Երեք գրոշանոց օպերա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երեք գրոշանոց օպերա
գերմ.՝ Die Dreigroschenoper
Տեսակգրական ստեղծագործություն և դրամատիկ-երաժշտական ստեղծագործություն
Ժանրերաժշտական կատակերգություն
Ձևպիես
ՀեղինակԲերթոլդ Բրեխտ
ԵրկիրԳերմանիա Գերմանիա
Բնագիր լեզուգերմաներեն
Գրվել է1928
Առաջին ներկայացումօգոստոսի 31, 1928
Առաջին
ներկայացման վայր
Theater am Schiffbauerdamm?
ՏեսարանԼոնդոն
Հրատարակվել է1931
Հայերեն հրատ.1973
 The Threepenny Opera

«Երեք գրոշանոց օպերա» (գերմ.՝ Die Dreigroschenoper), պիես երեք գործողությամբ, գերմանացի բանաստեղծ և դրամատուրգ Բերթոլդ Բրեխտի ամենահայտնի ստեղծագործություններից։ Պիեսը անգլիացի դրամատաուրգ Ջոն Գեյի «Մուրացկանի օպերայի» վերամշակումն է։ Այն Բրեխտի համար գերմաներեն է թարգմանել Էլիզաբեթ Հաուփթմանը։ Չնայած պիեսի ստեղծմանը Հաուփթմանի մասնակցության վերաբերյալ տարաձայնություններին՝ Բրեխտը, սովորաբար, դիտակվում է որպես դրա միակ հեղինակ[1]։ «Երեք գրոշանոց օպերան» առաջին անգամ բեմադրվել է 1928 թվականին Շիֆբաուերդամի բեռլինյան թատրոնում[2]։ Առաջնախաղը տեղի է ունեցել օգոստոսի 31-ին։

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուս թատերագետ Բորիս Զինգերմանը Բրեխտի «Երեք գրոշանոց օպերան» անվանել է «էպիկական թատրոնի «Ճայը», համարելով, որ պիեսի առաջին բեմադրությունը (1928 թվական) ինչպես Գերմանիայում, այնպես էլ դրա սահմաններից դուրս, Բրեխտ-դրամատուրգի ճանաչման և նրա թատրոնի կայացման գործում ունեցել է նույն նշանակությունը, ինչ «Ճայի» բեմադրությունը Չեխովի դրամատուրգիայի ճանաչման և Մոսկվայի գեղարվեստական թատրոնի կայացման գործում[3]։

Պիեսի սյուժեի հիմքը Ջոն Գեյի բալլադային օպերայի ժանրում գրված հայտնի «Մուրացկանի օպերան» (1728) է՝ հիմնված լոնդոնցի խաբեբաներ Ջեք Շեպարդի և Ջոնաթան Ուայլդի արկածների վրա։ «Մուրացկանի օպերան» Հենդելի օպերաների պարոդիա էր և Գեյի ժամանակակից Անգլիայի բարքերի դեմ ուղղված երգիծանք։ «Մուրացկանի օպերայի» մշակումը պատվիրել էր Էռնստ Աուֆրիխտը, որը նոր էր նշանակվել Շիֆբաուերդամի թատրոնի տնօրեն[4][5]։ Լիբրետոն Բրեխտի համար գերմաներեն է թարգմանել Էլիզաբեթ Հաուփթմանը, որը հեղինակին աշխատակցել է բազմաթիվ պիեսներ գրելիս։ Մշակման ընթացքում Բրեխտը գրեթե չի փոխել սյուժեն, բայց նրա տարբերակում նոր հերոսներ են ավելացել և փոփոխվել է մի շարք կերպարների մեկնաբանություններ[6]։ Այսպես, եթե Գեյի մոտ Մաքիթը ազնիվ ավազակ էր (ինչպես և նրա նախատիպերը), իսկ Փիչըմը ճարպիկ ձեռնարկատեր, ապա Բրեխտի «Երեքգորշանոց օպերայում» երկու գլխավոր հերոսներն էլ բուրժուաներ են և ձեռնարկատերեր, երկուսն էլ ըստ էության խաբեբաներ են[6]։ Գեյի մոտ Մաքիթի նախատիպերը եղել են XVIII դարի նշանավոր գողեր Ջոնաաթան Ուայլդը և Ջեք Շեպարդը, անտուն, մուրացիկ շրջմոլիկներ, որոնք աչքի են ընկել ճարպկությամբ, դաժանությամբ, սակայն հոգևոր յուրահատուկ վեհությամբ։ Բրեխտի մոտ Մաքիթը գործատեր բուրժուա է, որին մտահոգում են միայն իր ավազակային ձեռնարկումների հետ կապված եկամուտները։

Պիեսի հեղինակ Բերթոլդ Բրեխտը

Երաժշտությունը Բրեխտի այս պիեսում առավել մեծ դեր է ունեցել, քան մյուսներում․ հրատարակելով «Երեք գրոշանոց օպերան» Բրեխտտը նշել է, որ այն գրվել է կոմոզիտոր Կուրտ Վայլի աշխատակցությամբ, քանի որ զոնգերի տեքստերը հաճախ հենց երաժշտության հետ են ծնվել։ Ինչպես Յոհան Քրիստոֆ Փեփուշը՝ Գեյի «Մուրացկանի օպերան» ստեղծագործության համահեղինակը, Գեորգ Հենդելի պալատական օպերան է ծաղրանմանակում, այնպես էլ Վայլն է իր երաժշտության մեջ ծաղրանմանակում հին օպերան՝ զոնգերի մեղեդին համեմելով ջազային մոտիվներով[7][8]։

Տեղեկություններ Շիֆբաուերդամի թատրոնում պիեսի առաջնախաղի վերաբերյալ։ Դերասանուհի Լոթե Լենյայի անունը սխալմամբ է դուրս մնացել ցանկից
Տեղեկություններ Շիֆբաուերդամի թատրոնում պիեսի առաջնախաղի վերաբերյալ։ Դերասանուհի Լոթե Լենյայի անունը սխալմամբ է դուրս մնացել ցանկից

1928 թվականին գրված «Երեքգրոշանոց օպերան» հենց նույն տարում էլ բեմադրվել է Շիֆբաուերդամի թատրոնում և ցնցող հաջողություն ունեցել։ Ներկայացման զոնգերը լայն ժողովրդականություն են ձեռք բերել։ Չնայած հնարավոր չի եղել սկանդալից խուսափել. որոշ զոնգերում, ոչ ամենահայտնի, Բրեխտը օգտագործել էր Ֆրանսուա Վիյոնի բանաստեղծությունները՝ մոռանալով նշել հեղինակի անունը։ Այսպես, «Բալլադ պոռնկապահի մասին»-ը ֆրանսիացի բանաստեղծի «Վիյոնի և հաստլիկ Մարգոյի մասին բալլադի» ազատ թարգմանությունն է, «Հաճելի կյանքի մասին բալլադը», «Սողոմոն Իմաստունի մասին երգը» ևս նույնպիսի թարգմանություններ են (վերջինը Բրեխտը հետագայում որոշակի փոփոխություններով ներառել է նաև «Կուրաժ մայրիկը և նրա երեխաները» պիեսում), «Սիրո անմտությունների մասին» Վիյոնի երգի մշակումն է «Մաքիթը տառաապանք է պատճառում...» փոքրիկ զոնգը, վերջապես Վիյոնի երկու բալլադների «Տապանագիր, որ հորինել է Վիյոնը իր և իր ընկերների համար կախաղան բարձրանալուց առաջ» և «Բալլադ, որտեղ Վիյոնը բոլորից գթություն է հայցում» մշակումն ու թարգմանությունն է «Բալլադ, որտեղ Մաքիթը բոլորից ներում է հայցում»-ը[6]։ Այս գրագողությունը առաջացրեց բեռլինյան հայտնի քննադատ Ալֆրեդ Քերի վրդովմունքը[7]։ 1946 թվականին Բրեխտը գրել է նոր «Բալլադ հաճելի կյանքի մասին» և նոր բանաստեղծություն «Բալլադ, որում Մաքիթը...», նա նորից գրեց «Հրետանավորի երգը», նոր տարբերակում այն Երկրորդ համաշխարհային պատերազմի զինվորների մասին երգ էր և սկսվում էր «Կառլը գրվեց նացիստ, Ֆրիցը՝ գրոհային...» տողով[6][9]։

1929 թվականին Բեռլինում լույս տեսավ առանձին ժողովածու՝ «Զոնգեր Երեք գրոշանոց օպերայից»։ Պիեսի ամբողջական տեքստը հրատարակվել է 1931 թվականին «Պարագլուխը» և Գեորգ Վիլհելմ Պաբստի «Երեք գրոշանոց օպերա» ֆիլմի հետ կապված դատական գործի նյութերի հետ[6]։

1934 թվականին Բրեխտն իր պիեսի հիման վրա գրում է «Երեք գրոշանոց վեպ» գիրքը (նրա միակ խոշոր արձակ ստեղծագործությունը), գործողությունը տեղափոխելով XX դար՝ համապատասխան փոփոխություններ կատարելով սյուժեի մեջ։

Հայերեն թարգմանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պիեսը գերմաներենից հայերեն է թարգմանել Պարույր Միքայելյանը։ Այն «Լուկուլլոսի դատը», «Կուրաժ մայրիկն ու նրա երեխաները» պիեսների հետ հրատարակվել է 1973 թվականին «Հայաստան» հրատարակչության կողմից։

Գործող անձինք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մաքիթ, մականունը՝ Դաշույն Մեք, Դաշույն Մաք
  • Ջոնաթան Երեմիա Փիչըմ՝ «Մուրացկանի բարեկամ» ձեռնարկության տնօրեն
  • Սելիա Փիչըմ՝ նրա կինը
  • Պոլի Փիչըմ՝ Մաքիթի դուստրը
  • Բրաուն՝ Լոնդոնի ոստիկանապետը
  • Լյուսի՝ նրա դուստրը
  • Պանդոկի Ջենի
  • Սմիթ
  • Պաստոր Քիմբոլ
  • Ֆիլչ
  • Թափառաշրջիկ երգիչ
  • Գողեր
  • Մուրացկաններ
  • Պոռնիկներ
  • Ոստիկաններ

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախերգանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործողությունները կատարվում են վիկտորյանական Անգլիայում, լոնդոնյան Սոհո թաղամասում․ «Մուրացկանները մուրում են, գողերը գողություն են անում, պոռնիկները՝ պոռնկություն»[10]։ Տոնավաճառում թափառաշրջիկ երգիչը պատմում է տեղի շրջանի ոչ պաշտոնական, իրական տիրոջ ավազակ Դաշույն Մեքի արկածների մասին, ում հանցանքներն անպատիժ են մնում․

Ունկնդիրների մեջ էր նաև Մաքիթը։

Առաջին գործողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոնաթան Երեմիա Փիչըմը հիմնել էր մի ձեռանարկություն, որտեղ թշվառները կարող էին ստանալ այնպիսի արտաքին, որը կարող էր շարժել հետզհետե ավելի ու ավելի դաժանացող սրտերը։ Տասնչորս շրջանների բաժանված Լոնդոնում մուրացկանությամբ զբաղվել ցանկացողներից յուրաքանչյուրը պետք է արտանագիր ստանար «Ջոնաթան Ջերեմիա Փիչըմ և Ընկերությունից»։ Բացի արտոնագրի և «հանդերձավորման» վճարից Փիչըմի ձեռնարկությունը ստանում է նաև շաբաթական շահույթի 50 %-ը։ Փիչըմը դժգոհում է, որ գործն օրեցօր ավելի ու ավելի է դժվարանում, անընդհատ անհրաժեշտ է լինում նոր բաներ մտածել, որովհետև հետզհետե ավելի դժվար է դառնում մարդկանց մեջ կարեկցանք արթնացնել։

Ներս է մտնում Ֆիլչ անունով մի երիտասարդ։ Փիչըմը նրան բացատրում է ձեռնարկության հետ «աշխատելու» պայմանները։ Ցույց է տալիս մուրացկանի հանդերձանքի 5 տեսակները՝ համապատասխան «թշվառության հինգ տեսակներին, որոնք կարող են շարժել մարդկային սիրտը»։ Գրանցվելուց հետո Ֆիլչը պետք է գործի անցներ Բեյքըր սթրիթի շրջանում։ Փիչըմը տեղեկացնում է նրան, որ պետք է ձեռնարկությանը վճարի վաստակած գումարի 50-%-ը։

Տիկին Փիչըմը հայտնում է ամուսնուն, որ իրենց աղջիկը նոր երկրպագու ունի։ Փիչըմը գլխի է ընկնում, որ խոսքը կողոպտիչ Մաքիթի մասին է։ Նա ասում է, որ չի պատրաստվում իր դստերը կնության տալ ո՛չ Մաքիթին, ո՛չ էլ մեկ ուրիշին։

Սոհոյի հետնախորշերում՝ ախոռում, Պոլին՝ մուրացկանների արքայի դուստրը, ծնողներից գաղտնի ամուսնանում է ավազակների արքայի հետ։ Մաքիթի ընկերները՝ Մաթիասը, Ջեքոբը, ՈՒոլթըրը և մյուսները գողացված կահույքի և գորգերի շնորհիվ ախոռը վերածում էն շքեղ բնակարանի։

Պոլին կատարում է «Ծովահեն Ջենի» զոնգը.

Չկարողնալով կանխել ամուսնությունը՝ Փիչըմը որոշում է ոստիկանության միջոցով ազատվել փեսայից. Մաքիթը վաղուց էր արժանի կախաղանի։ Բայց Լոնդոնի ոստիկանապետ Բրաունը և Մաքիթը հին ընկերներ էին, մի ժամանակ նրանք միասին ծառայել էին Հնդկաստանում և մինչ օրս միմյանց ծառայություններ էին մատուցում․ «Չի եղել մի դեպք, որ նա՝ ամենակարող ոստիկանապետը, շուրջկալում նշանակեր, առանց տեղեկացնելու երիտասարդ տարիների իր ընկերոջը․․․»:

Պոլին վերադառնում է և երգելով «Երբ անմեղ մի աղջիկ էի դեռ» երգը ծնողներին հասկացնում, որ ինքը իրոք ամուսնացել է ավազակ Մաքիթի հետ։

Փիչըմը ոչ մի կերպ չի կարողանում համակերպեվել դստեր ամուսնության փաստին. դստեր կորուստը նրա համար լիակատար սնանկացում էր նշանակում։ Փիչըմը, զուր փորձելով Պոլիին համոզել բաժանվել Մաքիթից, որոշում է հանձնել նրան ոստիկանությանը։ Դա դժվար չի լինի հինգշաբթի օրերին Մաքիթին կարելի էր գտնել հասարակաց տանը։

Ընտանիքը կատարում է առաջին գործողության վերջերգը.

Երկրորդ գործողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հինգշաբթի, հետմիջորե։ Դաշույն Մեքին կնոջը հրաժեշտ է տալիս, որ աներոջից փախչի Հայգեյթի ճահճուտը։

Մաքիթը պատրաստվում է ամբողջությամբ զբաղվել բանկային գործունեությամբ․ դա և՛ շահավետ է և անվտանգ։ Քանի որ պատկառելի բանկատիրոջը ավազակներ պետք չեն, նա Բրաունի համար իր հանցակիցների ցուցակն է կազմում և, բոլոր գործերը տալով Պոլիին, անհետանում է։

Տիկին Փիչըմը, Բրաունի վրա հույս չդնելով, կաշառում է պոռնիկներին, որոնց հաճախ այցելում էր Մաքիթը։ Ինչպես և նա ենթադրում էր, լոնդոնցի ավազակների արքան, քաղաքը լքելու փոխարեն, եկել էր հասարակաց տուն, և, Ջենի Մալինը՝ նախկին ընկերուհին, նրան հանձնում է ոստիկան Սմիթին։ Ոստիկանները Մաքիթին բանտ են ուղարկում, Բրաունը հուսահատ է, հատկապես, որ բանտապետը բարկացած է Մաքիթի վրա իր դստեր՝ Լյուսսի հետ ունեցած կապի համար։

Լյուսին գլխի էլ չի ընկնում Մաքիթի և Պոլիի ամուսնության մասին։ Բայց Մաքիթը հայտարարում է, որ ինքը չի էլ մտածել ամուսնանալու մասին և աղջկան իր ձեռքն ու սիրտն է առաջարկում։ Նույնիսկ երբ բանտ է գալիս Պոլին, նա շարունակում է պնդել, որ ամուսնացած չէ։ Լյուսին Մաքիթին օգնում է փախչել։ Նա դուրս է գալիս բանտից և գնում պոռնիկների մոտ։

Երրորդ գործողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թագադրման օրը Փիչըմը կազմակերպում է թշվառության մի ցույց, որպեսզի սովի և աղքատության ցուցադրությամբ խաթարի թագադրության տոնահանդեսը։ Պոռնիկները գալիս են պահանջելու Մաքիթին մատնության համար իրենց հասանելիք գումարը։ Փիչըմը մերժում է, քանի որ Մաքիթը միևնույն է այլևս բանտում չէ։ Ջենի Մալինը վրդովված գոչում է. «Մաքիթը Լոնդոնի վերջին ջենթլմենն է։ Եվ եթե մեր ընկերուհի Սյուքի Թոդրին հիմա այստեղ չէ, ապա պատճառն այն, որ պարոնը գնաց սփոփելու նաև նրան։ Այսպես նա երկրորդ անգամ է մատնում Մաքիթին։

Հայտնվում է Վագր Բրաունը։ Նա փորձում է մուցականներին թույլ չտալ թագադրությանը։ Մուրացկանները երգում են «Ունայնության երգը».

Փիչըմը ցույց է տալիս իր զորությունը. նրա կարգադրությամբ այնքան մուրացկան փողոց դուրս կգար, որ տոնը լիովին կփչանար։ Վախեցած Բրաունը խոստանում է աղքատներին չվնասել, բացի այդ անհապաղ ձերբակալել իր ընկերջը՝ Մաքիթին։

Բանտում պատժին սպասելիս Մաքիթը փորձում է կաշառել ոստիկան Սմիթին, բայց ո՛չ Պոլին, ո՛չ նրա զինակիցները չեն կարողանում անհրաժեշտ գումար հայթայթել, կամ չեն ուզում, նույնիսկ իրենց պարագլխին հրաժեշտ տալու համար շատերը չեն էլ գալիս. չէ որ թագադրություն ամեն օր չէ որ լինում է։ Մաքիթը մոտենում է կախաղանին։ Նա երգում է.

Այդ պահին մի հեծյալ է մոտենում՝ թագուհու սուրհանդակը։ Նա հայտնում է, թագադրության առիթով թագուհին հրամայել է ազատ արձակել կապիտան Մաքիթին, միևնույն ժամանակ նրան ցմահ տոհմիկ ազնվականի կոչում է շնորհում, Մարմարել դղյակը, ինչպես նաև տասը հազար ֆունտ դրամագլուխ։ Բոլորը ցնծում են, ավարտական երգչախումբը կոչ է անում առավել հանդուրժող լինել չարի նկատմամբ.

Զոնգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

«Երեք գրոշանոց օպերայի» զոգերը, որոնց երաժշտության հեղինակը Կուրտ Վայլն է, հաճախ առանձին են կատարվել՝ ընդգրկվելով բազմաթիվ հայտնի երգիչների երգացանկերում։ Օրինակ Դաշույն-Մեքիի մասին բալլադը կատարել են՝ Էռնստ Բուշը, Լուի Արմսթրոնգը, Էլլա Ֆիցջերալդը, Ֆրենկ Սինատրան, Բոբբի Դարինը, Սթինգը, Ռոբբի Ուիլյամսը, The Young Gods-ը և ուրիշներ։ Պահպանվել է Դաշույն Մեքի մասին[18], ինչպես նաև «Մարդկային ձգտումների ունայնության մասին» ("Das Lied von der Unzulänglichkeit menschlichen Strebens") բալլադների ձայնագրությունները նաև Բրեխտի կատարմամբ[19]։ Վերջինը լայն տարածում է ստացել գլխավորապես Էռնստ Բուշի կատարմամբ։ Հայտնի է նաև «Ծովահեն Ջենին» երգը (Seeräuberin Jenny), որը ներառված էր թատրոնի և կինոյի հայտնի դերասանուհի, երգչուհի Մայ Գիզելի համերգային երգացանկում[20]։

Բեմադրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին բեմադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Երեք գրոշանոց օպերայի» առաջնախաղը տեղի է ունեցել բեռլինյան Շիֆբաուերդամի թատրոնում 1928 թվականի օգոստոսի 31-ին։ Բեմադրությունը իրականացրել է Էրիխ Էնգելը։ Նկարիչ Կասպար Նեերը ներկայացման ձևավորման համար օգտագործել է իր կողմից ավելի վաղ ևս կիրառված մի շարք հնարներ․ ցածր վարագույր, գրություններով վահանակներ, բեմի երկու կողմերում տեղադրված քաթանե էկրաններ, որոնց վրա երևում էին կատարվող զոնգերի անվանումները։ Նվագախումբը տեղավորված էր բեմի վրա, խորքում գտնվում էր երգոհեոնը, որը կարծես հանդիսատեսին հիշեցնում էր մի վեհաշուք ակադեմիական օպերա, ինչի պարոդիան էր և Բրեխտի պիեսը։ Զոնգերի կատարման ժամանակ դեպի երգեհոնն էին ուղղվում լուսարձակները և բեմը լուսավորվում էր ոսկեգույն լույսով։

Մաքիթի դերը կատարում էր Գերալդ Պաուլզենը, Փիչըմինը՝ Դյուսելդորֆում և Դրեզդենում հայտնի գավառական կատակերգու Էրիխ Պոնտոն, Սելիա Փիչըմինը՝ Ռոզա Վալետին[21]։ Բեմադրության երաժշտական նվագակցությունը ապահովում էր Լյուդվիգ Ռյուտի նվագախումբը։

Ներկայացումը աղմկահարույց հաջողություն ունեցավ։ Մամուլում կարծիքները միմյանցից բավականին տարբեր էին։ Քննադատների զգալի մասը ներկայացումը բարյացակամորեն ընդունեց, «Das Tagebuch»-ի գրախոս Ստեֆան Գրոսմանը այն Բրեխտի հաղթանակը համարեց․ «Բրեխտը վերջապես հաղթեց»,- այսպես էր նա վերնագրել «Երեք գրոշանոց օպերայի» մասին պատմող իր հոդվածը։ «Թատրոն» (Das Theater) ամսագրի քննադատ Քյուրշները անսամբլի հաջողությունը գնահատեց որպես «խաղաշրջանի ամենատպավորիչ հաջողություն»[6]։

Ներկայացման մասին բացասական կարծիքները, սակայն, ևս քիչ չեն եղել։ Այսպես, «Das Tageblatt» թերթի գրախոսը 1929 թվականի հուլիսի 24-ին գրել է․ «Ամեն ինչ, առանց բացառության ամեն ինչ այստեղ ոտնատակ է տրված, ապականված է, ոտնահարված՝ սկսած Աստվածաշնչից և հոգևորականությունից մինչև ոստիկանությունը և ընդհանրապես ամբողջ իշխանությունը․․․ Լավ է, որ որոշ բալլադների կատարման ընթացքում, ամեն ինչ չէ որ լսելի էր»[6][22]։ «Հանրությունը,- գրում է Էռնստ Շումախերը,- «Երեք գրոշանոց օպերան» ընկալեց որպես հաճույք ստանալու համար նախատեսված «խոհարարական թատրոնի» վառ օրինակ[23], որին Բրեխտը ձգտում էր հակադրել իր «էպիկական թատրոնը»[22]։ Ամեն դեպքում պիեսի հաջողությունը անհերքելի էր։

1929 թվականին ներկայացումը վերսկսվեց նույն թատրոնում, բայց դերասանական այլ կազմով[6]։

Դեր Ձայնի տեսակը Առաջնախաղ, օգոստոսի 31, 1928[24]
(Դիրիժոր՝ Թեո Մաքեբեն)
Մաքիթ (Դաշույն Մեքի, Դաշույն Մաք) տենոր/բարիտոն Հերալդ Պաուլզեն
Ջոնաթան Երեմիա Փիչըմ բարիտոն Էրիխ Պոնտո
Սելիա Փիչըմ՝ Երեմիա Փիչըմի կինը մեցցո-սոպրանո Ռոզա Վալետի
Պոլի Փիչըմ՝ Փիչըմների դուստրը սոպրանո Ռոմա Բահն
Ջեքի Բրաուն՝ Լոնդոնի ոստիկանապետը բարիտոն Կուրտ Գերոն
Լյուսի Բրաուն՝ Բրաունի դուստրը սոպրանո Քեյթ Քյուլ
Ջենի մեցցո-սոպրանո Լոթե Լենյա
Ֆիլչ տենոր Նաֆթալի Լերման
Թափառաշրջիկ երգիչ բարիտոն Կուրտ Գերոն
Սմիթ բարիտոն Էռնստ Բուշ
Ուոլթեր տենոր Էռնստ Ռոթմունդ
Մաթիաս տենոր Կառլ Հանեման
Ջեքոբ տենոր Մանֆրեդ Ֆյուրստ
Ջիմի տենոր Ուերներ Մաշմեյեր
Էդե տենոր Ալբերտ Վենոհր
Գողեր, մուրացկաններ, պոռնիկներ, ոստիկաններ

Հայտնի բեմադրություններ Գերմանիայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Վայր Բեմադրիչ, ռեժիսոր Դերակատարներ
1928 Գերմանիա Գերմանիա Բեռլին, Շիֆբաուերդամի թատրոն Էրիխ Էնգել Մաքիթ՝ Գերալդ Պաուլզեն, Փիչըմ՝ Էրիխ Պոնտո, Սելիա Փիչըմ՝ Ռոզա Վալետի, Ջենի՝ Լոթա Լենյա, Սմիթ՝ Էռնստ Բուշ[Ն 1]
1949 Գերմանիա Գերմանիա Մյունխեն, Կամերշպիլե Գարի Բուկվից Մաքիթ՝ Հանս Ալբերս
1960 Գերմանիա Գերմանիա Բեռլին, «Բեռլիներ անսամբլ» Էրիխ Էնգել
2008 Գերմանիա Գերմանիա Բեռլին, «Բեռլիներ անսամբլ» Ռոբերտ Ուլիսոն, Անն Քրիստին Ռոմեն Պոլի Փիչըմ՝ Իոհաննա Գրիբել և Շտեֆանի Շտանբեք, Մաքիթ՝ Շտեֆան Կուրտ, Փիչըմ՝ Յուրգեն Հոլց, Սելիա Փիչըմ՝ Տարուտե Հյուս, Բրաուն՝ Աքսել Վերներ, Ջենի՝ Անգելա Յակոբի[25][26]

Այլ բեմադրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Թաիրով

Էրիխ Էնգելի ներկայացմանը Բեռլինում ներկա է եղել հայտնի ռեժիսոր Ալեքսանդր Թաիրովը, ով այդ մասին գրել է․ «Լինելով Բեռլինում՝ ես ծանոթացա մի նոր բեմադրության, ես տեսա մի հետաքրքիր ներկայացում՝ «Երեք գրոշանոց օպերան»։ Բեմադրիչը՝ երիտասարդ գերմանացի ռեժիսոր Էնգելը, թեև չփայլեց նոր բացահայտումներով, բայց պատշաճ կերպով կարողացավ օգտագործել ժամանակակից ռուսական թատրոնի հնարները»[6]։ Թաիրովը ոչ միայն պարզապես հավանել էր պիեսը, այլև հնարավորություն գտել Բրեխտի հետ պայմանավորվելու այն Մոսկվայի կամերային թատրոնում բեմադրելու համար։ Բայց միայն նա չէր, ում դուր էր եկել պիեսը. այն բեմադրելու ցանկություն հայտնեց նաև մեկ այլ մոսկովյան թատրոն՝ Մոսկվայի սատիրայի ակադեմիական թատրոնը։ Երկու մոսկովյան թատրոնների միևնույն պիեսի միաժամանակյա բեմադրությունը չէր գոհացնում ո՛չ թատրոններին, ո՛չ թատերական ղեկավարությանը։ Մրցակցություն սկսվեց երկու թատրոնների միջև[27]։ Ի վերջո ներկայացումը բեմադրվեց մոսկովյան Կամերային թատրոնում՝ թատրոնի 15-ամյակի առթիվ։ Ներկայացման նախապատրաստական աշխատանքներն առանձնացան դերասանների առանձնահատուկ ընտրությամբ․ մրցույթ կազմակերպվեց գլխավոր դերակատարի ընտրության համար։ Դաշույն Մեքի դերին հավակնում էր 8 դերասան։ Բարդ ընտրությունից հետո դերը տրվեց Յուլի Խմելնիցկուն։ Տարիներ անց նա իր «Թաիրովյան թատրոնի դերասանների գրառումներից» գրքում գրում է․

․․․30-ական թվականներին Կամերային թատրոնը միակն էր երկրում, որտեղ բեմադրվել էր Բրեխտի պիեսը․․․

Ներկայացումը շատ սուր և բազմերանգ էր։ Դրանում առկա էին թե՛ սարկազմի հասնող հեգնանք, թե՛ պարոդիա, երբեմն տեսարանները ձեռք էին բերում ողբերգական, երբեմն էլ սահմռկեցուցիչ բնույթ, հատկապես մուրացկանների տեսարանները, որոնցում փայլուն դերասան Լև Ֆենինը ստեղծել էր գրոտեսկի հասնող չարագուշակ Փիչըմի կերպարը։

Բրաունի դերը խաղում էր Իվան Արկադին, դերասան, որը հրաշալի էր կատարում թե՛ դրամատիկ և թե՛ կատակերգական դերեր։

Իսկ Փիչըմի ոչ սթափ կինը՝ տիկին Փիչըմը, որի կերպարը կերտել է Ելենա Ուվարովան և՛ ծիծաղելի էր, և՛ վախենալու, և՛ ցինիկ միաժամանակ։ Ջենիի դերը՝ Մաքի հավատարիմ ըկերուհու, հրաշալի է խաղացել գեղեցիկ և նրբագեղ Նատալյա Էֆրոնը։ Նա սիրում էր իր Մեքին։ Բայց, տանջվելով և տառապելով, այնումենայնիվ հանձնում է նրան ոստիկանության ձեռքը։

․․․Բոլոր դերակատարները ձայնային տվյալներ ունեին, երգող էին։ Եվ Կուրտ Վայլի հրաշալի երաժշտական համարները շատ գեղեցիկ էին հնչում։

Կամերային թատրոնում ներկայացման անվանումը «Մուրացկանի օպերա» էր։ Առաջանախաղը տեղի է ունեցել 1930 թվականի հունվարի 24-ին։ «Վեչեռնյայա Մոսկվա» թերթը դրական է գնահատել բեմադրությունը, սակայն ընդհանուր առմամբ այն առավել շատ դուր էր եկել հանդիսատեսին քան քննադատներին․ «Հանդիսատեսին ցուցադրվում է ժամանակակից Լոնդոնի «ստորին խավը»՝ գողեր, խաբեբաներ, պոռնիկներ,- գրում է 1930 թվականի փետրվարի 16-ին "Известия ВЦИК"-ի գրախոս Ս․ Չեմոդանովը,- նրանց հետ կապված իշխանության և եկեղեցու ներկայացուցիչներ, ոստիկանապետ և պաստոր։ Պատկերը ընհանուր առմամբ գարշելի է...Ո՞ւմ էր դա պետք․․․Պիեսում ակնարկ անգամ չկա երրորդ ուժի մասին, որին կարելի էր և պետք էր հակադրել խարդախների և խաբեբաների աշխարհը[6]»։

«Երեք գրոշանոց օպերան» եվրոպական շատ թատրոններում է բեմադրվել։ Գրեմանիայում այն բեմադրվել է խոշոր քաղաքների թատրոններում, այդ թվում Լայպցիգի, Մյունխենի («Կամերշպիլե»), Քյոլնի («Քյոլներ Շաուշպիլհաուզ»)[6]։

Նացիստների իշխանության գալուց հետո «Երեք գրոշանոց օպերայի» բեմադրությունն արգելվեց, ինչպես և Բրեխտի մյուս ստեղծագործություններինը։ Նույնիսկ գրամոֆոնի սկավառակները, որոնց վրա ձայնագրված էին «Երեք գրոշանոց օպերայի» զոնգերը, ոչնչացվեին։ Միայն պատահականության շնորհիվ Քյոլնում պահպանվել է սկավառակների 4 օրինակ, Ջենիի դերակատար Լոթե Լենյայի և Պոլի Փիչըմի դերակատար Կարոլա Նեերի կատարմամբ։

Պիեսը Բրեխտին բավականին եկամուտ է բերել արտագաղթի տարիներին[22], և Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո այն սկսել է հաճախ բեմադրվել ամերիկյան և եվրոպական թատրոններում։ Սակայն հանրաճանաչությունը պիեսի հետ չար խաղ խաղաց․ Բրոդվեյի թատրոնում այն վերածեցին ուրախ մյուզիքլի, չնայած, ինչպես գրում է Էռնստ Շումախերը, դա Բրեխտին ամենից քիչ հոգեհարազատ ոլորտն էր»[28]։ ««Երեք գրոշանոց օպերան»,- նշում է գերմանացի ռեժիսոր Կլաուս Պայմանը,- ամենից շատ հիացրել էր բուրժուազիայն, որի դեմ այն ուղղված էր»[29]։ Իրավիճակը, Շումախերի վկայությամբ, չփոխեց նաև 1948 թվականին Բրեխտի կողմից Մյունխենում պիեսի բեմադրության համար արված մշակումները[22]։ 2009 թվականին Կիրիլ Սերեբրենիկովը Ա․ Չեխովի անվան Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնում պիեսը բեմադրելիս փորձեց այն ազատել բրոդվեյան ազդեցությունից․ նրա կողմից պատվիրված նոր թարգմանությունը Ապտի դասական թարգամանությունից առավել հստակ ստացվեց, ռեժիսորը դերասաններից պահանջեց, որ զոնգերի կատարումները տարբերվեն էստրադային երգեցողությունից, ինչպես և այդ ցանկանում էր Բրեխտը, նա բեմը լրացրեց գռեհիկ և գարշելի կերպաներով, որոշ քննադատների կարծիքով ստացվեց լիովին «այլանդակ», այլոց կարծիքով «հրապուրիչ» մի բան։

Բրեխտի պիեսը բեմադրվել է նաև Հայաստանում։ 1966 թվականին այն բեմադրել է Մարատ Մարինոսյանը Երաժշտական կոմեդիայի թատրոնում[30]։ Պիեսում խացաղել են նաև Կարպ Խաչվանքյանը՝ Մաքիթի դերում, Սվետլանա Գրիգորյանը՝ Սելիա Փիչըմի դերում, Ստեփան Հարությունյանը՝ Մաթիասի դերում[31]։ Պիեսը բեմադրվել է նաև 1979 թվականին՝ Երևանի երիտասարդական էքսպերիմենտալ թատրոնում։

2010 թվականին պիեսը բեմադրվել է Համազգային թատրոնում՝ Սոս Սարգսյանի 80-ամյակին նվիրված թատերաշրջանի ընթացքում[32]։ Բեմադրիչը Արմեն Մելիքսեթյանն էր[33]։ Գլխավոր դերերը խաղացել են՝ Ավո Խալաթյանը (Մաքիթ), Ալլա Սահակյանը (Պոլի), Արմինե Պողոսյանը (Սելիա Փիչըմ), Կարեն Խաչատրյանը (Ջոնաթան Երեմիա Փիչըմ), Նարինե Գրիգորյանը (Լյուսի)։ Պարերը բեմադրել էր Աննա Կարապետյանը, նկարիչը Դավիթ Մինասյանն էր[34]։

Էկրանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի անվանում Տարեթիվ Վայր Ռեժիսոր Դերակատարներ
Երեք գրոշանոց օպերա[35] 1931 Գերմանիա Գերմանիա
Ֆրանսիա Ֆրանսիա
Գեորգ Վիլհելմ Պաբստ Մաքիթ՝ Ռոբերտ Ֆորսթեր, Պոլի Փիչըմ՝ Կարոլա Նեեր, Փիչըմ՝ Ֆրից Ռասպ, Սելիա Փիչըմ՝ Վալեսկա Գերտ
Երեք գրոշանոց օպերա[36] 1963 Գերմանիա Գերմանիա
Ֆրանսիա Ֆրանսիա
Վոլֆգանգ Շտաուդե Մաքիթ՝ Կուրդ Յուրգենս[37], Պոլի Փիչըմ՝ Ջյուն Ռիչի, Փիչըմ՝Գերտ Ֆրյոբել[38], Սելիա Փիչըմ՝ Հիլդ Հիլդեբրանդ[39]
Դաշույն Մեքի 1989 Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ Մենահեմ Գոլան Մաքիթ՝ Խուլիա Ռաուլ[40], Պոլի Փիչըմ՝ Ռեյչըլ Ռոբերթսոն[41], Փիչըմ՝ Ռիչարդ Հարիս[42], Սելիա Փիչըմ՝ Ջյուլի Ուոլթերս[43]
Երեք գրոշանոց ֆիլմ[44] 2018 Գերմանիա Գերմանիա
Բելգիա Բելգիա
Յոախիմ Լանգ Նոյս Նոյեր, Ջեսի Ալբերտ[45], Քրիստիան Բրոնքհարթ[46], Հենրի Բուխման[47]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Brockett, Oscar G. and Hildy, Franklin J., History of The Theatre, Allyn and Bacon, 2002 (9th Edition), 0-205-35878-0
  • Brook, Stephen, ed. (1996). Opera: A Penguin Anthology. London: Penguin Books. ISBN 978-0-14-026073-1.
  • Casaglia, Gherardo (2005). "Die Dreigroschenoper (31 August 1928)". L'Almanacco di Gherardo Casaglia ‹See Tfd›(in Italian).
  • Haas, Michael; Uekermann, Gerd (1988). Zu unserer Aufnahme (Booklet accompanying the 1988 recording, Cat: 430-075). London: Decca Record Company.
  • Hinton, Stephen (1990). Kurt Weill: The Threepenny Opera. Cambridge: Cambridge University Press. ISBN 978-0-521-33026-8.
  • Hinton, Stephen (2013). «Dreigroschenoper, Die». The New Grove Dictionary of Opera. Oxford Music Online.
  • Ross, Alex (2008). The Rest is Noise. London: Fourth Estate. ISBN 978-1-84115-475-6.
  • Taruskin, Richard (2010). Music in the Early Twentieth Century. Oxford: Oxford University Press. ISBN 978-0-19-538484-0.
  • Thomson, Peter; Sacks, Glendyr, eds. (1994). The Cambridge Companion to Brecht. Cambridge University Press. ISBN 978-0-521-42485-1.
  • Warrack, John and West, Ewan (1992). The Oxford Dictionary of Opera. Oxford: Oxford University Press. 0-19-869164-5

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Առաջնախաղը տեղի է ունեցել օգոստոսի 31-ին։ 1929 թվականի գարնանը ներկայացումը վերսկսվեց, որոշ դերերում նոր դերասաններ նշանակվեցին, այսպես, Մաքիթի դերը տրվեց Հերման Տիմիգին, Փիչըմինը՝ Լեոնարդ Շտեքելին, Պոլի Փիչըմինը՝ Կարոլ Նեերին, Բրաունինը՝ Լեյբելտին։ Կոմպոզիտորը Կուրտ Վայլն էր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Thomson, Sacks, էջեր 108–109
  2. И.Фрадкин. Творческий путь Брехта-драматурга
  3. Зингерман Б. И. Случай «Трехгрошовой оперы». У истоков эпического театра // Зингерман Б. И. Очерки истории драмы 20 века: Чехов, Стриндберг, Ибсен, Метерлинк, Пиранделло, Брехт, Гауптман, Лорка, Ануй. — М.: Наука, 1979. — С. 267.
  4. Шумахер Э. Жизнь Брехта. — М.: Радуга, 1988. — С. 70.
  5. Thomson, Sacks, էջ 108
  6. 6,00 6,01 6,02 6,03 6,04 6,05 6,06 6,07 6,08 6,09 6,10 Эткинд Е. Трёхгрошовая опера // Бертольт Брехт. Театр. Пьесы. Статьи. Высказывания. В пяти томах.. — М.: Искусство, 1963. — Т. 1.
  7. 7,0 7,1 Шумахер Э. Жизнь Брехта. — М.: Радуга, 1988. — С. 70—71.
  8. Hinton, 2013
  9. Բերթոլթ Բրեխթ, Լուկոլլոսի դատը, «Հայաստան», էջ 237։
  10. 10,0 10,1 Բերթոլթ Բրեխթ, Լուկոլլոսի դատը, «Հայաստան», էջ 149։
  11. Բերթոլթ Բրեխթ, Լուկոլլոսի դատը, «Հայաստան», էջ 169։
  12. Բերթոլթ Բրեխթ, Լուկոլլոսի դատը, «Հայաստան», էջ 176-177։
  13. Բերթոլթ Բրեխթ, Լուկոլլոսի դատը, «Հայաստան», էջ 182-183։
  14. Բերթոլթ Բրեխթ, Լուկոլլոսի դատը, «Հայաստան», էջ 209։
  15. Բերթոլթ Բրեխթ, Լուկոլլոսի դատը, «Հայաստան», էջ 216-217։
  16. Բերթոլթ Բրեխթ, Լուկոլլոսի դատը, «Հայաստան», էջ 234-235։
  17. Բերթոլթ Բրեխթ, Լուկոլլոսի դատը, «Հայաստան», էջ 236։
  18. «Mack The Knife (original)». YouTube. Վերցված է 2013 թ․ հունվարի 24-ին.
  19. «Bertolt Brecht singt sein 'Lied von der Unzulänglichkeit menschlichen Strebens'». YouTube. Վերցված է 2013 թ․ հունվարի 24-ին.
  20. «Veröffentlichungen». Gisela May (официальный сайт). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 13-ին.
  21. Пьеса. Бертольд Брехт. Трехгрошовая опера. Комментарии Е. Эткинда
  22. 22,0 22,1 22,2 22,3 Шумахер Э. Жизнь Брехта. — М.: Радуга, 1988. — С. 71.
  23. Брехт Б. Примечания к опере «Расцвет и падение города Махагони» // Брехт Б. Театр: Пьесы. Статьи. Высказывания: В 5 т. — М.: Искусство, 1965. — Т. 5/1. — С. 298.
  24. Casaglia, 2005
  25. Роберт Уилсон обогатил «Трехгрошовую оперу»
  26. «Die Dreigroschenoper». Repertoire (գերմաներեն). Berliner Ensemble. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 6-ին.
  27. Театр Таирова — 35-летний триумф(չաշխատող հղում)
  28. Шумахер Э. Жизнь Брехта. — М.: Радуга, 1988. — С. 161.
  29. Müller André (26 мая 1988). «Interview mit Claus Peymann» (գերմաներեն). Die Zeit. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 10-ին.
  30. «Սովետահայ թատրոն (1921-1991թթ.)». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 6-ին.
  31. «Երաժշտական կոմեդիայի թատրոն-Սվետլանա Գրիգորյան». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 6-ին.
  32. «Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոն-«Երեք գրոշանոց օպերա»». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 6-ին.
  33. Ա1+-ի անդրադարձը «Երեք գրոշանոց օպերայի» հայաստանյան բեմադրությանը
  34. «Երեք գրոշանոց օպերա»-լուսանկարներ(չաշխատող հղում)
  35. Երեք գրոշանոց օպերա(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
  36. Երեք գրոշանոց օպերա(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
  37. Actor Curd Jürgens-IMDb
  38. Actor Gert Fröbe-IMDb
  39. Actress Hilde Hildebrand-IMDb
  40. Actor Raul Julia-IMDb
  41. ActressRachel Robertson-IMDb
  42. Actor Richard Harris-IMDb
  43. Actress Julie Walters-IMDb
  44. Երեք գրոշանոց ֆիլմ(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
  45. Actor Jesse Albert-IMDb
  46. Actor Christian Bronchart-IMDb
  47. Actor Henry Buchmann-IMDb

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երեք գրոշանոց օպերա» հոդվածին։