Անդրեյ Միքայելյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Անդրեյ Միքայելյան
Андрей Микаэлян
Микаэлян, Андрей Леонович.jpg
Ծնվել էհունիսի 14, 1925(1925-06-14)
Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհուլիսի 7, 2010(2010-07-07) (85 տարեկանում)
Մոսկվա, Ռուսաստան
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Russia.svg Ռուսաստան
Ազգությունհայ
ՄասնագիտությունՖիզիկա (Ռադիոօպտիկա և Ռադիոֆիզիկա)
Հաստատություն(ներ)Ռուսաստանի ԳԱ Համակարգային ուսումնասիրությունների գիտահետազոտական ինստիտուտ և Օպտիկանեյրոնային տեխնոլոգիաների կենտրոն
Գործունեության ոլորտօպտիկա
ԱնդամակցությունՌուսաստանի գիտությունների ակադեմիա և ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա
Ալմա մատերՄոսկվայի Կապի էլեկրատեխնիկական ինստիտուտ, 1949 թ․
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր
Գիտական ղեկավարAleksandr Pistolkors
Ինչով է հայտնիՄիքայելյանի ոսպնյակի, Բազմակի կիզակետման երևույթի հայտնագործության հեղինակ, 1982, JSC 257,1951 թ. առաջնությամբ
ՊարգևներՀոկտեմբերյան հեղափոխության շքանշան «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշան «Մոսկվայի 850-ամյակի հիշատակի» մեդալ Լենինյան մրցանակ և Պոպովի անվան ոսկե մեդալ

Անդրեյ Լևոնի Միքայելյան (Андрей Леонович Микаэлян, հունիսի 14, 1925, Թիֆլիս, Վրացական ԽՍՀ - հուլիսի 7, 2010, Մոսկվա, Ռուսաստան), Ռուսաստանի հայազգի ականավոր գիտնական, ֆիզիկոս-ինժեներ, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1990 թ․)։

Հետազոտությունների բնագավառները եղել են ռադիօպտիկան, լազերային ֆիզիկան, հոլոգրաֆիան, օպտիկական հիշողության համակարգերը, նեյրոնային ցանցերը և տեղեկատվական տեխնոլոգիաները։ Հայտնի է Միքայելյանի ոսպնյակ հասկացությունը, նրա գրադիենտային ֆոտոնաբյուրեղական հարթ ոսպնյակի հաշվարկները[1]։ Բազմակի կիզակետման երևույթի հայտնագործության հեղինակ, 1982, JSC 257,1951 թվականի առաջնությամբ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայրական ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայրը՝ Լևոն Անդրեյի Տեր-Միքայելյանը (1867-1943 թ.), ավարտել է Սանկտ Պետերբուրգի համալսարանը և Մոսկվայի երկաթուղային տրանսպորտի ինստիտուտը։ 1918 թվականին նա Սիբիրում ղեկավարել է Բայկալ-Ամուր երկաթուղային մայրուղու շինարարությունը, որն ընդհատվում է Ռուսաստանում սկսված քաղաքացիական պատերազմի պատճառով։ XX դարի այդ մասշտաբային շինարարությունը ԽՍՀՄ-ում վերսկսվեց 50 տարի անց և այժմ էլ կոչվում է Բայկալ-Ամուր երկաթուղային մայրուղի (ԲԱՄ)։ Սիբիրից տուն վերադարձի ճանապարհին Լևոն Տեր-Միքայելյանը հանդիպումներ է ունեցել Կոլչակի և Հայկ Բժշկյանցի հետ։ 1918-1920 թթ. եղել է Հայաստանի առաջին հանրապետության տրանսպորտի նախարարը։

Մայրը՝ Եվգենիա Իվանի Տեր-Միքայելյանը (օրիորդ Նաբաթյան, 1887-1964 թ.) ծնվել է Բաքվի մեծահարուստ նավթարդյունաբերողի ընտանիքում։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին նրանց Թիֆլիսի տուն են այցելել Կովկասյան հանրապետություններ տեղափոխված (տարհանված) մշակույթի և արվեստի բազմաթիվ հայտնի ՀԽՍՀ գործիչներ։ Նրանց տանը եղել են Այվազովսկու և Բաշինջաղյանի կողմից նվիրած նկարներ։

Եղբայրը՝ Միքայել Տեր-Միքայելյանը (1923-2004 թ.), Հայաստանի ականավոր տեսաբան ֆիզիկոս էր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1982 թ.)։ Հետազոտությունների բնագավառը եղել է բարձր էներգիաների ֆիզիկան, քվանտային էլեկտրոնիկան և լազերային ֆիզիկան։ ՀԽՍՀ պետական և Վիկտոր Համբարձումյանի անվան մրցանակների դափնեկիր, պարգևատրվել է Ժողովուրդների բարեկամության շքանշանով։ 1991 թվականին ֆիզիկայի գծով մրցանակների Նոբելյան հանձնաժողովի կողմից առաջադրվել է 1992 թվականի Նոբելյան մրցանակի թեկնածու։

Կրթություն և պաշտոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1949 թ․ ավարտել է Մոսկվայի Կապի էլեկտրատեխնիկական ինստիտուտը (ռուս.՝ МЭИС
  • 1952 թ․ պաշտպանել է տեխնիկական գիտությունների թեկնածուական ատենախոսությունը։
  • 1952 թ․ պաշտպանել է տեխնիկական գիտությունների դոկտորական ատենախոսությունը։
  • 1957 թ․ շնորհվել է Կապի էլեկտրատեխնիկական ինստիտուտի պրոֆեսորի կոչում։
  • 1958 թ․-ից եղել է ԽՍՀՄ Ռադիոօպտիկայի ինստիտուտի («Վեգա» ռադիոշինություն միավորման կազմում) լաբորատորիայի գիտական ղեկավարի, բաժնի և, այնուհետ, տնօրենի պաշտոններում։
  • 1984 թ․ դեկտեմբերի 26-ին ընտրվել է ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամ (Ինֆորմատիկայի, հաշվիչ տեխնիկայի և ավտոմոտացման բաժին)։
  • 1990 թ․ դեկտեմբերի 15-ին ընտրվել է Ռուսաստանի ԳԱ ակադեմիկոս (Ինֆորմատիկայի, հաշվիչ տեխնիկայի և ավտոմոտացման բաժին)։
  • 1991-2006 թթ․ Ռուսաստանի ԳԱ Օպտիկանեյրոնային տեխնոլոգիաների ինստիտուտի տնօրեն և գիտական ղեկավար։
  • 2006 թ․-ից՝ Ռուսաստանի ԳԱ Օպտիկանեյրոնային տեխնոլոգիաների կենտրոնի գիտական ղեկավար։

Գիտական ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1951 թվականին ցույց է տվել, որ անհամասեռ միջավայրերում, որոշակի պայմաններում, էլեկտրամագնիսական ալիքների տարածումն ուղեկցվում է դրանց բազմակի կիզակետման երևույթով, այսինքն՝ էլեկտրամագնիսական դաշտի կառուցվածքը տարածման ընթացքում պարբերաբար վերականգնվում է։ Այս երևույթը դրվել է ուղղորդիչ համակարգերում ազդանշանների հաղորդման նոր սկզբունքի հիմքում, ինչպես նաև օգտագործվել ալիքատարների նոր դասի ստեղծման համար, որոնք լայնորեն կիրառվում են որպես կապի օպտիկական գծեր։ Այդպիսի «ինքնակիզակետող» ալիքատարները՝ «սելֆոկները» (անգլ.՝ selffocusing - ինքնակիզակետող), ոչ միայն ավելի պարզ ու էժան են կաբելային համակարգերից, այլև թույլ են տալիս հաղորդել զգալիորեն ավելի մեծ ծավալի ինֆորմացիա։ Բազմակի կիզակետման երևույթի հիման վրա ստեղծվել են անտենային տեխնիկայում և օպտիկայում կիրառվող նոր տեսակի ոսպնյակներ, որոնք կրում են հեղինակի անունը՝ Միքայելյանի ոսպնյակ։ Օգտվելով վերոհիշյալ երևույթից՝ պատկերն առանց աղավաղման կարելի է հաղորդել մեկ ճկուն մանրաթելով՝ հնարավորություն, որը լայնորեն կիրառվում է բժշկության մեջ։ Բազմակի կիզակետման երևույթը, որպես գիտական հայտնագործություն, մտցվել է ԽՍՀՄ պետական գրանցման մատյանը (1982, JSC 257,1951 թվականի առաջնությամբ)։

Անդրեյ Միքայելյանը հիմնել է արդի ռադիոէլեկտրոնիկայի նոր ուղղություն, որը կապված է գերբարձր հաճախականությունների տիրույթում ֆեռիտների հետազոտման և օգտագործման հետ։ Կատարել է գիրոտրոպ միջավայրերի էլեկտրադինամիկային, հոլոգրաֆիային վերաբերող հիմնարար հետազոտություններ, մշակել ֆեռիտներում ոչ գծային երևույթների տեսությունը։

Եղբոր՝ Միքայել Տեր-Միքայելյանի հետ կատարած մի շարք աշխատանքներ նվիրված են օպտիկական գեներատորներին և ուժեղացուցիչներին։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լենինյան մրցանակի դափնեկիր (1961 թ․),
  • Աշխատանքային պատվո մեդալ (Զինվորական պատվո մեդալ) (1970 թ․),
  • Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան (1971 թ․),
  • Հայաստանի պետական մրցանակի դափնեկիր (1980 թ․),
  • Օպտիկայի և ֆոտոնիկայի միջազգային հանրության (անգլ.՝ SPIE) Ոսկե մեդալ (1994 թ․),[2]
  • Ռուսաստանի Պետական մրցանակի դափնեկիր (1995 թ․),[3]
  • Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 4-րդ կարգի շքանշան (1999 թ․),[4]
  • Ալեքսանդր Պոպովի անվան ոսկե մեդալ (2005 թ․)[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 678 CC-BY-SA-icon-80x15.png