Կյանքի արմատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կյանքի արմատ, ժենշեն, ջնսան[1], ջանսան[1] (չինարեն՝ կյանքի արմատ, բառացի՝ մարդ-արմատ) (լատին․՝ Panax), արալիազգիների ընտանիքի բազմամյա խոտաբույս։ Ձմեռող օրգանները արմատն ու կոճղարմատն են։ Արմատը առանցքային է, թույլ ճյուղավորված, մսալի, սպիտակամոխրագույն կամ դեղնավուն։ Ցողունը կանգուն է, մոտ 50 սմ, գագաթնային մասում՝ տերևների (3—5) վարդակով։ Տերևները երկարակոթուն են, բարդ մատնաձև, սղոցաեզր։ Ծաղկաբույլը հովանոց է՝ 15—20 մանր, դեղնասպիտակավուն, երկսեռ ծաղիկներով։ Պտուղը վառ կարմրավուն կորիզապտուղ է։ Ծաղկում է հուլիս ամսին, պտուղները հասունանում են օգոստոսին։ Վայրի Կյանքի արմատը հազվագյուտ, ռելիկտային բույս է։ Հանդիպում է Ռուսաստանում, Չինաստանում և Կորեայում։ Աճում է առավելապես լայնատերև-փշատերև անտառներում, փուխր, հումուսով հարուստ հողերում։ Վայրի Կյանքի արմատը դանդաղ է աճում և զարգանում։ Ապրում է 100 տարի։ Արմատի կշիռը 50—400 գ է։ Դեղաբույս է։ Արմատի պատրաստուկները սպիրտային թուրմերի, փոշու կամ հաբերի ձևով կիրառվում են հիպոտոնիայի, հոգնածության, գերհոգնածության, նևրասթենիայի դեպքերում՝ որպես տոնուսը բարձրացնող միջոց։ Կյանքի արմատը արագ է աճում, տալիս է հզոր արմատներ։ Կյանքի արմատին լիարժեք փոխարինող է հեռավորարևելյան էլեուտերոկոկ բույսը։ Հայաստանում արհեստական պայմաններում աճեցնում են Կյանքի արմատ։

1788 թվականին հնդկահայ հասարակական գործիչ Շահամիր Շահամիրյանի կողմից հրատարակած Հայաստանի սահամանդրաության նախագծում՝ Որոգայթ փառացում, 502-րդ հոդվածի համաձայն «ով որ շնորհ ունենա մեր Հայաստան երկրում վերականգնել կարմիր որդանը... գտնել անտառի արմատ, այսինքն՝ ջնսան...մեկ անգամ միայն Հայոց տան կողմից պետք է շնորհի արժանանա, այսինքն՝ 10.000 արծաթ դահեկան»[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 , Որոգայթ փառաց, Երևան, 2002, էջ 208-209 — 271 էջ, ISBN 5-540-01746-3։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 488