Էկոլոգիական բժշկագիտություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արդյոք մարդկանց շարժը կարող է բացատրել Դենգե տենդի հետերոգեն տարածումը Կամբոջայում

Էկոլոգիական բժշկագիտություն, գիտության ճյուղ, որն ուսումնասիրում է շրջակա միջավայրի ազդեցությունը մարդու առողջության վրա՝ հատուկ ուշադրություն դարձնելով միջավայրի հիվանդածին գործոններին: Էկոլոգիական բժշկագիտությունն առաջացել է վերջին ժամանակներում՝ մարդու կենսաբանություն և բժշկագիտություն բաժիններից անկախ, ներառում է քիմիայի, ֆիզիկայի, սոցիոլոգիայի բաժիններ և տարբեր արտադրական տեխնոլոգիաներ, ուսումնասիրում է որոշակի գործոնի ազդեցության չափը և հետևանքները մարդու առողջության վրա: Մասնավորապես, ուսումնասիրվում են աղտոտիչների, շինանյութերի, արտադրության մեջ ճառագայթման և քիմիական նյութերի չափաքանակների, դեղանյութերի օգտագործման ազդեցությունները հիվանդությունների (ուռուցքաբանական, իմունաբանական, շնչառական ուղիների և այլն) առաջացման վրա:

Էկոլոգիական գործոնների ազդեցությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հասակի աճի տեմպերը սեռական հասունացման շրջանում

Էկոլոգիական գործոնները տարբեր կերպ են ազդում մարդու առողջության և առանձին ֆիզիոլոգիական շարժընթացների վրա: Հատկապես քաղաքային միջավայրի էկոլոգիական գործոնների ազդեցությունն դրսևորվում է մի շարք երևույթներով:

Ակցելերացիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակցելերացիան երեխաների և դեռահասների աճման և սեռական հատկանիշների առաջացման արագացումն է նախորդ սերունդների համեմատ: Դիտվում է հատկապես տնտեսապես զարգացած երկրներում: Երեխաների ակցելերացիան ավելի ցայտուն է դրսևորվել 20-րդ դարի 2-րդ կեսին, մարմնի զանգվածն սկսել է կրկնապատկվել 4-5 ամսականում, փոխվել են սեռական հասունացման ժամկետները, աղջիկների դաշտանն ավելի վաղ է սկսվում (յուրաքանչյուր 10 տարում՝ մոտ 4 ամսով): Արագ են զարգանում նաև երկրորդային սեռական հատկանիշները: Նկատվում է երեխաների և դեռահասների ավելի վաղ ձևաբանական կայունացում: Տղաների օրգանիզմում ոսկրացման շարժընթացն ավարտվում է 2 տարի, աղջիկներինը՝ 3 տարի շուտ: Շատ կարճ ժամկետներում ավարտվում է հասակի աճը, որի արդյունք են ֆիզիկական զարգացման բավական բարձր ցուցանիշները: Գոյություն ունեն ակցելերացիայի մի քանի վարկածներ (սննդային, արևի ուժեղ ճառագայթման, գենետիկական, քաղաքակենտրոնացման): Վերջին վարկածի կողմնակիցները ենթադրում են, որ ժամանակակից արագընթաց քաղաքային կյանքը գրգռում է կենտրոնական նյարդային համակարգը և ակտիվացնում խթանող ֆունկցիան: Սկսած 1980-ական թվականներից՝ արձանագրվել է ակցելերացիայի կայունացում:

Ալերգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալերգիկ բորբոքման ենթարկված հյուսվածքներ

Ալերգիան օրգանիզմի աղավաղված զգայնությունը (գերզգայնություն) շրջակա միջավայրի գործոնների (ալերգեններ) հանդեպ: Ալերգիական հիվանդությունների պատճառները իմունային համակարգի խանգարումներն են: Մարդու իմունային համակարգը էվոլյուցիայի ընթացքում գտնվել է շրջակա միջավայրի հետ հավասարակշռության մեջ: Քաղաքային միջավայրը բնորոշվում է գերիշխող գործոնների կտրուկ փոփոխություններով և բացառապես նոր նյութերի՝ աղտոտիչների առաջացմամբ, որի ազդեցությանը մարդու իմունային համակարգը նախկինում չի ենթարկվել: Քիմիական արդյունաբերության զարգացումը հանգեցրել է արդյունաբերության մեջ և կենցաղում տարբեր նյութերի քանակի ավելացման, որոնց հետ շփվում են մարդիկ: Դրանցով էլ պայմանավորված են իմունային համակարգի խանգարումները և տարբեր բնույթի ալերգիական հակազդեցությունները: Կենցաղային ալերգեններն ավելի հաճախ առաջացնում են շնչուղիների ալերգիական հիվանդություններ (բրոնխային հեղձուկ, ալերգիական հարբուխ), արդյունաբերական ալերգենները՝ հիմնականում աշխատանքային ալերգիական մաշկաբորբեր, էկոլոգիապես ոչ մաքուր սննդի օգտագործումից կարող են առաջանալ ստամոքսաղիքային համակարգի ալերգիական ախտահարումներ:

Ուռուցքային հիվանդացություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուռուցքային հիվանդացությունը և մահացությունը քաղաքային անբարենպաստ կյանքի առավել հատկանշական բժշկական ցուցանիշներից են:

Ուռուցքները լինում են բարորակ և չարորակ: Բարորակներն աճում են միայն շրջապատող հյուսվածքների մեջ և ճնշում դրանք, չարորակները ներաճում են ու քայքայում, որի ընթացքում արյան անոթները վնասվում են, և նրանց մեջ կարող են ներաճել ուռուցքային բջիջներ: Վերջիններս, արյան կամ ավշի միջոցով տարածվելով օրգանիզմում, կարող են նստել տարբեր օրգաններում ու հյուսվածքներում՝ առաջացնելով ճյուղավորումներ (մետաստազներ): Համաճարակաբանական հետազոտություններով պարզվել են տարբեր տեղադրության քաղցկեղով հիվանդացության տեղաշարժերը՝ կախված բնակչության տվյալ խմբի կյանքի պայմանների փոփոխություններից: Ուստի հիվանդացությունը (ծայրահեղ դեպքում՝ քաղցկեղի մի քանի տեսակներով) որոշակիորեն կախված է շրջակա միջավայրի գործոնների ազդեցությունից:

20-րդ դարի վերջին թոքերի քաղցկեղով հիվանդացության աճը բոլոր տնտեսապես զարգացած երկրներում պայմանավորված է քաղցկեղածին գործոններով (արդյունաբերական ձեռնարկությունների և ջեռուցման համակարգերի թափոններ, հատկապես ներքին այրման շարժիչների արտանետած գազեր և այլն): Բացահայտված են մարդու քաղցկեղի մի շարք պատճառներ և պարզված են որոշ քիմիական նյութերի ու ճառագայթների (օրինակ՝ անդրամանուշակագույն) դերը դրանում:

Ավելցուկային քաշ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավելցուկային քաշով անձանց թվի ավելացումը նույնպես պայմանավորված է քաղաքային միջավայրի առանձնահատկություններով (գերսնում, սակավաշարժություն): Ավելցուկային սննդառության դեպքում ազատվող ավելորդ կալորիաները ծախսվում են ճարպագոյացման վրա. ուժեղանում են դրա սինթեզը և տեղափոխությունը դեպի ճարպային պահեստ: Բանվորի համար մոտավորապես 3000 կկալ-ով սննդի սովորական օրաբաժինը վնասակար է նստակյաց մասնագիտությամբ մարդու համար, քանի որ այն էապես գերազանցում է էներգիայի ծախսի մակարդակը: Տեխնիկայի զարգացումը և աշխատանքային պայմանների թեթևացումը այսպես կոչված օպերատորական մասնագիտություևներում բավականաչափ կրճատել են մարդու գործունեության մեջ մկանային ակտիվ աշխատանքի բաժինը, դա հանգեցնում է մկանային համակարգի ֆունկցիոնալ հնարավորությունների նվազման և, ի վերջո, աթերոսկլերոզի, հիպերտոնիկ հիվանդության և սրտամկանի ինֆարկտի առաջացման:

Թերհասունություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ թվով անհաս (ֆիզիկապես չհասունացած) երեխաների ծնունդը մարդու բնակության վայրի չափազանց անբարենպաստ միջավայրի ցուցանիշներից է: Այս երևույթը պայմանավորված է գենետիկական ապարատի խանգարումներով և միջավայրի փոփոխության հանդեպ հարմարվողականության աճով:

Վարակիչ հիվանդություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տուբերկուլոզով հիվանդ մարդու թոքերը

Վարակիչ հիվանդությունները մեծ քաղաքներում նույնպես արմատախիլ արված չեն: Մեծ թիվ են կազմում մալարիայով, լյարդաբորբերով և այլ վարակիչ հիվանդություններով ախտահարվածները: Դրանց մեջ առանձնահատուկ տեղ է զբաղեցնում տուբերկուլոզը, որը բնորոշվում է տարբեր օրգաններում (հաճախ՝ թոքերում) առանձնահատուկ բորբոքային փոփոխությունների առաջացմամբ: Վաղուց նկատել են մարդու կյանքի անբարենպաստ պայմանների հետ այդ հիվանդության կապը և նրա ծանր, արագ տարածվող ընթացքը, մահացու ելքը: Վիճակագրական տվյալներով՝ տուբերկուլոզի, որպես սոցիալական չարիքի, մասշտաբները վկայում են, որ այն երկրագնդում ամենատարածված վարակիչ հիվանդություններից է: Դեռևս 20-րդ դարի սկզբին Եվրոպայում ամեն տարի տուբերկուլոզից մահացել է մոտ 1 միլիոն մարդ: Տուբերկուլոզով հաճախ հիվանդանում է խոշոր քաղաքների բանվորական թաղամասերում և խուլ անկյուններում ապրող բնակչությունը: Կյանքի նյութական և հիգիենային անբարենպաստ պայմանները, վաղ ախտորոշման, բուժման անմատչելիությունը պայմանավորում են հիվանդացության աճը: 1993 թվականից ՀՀ-ում նկատվել է հիվանդացության աճի միտում (հիմնականում երիտասարդ տղամարդկանց շրջանում, հատկապես բանակում ու կալանավայրերում): 1995 թվականից ՀՀ առողջապահության նախարարությունը ԱՀԿ-ի օգնությամբ միջոցներ է ձեռնարկում հիվանդության նվազեցնելու համար: Առողջության վրա վնասակար են ազդում նաև շրջակայքում աղբակույտերի առկայությունը (ոչ ժամանակին աղբահանումը), համակեցութային կենդանիների (առնետներ, միջատներ, աղավնիներ, ագռավներ և այլն) թվաքանակի աճը:

Շրջակա միջավայրի աղտոտվածության տեսակներից է բակտերիաբանական (կենսաբանական) զենքը, բակտերիաների (նույնիսկ չնչին քանակությամբ (օրգանիզմ) թափանցումը կարող է մարդու և կենդանիների հիվանդությունների (ժանտախտ, խոլերա, սիբիրյան խոց) զանգվածային բռնկումների պատճառ դառնալ:

Ինտրոդուկցիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Վագրային ամբիստոման (Ambystoma tigrinum) Կալիֆորնիայում տարածում է գտել ձկնորսության շնորհիվ, որի ժամանակ այն օգտագործվում էր որպես խայծ

Կենսաբազմազանության պահպանման համար կարևոր նշանակություն ունեցող կենսաբանական անվտանգության հրատապ հարցերից են տեղական կենսահամակեցություններում կենդանիների և բույսերի կանխամտածված ու չկանխամտածված ինտրոդուկցիայի (ներդրման) գենետիկական և էկոլոգիական հետևանքները: Ցայտուն օրինակ է ճագարների ներմուծումը Ավստրալիա. 1859 թվականին Եվրոպայից այնտեղ էր տարվել ընդամենը 24 ճագար: 1950 թվականին դրանց թիվն արդեն հասել էր մի քանի հարյուր միլիոնի: Ճագարներն սպառնում էին դուրս մղել տեղական կենդանիներին, կերից զրկել էին ոչխարի հոտերին, ոչնչացրել բուսականությունը, փոխել լայնարձակ լանդշաֆտների պատկերը: Ոչ զանգվածային որսերը, ոչ թակարդները, ոչ էլ գիշատիչները չկարողացան կանգնեցնել նրանց աճը: 1950 թվականին Ավստրալիա տարվեց միքսոն մանրէն, որն առաջացնում էր ճագարների և նապաստակների բոլոր տեսակների միքսոմատոզ մահացու հիվանդությունը: Հիվանդ կենդանուց վարակը տարածում էին միջատները, և պոպուլացիաներում այն փոխանցվում էր շատ արագ: Առաջին տարիներին հիվանդությունից ոչնչանում էր ճագարների 99,8 %-ը, մի քանի տարի անց՝ 90 %-ը, ապա՝ 50 %-ը, և, վերջապես, անկումը չէր գերազանցում 5 %-ը, ու ճագարները կրկին սկսեցին թափանցել ամենուր: Կենսաբանական աղտոտվածության կանխարգելումը, ժամանակին հայտնաբերումը, տեղայնացումը և վերացումը իրականացվում են բնակչության հակահամաճարակային պաշտպանության համալիր միջոցառումներով (տարածքի սանիտարական պահպանություն, վիրուսի շրջանառության մշտական համաճարակային հսկողություն, վտանգավոր վարակիչ հիվանդությունների օջախների վերացում և այլն):

Ծխախոտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծխելը նույնպես մի շարք հիվանդությունների (ճարպակալում, քաղցկեղ, սիրտանոթային) պատճառ է դառնում: Ծխախոտի ծխի շնչումը նվազեցնում է զարկերակային արյան մեջ թթվածնի պարունակությունը, առաջացնում բրոնխների լորձաթաղանթի գրգռում, որն այնուհետև հանգեցնում է քրոնիկ, թոքաբորբի և թոքափքանքի առաջացման: Ծխախոտի ծխի շնչումը վնասակար է նաև չծխողների համար, ծխով լցված սենյակում գտնվելը (պասսիվ ծխելը) անբարենպաստ է ազդում երեխաների վրա:

Թմրամոլություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխուղեղի հաճույքի կենտրոնների վրա ազդող թմրանյութեր

Թմրամոլությունը ևս մեծ վնաս է հասցնում մարդու առողջությանը. այն ուղեկցվում է կյանքի համար վտանգավոր հոգեկան ու ֆիզիկական ծանր խանգարումներով: Շատ մեծ են նաև սոցիալական և բարոյական կորուստները. տուժում է ողջ ընտանիքը, երեխաները դաստիարակվում են հոգեբանական ծանր պայմաններում: Թմրամոլության դեմ պայքարի գործում մեծ է հասարակության դերը: Բնակչության առողջական վիճակի և շրջակա միջավայրի աղտոտվածության միջև քանակական կապի մասին համընդհանուր պատկերացում դեռևս գոյություն չունի: 1970-ական թվականներին ԱՀԿ-ի վիճակագրական տվյալներով՝ տարբեր երկրներում մարդկանց խառը քանակակազմի առողջությունը 50-60 %-ով կախված է կենսական ապահովվածությունից և ապրելակերպից, 18 %-ով՝ շրջակա միջավայրի վիճակից, 20-30 %-ով՝ բժշկական ծառայության մակարդակից:

Օդի աղտոտում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոյություն ունեն նաև այլ գնահատականներ, որտեղ հիվանդությունների պատճառների 40-50 %-ը վերագրում են միջավայրի որակին:

Հիվանդությունների պատճառով աշխատաժամանակի կորստի վերաբերյալ վիճակագրական հարուստ նյութի մշակման հիման վրա գիտնականները եկել են եզրակացության, որ օդի աղտոտվածությունը 40-45 %-ով ազդում է բնակչության առողջության վատացմանը: Մետաղաձուլական կենտրոններում (Քաջարան, Արարատ, Ալավերդի, Կապան) երեխաների և մեծահասակների ընդհանուր հիվանդացությունը բարձր է էկոլոգիապես մաքուր քաղաքների համեմատությամբ:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Առողջապահական համաշխարհային կազմակերպության ուսումնասիրությունները
  2. ԱՀԿ ուսումնասիրությունների տվյալներ և վիճակագրություն
  3. Բաշկիրիայի պետական համալսարան
  4. «Շրջանային էկոլոգիայի խնդիրներ» ամսագիր
  5. Բժշկական էկոլոգիայի կառուցվածքը
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png