Լևոն Տեր-Միքայելյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լևոն Տեր-Միքայելյան
Դիմանկար
Ծնվել է1867
ԾննդավայրԲանանց, Դաշկեսանի շրջան, Ադրբեջանական ԽՍՀ
Մահացել է1943
Մահվան վայրԹբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունՄոսկվայի պետական համալսարան
Մասնագիտություներկաթուղաշինարար
ԱմուսինԵվգենիա Իվանի Տեր-Միքայելյան (օրիորդ Նաբաթյան)
ԵրեխաներՄիքայել Տեր-Միքայելյան, Անդրեյ Միքայելյան

Լևոն Անդրեյի Տեր-Միքայելյան (1867, Բանանց, Դաշկեսանի շրջան, Ադրբեջանական ԽՍՀ - 1943, Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]: Հետագայում աճյունը տեղափոխվել է Հայաստան և թաղվել Աշտարակում՝ Միքայել Տեր-Միքայելյանի ընտանեկան գերեզմանոցում), հայ ճարտարագետ-շինարար[2][3]։
Հայաստանի առաջին հանրապետության Տրանսպորտի նախարար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1890 թվականին ավարտել է Մոսկվայի համալսարանը, 1895 թվականին՝ Սանկտ Պետերբուրգի հաղորդակցության ճանապարհների ինստիտուտը։ 1918 թվականին նա Սիբիրում ղեկավարել է Բայկալ-Ամուր երկաթուղային մայրուղու շինարարությունը, որն ընդհատվում է Ռուսաստանում սկսված քաղաքացիական պատերազմի պատճառով։ 20-րդ դարի այդ մասշտաբային շինարարությունը ԽՍՀՄ-ում վերսկսվեց 50 տարի անց և այժմ էլ կոչվում է Բայկալ-Ամուրյան երկաթուղային մայրուղի (ԲԱՄ)։ Սիբիրից տուն վերադարձի ճանապարհին Լևոն Տեր-Միքայելյանը հանդիպումներ է ունեցել Կոլչակի և Հայկ Բժշկյանցի հետ։ 1918-1920 թվականներին եղել է Հայաստանի առաջին հանրապետության տրանսպորտի նախարարը։ Սոցիալիստական հեղափոխությունից հետո եղել է Անդրկովկասյան երկաթուղիների գլխավոր ինժեները։ 1920-1930 թվականներին եղել է Անդրերկաթուղու գլխավոր վարչությունում (Թիֆլիս) ՀՀ լիազոր ներկայացուցիչ։ Եղել է Նավթլուղ-Այրում, Լենինական-Արթիկ երկաթուղային ուղամասերի շինարարության գլխավոր ճարտարագետ։ Բոլշևիկյան ահաբեկության տարիներին ձերբակալվել և դատապարտվել է մեկ տարվա ազատազրկման։ Մահապատժից փրկել է կինը՝ Եվգենիա Տեր-Միքայելյանը, ով լավ ծանոթ էր Գրիգորի Օրջոնիկիձեի հետ և վերջինիս հանդիպելու նպատակով երկու երեխաների հետ մեկնում է Մոսկվա։ Հանդիպելով ժողկոմին՝ վերջինիս օգնությամբ էլ ազատում է ամուսնուն։

«Երկաթուղային տերմինների ռուս-հայերեն և հայ-ռուսերեն բառարանի» (Թիֆլիս, 1927) կազմողներից է։ Աշխատանքները վերաբերում են թվերի տեսությանը, երկաթուղու և մաթեմատիկայի (17-րդ դար) պատմությանը։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինը՝ Եվգենիա Իվանի Տեր-Միքայելյանը (օրիորդ Նաբաթյան, 1887-1964 թ.) ծնվել է Բաքվի մեծահարուստ նավթարդյունաբերողի ընտանիքում։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին նրանց Թիֆլիսի տուն են այցելել Կովկասյան հանրապետություններ տեղափոխված (տարհանված) մշակույթի և արվեստի բազմաթիվ հայտնի ՀԽՍՀ գործիչներ։ Նրանց տանը եղել են Այվազովսկու և Բաշինջաղյանի կողմից նվիրած նկարներ։ Ունեցել են երկու զավակ՝ Միքայել Տեր-Միքայելյան և Անդրեյ Միքայելյան։

Միքայել Տեր-Միքայելյանը (1923-2004 թ.), Հայաստանի ականավոր տեսաբան ֆիզիկոս էր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1982 թ.)։ Հետազոտությունների բնագավառը եղել է բարձր էներգիաների ֆիզիկան, քվանտային էլեկտրոնիկան և լազերային ֆիզիկան։ ՀԽՍՀ պետական և Վիկտոր Համբարձումյանի անվան մրցանակների դափնեկիր, պարգևատրվել է Ժողովուրդների բարեկամության շքանշանով։ 1991 թվականին ֆիզիկայի գծով մրցանակների Նոբելյան հանձնաժողովի կողմից առաջադրվել է 1992 թվականի Նոբելյան մրցանակի թեկնածու։

Անդրեյ Միքայելյանը (1925-2010 թ.), ԽՍՀՄ հայ ականավոր գիտնական էր, ֆիզիկոս-ինժեներ, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս։ 1949 թ. ավարտել է Մոսկվայի Կապի էլեկտրատեխնիկական ինստիտուտը, մնացել Մոսկվայում և դարձել հայտնի գիտնական ռադիոօպտիկայի, հոլոգրաֆիայի և ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Сагратян А. Т. История железних дорог Закавказя, 1856-1921, Е., 1970.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 589։
  2. Հայկական համառոտ հանրագիտարան, 2003։ Հ. 4:
  3. «Koha online catalog › Entry». haygirk.nla.am. Վերցված է 2019 թ․ մայիսի 26-ին.