Կենսաբանական զենք
Կենսաբանական զենք | |
---|---|
Կենսաբանական զենքի պատկերանշան | |
Տեսակ | զենքի ֆուկցիոնալ դաս |
Ենթատեսակ | Զանգվածային ոչնչացման զենք |
Կենսաբանական զենք, հիմնականում պատոգենային միկրոօրգանիզմները կամ դրանց սպորները, վիրուսները, տոքսինները, վարակված կենդանիները և մարդիկ, ինչպես նաև դրանց մատակարարման միջոցները (օրինակ՝ հրթիռներ, օդանավեր և այլն), որոնք նախատեսված են թշնամուն կորուստներ ու վնասներ հասցնելու համար։ Կենսաբանական զենքը զանգվածային ոչնչացման զենք է, ինչպես և քիմիական ու միջուկային զենքերը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կենսաբանական զենք օգտագործել են նույնիսկ հին ժամանակներում։ Կենսաբանական զենքի ամենաառաջին օգտագործումը գրանցված է մ.թ.ա 6 դարում՝ ասորիների կողմից։ Այն օգտագործվել է նաև ժանտախտի տարածման ժամանակաշրջանում։ Այդ ժամանակ ամրոցների պարիսպներից ներս էին նետում ժանտախտով վարակված մարդկանց դիակները, որպեսզի բնակչության մեջ այդ հիվանդության համաճարակը ստեղծեն։ Կենսաբանական զենքը լայնորեն օգտագործվել է նաև Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ՝ հատկապես Մեծ Բրիտանիայի կողմից։ Ըստ որոշ տեղեկությունների՝ Ալեքսանդր Մակեդոնացին մահացել է հենց կենսաբանական զենքի օգտագործման պատճառով։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ որոշ տվյալների՝ կենսաբանական զենք կարող են ունենալ 14 երկիր, այդ թվում՝ Ռուսաստան, Իրաք, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Չինաստան, Եգիպտոս, Իրան, Սիրիա, Իսրայել, Լիբիա, Հարավային Կորեա, Ֆրանսիա, Կանադա և Թայվան։ Դրանցից 5–ը՝ ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան ու Կանադան պաշտոնապես հայտարարել են, որ ունեցել են կենսաբանական զենքի մշակման նախագծեր։
Չնայած դրան՝ բազմաթիվ երկրներ ընդունել են կենսաբանական զենքի չօգտագործման կոնվենցիան։ Այն ընդունվել է 1972 թվականին և սկսել է գործել 1975 թվականից։
Ախտածին միջոցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիվանդածին միկրոօրգանիզմների հսկայական թվից որպես բակտերիաբանական միջոց կարող են օգտագործվել նրանք, որոնք ունեն զանգվածային հիվանդություն առաջացնելու ունակություն և անսահմանափակ քանակներով աճեցնելու հնարավորություն։ Դրանց թվին են պատկանում մարդկանց վարակման համար՝ ժանտախտի, սիբիրյան խոցի, բնական ծաղիկի, դեղին տենդի, բծավոր տիֆի, Քյու տենդի և այլ հարուցիչները, ինչպես նաև մի շարք միկրոօրգանիզմների (օրինակ՝ բոտուլիզմի) կենսագործունեության արգասիքները (թույները), գյուղատնտեսական կենդանիների վարակման համար՝ դաբաղի, խոշոր եղջերավոր կենդանիների, խոզերի ժանտախտի և այլն, գյուղատնտեսական բույսերի վարակման համար՝ հացաբույսերի ժանգի, բրնձի պիրիկուլարիոզի, կարտոֆիլի ֆիտոֆտորոզի և այլ հարուցիչները։ Որոշ վարակիչ հիվանդությունների՝ հիվանդից առողջին փոխանցվելու հատկությունը, մարդկանց և կենդանիների համաճարակների տարածման հնարավորությունը, ինչպես նաև միջավայրում երկարատև պահպանվելու ունակությունը (օրինակ՝ սիբիրյան խոցը) պայմանավորում են կենսաբանական զենքի առանձնահատկությունները, որոնցով այն տարբերվում է զանգվածային ոչնչացման զենքի մյուս տեսակներից։ Վարակիչ հիվանդությունների առանձնահատկություն է նաև հիվանդության առաջացման գաղտնի շրջանի առկայությունը, որը տատանվում է մի քանի ժամից մինչև 20 (հազվադեպ՝ ավելի) օր։
Վարակում
[խմբագրել | խմբագրել կոդը]Կենսաբանական զենքի կիրառման հիմնական եղանակը մթնոլորտի մերձգետնյա շերտի վարակումն է բակտերիային աերոզոլով՝ հրթիռների, ինքնաթիռների, հատուկ փոշեցրիչ սարքերի, ավիացիոն և հրետանային մարտագլխիկների և այլ միջոցներով։ Կենսաբանական զենքից վարակված մակերեսների չափերը կախված են զենքի օգտագործման եղանակից ու օդերևութաբանական պայմաններից։ Հնարավոր է նաև վարակված հոդվածոտանիների (տզեր) ու միջատների (լվեր, մոծակներ) օգտագործումը։ Չի բացառվում նաև կենսաբանական զենքի կիրառումը դիվերսիոն ճանապարհով (ջրամբարների, ջրատարների, օդափոխիչ համակարգերի, սննդամթերքի և այլն վարակում)։
Մարդը և կենդանիները վարակվում են շնչառական օրգանների, ստամոքսաղիքային համակարգի, վնասված և չվնասված մաշկածածկույթների միջոցով, ինչպես նաև միջատների ու տզերի խայթոցներից։
Վարակիչ հիվանդություններ տարածելու նպատակով թշնամին կարող է գնալու ժամանակ թողնել որոշ իրեր (օրինակ՝ հագուստ, սնունդ և այլն)։ Այս դեպքում թշնամին կվարակվի իրի հետ ուղղակի կապից։ Հնարավոր է նաև վարակիչ հիվանդությամբ հիվանդներին թողնել, որպեսզի նրանք դառնան բնակչության մեջ վարակի տարածման աղբյուրը։ Ռումբերի դեպքում առաջանում են բակտերիային ամպեր, որոնք տարածվում են քամիների միջոցով հեշտությամբ տարածում են հիվանդությունը։ Բակտերիային կամ վիրուսային միջոցներից վարակվելու ժամանակ հիվանդությունները միանգամից չեն արտահայտվում. նրանք ունենում են թաքնված ժամանակաշրջան։ Դրա ընթացքում հիվանդությունը ոչ մի արտաքին նշան չի ցուցաբերում։ Որոշ հիվանդություններ (օրինակ՝ ժանտախտ, խոլերա, սիբիրյան խոց և այլն) կարող են փոխանցվել առողջ մարդկանց միջոցով և դրա պատճառով արագ համաճարակներ են առաջացնում։
Պաշտպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կենսաբանական զենքից պաշտպանությունը հիմնականում բաղկացած է մի քանի գործողություններից, որոնք ուղղված են հարձակումը գրանցելու ու նրա հետևանքները իմանալու, վարակված օբյեկտների ախտահանման, ինչպես նաև անհատական կամ կոլեկտիվ պաշտպանության միջոցներ ձեռնարկելու ու հարձակման հետևանքների վերացման վրա։ Պաշտպանությունը հիմնված է սովորական հակահամաճարակային միջոցառումների համակարգի վրա, որը համալրվում է միայն մի քանի հավելյալ հատուկ միջոցառումներով։
Կենսաբանական զենքի ազդեծության գոտիում հայտնված օբյեկտները սովորաբար չեն ախտահանում, քանի որ այդ ախտահանումը ավելի հեշտ տեղի է ունենում բնական արևահարման (ինսոլացիայի) ու այլ բնական գործոնների ներքո։ Միայն առաձնին դեպքերում կարող է անհրաժեշտ լինել ախտահանել որոշ կառույցներ, պահոցներ և մեծ տարածքներ, ինչպես նաև որոշ իրեր ու սնունդ։
Անհատական պաշտպանության ժամանակ կարևոր դեր է խաղում շնչառական ուղիների պաշտպանությունը։ Ամենահուսալի պաշտպանությունը ապահովում է սովորական հակագազը։ Կոլեկտիվ պաշտպանության դեպքում գործում են տարբեր տիպի ֆիլտրող սարքեր և օդի ախտահանման այլ միջոցներ։
Հետևանքների վերացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Բակտերիային վարակման օջախում (կենսաբանական զենքի ազդեցության տարածք) բակտերիաբանական զենքի օգտագործման փաստը հաստատելուց հետո անմիջապես սահմանվում է կարանտին։ Դա համաճարակային և ռեժիմային միջոցառումների համակարգ է, որի նպատակն է վարակված տարածքը (այնտեղ գտնվող մարդկանցով և կենդանիներով հանդերձ) շրջապատող միջավայրից մեկուսացնելը և հիվանդությունն օջախում վերացնելը։ Մուտքը բակտերիաբանական վարակված օջախ և այնտեղից ելքը խիստ վերահսկվում են։ Օջախից ելքի (մուտքի) անհրաժեշտության դեպքում բնակչությունը ենթարկվում է լրիվ սանիտարական մշակման։ Օջախում կարանտին սահմանելու պահից անցկացվում է անհետաձգելի կանխարգելում. բնակչությունն ստանում է հակաբիոտիկներ և այլ դեղանյութեր, որոնք նպաստում Են օրգանիզմ ներթափանցող վարակների հարուցիչների կանխարգելմանը, կատարվում են նաև կանխարգելիչ պատվաստումներ։
Բակտերիաբանական վարակված օջախում բնակչությունը պետք է խուսափի ավելորդ շփումներից, խստորեն պահպանի անձնական հիգիենայի և հասարակական հիգիենայի կանոնները, չօգտագործի կասկածելի որակի ջուր և սննդամթերք։ Օջախում զանգվածային հիվանդությունների առաջացման դեպքում բնակչությունը բաժանվում է առանձին խմբերի՝ տներում և բնակարաններում, օջախում հաստատվում է հակահամաճարակային խիստ ռեժիմ, կատարվում է ուժեղացված բժշկական հետազոտություն՝ համայց տներում, հիվանդների հայտնաբերում, ջերմաչափում։ Բնակչությունը պետք է ըստ ամենայնի օժանդակի բուժաշխատողներին, որը բարձրացնում է միջոցառումների արդյունավետությունը։ Տկարություն զգալիս և ջերմաստիճանը բարձրանալիս անմիջապես դիմել բուժօգնության։
Կիրառված բակտերիային միջոցի տեսակը հաստատելուց հետո բակտերիաբանական որոշ զենքերի դեպքում կարանտինը փոխարինվում է դիտազննումով (օբսերվացիա), շարունակվում է օջախի բժշկական հսկողությունը, ինչպես նաև կիրառվում են բուժկանխարգելիչ ու մեկուսացնող-սահմանափակող միջոցառումներ, որոնք խոչընդոտում են վարակի տարածումը և ուղղված են դրա արագ վերացմանը։ Կարևոր նշանակություն ունեն վարակիչ հիվանդների վաղ հայտնաբերումը, մեկուսացումը. հոսպիտալացումն ու բուժումը, տարածքի, շենքերի ու շինությունների վարակազերծումը, բնակչության սանիտարական մշակումը, կանխարգելիչ պատվաստումների կատարումը։
Բակտերիաբանական վարակման օջախում գտնվելիս բնակչությունը պետք է հատուկ ուշադրություն դարձնի սննդամթերքի պահպանությանը։ Ջուրը կարելի է խմել միայն վարակազերծելուց (30 ր եռացնելուց) հետո։ Սննդամթերքը պետք է պահել կիպ փակվող ամաններում կամ պոլիէթիլենե փաթեթներում, օգտագործելուց առաջ ենթարկել մանրազնին ջերմային մշակման։ Բնակելի շենքերում անհրաժեշտ է ախտահանիչ միջոցներով խոնավ մաքրում, հագուստի, սպիտակեղենի (լվանալ սինթետիկ լվացամիջոցների եռացող լուծույթներով), կենցաղային իրերի ախտահանում։ Հատուկ նշանակություն է ձեռք բերում անհատական և հասարակական հիգիենայի կանոնների պահպանումը՝ մաշկի ուշադիր խնամք, բերանի խոռոչի մաքրում, թափոնների ժամանակին հավաքում և հեռացում և այլն։ Այդ ամենն իջեցնում են վարակիչ հիվանդությունների տարածման հնարավորությունը։ Բակտերիաբանական վարակման օջախի վերացումից հետո անցկացվում է օջախի տարածքի, շենքերի, տրանսպորտային միջոցների ախտահանում և բնակչության լիակատար սանիտարական մշակում՝ հագուստի և կոշիկների ախտահանումով։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Alibek, K. and S. Handelman. Biohazard: The Chilling True Story of the Largest Covert Biological Weapons Program in the World– Told from Inside by the Man Who Ran it. Delta (2000) ISBN 0-385-33496-6
- Appel, J. M. "Is all fair in biological warfare? The controversy over genetically engineered biological weapons", Journal of Medical Ethics, Volume 35, pp.; 429–432 (2009).
- Crosby, Alfred W., Ecological Imperialism: The Biological Expansion of Europe, 900–1900 (New York, 1986).
- Dembek, Zygmunt (editor) Medical Aspects of Biological Warfare, Washington, DC: Borden Institute, 2007 Արխիվացված 2012-08-27 Wayback Machine
- Endicott, Stephen and Edward Hagerman, The United States and Biological Warfare: Secrets from the Early Cold War and Korea, Indiana University Press (1998). ISBN 0-253-33472-1
- Fenn, Elizabeth A. (2000). «Biological Warfare in Eighteenth-Century North America: Beyond Jeffery Amherst». Journal of American History. 86 (4): 1552–1580. JSTOR 2567577.
- Keith, Jim (1999). Biowarfare In America. Illuminet Press. ISBN 1-881532-21-6.
- Knollenberg, Bernhard, "General Amherst and Germ Warfare," Mississippi Valley Historical Review (1954), 41#3 489–494. British war against Indians in 1763 in JSTOR
- Leitenberg, Milton, and Raymond A. Zilinskas. The Soviet Biological Weapons Program: A History (Harvard University Press, 2012) 921 pp
- Mangold, Tom and Goldberg, Jeff (1999). Plague Wars: a true story of biological warfare. Macmillan, London. ISBN 0-333-71614-0.
{{cite book}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - Maskiell, Michelle, and Adrienne Mayor. "Killer Khilats: Legends of Poisoned Robes of Honour in India. Parts 1 & 2.” Folklore [London] 112 (Spring and Fall 2001)։ 23–45, 163–82.
- Mayor, Adrienne, Greek Fire, Poison Arrows & Scorpion Bombs։ Biological and Chemical Warfare in the Ancient World. Overlook, 2003, rev. ed. 2009. ISBN 1-58567-348-X.
- Orent, Wendy (2004). Plague, The Mysterious Past and Terrifying Future of the World's Most Dangerous Disease. Simon & Schuster, Inc., New York, NY. ISBN 0-7432-3685-8.
- Pala, Christopher (19??), Anthrax Island
- Preston, Richard (2002), The Demon in the Freezer, New York։ Random House.
- Rózsa, Lajos (2009). «The motivation for biological aggression is an inherent and common aspect of the human behavioural repertoire» (PDF). Medical Hypotheses. 72: 217–219. doi:10.1016/j.mehy.2008.06.047.
- Woods, Lt Col Jon B. (ed.) USAMRIID’s Medical Management of Biological Casualties Handbook, 6th edition, U.S. Army Medical Institute of Infectious Diseases, Fort Detrick, Maryland (April 2005) Արխիվացված 2007-06-09 Wayback Machine
- Zelicoff, Alan and Bellomo, Michael (2005). Microbe: Are we Ready for the Next Plague?. AMACOM Books, New York, NY. ISBN 0-8144-0865-6.
{{cite book}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Biological weapons and international humanitarian law, ICRC Արխիվացված 2010-08-11 Wayback Machine
- WHO: Health Aspects of Biological and Chemical Weapons
- «Biological Warfare». National Library of Medicine. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 28-ին.
- U.S Army site Արխիվացված 2016-06-05 Wayback Machine
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հանրամատչելի բժշկական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կենսաբանական զենք» հոդվածին։ |
|