Նանսիի ճակատամարտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նանսիի ճակատամարտ
RenéDeux.jpg
'
Թվական հունվարի 5, 1477
Հակառակորդներ
Հրամանատարներ

Նանսիի ճակատամարտ, Բուրգունդյան պատերազմների վճռորոշ ճակատամարտ, տեղի է ունեցել 1477 թվականի հունվարի 5-ին Լոթարինգիայի մայրաքաղաք Նանսիի մոտ` Ֆրանսիայի կողմից աջակցվող շվեյցարա-լոթարինգյան և Բուրգունդիայի դուքս Կարլոս Խիզախի զորքերի միջև: Վերջինս ձգտում էր իր տիրույթների միավորման համար (Նիդերլանդներ և Բուրգունդական դքսություն) գրավել Լոթարինգիան և ստեղծել ինքնուրույն թագավորություն: Մարտի արդյունքը որոշեցին շվեյցարացիները՝ բուրգունդական զորքերը ջախջախվեցին, իսկ Կարլոս Խիզախը սպանվեց:

Նանսիի ճակատամարտ. «Լլուցեռնական տարեգրություն» Դիբոլդ Շիլլինգ Կրտսեր (1515)

Զորքերի կազմը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուրգունդական բանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուրգունդական բանակի կորիզը հեծելազորն էր, որի կազմի մեջ էին մտնում ազնվանականության նշանավոր ներկայացուցիչներ՝ դուքսեր, կոմսեր, բարոններ, ասպետներ, մանր հողատերեր և այլ ապահավված մարդիկ, ովքեր կարող էին ձեռք բերել թանկարժեք զենք ու մարտական ձի: Բոլոր այդ զինվորները ստանում էին աշխատավարձ` ըստ իրենց աստիճանի:

Հետևակի մեծ մասը հավաքագրվել էր Ֆլանդրիայում ու Հոլանդիայում: Բուրգունդական բանակի զգալի մասը կազմում էին վարձկանները: Կարլոսը գնահատում էր հատկապես իտալացիների ծառայությունները, որոնցից մեկն էլ դավաճանեց դուքսին Նանսիում: Վարձկանների թիվը բուրգունդական բանակում անընդհատ աճում էր: Բուրգունդական բանակում կռվում էին նաև 1000 անգլիական նետաձիգներ և քիչ թվով գերմանական ու շվեյցարական վարձկաններ: Կարլոսի բանակն ուներ ուծեղ հրետանի:

Շվեյցարական բանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շվեյցարական բանակի հիմքը կազմում էին ալեբարդիստներն ու նիզակակիրները: Շվեյցարական բանակում կային աղեղնազենով (արբալետ) զինված հեծյալ ջոկատներ, որոնք իրականացնում էին հետախուզություն, կռվում էին ավանգարդում (առաջապահ) և արիերգարդում (թիկունքային պահազոր): Ի տարբերություն կենտրոնի ու թիկունքի զինվորների, որոնք զրահներ չունեին` առաջին շարքերի զինվորները ամբողջությամբ զինված էին: Զինվորների բարձր պրոֆեսիոնալիզմի ու սերտ դասավորության համադրությունը շվեյցարական բանակին անհերքելի առավելություն էին տալիս ասպետական հեծելազորի նկատմամբ: 

Ճակատամարտի ընթացքը[խմբագրել | խմբագրել կոդը]

1476 թվականի հոկտեմբերի 22-ին Կարլոս Խիզախը պաշարեց Լոթարինգիայի մայրաքաղաք Նանսին: Կայազորը սովի պատճառով պատրաստ էր հանձնվել, երբ քաղաքին մոտեցան լոթարինգա-շվեյցարական զորքերը` դուքս Ռենեի գլխավորությամբ: Դաշնակիցները կենդանի ուժի կրկնակի առավելություն ունեին, իսկ բուրգունդացիները ունեին ավելի հզոր ու մեծաքանակ հրետանի:

Նանսիի ճակատամարտը
Օգյուստ Պերենն. «Կարլոս Խիզախի մարմնի հայտնաբերումը Նանսիի ճակատամարտից հետո» (1865)

Կարլոս Խիզախը պաշտպանության համար հարմար դիրք էր գրավել: Նա հույս ուներ հրետանու ուժեղ կրակով կանգնեցնել հակառակորդին և ասպետական հեծելազորի գրոհով փախուստի մատնել: Դաշնակիցները օգտվեցին ուժեղ բուքից, որը թաքցրեց նրանց տեղաշարժերը: Արդյունքում լոթարինգա-շվեյցարական զորքերի հիմնական ուժերը շրջանցեցին բուրգունդական զորքի թևերը: Կենտրոնում բուրգունդական զորքերը փորձեցին հարձակման անցնել, սակայն նրանց կանգնեցրեցին շվեյցարական բանակի  նիզակակիրները: Բուրգունդացիները ջախջախիչ պարտություն կրեցին՝ գրեթե ողջ զորքը կոտորվեց կամ գերեվարվեց: Քչերին հաջողվեց փրկվել ու նահանջել դեպի Մետս[1]: Սպանվեց նաև Կարլոս Խիզախը, վերքերից այլանդակված նրա դին հազիվ հաջողվեց ճանաչել:

Ճակատամարտի հետևանքները[խմբագրել | խմբագրել կոդը]

Նանսիի ճակատամարտն ունեցավ կարևոր քաղաքական հետևանքներ: Դրանով ավարտվեց ֆրանսիական թագավորների երկարատև պայքարը բուրգունդական դուքսերի հետ, ինչը խոչընդոտում էր ֆրանսիական հողերի միավորմանը: Կարլոս Խիզախի հողերը մասնատվեցին: Բուրգունդական դքսությունն ու որոշ հողեր Ֆրանսիայի հյուսիսում միացան ֆրանսիական թագավորի տիրույթներում, Նիդերլանդները, իսկ ավելի ուշ նաև Բուրգունդիա կոմսությունը (Գերմանիայի արևմուտքում) ընկան Հաբսբուրգների տիրապետության տակ: Իսպանական գահին վերջիններիս հաստատվելուց հետո սկսվեցին երկարատև պատերազմներ Ֆրանսիայի և Հաբսբուրգների միջև, որոնց պատճառներից մեկն էլ «բուրգունդական» ժառանգության վերադարձն էր[2]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Smith Robert D. (2005)։ The artillery of the Dukes of Burgundy, 1363-1477։ Rochester, NY: Boydell Press։ ISBN 1843831627։ OCLC 60322326 
  2. John Foster Kirk (1868)։ History of Charles the Bold, Duke of Burgundy։ J.B. Lippincott & Co.։ էջ 542 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Гросул И., Ефремов Е. Битва при Нанси 1477 г. — М.: Изограф, 1994. — 19 с. — (Великие сражения. Средние века).