Շվեյցարական միության ընդլայնում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Շվեյցարական միությունը ստեղծվել է որպես ուշ միջնադարյան միություն, այդ ժամանակաշրջանում Սուրբ Հռոմեական կայսրության մաս կազմող, Կենտրոնական Ալպերի հովիտների կոմունաների միջև այնպիսի ընդհանուր շահերի կառավարումը հեշտացնելու նպատակով, ինչպիսիք են ազատ առևտուրը և խաղաղության պահպանումը կարևոր լեռնային առևտրային ուղիների երկայնքով։

Հոգենշտաուֆենների դինաստիայի կայսրերը 13-րդ դարի սկզբին այդ հովիտներին շնորհել են reichsfrei կարգավիճակ, ինչի շնորհիվ Ուրի, Շվից և Ունտերվալդեն կանտոնները գտնվել են կայսրի անմիջական իշխանության ներքո՝ առանց միջանկյալ սենյորների և մեծ մասամբ եղել են ինքնավար։

Հաբսբուրգների դինաստիայի վերելքի տարիներին նրա կառավարիչները ձգտել են ընդլայնել իրենց ազդեցությունը տարածաշրջանի վրա և այն իրենց վերահսկողության տակ վերցնել։ Այդ պատճառով նրանց և լեռնային համայնքների միջև ծագել է հակամարտություն, որտեղ վերջիններս փորձել են պաշտպանել իրենց արտոնյալ կարգավիճակը։ Schweizerische Eidgenossenschaft-ի (համադաշնության սկզբնական անվանումը) երեք հիմնադիր կանտոններին 14-րդ դարի սկզբին միացել են քաղաք-պետությունները՝ Լյուցեռնը, Ցյուրիխը և Բեռնը, և նրանք միասին կարողացել են մի քանի անգամ հաղթել Հաբսբուրգների բանակներին։ Նրանք նաև օգտվել են այն հանգամանքից, որ այդ դարաշրջանում սուրբ Հռոմեական կայսրերի մեծ մասը ծագումով Լյուքսեմբուրգյան տնից են եղել և նրանց համարել են պոտենցիալ օգտակար դաշնակիցներ իրենց Հաբսբուրգյան մրցակիցների դեմ։

1460 թվականին Համադաշնությունները վերահսկել են Հռենոս գետից հարավ և արևմուտք ընկած տարածքի մեծ մասը մինչև Ալպեր և Յուրա լեռները։ 15-րդ դարի վերջի երկու պատերազմները հանգեցրել են տասներեք կանտոնների (Dreizehn Orte) ընդլայնմանը և 1470-ական թվականների Բուրգունդյան պատերազմներում շվեյցարացիները իրենց գերիշխանությունը հաստատել են արևմտյան սահմանին, իսկ 1499 թվականին ՍՀԿ կայսր Մաքսիմիլիան I Հաբսբուրգցու դեմ Շվաբյան պատերազմի ժամանակ նրանք փաստացի անկախություն ապահովեցին կայսրությունից։ 16-րդ դարի իտալական պատերազմներին մասնակցելու ժամանակ կոնֆեդերացիան իր վերահսկողության տակ է վերցրել Տիչինոն։

14-րդ դարում Ալպերի հարևան շրջաններում առաջացել են երկու նմանատիպ ֆեդերացիաներ՝ Գրաուբյունդենում առաջացել են Երեք լիգաները (Drei Bünde), իսկ Վալեում՝ Սավոյի դուքսերի հետ առճակատման արդյունքում Յոթ տասներորդը (Sieben Zenden)։ Այդ ֆեդերացիաներից ոչ մեկը չի եղել միջնադարյան Eidgenossenschaft-ի կազմում, բայց երկուսն էլ շատ սերտ կապեր են պահպանել նրա հետ։

Տարածքային զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

13-րդ դարում կառուցված Սատանայի կամուրջով ավարտվում էր Սեն Գոթարդով անցնող ճանապարհը: Լուսանկարում պատկերված են երկրորդ (կառուցված 1826 թվականին) և երրորդ (կառուցված 1958 թվականին) կամուրջը, առաջին կամուրջը կառուցվել է 16-րդ դարում, որը վնասվել է պատերազմների ժամանակ և 1888 թվականին ավերվել ջրհեղեղից

Սուրբ Հռոմեական կայսրությունում Հոհենշտաուֆենների դինաստիայի օրոք Ուրի, Շվիցի և Ունտերվալդենի շրջանները (Waldstätten կամ «անտառային համայնքներ») ստացել են Reichsfreiheit կարգավիճակ։ Առաջին երկու շրջանները կարգավիճակ են ստացել, քանի որ կառավարիչները ցանկացել են իրենց վերահսկողության տակ վերցնել ռազմավարական նշանակություն ունեցող Սեն Գոթարդ լեռնանցքը, իսկ վերջինը՝ քանի որ նրա տարածքի մեծ մասը պատկանել է նմանատիպ կարգավիճակ ունեցող վանքերին։ Բեռն և Ցյուրիխ քաղաքներն այս կարգավիճակը ձեռք են բերել այն բանից հետո, երբ ճնշել են Ցերինգենյան դուքսերի դինաստիային, որը կառավարել է նրանց համանուն տնից։

1273 թվականին, երբ Ռուդոլֆ I Հաբսբուրգցին ընտրվել է «Գերմանիայի թագավոր», նա դարձել է նաև այս Ռեյխսֆրայ շրջանների անմիջական ղեկավարը։ Նա սահմանել է խիստ կանոններ և բարձրացրել հարկերը՝ պատերազմները և հետագա տարածքային նվաճումները ֆինանսավորելու նպատակով։ Նրա մահից հետո 1291 թվականին, նրա որդին և Ավստրիայի դուքս Ալբրեխտ I-ը պայքարի մեջ են մտել Ադոլֆ Նասաուցիի հետ, և Հաբսբուրգների իշխանությունը Ալպյան տարածքների վրա ժամանակավորապես թուլացել է։ Հակահաբսբուրգյան ապստամբություններ են սկսվել Շվաբիայում և Ավստրիայում, բայց 1292 թվականին դրանք արագ ճնշվել են։ Ապստամբությանը մասնակցող Ցյուրիխը պաշարվել է անձամբ Ալբրեխտի կողմից, ով ստիպել է քաղաքաբնակներին իրեն ընդունել որպես իրենց պաշտպան։

Այս անգամ խռովությունները ստիպել են Waldstätten-ին ավելի սերտ համագործակցել Reichsfreiheit-ը պահպանելու կամ վերադարձնելու համար։ Առաջին միությունը ստեղծվել է 1291 թվականին, երբ Ռուդոլֆը գնել է Լյուցեռն քաղաքի և Ունտերվալդենում գտնվող էլզասյան կայսերական Մուրբախի աբբայության կալվածքների նկատմամբ բոլոր իրավունքները։ Waldstätten-ը տեսնելով, որ իրենց առևտրային ճանապարհը Լյուցեռնի լճով արգելափակված է, վախեցել է կորցնել անկախությունը։ Ռուդոլֆը մահացել է 1291 թվականի հուլիսի 15-ին, իսկ արդեն օգոստոսի 1-ին անտառային համայնքների միջև կնքվել է Հավերժական դաշինք՝ ընդհանուր թշնամուց պաշտպանվելու նպատակով[1]։ Ուրին և Շվիցը իրենց կարգավիճակի հաստատումը ստացել են Ադոլֆ Նասաուցիի կողմից 1297 թվականին[2], սակայն մեկ տարի անց նա պարտվել է և սպանվել Ալբրեխտի ուժերի կողմից Գյոլհայմի ճակատամարտում։

Հիմքերի ձևավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

1291 թվականի դաշնային հրովարտակը

1291 թվականի Դաշնային հրովարտակը համարվում է Ուրի, Շվից և Ունտերվալդեն կանտոնների միջև պահպանված ամենահին գրավոր փաստաթղթերից մեկը, որոնք էլ դարձել են Շվեյցարական միության հիմնադիրները։ Հնարավոր է, որ այն գրվել է մի քանի տասնամյակ ուշ, որը համընկնում է 1315 թվականին կնքված Բրունենյան պայմանագրի ժամանակահատվածին։ 16-րդ դարից սկսած շվեյցարական պատմագրության մեջ միության հիմնադրման տարեթիվը համարվում է 1307 թվականը։

XIII-ի վերջը XIV դարի սկիզբը Սուրբ Հռոմեական կայսրության պատմության մեջ նշանավորվել է Հաբսբուրգների տան միապետներ՝ Ռուդոլֆ I-ի և Ալբրեխտ I-ի կառավարման ժամանակաշրջանով, որոնց իշխանությունը համընկել է քաղաքական անկայունության ժամանակահատվածին, երբ Սուրբ Հռոմեական կայսրությունը մի քանի տասնամյակ կայսր չի ունեցել։ Քաղաքականապես թույլ արքաները հաճախ ստիպված են եղել զիջումների գնալ իրենց հպատակներին ու վասալներին՝ իշխանությունը պահպանելու համար։ Հիմնադիր կանտոնները Freibriefe-ից հավաստիացումներ են ստացել, որ իրենց reichsfrei կարգավիճակը հաստատվել է։ 1309 թվականին Ունտերվալդենը վերջնականապես ստացել է այդ կարգավիճակը Հենրիխ VII կայսրի օժանդակության շնորհիվ։ Սա չի խանգարել Հաբսբուրգյան դուքսերին, որոնք սկզբում կալվածքներ են ունեցել Արգաուում՝ փորձելով վերահաստատել իրենց ինքնիշխանությունը Հռենոսից հարավ գտնվող տարածքների նկատմամբ։

Շվեյցարիան 1315 թվականին

1314 թվականին Ավստրիայի դուքս Ֆրիդրիխ I-ի և Բավարիայի թագավոր Լյուդովիգ IV-ի միջև Սրբազան Հռոմեական կայսրության թագի համար մղվող պայքարում Waldstätten-ն անցել է վերջինիս կողմը՝ վախենալով Հաբսբուրգների կողմից իրենց կոմսությունները միացնելու նոր փորձերից։ Երբ 1315 թվականին Շվիցի և Այնզիդելնի աբբայության միջև երկարատև հակամարտությունը կրկին սրվել է, ասպետական բանակը ավստրիական դուքս Լեոպոլդ I-ի գլխավորությամբ ձեռնամուխ է եղել ապստամբությունը ճնշելուն, բայց Մորգարտենի ճակատամարտում դաշնակցային բանակի կողմից ամբողջովին ջախջախվել է։ Երեք կանտոնները վերականգնել են իրենց դաշինքը Բրունենյան պայմանագրով[3], իսկ Լյուդովիկոս IV-ը հաստատել է նրանց Reichsfreiheit-ը[3]։

Բուրգունդյան պատերազմների ժամանակաշրջանի (1470-ականներ) շվեյցարական պատկերազարդ տարեգրությունները վերաբերում են տեղի դատական կարգադրիչների դեմ ապստամբությանը՝ նրանց բերդերի կամ ամրոցների ավերումը, որը շվեյցարական պատմագրության մեջ հայտնի է որպես Burgenbruch («քամահրանք»)։ Դրա մասին ամենավաղ հիշատակումը 1470 թվականի Զարնենի սպիտակ գիրքն է, որտեղ ասվում է, «որտեղ թշնամական ամրոցներ (աշտարակներ) կային, նրանք ավերեցին դրանք և առաջինը սկսեցին քանդել այդ շինությունները Ուրիում»[4]։

Ըստ տեքստի Ցվինգ Ուրին Ամստեգում նշվում է որպես առաջին ավերված ամրոց, որին հաջորդում են Շվանդաու ամրոցը Շվիցում, Ռյոցբերգը Շտանսում և վերջապես Զարնեն ամրոցը, որի գրոհը նկարագրված է գրաֆիկական ձևով[5]։

Burgenbruch-ը վաղուց համարվել է պատմական երևույթ, ինչի մասին են վկայում Կենտրոնական Շվեյցարիայի բազմաթիվ ավերված ամրոցները։ Բայց հնագիտական պեղումները ցույց են տվել, որ այդ ամրոցները աստիճանաբար են լքվել, այլ ոչ թե 1200-1350 թվականների ապստամբության ժամանակ։ Միության հիմնադիր պատմական շրջանի «ապադիցաբանացումը» իր գագաթնակետին է հասել և 15-րդ դարի վերջի մատենագիրների ստանդարտ տեսակետն է դարձել այդ պատմություններին լեգենդար բնույթ տալը։ 1970-ականների վերջից Կենտրոնական Շվեյցարիայի միջնադարյան ամրոցների համակարգված հետազոտությունները ցույց են տվել, որ մի շարք ամրոցներ իսկապես ավերվել են 14-րդ դարի սկզբին, այնպես որ տարեգրության հնարավոր պատմական տեսակետը կարող է ճանաչվել, նույնիսկ եթե այդ ամրոցների ավերումն ինքնին ունեցել է սահմանափակ ռազմական նշանակություն և չի կարողացել հանգեցնել տևական քաղաքական փոփոխությունների[6]։

Ընդլայնում մինչև ութի միություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետագայում երեք համայնքները (դրանց տարածքները դեռևս չէին համապատասխանում ժամանակակից կանտոնների տարածքներին) վարել են դանդաղ ընդարձակման քաղաքականություն։ 1317 թվականին Ուրին պայմանագիր է կնքել Ուրսերենի հովտի բնակչության հետ, որը նախկինում պատկանել է Հաբսբուրգներին։ 1332 թվականին Լյուցեռն քաղաքը միացել է միությանը` ձգտելով Հաբսբուրգներից ձեռք բերել Reichsfreiheit-ի կարգավիճակ[3]։ 1351 թվականին այդ չորս համայնքներին է միացել Ցյուրիխ քաղաքը, որի քաղաքացիները 1336 թվականին հիմնել են «Zunftordnung» (գիլդիայի կանոններ) և զրկել են արիստոկրատիային[2]։ Քաղաքը նաև աջակցություն է փնտրել հաբսբուրգյան Ռապպերսվիլ քաղաքի դեմ, որը 1350 թվականին փորձել է տապալել Ցյուրիխի քաղաքապետ Ռուդոլֆ Բրունին։ Իր նոր դաշնակիցների օգնությամբ Ցյուրիխը կարողացել է դիմակայել ավստրիական դուքս Ալբերտ II-ի և համադաշնությունների պաշարմանը, նույնիսկ 1352 թվականին նվաճել է Զուգ քաղաքը[2] և Գլարուսի հովիտը[3]։ Նրանք պետք է վերադարձնեին Գլարուսը և Ցուգը Հաբսբուրգներին՝ 1356 թվականին Ռեգենսբուրգի հաշտության պայմանագրի համաձայն, կայսր Կառլոս IV-ն իր հերթին ճանաչել է Ցյուրիխի Zunftordnung-ը և հաստատել նրա reichsfrei-ի կարգավիճակը, չնայած այն հանգամանքին, որ այդ տարվա հունվարին հրապարկված ոսկե կոնդակով արգելել է որևէ համադաշնություն կայսրության ներսում։

Eidgenossenschaft-ը 1352 թվականին Գլարուսի և Ցուգի հետ կնքել է «հավերժական» դաշնագրեր[3] և նույնիսկ, եթե այդ դաշնագրերը մի քանի տարի անց չեղյալ են հայտարարվել, սակայն դա հաճախ համարվել է այդ երկու կանտոնների համադաշնության կազմ ընդունվելու տարեթիվ, թեև նրանք մնացել են Հաբսբուրգների տիրապետության տակ ևս մի քանի տարի[7]։

1323 թվականին արևմուտքում Վիր Վալդշտետենն արդեն դաշինք է կնքել Բեռն քաղաքի հետ և նույնիսկ ջոկատ է ուղարկել՝ օգնելու բեռնյան զորքերին իրենց տարածքային նվաճումների հարցում Սավոյի դքսերի և Հաբսբուրգների դեմ 1339 թվականի Լաուպենի ճակատամարտում[2]։ 1353 թվականին Բեռնը մտել է «հավերժական» միության մեջ համադաշնության հետ՝ ավարտին հասցնելով «Ութ կանտոնների միության» (գերմ.՝ Bund der Acht Orte) կազմավորումը[3]։

Այդ դաշինքը միատարր պետություն չէր, այլ ավելի շուտ ութ անկախ քաղաքների և շրջանների կոնգլոմերատ, որոնք միավորված էին ոչ թե մեկ դաշնագրով, այլ վեց տարբեր «հավերժական» դաշնագրերի ցանցով, որոնցից և ոչ մեկը չէր ներառում բոլոր ութ կողմերին որպես ստորագրողներ (միայն Waldstätten-ը, Ուրին, Շվիցը և Ունտերվալդենն էին համարվում բոլոր այդ պայմանագրերի կողմեր)։ Բոլոր ութ կողմերը շարունակել են հետապնդել իրենց շահերը, հատկապես ուժեղ քաղաքների՝ Ցյուրիխի և Բեռնի պարագայում։ Ցյուրիխը նաև Բոդենի լճի շրջակայքում գտնվող քաղաքների դաշինքի մաս էր կազմում, որը ներառում էր նաև Կոնստանցը, Լինդաուն և Շաֆֆհաուզենը, իսկ որոշ ժամանակ ներառել է Ռոթվայլ կամ Ուլմ հեռավոր քաղաքներ, մինչդեռ Բեռնը վարել է իր սեփական հեգեմոն քաղաքականությունը՝ հաջորդաբար մասնակցելով տարբեր քաղաքների դաշինքների, այդ թվում Ֆրիբուրգի, Մուրթենի, Բիլի կամ Զոլոտուրնի հետ։ Բեռնյան այս «Բուրգունդյան համադաշնությունը» տարբեր դաշինքների ավելի փոփոխական կառուցվածք ուներ, և 1339 թվականին Լաուպենի ճակատամարտում Ֆրիբուրգը նույնիսկ անցել է Բեռնի կողմը[8]։ Այդ ճակատամարտից հետո Բեռնի դիրքերը բավականին ամուր են եղել, և այդպիսի դաշինքները հաճախ ավարտվել են նրանով, որ մյուս կողմը կախվածության մեջ է եղել Բեռնից, ինչպես դա եղավ, օրինակ, Բուրգդորֆի կամ կամ Պայերնի հետ[9]։

Այդ ժամանակ արտաքին վտանգ առաջացավ հանձինս գուգլերների՝ Անգլիայից և Ֆրանսիայից բերված կողոպտիչ վարձկան ասպետների, որոնք ձևավորվել էին Հարյուրամյա պատերազմի արդյունքում և պարտություն են կրել 1375 թվականի դեկտեմբերին Բեռնի առաջնորդությամբ[10]։

Կոնսոլիդացիա[խմբագրել | խմբագրել կոդը]

1364 թվականին Շվիցը վերանվաճել է Ցուգ քաղաքն ու շրջանը և հաջորդ տարի վերականգնել է դաշինքը։ 1380-ական թվականներին Լյուցեռնն ագրեսիվորեն ընդլայնել է իր տարածքը՝ գրավելով Վոլհուզենը՝ հավակնելով ինքնիշխանության Էնթլեբուխի հովտում և Հաբսբուրգյան Զեմպախ քաղաքի նկատմամբ։ Ի պատասխան՝ Լեոպոլդ III-ն իր բանակով Զեմպախի մոտ 1386 թվականին կռվել է միության բանակի հետ, պարտվել և մահացել[2]։ Այդ իրադարձություններից հետո Գլարուսն իրեն հայտարարել է ազատ և 1387 թվականին հիմնել է իր առաջին Landsgemeinde-ը (տարածաշրջանային պրոտոխորհրդարան)։ 1388 թվականին Նեֆելսի ճակատամարտում Ալբրեխտ III-ի ավստրիական բանակը պարտություն է կրել դաշնակիցների բանակից և հաշտության պայմանագրի համաձայն դքսությունը ճանաչեց այդ կանտոնների, այդ թվում՝ Գլարուսի անկախությունը[2]։

Զեմպախի ճակատամարտը (1513 թվականի նկարազարդում)

Միության ընդարձակ դաշնային հիմքն ամրապնդվել է նրա մասնակիցների միջև կնքված լրացուցիչ համաձայնագրերով։ 1370 թվականին Pfaffenbrief-ում ստորագրած վեց կանտոնների համաձայնագիրը (բացառությամբ Բեռնի և Գլարուսի) առաջին անգամ նրանց բնութագրել է որպես տարածքային միաբանություն (unser Eydgnosschaft): Այդ փաստաթղթով նրանք ստանձնել են իշխանությունը եկեղեցու վրա՝ այն ենթարկելով իրենց աշխարհիկ օրենքներին։ Pfaffenbrief-ն արգելել է երկպառակությունը և կողմերը պարտավորվել են երաշխավորել խաղաղությունը Ցյուրիխից դեպի Սեն Գոթարդի լեռնանցք տանող ճանապարհին։ Միության բոլոր ութ անդամների կողմից (ներառյալ նրանց հետ կապված Զոլոտուրնը), 1393 թվականին ստորագրված Sempacherbrief-ով որոշում է կայացվել, որ նրանցից ոչ մեկը չպետք է միակողմանի պատերազմ սկսի առանց մյուսների ընդհանուր համաձայնության։

Սկսած 1401 թվականից, Կոնֆեդերացիաներն աջակցեցին Ապենցելի ապստամբությանը Սանկտ Գալենի աբբայության և Առաջավոր Ավստրիայի դուքս ու Տիրոլի կոմս Ֆրեդերիկ IV-ի դեմ։ 1411 թվականին Ապենցելը դարձել է միության պրոտեկտորատը, մեկ տարի անց դուքսի հետ կնքվել է հաշտության պայմանագիր 50 տարով։

Շվեյցարիան 1385 թվականին՝ Զեմպախի ճակատամարտից քիչ առաջ

1415 թվականին կայսր Սիգիզմունդը հայտարարել է Ֆրիդրիխ IV-ի շնորհազրկման մասին՝ Կոնստանցիայի ժողովում Հակապապ Հովհաննես XXIII-ին աջակցելու համար վրիժառությունից դրդված։ Նա նաև կոչ է արել մյուս տիրակալներին խլել նրա ունեցվածքը, այդ թվում էր Աարգաուն։ Այն բանից հետո, երբ Սիգիզմունդը ութ կանտոններին շնորհել է reichsfrei-ի կարգավիճակ և հրամանագիր է հրապարակել 1412 թվականի հաշտության պայմանագրի արգելքի մասին, դաշինքը նվաճել է Արգաուն[11]։ Տարածքի մեծ մասը բաժին է հասել Բեռնին, իսկ Բադենի կոմսությունը հետագայում կառավարվել է համադաշնության կողմից որպես ընդհանուր սեփականություն մինչև 1798 թվականը։ Հաբսբուրգներին մնացել է միայն Ֆրիկտալը։

Վալեում կրկին հակամարտություն է սկսվել Սիոնի եպիսկոպոսի և Սավոյի դքսության միջև, որը 1301 թվականին հանգեցրել է տարածաշրջանի ազդեցության գոտիների բաժանմանը (եպիսկոպոսը վերահսկել է վերին Վալեն, իսկ Սավոյը՝ ստորին մասը)։ Երկու անգամ սավոյացիները ժամանակավորապես գրավել են ամբողջ Վալեն, բայց երկու անգամ էլ վերջնականապես ջախջախվել են։ 1361 և 1391 թվականների երկու հաշտության պայմանագրերը վերականգնել են 1301 թվականի ստատուս քվոն։ Այդ պայքարի արդյունքում՝ մոտ 1355 թվականին, վերին Վալեի գյուղերը կազմակերպվեցին Յոթ տասներորդականների դաշինքի մեջ՝ այդ պատերազմներից հետո դառնալով հիմնականում անկախ, ինչպես Eidgenossenschaft-ի կանտոնները։ Գրաուբյունդենում, որն այդ ժամանակ կոչվում էր Չուրվալհեն, Կուրի եպիսկոպոսը և բազմաթիվ տեղացի ազնվական ընտանիքներ պայքարում էին տարածաշրջանի վերահսկողության համար՝ իր բազմաթիվ ալպյան լեռնանցքներով։ 14-րդ դարի ընթացքում առաջացել են ազատ կոմունաների երեք լիգաներ՝

  • 1367 թվականին Քուրի և Էնգադինի շրջանում առաջացավ Աստծո տան լիգան, երբ 1367 թվականին Կուրսկի եպիսկոպոս Ժան դե Վիենը ծրագրել է իր թեմի կառավարումը փոխանցել Հաբսբուրգներին[12]։ Լինան վճարել է եպիսկոպոսի պարտքը և հաջորդ տասնամյակների ընթացքում մեծացրել իր վերահսկողությունը եպիսկոպոսական իշխանությունների աշխարհիկ վարչակազմի վրա, մինչև որ 1452 թվականին տապալել է եպիսկոպոսի գահապահին։
  • 1395 թվականին Հռենոսի վերին հովտում վանահայր Դիզենտիսի գլխավորությամբ ստեղծվել է «Գորշ լիգան», որը ներառել է գյուղացիական կոմունաներ և ազնվականներ՝ ձիերին երկպառակչական պատերազմների մեջ ներգրավելու նպատակով[13]։ 1424 թվականին այստեղ գերակշռել են ազատ համայնքները և ընդունվել է ավելի ժողովրդավարական հրովարտակ։
  • Տասը համայնքների լիգա[14]։

Հետագա ընդլայնում[խմբագրել | խմբագրել կոդը]

15-րդ դարի երկրորդ կեսին կոնֆեդերացիան էլ ավելի է ընդլայնել իր տարածքը։ Հյուսիսում նախկին հաբսբուրգյան քաղաքները՝ Շաֆֆհաուզենը և Շտայն ամ Ռայնը, դարձել են ռեյխսֆրեյններ 1415 թվականին Ֆրիդրիխ IV-ի արգելքից հետո։ Խաղալով ռազմավարական կարևոր դեր (նրանք վերահսկում էին Հռենոսի երկու ամրացված կամուրջները Կոնստանցիայի և Բազելի միջև), նրանք կռվել են ոչ միայն հարևան Հեգաուի ավազակ բարոնների հետ, այլև ենթարկվել են Հաբսբուրգների ճնշմանը, ովքեր ձգտել են վերադարձնել կորցրածը։ 1454 թվականի հունիսի 1-ին Շաֆֆհաուզենը դարձել է համադաշնության ասոցիացված անդամ (Zugewandter Ort)՝ դաշինքի մեջ մտնելով ութ կանտոններից վեցի հետ (Ուրին և Ունտերվալդենը չմասնակցեցին պայմանագրի ստորագրմանը)։ Շվեյցարացիների օգնությամբ շուրջ 2000 հոգանոց հաբսբուրգյան բանակը հետ է մղվել Թայնգենից արևելք։ Շտայն-ամ-Ռայնը նմանատիպ դաշինք է կնքել 1459 թվականի դեկտեմբերի 6-ին։

Սանկտ Գալլեն քաղաքն իր ազատությունն է ստացել 1415 թվականին, բայց բախման մեջ է եղել վանահոր հետ, ով ձգտել է ենթարկել իր իշխանությանը։ Բայց Հաբսբուրգների դուքսերը ոչ մի կերպ չեն կարողացել աջակցել դրան և 1451 թվականի օգոստոսի 17-ին աբբայությունը դարձավ համադաշնության պրոտեկտորատ[15]։ Քաղաքը որպես ասոցացված պետություն ընդունվել է 1454 թվականի հունիսի 13-ին։ Ֆրիբուրգը 1440-ական թվականներին անցել է Սավոյի դուքսի տիրապետության տակ, 1452 թվականին նա վերջնականապես ճանաչել է նրան որպես իր տիրակալ։ Բայց երկու տարի անց նա դաշինք է կնքել Բեռնի հետ և դարձել միության ասոցացված անդամ։ Հաբսբուրգներին պատկանող Ռոթվայլը և Մյուլուզը նույնպես դիմել են Eidgenossen-ին օգնության համար՝ Ռոթվայլը դարձել է նրա դաշնակիցը 1463 թվականի հունիսի 18-ին, իսկ Մյուլուզը՝ 1466 թվականի հունիսի 17-ին՝ դաշինք կնքելով Բեռնի և Զոլոտուրնի հետ)։ Ռապպերսվիլը, որը նախկինում Հաբսբուրգների անկլավն է եղել միության տարածքում և գտնվել է Ցյուրիխ լճի ափին, վերապրել է 1458 թվականի պետական հեղաշրջումը, որի արդյունքում 1464 թվականին դարձել է Շվեյցարիայի պրոտեկտորատ։

1460 թվականին Ավստրիայի դուքս Սիգիզմունդը պայքարի մեջ էր մտել Պիոս II պապի հետ Տիրոլում եպիսկոպոսի նշանակման համար։ Երբ դուքսը վտարվել է պապի կողմից, համադաշնություններն այդ տարվա աշնանը գրավեցին Թուրգաուն և Զարգանսը, որոնք դարձել են Ցյուրիխի, Լյուցեռնի, Ուրիի, Շվիցի, Ունտերվալդենի, Ցուգի և Գլարուսի կանտոնների համատեղ սեփականությունը։

Շվեյցարացիները նույնպես շահագրգռված են եղել ընդլայնել իրենց ազդեցությունը Ալպերից հարավ, որպեսզի ապահովեն առևտրային ճանապարհը Սեն Գոթարդի լեռնանցքով դեպի Միլան։ 1331 թվականից նրանք փորձել են ազդեցություն ունենալ խաղաղ առևտրային պայմանագրերի միջոցով, սակայն 15-րդ դարում սկսվել են ռազմական գործողություններ։ 1403 թվականին լեռնանցքից հարավ գտնվող Լևենտինա հովտի վերին մասը դարձել է Ուրիի պրոտեկտորատը։ Մեկ դար շարունակ փոփոխական պայքար է սկսվել Շվեյցարիայի և Միլանի դքսության միջև, որի արդյունքում Լևենտինան մնացել է միության կազմում։

Բուրգունդյան պատերազմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուգունդյան դքսությունը 1477 թվականին

Բուրգունդիայի դուքս Կարլոս Խիզախի ագրեսիվ արտաքին քաղաքականությունը նրան մղել է պատերազմի Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս XI-ի և կայսր Ֆրիդրիխ III-ի հետ։ Նրանց կողմն է անցել նաև Շվեյցարական միությունը, ինչին նպաստել է Բազելի, Ստրասբուրգի և Մյուլուզի դեմ բուրգունդյան էմբարգոյի քաղաքականությունը և 1469 թվականին դուքսի և էրցհերցոգ Սիգիզմունդի միջև կնքված Սենտ Օմերյան պայմանագիրը, որի համաձայն վերջինս վաճառել է Առաջավոր Ավստրիայում իր ունեցվածքի մեծ մասը 50 հազար գուլդենի դիմաց։

Շվեյցարիան 1474 թվականին

Հակամարտության գագաթնակետը ծավալվել է 1474 թվականին, երբ ավստրիական դուքս Սիգիզմունդը Կոնստանցում կնքել է հաշտության պայմանագիր համադաշնությունների հետ (հետագայում կոչվեց Ewige Richtung): Շվեյցարացիների, էլզասցի քաղաքաբնակների և Սիգիզմունդի զինվորների միացյալ բանակը նվաճել է Բուրգունդյան Յուրան (Ֆրանշ Կոնտե), իսկ մեկ տարի անց Բեռնը Սավոյի դուքսից իր կողմն է գրավել Վոն, որը դաշնակցել է բուրգունդացիների հետ։ Յոթ տասներորդը, 1475 թվականի նոյեմբերից հետո, բեռնացիների և այլ համադաշնությունների օգնությամբ, սավոյացիներին դուրս մղեց ստորին Վալեից։ Կառլ Համարձակը շվեյցարացիների հետ դիմակայությունում կրել է երեք պարտություն (Գրանդսոնից, Մուրտենից և Նանսիից, որոնցից վերջինում նա սպանվեց)։ Շվեյցարացիների մոտ այդ իրադարձությունն իր արտացոլումն է գտել հետևյալ ասացվածքում․ «Կարլոս Խիզախը կորցրել է իր ունեցվածքը Գրանսոնում, իր քաջությունը՝ Մուրտենում, իսկ արյունը՝ Նանսիում» («Bi Grandson s’Guet, bi Murte de Muet, bi Nancy s’Bluet» (hät de Karl de Küeni verloore)).[16]

Պատերազմի արդյունքում Բուրգունդիայի դքսությունը դադարել է գոյություն ունենալ՝ բաժանվելով Ֆրանսիայի և Սուրբ Հռոմեական կայսրության միջև։ Արդեն 1476 թվականին Բեռնը Վոն վերադարձրել է Սավոյի դուքսին՝ 50 000 գուլդեն փրկագնի դիմաց, իսկ երեք տարի անց Ֆրանշ Կոնտեի նկատմամբ իր իրավունքները վաճառել է Լյուդովիկոս XI-ին՝ 150 000 գուլդենի դիմաց։ Համադաշնությունները պահպանեցին միայն փոքր տարածքներ Յուրա լեռներից դեպի արևելք, հատկապես Գրանսոն և Մուրտեն քաղաքները, որոնք ենթակա են եղել Բեռնին և Ֆրիբուրգին։ Այնուամենայնիվ, ամբողջ Վոն մնացել է անկախ, միայն 1536 թվականին Բեռնը կրկին նվաճել է այն։ Թեև Բուրգունդյան պատերազմները Շվեյցարիայի Համադաշնությանը փոքր տարածքային նվաճումներ են տվել, դրանք ընդգծել են շվեյցարացի վարձկանների աճող արժեքը Եվրոպայի ժողովուրդների համար։

Վարձկանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսիացի ժանդարմի ընդհարումը շվեյցարացիների հետ Մարինյանոյի ճակատամարտում։ Նոել Բելմարի մանրանկարչությունը Ցիցերոնի ճառերի հրատարակության համար, 1529-1530

Բուրգունդյան պատերազմներից անմիջապես հետո առանձին կանտոններ կնքել են վարձկանության պայմանագրեր, այսպես կոչված, «կապիտուլյացիաներ», բազմաթիվ կողմերի հետ, այդ թվում՝ Հռոմի պապի հետ՝ Շվեյցարիայի պապական գվարդիան հիմնադրվել է 1505 թվականին և սկսել գործել հաջորդ տարվանից[17]։ Լրացուցիչ պայմանագրեր են կնքվել եվրոպական շատ երկրների հետ, այդ թվում՝ Ֆրանսիայի (շվեյցարական գվարդիա), Սավոյի դքսության և Ավստրիայի հետ։ Շվեյցարացի վարձկանները սկզբում կարևոր, իսկ հետո երկրորդական դեր են խաղացել եվրոպական մարտադաշտերում մինչև 18-րդ դարը[18]։

Շվեյցարական զորքերը շուտով ներգրավվել են Վալուայի և Հաբսբուրգների միջև հյուսիսային Իտալիայի վերահսկողության համար մղվող իտալական պատերազմների մեջ։ 1500 թվականին Կոնֆեդերացիաները գրավել են ռազմավարական նշանակություն ունեցող Բելինցոնա ամրոցը, որը Միլանը կառավարող Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս XII-ը վերջնականապես զիջել է նրանց 1503 թվականին։ 1512 թվականից Կոնֆեդերացիաները Հռոմի պապ Հուլիոս II-ի և նրա դաշնակիցների կողմից կռվել են ֆրանսիացիների դեմ Ալպերից հարավ գտնվող տարածքներում։ Նախնական հաջողություններից և Միլանի տարածքի զգալի մասը գրավելուց հետո նրանք լիովին ջախջախվել են ֆրանսիական բանակից 1515 թվականին Մարինյանոյի ճակատամարտում, որն էլ վերջ է դրել Շվեյցարական միության ռազմական արշավներին։ Դրա հետևանքն է եղել Տիչինոյի գրավումը որպես համադաշնության ընդհանուր վարչական շրջան և Ադդա հովիտի (Վալտելլինա, Բորմիո և Կիավենա) օկուպացումը, որը կախման մեջ է եղել Գրաուբյունդենից մինչև 1797 թվականը, Երեսնամյա պատերազմի ընթացքում կարճ ընդմիջումով։

Տասներեք կանտոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուրգունդյան պատերազմներին մասնակցած Ֆրիբուրգը և Զոլոտուրնը պատերազմի ավարտից հետո ցանկացել են միանալ կոնֆեդերացիային, որը կշեռքի նժարը թեքել է քաղաքային կանտոնների օգտին։ 1477 թվականին գյուղական կանտոնները ի նշան բողոքի արշավել են քաղաքներ։

Շտանսում 1481 թվականին տեղի է ունեցել Tagsatzung՝ խնդիրները լուծելու համար, սակայն պատերազմն անխուսափելի է թվացել։ Որոշվել է խորհուրդ ստանալ Ֆլյուեցի ճգնավոր՝ Նիկոլայից, որը խնդրել է իր անունից հաղորդագրություն փոխանցել Tagsatzung-ի անդամներին։ Մանրամասները մինչ օրս անհայտ են մնում, բայց հաղորդագրությունը հանգստացրել է տրամադրությունը և հանգեցրել Շտանսի պայմանագրի մշակմանը Ֆրիբուրգի և Սոլոտուրնի համադաշնություն ընդունելու վերաբերյալ։ Գրաուբունդենի լիգաների և կոնֆեդերացիայի որոշ կանտոնների միջև առանձին երկկողմանի պայմանագրերից հետո, որոնք գոյություն են ունեցել 15-րդ դարի սկզբից, Երեք լիգաների ֆեդերացիան, որպես ամբողջություն, դարձել է համադաշնության ասոցացված պետություն՝ 1498 թվականին ամենաարևելյան յոթ կանտոնների հետ դաշնակցային պայմանագրեր կնքելով։

Նամականիշ՝ նվիրված Վորմսի Ռեյխստագին։ Գերմանիա, 1995 թվական

Երբ Կոնֆեդերացիաները հրաժարվել են ընդունել Վորմսի Ռեյխստագի որոշումը կայսերական բարեփոխում իրականացնելու մասին 1495 թվականին, չորս տարի անց պատերազմ է սկսվել նրանց և Շվաբյան լիգայի ու ՍՀԿ միության միջև։ Շաֆֆհաուզենում, ավստրիական Ֆորարլբերգում և Գրաուբյունդենում մարտական գործողություններն ավարտվել են Դորնախի մոտ տեղի ունեցած գլխավոր ճակատամարտով, որտեղ կայսերական զորքերը ջախջախվել են։ 1499 թվականի սեպտեմբերին Բազելում կնքվել է հաշտության պայմանագիր, որը հաստատել է միության փաստացի անկախությունը կայսրությունից (1500 թվականին այն ներառված չի եղել կայսերական օկրուգների համակարգում), թեև անունով այն շարունակել է մնալ Սուրբ Հռոմի կայսրության մաս, մինչև երեսնամյա պատերազմի ավարտը։ Որպես Շվաբյան պատերազմի անմիջական հետևանք՝ 1501 թվականին նախկինում ասոցացված քաղաք-պետությունները՝ Բազելը և Շաֆֆհաուզենը միացել են համադաշնությանը[3]։ 1513 թվականին Ապենցելի կանտոնը հետևել է այդ օրինակին՝ դառնալով միության տասներեքերորդ անդամը[3]։ Համադաշնության (Zugewandte Orte) գործընկերներն են եղել Սանկտ Գալլեն, Բիլ, Մյուլուզ և Ռոտվայլ քաղաքները, ինչպես նաև Գրաուբյուդենի երեք լիգաները, Վալեն ասոցացված անդամ է դարձել 1529 թվականին։

Տիչինոյի և Վալտելլինայի գրավում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիչինոյի տարածաշրջանը բաղկացած է եղել մի քանի քաղաք-պետություններից, որոնք գտնվել են համանուն գետի առափնյա հատվածում։ Նվաճումից հետո այն բաժանվել է Տիչինոյի չորս բեյլիվիկի (Վալլե դի Մաջիա, Լոկառնո, Լուգանո և Մենդրիզիո), որոնք 1512 թվականից հետո գտնվել են 13 կանտոնների համատեղ կառավարման ներքո։ Այդ շրջանը ներառել է նաև մի քանի այլ տարածքներ, որոնք պատկանել են մեկ կամ մի քանի կանտոնների։ Դրանք ներառել են Բելինցոնի, Բլենիոյի և Ռիվեի (պատկանում են Ուրիին, Շվիցին և Նիդվալդենին), ինչպես նաև Լևենտինի (պատկանում է Ուրին) և Վալ դ'Օսոլայի բեյլիվիկները։ Գոյություն են ունեցել նաև երեք լիգաների իտալախոս երեք մարզեր (Բորմիո, Վալտելինա և Կյավեննա), որոնք ներառված չեն եղել Տիչինոյի բեյլվիկների մեջ[19]։

1403-1422 թվականներին այդ հողերից մի քանիսը գրավվել են Ուրիի զորքերի կողմից, սակայն հետագայում Արբեդոյի ճակատամարտից հետո դրանք հետ են վերցվել, որից հետո շվեյցարական էքսպանսիան ժամանակավորապես դադարեցվել է, բայց տարածքում պահպանվել է դաշնային ազդեցությունը։ Ուրի կանտոնը 1440 թվականին նվաճել է Լևենտինայի հովիտը[20]։ Երկրորդ նվաճման ժամանակ Ուրին, Շվիցը և Նիդվալդենը 1500 թվականին ստացել են Բելինցոնա քաղաքը և Ռիվիերան[20]։ Երրորդ նվաճումն իրականացրել են ամբողջ Համադաշնության (այն ժամանակ 12 կանտոններից բաղկացած) զորքերը։ 1512 թվականին միացվել են Լոկառնոն, Մաջիա հովիտը, Լուգանոն և Մենդրիզիոն։ Հետագայում Տիչինո գետի վերին հովիտը, Սեն Գոթարդից մինչև Բիասկա քաղաքը (Լևենտինի հովիտ), մտել են Ուրի կանտոնի մեջ։

Մնացած տարածքըները (Baliaggi Ultramontani, Ennetbergische Vogteien, Bailiwicks Beyond the Mountains) գտնվել են Տասներկու Կանտոնների կառավարման ներքո։ Այդ շրջանները կառավարվել են դատական կարգադրիչների կողմից, որոնք պաշտոնավարել են երկու տարի և դրանք գնել Լիգայի անդամներից[20]։

Շվեյցարիան 1536 թվականին

Որոշ հողեր և Բելինցոնա քաղաքը բռնակցվել են Ուրիին 1419 թվականին, բայց 1422 թվականին դրանք հետ են վերցվել։ 1499 թվականին Բելինցոնայում միլանցիների տիրապետության գրեթե մեկուկես դարն ավարտվել է Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս XII-ի Միլան ներխուժմամբ։ Նա գրավել է քաղաքը, սակայն վախենալով շվեյցարացիների հարձակումից, հազար հոգանոց կայազորով ամրացրել է Կաստելգրանդը[21]։ 1499 և 1500 թվականների ամբողջ ձմռանը Բելինցոնայում անկարգություններ սկսվեցին մինչև ապստամբ բնակչությունը վտարեց ֆրանսիացիներին։ Լոդովիկո Սֆորցայի գերությունից և մահապատժից հետո ապրիլի 14-ին Բելինցոնան միացավ համադաշնությանը։ Բելինցոնան մնաց Ուրիի, Շվիցի և Նիդվալդենի համատեղ կառավարման ներքո մինչև 1798 թվականը՝ Հելվետական Հանրապետության ստեղծումը։

1433-1438 թվականներին Միլանի դուքս Ալոիզիո Սանսվերինոն վերահսկոել են Լուգանոն իր հետնորդների միջոցով, մինչև 1499 թվականի ֆրանսիական արշավանքը, երբ ապստամբություններն ու խռովությունները ցնցել են տարածաշրջանը[22]։

Սոցիալական զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոտավորապես 13-րդ դարում սկսված իրադարձությունները մեծ ազդեցություն են ունեցել հասարակության վրա։ Աստիճանաբար ճորտ բնակչությունը վերածվել է ազատ գյուղացիների և քաղաքաբնակների։ Ժամանակակից չափանիշներով փոքր քաղաքներում (Բազելն ունեցել է մոտ 10000 բնակիչ[23], Ցյուրիխը, Բեռնը, Լոզանը և Ֆրիբորգը՝ յուրաքանչյուրը մոտ 5000 հազար) զարգացումը բնական է եղել, քանի որ շատ շուտով տերերը քաղաքներին որոշակի ինքնավարություն են շնորհել, մասնավորապես, ներքին կառավարումը։ Այդ ընթացքում աճել է նաև քաղաքների թիվը։ 1200 թվականին եղել է մոտ 30 քաղաք։ Մեկ դար անց՝ 1300 թվականին, եղել են ավելի քան 190 փոխկապակցված քաղաքներ[24]։ 14-րդ դարի սկզբին քաղաքներում արհեստավորները սկսել են ստեղծել գիլդիաներ, որոնք հաճախ իրենց վրա են վերցրել քաղաքական վերահսկողությունը, հատկապես Հռենոս գետի երկայնքով գտնվող քաղաքներում, ինչպիսիք են Էլզասը, Բազելը, Շաֆֆհաուզենը, Ցյուրիխը կամ Քուրը (բայց ոչ Բեռնում, Լյուցեռնում կամ գերմանական Ֆրանկֆուրտում, որտեղ ավելի հզոր և ուժեղ արիստոկրատիան կանխել է նման զարգացումը)։ Գիլդիաների կողմից ղեկավարվող քաղաքներն ունեցել են համեմատաբար ժողովրդավարական կառուցվածք՝ քաղաքային խորհուրդներ ընտրված քաղաքացիների կողմից։

Գյուղական վայրերում տեղի բնակչությունը ավելի քիչ ազատություն է ունեցել, սակայն որոշ տեղական ֆեոդալներ նպաստել են հեռավոր շրջանների գաղութացմանը՝ որոշակի արտոնությունների տրամադրման միջոցով[24]։ Հայտնիներից է եղել 14-րդ դարի որոշ հովիտների գաղութատիրական շարժումը Վալեից մինչև Գրաուբյունդեն։ Շուտով լեռնաշխարհում զարգացել է ընդհանուր դաշտերի, լեռների և անտառների համայնքային կառավարումը (վերջինս կարևոր դեր է խաղացել ձնահոսքերից պաշտպանվելու գործում), իսկ հովիտներում գտնվող համայնքները սկսել են սերտորեն համագործակցել և գնել ազնվական հողատերերի ունեցվածքը կամ պարզապես զրկել նրանց իրավունքներից։ Landsgemeinden-ի տարածքային խորհրդարանները ստեղծվել են ընդհանուր համայնքները կառավարելու համար։ Նրանք նաև ծառայել են որպես բարձրագույն դատարան և ընտրել են ներկայացուցիչներ (Landmanan)։

Երբ ազատ ֆերմերները տեղափոխվել են լեռնային հովիտներ, հնարավոր է դարձել լեռնանցքների կառուցապատումն ու սպասարկումը։ 12-րդ և 13-րդ դարերում դեպի Գրաուբյունդեն և Վալե անցումները ընդլայնվել են և զարգացել, ինչը նպաստել է վալզերների գաղթին։ Գոթարդի լեռնանցքն առաջին անգամ բացվել է մոտավորապես 12-րդ դարում, իսկ 1236 թվականին կոչվել է Բավարիայի Սուրբ Գոդեգարդի անվամբ։ Մոտակա լեռնային հովիտներում բնակչության աճի հետ մեկտեղ ճանապարհները շարունակել են ընդլայնվել։ Ավելի մատչելի և անվտանգ ճանապարհների, ինչպես նաև ենթակառուցվածքների զարգացման շնորհիվ զարգացել է միջազգային առևտուրը լեռնային հովիտներում և Շվեյցարիայում[24]։

Չնայած և՛ աղքատ, և՛ հարուստ քաղաքացիները կամ գյուղացիներն ունեցել են նույն իրավունքները (թեև ոչ նույն կարգավիճակը), բայց ոչ բոլոր մարդիկ են եղել հավասար։ Գյուղում կամ քաղաքում ներգաղթյալները քաղաքական իրավունքներ չեն ունեցել և կոչվել են Hintersassen։ Գյուղական բնակավայրերում նրանք ստիպված են եղել վճարել համայնքային հողերի օգտագործման համար։ Նրանց հավասար իրավունքներ են տրվել միայն քաղաքացիություն ստանալուց հետո, ինչը հարստության և ժամանակի խնդիր է եղել[25]։

Քաղաքները վարել են էքսպանսիոնիստական տարածքային քաղաքականություն գյուղական շրջանների նկատմամբ վերահսկողություն ձեռք բերելու համար՝ օգտագործելով ռազմական հզորություն կամ ավելի նուրբ միջոցներ, ինչպիսիք են՝ փրկագին վճարելը կամ ընդունել նոր հպատակների, որպես իրենց քաղաքացիներ (և դրանով իսկ ազատելով նրանց սենյորների իշխանությունից)։ Քաղաքները կուսակալներ են նշանակել վարչակազմը ղեկավարելու համար, բայց դա միայն հանգեցրել է գյուղերի համայնքային ինքնավարության սահմանափակմանը։ Գյուղացիները տնօրինել են իրենց հողերը, գյուղերը շարունակել են տնօրինել իրենց ունեցվածքը, իսկ գյուղացիները մասնակցել են քաղաքային արբիտրաժային դատարանի ժյուրիի կազմում։ Սակայն նրանք պետք է զինվորական ծառայություն կատարեին քաղաքում, որը, մյուս կողմից, ներառել է զենք ունենալու և կրելու իրավունքը։

15-րդ դարի երկրորդ կեսին Բազելը դարձել է բարձրագույն կրթության և գիտության կենտրոն։ 1431-1447 թվականներին քաղաքը հյուրընկալել է Ֆերրարո Ֆլորենցիայի տաճարի թեմականներին, իսկ 1460 թվականին հիմնադրվել է համալսարան, որը ժամանակի ընթացքում իր կողմն է գրավել բազմաթիվ հայտնի մտածողների, ինչպիսիք են Էրազմ Ռոտերդամցին կամ Պարացելսը։

Քաղաքական կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Շվեյցարական միության ընդլայնումը 1291թվականից մինչև 1797 թվականը

Սկզբում Eidgenossenschaft-ը միավորված չի եղել մեկ դաշնագրով, այլ ավելի շուտ համընկնող դաշնագրերի և տարբեր մասնակիցների միջև կնքված նվազագույն պարտավորություններով երկկողմանի պայմանագրերի մի ամբողջ շարքով։ Կողմերը, ընդհանուր առմամբ, պայմանավորվել են պահպանել խաղաղությունն իրենց տարածքներում, օգնել միմյանց պատերազմական պայմաններում և ստեղծել են արբիտրաժ՝ վեճերի առաջացման դեպքում դրանց լուծման նպատակով։ 1393 թվականի Sempacherbrief-ն առաջին պայմանագիրն է, որը միավորել է բոլոր ութ կանտոնները, որը հետագայում դարձել է յուրահատուկ դաշնային համաձայնագիր։ Երկրորդ միավորող պայմանագիրը դարձել է 1481 թվականին ստորագրված Stanser Verkommnis-ը։

15-րդ դարում սկսել է գործել Tagsatzung դաշնային խորհրդարանը, որը գումարվել է տարին մի քանի անգամ։ Յուրաքանչյուր կանտոն պատվիրակել է երկու ներկայացուցիչ, սովորաբար դա ընդգրկել է նաև ասոցիացված իրավիճակները։ Սկզբում ժողովը նախագահել է կանտոնը, որտեղ հավաքվել են պատվիրակները, սակայն 16-րդ դարում Ցյուրիխը դարձել է մշտական նախագահ («Vorort») և և Բադենը դարձել է նստաշրջանային ծով[26]։

Tagsatzung-ը վարել է բոլոր միջկանտոնային գործերը, ինչպես նաև ծառայում որպես վերջնական արբիտրաժային դատարան՝ անդամ պետությունների միջև վեճերը լուծելու կամ որոշում կայացնելու պատժամիջոցների մասին անդամների անհամաձայնության դեպքում, ինչպես եղեղել է Հին ցյուրիխյան պատերազմի ժամանակ։ Նա կազմակերպել և վերահսկել է նաև այնպիսի համայնքների կառավարումը, ինչպիսիք են Բադենի կոմսությունը, Ֆրայամտը, Թուրգաուն Հռենոսի հովտում Բոդենի լճի և Քուրի միջև կամ Տիչինոյում։ Այդ համայնքների կառավարիչները պատվիրակվել են երկու տարով, ամեն անգամ նշանակումը կատարվել է տարբեր կանտոնների կողմից։

Չնայած իր ոչ պաշտոնական բնույթին, «Tagsatzung»-ը կարևոր գործիք է եղել խնդիրների լուծման համար և կարևոր դեր խաղացել կանտոնների միջև միասնության զարգացման գործում, որոնք աստիճանաբար իրենց դրսևորել են որպես «Eidgenossenschaft»:

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանտոնների բնակչությունը 15-րդ դարում կազմել է մոտ 600 հազար մարդ, իսկ 16-րդ դարում այն հասել է 800 հազարի։ Միայն որոշ ցածրադիր շրջաններ են ապահովված եղել իրենց սեփական հացահատիկով, շրջանների մեծ մասը կախված է եղել վարսակի, գարու կամ ցորենի ներմուծումից։ Ալպերում, որտեղ հացահատիկի բերքատվությունը կլիմայական պայմանների պատճառով միշտ ցածր է եղել, հողագործությունից անցում է կատարվել կովի կաթից պանրի և կարագի արտադրությանը։ Երբ ճանապարհներն ավելի բարեկարգ ու անվտանգ են դարձել, առևտուրը քաղաքների հետ բուռն զարգացում ապրեց։

Քաղաքները եղել են առևտրի կարևոր կենտրոններ, որոնք գտնվել են Ալպերի գլխավոր ճանապարհների վրա։ Զարգացել է նաև տեքստիլ արտադրությունը, որի կենտրոնն է եղել Սանկտ Գալլենը։ Պանիրը նույնպես համարվել է արտահանվող հիմնական ապրանքներից մեկը։ Շվեյցարական քաղաքների արտահանումը հասել է Լևանտ կամ Լեհաստան։

15-րդ դարի վերջում վարձկանությունը նույնպես դարձել է կարևոր տնտեսական գործոն։ Reisläuferei-ն, ինչպես կոչվել է վարձկանների ծառայությունը, գրավել է բազմաթիվ երիտասարդ արկածախնդիրների, ովքեր դա համարել են հարաբերական աղքատությունից փրկվելու միջոց։ Ծառայությունները վճարվել են ոչ միայն վարձկանների համար, այլև նրանց ներքին կանտոնների համար և ընթացակարգը, որն այդ ժամանակ արդեն լրջորեն քննադատվել է մարդկային ռեսուրսների լուրջ սպառման համար, ավելի տարածված է եղել գյուղական կանտոնների երիտասարդ գյուղացիների շրջանում։

Առասպելներ և լեգենդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրադարձությունները, որոնք ներկայացվում են Վիլյամ Տել սագայում, որոնք ենթադրաբար տեղի են ունեցել 1307 թվականին, չեն հաստատվում պատմական ապացույցներով։ Այդ պատմությունը, ինչպես նաև դրա հետ կապված Rütlischwur-ի պատմությունը (Ռյութլիի երդում, Լյուցեռն լճի վերևում գտնվող մարգագետնում), կարծես թե իր սկիզբն է առնում 1470 թվականի ժողովրդական հեքիաթների ժողովածուից՝ Weisse Buch von Sarnen-ից[27]։

Առնոլդ ֆոն Վինկելրիդի մասին լեգենդը, ով Զեմպախի ճակատամարտի ժամանակ նետվել է ավստրիական հետևակի նիզակների դեմ և դրանով իսկ ճեղքել նրանց շարքերը, նույնպես առաջին անգամ հիշատակվում է 16-րդ դարում[28]։ Ճակատամարտի վերաբերյալ ավելի վաղ գրառումներում նրա սխրանքի մասին չի նշվում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Coolidge, William Augustus Brevoort (1911). «Switzerland:History § Origins» . In Chisholm, Hugh (ed.). Encyclopædia Britannica (անգլերեն). Vol. 26 (11th ed.). Cambridge University Press. էջ 247.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Coolidge, William Augustus Brevoort (1911). «Switzerland: History § Shaking off the Habsburgs» . In Chisholm, Hugh (ed.). Encyclopædia Britannica (անգլերեն). Vol. 26 (11th ed.). Cambridge University Press. էջեր 248–250.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 History and Creation of the Confederation to 1353
  4. cited after Ernst Ludwig Rochholz,, Tell und Gessler in Sage und Geschichte. Nach urkundlichen Quellen (1877), p. 119.
  5. for an English translation see William Denison McCrackan, The rise of the Swiss republic. A history (1892), p. 107.
  6. W. Meyer et al., Die bösen Türnli: Archäologische Beiträge zur Burgenforschung in der Urschweiz, Schweizer Beiträge zur Kulturgeschichte und Archäologie des Mittelalters, vol 11, Schweizerischer Burgenverein, Olten / Freiburg i.Br. 1984, pp. 192—194.
  7. Glauser, T.: 1352 — Zug wird nicht eidgenössisch Արխիվացված 2004-08-27 Wayback Machine, State archive of the Canton of Zug; Tugium 18, pp. 103—115; 2002. (PDF file, 359 Kilobyte; in German).
  8. Rickard, J (2000 թ․ հոկտեմբերի 4). «Battle of Laupen, 21 June 1339». Վերցված է 2009 թ․ փետրվարի 5-ին.
  9. Burgdorferkrieg․ Kyburgerkrieg․ Version vom: 10.04.2003․ Autorin/Autor: Anne-Marie Dubler
  10. Tuchman, Barbara W. (1978). A Distant Mirror: The Calamitous 14th Century. Ballantine Books. էջեր 278. ISBN 0-345-34957-1.
  11. Aargau․ Version vom: 06.02.2018, Autorin/Autor: Andreas Steigmeier
  12. Gotteshausbund․ Version vom: 19.12.2007․ Autorin/Autor: Martin Bundi
  13. Grauer Bund, Oberer Bund, Version vom: 14.01.2010, Autorin/Autor: Martin Bundi
  14. Zehngerichtenbund․ Version vom: 25.01.2015․ Autorin/Autor: Martin Bundi
  15. Coolidge, William Augustus Brevoort (1911). «St Gall» . In Chisholm, Hugh (ed.). Encyclopædia Britannica (անգլերեն). Vol. 24 (11th ed.). Cambridge University Press. էջ 4.
  16. The Burgundy Wars․ Sieber-Lehmann, C.; January 18, 2005.
  17. History of the Pontifical Swiss Guards Official Vatican web page, Roman Curia, Swiss Guards, retrieved February 9, 2009
  18. Information from the Glacier Garden in Lucerne Արխիվացված 2009-03-05 Wayback Machine accessed 9 February 2009
  19. Italian Bailiwicks
  20. 20,0 20,1 20,2 Coolidge, William Augustus Brevoort (1911). «Ticino (canton)» . In Chisholm, Hugh (ed.). Encyclopædia Britannica (անգլերեն). Vol. 26 (11th ed.). Cambridge University Press. էջեր 933–934.
  21. Official Site-Bellinzona joins the Confederation Արխիվացված 2009-05-01 Wayback Machine accessed July 17, 2008
  22. Lugano – During the Middle Ages
  23. Basel City, Population․ Autorin/Autor: Bernard Degen
  24. 24,0 24,1 24,2 Niklaus Flüeler; Roland Gfeller-Corthésy (1975). Die Schweiz vom Bau der Alpen bis zur Frage nach der Zukunft: ein Nachschlagewerk und Lesebuch, das Auskunft gibt über Geographie, Geschichte, Gegenwart und Zukunft eines Landes (գերմաներեն). Migros-Genossenschafts-Bund. էջ 88. Վերցված է 2010 թ․ հունիսի 2-ին.
  25. Holenstein, A.: Hintersassen; September 5, 2005
  26. Tagsatzung; Würgler, A.: September 1, 2004
  27. Bergier, Jean-François (1990). Wilhelm Tell: Realität und Mythos. München: Paul List Verlag. էջ 63. ISBN 3-471-77168-9.
  28. Swissworld.org Confederate victories undermine the power of the nobility accessed 5 February 2009

Լրացուցիչ գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Historical Dictionary of Switzerland (in German, French, Italian and Rumanch)
  • Luck, James M.: A History of Switzerland / The First 100,000 Years: Before the Beginnings to the Days of the Present, Society for the Promotion of Science & Scholarship, Palo Alto 1986. ISBN 0-930664-06-X.
  • Schneider, B. (ed.): Alltag in der Schweiz seit 1300, Chronos 1991; in German. ISBN 3-905278-70-7.
  • Stettler, B: Die Eidgenossenschaft im 15. Jahrhundert, Widmer-Dean 2004; in German. ISBN 3-9522927-0-2.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]