Գիրան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Գիրան (այլ կիրառումներ)

Գիրան, միջնադարյան հայկական քաղաք Մեծ Հայքի Գողթն գավառում, ներկայիս Ադրբեջանական Հանրապետության Որդուարի շրջանի տարածքում։ Գտնվում է Վերին Ազա գյուղից 3 կմ հյուսիս-արևելք, Գիլան գետի ձախ կողմում[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զբաղեցրել է շուրջ 12 կմ² տարածություն։ Քաղաքի պատմական անցյալի մասին սկզբնաղբյուրներում քիչ տեղեկություններ են պահպանվել: 19-րդ դարի ազգագրագետների կողմից հաճախ շփոթվել է այս տարածքի տեղը Գիրանի մոտ, այժմյան Վերին և Ներքին Ազաներ և Դեր գյուղերի տեղում եղած Ազատ քաղաքի հետ և Ազատ-Գիրան քաղաք ասելով նկատի են ունեցել մեկ քաղաք: Այնինչ Ազատը և Գիրանը եղել են առանձին քաղաքներ և որպես այդպիսիք հիշատակվել են դեռևս 976 թվականին Խարիկ Ա կաթողիկոսի հիշատագրում: Նույնն է հաստատում նաև 14-րդ դարի պատմիչ Հ. Կազվինի տեղեկությունները Ազատ քաղաքի տեղադրման մասին՝ ըստ որի Ազատը Գողթնի քաղաքների թվում հայտնի է եղել ցորենի, բամբակի, գինու մշակմամբ[2]:

Վահան Գողթնեցու վկայությամբ Ազատ և Գիրան քաղաքները մինչարաբական շրջանում պարսիկներն անվանել են Ազատ Ճերան: Հետագայում պարսիկները և արաբներն այդ անվան տակ նկատի են ունեցել նաև ամբողջ Գողթն գավառը[2]:

Գիրան գավառի ավերակների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այն մոտավորապես 14-րդ դարի կեսերին պատմական ասպարեզից դուրս է եկել և 17-րդ դարից հետո լքվել և ավերակների է վերածվել: Գիրանի ավերակներն արագ կերպով փլատակների է վերածվել հատկապես 1829 թվականից հետո, երբ շրջակա գյուղերի բնակիչները սկսել են մասսայաբար քարերն օգտագործել որպես շինանյութ: Ներկայիս դրությամբ քաղաքի շինություններն ավերակներ են և մեծ մասամբ հողին են հավասարվել[2]:

Գիրան քաղաքի հետքերը գիտնականների ուշադրությունը գրավել են դեռևս 20-րդ դարի սկզբին: Հնավայրը մինչ օրս մնում է չուսումնասիրված: Գիրան քաղաքի ավերակները 20-րդ դարի 20-ական թվականներին ուսումնասիրվել և մասնակի պեղումներ է կատարել միայն Ա. Տեր-Ավետիսյանը, որի տպագրած հոդվածը մնում է միակ նկարագրությունը այդ քաղաքի մասին[2]:

Քաղաքի բազմաթիվ շինությունների, պարիսպների հնագիտական արժեքները, պեղումներից ի հայտ եկած բազմատեսակ խեցիները և նյութական մշակույթի այլ իրերը վկայում են, որ այդ քաղաքը հիմնադրվել է մ.թ.ա. առաջին հազարամյակում, որը վաղ միջնադարում՝ մասնավորպես 7-10-րդ դարերում ապրել է քաղաքային և մշակութային բուռն կյանքով[2]:

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի տարածական-հատակագծային սխեման ցույց է տալիս, որ Գիրանն ունեցել է եռամաս կազմություն, կազմված է եղել միջնաբերդից, շահաստանից, և արվարձանային մասից: Այն հյուսիս-արևելքից, հարավ-արևմուտքից և հարավ-արևելքից պաշտպանվել է հզոր պարիսպների շարքերով, որոնք ամրացված են եղել կլոր աշտարակներով[2]:

Հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիրանի ներկա ավերկներում աչքի ընկնող հնություն-հուշարձան է քաղաքի միջնաբերդ-դղյակը, որը գտնվում է քաղաքի արևելյան մասում: Այդ միջնաբերդը, որն ունի 1 կմ երկարություն և 500-600 մ լայնություն, բնական ամրությունից բացի պաշտպանվել է նաև բերդապաշտպան պարիսպներով: Պարիսպներից ներս նկատելի են տասնյակ շինությունների հետքեր, իշխանական պալատի ավերակներ և այլն[2]:

Ամրոց-դղյակի ավերակներում մնում են նաև երեք ջրամբարներ, որոնք փորված եմ քարաժայռի մեջ: Այդ ջրամբարներից հետաքրքիր է ամենամեծը, որն իր հերթին կազմված է 3 բաժնից: Ջրամբարի մեջտեղի հատվածը, որն իր երկու կողմում ունի մեկական ջրամբար, իր տարողությամբ ավելի մեծ է: Երկկողմյա ջրամբարները քարե աստիճան-անցումներով միացված են կենտրոնի մայր ջրամբարին[2]:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Արգամ Արարատի Այվազյան, Նախիջևանի ԻՍՍՀ հայկական հուշարձանները (համահավաք ցուցակ) (խմբ. է. Դ. Շահնազարյան), Երևան— 9, Իսահակյան 28, «Հայաստան», 1986։
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Ա․ Ա․ Այվազյան, ՆԱԽԻՋԵՎԱՆ․ պատկերազարդ բնաշխարհիկ հանրագիտակ, Երևան, «Հուշարձան», 1995, էջ 71-72 — 368 էջ. — 2700 հատ, ISBN 5-8079-0911-9։