Տեխնիկական կուլտուրաներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արևածաղիկ

Տեխնիկական կուլտուրաներ, մշակովի բույսեր, որոնք օգտագործվում են որպես հումք արդյունաբերության տարբեր ճյուղերի համար։ Ըստ դրանցից ստացվող նյութերի, ստորաբաժանվում են մի քանի խմբերի, որոնցից առավել կարևորներն են․ շաքարատու՝ շաքարի ճակնդեղ, շաքարեղեգ, յուղատու՝ արևածաղիկ, սոյա, տզկանեփ, մանանեխ, կտավատ, քունջութ, գետնանուշ, հլածուկ, գաթի ծաղիկ, ձիթապտղենի, կոկոսյան արմավենի, եղրիզենի, թելատու՝ բամբակենի, թելատու կտավատ (վուշ), կանեփ, կենաֆ, ջուտ և այլն․ և եթերայուղատու՝ խորդենի, վարդ, անիսոն, գինձ, դաղձ, քեմոն, սովորական նարդոս, եղեսպակ և այլն․ թմրանյութ՝ ծխախոտ, մախորկա, հնդկական կանեփ և այլն։ Կան նաև օսլայատու, ներկատու, խցանատու, ինչպես նաև կաուչուկատու, գուտապերչատու տեխնիկական կուլտուրաներ և այլն։ Որոշ տեխնիկական կուլտուրաներ օգտագործվում են մի քանի նպատակով, օրինակ, բամբակենին, կանեփը, կտավատը բացի թելից տալիս են նաև ձեթ։ Կան բույսեր, որոնք տեխնիկական կուլտուրաների խմբին չեն պատկանում, բայց դրանց բերքը հումք է արդյունաբերության շատ ճյուղերի համար (կարտոֆիլից ստանում են օսլա, սպիրտ, եգիպտացորենից՝ ձեթ, օսլա, սպիրտ, խաղողաշաքար, գարին օգտագործվում է գարեջրի արդյունաբերության մեջ և այլն)։

Տեխնիկական մշակաբույսերը ԽՍՀՄ-ում[խմբագրել | խմբագրել կոդը]

Շաքարի ճակնդեղ

ԽՍՀՄ-ում տեխնիկական կուլտուրաների ցանքատարածությունը 1984 թվականին եղել է 13,9 միլիոն հեկտար։ ՀԽՍՀ-ում մշակում են շաքարի ճակնդեղ, խորդենի, ծխախոտ և սահմանափակ տարածությունների վրա՝ յուղատու կտավատ։ Շաքարի ճակնդեղ մշակվում է Շիրակի հարթավայրի շրջաններում՝ Ախուրյան, Արթիկ, Սպիտակ, Ամասիա (4,0 հազար հեկտար, միջին բերքատվությունը՝ 370 ց/հա, 1980-1984), արմատապտուղը վերամշակվում է Սպիտակի շաքարի գործարանում։ Խորդենին մշակվում է Արարատյան դաշտի Արմավիրի, Էջմիածնի շրջաններում (1,8 հազար հեկտար)։ Դրա մատղաշ ընձյուղները և տերևները պարունակում են 0,1-0,3% բարձրորակ եթերայուղ, որն օգտագործվում է օծանելիքի և սննդի արդյունաբերությունում։ ԽՍՀՄ-ում արտադրվող խորդենու յուղի կեսից ավելին տալիս է ՀԽՍՀ։ Ծխախոտ մշակվում է ՀԽՍՀ 18 շրջաններում (5,2 հազար հեկտար, 1984)։ Ցանքատարածության 70%-ը գտնվում է Սևանի ավազանի և հյուսիսարևելյան շրջաններում։ Տարեկան արտադրանքը՝ 15 հազար տոննա։

Շաքարատու Յուղատու Թելատու Եթերայուղատու Թմրանյութ
շաքարի ճակնդեղ արևածաղիկ կտավատ խորդենի ծխախոտ
շաքարեղեգ գետնանուշ կանեփ վարդ մախորկա
մանանեխ կենաֆ անիսոն հնդկական կանեփ
կտավատ ջուտ գինձ
քունջութ եղեսպակ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 639 CC-BY-SA-icon-80x15.png