Զինապալատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Զինապալատ
Armoury-flickr.jpg
Տեսակռազմական թանգարան, ազգային թանգարան և ՌԴ մշակութային ժառանգության օբյեկտ
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
ՏեղագրությունՄոսկվա
ՎայրՄոսկովյան Կրեմլ
Հիմնադրված է1806
Կայքkreml.ru/en/main/kremlin/buildings/Orugeynaya_Palata

Զինապալատ, (ռուս.՝ Оруже́йная пала́та), ​​գանձարան-թանգարան Մոսկվայում, Կրեմլի Մեծ պալատի մաս է կազմում: Հաստատությունն անվանվել է պետական ​​գանձատան անունով, որի մասն են կազմում 1720 թվականից Կրեմլի արհեստանոցները: 1806 թվականից ի վեր գանձարանը գործում է որպես թանգարան, որն ի սկզբանե բաց էր ազնվականության համար, իսկ 1918 թվականից՝ բոլորի համար: Թանգարանային հավաքածուի հիմք էր կազմում թագավորական գանձարանում և հայրապետական ​​խորանում (Պատրիարքարանում) դարեր շարունակ պահվող թանկարժեք առարկաները, որոնք պատրաստվել էին Կրեմլի արհեստանոցներում, ինչպես նաև ընծաներ՝ ստացած օտար պետությունների դեսպանատներից: 1851 թվականին Ճարտարապետ Կոնստանտին Տոնի նախագծով Կրեմլի տարածքում կառուցվել է ռուս-բյուզանդական ոճով շինություն՝ Զինապալատի հավաքածուն զետեղելու համար[1]:

1960 թվականից Զինապալատը համարվում է Մոսկվյան Կրեմլի պետական թանգարանների մասը։ 2018 թվականի դրությամբ թանգարանի հավաքածուն ներառում է XII-XIX դարերի ավելի քան 4 հազար ցուցանմուշ[1]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զինապալատի հին շենքը՝ կառուցված Իվան Եգորովի նախագծով, 1845 թվական
Կրեմլի Զինապալատը։ Աշխատակիցների խմբակային նկար։ Նիկոլայ Բուրդին 1846 թվական
Զինապալատի պատուհաններից դեպի Մոսկվա գետ բացվող տեսարան,1850-ական թվականներ
Ներքին հարդարանք, 2011 թվական
Թանգարանի շենքը, 1965 թվական
աջ XVIIդարի տոնական հանդերձանք, 2013 թվական

Պետական ​​գանձատուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զինապալատի հավաքածուն ձևավորվել է դեռևս 14-րդ դարում ՝ որպես մոսկովյան մեծ իշխանների և ցարերի մասնավոր գանձատուն: Ռուսական տարածքների ընդլայնմանը զուգահեռ ավելանում էր նաև գանձարանը: Որոշվեց մինչև 1484 թվականը թանկարժեք իրերի պահպանման համար կառուցել բրգաձև տանիքով առանձին շինություն Արխանգելյան և Հայտնության տաճարների միջև: Նույն տարվանից հաստատությունը հայտնի է դարձել որպես Արքունական պալատ. այնտեղ էին տեղափոխվում մոսկովյան իշխանների բոլոր գանձերը և Մոսկվայի Կրեմլի տաճարների ոսկու պաշարները: Գանձարանը կորցրել է նաև իր առանձին սեփականության կարգավիճակը և սկսել է գործել որպես պետական ​​պաշտոնական պահոց[2]:

15-18-րդ դարերում պահոցի իրերը հաճախ օգտագործվում էին պետական ​​միջոցառումների ժամանակ ՝ թագավորական հարսանիքներ, դեսպանների ընդունելություններ, թագավորների հուղարկավորություններ, ինչպես նաև ՝ որպես նվերներ, որոնք տրվում էին օտարերկրյա ղեկավարներին: Միևնույն ժամանակ գանձարանը մշտապես համալրվում էր տարածքների բռնազավթման (բերվում էին թանկարժեք իրեր միացված քաղաքներից և իշխանություններից), այնպես էլ շնորհազուրկ բոյարների, օտարերկրյա դեսպանների ընծաների, հայրապետների կողմից նվերների հաշվին[3][2][1][4]։ Զինապալատը առաջին անգամ Պետական գանձարանի մնացած մասից առանձնացվել է որպես զենքի հատուկ պահոց 1508 թվականին՝ Մեծ իշխան Վասիլի III զինապահի հատուկ կոչում շնորհելու ժամանակ[5]։

Զինապալատ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գանձարանի համալրման այլ աղբյուր էին մոսկովյան Կրեմլի արվեստանոցները, որոնք գործում էին թագավորական արքունիքին կից: Արվեստանոցները կոչվում էին «պալատներ» և տեղավորված էին քարե շենքերում: Զինապալատը տեղակայված էր Տրոիցկյան դարպասի հարևանությամբ գտնվող երեքհարկանի շենքում և զբաղեցնում էր վերին երկու հարկերը: Այդ մասին առաջին հիշատակումը սկսվում է 1547 թվականից, երբ տարեգիրներից մեկը նկարագրել է Կրեմլի հրդեհը. «Մեծն արքայի գանձատունը կրակի մեջ է, զենքերի պալատն է ամբողջությամբ այրվում, և մնացած կացարանները գանձարանի հետ միասին… այրվել է ամբողջությամբ, և թագավորական արքունիքի պալատների նկուղներում ամեն ինչ այրվել է … նաև թագավորական ախոռը»[3]:

Իր ստեղծման պահից՝ 15-16-րդ դարերում, Զինապալատը գործում էր որպես ցարակական զենքերի (սուսերներ, տապարներ, օղազրահ, զրահ, սաղավարտ)պահեստ: Բացի այդ, պալատում պատրաստում էին սառը զենք և հրազեն, ինչպես նաև պաշտպանական ասպազենք ՝ պետական ​​բանակը զինելու համար: Վարպետների կողքին աշխատել են նաև նկարիչներ, որոնց թվում էին Սիմոն Ուշակովը, Ֆյոդոր Զուբովը, Բոգդան Սալտանովը, Իվան Բեզմինը, Վասիլի Պոզնանսկին: Նրանց խնդիրն էր նկարազարդել ցարակական կացարանները, Կրեմլի տաճարները, սրբապատկերները: Զինապալատի գլխավոր էր նշանակվում զինապահը, իսկ 17-րդ դարի վերջից` բոյարներն և օկոլնիչիներն, իշխան Բորիս Ռեպնինը, Գրիգորի Պուշկինը, Բոգդան Խիտրովը, Իվան Յազիկովը, Պյոտր Շերեմետևը,Միխայիլ Լիխաչովը, Ֆյոդոր Գոլովինը և ուրիշներ[3]:

Զինապալատը զարթոնք ապրեց 17-րդ դարի առաջին կեսին, երբ ռուսական պետության կենտրոնացման արդյունքում շատ արհեստավորներ Նովգորոդից, Վլադիմիրից, Սուզդալից, Մուրոմից, Կազանից, Վելիկի Ուստյուգից բերվեցին Մոսկվա: Ավելին ՝ Ալեքսեյ Ռոմանովի քաղաքականության շնորհիվ բանակը վերակակազմավորվեց եվրոպական ձևով, ինչը հնարավորություն տվեց բարելավել զենքի արտադրությունը: Զինապալատի աշխատակիցները զբաղվում էին նաև զինված ուժեր մատակարարելու և Ռուսաստանին մատակարարման գործարքներ կնքելու հարցերով: Շնորհիվ աշխատակիցների անընդհատ թարմացվող բազայի ՝ արտադրված առարկաներն առանձնանում էին զարդաքանդակների և ձևերի բազմազանությամբ: Միևնույն ժամանակ աշխատանքային պայմանները շարունակում էին մնալ ծանր[6]:

Aquote1.png Սովորաբար նրանք աշխատում էին արևածագից մինչև մայրամուտ, և եթե պատվերը անհետաձգելի էր, ապա մի քանի օր շարունակ դարբնոցներում չէր մարում կրակը : Այս քրտնաջան աշխատանքի համար արհեստավորները տարեկան ստանում էին 8-20 ռուբլի աշխատավարձ, իսկ առավել հայտնիները , ինչպես օրինակ, Գավրիլա Օվդոկիմովը, տարեկան ստանում էին մինչև 40 ռուբլի և որոշակի քանակությամբ մթերք: Այս աշխատավարձը շատ ցածր էր, և այն նույնիսկ բավարար չէր ամենաանհրաժեշտ կարիքները հոգալու համար[3]։ Aquote2.png


17-րդ դարի սկզբից Զինապալատը ղեկավարում էին պրիկազները (կենտրոնական պետական կառավարման համակարգի մարմիններ ցարական Ռուսաստանում), որոնք հետագայում մտան իր կազմի մեջ։ Դրանցից էին «Զրահագործականը» ռուս.՝ Бронный, (գործել է 1575-ից մինչև 1610 թվականը), Սրբապատկերայինը ռուս.՝ Иконным (1621-1638), Տաճարային գործը ռուս.՝ Соборного дела (1642-1643), Փողայինը ռուս.՝ Ствольным (1647-1695), Մուշկետային գործը ռուս.՝ Мушкетного дела ( 1653-1654), Արծաթինը ռուս.՝ Серебряной (1613-1700) և Ոսկե պալատներինը ռուս.՝ Золотой палатами (1613-1700): 1700 թվականին Կրեմլի արհեստանոցները սկսեցին կրճատվել, իսկ Ռուս-շվեդական պատերազմի բռնկումով, Զինապալատի գործունեությունը վերակազմավորվեց ռազմական ձևաչափով․ արհեստավորները բանակի համար զանգվածաբար արտադրում էին զինամթերք, ինչպես նաև ձեռքի հրազեն և սառը զենք[3][7][2][8]։

Թանգարանի բացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Զինապալատի հին շենքը 1720 թվականինին, Պետրոս I-ը միավորեց Ցարիցինյան վարպետաց պալատը, Արքունական պալատը և Ձիանոցային գանձարանը, ինչպես նաև Պատրիարքական պալատի և մոսկովյան Կրեմլի բոլոր եկեղեցիների գանձերը մեկ ընդհանուր գերատեսչության մեջ, որը կոչվեց «Արվեստանոց և Զինապալատ»: Փոխակերպման շնորհիվ հաստատությունը անցավ Կառավարման սենատի իրավասության ներքո, ինչը նշանակում էր, որ այսուհետ դադարեցվում էր այդտեղի հավաքածուներից թանկարժեք իրեր հանելը, որոնցով աշխատավարձ էր տրվում պալատականներին: 1728 թվականից սկսած՝ Զինապալատը սկսեց գործել բացառապես որպես պատմական և գեղարվեստական ​​արժեքների պահոց, սակայն 1737 թվականին Տրոիցկյան հրդեհի ժամանակ Հյուսիսային պատերազմի ժամանակներից մնացած զենքի և դրոշների հավաքածուների մի մասը ոչնչացվեց, իսկ հրդեհից փրկված արժեքները տեղափոխվել էին Թերեմ պալատ՝ (ռուս.՝ Теремной дворец) պահպանման համար [3][9]:

Ինչպես պարզել է ակադեմիկոս Օ.Գ. Ուլյանովը, Զինապալատը որպես զենքի հատուկ պահոց առաջին անգամ առանձնացվել է Պետական Գանձարանից 1508 թվականին, երբ Մեծ իշխան Վասիլի III-ին շնորհվում էր զինապահի հատուկ կոչում, իսկ դրա մասին առաջին հիշատակումը սկսվում է 1537 թվականից [5][10]:

1806 թվականին Ալեքսանդր Ա-ն հրաման է արձակել արքունական ​​կայսերական թանգարան ձևավորելու վերաբերյալ՝ Զինապալատի հավաքածուի և Սենատի հրապարակում կառուցվող շենքի հիման վրա, ուր նախատեսված էր տեղափոխել հավաքածուն։ Նախագծի վրա աշխատել և կյանքի է կոչել ճարտարապետ Իվան Եգոտովը՝ 1807 թվականին: Շենքը տեղակայված էր Բորիս Գոդունովի նախկին պալատների տեղում, սակայն որմնադրության շարվածքի և հրդեհավտանգ լինելու պատճառով շենքում ջեռուցման համակարգ չէր տեղադրվել: Սա բացասաբար էր անդրադարձել իրերի պահպանման վրա. բարձր խոնավության պատճառով շատ իրեր խոնավությունից և ցրտից շարքից դուրս էին գալիս [3][11][10][7]։

Էքսպոզիցիան բացվել է հանրության համար 1813-1814 թվականներին, բայց միայն ազնվական և առևտրական շրջանակների ներկայացուցիչների համար ։ 19-րդ դարում թանգարանի հայեցակարգը չէր ենթադրում հասարակ մարդկանց մուտքը դահլիճներ [3][7][12]:

Թանգարանի ժամանակակից շենք[խմբագրել | խմբագրել կոդը]

Զինապալատի հավաքածուն պահպանելու համար, 1849 թվականին կառավարությունը հանձնարարել է ճարտարապետ Կոնստանտին Տոնին նախագծել նոր շենք Կրեմլի տարածքում , որը համապատասխանեցված կլիներ գանձարանի կարիքների համար [3]:

1849 թվականին Մոսկվայի պալատական ​​գրասենյակը սկսել է Զինապալատի համար նոր շենքի կառուցումը՝ նախկին Ձիանոցային Պրիկազի տեղում: Շենքի գլխավոր ճարտարապետը Կոնստանտին Տոնն էր։ Ճարտարապետներ Նիկոլայ Չիչագովը, Վլադիմիր Բակարևը և օգնականներ Պյոտր Գերասիմովը, Միխայիլ Տրուբնիկովը և Իվան Գորսկին զբաղվում էին շենքի ինտերիերի և առանձին ​​դետալների մշակմամբ: Զինապալատի առաջնակարգ վարպետներից էր հայազգի նկարիչ Բոգդան Սալթանովը, որը 1685 թ.-ին նշանակվել է գեղանկարչության արվեստանոցի ղեկավար։ Շենքը կառուցվել է 1851 թվականին ռուս-բյուզանդական ոճով՝ որպես Կրեմլի Մեծ պալատի համալիրի մաս: Շենքը տեղադրված է բարձր գետնախարիսխի վրա, իսկ արտաքին ուրվապատկերը կրկնում է Ձիանոցային Պրիկազի ուրվագծերը:

Զինապալատի վերին հարկը զարդարված է 17-րդ դարի վերջի ճարտարապետության ոգով՝ սպիտակ քարից սյուներին փորաքանդակներով և պատուհանի շրջկալներով, կախովի ծանրաքարերով։ Ստորին հարկը զարդարված է հարթ որմնասյուներով: Շինության պատերը զարդարված են քանդակագործ Ֆեդոտ Շուբինի հեղինակած մարմարե մեդալիոններով՝ ռուս իշխանների և ցարերի պատկերներով , որոնք նա պատրաստել է 1774-1775 թվականներին Չեսմեի պալատի համար: Իվան Միրոնովսկու նախագծով պատրաստված թուջե ցանցը տեղադրվել է Զինապալատի և Կրեմլի Մեծ պալատի միջև 1840-ականներին [13][14][7][3][15][16]: Ըստ Տոնիի մտահղացման՝ երկրորդ հարկում գտնվող սենեկաշարքը Կրեմլի Մեծ պալատի տոնական սենյակների շարունակությունն է, ինչը թույլ է տալիս ցուցադրել ինչպես Ռուսաստանի ղեկավարների գանձարանի հարստությունը, այնպես էլ ռուսական բանակի հզորությունը: Կենտրոնական սենեկաշարքի սռնակին հաջորդում են կլոր դահլիճները, որոնք նախատեսված են ժամանակավոր ցուցահանդեսների համար [15]։

Թանգարանը հեղափոխությունից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

1917 թվականի հեղափոխությունից հետո սովետները վերակազմավորեցին պալատը հանրային պետական ​​թանգարանի՝ լրացնելով հավաքածուն ազնվականների կալվածքներից առգրավված, ժողովրդականացված վանքերի և տաճարների իրերով: Ցուցահանդեսը դասավորված էր ժամանակագրական կարգով և պատմում էր շահագործված ճորտերի վարպետության մասին[3]:

1930-ական թվականներին Խորհրդային իշխանությունները ստեղծեցին Գոխանի հանձնաժողով՝ Զինապալատի հավաքածուից իրեր հանելու համար: Միայն 1930 թվականի հունիսի 21-ի ակտով «Հնավաճառություն» կոչվող խումբը Էքսպոզիցիայից վերցրեց ավելի քան 318 իր՝ մասնավոր անձանց վաճառելու համար: Առգրավված արժեքավոր իրերի ցանկում ներառված էին նաև Ֆաբերժեի տասնմեկ Զատկի ձվերը: Խորհրդային ​​իշխանությունների գործողությունների հետ են կապում 1930 թվականին Զինապալատի տնօրեն Դմիտրի Իվանովի ինքնասպանությանը, որը, երկար ժամանակ դեմ լինելով ցուցանմուշների առգրավմանը, իմացել էր արժեքավոր իրերի առաջիկա զանգվածային բռնագրավման մասին[17]։

1962 թվականին Մոսկվայի Կրեմլի Հայրապետական պալատներում բացվել է «Կիրառական արվեստի և 17-րդ դարի կենցաղի թանգարանի» մասնաճյուղը, իսկ 1967 թվականից թանգարանի առաջին հարկում տեղակայվել է «Ալմաստի ֆոնդ» մշտական ​​ցուցադրությունը[7]։

Արդիականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականին Մոսկվայի կառավարությունը ստորագրել էր հրամանագիր, ըստ որի՝ Զինապալատին էին տրվում Կարմիր հրապարակում գտնվող առևտրի շենքերի տարածքները : 2020 թվականին շենքերի ռեստավրացիայի ավարտից հետո նախատեսվում է Զինապալատի ընդլայնված ցուցահանդեսի բացում[18]:

Թանգարանը ակտիվ ցուցահանդեսային գործունեություն է իրականացնում՝ համագործակցելով ինչպես Ռուսաստանի, այնպես էլ արտասահմանյան թանգարանների հետ: Այսպես՝ 2018 թվականին հաստատությունը բացեց ժամանակավոր ցուցահանդեսներ «Մին Դինաստիա: Կրթվածության Փայլը»՝ նվիրված Շանհայի թանգարանի XIV-XVII դարերի աշխատանքների հավաքածուին և «Օվկիանոսի տիրակալները. XVI-XVIII դարերի պորտուգալական կայսրության գանձերը »[19]: Թանգարանում կա նաև դասախոսությունների դահլիճ, որտեղ պարբերաբար անցկացվում են դասախոսություններ արվեստի պատմության, կրոնի և գրականության մասին[20]։

Ցուցադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հազարփեշայի պատկերը Զինապալատի հավաքածուից։ 1964 թվականի ԽՍՀՄ փոստային դրոշմանիշի վրա
Սաղմոսասացի պատկերը «Գովերգեք Աստծուն», 1668—1669 թվականներ
Աննա Օբոլյանինովան, XIX դար

Թանգարանի ցուցահանդեսը կառուցված է թեմատիկ սկզբունքով և տեղակայված է ինը սրահներում.

  • XII-XVII դարերի ռուսական ոսկյա և արծաթյա իրեր
  • XVII-XX դարերի ռուսական ոսկյա և արծաթյա իրեր
  • XV-XIX դարերի եվրոպական և արևելյան սպառազինություն
  • XII-XIX դարերի ռուսական սպառազինություն
  • XIII-XIX դարերի արևմտյան եվրոպական արծաթ
  • XIV-XVIII դարերի գործվածքներ և կարեր և
  • XIII-XVIII դարերի հին պետական ​​կրոններ արարողակարգային իրեր
  • XIII-XVIII դարերի ձիերի զարդարանքի իրեր
  • XIV-XIX դարերի կառքերի հավաքածու[16][21]

Զենք ու զրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի ցուցահանդեսը ներառում է ռուսական և արտասահմանյան ռազմական և տոնական զենքերի նմուշներ: Հավաքածուն ներառում է բյուզանդացի, եգիպտացի, հնդիկ, ֆրանսիացի, շվեդ և այլ ազգերի վարպետների գործեր: Զինապալատում աշխատած արհեստավորների անունները հայտնի դարձան միայն 1950-1980 թվականներին՝ լայնածավալ հետազոտական ​​գործունեության արդյունքում, որը բացահայտեց այնպիսի աշխատողների, ինչպիսիք են Նիկիտա Դավիդովը, Պերվուշա Իսաևը, Իվան և Տիմոֆեյ Լուչանինովները [22][23][24]:

Սպառազինության հավաքածուի մեծ մասը բաղկացած է զրահից և սաղավարտից: Այցելուներին ներկայացվում է Ալեքսանդր Նևսկու հոր` Յարոսլավ Վսեվոլոդովիչի սաղավարտը, բյուզանդական սաղավարտ՝ դեհիսուսով, ինչպես նաև Իվան Ահեղի երեք տարեկան որդու՝ Իվան արքայորդու հազվագյուտ սրածայր սաղավարտը : Ցուցադրվում է նաև Պյոտր Շույսկու օղազրահը, որը, ըստ լեգենդի, Լիվոնյան պատերազմի ժամանակ՝ իշխանի մահից հետո, նվիրվել է Երմակին, որով նա անցել է Սիբիրի հողերը: Երմակի մահից հետո օղազրահը համալրել է Զինապալատի հավաքածուն[25]:

Հաջորդ էքսպոնատը 12-17-րդ դարերի վահանների հավաքածուն է, ինչպես նաև տոնական սպառազինությունը, որոնք նորաձև են դարձել հրազենի հայտնվելուց հետո։ Հենց այդ ժամանակ պաշտպանական ասպազենքը կորցրել է իր ռազմական նշանակությունը: Տոնական զենքերի հավաքածուի մեջ են մտնում նաև Միխայիլ և Ալեքսեյ Ռոմանովների զրահները[26]: Հարևան ցուցափեղկերում ցուցադրվում են գայիսոններ և վեցափետուր լախտեր։ Այդ առարկաները ոչ միայն սառը զենքեր էին, այլև արքայական իշխանության խորհրդանշաններ։ Ցուցադրված են նաև թրեր, սրեր, մալայական դաշույններ, սուսերիկներ և այդ ժամանակի տարբեր տեսակի զենքեր[3]:

Ոսկու և արծաթի ֆոնդ[խմբագրել | խմբագրել կոդը]

XV—XVII դարերի ցուցափեղկ `սրբապատկերներով։

Զինապալատում զետեղված է XII-XVII դարերի հին ռուսական ոսկե և արծաթե իրերի հավաքածու: Ռուսաստանում XII-XIII դարում ժողովրդականություն էին վայելում ֆիլիգրանի տեխնիկայով պատրաստված զարդերը և Լիմոժյան էմալը: Նման արժեքների օրինակներ են հանդիսանում Ստառոռյազանի պահեստի իրերը, որոնք հայտնաբերվել են Հին Ռյազանի տարածքում 1822 թվականին: Զինապալատի ցուցադրված գանձերի մեջ են շքեղ ուսնոցներ, կախազարդեր և մետաղյա կախազարդեր[3]:

Թանգարանում պահվում է 16-17-րդ դարերի արևմտաեվրոպական արծաթագործների՝ աշխարհի ամենամեծ հավաքածուն[27]: Ցուցադրվող իրերի մեծ մասը նախշավոր անոթներ են՝ սափորներ, գավաթներ, գարեջրի բաժակներ և գինու կավե անոթներ: Էքսպոզիցիան ընդգրկում է թանկարժեք քարերով զարդարված ոսկե և արծաթե սպասք. բաժակներ, հազարփեշաներ, շերեփներ և ինքնաեռներ: Ամենաարտասովոր իրերից մեկն է համարվում «Առատության եղջյուր» գավաթը, որը Շվեդիայի թագուհի Քրիստիանան է նվիրել Ալեքսեյ Ռոմանովին՝ 1647 թվականին թագադրելու կապակցությամբ : Մինչև 18-րդ դարը սպասքի պարագաները արքայական ընտանիքները օգտագործում էին պետական տոնակատարություններ կազմակերպելու ժամանակ[3]:

Թանգարանի ամենաարժեքավոր ցուցանմուշներից մեկը Մոսկվայի հիմնադիր Յուրի Դոլգորուկիի եկեղեցական գավաթն է (սկիհ), որը իշխանը դրել է Պերեսլավլ-Զելեսկիի Պայծառակերպության տաճարի հիմքում: Վլադիմիրա-Սյուզդալյան վարպետների աշխատանքները ներկայացված են 14-րդ դարի վերջի Դիոնիսիոսի տապանակով և 15-րդ դարի սկզբի վարպետ Լուկիանոսի սրբապատկերով, որտեղ ներկայացված էին աստվածաշնչյան թեմաներ՝ դրոշմված արծաթի վրա : Կից պահվում է Վերափոխման մայր տաճարի Մորոզովյան ավետարանը, որը պատրաստվել է 15-րդ դարի սկզբին, ինչպես նաև եկեղեցական զարդարանքների իրեր[3]:

VII-XV դդ. բյուզանդական արվեստի հավաքածուն ներառում է 1918 թվականին Սուդժենսկու գանձերի շարքում հայտնաբերված արծաթե սափորը, ագաթից և հասպիսից պատրաստված զարդեր, Դմիտրի Սալունսկիին պատկերող փորագրված սրբապատկեր և XI դարի փոքրիկ ոսկե սրբապատկեր [3]:

Կրեմլի արհեստագործների արտադրանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի հավաքածուի մեծ մասը բաղկացած է 16-17-րդ դարերի իրերից, որոնք պատրաստվել են Կրեմլի արհեստանոցներում: Զինապալատում ներկայացված ամենահին ժառանգած իրերից մեկը Մոնոմախի գլխարկն է, որը պատրաստվել է արևելյան արհեստավորների կողմից 13-14-րդ դարերում: Կից ցուցադրված է Կազանյան գլխարկը՝ պատրաստված 1553 թվականին Կազանի գրավման պատվին, որը զարդանախշվել է խոտաբույսերով : Ցուցահանդեսի ամենադիտարժան են համարվում «Մեծ հանդերձանքի» իրերը, որոնք պատրաստվել են մոսկվացի արհեստավորների կողմից 1627-1628 թվականներին Միխայիլ Ռոմանովի թագադրման համար․ թագավորական պսակ, գայիսոն և խաչակիր գունդ: Առանձին ցուցափեղկ նվիրված է գավաթ-նաուտիլուսներին կամ «նավակներին», որոնց պատրաստման համար օգտագործվել են մարգարիտների խեցիները, ինչպես նաև «Երմակի դրոշը» ՝ կրոնական թեմաներով պաստառներ, որոնք երկար ժամանակ համարվում էին Երմակի սեփականությունը[28][3][29][30][31][32]:

Պետերբուրգյան արտադրանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

18-րդ դարի ռուսական արվեստը սերտորեն կապված էր Սանկտ Պետերբուրգի արծաթե իրերի դպրոցի զարգացման հետ: Թանգարանում ցուցադրվում են վարպետ Ի․ Լիբմանի ռոկոկոյի ոճով մոմակալները, դեկորատիվ շերեփներ, ինչպես նաև դասական ոճով պատրաստված սպասք: Վերջիններիս մեջ է Եկատերինա II կողմից բերված օվալաձև սկուտեղը՝ նվիրված իր ֆավորիտ Գրիգորի Պոտյոմկինին, ինչպես նաև օգտագործվող իրերի նոր տեսակներ՝ թեյնիկներ, սրճամաններ և սպասքակազմ, որոնք փոխարինում էին շերեփներին, բաժակներին և հազարփեշաներին: Առանձին տաղավարում ներկայացված են Դմիտրի Վինոգրադովի ձեռնարկություններում արտադրված ռուսական ճենապակյա իրեր, ինչպես նաև 16-18-րդ դարերի գրպանի ժամացույցների հավաքածու[33][3]:

Արտասահմանյան վարպետների աշխատանքները[խմբագրել | խմբագրել կոդը]

Առանձին ցուցահանդեսում են ներկայացված օտարերկրյա վարպետների աշխատանքները, որոնք հիմնականում ներառված են հավաքածուի մեջ որպես ընծաներ ռուսական դեսպաններին: Դրանց մեջ են մտնում Կոստանդնուպոլիսի արհեստավորների արտադրանքը՝ բյուրեղյա հայելի, որը նվիրվել է պատրիարք Ֆիլարեթին, Միխայիլ Ռոմանովի մեծ հովհարը՝ պատրաստված սև ջայլամի փետուրներից և լեռնային բյուրեղապակուց իրեր: Ամենաարժեքավոր իրերից մեկը իրանական գահն է, որը Շահ Աբասը նվիրել է Բորիս Գոդունովին: Գահը երեսպատված է դրոշմանկարներով , ինչպես նաև զարդարված է տուրմալիններով և փիրուզով, մինչդեռ Միխայիլ Ռոմանովի գահը, որը նույնպես պատրաստել են իրանցի արհեստավորները, պատրաստված է ավելի քան 13 կիլոգրամ ոսկուց: Զինապալատում ցուցադրված են Ռուսաստանի, Արևմտյան Եվրոպայի և Առաջավոր Ասիայի մի շարք երկրների դեկորատիվ կիրառական արվեստը, այդ թվում Նոր Ջուղայի հայ վարպետների պատրաստած «Ալմաստե գահը»։ Հավաքածուն ներառում է նաև Լեհաստանի և Դանիայի դեսպանների կողմից ընծայված սպասք, խնկարկիչներ, գավաթներ և արծաթե քանդակներ[3]:

Հյուսիսային արվեստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմական զարգացման առանձնահատկություններից ելնելով՝ Մեծ Նովգորոդի (ռուս.՝ Великий Новгород ) արհեստավորները մշակել են արծաթե իրերի պատրաստման իրենց սեփական դպրոցը: Նման աշխատանքներին բնորոշ են գծապատկերի հստակությունն ու ճշգրտությունը, կոմպոզիցիայի պարզությունը: Զինապալատում ցուցադրում են 1329 թվականին կատարված Նովգորոդի արքեպիսկոպոս Մովսեսի սկիհը, սրբապատկերներ, ոսկով զարդարված ավետարաններ, փայտե շերեփներ, օվալաձև անոթներ և արծաթե ափսեներ[3]: Նովգորոդյան դպրոցի սրբապատկերներին է դասվում անհայտ սրբանկարչի «Գեորգիի հրաշքը վիշապի մասին» աշխատանքը, որին երկրպագում էին որպես վիշապախեղդ՝ զուգակցելով կերպարը սրբերի մասին հնագույն պատկերացումների հետ, որոնք հաղթում են չարի ուժերին[34][35]:

Առանձին ցուցադրություն է նվիրված Սոլվիչեգոդսկի աշխատանքներին։ Տեղի արհեստավորների առանձնահատկությունը ուսոլյան (ռուս.՝ Усольский район) էմալի օգտագործումն էր, որն առանձնանում է իր մեծ ինքնատիպությամբ և գեղատեսիլ զարդարանքով: Առարկաները զարդարելու համար հաճախ օգտագործվում էին կակաչի ոճավորված ծաղիկներ։ Դրանցով զարդարում էին սկահներ, գինու գավաթներ և բաժակներ զարդարելու համար [3][10]:

Ուստյուգյան հավաքածուն ներառում է ծխախոտատուփեր, օծանելիքի շշեր և կոսմետիկա: Սովորաբար որպես զարդարանքի թեմա հանդիսանում էր առօրյա կյանքը․ որսորդություն, հուշարձաններ և ժողովրդական տոնախմբություններ՝ ի պատիվ քրիստոնեական տոների [3]։

Գործվածք և հագուստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործվածքներն ու հագուստի պարագաները Զինապալատի ցուցահանդես են մտել միայն 1919 թվականին։ Մինչ այդ իրերի մեծ մասը տեղակայված էր Պատրիարքարանի սուրբ խորանում, Մոսկվայի մենաստանի տաճարներում, ինչպես նաև տեղական եկեղեցիներում: Զինապալատի հավաքածուի ամենահին իրերը 14-15-րդ դարերի նմուշներ են և պատկանել են Կիևի միտրոպոլիտներ Պետրոսին և Ֆոտիին: Հագուստը հյուսված է բյուզանդական կերպասից և զարդարված է մարգարիտներով և թանկարժեք քարերով: Նման հագուստները կոչվում էին «սակկոս», ինչը թարգմանաբար նշանակում է «համեստություն»: Թանգարանում պահվում միտրոպոլիտ Ալեքսեյի նմանատիպ սակկոսները [3]:

Կից ցուցադրվում են արևելյան գործվածքներ, որոնք գանձարանում են հայտնվել կամ որպես նվերներ, կամ էլ Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի միջև առևտրային համաձայնագրերի արդյունք: Ներկայացված ամենատարածված գործվածքը կերպասն է, մինչդեռ բուն գործվածքները զարդարված են ուշ բյուզանդական ոճով՝ Քրիստոսի, Տիրամոր պատկերներով, խաչերով, ինչպես նաև իրանական նախշերով: Թուրքական գործվածքները հիմնականում օգտագործվում էին պատերի պաստառապատման, ծածկոցներ և վերմակներ կարելու համար: Դրանք օգտագործվել են նաև արքայական և հայրապետական ​​կաֆտաններ կարելու համար: Զինապալատում զետեղված են ինչպես գործվածքների նմուշներ, այնպես էլ պատրիարքական ​​և ցարական առօրյայի իրեր: Առանձին ցուցափեղկեր նվիրված են ռուս ղեկավարների թագադրման հանդերձանքին, այդ թվում Եկատերինա I ծիրանագույն զգեստը [36][3]:

Կառքերի հավաքածու[խմբագրել | խմբագրել կոդը]

Զինապալատն ունի 16-18-րդ դարերի ռուս և արտասահմանյան վարպետների կառքերի մեծ հավաքածու: Կառքերի առաջին արհեստանոցները Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում են հայտնվել միայն 18-րդ դարում: Հավաքածուի ամենահին ցուցանմուշը 16-րդ դարի անգլիացի արհեստավորի կողմից պատրաստված կառքն է, որում կառապանին հատկացված տեղ չկա, և բուն խցիկը կախված է գոտիներից։ Այս ամենը բավականին անհարմարավետ էր դարձնում ուղևորությունը: Թափքը զարդարված է նկարներով և քանդակազարդ փորագրություններով, որոնք պատկերում են քրիստոնյաների և մահմեդականների պայքարը, ինչպես նաև որսորդության տեսարաններ: Կառքը մատուցվել է որպես նվեր Բորիս Գոդունովի թագադրմանը և օգտագործվել է ամբողջ 17-րդ դարի ընթացքում[3][10][37]:

Հավաքածուն ներառում է նաև 17-րդ դարի կառք, որի հետ միասին պահպանվել է նաև ամենահին էկիպաժներից մեկը: Փոխադրամիջոցը պատրաստվել է Լեհաստանում։ Դրսից կառքը պատված է բալի գույնի թավիշով, իսկ ներսից ՝ ոսկեզօծ կաշվով և կարապի աղվափետուրնեով: Կառքը ընդգրկվել է Զինապալատի հավաքածուի մեջ 1667 թվականի Ռուս-լեհական պատերազմի ավարտից հետո: Հարևանությամբ պապանվում է 18-րդ դարի վերջի անգլիական ամառային կառքերից մեկը՝ զարդարված փայտե փորագրություններով, որը կոմս Գրիգորի Օրլովը նվիրել էր Եկատերինա Երկրորդին [38]: Հավաքածուն ներառում է նաև 18-րդ դարի Բեռլինի, Վիեննայի, Անգլիայի, Ֆրանսիայի և Ռուսաստանի վարպետների ավելի կատարելագործված մոդելներ [3]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «История»։ Музеи Московского Кремля։ Վերցված է 2018-06-11 
  2. 2,0 2,1 2,2 Смирнова, 1986
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 3,14 3,15 3,16 3,17 3,18 3,19 3,20 3,21 3,22 3,23 3,24 3,25 Писарская, 1975
  4. Бобровницкая, 1980, էջ 12—22
  5. 5,0 5,1 Ульянов, 2009
  6. Сергей Орленко, 2016, էջ 72—78
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 «Оружейная палата»։ Большая российская энциклопедия։ Վերցված է 2018-06-11 
  8. «Оружейная палата - старинный музей-сокровищница Кремля»։ Пути-дороги։ Վերցված է 2018-06-11 
  9. Арсеньев, 1911, էջ 6
  10. 10,0 10,1 10,2 10,3 «Оружейная палата и Алмазный фонд. Сокровищница России.»։ Прогулки по Москве։ Վերցված է 2018-06-11 
  11. Вельтман, 1860, էջ 27
  12. «Оружейная палата»։ Узнай Москву։ Վերցված է 2018-06-11 
  13. Памятники архитектуры, 1983, էջ 345
  14. Вельтман, 1860, էջ 28
  15. 15,0 15,1 «Архитектура»։ Музеи Московского Кремля։ Վերցված է 2018-06-11 
  16. 16,0 16,1 «Оружейная палата Московского Кремля»։ MSK guide։ Վերցված է 2018-06-11 
  17. Юлия Малахова (2004.04.14)։ «Хранитель»։ Российская газета։ Վերցված է 2018-06-11 
  18. «Оружейную палату могут разместить в отреставрированном здании на Красной площади»։ Комплекс градостроительной политики и строительства города Москвы։ 2016-03-04։ Վերցված է 2018-06-18 
  19. «Выставки в Кремле»։ Музеи Московского Кремля։ Վերցված է 2018-06-25 
  20. «Лекция и интеллектуальная игра в Музеях Московского Кремля»։ Mos.ru։ Վերցված է 2018-06-25 
  21. «Залы Оружейной палаты»։ Тонкости.ру։ Վերցված է 2018-06-11 
  22. Чубинский, 2011, էջ 534
  23. Оружейная палата московского Кремля, 1982, էջ 6
  24. Краткий путеводитель, 1975, էջ 10
  25. Шиндлер, 2016, էջ 169
  26. Орленко, 2017, էջ 344
  27. Серебряные фигурные сосуды, 1979, էջ 2
  28. Оружейная палата, 1977, էջ 19
  29. Петров, 2016, էջ 158
  30. «Оружейная палата»։ Музеи Московского Кремля։ Վերցված է 2018-06-11 
  31. Горелик, 2014, էջ 142
  32. Шапиро, 2018, էջ 76
  33. Старинные часы, 1991, էջ 3
  34. Произведения иконописцев Оружейной палаты, 1992, էջ 15
  35. «Оружейная палата»։ Культура.рф։ Վերցված է 2018-06-11 
  36. Правда, 1989, էջ 4
  37. ««От колымаги до кареты. История старинных экипажей» в Оружейной палате»։ Mos.ru։ 2018-03-10։ Վերցված է 2018-06-18 
  38. Оружейная палата, 1977, էջ 15

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Арсеньев Ю. В. Оружейная палата. — Москва: Москва, 1911. — С. 1—171. — 171 с.
  • Бобровницкая И. А. Государственная Оружейная палата. — Москва: Советский художник, 1980. — С. 12, 22. — 430 с.
  • Вельтман А. Московская Оружейная палата. — Москва: Типография Бахметева, 1860. — С. 1—330. — 330 с.
  • Горелик М. В. Мусульманский папа на московском престоле («Шапка Казанская» Ивана IV Грозного из Оружейной палаты). — Studia Slavica et Balcania Petropolitana, 2014. — В. 2. — С. 142.
  • Государственная оружейная палата московского кремля. — Москва: Планета, 1977. — С. 1—25. — 25 с.
  • Либсон В. Я. Памятники архитектуры Москвы (книжная серия). — Москва: Искусство, 1983. — С. 345. — 504 с.
  • Орленко С. П. Железные пушки Оружейной палаты XVII в. и парадное орудие из собрания Музеев Московского Кремля. — История военного дела: исследования и источники, 2017. — В. 6. — С. 344.
  • Орленко С. П. Оружейная палата и вооруженные силы России во второй половине XVII-начале XVIII века. — Вести Волгоградского университета, 2016. — В. 4. — Т. 21. — С. 72—78.
  • Оружейная палата. Серебряные фигурные сосуды XVI-XVII веков. — Москва: Изобразительное искусство, 1979. — С. 1—47. — 47 с.
  • Оружейная палата. — Москва: Правда, 1989. — С. 1—37. — 37 с.
  • Оружейная палата московского Кремля. — Москва: Изобразительное искусство, 1982. — С. 1—41. — 47 с.
  • Петров А. С. «Знамя Ермака» из собрания Оружейной палаты: легенда и факты. — Quaestio Rossica, 2016. — В. 4. — № 1.
  • Писарская Л. Д. Оружейная палата. — Москва: Московский рабочий, 1975. — С. 1—239. — 239 с.
  • Произведения иконописцев Оружейной палаты Московского Кремля. — Москва: Из собрания Останкинского дворца-музея, 1992. — С. 1—114. — 114 с.
  • Смирнова Е. И. Государственная оружейная палата. — Москва: Изобразительное искусство, 1986. — С. 1—206. — 206 с.
  • Смирнова Е. И. Оружейная палата в Кремле. Краткий путеводитель для школьников. — Москва: Изобразительное искусство, 1975. — С. 1—55. — 55 с.
  • Старинные часы XVI-XIX. — Москва: Изобразительное искусство, 1991. — С. 1—20. — 20 с.
  • Ульянов, Олег Германович К проблеме работы «по образцу» в московской школе художественного оружия XVI—XVII вв.. — Москва: Советская археология, 1990. — № 4. — С. 92-105.
  • Ульянов О. Г. О времени возникновения Оружейной палаты Московского Кремля (к 500-летию создания). — Москва: Вспомогательные исторические дисциплины в пространстве гуманитарного знания, 2009. — С. 338–339.
  • Ульянов О. Г. Институт оружейничих и развитие московской оружейной школы в XVI веке. — Война и оружие: Новые исследования и материалы. Научно-практическая конференция 12-14 мая 2010, 2010. — С. 351-365.
  • Ульянов О. Г. Возникновение и формирование института оружейничих в России XVI века. — Москва: Историк в России: между прошлым и будущим (Пятые Зиминские чтения), 2012. — С. 102-105.
  • Ульянов О. Г. Древнейший арсенал в Московском Кремле – место рождения русской артиллерии. — СПб: Война и оружие: Новые исследования и материалы. Труды Шестой Международной научно-практической конференции 13-15 мая 2015 года, 2015. — С. 220-243.
  • Ульянов О. Г. Опись Оружейной палаты 1687 г. – Ultima Thule московской оружейной школы XVII в.. — СПб: Война и оружие: Новые исследования и материалы. Труды Четвертой Международной научно-практической конференции 15-17 мая 2013 года, 2013. — С. 287-303.
  • Чубинский А. П. Огнестрельное оружие работы мастеров оружейной палаты первой половины XVII века. — Санкт-Петербург: Война и оружие: Новые исследования и материалы. Вторая международная научно-практическая конференция 18-20 мая 2011 года, 2011. — С. 533—553.
  • Шапиро Б. Л. Церемониальный текстиль XVII века: низаные жемчужные работы мастерских московского кремля. — Вестник Кемеровского государственного университета, 2018. — В. 1. — С. 167—200.
  • Шиндлер О. В. Русские шлемы XVI века. — История военного дела: исследования и источники, 2016. — В. 4. — Т. 8. — С. 167—200.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 691 CC-BY-SA-icon-80x15.png