Կատվախոտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կատվախոտ
Valeriana officinalis.jpg
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ինֆրաթագավորություն Streptophyta
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytina)
Կարգ Ակքանածաղկավորներ (Dipsacales)
Ընտանիք Կատվախոտազգիներ (Valerianaceae)
Ցեղ Կատվախոտ (Valeriana)
L., 1753

Կատվախոտ (լատ.՝ Valeriána), կատվախոտազգիների ընտանիքի բազմամյա յուրահատուկ հոտով խոտաբույսերի ցեղ։

Կենսաբանական նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Բույսի արմատները բազմաթիվ են, երկար և կարճ երկրորդական արմատներով։ Ցողունը կանգուն է, կողավոր, սնամեջ, վերին մասում՝ ճյուղավորվող, բարձրությունը՝ 0,5-2 մ։ Տերևները կենտփետրաձև են, ստորինները՝ կոթունավոր, վերինները՝ նստադիր, ամբողջական են կամ փետրաձև հատվածավորված։ Բաժակը բացակայում է։ Պսակը հնգաթերթ, բաց վարդագույն է կամ սպիտակ։ Առէջները երեքն են։ Ծաղկաբույլը վահանանման կամ հուրանանման է, ծաղիկները՝ մանր, բուրավետ, սպիտակից մինչև մուգ վարդագույն։ Ծաղկում է մայիսի վերջերից մինչև սեպտեմբերի սկիզբը։ Պտուղը երկարավուն-ձվաձև, բաց գորշագույն, փուփուլավոր սերմիկ է (ունի հաճելի հոտ, որից կատուները գրգռվում են, այստեղից էլ՝ կատվախոտ անվանումը)։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի է ավելի քան 217 տեսակ[1]։ Առավել տարածված է դեղորայքային կատվախոտը (Valeriana officinalis)։ Արմատի թուրմն ու մզվածքն ունեն սիրտանոթային համակարգի աշխատանքը կարգավորող, նյարդերը հանգստացնող, մարսողությունը լավացնող ներգործություն։ Հայտնի է ավելի քան 200, Հայաստանում՝ 6 տեսակ՝

  • կատվախոտ դեղատու (V. officinalis),
  • կատվախոտ սխտորուկատերեվ (V. alliariifolia),
  • կատվախոտ ավլախոտատերեվ (V. sisymbriifolia) և այլն։

Տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Հայաստանի գրեթե բոլոր մարզերում։ Աճում է մինչև ալպյան մարգագետիններ (ստորին լեռն, գոտուց), ամենաբազմազան տիպի հողերում և ջերմային պայմաններում, սակայն գերադասում է խոնավ հողերը։

Քիմիական բաղադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոճղարմատում և արմատներում հայտնաբերված է 0,5-2% բնորոշ վալերիանայի հոտով եթերայուղ, որը պարունակում է վալերիանա - բորնեոլայի եթեր, իզովալերիանաթթու, բորնեոլ, միտրենոլ, կամֆեն, պինեն, տերպինեոլ, լիմոնեն, սեսկվիտերպեններ, սպիրտ, մրջնաթթու, քացախաթթու, կարագաթթու, խնձորաթթու, ստեարինաթթու, պալմիտինաթթու, այնուհետև՝ ալկալոիդներ (վալերին և խատինին), գլիկոզիդ վալերիդ, դաբաղանյութեր, շաքար, քիմիական տարրերից՝ կալիում, կալցիում և մագնեզիում, օսլա, խեժ և այլն։

Նշանակություն և կիրառում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեղաբույս է. պարունակում է եթերայուղ (որից ստանում են հանրահայտ վալերիանայի կաթիլները), ալկալոիդներ, գլիկոզիդներ, թթուներ, շաքար և այլն։ Պատրաստուկներն օգտագործվում են անքնության, նյարդ, գրգռվածության, սրտի նևրոզի, հեղձուկի, ստամոքսաղիքային համակարգի կծկանքի ժամանակ։ Օգտագործվում է նաև որպես համեմունք, ավելացնում են աղցաններին, թուրմերին, լիկյորներին և այլն։ Խոտաբույսերից պատրաստվող որոշ թեյերի բաղադրամասերից է։ Մեղրատու է։

Կատվախոտ բրդատերևը (V. eriophylla) անդրկովկասյան բնաշխարհիկ է, Հայաստանում հանդիպում է Շիրակի մարզի ենթալպյան գոտում՝ թփուտներում, ժայռերի վրա. գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Valeriana — Statistics»։ The Plant List (2010). Version 1. Published on the Internet (անգլերեն)։ Royal Botanic Gardens, Kew and Missouri Botanical Garden։ 2010։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-04-ին։ Վերցված է 2011 թ․ օգոստոսի 6–ին 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 291 CC-BY-SA-icon-80x15.png