Jump to content

Միքայել Տեր-Միքայելյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միքայել Տեր-Միքայելյան
ՀԽՍՀ ԳԱԱ ակադեմիկոս
Միքայել Տեր-Միքայելյան, 2003 թ.
Ծնվել էնոյեմբերի 11, 1923(1923-11-11)
Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհունվարի 30, 2004(2004-01-30) (տարիքը 80)
Հայաստան Հայաստան, Աշտարակ
Բնակության վայր(եր)Հայաստան Հայաստան, Աշտարակ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Ազգությունհայ
ՄասնագիտությունՖիզիկա
Հաստատություն(ներ)Երևանի ֆիզիկայի ինստիտուտ (1958-1962),
Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտ (1962-1967),
ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետ (1961-1971),
ԳԱԱ և ԵՊՀ միացյալ ռադիացիոն լաբորատորիա (1961-1972),
Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտ (1967-2004)։
Գործունեության ոլորտֆիզիկա
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան (1943-1948)
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր
Գիտական ղեկավարակադեմիկոս Եվգենի Ֆեյնբերգ
Պարգևներ
ԿուսակցությունԽՄԿԿ
Ամուսին(ներ)Ալեքսանդրա Դմիտրիեվնա Վասիլեվա (1923-1999 թթ.)
Ստորագրություն
Изображение автографа
 Mikael Ter-Mikaelian Վիքիպահեստում
Ֆիզիկայի նոբելյան հանձնաժողովի նամակը ակադեմիկոս Միքայել Տեր-Միքայելյանին 1992 թվականի Նոբելյան մրցանակի թեկնածու առաջադրելու մասին, 1991 թ.

Միքայել Լևոնի Տեր-Միքայելյան (նոյեմբերի 11, 1923, Թիֆլիս, Վրացական ԽՍՀ - հունվարի 30, 2004, Աշտարակ, Հայաստան), գիտության ականավոր հայազգի գործիչ, տեսաբան ֆիզիկոս։

Հետազոտությունների բնագավառը եղել է բարձր էներգիաների ֆիզիկան, քվանտային էլեկտրոնիկան և լազերային ֆիզիկան։ ՀԽՍՀ պետական և Վիկտոր Համբարձումյանի անվան մրցանակների դափնեկիր, պարգևատրվել է Ժողովուրդների բարեկամության շքանշանով։ 1991 թվականին ֆիզիկայի գծով մրցանակների Նոբելյան հանձնաժողովի կողմից առաջադրվել է 1992 թվականի Նոբելյան մրցանակի թեկնածու[1]։

Ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը (1943-1948), դիպլոմային աշխատանքի ղեկավարն եղել է ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանը։ 1948 թվականին ընդունվել է ասպիրանտուրա ԽՍՀՄ ԳԱ Լեբեդևի անվան ֆիզիկայի ինստիտուտում և 1953 թվականին պաշտպանել է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուական թեզը ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս Եվգենի Ֆեյնբերգի ղեկավարությամբ, գիտությունների դոկտոր (1962), պրոֆեսոր (1975), ՀԽՍՀ ԳԱԱ թղթակից անդամ (1963), ակադեմիկոս (1982)։

Միքայել Տեր-Միքայելյանն զբաղեցրել է հետևյալ պաշտոնները՝ Երևանի ֆիզիկայի ինստիտուտի գիտական գծով փոխտնօրեն (1958-1962), ՀԽՍՀ ԳԱԱ Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի բաժնի վարիչ (1962-1967), ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ամբիոնի վարիչ (1961-1971), ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի դեկան (1963-1967), ՀԽՍՀ ԳԱԱ և ԵՊՀ-ի միացյալ ռադիացիոն լաբորատորիայի գիտական ղեկավար (1961-1972), ՀՀ ԳԱԱ Ֆիզիկամաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար, ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ (1990-1994), ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի (այժմ իր անվան) տնօրեն (1967-1994), ՖՀԻ-ի պատվավոր տնօրեն և Տեսական ֆիզիկայի բաժնի վարիչ (1994-2004)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ես ապրել եմ դժվար կյանք, բայց նրանում կար ամեն ինչ։ Այդ կյանքում իրոք կար ամեն ինչ. և՛ պարտությունների դառնություն, և՛ հաղթանակների բերկրանք, բայց և՛ հաստատուն ու անկասելի էր գիտելիքների ձգտումը։
- Միքայել Տեր-Միքայելյան

Հայրական ընտանիք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայրը՝ Լևոն Անդրեյի Տեր-Միքայելյանը (1867-1943 թ.), ավարտել է Սանկտ Պետերբուրգի համալսարանը և Մոսկվայի երկաթուղային տրանսպորտի ինստիտուտը։ 1918 թվականին նա Սիբիրում ղեկավարել է Բայկալ-Ամուր երկաթուղային մայրուղու շինարարությունը, որն ընդհատվում է Ռուսաստանում սկսված քաղաքացիական պատերազմի պատճառով։ 20-րդ դարի այդ մասշտաբային շինարարությունը ԽՍՀՄ-ում վերսկսվեց 50 տարի անց և այժմ էլ կոչվում է Բայկալ-Ամուր երկաթուղային մայրուղի (ԲԱՄ)։ Սիբիրից տուն վերադարձի ճանապարհին Լևոն Տեր-Միքայելյանը հանդիպումներ է ունեցել Կոլչակի և Հայկ Բժշկյանցի հետ։ 1918-1920 թթ. եղել է Հայաստանի առաջին հանրապետության տրանսպորտի նախարարը։ Սոցիալիստական հեղափոխությունից հետո եղել է Անդրկովկասյան երկաթուղիների գլխավոր ինժեները։ Բոլշևիկյան ահաբեկության տարիներին ձերբակալվել և դատապարտվել է մեկ տարվա ազատազրկման։ Մահապատժից փրկել է կինը՝ Եվգենիա Տեր-Միքայելյանը, ով լավ ծանոթ էր Գրիգորի Օրջոնիկիձեի հետ և վերջինիս հանդիպելու նպատակով երկու երեխաների հետ մեկնում է Մոսկվա։ Հանդիպելով ժողկոմին՝ վերջինիս օգնությամբ էլ ազատում է ամուսնուն։ Այդ հանդիպումից փոքրիկ Միքայելը հիշել է միայն մեծ կաշվե բազմոցը, որին նստելուն պես նա անմիջապես քնել է։

Մայրը՝ Եվգենիա Իվանի Տեր-Միքայելյանը (օրիորդ Նաբաթյան, 1887-1964 թ.) ծնվել է Բաքվի մեծահարուստ նավթարդյունաբերողի ընտանիքում։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին նրանց Թիֆլիսի տուն են այցելել Կովկասյան հանրապետություններ տեղափոխված (տարհանված) մշակույթի և արվեստի բազմաթիվ հայտնի ՀԽՍՀ գործիչներ։ Նրանց տանը եղել են Այվազովսկու և Բաշինջաղյանի կողմից նվիրած նկարներ։

Եղբայրը՝ Անդրեյ Միքայելյանը (1925-2010 թ.), ԽՍՀՄ հայ ականավոր գիտնական էր, ֆիզիկոս-ինժեներ, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս։ 1949 թ. ավարտել է Մոսկվայի Կապի էլեկտրատեխնիկական ինստիտուտը, մնացել Մոսկվայում և դարձել հայտնի գիտնական ռադիոօպտիկայի, հոլոգրաֆիայի և ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում։

Ավարտելով միջնակարգ դպրոցը՝ Միքայելը, հետևելով հոր օրինակին, սկզբում ընդունվում է Երկաթուղային տրանսպորտի ինստիտուտ, սակայն շատ շուտ հասկանում է, որ գիտությունն իրեն ավելի է ձգում, քան ճարտարագիտությունը։ 1943 թվականին տեղափոխվում է Թիֆլիսի պետական համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետ։ Հոր մահից հետո ընտանիքը տեղափոխվում է Երևան, որտեղ էլ նա ավարտում է Երևանի պետական համալսարանը 1948 թվականին՝ պաշտպանելով դիպլոմային աշխատանքը ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի ղեկավարությամբ։ Դրան հաջորդում է ասպիրանտուրան Մոսկվայում՝ Պ․ Ն․ Լեբեդևի անվան Ֆիզիկական ինստիտուտի (ռուս.՝ ФИАН) տեսական բաժնում՝ ակադեմիկոս Եվգենի Ֆեյնբերգի ղեկավարությամբ։ Նա մեծ դեր խաղաց Միքայելի կյանքում։ Զուտ գիտական հարաբերությունները շուտով վերածվեցին ամուր բարեկամության, որն էլ պահպանվեց մինչև վերջին օրերը։ Հենց Ֆեյնբերգն էր, ով մանրամասն նկարագրեց Միքայել Տեր-Միքայելյանի թեկնածուական ատենախոսության դրամատիկ պատմությունը և նրա հարաբերությունները Լև Լանդաուի հետ։ Այդ հոդվածը կարելի է կարդալ ակադեմիկոս Իսահակ Խալատնիկովի խմբագրությամբ 1988 թվականին հրատարակված «Հիշողություններ Լանդաուի մասին» գրքում[2]։

Իր թեկնածուական աշխատանքում Միքայել Տեր-Միքայելյանը կանխատեսեց մի երևույթ, որը միասնական հիմք հանդիսացավ բարձր էներգիայի մասնիկների և նյութի փոխազդեցության նոր պատկերացման համար։ Նա ցույց տվեց, որ էլեկտրոնի բարձր էներգիաների դեպքում արգելակման ճառագայթումը բյուրեղում ունի ինտերֆերենցիոն բնույթ՝ կապված բյուրեղային ցանցի հետ։ Ճառագայթման ձևավորումը տեղի է ունենում տարածության ձգված հատվածում, որի երկարությունը (այն հետագայում կոչվեց կոհերենտության երկարություն) անսահմանափակ աճում է մասնիկի էներգիայի աճին զուգընթաց, չնայած որ մասնիկի ալիքի երկարությունը էներգիայի աճի հետ նվազում է։ Ստացված արդյունքի պարադոքսալությունը կայանում էր նրանում, որ, առաջին հայացքից, ճառագայթման ձևավորման տիրույթը կարող է միայն փոքրանալ ալիքի երկարության նվազման դեպքում, բայց ոչ մեծանալ։

Երբ նրա ղեկավար ակադեմիկոս Ֆեյնբերգը Լև Դավիդովիչ Լանդաուին ներկայացրել է աշխատանքի արդյունքները, վերջինս հայտարարել է, որ դա ուղղակի հիմարություն է և չի կարող լինել։ Հասկանալով, որ Լանդաուի կարծիքը որոշիչ է և դիտողություններն սկզբունքային կարևորություն ունեն, Ֆեյնբերգը նամակով հանձնարարում է այդ պահին Երևանում գտնվող իր աշակերտին խորությամբ ուսումնասիրել Լանդաուի հարցադրումները և լրջագույնս պատրաստել ելույթը։ Երեք ամիս անց Միքայել Տեր-Միքայելյանը Մոսկվայում վստահաբար ներկայացնում է իր աշխատանքը Լանդաուի սեմինարին, իսկ մեկ տարի չանցած՝ 1953 թ., նա փայլուն պաշտպանում է թեկնածուական ատենախոսությունը Պ․ Ն․ Լեբեդևի անվան Ֆիզիկական ինստիտուտում։ Իսկ Տեր-Միքայելյանի գաղափարը ոչ միայն ընդունվեց Լանդաուի կողմից, այլև զարգացվեց հենց Լանդաուի, Իսահակ Պոմերանչուկի և Արկադի Միգդալի հետագա աշխատանքներում։ Նրանք մասնավորապես ցույց տվեցին, թե ինչպես է փոխվում արգելակման ճառագայթումը ամորֆ միջավայրում՝ բյուրեղի կամ մեկ ատոմի դեպքերի համեմատությամբ։

Միքայել Տեր-Միքայելյանը միշտ մեկնաբանում էր այդ դիպվածը, ասելով․

Այս ամենը շատ օգտակար էր ինձ համար

իսկ Լև Լանդաուի անունը մշտապես մնաց նրա համար որպես սրբազան անուն։ Նա հաճախ խորհուրդ էր տալիս երիտասարդ գիտնականներին․

Եթե վատ տրամադրություն ունեք կամ հետապնդում է անհաջողությունների շարանը, թողե՛ք բոլոր գործերը և Լանդա՛ու կարդացեք։

Գիտակրթական ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեկնածուական ատենախոսության պաշտպանությունից արդեն մեկ տարի անց, 1954 թվականին, Միքայել Տեր-Միքայելյանը ընդհանրացրեց Լանդաու-Պոմերանչուկի աշխատանքը՝ հաշվի առնելով միջավայրի դիէլեկտրական բևեռացման ազդեցությունը կոհերենտ արգելակային ճառագայթման վրա։ Այդ աշխատանքում կանխատեսված նոր երևույթը ժամանակակից գրականության մեջ ստացավ «խտության երկայնական երևույթ» անվանումը։ Միքայել Տեր-Միքայելյանին հաջողվեց ցույց տալ, որ դիտարկվող երևույթների հիմքում են շատ ավելի լայն նշանակություն ունեցող ֆիզիկական պատճառներ, քան գերարագ մասնիկների ճառագայթման առանձնահատկությունների բացատրությունը։ Դա բերեց նոր, բարձր էներգիաների ֆիզիկայի ամենատարբեր գործընթացներ ընդգրկող ուղղության զարգացմանը, որը ներառում է հադրոնների փոխազդեցությունը միջուկում, որը դիտարկվում է որպես նյութական միջավայր և քրոմոդինամիկան։ Միքայել Տեր-Միքայելյանի երևույթն ուղղակի փորձարարական ապացույց ստացավ 40 տարի անց՝ 1994 թվականին Ստենֆորդի համալսարանի արագացուցչային կենտրոնում (անգլ.՝ SLAC

1991 թվականին ֆիզիկայի բնագավառի Նոբելյան կոմիտեն առաջադրել էր Միքայել Տեր-Միքայելյանի թեկնածությունը 1992 թվականի մրցանակին։ Հետևելով նամակագրության գաղտնիության պահանջին՝ Միքայել Տեր-Միքայելյանը չպատմեց որևէ մեկին այդ առաջարկի մասին։ Նոբելյան կոմիտեի նամակը հայտնաբերվել էր նրա արխիվում մահվանից հետո։

Թեկնածուական ատենախոսության պաշտպանությունից հետո Միքայել Տեր-Միքայելյանը վերադարձավ Հայաստան, որտեղ աշխատանքի անցավ Երևանի Ֆիզիկայի ինստիտուտում՝ կարճ ժամանակում անցնելով կրտսեր գիտաշխատողից մինչև ինստիտուտի տեսական բաժնի վարիչ և փոխտնօրեն ճանապարհը։ Այդ տարիներին նրա կազմակերպած շաբաթական սեմինարը Հայաստանի շատ երիտասարդ ֆիզիկոսների համար գիտական ստեղծագործության իսկական դպրոց դարձավ։ Այդ տարիներին Միքայել Տեր-Միքայելյանն զբաղվում էր անհամասեռ և շերտավոր միջավայրերում շարժվող մասնիկների ճառագայթման հետազոտմամբ։ Նրա կողմից կանխատեսված և հայտնաբերված ռեզոնանսային ճառագայթումը լայն կիրառություն գտավ ուլտրառելյատիվիստիկ մասնիկների դետեկտման և էներգիայի չափման համար, ինչպես նաև կոհերենտ γ-ճառագայթման աղբյուրների ստեղծման համար։ Տարբեր միջավայրերում ռելյատիվիստական մասնիկների էլեկտրադինամիկային վերաբերվող նոր աշխատանքները հիմք հանդիսացան նրա դոկտորական ատենախոսությանը, որը պաշտպանվեց Լեբեդևի անվան ֆիզիկայի ինստիտուտում 1962 թվականին։

Միքայել Տեր-Միքայելյանն իր աշխատանքները բարձր էներգիայի ֆիզիկայի ոլորտում ընդհանրացրեց այսօր գիտական աշխարհում լայն ճանաչում ստացած Միջավայրի ազդեցությունը բարձր էներգիաներում էլեկտրամագնիսական պրոցեսների վրա մենագրությունում, որը հրատարակվեց 1969 թվականին Հայաստանի Գիտությունների Ակադեմիայում և անգլերեն թարգմանված՝ 1972 թվականին Շպրինգեր (անգլ.՝ Springer) հրատարակչության կողմից։

ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետ, առաջին հայկական լազերը

[խմբագրել | խմբագրել կոդը]
Միքայել Տեր-Միքայելյան, 1998 թ․

1963 թվականին Միքայել Տեր-Միքայելյանը տեղափոխվում է աշխատանքի Երևանի պետական համալսարան, որտեղ դառնում է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի դեկան։ Կարճ ժամանակում տեղի է ունենում ֆակուլտետի վերակառուցում, բացվում են ութ նոր ամբիոններ՝ գիտության հեռանկարային ուղղություններով, որոնցից են կենսաֆիզիկայի և մոլեկուլային ֆիզիկայի, ճառագայթային ֆիզիկայի և քվանտային օպտիկայի, մաթեմատիկական ֆիզիկայի ամբիոնները, որոնց ղեկավարման համար ներգրավվում են երիտասարդ տաղանդավոր գիտնականներ։ Այդ տարիներին ԽՍՀՄ ակադեմիկոսներ Նիկոլայ Բասովի, Ալեքսանդր Պրոխորովի և ամերիկացի ֆիզիկոս Չարլզ Թաունսի հիմնարար հետազոտությունները բերեցին առաջին օպտիկական քվանտային գեներատորների՝ (մազերների, լազերների) ստեղծմանը և դրան արագ հաջորդող կիրառություններին գիտության տարբեր ոլորտներում։ Նոր ուղղությունը միանգամից գրավեց Միքայել Տեր-Միքայելյանի ուշադրությունը, և նա կենտրոնացրեց իր ջանքերը Հայաստանում քվանտային օպտիկական էլեկտրոնիկայի և ոչ-գծային օպտիկայի զարգացման վրա, չնայած որ չկային ո՛չ մասնագետներ, ո՛չ համապատասխան սարքավորում։

1962 թվականին ԵՊՀ Ճառագայթման ֆիզիկայի խնդրահարույց լաբորատորիան (ՃՖՊԼ) վերակողմնորոշվեց լազերային թեմայի ուղղությամբ, 1964 թվականին Երևանի պետական համալսարանում ստեղծվեց օպտիկայի ամբիոն։ 1965 թվականին ԳԱԱ Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի քվանտային էլեկտրոնիկայի բաժնի և ԵՊՀ ՃՖՊԼ-ի միավորումով Միքայել Տեր-Միքայելյանի կողմից հիմնվեց Գիտությունների ազգային ակադեմիայի և ԵՊՀ միացյալ ճառագայթային լաբորատորիան (ԳԱԵՊՀՄՃԼ)։ Հետազոտություններ ծավալվեցին սուտակի (ռուբին) օպտիկական հատկությունների հետազոտման, լազերների բնութագրերի ուսումնասիրման և հարակից այլ բնագավառներում։

Արդեն 1962 թվականին Ռադիոօպտիկայի համամիութենական ԳՀԻ-ի աշխատակիցների օգնությամբ պատրաստվեց առաջին հայկական լազերը։ Միքայել Տեր-Միքայելյանի ակտիվ մասնակցությամբ արդյունաբերական լազերների ստեղծման աշխատանքներին ներգրավվեցին Հայաստանի մի շարք ձեռնարկություններ՝ Կիրովականի (այժմ՝ Վանաձոր) քիմիական կոմբինատը, Արզնիի Ճշգրիտ տեխնիկական քարերի գործարանը, Երևանի էլեկտրալամպերի գործարանը։ Արդյունքում արդեն 1965 թվականին Լայպցիգի միջազգային տոնավաճառում ցուցադրվեցին խորհրդային առաջին՝ «Արզնի-2» և «Հրազդան» արդյունաբերական լազերները։

ԳԱԵՊՀՄՃԼ-ը հանդիսացավ ակադեմիական և համալսարանային գիտության համատեղ ջանքերի արդյունավետության վառ օրինակ, որը բերեց ոչ միայն ակնհայտ գիտական հաջողությունների, այլ նաև համալսարանում դասավանդման էական բարելավման։ ԳԱԵՊՀՄՃԼ-ում հետազոտությունները նվիրված էին խնդիրների լայն շրջանակին՝ սկսած քվանտային գեներատորների և ուժեղարարների մշակման տեսական հիմունքներից, ստացված արդյունքների փորձարարական ստուգումից և վերջացրած լազերների ստեղծումով։

Քվանտային գեներատորների և ուժեղարարների տեսության ուղղությամբ ձևավորվեցին և որոշվեցին բալանսային հավասարումների կիրառության սահմանները լազերի ելքային պարամետրերի հաշվարկման համար։ Դիտարկվեցին լազերի աշխատանքի ստացիոնար և իմպուլսային ռեժիմների հիմնական բնութագրերը՝ կախված ակտիվ տարրերի, օպտիկական ռեզոնատորների և մղման պարամետրերից։ Զարգացվեց նաև քվազիդասական տեսություն, որը հաշվի է առնում լազերային ճառագայթման գեներացման և ուժեղացման ընթացքում կոհերենտ երևույթները։

Պինդմարմնային լազերներին վերաբերվող աշխատանքների արդյունքները մտան А. Л. Микаэлян, М. Л. Тер-Микаелян, Ю. Г. Турков, Оптические генераторы на твердом теле մենագրության մեջ, որը լույս տեսավ 1967 թվականին։ Այս գիրքը, որը հանդիսացավ լազերներին վերաբերվող առաջին խորհրդային մենագրությունը, դարձավ քվանտային էլեկտրոնիկայի հիմնական դասագիրք, որով սովորեցին մի քանի սերնդի մասնագետներ։ 1969 թվականին "Progress in Optics" ժողովածուն, որի խմբագիրն էր ականավոր գիտնական Էմիլ Վոլֆը (անգլ.՝ Emil Wolf), հրատարակեց Լազերային ճառագայթման քվազիդասական տեսություն ակնարկային աշխատանքը։

Գիտական հետազոտությունների և տեխնոլոգիական նպատակներով կիրառվող լազերների մշակման, արդյունաբերական յուրացման աշխատանքների շարքի համար Միքայել Տեր-Միքայելյանը, ի թիվս Արզնիի «Բյուրեղ» ԳԱՄ-ի, Ռադիոօպտիկայի համամիութենական ԳՀԻ-ի և ՀԽՍՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի մի խումբ աշխատակիցների, 1980 թվականին արժանացավ ՀԽՍՀ Պետական մրցանակի։

Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1960-1980-ական թվականներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1968 թվականին ԳԱԵՊՀՄՃԼ-ի հիման վրա ստեղծվեց Հայաստանի ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտը, որը երկար տարիներ գլխավորում էր Միքայել Տեր-Միքայելյանը։ Նույն տարին երիտասարդ ինստիտուտում, Մելիստ Եղիշեի Մովսեսյանի ղեկավարած լաբորատորիայում, իրագործվեց լազերային ճառագայթման և գազային միջավայրի ոչ-գծային փոխազդեցության առաջին անմիջական փորձարարական հաստատումը, այն է՝ ճառագայթման եռաֆոտոն ցրումը կալիումի գոլորշու երկմակարդակ համակարգի վրա։

Ինստիտուտի տեսական բաժնում, որի ղեկավարը մինչև կյանքի վերջին օրերը Միքայել Տեր-Միքայելյանն էր, ինտենսիվ զարգացնում էր ոչ-գծային օպտիկայի նոր ուղղություն՝ էլեկտրամագնիսական ճառագայթման և ատոմական միջավայրի ռեզոնանսային կոհերենտ փոխազդեցությունների հետազոտում։ Միքայել Տեր-Միքայելյանի կողմից հաջողությամբ զարգացվող «ատոմ+դաշտ» «հագնված» վիճակների տեսությունը հիմք հանդիսացավ մի շարք նոր էֆեկտների ուսումնասիրման, որոնք ինտենսիվ շարունակում են նաև մեր օրերում՝ գտնելով նորանոր կիրառություններ ժամանակակից տեխնոլոգիաներում։ Սակայն, ռեզոնանսային օպտիկայի մենագրությունը, որն ամփոփելու էր այս բոլոր արդյունքները, և որի վրա Միքայել Տեր-Միքայելյանն աշխատում էր շատ տարիներ, այդպես էլ մնաց անավարտ։ Աշխատանքի մի մասը, Պարզագույն ատոմական համակարգերը ռեզոնանսային լազերային դաշտերում վերնագրով տպագրվեց «Ֆիզիկական գիտությունների հաջողությունները» (ռուս.՝ Успехи Физических Наук) ամսագրում 1997 թվականին։

1980-1990-ական թվականներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տեր-Միքայելյան, Մուրադյան, Ֆրենկեն, Պրոխորով

1980-ականներին Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտը վստահաբար գրավում էր լազերային ֆիզիկայի ոլորտի առաջատար դիրքերից մեկը։ Այդ մասին վկայում են ՖՀԻ-ն այցելած բազմաթիվ համաշխարհային ճանաչում ունեցող ֆիզիկոսների ջերմ բառերը ինստիտուտի այցելությունների գրքում։ Այդ գիտնականներից են հելիում-նեոնային լազերի ստեղծող Ջավանը, Բերգմանը, Գրիշկովսկին, Մանդելը, Նոբելյան մրցանակակիրներ Բասովը, Պրոխորովը, Կաստլերը, Ֆրանկը, Գինզբուրգը, միութենական ակադեմիկոսներ Կելդիշը, Ալեքսանդրովը, Հովհաննիսյանը և ֆիզիկայի տարբեր բնագավառներում աշխատող բազմաթիվ ականավոր գիտնականներ։

Հենց այդ ժամանակ Միքայել Տեր-Միքայելյանն սկսեց խոսել հետազոտությունների նոր ուղղությունների զարգացման մասին։ Արդեն այն ժամանակ նրա ուշադրությունը գրավեց Ռիչարդ Ֆեյնմանի հոդվածը քվանտային համակարգերի ինֆորմատիկայում կիրառման հնարավորությունների և հեռանկարների մասին։ Սակայն, այդ հոդվածի քննարկումն ինստիտուտի տեսական սեմինարում չհաջողվեց, Ռիչարդ Ֆեյնմանի գաղափարը չընկալվեց գիտնականների կողմից, իսկ ինքը՝ հոդվածը, դիտարկվեց որպես ֆանտաստիկ ու չհիմնավորված (ի դեպ, նման վերաբերմունք ցուցաբերեց նաև ամբողջ գիտական հանրությունը, որը վերադարձավ այս աշխատանքին միայն 1990-ականներին)։ Ինչպես պարզվեց հետագայում, ինքը՝ Միքայել Տեր-Միքայելյանը, շարունակում էր հետևել այս գաղափարների զարգացմանը, և 1997 թվականին Հայաստանի Գիտությունների Ակադեմիայում ելույթ ունեցավ քվանտային մեխանիկայի, տեղեկատվության տեսության և հաշվարկային տեսության սահմաններին ձևավորվող գիտության նոր, սրընթաց զարգացող քվանտային ինֆորմատիկայի ոլորտի մասին զեկուցումով։

1987 թվականի գարնանը գիտական աշխարհում հնչեց բարձրջերմաստիճանային գերհաղորդականություն հայտնաբերելու մասին սենսացիոն հայտարարությունը։ Հավաքելով ինստիտուտի երիտասարդ գիտնականներին՝ Միքայել Տեր-Միքայելյանը հանձնարարեց նրանց անկատարելի թվացող խնդիր՝ երկու շաբաթվա ընթացքում վերարտադրել գրականության մեջ տպագրված արդյունքները։ Դա ծայրահեղ լարված աշխատանք էր։ Եվ արդեն ապրիլին Ոչ գծային օպտիկայի ավանդական ամենամյա խորհրդակցության ժամանակ ինստիտուտի հյուրերին ներկայացվեցին ինստիտուտում ստացված բարձրջերմաստիճանային գերհաղորդիչ կերամիկայի նմուշները։ Կարճ ժամանակում ինստիտուտում սկսեց հաջողությամբ գործել և գիտական շրջանակներում ճանաչում ստացավ նորաստեղծ լաբորատորիան։ Արդեն 1988 թվականին ինստիտուտը ստացավ լրացուցիչ ֆինանսավորում ԽՍՀՄ բարձրջերմաստիճանային գերհաղորդականության երկու Պետական ծրագրերով։ Գերհաղորդականությանը նվիրված նոր սեմինարին հրավիրվում էին մասնագետներ հանրապետության տարբեր գիտական կազմակերպություններից, իսկ Միքայել Տեր-Միքայելյանը գալիս էր սեմինարների տետրերով, որտեղ համառոտագրում էր զեկուցումները։

1988 թ-ից 1993 թ-ը ժամանակահատվածում Միքայել Տեր-Միքայելյանը համատեղում էր ինստիտուտի ղեկավարումը ԳԱ ֆիզիկամաթեմատիկական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղարի պաշտոնի հետ։ Սակայն 1994 թվականին նա թողնում է այդ պաշտոնները՝ մնալով ինստիտուտի պատվավոր տնօրեն և տեսական ֆիզիկայի լաբորատորիայի վարիչ։ Հետխորհրդային գիտության համար այդ ծանր տարիներին Միքայել Տեր-Միքայելյանի ջանքերն ուղղված էին առաջին հերթին ինստիտուտի համար ցավոտ տեղեկատվական մեկուսացման հաղթահարմանը։ Գործնականորեն չէր համալրվում գիտական գրականությունը, վատ էր ինտերնետային կապի վիճակը, ընդհատվել էին ավանդական ամենամյա գիտաժողովները։ Բայց արդեն 1995 թվականին վերականգնվեց Լազերային ֆիզիկայի ամենամյա կոնֆերանսը, և Միքայել Տեր-Միքայելյանին հաջողվեց հրավիրել մասնագետների, որոնք կներկայացնեին ակնարկային զեկուցումներ։ Այցելելով 1997 թվականին Համբուրգի համալսարանը, նա իր հետ բերեց մի ճամպրուկ գիտական հոդվածների պատճեններ, ափսոսալով, որ ամբողջ ժամանակն անց է կացրել գրադարանում՝ պատճենավորելով հոդվածներն ըստ ուշագրավ վերնագրերի և ժամանակ չունենալով կարդալու դրանք։

1990-2000-ական թվականներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև իր կյանքի վերջին օրերը Միքայել Տեր-Միքայելյանը շարունակում էր ինտենսիվ աշխատել։ 1997, 2001 և 2003 թվականներին նա տպագրեց երեք ծանրակշիռ ակնարկ Успехи Физических Наук ամսագրում։ Ակտիվ մասնակցում էր բազմաթիվ միջազգային գիտաժողովների աշխատանքներին, շատ ճամփորդում էր՝ ներկայացնելով ակնարկային զեկուցումներ։ Այսպես, 2003 թ-ի սեպտեմբերին, ընդամենը կես տարի մահվանից առաջ, Միքայել Տեր-Միքայելյանը մասնակցեց անցումային ճառագայթմանը նվիրված միջազգային խորհրդակցությանը Իտալիայում և պարբերական միջավայրերում ռելյատիվիստական մասնիկներին նվիրված միջազգային կոնֆերանսին Տոմսկում։

Թեև Միքայել Տեր-Միքայելյանը լայն շրջանակների ֆիզիկոս էր, նրանից հաճախ կարելի էր լսել «ես դա չգիտեմ» կամ «ես դա չեմ հասկանում» արտահայտությունները։ Երիտասարդ գիտնականները հաճախ խուճապի էին մատնվում՝ սկսելով պատրաստակամությամբ բացատրել նրան այն, ինչը «չէր հասկանում», և զարմանքով հայտնաբերում էին, որ նրա ըմբռնmան մակարդակը քննարկվող հարցում շատ ավելի խորն էր, քան իրենց գիտելիքները։ Համատեղելով բնատուր ունակությունները գիտությանը նպատակաուղղված նվիրվածության և աշխատասիրության հետ՝ Միքայել Տեր-Միքայելյանը կարողանում էր հասնել դրված նպատակին։ Լինելով 20-րդ դարի ֆիզիկայի բուռն զարգացման ականատես ու մասնակից, Միքայել Տեր-Միքայելյանը անձամբ ծանոթ էր շատ հանրահայտ գիտնականների հետ։

Միքայել Տեր-Միքայելյանն ապրել է գիտական ստեղծագործությամբ հագեցված կյանք, դաստիարակել է բազմաթիվ գիտնականների, որոնք այսօր շարունակում են հաջողությամբ զարգացնել ֆիզիկան ոչ միայն Հայաստանում, այլև երկրի սահմաններից հեռու։ Նրա հիշատակին նվիրված մահախոսականները տպագրվեցին ոչ միայն հայկական պարբերականներում, այլ նաև այնպիսի հեղինակավոր միջազգային հանդեսներում, ինչպիսիք են Physics Today, Успехи Физических Наук, Nuclear Instruments and Methods in Physics. Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի կոլեկտիվը 2013 թ․ դեկտեմբերի 23-ին կայացած հաշվետու ժողովում միաձայն որոշումով վերանվանվանել է ինստիտուտը Միքայել Տեր-Միքայելյանի անվան Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի։

Միքայել Տեր-Միքայելյանը խնդրել էր թաղել իրեն Աշտարակում՝ փոքր բլրի վրա գտնվող ընտանեկան գերեզմանոցում, որտեղից լավ երևում է Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտը, որը ստեղծել էր ինքը և որը շարունակում է զբաղվել հիմնարար հետազոտություններով։

Միքայել Տեր-Միքայելյանի ընտանեկան գերեզմանոցը Աշտարակում, որտեղից երևում է Միքայել Տեր-Միքայելյանի անվան Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտը

Հիմնարար աշխատություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. М. Л. Тер-Микаелян, Электромагнитные процессы при высоких энергиях в аморфных и неоднородных средах, Успехи Физических Наук, т. 173, с. 1265–1286, 2003. DOI: 10.3367/UFNr.0173.200312a.1265
    M. L. Ter-Mikaelian, High energy electromagnetic processes in amorphous and inhomogeneous media, Physics-Uspekhi, v. 46, p. 1231–1252, 2003. DOI: 10.1070/PU2003v046n12ABEH001368
  2. М. Л. Тер-Микаелян, Радиационные электромагнитные процессы при высоких энергиях в периодических средах, Успехи Физических Наук, т. 171, с. 597–624, 2001. DOI: 10.3367/UFNr.0171.200106b.0597
    M. L. Ter-Mikaelian, Electromagnetic radiative processes in periodic media at high energies, Physics-Uspekhi, v. 44, p. 571–596, 2001. DOI: 10.1070/PU2001v044n06ABEH000886
  3. М. Л. Тер-Микаелян, Простейшие атомные системы в резонансных лазерных полях, Успехи Физических Наук, т. 167, с. 1249–1294, 1997. DOI: 10.3367/UFNr.0167.199712a.1249
    M. L. Ter-Mikaelian, Simple atomic systems in resonant laser fields, Physics-Uspekhi, v. 40, p. 1195–1238, 1997. DOI: 10.1070/PU1997v040n12ABEH000318
  4. A. L. Mikaelian, M. L. Ter-Mikaelian, Quasi-Classical Theory of Laser Radiation, Progress in Optics, Edited by E. Wolf, v. 7, p. 231–297, 1969; DOI: 10.1016/S0079-6638(08)70596-1
  5. М. Л. Тер-Микаелян, Влияние среды на электромагнитные процессы при высоких энергиях, Ереван, Изд-во АН Арм.ССР, 1969.
    M. L. Ter-Mikaelian, High-energy electromagnetic processes in condensed media, New York, Wiley-Interscience, 1972. ISBN 0-471-85190-6
  6. А. Л. Микаэлян, М. Л. Тер-Микаелян, Ю. Г. Турков, Оптические генераторы на твердом теле, Москва, Советское радио, 1967[3]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1992 թվականին ֆիզիկայից Նոբելյան մրցանակը շնորհվեց Ֆրանսիացի լեհ ֆիզիկոս-փորձարար Գեորգիս Չարպակին՝ նրա կողմից մասնիկ գրանցող սարքերի, մասնավորապես բազմալար համեմատական կամերաների ստեղծման և զարգացման գործում մեծ ավանդի համար։ Տես՝ 1992 թվականի Ֆիզիկայի բնագավառում Նոբելյան մրցանակն ստանում է Գեորգիս Չարպակը
  2. %201988)(ru)(K)(600dpi)(T)(352s)_PPop_.djvu Воспоминания о Л. Д. Ландау, сборник статей под редакцией академика И. М. Халатникова, Москва, «Наука», 1988։(ռուս.)
    Հոդվածների հավաքածուում ներկայացված են խորհրդային խոշորագույն տեսաբան-ֆիզիկոս, Նոբելյան մրցանակի դափնեկիր, ակադեմիկոս Լև Դավիդովիչ Լանդաուի (1908-1968) մասին հիշողությունները։ Հիշողություններով կիսվում են Լանդաուի աշակերտներն ու ընկերները։ Նյութերի մի մասը հրատարակվում է առաջին անգամ։ Գիրքը նախատեսված է ֆիզիկոսների, գիտության պատմաբանների և ընթերցողների լայն շրջանակի համար։ Լանդաուի մասին Ֆեյնբերգի հիշողությունների այն մասը, որը կապված է Միքայել Տեր-Միքայելյանի աշխատանքի հետ, շարադրված է 261-262 էջերում։
  3. «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի էլ․ քարտարան- Միքայել Տեր-Միքայելյան». Վերցված է 2023 թ․ հուլիսի 21-ին.
Գայանե Հրաչիկի Գրիգորյան ― ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։ Գիտական հետաքրքրությունների ոլորտը՝ ոչ գծային օպտիկա, քվանտային օպտիկա։ 2014 թվականին պարգևատրվել է Անանիա Շիրակացու մեդալով։ Տես նաև «Ֆիզիկան նկարչության ու երաժշտության պես ստեղծագործական աշխատանք է. Գայանե Գրիգորյան», Անկախ նորություն, մարտի 30, 2015 թիվ:(չաշխատող հղում)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միքայել Տեր-Միքայելյան» հոդվածին։