Կրոմվելի պրոտեկտորատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Կրոմվելի պրոտեկտորատ՝ Անգլիական հեղափոխության եզրափակիչ փուլը, որն ընդգրկում է 1653 թվականից 1660 թվականը ընդգրկած ժամանակաշրջանը։ Անգլիայի, Շոտլանդիայի և Իռլանդիայի կառավարիչը (լորդ–պրոտեկտորը) նշված ժամանակաշրջանի սկզբում Օլիվեր Կրոմվելն էր, նրա մահից հետո (1658) մեկ տարվա ընթացքում նրա որդին՝ Ռիչարդը։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1649 թվականի հունվարի 26-ին Անգլիայի, Շոտլանդիայի և Իռլանդիայի թագավոր Չարլզ I-ը մահվան դատապարտվեց և շուտով մահապատժի ենթարկվեց «անգլիական խորհրդարանի և ժողովրդի դեմ հանցավոր գործողությունների» համար։ Մարտի 17-ին անգլիական խորհրդարանը հայտարարեց միապետության վերացման մասին՝ որպես «անպետք, ծանրաբեռնող և ժողովրդի բարօրության համար վտանգավոր», իսկ մայիսի 19-ին ընդունվեց «Անգլիան հանրապետություն հայտարարելու մասին ակտը», որտեղ հռչակվում էր, որ երկիրը կառավարվում է խորհրդարանի և նրա կողմից նշանակված պաշտոնատար անձանց կողմից[1]։ Սակայն դրան հաջորդած ապստամբություններն ու պատերազմները զգալիորեն բարձրացրեցին բանակի վերնախավի ազդեցությունը՝ գլխավոր հրամանատար Օլիվեր Կրոմվելի գլխավորությամբ, որը հենվում էր արմատական պուրիտանինդեպենդենտների վրա։

Թագավորի մահապատժից անմիջապես հետո Անգլիայում չքավորության (դիգերներ, լեվելլերներ) հուզումներ սկսվեցին, որոնք դաժանորեն ճնշվեցին Կրոմվելի կողմից։ Միաժամանակ ապստամբություններ բարձրացան Իռլանդիայում և Շոտլանդիայում։ Մինչև 1649 թվականի վերջը Կրոմվելը դաժանաբար ճնշեց Իռլանդիայի խռովությունը, իսկ հետո ժամանեց Շոտլանդիա, որտեղ տեղի խորհրդարանը թագավոր էր հռչակել հայտարարել էր արքայազն Չարլզին՝ մահապատժի ենթարկված թագավորի որդուն․ շոտլանդական պրեսբիտերականները անզիջում դիմակայեցին ինչպես անգլիականներին, այնպես էլ ինդեպենդենտներին։ Կարդինալ Մազարինին Ֆրանսիայից և Վիլհելմ II Օրանացին Հոլանդիայից Չարլզին զգալի դրամական և նյութական օգնություն տրամադրեցին։ 1650 թվականին Չարլզը ոտք դրեց Շոտլանդիա, սակայն երկու կատաղի մարտերում՝ Դանբարի ճակատամարտում (1650) և Վուսթերի ճակատամարտում (1651), Կրոմվելի հեծելազորը ջախջախեց հակառակորդի գերազանցող ուժերին։ Սրանով քաղաքացիական պատերազմն ավարտվեց, արքայազն Չարլզը փախավ Ֆրանսիա[1][2]։

Պրոտեկտորատի հաստատում[խմբագրել | խմբագրել կոդը]

1653 թվականի ապրիլին 1640 թվականից չվերընտրված խորհրդարանի անդամները որոշեցին իրենց անդամակցությունը ցմահ դարձնել։ Կրոմվելը մի խումբ հրացանակիրների հետ ներկայացավ նիստին, հավաքվածներին անվանեց հարբեցողներ, անբարոյականներ և ծախու մեղավորներ, որից հետո ցրեց նրանց հետևյալ խոսքերով՝ «Ես վերջ կդնեմ ձեր շաղակրատությանը»[3] [4]։ Այդ պահից սկսած՝ նա սկսեց երկիրը ղեկավարել միանձնյա։ 1653 թվականի հուլիսին կազմավորված համայնքների նոր պալատի անդամները փաստացի չընտրվեցին, այլ նշանակվեցին Պետական խորհրդի կողմից, այսինքն՝ Կրոմվելի։ Սակայն նոր օրգանը լիակատար հնազանդություն չցուցաբերեց և ընդամենը 5 ամիս անց լուծարվեց[5]։

1653 թվականի դեկտեմբերի 16-ին նորընտիր խորհրդարանն ընդունեց Անգլիայի պատմության մեջ առաջին սահմանադրությունը, որը կոչվում էր «Կառավարման գործիք[en]» (անգլ.՝ The Instrument of Government)։ Դրանում առաջին անգամ պարունակվում էր մի սահմանում, որն ավելի ուշ ներառվեց նաև հանրապետական շատ այլ սահմանադրություններում՝ «Աստծո իշխանության ներքո Ժողովուրդը ցանկացած ճշմարիտ իշխանության հիմքն է» (անգլ.՝ The people are, under God, the original of all just power)։ Լորդերի պալատը լուծարվեց։ Սահմանադրությունը Կրոմվելին ուղղակիորեն հայտարարեց երկրի ցմահ «լորդ–պրոտեկտոր» (բառիս բուն իմաստով՝ Գերագույն պաշտպան)՝ օժտված փաստացի թագավորական լիազորություններով[5][6]։

Ավելի վաղ լորդ-պրոտեկտորի տիտղոսը էպիզոդիկորեն շնորհվում էր անգլիացի արքայազններին, որոնք ռեգենտի պարտականություններ էին կատարում միապետի մանկահասակության, լուրջ հիվանդության կամ երկարատև բացակայության պայմաններում։ Մինչ Կրոմվելը այս տիտղոսի վերջին կրողը Էդուարդ Սեյմուրն էր, որը ղեկավարել է 1547-1549 թվականներն ընկած ժամանակահատվածում՝ մանկահասակ Էդուարդ VI-ի անունից[7]։

Ընտրվեց նոր խորհրդարան (1654 թվականի սեպտեմբեր)՝ 400 պատգամավորներից կազմված, որոնք աշխատեցին մի քանի ամիս և 1655 թվականի հունվարին պրոտեկտորի լիազորությունները կրճատելու փորձի համար լուծարվեցին։ Նոր խորհրդարանը 1657 թվականին առաջին Սահմանադրությունը փոխարինեց նոր Սահմանադրությամբ որն անվանվեց «Խոնարհ պետիցիա[en]»։ Խորհրդարանը թագավորի տիտղոս առաջարկեց Կրոմվելին։ Կրոմվելը մերժեց այդ առաջարկը, սակայն համաձայնեց իր իշխանությունը ժառանգական դարձնել[8]։ Ֆորմալ առումով Անգլիան մնաց հանրապետություն։ Նոր Սահմանադրությամբ Կրոմվելը կրում էր «Նորին մեծությունը» տիտղոսը» (անգլ.՝ His Highness), ղեկավարում էր ռազմական գործողությունները և օտարերկրյա գործերը, նշանակում և ազատում էր պետական պաշտոնյաներին, ստորագրում էր օրենքներ, սահմանում էր լորդերի տիտղոսները (որոնք հանրապետության օրոք չէին վերացրել), իրավունք ուներ նշանակելու իր իրավահաջորդին[5]։

1658 թվականին Լորդերի պալատը փաստացի վերականգնվեց («այլ պալատ» անվանումով, անգլ.՝ Other House) որպես Համայնքների պալատի վերահսկիչ մարմին, նրա անդամներին նշանակում էր անձամբ Կրոմվելը։ Իրապես երկրորդ պալատին հաջողվեց համալրվել միայն Օլիվեր Կրոմվելի մահից հետո, բայց այն երկար ժամանակ գոյություն չունեցավ։

Քաղաքականությունը պրոտեկտորատի շրջանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներքին քաղաքականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շոտլանդիան և Իռլանդիան, որոնք ավելի վաղ ընդհանուր թագավորով առանձին պետություններ էին համարվում, միավորվեցին Անգլիական Հանրապետության հետ՝ «Անգլիական համագործակցության» մեջ, որը 1653 թվականին վերանվանվեց «Անգլիայի, Շոտլանդիայի և Իռլանդիայի համագործակցություն»։ Շոտլանդիայի և Իռլանդիայի խորհրդարանները վերացվեցին, նրանց պատգամավորները մտան անգլիական խորհրդարան, ամենուր ներմուծվեցին նույն իրավական և դատական համակարգերը[9]։

Կրոմվելի ներքին քաղաքականությունը խիստ պուրիտանական բռնապետություն էր։ Անգլիան և Ուելսը բաժանվեցին 11 ռազմական շրջանների, որոնց կառավարիչները՝ գեներալ-մայորները, անմիջականորեն ենթարկվում էին Կրոմվելին և պատասխանատու էին ոչ միայն անվտանգության և հարկերի, այլ նաև բնակչության բարոյական վիճակի համար։ Հրահանգներում գեներալ-մայորներին վերագրված էր «բարեպաշտությանն ու առաքինությանը նպաստելու», հարբեցողության, շվայտության, հայհոյանքի, կիրակի օրվա անհարգալիցության և այլնի դեմ պայքարելու գործառույթներ։ Կրոմվելն ակնկալում էր, որ անգլիացիների արդար վարքը երաշխիք կլինի իր նախաձեռնություններին Աստծո մշտական աջակցության համար։ 1657 թվականին, խորհրդարանի պնդմամբ, ռազմական կառավարման ռեժիմը չեղյալ հայտարարվեց[10]։

Արգելվեցին զվարճանքների բազմաթիվ տեսակներ (կառնավալներ, դիմակահանդեսներ) և բոլոր տեսակի մոլախաղերը, այդ թվում՝ ժողովրդի մեջ տարածված աքլորակռիվներն ու ձիարշավները։ Ապացուցված ամուսնական դավաճանությունը պատժվում էր բանտով, 1650 թվականի օրենքը նույնիսկ մահապատիժ էր սահմանում այդ դեպքում։ Մինչև 12 տարեկան երեխաներին խաբեբայության համար ծեծ էր սահմանվում[11]։ Անընդհատ (բայց՝ անհաջող) պայքար էր ընթանում հարբեցողության դեմ, խստորեն պահպանվում էին Պահքի օրերը։ Մամուլում մոլեգնում էր կոշտ գրաքննությունը, բոլոր թերթերը, բացի երկու պաշտոնական թերթերից, փակվեցին։ Օտարերկրացիների նկատմամբ ոստիկանական խիստ հսկողություն սահմանվեց[12] [13]։

Դրա հետ մեկտեղ վերացվեց մահապատիժը բոլոր հանցագործությունների համար, բացի սպանությունից և պետական դավաճանությունից, կարգավորվեց գործերի վարման համար փաստաբաններին վճարելու համակարգը, պարզեցվեց դատական ընթացակարգը, բարելավվեցին բանտարկյալների և հոգեկան հիվանդների պահման պայմանները։ Կրոնական ոտնահարումները (նույնիսկ կաթոլիկների համար) մեղմացվեցին, չնայած հակաերրորդական և այլ «հերետիկոսներ» դեռևս հետապնդվում էին։ Առաջին անգամ ներդրվեց ամուսնությունների, ծնունդների, մահերի և կտակների պետական (արտեկեղեցական) գրանցումը[14] [13]։

Գանձարանը համալրելու համար իրականացվեց եկեղեցու և հայտնի միապետականների հողերի և թագերի վաճառք։ Եկեղեցու տասանորդը, չնայած ժողովրդական դժգոհությանը, պահպանվեց։ Տնտեսության աշխուժացման համար դե ֆակտո հանվեց նաև դեռևս 1290 թվականից երկրում հրեաների բնակության արգելքը (հավանաբար, Կրոմվելը գնահատում էր հրեական ներդրումը հարևան Հոլանդիայի բարգավաճման գործում)[15]։ Արգելքի վերջնական չեղարկումը տեղի ունեցավ ութ տարի անց՝ արդեն միապետության վերականգնումից հետո[13]։

Արտաքին քաղաքականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրոտեկտորատի շրջանում արտաքին քաղաքականությունն ուղղված էր երկրի ռազմական և տնտեսական հզորության ամրապնդմանը և բրիտանական հովանու ներքո Եվրոպայի բոլոր բողոքական երկրների միավորմանը։ Անգլիական նավատորմը հասավ նախկին ծովային հեգեմոնիային՝ Իսպանիայի նկատմամբ գերազանցությանը, Միջերկրական ծովը մաքրվեց ծովահեններից, Ամերիկայում գրավվեց Ճամայկան (1654 թվական)։ Սրընթաց ընդլայնվեց անգլիական առևտուրը, որի համար Կրոմվելը սահմանել էր առավելագույն արտոնություններ («Նավիգացիոն ակտ»

Իր օրոք Կրոմվելը խաղաղություն կնքեց Դանիայի, Շվեդիայի, Նիդեռլանդների, Ֆրանսիայի, Պորտուգալիայի հետ, սակայն Անգլիան ներքաշվեց Իսպանիայի դեմ երկարատև և կործանարար պատերազմի մեջ։ Իսպանիայից Վեստ Ինդիական կղզիները խլելու արկածախնդիր փորձը, որի համար հատկացվեց 30 նավ և 3000 զինվոր, ավարտվեց արշավախմբի մասնակիցների մեծ մասի լիակատար ձախողմամբ և մահով (1654 թվական)։ Որոշակի մխիթարություն դարձավ բրիտանական նավատորմի կողմից Կանարյան կղզիների մոտ գանձերի մեծ բեռով իսպանական էսկադրայի գրավումը (1656 թվական)[16]։

Պետական պարտքը 1658 թվականին հսկայական գումար կազմեց՝ ավելի քան մեկուկես միլիոն ֆունտ։ Ընդհանուր առմամբ բնակչության տնտեսական վիճակը վատացավ, բանակը աշխատավարձ չէր ստանում, միապետության վերականգնման կողմնակիցների թիվը սկսեց արագ աճել[13][17]։

Պրոտեկտորատի վերջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օլիվեր Կրոմվելը մահացավ 1658 թվականի սեպտեմբերին, և լորդ-պրոտեկտորի պաշտոնն անցավ նրա որդուն՝ Ռիչարդին, ով անհապաղ նոր խորհրդարան հրավիրեց։ Պատգամավորներն անմիջապես ձեռնամուխ եղան պրոտեկտորատի համակարգի ապամոնտաժմանը՝ փորձելով վերականգնել խորհրդարանական հանրապետության սկզբունքները, և առաջին հերթին՝ բանակը դնել իրենց վերահսկողության տակ։ Բանակն ընդդիմացավ և Ռիչարդից պահանջեց ցրել խորհրդարանը։ 1659 թվականի ապրիլի 22-ին Ռիչարդ Կրոմվելը ստիպված եղավ ենթարկվել[18]։

Այնուամենայնիվ, պրոտեկտորատի ապամոնտաժումը, որն այլևս կողմնակիցներ չուներ, շարունակվեց։ Ցրված խորհրդարանի փոխարեն Երկարատև խորհրդարանի (մինչև պրոտեկտորատի շրջանն ընտրված) բարձրաստիճան գեներալներից և ողջ մնացած պատգամավորներից հրավիրվեց Պետական խորհուրդ։ Լորդ-պրոտեկտորի պաշտոնը վերացվեց․ Ռիչարդ Կրոմվելին և նրա եղբայրներին, որպես փոխհատուցում, հատկացվեց անշարժ գույքը, դրամական եկամուտ և վճարվեցին նրանց պարտքերը։ Նրանք այլևս չեն մասնակցել քաղաքականությանը և Վերականգնումից հետո չեն ենթարկվել ճնշումների[19]։

Այդ ժամանակ երկրում ակտիվացան միապետականները, որոնց միացել էին պրեսբիտերականները, խորհրդարանի պատգամավորների մի մասը և հասարակ ժողովուրդը, ովքեր հոգնել էին քաղաքացիական պատերազմներից, քաղաքական պայքարից և պրոտեկտորատի ավտորիտար քաղաքականությունից։ 1659 թվականի օգոստոսին միապետականների լուրջ ապստամբություն տեղի ունեցավ, որը հաջողությամբ ճնշեց գեներալ Ջոն Լամբերտը։ Երկու ամիս անց Լամբերտի զորքերը ցրեցին պառլամենտը, սակայն մյուս գեներալները չաջակցեցին նրա գործողություններին[19]։

Կոնֆլիկտը լուծվեց անակնկալ կերպով։ Բանակում մեծ ժողովրդականություն վայելող գեներալ Ջորջ Մոնկը, ով չէր հայտնվել իշխող ռազմական խմբում, իր զորքերը Շոտլանդիայից տեղափոխեց Լոնդոն և 1660 թվականի փետրվարին պետական հեղաշրջում կատարեց։ Լամբերտը ձերբակալվեց և նետվեց Թաուեր։ Մոնկը հաստատվեց երկրի զինված ուժերի գլխավոր հրամանատարի պաշտոնում, որից հետո նշանակվեցին նոր խորհրդարանի ընտրություններ (1660 թվականի մարտ)։ Նոր իրադրությունում պատգամավորների զգալի մասը կողմ էր միապետության վերականգնմանը, և Մոնկը բանակցություններ սկսեց արքայազն Չարլզի հետ (նրա կանցլեր Էդուարդ Հայդի միջոցով)[20]։ Ապրիլի 25-ին նորընտիր խորհրդարանը, որում պրեսբիտերականները և ռոյալիստները մեծամասնություն էին ստացել, Չարլզին հրավիրեց զբաղեցնել երեք թագավորությունների գահը։ 1660 թվականի մայիսի 29-ին, իր 30-ամյա հոբելյանի օրը, Չարլզ II-ը հաղթական վերադարձավ Լոնդոն և հռչակվեց թագավոր[18]։

Վերականգնումից հետո Անգլիան, Շոտլանդիան և Իռլանդիան նորից սկսեցին դիտվել որպես ընդհանուր թագավոր ունեցող առանձին պետություններ։ Անգլիկան եկեղեցին վերականգնեց իր առանձնաշնորհյալ դիրքն Անգլիայում (հատկապես պետական ծառայողների համար), իսկ պուրիտանական դավանանքները ենթարկվեցին տարբեր տեսակի ոտնահարումների ընդհուպ մինչև 1688 թվականի Պանծալի հեղափոխությունը[21]։ Անգլիայի և Մեծ Բրիտանիայի պատմության մեջ «լորդ-պրոտեկտորի» տիտղոսն այլևս չի օգտագործվել։

Գնահատականներ և հիշողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օլիվեր Կրոմվելի հուշարձանը Վեստմինստերյան պալատի մոտ, Լոնդոն: Քանդակագործ Հ. Տորնիկրոֆտ, 1899 թվական։

Պատմաբանները և քաղաքական գործիչները մեծ փոփոխություններ են հայտնաբերել ինչպես Պրոտեկտորատի ժամանակահատվածի, այնպես էլ Օլիվեր Կրոմվելի անձի վերաբերյալ կարծիքների գնահատականներում։ Միապետության վերականգնումից կարճ ժամանակ անց Կրոմվելն ու մյուս, արդեն մահացած, «թագավորասպանները» հանվեցին գերեզմաններից և «հետմահու մահապատժի» ընթացակարգի ենթարկվեցին[22]։

Հետագայում Կրոմվելի նկատմամբ վերաբերմունքն ավելի հանդուրժող դարձավ։ Մեծ Բրիտանիայում նրա պատվին չորս հուշարձան է կանգնեցվել։ Դրանցից առաջինը Մանչեսթերի տաճարի մոտ հայտնվել է 1875 թվականին, և այդ իրադարձությունը իռլանդացիների բուռն բողոքներ է առաջացրել[23][24]։ Կրոմվելի գլխի հանգչելու վայրում հիշատակի ցուցանակ է տեղադրվել[25]։ Կրոմվելի անունով կոչվում են տարբեր կառույցներ և վայրեր՝ Կրոմվելի կամուրջ, Կրոմվելի ամրոց և այլն։

Ուինսթոն Չերչիլը, լինելով ռազմածովային նախարար («ծովակալության առաջին լորդը»), երկու անգամ փորձել է Կրոմվելի պատվին անվանակոչել ռազմանավերից մեկը, սակայն թագավորը, վախենալով իռլանդական նոր խռովությունից, արգելել է դա։ Նման անունով նավ հայտնվել է միայն 1993 թվականին[26]։ 1944 թվականին Կրոմվելի անունը ստացել է անգլիական միջին մի տանկ, 1951 թվականին՝ անգլիական շոգեքարշի տեսակներից մեկը[27][28]։

Արտացոլում գրականության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգլիական հեղափոխության դրամատիկ իրադարձությունները արտացոլվել են գրականության և արվեստի բազմաթիվ ստեղծագործություններում։ Օրինակ՝

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Павлова Т. А., 1980, Глава VII. Республиканец
  2. Павлова Т. А., 1980, Глава VIII. Завоеватель
  3. У. Черчилль. Британия в Новое время, 2006, էջ 301
  4. Бэри Ковард, 1997, էջ 147
  5. 5,0 5,1 5,2 Павлова Т. А., 1980, Глава IX. Реформатор
  6. Черниловский З. М. Всеобщая история государства и права. — 2-е изд.. — М.: Высшая школа, 1983. — С. 226.
  7. Loach, Jennifer, Bernard, George Edward VI, New Haven. — Connecticut: Yale University Press, 1999. — P. 19—25. — ISBN 0-300-07992-3
  8. Roots, Ivan (1989). Speeches of Oliver Cromwell. Everyman classics. p. 128. ISBN 0-460-01254-1.
  9. Manganiello, Stephen C. The Concise Encyclopedia of the Revolutions and Wars of England, Scotland and Ireland 1639-1660. — Scarecrow Press, 2004. — P. 9. 10. — ISBN 0-8108-5100-8
  10. Бэри Ковард, 1997, էջ 231—232
  11. Соколов А. Б. Английская революция середины XVII века Archived 2016-08-21 at the Wayback Machine.. ISBN 5-87555-439-8.
  12. У. Черчилль. Британия в Новое время, 2006, էջ 310-311
  13. 13,0 13,1 13,2 13,3 Павлова Т. А., 1980, Глава X. Лорд-протектор
  14. Бэри Ковард, 1997, էջ 162—163
  15. Shira Schoenberg։ «The Virtual Jewish History Tour of England (Chapter 5: Readmission)»։ Վերցված է հունիսի 19, 2016 
  16. Бэри Ковард, 1997, էջ 246
  17. Бэри Ковард, 1997, էջ 226—230
  18. 18,0 18,1 Всемирная история в 24 томах. Том 13, 1996, էջ 161—162
  19. 19,0 19,1 У. Черчилль. Британия в Новое время, 2006, էջ 318
  20. Ronald Hutton. The British Republic 1649—1660. — 2nd Edition Macmillian. — P. 130.
  21. Всемирная история в 24 томах. Том 13, 1996, էջ 163
  22. Missing body parts of famous people.
  23. «Greater Manchester Photographic Memories»։ Francis Frith։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-11-ին։ Վերցված է հուլիսի 29, 2011 
  24. «Oliver Cromwell»։ Public Monument and Sculpture Association։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-09-ին։ Վերցված է հունվարի 12, 2012 
  25. Comerford Patrick (հուլիսի 6, 2009)։ «Is Cromwell’s head buried in Sidney Sussex Chapel?»։ Patrick Comerford: my thoughts on Anglicanism, theology, spirituality, history, architecture, travel, poetry and beach walks։ Վերցված է հուլիսի 16, 2014 
  26. Kenneth Rose. King George V, New York: Alfred A. Knopf, 1984, p. 160-1. The King also vetoed the name HMS «Pitt» as sailors might give the ship a nickname based on its rhyming with a «vulgar and ill-conditioned word».
  27. М. Барятинский Крейсерский танк «Кромвель». — Чехов: Моделист-Конструктор, 2007. — 32 с. — (Бронеколлекция).
  28. «BRITISH RAILWAYS STANDARD CLASS 7 4-6-2 No.70013 "Oliver Cromwell"»։ Վերցված է 2016-06-29 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]