպայի առաջնության հավաքականի հայտացուցակում սակայն չի մասնակցել գեթ մեկ հանդիպման, իսկ մրցաշարի ավարտից հետո հայտարարել է հավաքականում կարիերան ավարտելու մասին[68]։ Ընդհանուր առմամբ Տոլդոն հավաքականում մասնակցել է 28 հանդիպման և բաց է թողել 15 գնդակ[52]։
↑ 9,09,19,2Elena Querzola։ «Forza Viola 1/1997» (իտալերեն)։ solocalcio.com։ Արխիվացված է օրիգինալից 2015-05-18-ին։ Վերցված է 2015-05-19|deadlink= պարամետրը գոյություն չունի: Խորհուրդ է տրվում օգտագործել (|dead-url=-ը) (օգնություն)
↑Calciatori ‒ La raccolta completa Panini 1961-2012, vol. 12 (1995-1996) // La Gazzetta dello Sport. — Modena: Panini, 2012. — С. 10.
↑Massimo Cecchi, Salvatore Cirmi (1996-08-25)։ «Emozioni Gigliate»։ Museofiorentina.it։ Արխիվացված է օրիգինալից 2020-08-11-ին։ Վերցված է 2020-04-18|deadlink= պարամետրը գոյություն չունի: Խորհուրդ է տրվում օգտագործել (|dead-url=-ը) (օգնություն)
↑ 18,018,1Giorgio Dell'Arti, Claudia Casiraghi (2014-10-01)։ «Biografia di Francesco Toldo» (իտալերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2020-08-03-ին։ Վերցված է 2020-04-16|deadlink= պարամետրը գոյություն չունի: Խորհուրդ է տրվում օգտագործել (|dead-url=-ը) (օգնություն)
↑Davide Pastore (2001-07-01)։ «Toldo e Rui Costa: "Parma? No, grazie"»։ tuttomercatoweb.com (իտալերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2020-08-12-ին։ Վերցված է 2020-04-18|deadlink= պարամետրը գոյություն չունի: Խորհուրդ է տրվում օգտագործել (|dead-url=-ը) (օգնություն)
↑«Ecco Francesco Toldo»։ Rai Sport (իտալերեն)։ 2001-07-07։ Արխիվացված է օրիգինալից 2015-07-22-ին։ Վերցված է 2015-05-19|deadlink= պարամետրը գոյություն չունի: Խորհուրդ է տրվում օգտագործել (|dead-url=-ը) (օգնություն)
↑«Toldo with Inter until 2009»։ ФК «Интернационале»։ 2006-02-20։ Արխիվացված է օրիգինալից 2009-03-10-ին։ Վերցված է 2010-04-13|deadlink= պարամետրը գոյություն չունի: Խորհուրդ է տրվում օգտագործել (|dead-url=-ը) (օգնություն)
↑«Toldo with Inter until 2011» (անգլերեն)։ ФК «Интернационале»։ 2009-03-02։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-10-ին։ Վերցված է 2010-07-03|deadlink= պարամետրը գոյություն չունի: Խորհուրդ է տրվում օգտագործել (|dead-url=-ը) (օգնություն)
↑«Squadra del Torneo» (իտալերեն)։ УЕФА։ Արխիվացված է օրիգինալից 2019-04-21-ին։ Վերցված է 2020-04-24|deadlink= պարամետրը գոյություն չունի: Խորհուրդ է տրվում օգտագործել (|dead-url=-ը) (օգնություն)
↑ 71,071,171,2«F. Toldo»։ Soccerway։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-06-ին։ Վերցված է 2015-12-02|deadlink= պարամետրը գոյություն չունի: Խորհուրդ է տրվում օգտագործել (|dead-url=-ը) (օգնություն)
↑Karel Stokkermans (2007-03-14)։ «ESM XI»։ RSSSF։ Արխիվացված է օրիգինալից 2016-02-07-ին։ Վերցված է 2015-11-29