Վերին Ազա
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ազա (այլ կիրառումներ)
Գյուղ | ||
---|---|---|
Վերին Ազա | ||
ադրբ.՝ Azadkənd | ||
Երկիր | ![]() | |
Ինքնավար Հանրապետություն | Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն | |
Շրջան | Որդուարի շրջան | |
Այլ անվանումներ | Աշաղի Ազա | |
Պաշտոնական լեզու | Ադրբեջաներեն | |
Բնակչություն | 1․096 մարդ (2010) | |
Ազգային կազմ | Ադրբեջանցիներ | |
Կրոնական կազմ | Շիա իսլամ | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Վերին Ազա (այժմ կոչվում է՝ ադրբ.՝ Azadkənd - Ազադքենդ), գյուղ ներկայիս Ադրբեջանական Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Որդուարի շրջանում[1][2]։ Գտնվում է Արաքսի ձախակողմյան Գիլան վտակի ստորին հոսանքում, ձախ ափին, Օրդուբադ քաղաքից մոտ 17 կմ արևմուտ[2]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վերին Ազան գտնվում է Մեծ Հայքի պատմական Գողթն գավառում, Գիրան գետի ստորին հոսանքում, անմիջապես գետի ձախ ափին, այգևետ վայրում՝ Օրդուբադ քաղաքից 17 կմ արևմուտք[2]։ Գյուղը 15-րդ դարում հիմնադրվել է պատմական Ազատ քաղաքատեղիի ավերակների վրա և կազմված Է եղել 160-220 տուն հայ բնակչությունից[3][4]։ Գյուղը նախկինում գտնվում էր Երևանի նահանգի Նախիջևանի գավառի կազմում, խորհրդային տարիներին՝ Նախիջևանի ԻՍՍՀ-ի Օրդուբադի շրջանում[2]։
Գյուղի բնակիչները հայ-թաթարական ազգամիջյան ընդհարումների ժամանակ՝ 1918 թվականի մարտ-հուլիս ամիսներին, հերոսաբար պայքարել են էդիֆ և Խալիլ բեյերի հրոսակների դեմ, որոնց բանակը Վերին Ազան գրավելու համար կորցրել է շուրջ 600 զինվոր[3][4] ու սպա[2]։ Թուրքական զորքը գյուղը ենթարկեց ավերածության ու կողոպուտի[2]։ Կենդանի մնացած բնակիչները գաղթեցին նախ Ցղնա, ապա Կապան ու Քաջարան[2]։ Այս գյուղից վերջին հայ ընտանիքները արտաքսվեցին 1989 թվականին, ազգամիջյան իրադարձությունների ընթացքում[3][4]։
Ենթադրվում է, որ ինչպես Վերին, այնպես էլ Ներքին Ազա գյուղերը իրենց անունները ստացել են Ազատ քաղաքի անվանումից[2][3][4]։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղի բնակիչները եկել են Պարսկահայաստանից 1828-1829 թվականներին։ 19-րդ դարի վերջերին ուներ 700 հայ բնակիչ, 1906 թվականին՝ 1492, 1971-ին 235 բնակիչ[2]։
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Խորհրդային տարիներին Վերին Ազայի կոլտնտեսությունը միավորում է նաև Ներքին Ազա և Դեր գյուղերը[2]։ Բնակիչները զբաղվում էին շերամապահությամբ, պտղաբուծությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ, մասամբ բանջարաբուծությամբ[2]։
Հասարակական կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
1985 թվականի դրությամբ գյուղն ուներ միջնակարգ դպրոց, հիվանդանոց, ակումբ և կինո[2]։
Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղում պահպանվել է Գիլանի վրա 1870-ական թվականներին կառուցված և մինչև այժմ գործող հինգաչքանի կամուրջը և Սուրբ Աստվածածին եկեղեցու ավերակները[2]։ Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը հավանաբար հիմնադրված է եղել 17-րդ դարում, գտնվում է գյուղի արևմտյան կողմի բարձունքի վրա։ ճեղքված և կիսամշակ քարով կառուցված, միանավ հորինվածք ունեցող այս հուշարձանից մնում է միայն նրա աբսիդի ու ավանդատների հատվածները[3][4]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Նախիջևանի ԻՍՍՀ բնակավայրերը
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 38 — 1008 էջ։
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 ԳՈՂԹՆ ԳԱՎԱՌ (ՄԱՍ 2)
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Նախիջևան՝ Գլուխ երրորդ
|