Հենրիխ Հոֆման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հենրիխ Հոֆման
գերմ.՝ Heinrich Hoffmann
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 12, 1885(1885-09-12)[1][2][3]
ԾննդավայրՖյուրտ, Միջին Ֆրանկոնիա, Բավարիա, Գերմանական կայսրություն[4]
Մահացել էդեկտեմբերի 16, 1957(1957-12-16)[1][5] (72 տարեկան)
Մահվան վայրՄյունխեն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[4]
ԳերեզմանՆորդֆրիդհոֆ
Քաղաքացիություն Գերմանիա
Կրոնբողոքականություն
ԿրթությունՀայդելբերգի համալսարան
Մասնագիտությունլուսանկարիչ և քաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններԳերմանական Կայսրության Ռայխսթագի անդամ և municipal executive?
ԿուսակցությունՆացիոնալ-սոցիալիստական ​​գերմանական բանվորական կուսակցություն
ԵրեխաներՀենրիետա ֆոն Շիրախ
 Heinrich Hoffmann Վիքիպահեստում

Հենրիխ Հոֆման (գերմ.՝ Heinrich Hoffmann, սեպտեմբերի 12, 1885(1885-09-12)[1][2][3], Ֆյուրտ, Միջին Ֆրանկոնիա, Բավարիա, Գերմանական կայսրություն[4] - դեկտեմբերի 16, 1957(1957-12-16)[1][5], Մյունխեն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[4]), գերմանացի լուսանկարիչ և հրատարակիչ։ Ազգային-սոցիալիստական հայացքների տեր էր։

Եղել է Ադոլֆ Հիտլերի մտերիմ ընկերն ու նրա անձնական լուսանկարիչը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հենրիխ Հոֆմանը լուսանկարիչ Ռոբերտ Հոֆմանի և նրա կնոջ` Մարիայի ընտանիքի միակ զավակն էր, ի ծնե անունը` Կառլ։ 1897 թվականից Հենրիխն զբաղվել է ընտանեկան գործով և հորից ու հորեղբորից լուսանկարել է սովորել Ռեգենսբուրգի իրենց ֆոտոստուդիայում։ Հոֆման պալատական լուսանկարիչները մասնագիտանում էին ֆոտոնախագծերի վրա, նրանց այցելուների ցանկում արքայական տան ներկայացուցիչներ էին և բարձրաստիճան դեմքեր։

16 տարեկանում Հենրիխ Հոֆմանը աշխատանքի է անցել Դարմշտադտում` դառնալով Հեսսենյան դուքս Էռնստ Լյուդվիգի պալատական լուսանկարիչ Հուգո Տիլեի օգնականը։ Տիլեին, նրա հետ նաև` Հոֆմանին, բազմիցս կանչել են դուքսի պալատ` նրա ընտանիքի անդամներին լուսանկարելու համար։ Ըստ Հոֆմանի հիշողությունների, նա դեռ այն ժամանակ է զգացել «տխրության ողբերգական մթնոլորտը, որը շրջապատում էր ռուս ազնվականներին»` դուքս Էռնստ Լյուդվիգի քույրերին` Ելիզավետային և Ալեքսանդրային, որոնք ամուսնացած էին ռուսական կայսերական տան անդամներ իշխաններ Սերգեյ Ալեքսանդրովիչի և Նիկոլայ II-ի հետ։ Ռուսական կայսրուհին ամաչկոտ էր և իրեն հեռու էր պահում, թվում էր, թե նա թեթևանում էր լուսանկարչական սենասն ավարտելուց հետո։

1901 թվականին Հենրիխ Հոֆմանը տեղափոխվել է Հայդելբերգ, որտեղ աշխատել է համալսարանական լուսանկարիչ Ֆրից Լանգբեյնի մոտ, որը մասնագիտացված էր տեղի ուսանողների կյանքը պատկերող լուսանկարների մեջ։ 1902 թվականից Հոֆմանն աշխատել է Մայնի Ֆրանկֆուրտում, ռազմական լուսանկարիչ Ֆիլիպ Տեոբալցի ստուդիայում, որի այցելուների շարքում էին մոտակա զորանոցների սպաները։ Ինչպես և նախկինում, Հոֆմանին դեռևս վստահում էին միայն լուսանկարների գունավորումը։ 1903 թվականի սկզբին Հոֆմանը եկել է ծովափնյա Հոմբուրգ` Թոմաս Հենրիխ Ֆոյգտի կայսերական ֆոտոատելյեում փորձաշրջան անցնելու համար։ Վիսբադենյան ամրոցում Հոֆմանն օգնել է Վիլհելմ II կայսեր ֆոտոսեսիային` Նիկոլայ II կայսեր հետ հանդիպման պատմական առիթով։ Կայսրը, որ արտասահմանյան զորքերի բազմապիսի պատվավոր կոչումներ ուներ, որոշել էր նկարվել դրանցից յուրաքանչյուրի համազգեստով։ Ֆոյգտի մոտ երեք տարի աշխատելուց հետո Հոֆմանը որոշ ժամանակ աշխատել է Ցյուրիխում, լուսանկարիչ Կամիլո Ռուֆի մոտ։

Շվեյցարիայից Հոֆմանը Մյունխեն է վերադարձել` երազելով նկարչի ուղու մասին։ Մյունխենի համալսարանում նա հաճախել է պրոֆեսոր Զիգֆրիդ Մոլիերի` անատոմիայի մասին դասախոսություններին և նկարչության տեխնիկա է սովորել պրոֆեսոր Հենրիխ Կնիրի մոտ Մյունխենի գեղարվեստի ակադեմիայում։ Սակայն ավագ Հոֆմանը կտրականապես դեմ էր որդու այդօրինակ ծրագրերին և թույլատրել է նրան արվեստով ու նկարչությամբ զբաղվել միայն որպես հավելում լուսանկարչությանը։ Գեղարվեստականի մասին Հոֆմանի անկատար երազանքը նրան հետագայում մտերմացրել է Հիտլերի հետ, որը ևս առանց որևէ հաջողության իրեն փնտրում էր գեղանկարչության մեջ։

1907 թվականին գործնական հմտությունների տիրապետող Հոֆմանն ուղևորվել է Անգլիա` հույս ունենալով գումար աշխատել սեփական ֆոտոատելյեի համար։ Լուսանկարիչ Գեորգ Հենրիխ Էմերիխի խորհրդով նա որոշ ժամանակ աշխատել է Էմիլ Հոփեի լոնդոնյան ատելյեում, այնուհետև բացել է սեփական արվեստանոցը` հաջողությամբ մասնակցելով տարբեր ֆոտոմրցույթների և տեղում կապեր հաստատելով։ Պատահականորեն Հոֆմանը խորտակվող դիրիժաբլի սենսացիոն կադրեր է արել։ Բավականաչափ գումար կուտակելով` նա 1909 թվականին հայրենիք է վերադարձել և 1910 թվականին Մյունխենում բացել է դիմանկարային ֆոտոստուդիա։ 1911 թվականի սկզբին Հենրիխ Հոֆմանն ամուսնացել է իր առաջին հաճախորդուհիներից մեկի` Նելլի Բաումանի հետ, որը նրա օգնականն է դարձել աշխատանքում։ Հոֆմանի ֆոտոբիզնեսը ծաղկում է ապրել շնորհիվ նրա լրագրողական մտահղացումներին ու արվեստի հանդեպ սիրուն։ Münchner Illustrierte Zeitung թերթի պատվերով Հոֆմանը լուսանկարել է Մյունխենում համերգով հանդես եկած Էնրիկո Կարուզոյին, ինչպես նաև` համագործակցել է բեռլինյան ու ավստրիական լրատվական գործակալությունների հետ։ Հոֆմանի հաճախորդների թվում էին Բրունո Վալտերը և Ռիխարդ Շտրաուսը[6]։

Առաջին համաշխարհային պատերազմի սկսվելու հետ Հոֆմանին զորակոչել են բանակ` որպես ռազմական լուսանկարիչ։ Նա ծառայությունն սկսել է Արևմտյան ճակատի բավարական երրորդ կորպուսում, այնուհետև ձևավորված կինոֆոտոծառայությունում զբաղվել է ռազմական հետախուզության լուսանկարների երևակմամբ։ 1914 թվականի օգոստոսի 2-ին Հոֆմանը լուսանկարել է համընդհանուր ցնծությունը մյունխենյան Օդեոնսպլաց հրապարակում։ Նշված վայրում արված սև-սպիտակ լուսանկարի վրա հետագայում ճանաչելի կլինի այնտեղ ներկա Ադոլֆ Հիտլերը։ 1918 թվականի ավարտին, Նոյեմբերյան հեղափոխության սկսվելու հետ Հոֆմանին տուն են ուղարկել, և հեղափոխական Մյունխենում նա նորից զբաղվել է ֆոտոռեպորտաժներով և հեղափոխության առաջատարների ֆոտոդիմանկարներով։ Բավարական հանրապետության անկումից հետո Հոֆմանը հրապարակել է ֆոտոալբոմ` «Բավարական հեղափոխության մեկ տարին» վերնագրով, որը մեծ հաջողություն է ունեցել։

1919 թվականին Հոֆմանը միացել է Քաղաքացու պաշտպանությունը (Այնվոներվեր) կուսակցությանը, որը ծայրահեղականության առաջին շարքերում էր, և հրապարակել է աջ պահպանողական «Բավարական հեղափոխության մեկ տարին լուսանկարներում» ֆոտոգրքույկը։ Միաժամանակ, Հոֆմանը ընկերական հարաբերություններ է հաստատել Völkischer Beobachter-ի հրատարակիչ Դիտրիխ Էկկարտի հետ։

1920 թվականի ապրիլին 34-ամյա Հոֆմանը միացել է Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցութանը (ՆՍԳԲԿ) և մենաշնորհային իրավունք է ստացել Էկկարտի կողմից հրատարակվող հակասեմիթական Auf gut deutsch («Ճիշտ գերմաներենով») թերթի վաճառքի համար։ Հոֆմանին սկսել են գայթակղել կուսակցական ղեկավարների` Հերման Գյորինգին, Ռուդոլֆ Հեսսին և շուտով նաև` Հիտլերին լուսանկարելը։ Ըստ Հոֆմանի հիշողությունների` ծանոթանալիս ինքն ավելի վստահ դիրք ուներ հասարակությունում, քան Հիտլերը[6]։

Գարեջրային հեղաշրջումից հետո 1923 թվականին հայտնվել են Հոֆմանի կողմից արված Հիտլերի առաջին դիմանկարները։ Դրանցից մեկի վրա Հիտլերը նկարվել է Լանդսբերգի բանտի իր բանտակից ընկերների հետ։ Հիտլերի բոլոր լուսանկարները, որտեղ նա պատկերված է մոտիկ տարածությունից, լուսանկարել է Հենրիխ Հոֆմանը։ Հոֆմանին ու Հիտլերին կապում էին շատ մտերիմ և վստահելի հարաբերություններ։ Հոֆմանի առանձնատանը հյուր լինելիս Հիտլերն զգում էր ինչպես իր սեփական տանը։ Ըստ Հոֆմանի դստեր` Հենրիետայի հիշողությունների, Հիտլերը հաճախ էր հյուրընկալվում իրենց մոտ, մնում էր ճաշելու, իսկ դրանից հետո կա՛մ դաշնամուր էր նվագում, կամ` հանգստանում էր այգում` պառկելով խոտի վրա և անգամ բարձրաձայն կարդում էր Լյուդվիգ Տոմայի պիեսը[7]:23[8]:59:

1924 թվականին Հոֆմանը թողարկել է «Գերմանիայի արթնացումը լուսանկարում և խոսքով» ֆոտոգրքույկը, իսկ 1926 թվականին գործուն մասնակցություն է ունեցել նացիոնալ-սոցիալիստների տպագիր օրգանի` Illustrierter Beobachter-ի հիմնման գործում։ 1929 թվականին Հոֆմանը որպես ՆՍԳԲԿ-ի ներկայացուցիչ մասնակցել ` Վերին Բավարիայի պատգամավորների նիստի աշխատանքներին և 1929 թվականի դեկտեմբերից եղել է մյունխենյան քաղաքային խորհրդի անդամ։

Հոֆմանը ծանոթացրել է Հիտլերին Եվա Բրաունի հետ, որը 1929 թվականին Հոֆմանի աշակերտուհին է դարձել նրա ֆոտոատելյեում։ Մի անգամ երեկոյան Հոֆմանն ատելյե է գնացել մի տղամարդու հետ, ում նա ներկայացրել է որպես պարոն Վոլֆ։ Անծանոթի հեռանալուց հետո Հոֆմանը բացատրել է Եվային, որ դա ՆՍԳԲԿ ֆյուրեր Ադոլֆ Հիտլերն էր։

1932 թվականից Հոֆմանը գլխավորապես զբաղվել է քարոզչական ֆոտոռեպորտաժներով։ Նրա Heinrich Hoffmann. Verlag national-sozialistische Bilder հրատարակչատանն աշխատում էր 300 հոգի, իսկ նրա բիզնեսի շրջանառությունը ՆՍԳԲԿ-ի պատվերների մասով շուտով սկսել է չափվել միլիոնավոր ռեյխսմարկերով։ Այս ոլորտում այսչափ հայտնի լինելու պատճառով Հոֆմանը 1933 թվականին ստիպված է եղել լքել Մյունխենի քաղաքային խորհրդի պաշտոնը։

1937 թվականին Հիտլերը հանձնարարել է Հոֆմանին ցուցանմուշներ ընտրել «Գերմանական մեծ ցուցահանդեսի» համար։ Դրա համար նրան անգամ շնորհվել է պրոֆեսորի կոչում։

1938 թվականին Հոֆմանը դարձել է Դեգեներատիվ արվեստի բռնագրաված ստեղծագործությունների վաճառքով զբաղվող հանձնաժողովի անդամ։ Նրա խնդիրն էր առանց ավելորդ աղմուկի վաճառել արվեստի այդ գործերն արտասահմանում։ 1939 թվականի օգոստոսին Հենրիխ Հոֆմանը մտնում էր Յոախիմ ֆոն Ռիբենտրոպի ղեկավարած գերմանական պատվիրակության կազմի մեջ, որը Մոսկվա էր մեկնել` ստորագրելու Խորհրդա-գերմանական պայմանագիրը։

1933 թվականից դարձել է ռեյխստագի պատգամավոր։

1945 թվականի ապրիլին, վերջին անգամ լինելով Հիտլերի մոտ, Հոֆմանն ուղևորվել է Բավարիա, որտեղ Ունթերվյոսենում ձերբակալվել է ամերիկացիների կողմից։

1945 թվականին Հենրիխ Հոֆմանը տեղափոխվել է Նյուրնբերգի Միջազգային ռազմական տրիբունալի բանտ, որտեղ պիտի կարգի բերեր իր արխիվը` Նյուրնբերգյան դատավարությանը մասնակցելու համար։

Հիտլերի անձնական նկարչի և ընկերոջ դեմ ապանացիստականացման գործընթացն սկսվել է 146 թվականի հունվարին։ Նախ Հոֆմանին վերագրել են գլխավոր մեղադրյալների խմբին, սակայն նա կարողացել է նորից ու նորից վիճարկել դատարանի որոշումը, որը Հոֆմանին դատապարտել էր 10 տարվա ազատազրկման։ Ի վերջո Հոֆմանը դատապարտվել է չորս տարվա ազատազրկման` ունեցվածքի ամբողջական բռնագրավմամբ։ 1950 թվականին ազատ արձակվելուց հետո Հոֆմանը հաստատվել է Մյունխենի մոտ գտնվող Էպֆախ գյուղում, որտեղ էլ մահացել է յոթ տարի անց, 72 տարեկան հասակում։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինը` (1911 թվականից)` Թերեզա (Նելլի) Բաուման (մահացել է 1928 թվականին)։ Երեխաները.

  • Հենրիետա (1913—1992), 1932 թվականից ամուսնացած է եղել Բալդուր ֆոն Շիրախի հետ,
  • Հենրիխ (24.10.1916 — ?):

Երկրորդ անգամ ամուսնացել է Էռնա Գրյոբկեի հետ (Erna Gröbke):

Հենրիխ Հոֆմանի կերպարը կինոյում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Delarge J. Le Delarge (ֆր.)Paris: Gründ, Jean-Pierre Delarge, 2001. — ISBN 978-2-7000-3055-6
  3. 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #118845446 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. 5,0 5,1 5,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
  6. 6,0 6,1 Гофман Г. Мой фотоаппарат и кайзер // Гитлер был моим другом: воспоминания личного фотографа фюрера, [1920—1945] / пер. Т. М. Шуликовой. — М.: Центрполиграф, 2007. — 253 с. — (За линией фронта. Мемуары). — 5000 экз. — ISBN 978-5-9524-2881-2
  7. Heike B. Görtemaker Eva Braun. Leben mit Hitler. — 5. Auflage. — München: C.H. Beck, 2012. — 366 S. — ISBN 978-3-406-61663-1
  8. Шпеер А. Воспоминания. — М.: Захаров, 2010. — 688 с. — ISBN 978-5-8159-0974-8

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Гофман Г. Гитлер был моим другом: воспоминания личного фотографа фюрера, [1920—1945] / пер. Т. М. Шуликовой. — М.: Центрполиграф, 2007. — 253 с. — (За линией фронта. Мемуары). — 5000 экз. — ISBN 978-5-9524-2881-2

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Гофман, Генрих». Исторический словарь. Энциклопедии & Словари. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 10-ին.
  • «Гофман, Генрих». Энциклопедия Третьего рейха. Энциклопедии & Словари. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 10-ին.
  • «Генрих Гофман». Хронос. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 10-ին.
  • Биография(գերմ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հենրիխ Հոֆման» հոդվածին։