Մարտական փղեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հաննիբալն անցնում է Ռոնի վրայով

Մարտական փղեր, փղեր, որոնք անտիկ ժամանակներում, միջնադարում և նոր ժամանակներում մարտական նպատակներով օգտագործվել են տարբեր պետությունների բանակներում[1]։ Անտիկ ժամանակներում և միջնադարում մարտական փղերն ահարկու ուժով էին, այդ թվում նաև թշնամու վրա ունեցած սարսափեցնող ազդեցության շնորհիվ, սակայն հրազենի, և հատկապես հրետանու ի հայտ գալով փղերի դերն սկսեց նվազել։ Ժամանակի ընթացքում մարտերի ժամանակ փղերի օգտագործումից հրաժարվեցին և սկսեցին դրանց օգտագործել բացառապես բարդ տեղանքներում մարդկանց ու սարքավորումները փոխադրելու համար, ինչպես նաև որպես մահապատժի միջոց։

Օգտագործում[խմբագրել | խմբագրել կոդը]

Աֆրիկյան փիղ (Loxodonta africana), Loxodonta africana pharaohensis անհետացած ենթատեսակի ամենամոտ ազգականը, ենթադրաբար օգտագործվել է որպես մարտական փիղ

Մարտական նպատակներով օգտագործված փղերի մասին սկզբնական ճշգրիտ տվյալներ չկան։ Հայտնի է, որ մեր թվարկությունից առաջ 16-րդ դարում մարտական փղերն ի հայտ են եկել ասորական բանակում, դրանց Չինաստանում օգտագործել են Շան դինաստիայի օրոք (մ.թ.ա. 1600-1027 թվականներ)։ Մարտական փղերը հիշատակվում են «Մահաբհարաթա» հին հնդկական էպոսում։ Հին Հնդկաստանի բանակում, որտեղ կար մեծ քանակությամբ փիղ, դրանք օգտագործվում էին պարբերաբար[2], և փիղը համարվում էր հիմնական ծանր մարտական միավորը։ Ընդ որում՝ այդպիսի օգտագործումը հաճախ պայմանավորված է ոչ այնքան փղի մարտական արդյունավետությամբ, որքան այս կենդանու մեկ տեսակի՝ մարդու վրա ունեցած հոգեբանական ազդեցությամբ[1]։ Բանակում փղերի թիվն ու զարդարանքը հրամանատարի հզորության ցուցանիշն էր։ Այդ պատճառով էլ հնդկական բազմաթիվ տարեգրություններում հիշատակվում է, որ տիրակալների բանակում կային մեծաթիվ փղեր։ Ներկայումս բանակում դրանց թիվը մի քանի տասնյակից մինչև հարյուր, նույնիսկ 2-3 հարյուր է[1]։

Աստիճանաբար փոխվեց փղերի օգտագործման մարտավարությունը։ Անտիկ շրջանում և միջնադարում սովորաբար օգտագործվում էին փղերի առանձին միավորումներ, որոնք հետևազորի թույլ աջակցությամբ հարձակվում էին թշնամու գծի վրա՝ ոչ միայն կոտրելով նրա կառուցվածքը, այլև գործելով հոգեբանական հսկայական ազդեցություն։ Դա պայմանավորված էր մարտական այդ ուժի օգտագործման համեմատաբար նորարարությամբ։ Իրավիճակը փոխվեց ուշ միջնադարում, երբ մարտական փղերն աջակցում էին հետևակին՝ խաղալով շարժական ամրոցի դեր։ Այս դեպքում մարտական փղերը կանգնեցվում էին պատվարային գծով, իսկ մարտի ճակատագրական պահերին նրանց ուղարկում էին կարճ հակահարվածի[3]։

Մարտական փղերը հաճախ օգտագործվում էին մարտական ծանր մեքենաներ քաշելու և որպես տրանսպորտային միջոց՝ մեծ թվով մարտիկներ, հատկապես աղեղնավորներ տեղափոխելու համար[1]։

Փղերն օգտագործվում էին նաև որպես զորահրամանատարի դիտակետ[1]։ Հայտնի են դեպքեր, երբ զորապետի դիտակետն ուներ աշտարակի տեսք, որը դրված էր երկու փղի վրա։ Դա շատ հարմար էր, քանի որ այդ բարձրությունից զորահրամանատարը կարող էր հեռվից տեսնել ռազմի դաշտը, նրան տրված ազդանշանները նույնպես հեռվից տեսանելի էր, իսկ ռազմական անհաջողության դեպքում փիղը կարող էր զորահրամանատարին առանց դժվարության մարտական գործողություններից հեռու տեղափոխել[1]։

Օգտագործվող կենդանիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտիկ բանակներում օգտագործվող աֆրիկյան փղերը հաճախ անվանում են հյուսիսաֆրիկյան։ Այդ փղերն աֆրիկյան սավաննաների փղերի հատուկ ենթատեսակ կամ նույնիսկ առանձին տեսակ էին, որոնց արեալը ներկայիս հարավային Սահարան է։ Անտիկ շրջանում Հյուսիսային Աֆրիկայի կլիման ավելի մեղմ էր, քան մեր օրերում, և Մաղրիբում՝ անապատի ու Միջերկրական ծովի միջև, սավաննայի մի շերտ էր, որտեղ էլ ապրել են ներկայումս բնաջնջված հյուսիսաֆրիկյան փղերը։ Այդ ենթատեսակը սավաննաների փղերից տարբերվում էր փոքր չափերով, ավելի խաղաղ բնավորությամբ և վարժեցվելու լավ ունակություններով[3]։

Փղերի կառավարում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնդակական զենքեր ու պարագաներ, աջից՝ ճոխ զարդարված անկուս

Փղերին ղեկավարում էր պարանոցին նստած միակ հեծյալը (մահաուտ), որը թշնամու ու նրա ձիու վրա գրոհելու համար փղի վրայից իջնում էր ժանիքների վրայով[2]։ Փղերին կառավարելու համար օգտագործվում էին հատուկ գործիքներ՝ անկուս և քշողի դաշույն[3]։ Անփորձ փղերը բարձր ձայներից վախենում էին և մարտի ժամանակ անկառավարելի դառնում։

Որպես մարտական փղեր օգտագործվում էին միայն արուները, ոչ թե այն պատճառով, որ արուներն ավելի ագրեսիվ էին, այլ նրա համար, որ էգերը խուսափում էին արուների հետ բախվելուց։ Արուներն օգտագործվում էին մարտական գործողությունների ժամանակ, իսկ էգերին՝ տարբեր աշխատանքների համար[4]։

Կենդանիներին սովորեցնելը տևում էր տարիներ, որի ընթացքում վարժեցնողներին հաջողվում էր նրանց ազատել մարտերի ժամանակ ունեցած վախերից և նույնիսկ զարգացնել մարտի ժամանակ կնճիթն օգտագործելու ունակություն։ Հին ժամանակներում զինվորները հատկապես վախենում էին հնդկական արու փղերից, երբ դրանք ընկնում էին, այսպես կոչված, մուստ վիճակի մեջ։ Այդ շրջանը բնութագրվում էր տեստոստերոնի բարձր մակարդակով և, որպես հետևանք, ագրեսիվ վարքով։ Այդ վիճակում փղերը կարող են հարձակվել մարդու վրա։ Մարտի ժամանակ փղերի օգտակարությունը բարձրացնելու համար վարժեցնողները փորձում էին արհեստականորեն առաջացնել մուստ, որի համար օգտագործում էին թմրամիջոցներ, ալկոհոլ, բարձր ձայներ և երաժշտություն[2]։ Այդ մեթոդների օգտագործման մասին գրված է Աստվածաշնչում.

Այդ ժամանակ թագավորը՝ խիստ զայրույթով լի և իր անփոփոխ ատելությամբ, կանչեց Հերմոնին՝ փղերի պատասխանատուին, և հանձնարարեց հաջորդ օրը բոլոր փղերին՝ թվով 500 հատ, կերակրել հնարավորինս մեծ քանակությամբ խնկով և կուշտ խմեցնել անապակ գինի և, երբ նրանք գազազեն իրենց տրված առատ խմիչքից, տանել Հրեաստան, որ դատապարտված էր մահվան։

— Գ Մակաբայեցիներ, 5:1[5]

Մարտի ժամանակ փղերն անմիջապես կարող էին կատաղել հոտից և մայրական բնազդից[6]։

Մարտական փղերի սպառազինում և զրահազգեստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտիկ շրջանում աշխարհի բոլոր երկրներում մարտական փղերի զրահազգեստ, որպես այդպիսին, չկար[7], այդ ժամանակ դրան փոխարինում էր փղի հարուստ զարդարանքը, որը ծառայում էր որպես զորահրամանատարի և տիրակալի հզորության ու հարստության գրավական։ Զենքի տարրերից էին բրոնզե ճակատակապը կամ ավելի լայն զրահապատ գլխադիրը։

Մեր թվարկությունից առաջ 7-րդ դարում փղերին սկսեցին հագցնել եզան կաշվի մի քանի շերտից պատրաստված զրահազգեստներ[8]։ Ավելի ուշ փղի զրահազգեստը կազմված էր կաշվից ու երկաթե թիթեղներից, կնճիթը նույնպես ծածկում էին երկաթե թիթեղներով, երբեմն՝ սուր փշերով։ Բարելավվեց նաև մահաուտի հանդերձանքը, որին ավելացավ վահան և աշտե[9]։

Ուշ միջնադարում (ըստ ժամանակակիցների նկարագրության և «Բաբուր-նամե» ձեռագրում եղած այդ դարաշրջանի մարտական փղերի նկարների) հնդկական մարտական փղերն արդեն կրում էին օղազրահներով լիարժեք ասպազենք։ Այդ զենք ու զրահը վերանվանվեց «կաջիմ»։ Այլ տվյալներով (Աբու-լ Ֆազլ Ալլամի)՝ ասպազենքը կոչվում էր «գաջագահա», որ նշանակում էր փղերի ականջների պաշտպանություն («պակխար»՝ փղի գլխի և/կամ իրանի պաշտպանություն, տերմինից)։ Ամբողջ սպառազինությունը կոչվում էր «խատ ջխուլ»[7]։

Ասպազենքը սովորաբար կազմված էր պողպատե փոքր և մեծ թիթեղներից, որոնք միանում էին օղազրահի հյուսվածքով։ Այն ամբողջությամբ կազմված էր 159 կգ ընդհանուր քաշով մոտավորապես 8350 թիթեղից։ Շքեղ ասպազենքի թիթեղները ծածկված էին դրոշմակերտ նկարներով ու ոսկու նուրբ շերտով։ Օրինակ՝ կարելի էր հանդիպել քայլող փղերի, լոտոսի ծաղիկների, թռչունների, ձկների նկարներ[7]։

Հայտնի է նաև, որ մարտական փղերի համար օգտագործվել են ծայրակալներ։ Ենթադրվում էր, որ դրանք կարող էին մշակվել հատուկ թույնով[7]։

Հիշատակվում է, որ վարժեցված փղերը կարող էին իրենց կնճիթով նիզակ նետել[10]։ Կա նաև պնդում, որ որպես զենք կարող էր օգտագործվել փղի կնճիթին ամրացված սուրը[11][12]։ Դա կենդանու ֆիզիոլոգիական առանձնահատկության քիչ հավանական հետևանք է, ավելի շուտ սուրն ամրացնում էին փղի ժանիքին[11]։ Փղի կնճիթը կարող էր հեծյալին պոկել թամբից[7][13]։

Մարտական կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եղիազար Մակաբայեցին սպանում է փղին և սպանվում նրա կողմից: Մանրանկարչություն

Անտիկ շրջանում մարտական փղերը հիմնականում օգտագործվում էին հեծելազորի դեմ[1], քանի որ ձիերը վախենում էին փղերից, ու վերջիններս գրոհելով հեծելազորին խեղդամահ էին անում[3]։ Փղերը, ունենալով հեծելազորի հետ համեմատելի արագություն, բայց միաժամանակ անհամեմատելի մեծ զանգված, կարողանում էին վազքով մրցել նրանց հետ[3], այդպես, օրինակ, եղել է Հերակլեայի ճակատամարտում. Պյուռոս թագավորը, տեսնելով հռոմեական հեծելազորի կողմից իր բանակի փաստացի պարտությունը, կռվին մասնակից է դարձնում փղերի պահեստազորային ուժերը և այդպիսով ճակատամարտի ելքը որոշում հօգուտ իրեն։

Մարտական փղերի խոցելի տեղերի մասին կա բիբլիական պատմություն, համաձայն որի՝ Եղիազար Մակաբայեցին Սիոն միջնաբերդի ճակատամարտում[14] նիզակով խոցել է փղի փորը, որի վրա, ինչպես իրեն է թվացել, նստած է եղել Ասորիքի թագավորը, և զոհվել է իր վրա փղի ընկնելու պատճառով[15]։ Կլավդիոս Էլիանը գրել է այն մասին, որ հռոմեացիները Պյուռոսի մարտական փղերի դեմ հաջողությամբ օգտագործել են մարտական խոզեր, քանի որ փղերը վախենում են խոզերի ճղավոցից[16]։

Ըստ ռազմական խոշոր պատմաբան Հանս Դելբրյուկի[17]՝

Մարտերի ոչ մի արժանահավատ նկարագրության մեջ մենք չենք գտնում փղերի կողմից կատարված որևէ էական բան, ընդհակառակը, այն կողմը, որն իր տրամադրության տակ ուներ ավելի շատ փիղ, ավելի շատ վնաս է կրել... Չկա մի օրինակ, որտեղ փղերը ճեղքած լինեն հետևակի հոծ ճակատը։

Մեր թվարկությունից առաջ 6-րդ դարում մարտական փղերն իրենց վրա սկսել են տանել մինչև 4 մարդ, իսկ մի քանի զինվորներ գետնի վրա պաշտպանում էին կենդանու ոտքերը։ Փղի մեջքին ամրացվում էր փայտե հարթակ կամ հյուսված զամբյուղ, որտեղ գտնվում էին տեգերով կամ էլ աղեղներով զինված 3 հրաձիգները։ Զամբյուղի պատերը պաշտպանում էին վերջիններիս։ Փղերի մեջքին ամրացնում էին նաև թմբուկներ կամ ազդանշանային դրոշներ՝ զինվորներին հրամաններ տալու համար[9]։

Տարածված մարտավարություն էր նաև մարտական փղերի օգտագործումը հետևակի դեմ, սակայն այս մարտավարությունը միշտ չէր հաջող լինում[3][7] պայմանավորված նրանով, որ մարտական փղերի դեմ կռվելուն չվարժված հետևակը, գրոհը հետ մղելու համար կազմելով հոծ խմբեր, դառնում էր թիրախ մարտական փղերի ուժը կիրառելու համար։ Տարակենտրոնացված հետևակը, օգտագործելով խրտնեցնող միջոցներ, ջահեր և ահաբեկելու այլ մեթոդներ, վախեցնում էր փղերին և նրանց մղում փախուստի[3]։ Վախից խելագարված, կատաղած, փախուստի դիմած փղերն ավելի վտանգավոր էին սեփական զորքի համար, ընդ որում այնքան վտանգավոր, որ նախընտրում էին նրանց սպանել՝ գլխներին հատուկ ցցերով խփելով, այլ ոչ թե ընդունել իրենց շարքերը[7]։

Հին Արևելք։ Պարսկաստան, Հնդկաստան և Ալեքսանդր Մեծ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվրոպական քաղաքակրթությունը մարտական փղերին հանդիպել է Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքի ընթացքում։ Մեր թվարկությունից առաջ 331 թվականին՝ Գավգամելայի ճակատամարտի ժամանակ, պարսկական բանակն ուներ 15 հնդկական փիղ։ Պարսիկներն իրենք սովոր չլինելով մարտական փղերին՝ հույս ունեին դրանք օգտագործել Մակեդոնացու փաղանգը գրոհով ջարդելու և հակառակորդին ահաբեկելու համար։ Սակայն փղերը ճակատամարտին չմասնակցեցին, քանի որ դրանց Ալեքսանդրի բանակը հափշտակել էր, և այնուհետև օգտագործվեցին դեպի արևելք կատարած արշավանքի ժամանակ[18]։

Հետո մակեդոնացիները հանդիպեցին Պորոս թագավորի բանակին, որի կազմում կար մոտ 150-200 վարժեցված փիղ։ Գավգամելա-Էրբիլի ճակատամարտում մակեդոնացիները փաստացի չպայքարեցին նրանց դեմ, քանի որ բանակը հստակ պատկերացում չուներ փղերի հետ կռվելու մեթոդների մասին և սկզբում չկարողացավ նրանց զգալի վնաս հասցնել, բայց, սկսելով նիզակ նետել փղերի անպաշտպան ոտքերին, Ալեքսանդրի զինվորները նրանց փախուստի մատնեցին։ Չնայած այն բանին, որ փղերը նրա ռազմիկների կողմից փախուստի էին մատնվել, Ալեքսանդր Մակեդոնացին մարտական փղերին ներառեց իր բանակի կազմում։

Հյուդասպի ճակատամարտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյուդասպի ճակատամարտում մարտական փղերը գրոհում են փաղանգի վրա

Հյուդասպի ճակատամարտը տեղի է ունեցել մեր թվարկությունից առաջ 326 թվականին Ալեքսանդր Մակեդոնացու և հնդիկ թագավոր Պորոսի զորքերի միջև[3]։ Պորոսի բանակը այդ ժամանակ մեծաքանակ էր։ Այսպես, Արիանոսը ցույց է տալիս, որ բանակն ունեցել է ավելի քան 30 հազար հետևակ, 4 հազար հեծելազոր, 300 մարտակառք և 200 փիղ (այլ աղբյուրներ, մասնավորապես Քվինտոս Կուրտիոս Ռուփոսը ցույց է տալիս մոտ 85 փիղ)։ Դիոդորոս Սիկիլիացին գրում է 50 հազար հետևակ, 3 հազար հեծելազոր, 1000 մարտակառք և 130 փիղ։ Պլուտարքոսն էլ գրում է միայն 20 հազար հետևակ և 2 հազար հեծելազոր։ Եթե հիմնվենք ճակատամարտի նկարագրության և կորուսների թվի վրա, ապա ամենայն հավանականությամբ Պորոսի բանակում կար մինչև 30 հազար հետևակ, 3 հազար հեծելազոր, 300 մարտակառք և 130-200 փիղ։ Բայցի այդ, Պորոսի դաշնակիցն էր հնդիկ թագավոր Աբիսար, որի բանակն իր կազմով ու չափերով կարող էր համեմատվել Պորոսի բանակի հետ։

Վերոհիշյալ աղբյուրները տեղեկություններ չեն հաղորդում Ալեքսանդր Մակեդոնացու բանակի թվի մասին։ Միևնույն ժամանակ Արրիանի մակեդոնյան ստորաբաժանումների և նրանց դաշնակիցների մանրամասն փոխանցման հիման վրա կարելի է ենթադրել, որ Ալեքսանդրի բանակում կար մոտ 8-10 հազար հեծելազոր և 25-30 հազար հետևակային։

Այս ճակատամարտի վերլուծությունով կարելի է որոշել փղերի օգտագործման մարտավարությունը[3]։ Սկզբում մարտակառքերը թշնամու շարքերում շփոթություն են առաջացնում, հակառակորդը կորցնում է մարտական կառուցվածքը, և ապա փղերը ճեղքում են ճակատը և նրա շարքերում խառնաշփոթ առաջացնում։ Հեծելազորն ավարտում է ընդհանուր ջարդը։ Սակայն այս ճակատամարտում մարտակառքերը Ալեքսանդրի զորքի դեմ հանվեցին մարտի սկզբում, իսկ փղերը Մակեդոնացու՝ մարտերում թրծված ու կարգապահ հետևակին ոչինչ անել չկարողացան։ Երբ մակեդոնացիների ճեղքումը չհաջողվեց, փղերը հետ դարձան և խուճապ առաջացրին հնդիկների շարքերում, որոնք ամբողջությամբ ջախջախվեցին։

Անտիկ աշխարհ։ Միջերկրածովյան[խմբագրել | խմբագրել կոդը]

Զամայի ճակատամարտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Զամայի ճակատամարտ

Զամայի ճակատամարտը, որ տեղի է ունեցել մեր թվարկությունից առաջ 202 թվականի հոկտեմբերին Հաննիբալի և Սկիպիոն Աֆրիկացու միջև, Երկրորդ Պունիկյան պատերազմի վերջին ճակատամարտն էր և ավարտվել է Հաննիբալի բանակի պարտությամբ։

Հռոմեական բանակը բաղկացած էր մոտ 25-30 հազար հետևակից և 6-8 հազար հեծելազորից։ Կարթագենի զորքը ներառում էր 35 հազար հետևակ և 2-3 հազար հեծելազոր, ինչպես նաև մոտ 80 վատ վարժեցված փիղ[3]։

Հռոմի և Կարթագենի բանակների տեղաբաշխումն ու խմբավորումը նույնն էր. առջևում թեթև հետևակն էր, նրա հետևում 2 շարքով՝ փաղանգը։ Հաննիբալը փղերին ու թեթև հետևակին բերել էր առաջ, երկրորդ շարքի զինվորները առաջինից 200 մետր հեռավորության վրա էին։ Հաննիբալի փղերի գրոհը դիմադրելու համար Սկիպիոնը նշանակել էր հատուկ նիզակակիրներ։

Ճակատամարտն սկսեցին կարթագենացիները, որոնք գրոհի նետեցին փղերին։ Սակայն հռոմեացի նիզակակիրների ու բանակի՝ փողի միջոցով առաջացրած աղմուկի շնորհիվ փղերը հետ դարձան և կոտորեցին կարթագենացիների հետևակի ու հեծելազորի առաջին շարքին։ Այնուհետև հռոմեական բանակի հեծելազորն սկսեց կարթագենյան հեծելազորի հետապնդումը՝ ժամանակավորապես լքելով ռազմի դաշտը։

Իր փղերի ու փախուստի մատնված հեծելազորի անհաջող գործողության պատճառով Հաննիբալը որոշեց հետևակի միջոցով շրջապատել հակառակորդի թևերը։ Դրա համար նա կարգադրեց, որ կարթագենյան բանակի երկրորդ շարքը առաջ շարժվի թևերի հետևից և աքցան ստեղծի հռոմեական բանակի շրջափակման համար։ Ի պատասխան դրան՝ հռոմեացիները նույն կերպ վարվեցին, և մարտը վերածվեց հետևակների ճակատային բախման։ Միևնույն ժամանակ հռոմեկան բանակի հեծելազորը վերադարձավ մարտի դաշտ և հարվածեց կարթագենացիների շարքերին։ Դա որոշեց ճակատամարտի ելքը, Հաննիբալը պարտվեց, ինչը նրա հրամանատարական ամբողջ կարիերայի ընթացքում միակ պարտությունն էր։ Կարթագենն ունեցավ 10000 զինվորի կորուստ, հռոմեական բանակը՝ մոտ 1500[3]։

Ռաֆայի ճակատամարտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռաֆայի ճակատամարտը Անտիոքոս III Մեծի և Պտղոմեոս IV Ֆիլոպատորի զորքերի միջև տեղի է ունեցել մ.թ.ա. 218 թվականին՝ Սիրիական չորրորդ պատերազմի ընթացքում[3]։

Պոլիբիոս գրում է, որ Պտղոմեոսն ուներ մոտ 70 հազար հետևակ, 5 հազար հեծելազոր, 73 փիղ, իսկ Անտիոքոսի բանակը՝ 62 հազար հետևակ, 6 հազար հեծելազոր և 103 փիղ։

Մարտն սկսվեց առաջին գծում փղերի բախումով, որի ժամանակ աջ թևում Անտիոքոսի հնդկական փղերը հաղթեցին Պտղոմեոսի լիբիական (աֆրիկական) փղերին։ Հետո նույն թևում Անտիոքոսի հունական վարձկանները հաղթեցին Պտղոմեոսի թեթև հետևակին, որոնք ոտնատակ էին եղել փախուստի մատնված իրենց փղերի կողմից։ Ձախ թևում հունական վարձկաններն ու եգիպտական հեծելազորը փախուստի մատնեցին սիրիական բանակի հետևակին։ Այնուհետև եգիպտական փաղանգը տապալեց սիրիական փաղանգին, և եգիպտական հեծելազորը ավարտեց նահանջող սիրիացիների ջարդը[3]։

Անտիոքոսի զորքից զոհվեց մոտ 10 հազար հետևակ և ավելի քան 300 հեծելազոր, 4 հազար մարդ գերի ընկավ։ Պտղոմեոսը կորցրեց 1,5 հազար հետևակ և մինչև 700 հեծելազոր։

Պոլիբիոսի նկարագրություններում Ռաֆայի ճակատամարտում փղերի մարտական գործողությունների մասին վկայություն կա[3].

Տալով մարտական ազդանշան՝ նրանք առաջին հերթին ճակատամարտի մեջ մտցրին փղերին։ Եվ ահա Պտղոմեոսի փղերից շատերը բախվեցին հակառակորդների հետ. նրանց վրա գերազանցորեն պայքարում են աշտարակների մարտիկները, ձեռնամարտով սպանում և մեկը մյուսին հարվածում են նիզակով, բայց փղերն ավելի լավ են պայքարում՝ կռվելով ամբողջ ուժով և հրելով, քանի որ այդ կենդանիները պայքարում են այսպես՝ ժանիքները միացնելով և հենելով իրար, նրանք հրում են ամբողջ ուժով և դոփում տեղում, մինչև մեկը, հաղթելով մյուսին, չի ստիպում նահանջել, և հենց մեկը, ետ մղվելով, հրում է նրան մի կողմ, նա ժանիքներով վնասում է նրան հենց այնպես, ինչպես ցուլը եղջյուրներով։ Պտղոմեոսի փղերի մեծ մասը երկչոտությամբ խույս տվեցին մարտից, ինչպես սովորաբար վարվում են աֆրիկական փղերը։ Նրանք չեն հանդուրժում հնդկական փղերի հոտն ու ձայնը, բայց, ինչպես ինձ թվում է, պարտվում են նրանց չափից ու ուժից, նրանք այժմ, երբ տեսնում են նրանց, դիմում են փախուստի։ Այդպես պատահեց և հիմա, երբ [եգիպտացիների] փղերը անկարգությամբ նահանջեցին։

Անտիկ աշխարհ. Պարթևական թագավորություն և Սասանյան Պարսկաստան[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարթևական թագավորությունուն էլեֆանտերիա չի կիրառվել. մարտական փղերի մասին ոչ մի հիշատակություն չկա[19]։ Բացառություն է Կոռնելիոս Տակիտոսի հաղորդած տեղեկությունն այն մասին, որ 62 թվականին պարթև տիրակալ Վաղարշը հռոմեացիների դեմ մղած պատերազմում գետն անցել է փղով, իսկ բանակը նրան հետևել է ձիերով[19]։ Սասանյանները վերականգնել են մարտական փղերի օգտագործման պրակտիկան։ Արդեն Շապուհ II Երկարակյացը 337 (338) և 350 թվականներին փղեր է օգտագործել Մծբինի ամրոցները պաշարելու համար[20]։

Ժամանակակից կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փիղը Սիամի բանակում մեջքին կրում է թեթև հրետանային հրանոթ (1893)

Վառոդի համատարած օգտագործումից հետո (15-16-րդ դարեր) մարտական փղերի առավելությունները փաստացիորեն հասցվեցին նվազագույնի։ Հրացաններով չէին կարողանում կենդանուն զգալի վնաս հասցնել, բայց արդեն թեթև հրետանին մարտական փղերին դուրս մղեց զորաշարքերից[21]։ Չնայած դրան, փղերը բավականին երկար ժամանակ լայնորեն օգտագործվում էին շարժական դիտակետերում և հրամանատարական կետերում։

Չնայած որոշ թերություններին՝ մարտական փղերը մինչև 19-րդ դարն օգտագործվել են Հարավարևելյան Ասիայում, քանի որ բարդ ռելիեֆի պատճառով հեծելազորն այնտեղ պիտանի չէր։ Սիամի բանակում մարտական փղեր օգտագործվել են մինչև ֆրանս-սիամական պատերազմը (1893)։ Չինաստանում մարտական փղեր կիրառվել են ֆրանս-չինական պատերազմում (1885)։

Առաջին համաշխարհային պատերազմում փղերը երբեմն ծառայում էին որպես քարշիչ ուժ։ Այս փիղն աշխատում էր Շեֆիլդի ռազմամթերքի բազայում

20-րդ դարում փղերը բանակում օգտագործվել են ոչ թե որպես մարտական միավոր, այլ որպես միայն քարշիչ ուժ։ Այդ ձևով նրանք հաճախ կիրառվել են Առաջին, իսկ հետո նաև Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ[22], քանի որ նրանք հաճախ կարող են շարժվել այն շրջաններում, որտեղ շարժիչ մեքենաների տեղաշարժը դժվար կլինի։ Այսպես, 20-րդ դարի սկզբին Ապիում (նախկին Բելգիական Կոնգոյի հյուսիս), Արուում և այլ վայրերում կային աֆրիկյան փղերի ընտելացման փորձարարական կենտրոններ։ Արուի կենտրոնը գործում է նաև այժմ[23], ներկայումս այնտեղ գտնվում են 50 վարժեցված փղեր, որոնք աշխատում են պլանտացիաներում։ Այդ փորձերը գործնականում ռազմական օգուտ չեն ունեցել[24]։

Աֆրիկյան փղերը համարվում են անհետացող կենդանիներ, Միջազգային Կարմիր գրքում աֆրիկյան փղի կարգավիճակն է «խոցելի» (Vulnerable), այն ներառված է նաև Վայրի կենդանական և բուսական աշխարհի վտանգված տեսակների միջազգային առևտրի կոնվենցիայի (CITES) Հավելված 1-ում, այդ պատճառով էլ ռազմական նպատակներով օգտագործելի չէ։

Մարտական փղերի կիրառմամբ որոշ մարտեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճակատամարտ Թվական Վայր և կողմեր Փղերի թիվը յուրաքանչյուր կողմում Փղերի օգտագործման արդյունք
Իպսոսի ճակատամարտ մ.թ.ա. 301 Փռյուգիայի (Փոքր Ասիա) Իպսոս քաղաքի, մոտ մի կողմից Անտիգոնուս I Միաչքանու և Դեմետրիուս I Մակեդոնացու, մյուս կողմից Կասանդրի (Մակեդոնիա), Պտղոմեոս Լագոսի (Եգիպտոս), Սելևկոս I Նիկատորի (Բաբելոն և Իրանի սատրապություն) և Լիսիմահի (Թրակիա) զորքերի միջև։ Հելլենիզմ դարաշրջանի և ընդհանուր համաշխարհային պատմության մեջ (մինչև Նոր ժամանակները) ամենամեծ մարտերից մեկն է Սելևկոս I-ի կողմից ավելի քան 400 փիղ և մոտ 75 փիղ Անտիգոնուս I Միաչքանու ու Դեմետրիուս I-ի կողմից[25] Փղերի մարտի ընթացքում Սելևկոսը Դեմետրիուսի հեծելազորը մեկուսացրեց հիմնական մասից, և ապա ոչնչացրեց այն՝ Անտիոգոնուսի զորքին չթողնելով թևից օգնություն ցույց տալ[26]։ Պարտությունից հետո Անտիգոնուս I Միաչքանու պետությունը դադարեց գոյություն ունենալուց։
Կինոսկեֆալայի ճակատամարտ մ.թ.ա. 197 Թեսալիա։ Մարտ հռոմեական և մակեդոնական զորքերի միձև՝ Հունաստանին տիրելու համար Անհայտ է, մի քանի տասնյակից ոչ ավելի Մակեդոնական փաղանգը, անցնելով բլրի վրայով, բաժանվեց երկու մասի։ Աջ թևը շարժվեց առաջ, իսկ ձախ թևը շարունակում էր դասավորվել։ Ֆլամինիուսի մարտական փղերը անցան մակեդոնացիների չդասավորված ձախ թևի միջով, իսկ հռոմեացի լեգեոներները վերջնականապես ետ շպրտեցին նրանց։ Փաղանգը պարտվեց, Երկրորդ մակեդոնական պատերազմն ավարտվեց։
Անկարայի ճակատամարտ հուլիսի 28 հուլիսի 20, 1402 թվական Մարտ օսմանյան սուլթան Բայազիդ I-ի և միջինասիական ամիրա Լենկթեմուր միջև, Անկարայի մոտակայքում Լենկթեմուրի զորքի կազմում 32 փիղ[27] Ճակատամարտի ընթացքում փղերը էական դեր չեն խաղացել, քանի որ զինվորների ընդհանուր թիվը երկու կողմերում կազմել է մոտ 200000[27]։
Փանիպատի ճակատամարտ նոյեմբերի 5 հոկտեմբերի 28, 1526 թվական Մարտ սուլթան Բաբուրի և Դելիի սուլթանության (գլխավորում էր Իբրահիմ-շահ Լոդին) զորքերի միջև Իբրահիմ-շահ Լոդիի բանակում 100 փիղ[28] Բաբուրի զորքը ժամանակակից սարքավորումներով հիմնովին ջախջախեց իրենից տասնապատիկ ավելի Իբրահիմ-շահ Լոդիի զորքին։ Փղերը հրետակոծությամբ ոչնչացվեցին։
Խոթինի ճակատամարտ (1621) 1621 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր Մարտ Օսմանյան կայսրության և Ռեչ Պոսպոլիտայի զորքերի միջև Օսմանյան կայսրության կողմից 4 փիղ Թուրքական բանակը պարտվեց։ Փղերը վախեցան հրետակոծությունից և շրջվեցին յուրայինների կողմը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 М. Горелик. — Вокруг Света, 1976«Шагающие крепости». X Legio. Военно-исторический портал античности и Средних веков. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 8-ին.
  2. 2,0 2,1 2,2 John M. Kistler. War Elephants. — С. 8—9.
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 «Боевые слоны». Арман Карапетян. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 7 сентября 2010-ին.
  4. John M. Kistler. War Elephants.
  5. Толковая Библия или комментарий на все книги Св. Писания Ветхого и Нового Заветов. А. П. Лопухина. Комментарий на 3ю книгу Маккавеев, глава 5
  6. Луций Анней Флор. Глава XIII. Тарентинская война // Эпитомы римской истории. Книга II.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 «Защитные доспехи индийских боевых слонов». Шпаковский В., Фадеева О. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 7 сентября 2010-ին.
  8. John M. Kistler. War Elephants. — С. 12-13.
  9. 9,0 9,1 John M. Kistler. War Elephants. — С. 21—23.
  10. Филострат. Жизнь Аполлония Тианского. II 12; Юлий Африкан. Пояса. I 18, 7—8; комментарий А. К. Нефёдкина в кн.: Арриан. Тактическое искусство. СПб., 2010. С. 73.
  11. 11,0 11,1 Nick Evangelista. The encyclopedia of the sword. wood Publishing Group, 1995. p. 690. страница 203
  12. Cowper Henry Swainson. The Art of Attack. BiblioBazaar, LLC, 2009, p. 334. страница 296
  13. John M. Kistler, Richard Lair. P. 352
  14. «Прот. Николай Соколов. Ветхий Завет. Лекция 27». Седмица.ру. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 7 сентября 2010-ին.
  15. Ըստ Աստվածաշնչի՝ Եղիազարը «վազել է փղի հետևից», նրան սպանել, և փիղը նրան ճզմել է իր լեշով (Ա Մակաբայեցիներ, 6:46)
  16. Клавдий Елиан О природе животных. Книга 1, 38. (լատ.)
  17. Г. Дельбрюк. Глава XI. Слоны // История военного искусства в рамках политической истории в 7-ми томах. — М.: Государственное военное издательство, 1936. — Т. Том 1. Античный мир. — 3920 с. — 10 000 экз.
  18. John M. Kistler. War Elephants. — С. 25—27.
  19. 19,0 19,1 Дмитриев В.А. Еще раз к вопросу об истоках сасанидской элефантерии // Метаморфозы истории. - 2014. - № 5. - С. 182
  20. Дмитриев В.А. Еще раз к вопросу об истоках сасанидской элефантерии // Метаморфозы истории. - 2014. - № 5. - С. 183
  21. Nossov Konstantin War Elephants. — P. 14.
  22. «War Veteran Elephant Dies». BBC. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 7 сентября 2010-ին.
  23. Տվյալները վերցված են 2000 թվականի սկզբների աղբյուրից։
  24. «Игорь Акимушкин. Слоны». Фонд зашиты слонов. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 7 сентября 2010-ին.
  25. John M. Kistler. War Elephants. — С. 66
  26. Казаров
  27. 27,0 27,1 «Ангорская битва 1402». Советская историческая энциклопедия. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 19 сентября 2010-ին.
  28. «Битва при Панипате». проект «Всемирная История». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 19 сентября 2010-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Hammond P. Royal Armories Offial Guide. — London, 1986.
  2. Nicolle D. Mughul India 1504—1761. — London: Osprey. Men-at-Arms, 1993. — 263 с.
  3. Richardson T., Stevens D. The Elephant Armour. — Royal Armories Yearbook I, 1996.
  4. John M. Kistler. War Elephants. — Bison Books, 2007. — 352 с. — ISBN 978-0803260047
  5. Konstantin Nossov. War Elephants. — Osprey Publishing, 2008. — 48 с. — ISBN 978-1846032684
  6. Казаров С.С. Слоны Пирра. — Ростов-на-Дону: ВИЖ «Para bellum».
  7. Арриан. Поход Александра. — М.: МИФ, 1993. — 270 с.
  8. John M. Kistler, Richard Lair. War Elephants. — U of Nebraska Press, 2007.
  9. Абакумов А.А. Боевые слоны в истории эллинистического мира (последняя треть IV — II вв. до н.э.). М., 2012.
  10. Банников А.В., Попов А.А. Боевые слоны в эпоху Александра Великого // Вестник Санкт-Петербургского университета. Сер. 2. История. — 2011. — Вып. 1. — С. 32—38. (pdf(չաշխատող հղում))