Jump to content

Գեորգի Գապոնի սպանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գեորգի Գապոնի սպանություն
Տեսակսպանություն
Երկիր Ռուսական կայսրություն
Գրոհի վայրՕզերկի, Պետերբուրգյան նահանգ
Գրոհի նպատակԳեորգի Գապոն
Տարեթիվ1906 թվականի մարտի 28
Գրոհի միջոցՔաղաքական սպանություն
Զենքճոպան
ԶոհվածներԳեորգի Գապոն
ԱհաբեկիչներՊյոտր Ռուտեբերգ
ԿազմակերպիչներԵվգենի Ազեֆ, Բորիս Սավինկով, Վիկտոր Չեռնով
 Assassination of George Gapon Վիքիպահեստում

Գեորգի Գապոնի սպանությունը, չբացահայտված քաղաքական սպանություններից մեկը Ռուսաստանում։ Սպանության զոհը 36-ամյա քաղաքական և հասարակական գործիչ, Սանկտ Պետերբուրգի ռուս ֆաբրիկա-գործարանային բանվորների ժողովի ղեկավար, նախկին հոգևորական Գեորգի Ապոլոնովիչ Գապոնն էր։ Սպանությունը տեղի է ունեցել 1906 թվականի մարտի 28-ին Սանկտ Պետերբուրգի արվարձանում՝ Օզերկի ամառանոցում։ Մարդասպաններից ոչ մեկը չի ձերբակալվել և չի կանգնել դատարանի առաջ։ Հարուցված հետաքննությունը ոչ մի արդյունքի չի հանգեցրել և մի քանի տարի անց փակվել է։ Հետաքննության նյութերը մնացել են չհրապարակված։ Հայտնի է, որ հետաքննչական գործում գլխավոր կասկածյալ է դիտարկվել Էսէռների կուսակցության անդամ, ինժեներ Պյոտր Մոիսեևիչ Ռուտենբերգը[1]։ Սպանությունից մի քանի տարի անց՝ 1909 թվականին, Ռուտենբերգը հայտարարություն հրապարակեց, որում խոստովանում էր, որ Գապոնի սպանությունը կատարել է Էսէռների կուսակցության կենտրոնական կոմիտեի (ԿԿ) հանձնարարությամբ[2]։ Ռուտենբերգի պնդմամբ՝ սպանության նախաձեռնողն ու գլխավոր կազմակերպիչը Էսէռների մարտական կազմակերպության ղեկավար, Ոստիկանության դեպարտամենտի գաղտնի աշխատակից, ինժեներ Եվգենի Ֆիլիպովիչ Ազեֆն էր[3]։ Ռուտենբերգի հայտարարությունը պաշտոնապես հաստատվել է Էսէռների կուսակցության կենտրոնական կոմիտեի[2] և Ազեֆի գործով Էսէռների կուսակցության դատաքննչական հանձնաժողովի կողմից[4]։ Հետագայում խորհրդային պատմագրության մեջ երկու հակառակ վարկած կար՝ որ Գապոնը «սպանվել է էսէռների կողմից»[5] և միֆ, թե Գապոնի հետ «դատաստան են տեսել մի խումբ աշխատավորներ»[6]։ Այդ միֆը, որը հիմնավորվել էր սպանությունից քիչ անց հրապարակված նամակում, հակասում է ինչպես Ռուտենբերգի և Էսէռների կուսակցության կենտկոմի հայտարարություններին, այնպես էլ հենց սպանություն կատարողների հիշողություններին, ովքեր հաստատում էին, որ, սպանելով Գապոնին, նրանք կատարել են ԿԿ-ի որոշումը[7]։

Չբացահայտված սպանության խրոնիկա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գապոնի անհետացումը

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆինլանդական կայարան: 20-րդ դարի սկզբի նկար

1906 թվականի մարտի 28-ին նախկին հոգևորական Գեորգի Գապոնը Սանկտ Պետերբուրգից մեկնել է Ֆինլանդիայի երկաթուղով և հետ չի վերադարձել։ Դուրս գալով՝ Գապոնն իր հետ ո՛չ իրեր, ո՛չ զենք չի վերցրել և խոստացել է երեկոյան վերադառնալ։ Գապոնին մտերիմ աշխատողները անհանգստացել են, թե արդյո՞ք նրա հետ որևէ դեպք տեղի չի ունեցել[8]։

Աշխատավորների խոսքով՝ վերջին շրջանում բանվորական «ժողովում» գործերը սկսել էին կարգավորվել։  Չնայած մի շարք աղմկահարույց սկանդալների, որոնք կապված էին փողերի առևանգման և թերթի քարոզարշավի հետ, կազմակերպությունը չէր փլուզվել, այլ միայն մաքրվել էր ավելորդ տարրերից։ Վարչությունները առաջվա նման դեռ փակ էին, սակայն Կենտրոնական կազմկոմիտեն շարունակում էր աշխատել և մշակել հետագա ռազմավարությունը։ Գապոնը ոչ մի րոպե չի դադարել հոգալ կազմակերպության մասին, և ամեն օր շրջել է քաղաքով ՝ գործնական հանդիպումներ կազմակերպելով։ «Մինչև վերջին օրը նա չի դադարել հոգ տանել մեր կազմակերպության մասին, նա դրանով էր միայն շնչում»,- հիշել է բանվորներից մեկը[9]։ Սպանությունից քիչ առաջ բանվորները սկսել են պատրաստվել իրենց աշխատանքային ամսագրի հրատարակմանը[10]։ Այդ մասին արդեն պայմանավորվածություն էր ձեռք բերվել, գումար էր հայթայթվել և հարմար տարածք րէ վարձակալվել։ Որպես ամսագրի խմբագիր հրավիրվել է հայտնի գրականագետ Սերգեյ Ստեչկինը, ով գրում էր Ն. Ստրոև կեղծանվան ներքո[11]։

Իր անհետացումից երկու օր առաջ՝ մարտի 26-ին, Գապոնը աշխատողներին ներկայացրել է կազմակերպության նոր ծրագրի՝ իր կազմած նախագիծը։ Նախագիծն ուներ «Ռուսական սինդիկալիզմի ծրագիր» հնչեղ անվանումը[12]։ Նա նախատեսում էր միասնական աշխատավորական միության ստեղծում՝ անկախ կառավարությունից և քաղաքական կուսակցություններից։ Միությունը պետք է միավորեր տարբեր մասնագիտությունների աշխատողներին և վերածվեր պետության մեջ յուրատեսակ պետության։ «Ծրագրում», մասնավորապես, ասվում էր՝

«Աշխատավորները պետք է իրենք իրենց հայտարարեն պետություն բուրժուական պետությունում, կառավարվեն սեփական ընտրովի կառավարության կողմից, հրատարակեն սեփական օրենքները, համալրվեն սեփական միջոցներով և՛ նյութական, և՛ հոգևոր։ Մենք չենք անցնի կուսակցությունների ղեկավարության տակ, մենք պետք է ինքնակառավարվենք, մենք չենք կարող ակնկալել օտար, միշտ նենգ դրամական աջակցություն, մենք կձևավորենք մեր սեփական պրոլետարական հիմնադրամը։ Մենք մեր երեխաներին չենք տա բուրժուական դպրոցներ։ Մենք մեր դպրոցները կստեղծենք ազատ բանականությամբ։ Մենք լինելու ենք բանվորների միասնական միություն, որը և նյութական, և հոգևոր զորություն ունի։  Եվ միայն այդ ժամանակ մենք ուժեղ կլինենք…»[12]

Անհետացման նախօրյակին՝ մարտի 27-ին, Գապոնն այցելել է Պետերբուրգի շրջանային դատարանի նախագահին և շուրջ մեկ ժամ տևած տեսակցության ընթացքում համառորեն պահանջել է իրեն ներգրավել դատարանի գործերում՝ քաղաքացիական իրավունքների վերականգնման համար[13]։ Ռուսաստան վերադառնալուց հետո Գապոնը չի համաներվել, ինչպես 1905 թվականի հունվարի 9-ի իրադարձությունների մյուս մասնակիցները, և, չարժանանալով համաներման, առաջարկել է դատի տալ ինքն իրեն։ Դրանից քիչ առաջ նույն պահանջով նամակ նա ուղարկել էր Սանկտ Պետերբուրգի դատական պալատի դատախազի անունով։ Նամակում նա մասնավորապես գրել էր՝ «Եթե իմ նախորդ գործողություններում կառավարությունն արդեն հանցագործություն չի տեսնում, ապա պետք է համաներում տան ինձ՝ ինչպես հունվարի 9-ի շարժմանը մասնակից մնացած բոլոր մարդկանց։ Եթե, ընդհակառակը, իմ նախորդ գործողություններում կառավարությունը տեսնում է հանցագործություններ, որոնք դեռ չեն ստացել իրենց պատիժը, ապա դատեք ինձ՝ որպես փախած հանցագործի՝ մյուսների հետ հավասար։ Ես ոչ մի պարգև չեմ ուզում կառավարությունից, քանի որ այդ պարգևների հետևում դանայցիներ են թաքնվում, և խնդրում եմ օրինականացնել իմ՝ Պետերբուրգում ապրելու իրավունքը, կամ ինձ պատասխանատվության ենթարկել դատարանում։ Տվե՛ք ինձ հնարավորություն բաց և ազատ պաշտպանելու իմ պատիվը»[14]։

Անհետացման օրը՝ մարտի 28-ին, Գապոնն այցելել է լրագրող Ն. Վ. Նասակին-Սիմբիրսկուն և նրա հետ քննարկել է վերջինիս նկատմամբ Վ. Մ. Գրիբովսկու նախագահությամբ հանրային դատարանի գործունեության վերսկսման հարցը[15]։ Հանրային դատարանի գաղափորը Գապոնինն էր՝ որպես քաղաքական հակառակորդների կողմից առաջադրված մեղադրանքներից արդարանալու միջոց[16]։ Օրվա ժամը 2-ին նա այցելել է Պետերբուրգյան կողմի աշխատավորների «Ժողովի» բաժիններից մեկը և զրուցել բանվորներ Ն. Մ. Վարնաշևի և Վ. Սմիրնովի հետ, որոնց հետ քննարկել է ընթացիկ գործեր[10][17]։ Նույն օրը նա հանդիպել է բանվոր Դ. Վ. Կուզինի հետ, ում խնդրել է մի քանի գործնական հանդիպումներ կազմակերպել[8]։ Բանվորներին հրաժեշտ տալով՝ Գապոնն ասել է, որ քաղաք է մեկնում Էսէռների կուսակցության ներկայացուցչի հետ հանդիպման։ Բանվորներից մեկը հիշել է, որ այն մարդուն, ում հետ նա պատրաստվում էր գնալ, Մարտին էին կոչում[9]։ Բանվորների տեղեկություններով՝ այդ հանդիպումը պետք է կայանար Օզերկիում, քանի որ Գապոնը հարցրել է, թե քանի րոպե է մնացել ինչև Օզերկի և կարելի՞ է արդյոք այնտեղ հասնել կառքով։ Երեկոյան նա խոստացել է վերադառնալ Պետերբուրգ։ Մեկնելով Օզերկի՝ Գապոնը մոռացել է իր հետ վերցնել այն ատրճանակը, որով վերջին ժամանակներս չէր բաժանվում[8]։ Ըստ որոշ տվյալների՝ նա դիտավորյալ չի վերցրել այն՝ հայտարարելով, որ այս անգամ դա իրեն պետք չէ[18]։

Բանվորներից մեկի խոսքով՝ մեկնելուց առաջ Գապոնը, ինչպես միշտ, ուրախ և առույգ էր, քաջալերում էր իր հուսալքված ընկերոջը՝ « Մի տխրիր, եղբա՛յր, ամեն ինչ շա՜տ լավ է... Եվ բաժիններ կբացենք... Եվ շատ բան ենք անելու բանվորների համար։...Ցտեսություն»[19]։ Այս խոսքերով, նա թափահարել է իր ձեռքը և գնացել է կայարան։ Օրվա ժամը 4-ի սահմաններում Գապոնը ժամանել է ֆինլանդական կայարան, գնացք նստել և շարժվել Շուվալովո կայարանի ուղղությամբ։ Երեկոյան նա չի վերադարձել Պետերբուրգ, և նրան այլևս ոչ ոք չի տեսել։

Կորած Գապոնի որոնումները

[խմբագրել | խմբագրել կոդը]
Օզերկիի երկաթուղային կայարանը: XX դարի լուսանկար

Գապոնի անհետացումը տագնապ է առաջացրել իրեն մտերիմ աշխատավորների շրջանում։ Արդեն վաղուց լուրեր էին շրջանառվում, որ Գապոնի դեմ մահափորձ է նախապատրաստվում։ Դրանից քիչ առաջ հաղորդագրություն էր ստացվել, որ Գապոնի սպանության մասին որոշումը կայացվել է սևհարյուրակային մի խմբակում, և ինչ-որ մարդ նույնիսկ հանձն է առել այն իրականացնել[8]։ Բանվորները Գապոնին զգուշացրել են վտանգի մասին՝ վստահեցնելով, որ սևհարյուրակայինները կարող են սպանել նրան։ Գապոնը համաձայնել է, թե «կարող են», բայց չի վախեցել[8]։ Այլ աղբյուրներից հաղորդագրություններ էին ստացվում, որ հեղափոխական կուսակցությունները դժգոհ են Գապոնից։  Հեղափոխականները չէին կարողանում Գապոնին ներել Կոմս Վիտտեի հետ միությունը և վախենում էին, որ կառավարական պաշտոնյաների հետ շփվելիս նա կհրապարակի իրենց գաղտնիքները։ Ինքը՝ Գապոնը, նրանց կողմից վտանգ չէր սպասում՝ ասելով, որ հեղափոխականները կարող են իրեն վարկաբեկել հասարակության աչքում, բայց սպանելու պատճառ չունեն[20]։ Իսկ փաստաբան Ս. Պ. Մարգոլինի հետ զրույցում[21] նա ուղղակիորեն հայտարարել է, որ չի վախենում ո՛չ բանվորներից, ո՛չ հեղափոխականներից, բայց միայն՝ անվտանգության պահպանության բաժանմունքից[22]։

Ապրիլի 5-ին Գապոնի փաստացի կինը՝ Ա.Կ. Ուզդալևան, այցելել է Նահանգային ժանդարմական վարչություն՝ տեղեկություն ստանալու, թե արդյո՞ք իր ամուսինը ձերբակալված է։ Վարչությունում պատասխանել են, որ Գապոնի վերաբերյալ որևէ հրահանգ չի ստացվել։ Աշխատավորների շրջանում տագնապը մեծացել է։ Սանկտ Պետերբուրգից հեռանալուց հետո Գապոնը ընտանիքին գումար չէր թողել, և նրա կինը՝ երեխան ձեռքին, մնացել էր մոտ 8 ռուբլու հույսին[8]։ Կասկած առաջացավ, որ Գապոնը սպանվել է։ Ապրիլի 6-ին թերթերում հաղորդագրություններ հայտնվեցին, որ Գապոնն անհետ կորել է։ Թերթերը նրա անհետացման մասին տարբեր վարկածներ էին առաջ քաշում և հայտնում նրա գտնվելու վայրի մասին բոլոր հնարավոր լուրերը[23]։ Ինչ-որ մեկը միտք է հայտնել, որ Գապոնը կարող էր ինքնասպան լինել, սակայն այդ վարկածը միաձայն մերժվել է նրա ծանոթների կողմից.  «Պետք է Գապոնին չճանաչել՝ այդպես մտածելու համար, - գրել է լրագրող Պյոտր Պիլսկին։- Ո՛չ, Գապոնը չէր կարող ինքնասպան լինել։ Նրան կարող էին սպանել, և շատե՛րը կարող էին սպանել»[24]։ Փաստաբան Մարգոլինը վստահություն է հայտնել, որ Գապոնը սպանվել է և ենթադրել սպանության քաղաքական բնույթի մասին՝ «Տրամաբանորեն դատելով՝ այս մասին երկու կարծիք լինել չի կարող. Գապոնը սպանվել է։ Այլ հարց է, թե ու՞մ կողմից է նա սպանվել, ի՞նչ հանգամանքներում է սպանվել, և աշխատավորական և հասարակական շարժման մեջ պայքարող երկու կողմերից ո՞ր մեկին էր ավելի անհրաժեշտ նրա մահը։ Այստեղ դժվար է նույնիսկ գուշակություններ անել, և, անկասկած, յուրաքանչյուր կողմ կփորձի ապացուցել իր ալիբին»[25]։

Օզերկիի երկաթուղային կայարանը։ XX դարի լուսանկար

Ապրիլի կեսերին մամուլում հստակ հաղորդագրություններ հայտնվեցին, որ Գապոնը սպանվել է։ Ապրիլի 16-ին «Նովոյե վրեմյա» թերթում «Մասկա» կեղծանվան ներքո տպագրվեց «Դեպի Գապոնի սպանությունը» հոդվածը[26]։ Հոդվածը հայտնում էր, որ Գապոնը սպանվել է Պետերբուրգի մոտ Էսէռների մարտական կազմակերպության անդամ, ինժեներ Պյոտր Ռուտենբերգի կողմից՝ Մարտին մականունով։ Հեղինակի պնդմամբ՝ վերջին ժամանակներում Գապոնը մի քանի հանդիպում է ունեցել ինժեներ Ռուտենբերգի հետ, ով ցանկություն է հայտնել անցնել կառավարության կողմը և նրան տեղեկություններ հաղորդել մարտական կազմակերպության գործունեության մասին[26]։ Գապոնը խոստացել է այդ մասին խոսել Ոստիկանության դեպարտամենտի պաշտոնյաներից մեկի հետ։ Մարտի կեսերին Գապոնը ներկայացել էր այդ անձին և հայտնել, որ Ռուտենբերգը համաձայնվում է ոստիկանության գործակալ դառնալ, սակայն կուսակցությանը «դավաճանելու» համար 100 հազար ռուբլի է պահանջում։ Այդ գումարը չափազանց մեծ է դիտարկվել, և Գապոնը լիազորվել է Ռուտենբերգին 25 հազար առաջարկել։ Վճռորոշ հանդիպումը պետք է տեղի ունենար մոտ օրերը, Պետերբուրգի մերձակայքում, և այստեղ Մարտինը որոշել է վերջ տալ Գապոնին՝ որպես իրեն «գայթակղող դևի»[26]։ Հոդվածում նաև ենթադրություն էր հայտնվում, որ սպանությունը տեղի է ունեցել Օզերկիում։ Հետագայում հայտնի է դարձել, որ «Մասկա» կեղծանունով հոդվածի հեղինակը Ոստիկանության դեպարտամենտին կից հատուկ հանձնակատար-պաշտոնյա Ի. Ֆ. Մանասևիչ-Մանույլովն է եղել[27]։

«Մասկա»-ի հաղորդագրությունները հասարակության մեջ թերահավատ վերաբերմունք են առաջացրել։ Թերթի մի շարք հրապարակումներում նշվել է, որ կուսակցությունները միշտ իրենց վրա են վերցնում քաղաքական սպանությունների պատասխանատվությունը և, ըստ էության, չեն ընդունում գաղտնի սպանություններ։ Եթե Գապոնը սպանվեր ինչ-որ կուսակցության դատավճռով, վերջինս չէր հապաղի այդ մասին հրապարակային հայտարարություն անել[9]։ Մինչդեռ Էսէռների կուսակցությունից ոչ մի հայտարարություն չստացվեց, իսկ նրա տպագիր մարմինները լիակատար լռություն պահպանեցին։ Ապրիլի 18-ին Ռուտենբերգի կինը՝ Օլգա Խոմենկոն, բաց նամակով «Մասկա»-ին մեղադրեց զրպարտության մեջ և նրանից պահանջեց ապացուցել գրվածը՝ խոստանալով հակառակ դեպքում «հրապարակայնորեն զրպարտիչներ անվանել թե՛ սադրիչներին, թե՛ հեղինակին, թե՛ «Նովայա Վրեմյա»-ի խմբագրությանը, որն այդքան պատրաստակամորեն այդ նողկանքի համար տրամադրել է իր սյունակները։»[28]։ Ապրիլի 26-ին թերթերում վերջապես հայտնվեց Էսէռների կուսակցության կենտրոնական կոմիտեի պաշտոնական հայտարարությունը, որը հայտնում էր այդ գործում իր լիակատար անմեղության մասին։ Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում էր՝

««Նովայա Վրեմյա»-ում «Մասկա» և այլ կեղծանուններով ի հայտ են եկել տարատեսակ ծագմամբ «հաղորդագրություններ» և «բացահայտումներ» Գապոնի հետ կապված պատմության և դրանում ինժեներ Ռուտենբերգի դերակատարության մասին, ով իբր Էսէռների կուսակցության մարտական կազմակերպության անդամ է հանդիսանում։ Այս բոլոր հաղորդագրությունները, որոնք դուրս են գալիս պահնորդական բաժանմունքից, ակնհայտ նպատակ ունեն աղտոտել կուսակցության անունը և, որպես այդպիսին, իհարկե արժանի չեն մանրամասն հերքման։ Նկատի ունենալով, սակայն, որոշ թերթերի կողմից առանց պատշաճ մեկնաբանության վերատպումները՝ Էսէռների կուսակցության կենտրոնական կոմիտեի նախագահը հարկ է համարում հայտարարել, որ «Նովայա Վրեմյա»-ի հաղորդումները նողկալի զրպարտություն են, ինժեներ Ռուտենբերգը երբեք չի եղել Էսէռների կուսակցության մարտական կազմակերպության անդամ, իսկ ինչ վերաբերում է Գապոնին, ապա բացառությամբ մի քանի դեպքերի, 1905թ. հունվարի 9-ից անմիջապես հետո, նա կուսակցական կազմակերպություններից ոչ մեկի հետ որևէ առնչություն չի ունեցել»[29]։

Այսուհանդերձ, ըստ Ոստիկանության դեպարտամենտի արտասահմանյան գործակալության վարիչի՝ Գապոնի սպանության գործով թերթերի հոդվածները մեծ քննարկումներ են առաջացրել փարիզյան էսէռների պարագլուխների շրջանում, և նրանցից մեկը՝ Օսիպ Մինորը, էմիգրանտ Ռոմանովի հետ զրույցում «յոթ գործով մանրամասն տեղեկություններ է ներկայացրել, որոնք պարզ ապացուցում են, որ զրուցակիցները հանգամանորեն տեղյակ են եղել այդ գործի մասին դեռևս մինչև թերթիում այդ լուրերի հայտնվելը»[30]։

«Աշխատավորների դատարանի դատավճիռ»

[խմբագրել | խմբագրել կոդը]
Պյոտր Ռուտենբերգ: Ոստիկանության դեպարտամենտի լուսանկար

Ապրիլի 19-ին թերթն անանուն հայտարարություն էր ուղարկվել, որը պնդում էր, որ Գապոնը սպանվել է անհայտ «աշխատավորների ատարանի» դատավճռով»[31]։ Հայտարարության մեջ նշվում էր, որ Գապոնը մահվան է մատնվել որպես «դավաճան սադրիչ»՝ նրա մեղքի անհերքելի ապացույցների հիման վրա։ Դատավճիռը ներառել է մեղադրանքի վեց կետեր, որոնք վկայել են հոկտեմբերի 17-ի Մանիֆեստից հետո Ռուսաստան վերադառնալուն պես կառավարական պաշտոնյաների և Ոստիկանության դեպարտամենտի ղեկավարների հետ Գապոնի հարաբերությունների մասին։ Ամենալուրջ մեղադրանքն այն էր, որ Գապոնը «իր վրա էր վերցրել Ռաչկովսկու և Գերասիմովի հանձնարարությունը՝ թագավորի դեմ դավադրությունների մասին իմանալը և այդ մասին Վիտտեին ու Դուրնովին հայտնելը»[31]։ Այդ նպատակի համար նա նախաձեռնել է «գայթակղել» ոստիկանության գործակալներից իրեն մտերիմ մեկին և համոզել նրան ստանալու «25 000 ռուբլի՝ միայն մեկ գործ տալու դիմաց, իսկ ևս չորս գործերի դիմաց կարելի էր վաստակել հարյուր հազար ռուբլի»։ Գապոնը համոզել է նրան չամաչել դավաճանության առաջիկա զոհերի համար և չվարանել, քանի որ «25 000-ը լավ գումար է»։ Հայտարարության մեջ նաև նշվում էր, որ Գապոնը «բռնվել է հանցագործության պահին», «ամեն ինչ խոստովանել է», բայց բացատրել է, որ դա արել է «հանուն իր նախկին գաղափարի»[31]։

Դատավճիռը ոչ մի ցուցում չէր պարունակում ո՛չ սպանություն կատարած անձանց, ո՛չ էլ այն կազմակերպության վրա, որի անունից նրանք գործել են։ Այն նաև ոչ մի բառով չէր հիշատակում Էսէռների կուսակցության մասին։ Մեկնաբանների մեծ մասը, ծանոթանալով տեքստին, այն կեղծիք են համարել։ «Նովոյե Վրեմյա»-ի մեկնաբանը գրել է. «Այդ դատավճիռը ակնհայտ կեղծիք է։ Դրանում չկա ոչ մի փաստ, որի մասին ինքը՝ Գապոնը, չի խոսել կամ չեն խոսել ուրիշները «նախնական» հաղորդագրություններում և ենթադրություններում։ Հեղափոխական դատավճռի համար դա երկար ու բավականին հիմար է»[32]։ Գապոնին համախոհ բանվորներից մեկը նույն թերթին տված հարցազրույցում ասել է՝ «Իմ մոտ կասկած չկա, որ աշխատավորների դատարանը, որի մասին ասվում է դատավճռի մեջ, խաբեություն է։ Նրան մե՛կ մարդ է սպանել՝ միայն իրեն հայտնի ինչ-ինչ նկատառումներից ելնելով։ Եթե նշված նկատառումները բխեին ինչ-որ հայտնի կուսակցություններից, ապա վերջիններս նախ և առաջ այդ մասին հրապարակումներ կանեին իրենց ոչ-լեգալ օրգաններում, մինչդեռ այդպիսիք չկան»[9]։ Դատավճռին նմանատիպ գնահատակններ տվել են նաև այլ թերթեր[33]։ Հետագայում ինժեներ Պյոտր Ռուտենբերգը խոստովանել է, որ «աշխատավորների դատարանի դատավճիռը» կազմվել է իր կողմից և խմբագրվել է Էսէռների կուսակցության առաջնորդներից մեկի՝ Մ. Ռ. Գոցի կողմից, իսկ հետո Ռուսաստան է ներմուծվել Բեռլինից[34]։

«Նովայա Վրեմյա» թերթում 1906 թվականի ապրիլի 19-ին հրապարակված «Աշխատավորների դատարանի դատավճիռը»[35]

«Աշխատավորների դատարանի դատավճռի» հետ միաժամանակ Բեռլինից փաստաբան Ս. Պ. Մարգոլինի անունով ծանրոց է ուղարկվել, որը պարունակում էր Գապոնի անձնական իրերը՝ նրա դրամապանակը և «Լիոնի Կրեդիտ» բանկի N 414 չհրկիզվող արկղի բանալին։ Իրերը, անկասկած, Գապոնինն էին։ Դրամապանակում Գապոնի ձեռքով գրված երկտողեր, տարբեր փաստաթղթեր և սևագրեր են գտնվել, որոնք սկսվում էին՝ «Ընկերներ, սերտորեն կապված արյունով»[22]։ «Լիոնի Կրեդիտ» բանկի N 414 արկղը բացելուց հետո դրանում հայտնաբերվել են փողի երկու ծրարներ. դրանցից մեկում եղել է 14 հազար ֆրանսիական ֆրանկ, իսկ մյուսում՝ 14 հազար ռուբլի[36]։ Փաստաբան Մարգոլինի պարզաբանմամբ՝ 14 հազար ֆրանկը Գապոնի անձնական փողերն են եղել, որոնք նա վաստակել էր արտասահմանում իր գրական աշխատությունների շնորհիվ, իսկ 14 հազար ռուբլին Գապոնի «Ժողովին» պատկանող փողերն էին։ Այդ գումարը Գապոնի հաշվին փոխանցվել էր 1906 թվականի մարտի 6-ին «ժողովի» ղեկավարության հավանությամբ՝ բանվոր Դ.Վ. Կուզինի ներկայությամբ. դրանք Սարատով փախած Ա. Ի. Մատյուշենսկուց խլված գումարի մնացորդներն էին[22]։

Բեռլինից Գապոնի անձնական իրերը ստանալուց հետո փարատվեցին նրա մահվան շուրջ վերջին կասկածները։ Չնայած դրան, դատախազությունը հրաժարվում էր քրեական գործ հարուցել և նրա անհետացման փաստով որևէ հետաքննություն իրականացնել։ Մատնանշմանը, թե Գապոնի սպանության մասինամենայն մանրամնությամբ անդրադարձել է մամուլը, իշխանության ներկայացուցիչները պատասխանում էին, որ թերթերի հոդվածները օրենքի հոդվածներ չեն և ո՛չ էլ հրամաններ[37]։ Մեկնաբանելով այս իրավիճակը՝ փաստաբան Մարգոլինն ասել է՝ «Բայց որն ամենից զարմանալին է, դա իշխանությունների լիակատար անտարբերությունն է թե՛ այդ մահվան, թե՛ այդ խորհրդավոր անհետացման նկատմամբ։ Ի վերջո, եթե ոմն Իվան Իվանովիչի մտերիմները հայտարարեին վարչակազմին նրա անհետացման մասին, վերջինս անպայման և անհապաղ քննություն կսկսեր, իսկ այս դեպքում ոչ մի քայլ չի ձեռնարկվում...Այսօր ինձ մոտ էին արտասահմանյան շատ թերթերի թղթակիցներ, ովքեր իրենց խմբագրություններից գործը քննելու հեռագրական հրահանգներ էին ստացել, իսկ նրանք, ովքեր պարտավոր են հետաքրքրվել, չեն հետաքրքրվում ... Կամ գուցե նրանց ամեն ինչ հայտնի է»[25]։

Ինչպես հետևում է Ոստիկանության դեպարտամենտի փաստաթղթերից՝ Պետերբուրգի անվտանգության բաժանմունքին Գապոնի սպանության փաստի մասին արդեն հայտնի է եղել 1906 թվականի ապրիլի 15-ին՝ դեռևս մինչև թերթերի հոդվածների հայտնվելը։ Ապրիլի 15-ին պահակազորի պետ Ա. Վ. Գերասիմովի զեկուցագրում հաղորդվում է, որ «հեղափոխականների կողմից դավաճանության մեջ կասկածվող Գապոնը մարտի 28-ին Սանկտ Պետերբուրգի մերձակա ամառանոցում խեղդամահ է արվել «մարտական կազմակերպության» անդամ Ռուտենբերգի կողմից՝ մի քանի աշխատավորների աջակցությամբ»[30]։ Հաջորդ օրն իսկ՝ ապրիլի 16-ին, Ոստիկանության դեպարտամենտի պաշտոնյա Ի. Ֆ. Մանասևիչ-Մանույլովը «Նովայա Վրեմյա»-ում հրապարակել է «Դեպի Գապոնի սպանությունը» հոդվածը, որը վերարտադրում էր անվտանգության բաժանմունքից ստացված տեղեկատվությունը։ Չնայած դրան, Գապոնի սպանության փաստով քրեական գործ չհարուցվեց ընդհուպ մինչև նրա դիակի հայտնաբերումը, ինչը տեղի ունեցավ ապրիլի 30-ին՝ առանց ոստիկանության որևիցե մասնակցության[38]։ Այս հանգամանքի առնչությամբ «Դվադցատիյ վեկ» («Քսաներորդ դար») թերթի մեկնաբանը գրել է՝

«Գ. Մանույլովի այս հայտարարությունը ամբողջությամբ համոզում է, որ ոստիկանությանը շատ լավ հայտնի է եղել, որ եթե Գապոնը սպանված է, ապա նրա դիակը պետք է փնտրել Օզերկիում, որտեղ էլ այն հայտնաբերվել է։ Այդուամենայնիվ, ոստիկանությունը Օզերկիում որևէ որոնում չի իրականացրել... Սա, սակայն, ինչպես երևում է, բոլորովին չէր փնտրել, բայց միևնույն ժամանակ նրա պաշտոնյան՝ Գ. Մանույլովը, գնում է իրեն մոտ կանգնած թերթի խմբագրություն և ամբողջ աշխարհին պատմում Գապոնի և իր՝ Գ. Մանույլովի, ղեկավարության գաղտնի հարաբերությունների մասին՝ չխնայելով այս վերջինին, միայն թե Գապոնին ներկայացնի մի մարդու, ով արժանի էր իր մահապատժին։ Ի՜նչ զարմանալի ձգտում՝ չխնայելով իրեն ու յուրայիններին, հասարակությանը ի ցույց դնել «աշխատավորների դատարանի" արդարացիությունը... Հաստատ այդ աշխատավորներն ու Գ.Մանույլովը մի կուսակցությունից են և աշխատում են միասին։  Բայց չէ՞ որ դատարան չի եղել։ Այսպիսով, ինչպե՞ս բացատրել այս ամենը։ Չէ՞ որ «աշխատավորների դատարանը» մինչ օրս չի արձագանքել՝ չնայած մամուլի հրավերին։ Եվ դա, ակնհայտորեն, պարզապես հորինվել է ինչ-որ մեկի կողմից։ Ու՞մ կողմից»[27]։

Գապոնի դիակի հայտնաբերումը

[խմբագրել | խմբագրել կոդը]
Օզերկիի այն տունը, որտեղ սպանվել է հոգևորական Գապոնը
«Սարսափելի վախճան ունեցավ այդ մարդը, ով ստիպեց այդքան շատ խոսել իր մասին…» Վ. Ա. Շուֆ[37]

Ապրիլի 30-ին ժամը 5-ին, Օզերկիում՝ տիկին Զվերժինսկայայի ամառանոցում, հայտնաբերվեց սպանված Գապոնի մարմինը։ Այն գտնվել է պատահականորեն՝ առանց ոստիկանական իշխանությունների կողմից որևէ նախաձեռնության[37]։ Մարտ ամսին ամառանոցը վարձակալվել էր անհայտ անձանց կողմից, ովքեր կողպել էին տունը, գնացել էին և այլևս չէին հայտնվել այդ կողմերում։ Վատ բան կասկածելով՝ ամառանոցի տերը՝ տիկին Զվերժինսկայան, դիմում է տեղի ենթասպա Լյուդորֆին։ Պահակների, փականագործի և մի քանի ընթերակաների ուղեկցությամբ ենթասպա Լյուդորֆը հրամայում է կոտրել ամրոցի դուռը և խուզարկել տունը։ Ամառանոցի վերևի հարկում՝ հետին փոքրիկ սենյակում, հայտնաբերվում է կախված մարդու դիակ՝ անհետացած Գապոնին նմանվող բոլոր նշաններով։ Գտածոյի մասին ուրյադնիկը հայտնում է Սանկտ Պետերբուրգի գավառի 2-րդ գավառակի ոստիկանական վարչության պրիստավ Ս. Ն. Նեդելսկուն, ով արձանագրություն է կազմում, դատական քննիչ է կանչում և ծանուցում է դատախազությանը[37]։ Միայն այսքանից հետո քրեական գործ է հարուցվում։

Սենյակը, որտեղ տեղի էր ունեցել սպանությունը, չափազանց հաջող էր ընտրվել։ Այն փոքր էր՝ 4 արշին լայնությամբ և 5 արշին երկարությամբ, լճի ուղղությամբ բացվող միակ պատուհանով, գտնվում էր ամառանոցի վերին հարկում, դեպի որը առաջին հարկից տանում էր մի նեղ սանդուղք։ Ինքը՝ ամառանոցը, գտնվում էր այլ շինություններից հեռու, այդ պատճառով օգնության ճիչեր հազիվ լսված լինեին։ Գապոնի դիակը կախված է եղել մուտքից աջ, պարանը կապված է եղել կախիչի երկաթյա կեռին և բազմակի փաթաթված է եղել նրա շուրջը։ Դիակը կիսանստած վիճակում է եղել, սպանվածի ոտքերը ազատ տարածված են եղել հատակին, ձեռքերը հետև տարված և պարանի, որով կապկպված են եղել, հետքերը վրան պահպանված[39]։ Հանգուցյալի տեսքը ծանր տպավորություն է թողել։ Դեմքը մգացած, շագանակագույն դարձած է եղել՝ նման մոմե ֆիգուրի։ Նրա դեմքի վրա դաժան պայքարի հետքեր են եղել. սպանվածի ձախ աչքը դուրս եկած է եղել, քիթը՝ կոտրված և դեֆորմացված[37]։ Դեմքի վրա պահպանված են եղել հարվածներից առաջացած քերծվածքներ, իսկ ձեռքի վրա՝ կծվածքի հետք[39]։ Հատակին կոտրված բաժակ է եղել։ Հանգուցյալի հագին մուգ կապույտ կոստյում է եղել, որի տակից երևացել է ժիլետը, ուկրաինական վերնաշապիկը և շագանակագույն ֆուֆայկան. ոտքերի մոտ նետված է եղել մուշտակը[37]։

Մայիսի 1-ի առավոտյան Օզերկիի ամառանոց ժամանեցին դատական իշխանությունները և ձեռնամուխ եղան վկաների հարցաքննությանը։ Փաստաբան Ս. Պ. Մարգոլինը, բանվորները, գապոնական «Ժողովի» ղեկավարները և մի քանի լրագրողներ հաստատեցին, որ սպանվածը Գեորգի Գապոնն է[39]։ Հանգուցյալի գրպաններում հայտնաբերվեց նրա ժամացույցը և Սանկտ Պետերբուրգից Շուվալովո և այստեղից՝ հետ երկաթուղային տոմսը՝ մարտի 28-ի համար, սեղանին դրված էր «Դվադցատիյ վեկ» թերթի մարտի 27-ի համարը[37]։

Դիակի ճանաչումից հետո քննիչները ձեռնամուխ եղան պահակների՝ Նիկոլայ Կոնսկիի և Վասիլի Մատվեևի հարցաքննությանը[37]։ Ըստ պահակների պատմածի՝ մարտի 24-ին ամառանոց են ժամանել երկու տղամարդ՝ մեկը թխահեր, ով իրեն կոչել էր Իվան Իվանովիչ Պուտիլին, մյուսը շիկահեր էր, իրեն անվանել էր նախորդի «գործակատարը»։  Պուտիլինը հայտարարել է, որ ցանկանում է վարձել առանձնատունը, և երկար սակարկել է, մինչև գնի մեջ համաձայնության գալը։ Հեռանալով՝ նա պատվիրել է ամառանոցում նոր պաստառներ փակցնել և պահանջել է, որ դա արվի հնարավորինս շուտ՝ հայտարարելով, որ «չի սիրում, երբ իր ոտքերի տակ ընկնում են»[39]։ Երկու օր անց նա «գործակատարին» ուղարկել է՝ հաստատելու իր տված հանձնարարությունը և վճարելու նախավճարը։ Մարտի 28-ին, Գապոնի անհետացման օրը, երկու վարձակալները կրկին եկել են և պահակ Վասիլիին ուղարկել են գարեջրի. երբ սա վերադարձել է, նրան մեկ շիշ գարեջուր են տվել և թույլատրել են հեռանալ։ Թե ի՞նչ է տեղի ունեցել հաջորդիվ, պահակը չգիտի։ Հաջորդ առավոտյան նա հայտնաբերել է, որ առանձնատան դռները կողպված են, և մինչ այժմ վարձակալները չեն հայտնվել[39]։

Անվտանգության բաժանմունքի պաշտոնյան սկսել է պահակներին լուսանկարչական քարտեր ցույց տալ։ Երբ նա հանել է դրանցից մեկը, պահակը բացականչել է՝ «Ահա՛ նա». դա թխահերի լուսանկարն էր, ով վարձել էր ամառանոցը և իրեն Պուտիլին կոչել[39]։ Քարտին պատկերվածը Պյոտր Ռուտենբերգն էր։ Երկրորդի անձը բացահայտել չի հաջողվել։ Ենթադրությունը, թե նա հայտնի ահաբեկիչ Բորիս Սավինկովն է եղել, չի հաստատվել[30]։

Գեորգի Գապոնի դիակի հայտնաբերումը Օզերկիում

Դեպքի վայրի զննությունից հետո դիակը դուրս է բերվել խցից և տեղափոխվել առաջին հարկ՝ դիահերձման։ Դիահերձումը կատարել են պրոֆեսոր Դ. Պ. Կոսորոտովը և բժիշկ Ա. Ի. Միշչենկոն։ Դիահերձմանը ներկա են եղել հատկապես կարևոր գործերի քննիչ Ն. Վ. Զայցևը, դատախազ Ս. Ն. Տրեգուբովը, Սանկտ Պետերբուրգի գավառի (ուեզդ) ուղղիչ սպա Վ. Ի. Կոլոբնևը, երդվյալ հավատարմատար Ս. Պ. Մարգոլինը, աշխատավորական կազմակերպությունների և մամուլի ներկայացուցիչներ։ Պրոֆեսոր Կոսորոտովի խոսքով՝ մարմինը զարմանալիորեն լավ էր պահպանվել, չնայած այն բանին, որ մեկ ամսից ավելի է մնացել ամառանոցում[39]։ Դիահերձումը հաստատել է, որ մահը վրա է հասել խեղդամահ անելու արդյունքում, բայց մնացել է անհասկանալի, արդյո՞ք հանգուցյալը խեղդվել է, թե՞ կախաղան է հանվել։ Խեղդվելու օգտին վկայում է այն, որ հանգուցյալը գտնվել էր կիսանստած վիճակում, իսկ մարդուն նման դիրքով կախել հնարավոր չէ, հետևաբար՝ նրան արդեն անգիտակից վիճակում կախել են։ Կախաղանի օգտին վկայում է այն, որ հանգուցյալի մոտ կոտրված են եղել պարանոցային աճառներ, իսկ ոտքերի վրա պահպանվել էին հարվածների հետքերը. ենթադրվել է, որ հանգուցյալի ոտքերին խփել են, որպեսզի նա չկարողանա բարձրանալ։ Դիահերձումը նաև հաստատել է, որ սպանությունն ուղեկցվել է շարունակական պայքարով։  Հանգուցյալի գլխի մազերը իրար և տեղ-տեղ՝ նաև գանգին, կպած են են եղել, ինչպես լինում է քրտինքի առատ արտազատում առաջացնող ջանքերից հետո[39]։ Հանգուցյալը աթլետիկ կառուցված և զարգացած մկաններ է ունեցել։

«Բավականին լա՜վ կուսակցական մահապատիժ։ Ես երբեք չեմ հավատացել, որ այստեղ կուսակցություն է գործել։ Այստեղ բանը մարդասիրության մեջ չէ, այլ՝ գաղափարական պարկեշտության»։ Ս. Յա. Ստեչկին[40]

Սպանությունը ընդհանուր առմամբ պատկերվել է հետևյալ կերպ. մենավոր ամառանոցում կազմակերպվել է Գապոնի տեսակցությունն անհայտ տղամարդկանց հետ։ Գապոնը ամառանոց է եկել նրանցից մեկի հրավերով՝ գործնական բանակցությունների համար[39]։ Հրավերը ստացվել էր Գապոնին լավ ծանոթ մի մարդու կողմից, որից նա ոչ մի վտանգ չի սպասել. երբ գնացել է հանդիպման, նա իր հետ զենք չի վերցրել[41]։ Նեղ աստիճաններով բարձրանալով դեպի վերին փոքրիկ սենյակը՝ Գապոնը հանդիպել է անհայտ անձանց և նրանց հետ զրույցի բռնվել։ Զրույցի ընթացքում զրուցակիցները հանկարծակի հարձակվել են Գապոնի վրա, տապալել նրան հատակին և սկսել կապկպել[39]։ Գապոնը հարձակվողներին դիմադրություն է ցույց տվել և փորձել է իր վրայից նետել մուշտակը, սակայն նրա մի ձեռքը մնացել է թևքի մեջ։ Հանցագործները կապել են նրա ձեռքերը, ընդ որում՝ մի ձեռքը կապվել է մուշտակի թևքի հետ միասին[41]։ Դրանից հետո հանգուցյալի վզին պարան են կապել և սկսել են խեղդել նրան, իսկ հետո նետել են հատակին ու կախել կախիչի վրա։ Պարանը փաթաթելով կեռիկի շուրջը՝ հանցագործները սկսել են հարվածել նրա ոտքերին, իսկ հետո նստել են նրա ոտքերի վրա և ճնշում գործադրել ուսերին՝ մինչև նա խեղդվել է։ Համոզվելով, որ Գապոնը մահացած է, մարդասպանները խուզարկել են նրա գրպանները և վառարանում ինչ-որ թուղթ են այրել, իսկ հետո լքել են ամառանոցը՝ կողպելով սենյակը և ներքևի դուռը[39]։

Բոլոր հատկանիշներով սպանությանը մասնակցել է ավելի քան երկու մարդ[37]։ Դատելով ծխախոտի մնացորդներից, ինչպես հաշվարկել է փաստաբան Մարգոլինը, հանցագործները երեքից չորսն են եղել[42]։ Նրանցից մեկը, հավանաբար, եղել է ինժեներ Ռուտենբերգը, ով ճանաչվել էր պահակի կողմից, մյուսը՝ նրա «գործակատարը», ով մնացել է անհայտ։ Ինչ վերաբերում է սպանության մյուս մասնակիցներին, ապա նրանք կարող էին ամառանոց մտած լինեին մոտակա անտառակից[37] կամ հարևան ամառանոցից, որը գաղտնուղիով միացված էր Զվերժինսկայայի ամառանոցին[43]։ Ամբողջ իրավիճակը վկայում էր այն մասին, որ այստեղ աշխատել էին պրոֆեսիոնալներ, ովքեր լավ են իմացել իրենց գործը և մանրակրկիտ նախապատրաստել են հանցագործությունը։ Բժիշկները նշել են սպանության առանձնակի դաժանությունը՝

«Բուն սպանությունը, բժիշկ-փորձագետների բնորոշմամբ, կատարվել է ցինիզմին հասնող բացառիկ դաժանությամբ։ Մահը դանդաղ է վրա հասել և, հավանաբար, չափազանց ցավոտ։ Եթե Գապոնը չի զգացել խեղդվելու տառապանքը, ապա միայն այն պատճառով, որ նա դրանից առաջ գլխին խուլ հարված ստանալով՝ ուշագնաց է եղել։ Դիակի վրա դաժան պայքարի հետքեր են հայտնաբերվել։ Սպանությունը, բժիշկների կարծիքով, տեղի է ունեցել տեղում, այսինքն Օզերկիի ամառանոցի վերին հարկում, մարդասպանները ցուցաբերել են զուտ մասնագիտական վայրագություն, նրանք խմել ու կերել են սպանությունից առաջ, գուցե՝ դրանից հետո։ Ամբողջ իրավիճակն ավելի շուտ վկայում է վարձու մարդասպանների, քան հեղափոխական մահապատժի գաղափարով առաջնորդվող մարդկանց մասին»[44]։

Առանձնատունը, որտեղ տեղի էր ունեցել սպանությունը, քանդվել է 1909 թվականին։ Ինչպես հաղորդել են ժամանակակիցները, քանդումը տեղի է ունեցել այն պատճառով, որ ոչ ոք չէր ցանկանում վարձակալել ողբերգության վայր դարձած ամառանոցը[45]։

Գեորգի Գապոնի հուղարկավորությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հոգեհանգիստ Գապոնի գերեզմանի մոտ

Գապոնի հուղարկավորությունը տեղի է ունեցել մայիսի 3-ին Շուվալովոյի և Պարգոլովոյի միջև գտնվող մերձքաղաքային Ուսպենսկյան գերեզմանատանը։ Հանգուցյալի մարմինը դրվել է դագաղի մեջ և տեղափոխվել Ուսպենսկյան եկեղեցու գերեզմանատան մատուռ[17]։ Աշխատավորները դիմել էին խնդրանքով, որ հուղարկավորությունը տեղի ունենա Միտրոֆանևյան գերեզմանատանը, բայց չէին ստացել նահանգապետի թույլտվությունը, ով վախեցել էր հնարավոր ցույցերից[46]։ Նախօրեին հանգուցյալի այրին «Սլովո» թերթում հայտարարություն էր տեղադրել՝ «Ալեքսանդրա Կոնստանտինովնա Ուզդալևան և ընկերներ-աշխատավորները խորը վշտով տեղեկացնում են հարազատներին, ծանոթներին և աշխատավոր-ընկերներին, որ մայիսի 3-ին, չորեքշաբթի, տեղի կունենա Գեորգի Ապոլոնովիչ Գապոնի հուղարկավորությունը Ֆինլանդական կայարանին կից գտնվող Ուսպենսկյան գերեզմանատանը։ Հոգեհանգստյան պատարագը կսկսվի առավոտյան ժամը 10:30-ին, այնուհետև նույն գերեզմանատան տեղի կունենա թաղումը»[47]։ Հնարավոր անկարգությունների դեպքում գերեզմանոցում ոստիկանական ուժեղացված կարգախումբ էին տեղակայել։ Այստեղ էին իսպրավնիկը, գավառամասի պրիստավը, մի քանի ուրյադնիկներ և ժանդարմներ, իսկ մոտակայքում՝ որսորդական տանը, թաքցվել էին հրացաններով զինված պահակներ և քաղաքապահ ոստիկանների (գորոդովոյ) հեծյալ ջոկատ[46]։

Առավոտից գերեզմանատուն սկսեցին ժամանել բանվորների խմբեր, արդեն կեսօրին հավաքվել էին 150-200 մարդ։  Հուղարկավորությունը կատարվեց աշխատավորական կազմակերպությունների միջոցներով։ Գերեզմանատեղը ընտրվել էր եկեղեցուց 150 սաժեն (2.134 մետր) հեռու վայր, որտեղ թաղված էին 1905 թվականի հունվարի 9-ին սպանված բանվորներ Ստեպանովը, Կիրիլովը և Օբուխովը[17]։ Հոգեհանգստյան կարգից հետո սկսվեց հանգուցյալի հրաժեշտի արարողությունը։ Բանվորները մեկ առ մեկ մոտենում էին դագաղին և ի դեմս հանգուցյալի՝ ճանաչում Գեորգի Գապոնին։ Մի քանի կանայք լաց էին լինում, ողբում էր տիկին Ուզդալևան։ Հրաժեշտի արարողությունից հետո հանգուցյալի մարմինը հանձնվեց հողին, իսկ հետո տեղի ունեցավ աշխատավորական հանրահավաք։ Տեղի ունեցած հանրահավաքում երգվեց «Դուք զոհն եք ճակատագրական պայքարի» օրհներգը, ապա հնչեցին ելույթներ[48]։ Ելույթներով հանդես եկան բանվորներ Վ. Մ. Կարելինան, Վ. Ա. Կնյազևը, Ս. Վ. Կլադովիկովը, Դ. Վ. Կուզինը, Գ. Ս. Ուսանովը, Վ. Սմիրնովը, Կ. Լևինը և ուրիշներ[49]։ Բանվորները խոսում էին այն մասին, որ Գապոնը ընկել է չարագործի ձեռքով, որ նրա մասին ասվածները սուտ են, և պահանջում էին վրեժ լուծել մարդասպաններից։ Ներկաներից լսվում էին «Վրեժխնդրությու՜ն, վրեժխնդրությո՛ւն։ Սու՜տ է, սու՜տ է» կոչերը[48]։ Կուզինը իր ելույթի ժամանակ հեկեկում էր[49]։ Հանրահավաքին ներկա «Նովայա վրեմյա»-ի մեկնաբանը գրել է՝

«Բանախոսներից ավելի լավ ելույթ ունեցան Սմիրնովը, Կուզինը, Կլադովնիկովը և տիկին Կարելինան։ Նրանց ելույթները հանգում էին այն բանին, որ Գապոնը սպանվել է չարագործի կողմից, և որ այժմ նրա հիշատակի շուրջ միավորված կազմակերպությունը ավելի սերտ ու ամուր է դառնալու։ Լավագույն ելույթը բանվոր Սմիրնովինն էր. նա ընդգծեց Գապոնի սպանության դաժանության փաստը։ Նրա դիակը մի ամբողջ ամիս մնացել է չթաղված։ Ինչու՞ նրան դաշույնով չեն խոցել, չեն սպանել բրաունինգով,այլ մեռցրել են դաժանաբար, դանդաղ ու նենգ։ Խոսնակն ասեց, որ ինքը դեռ չի կարող մարդասպանների անուններ տալ, բայց ովքեր էլ որ նրանք լինեն՝ նրանց սպասում է Գապոնի ընկերների վրեժխնդրությունը։ Լսվեցին «Վրեժխնդրությու՜ն, վրեժխնդրությո՛ւն» կոչերը, որոնց ներքո 150 մարդ, ձեռքերը բարձրացրած, գերեզմանի առաջ երդվեցին։ Տեսարանը մի քիչ թատերական էր՝ «Սատանա» օպերայից «վրիժառուների երգչախումբը» հիշեցնող, բայց և այնպես՝ միտքը, որ դրանք սին ճիչեր չէին, սարսափելի էր»[17]։

Պետերբուրգցիները Գապոնի գերեզմանի մոտ

Որոշ բանախոսներ ընդգծեցին, որ Գապոնը բանվորների շրջանում մասսայականացրել է սոցիալիզմի գաղափարները, որ նա առաջի՛նն է ցույց տվել դեպի թագավորը և Պետական Դումա տանող ճանապարհը[49]։ Խոսեցին Գապոնի հասցեին հնչող մեղադրանքների մասին։ Որքան էլ նրան պատվազրկեին, նա աշխատավորների համար մնալու է Հունվարի 9-ի հերոս։ Նույնիսկ վրեժխնդրության մասին խոսելիս՝ Գապոնի կողմնակիցները իրենց հակառակորդներին աղաղակելով կոչ էին անում ազնվության՝ նրանցից պահանջելով ապացույցներ իրենց մեղադրանքների և Գապոնին դատելու իրենց իրավունքի մասին[17]։ Ելույթ ունեցողներից ոմանք միտք հնչեցրեցին, որ սպանությունը կառավարության ձեռքի գործն է և հիշեցին ինչ-որ մեկի կողմից արված «Գապոնը Վիտտեին կփրկի, իսկ Վիտտեն կկործանի նրան» արտահայտությունը[46]։ Հանրահավաքն ավարտվեց «Ընկերնե՛ր, համարձակորեն համաքայլ» բառերով սկսվող «Ազատություն» օրհներգի կատարմամբ[48]։ Հանգուցյալի շիրիմի վրա «Գեորգի Գապոն։ 1905 թվականի հունվարի 9-ի հերոս» մակագրությամբ փայտե խաչ տեղադրվեց։ Այնուհետև գերեզմանին «Սանկտ Պետերբուրգի ֆաբրիկա-գործարանային ռուս աշխատավորների ժողով»-ի 11 բաժիններից ծաղկեպսակներ դրվեցին՝ Գապոնի դիմանկարներով և «Հունվարի 9-ի առաջնորդին՝ բանվորներից», «Հունվարի 9-ի Գեորգի Գապոնին՝ ընկերներ-աշխատավորների 5-րդ բաժնի անդամներից», «Մեծարգո Գեորգի Գապոնին՝ Վասիլեօստրովսկյան բաժնի ընկերներից», «Թանկագին ուսուցչին՝ Նարվսկի շրջանից 2 բաժանմունքից» և այլ գրառումներով։ Կոլոմենսկյան բաժնի աշխատավորների կողմից կարմիր ժապավենով մրտեպսակ կար՝ «Համառուսական հեղափոխության իսկական առաջնորդ, Հունվարի 9-ի հերոս Գեորգի Գապոնին» գառմամբ[46]։

Հանրահավաքից հետո բանվորները կամաց-կամաց ցրվեցին գերեզմանոցից, բայց հետդարձի ճանապարհին ևս մի քանի հանրահավաքներ կազմակերպվեցին։  Նրանցից մեկը պետք է տեղի ունենար Օզերկիում՝ Զվերժինսկայայի ամառանոցում, ուր սպանվել էր Գապոնը։ Օզերկիի կայարանում մինչև 50 հոգի հավաքվել էին[17]։ Ընդհանուր առմամբ, հանրահավաքները խաղաղ բնույթ կրեցին, ոստիկանությունը չմիջամտեց ելույթներին և հուղարկավորության արարողությանը. ելույթները պարզ և կրակոտ էին, ամբոխ չկար։ Օրը աշխատանքային էր, և աշխատավորական կազմակերպությունների բոլոր ներկայացուցիչները չէին կարողացել գերեզման գալ։ Գապոնին ճանապարհողների թվում էին հունվարի 9-ին վիրավորվածները, նրանցից մեկը՝ հենակներով[17]։

Գապոնական-բանվորներից ոչ մեկը չհավատաց նրա դավաճանությանը։ Բանվորների շրջանում իշխում էր այն համոզմունքը, որ Գապոնի սպանության հետևում կանգնած է թագավորական պահակախումը։ Գապոնի սպանության տարելիցի օրը բանվորները նրա շիրիմին հերթական հոգեհանգիստը կատարեցին։ Արարողությունից հետո մնացած շուրջ 100 մարդ երդվեցին վրեժ լուծել ինժեներ Ռուտենբերգից «Բարեպաշտի» մահվան համար[50]։ Գապոնի գերեզմանին աշխատավորների ուխտագնացությունները շարունակվեցին դեռ երկար տարիներ։ Հետագայում բանվորները գերեզմանի վրա տեղադրեցին մետաղյա սպիտակ խաչով հուշարձան։ Հուշարձանի վրա գրված էր՝ «Տարիներ կանցնեն, քեզ ժողովուրդը կհասկանա, կգնահատի, և քո փառքը հավերժ կլինի»[51]։

Գերեզմանը չի պահպանվել մինչև մեր օրերը։ Դեռևս մինչև 1924 թվականը այստեղ ծաղկեպսակներ և սգո ժապավեններ կային, բայց 1920-1940-ական թվականներին այն, ինչպես գերեզմանոցի մյուս գերեզմանները, տնտեսական կարիքների համար ապամոնտաժվեց[52][53]։

Սպանության հետաքննություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
«Ու՞մ էր պետք մարդու մահը, ով իր կնիքն էր դրել ժողովրդական զարթոնքի խոշորագույն փուլերից մեկի վրա։» Ա. Վ. Տիրկովա-Ուիլյամս[54]

Գապոնի մարմինը հայտնաբերելուց հետո դատախազությունը նրա սպանության փաստով քրեական գործ հարուցեց։ Քննության ղեկավարությունը դրվեց հատկապես կարևոր գործերով քննիչ Ն. Վ. Զայցևի վրա[44]։ Մայիս ամսվա ընթացքում քննության շրջանակներում հարցաքննվեցին մեծ թվով անձինք, ովքեր կապ են ունեցել Գապոնի և գապոնական «Ժողովի» հետ։ Քննիչ Զայցևը չսահմանափակվեց փաստացի տվյալների պարզ հաստատմամբ, նա մանրամասն տեղեկություններ հավաքեց Գապոնի անձի, նրա անցյալի, նրա գործունեության բնույթի և նրա կազմակերպության մասին։ Հարցաքննվեցին գապոնական «Ժողովի» և նրա բաժինների բոլոր ղեկավարները, Գապոնի այրի Ա.Կ. Ուզդալևան, մի շարք լրագրողներ և գրականագետներ։ Հարցաքննվեցին նաև վերջին օրերին Գապոնի հետ հանդիպումներ ունեցած մի շարք իշխանական պաշտոնյաներ[44]։ Կարճ ժամանակում հետաքննությունը հսկայական նյութ հավաքեց։ Հատկապես մանրամասն ցուցմունք տվեց լրագրող Ն. Վ. Նասակին-Սիմբիրսկին[55]՝ քննությանը հանձնելով մի շարք փաստաթղթեր, որոնք նրան ի պահ էր հանձնել Գապոնը։ Միևնույն ժամանակ Պետերբուրգի՝ Գապոնի բնակարանում պահվող փաստաթղթերը անհետացան[44]։

Սկզբնական շրջանում թերթերը ամպագոռգոռ հայտարարություններ տպագրեցին, թե Գապոնի գործը մոտ է բացահայտման, որ քննությունն արդեն ընկել է մարդասպաններին հետքի վրա և շուտով տեղի կունենա աղմկահարույց գործընթացը։ Քննությանը հաջողվեց «միանգամայն ճշգրիտ կերպով» պարզել, որ սպանությունը կատարվել է երեք անձանց կողմից, որոնց գլուխ կանգնած է եղել ինժեներ Ռուտենբերգը[1]։ Սակայն ժամանակի ընթացքում քննության ընթացքը սկսեց ձգձգվել, իսկ գործընթացը հետաձգվեց անորոշ ապագայով։ Ոստիկանությանը չհաջողվեց ձերբակալել այս գործին մասնակից ոչ մի մարդու։ Ոստիկանության դեպարտամենտի տվյալներով՝ ինժեներ Ռուտենբերգը սպանությունից անմիջապես հետո մեկնել է Ֆինլանդիա և փախել արտասահման[30]։ Քանի որ Ռուտենբերգը թաքնվել էր Շվեյցարիայում, նրան արտահանձնելու պահանջ ներկայացվեց այդ երկրին, ընդ որում՝ Ռուտենբերգը դիտարկվում էր որպես սովորական քրեական հանցագործ[1]։ Սակայն Ռուտենբերգը չարտահանձնվեց։ Սպանության մյուս մասնակիցների մասին Պետերբուրգյան անվտանգության բաժինը առանձին հաղորդագրություն տարածքեց, որ «անհրաժեշտ միջոցներ են ձեռնարվում» նրանց բացահայտելու ուղղությամբ[30], սակայն այդ միջոցների արդյունքները մնացին անհայտ։ Ինչպես հետևում է Ռուտենբերգի գրագրությունից, սպանության շարքային մասնակիցները մնացել են Ռուսաստանում և ապրել են ձերբակալման մշտական սպասումներով, սակայն նրանցից ոչ մեկը չի ձերբակալվել[56]։

Այն ժամանակվա թերթերում ընդգծվում էր, որ գործի՝ ոչ ժամանակին բացահայտման պատճառը Ոստիկանության դեպարտամենտի անգործությունն է, որը մեկ ամսվա ընթացքում անհետացած Գապոնին որոնելու ոչ մի քայլ չէր ձեռնարկել։ Եթե ոստիկանությունը ժամանակին ուշադրություն դարձրած լիներ թերթերի հոդվածներին, որոնք հաղորդում էին Օզերկիում Գապոնի սպանության մասին, գործի բացահայտումը շատ ավելի հեշտ կլիներ[37]։ Զվերժինսկայայի ամառանոցը, որտեղ նա սպանվել էր, հայտնի էր ոստիկանությանը, նախկինում այստեղ ընդհատակյա տպարան էր գործել, որի մասնակիցները հետագայում հաջողությամբ ձերբակալվել էին[18]։ Այդ պատճառով էլ այն միջոցների առկայությամբ, որոնց տիրապետում էր խուզարկության և գաղտնի ոստիկանությունը, սպանված Գապոնի մարմինը պետք է, որ դժվար չլիներ հայտնաբերելը[38]։ Գապոնի գործում ոստիկանության անպատասխանատու վարքագծի մասին զեկուցվեց ներքին գործերի նոր նախարար Պ. Ա. Ստոլիպինին։ Վերջինս պետերբուրգյան գեներալ-նահանգապետ Ա. Դ. Զինովևին ուղղված նամակում 1906 թվականի մայիսի 12-ին գրում է՝

«Անցյալ ապրիլի ընթացքում առավել տարածված թերթերում հրապարակված մի շարք հաղորդագրություններում եղել են ամենահամարձակ և մանրամասն ցուցումներ՝ վկայակոչելով տեղական և արտասահմանյան աղբյուրները և ականատեսների վկայությունները՝ Գապոնի սպանության վերաբերյալ, հենց այդպիսի՝ տեղի և ժամանակի պայմաններում, որոնք հետագայում ճշգրտորեն հաստատվել են հայտնաբերված փաստերով։ Սակայն ոստիկանությունը միանգամայն անտարբեր է վերաբերվել այդ տվյալներին՝ չնայած սույն գործի առանձնահատուկ նշանակությանը և կարծես թե տեղյակ չի եղել այնպիսի հանգամանքներից, որոնք լայն տարածում էին ստացել և դարձել էին, կարելի է ասել, հանրահայտ։ Կասկածից վեր է, որ ավելի մեծ հոգատարության դեպքում բավական կլիներ ժամանակին արագորեն ստուգել Օզերկովյան ամառանոցները, և հանցագործությունը կբացահայտվեր, այլ ոչ թե մեկ ամիս շարունակ մնար անարձագանք»[57]։

Նահանգապետի արձագանքը չուշացավ. մեղավորի դերը վերագրվեց գավառամասի պրիստավ Ս. Ն. Նեդելսկուն, ով իր պաշտոնից ազատվեց «սեփական դիմումի համաձայն»[57]։

Այս ընթացքում հասարակությունում սկսեցին լուրեր շրջանառվել, որ Գապոնի սպանության հետ կապ ունի անվտանգության բաժանմունքը[58]։ Թերթերի մի շարք հոդվածներում հաղորդվեց, որ մահից քիչ առաջ Գապոնը սպառնացել էր աղմկահարույց բացահայտումներ անել կառավարական բարձր պաշտոններ զբաղեցնող անձանց մասին։ Ինչպես նշել է «Ճանապարհ» («Путь») թերթը՝ Գապոնի անհետացումը հաջորդել է այն իրադրությանը, երբ բացահայտվեց և լայն արձագանք ստացավ նրա՝ կառավարության հետ ունեցած դրամական և անձնական հարաբերությունները, բանակցությունները և համաձայնությունները։ Այդ հարաբերությունների բնույթը ենթակա էր հանրային դատարանի քննությանը։ «Կային բացահայտումներ, որոնք պետք է վարկաբեկեին Գապոնին ու նրա կոնտրագենտներին։ Կարելի էր սպասել, որ Գապոնը կօգտագործեր իր բոլոր ջանքերը՝ իր համբավը վերականգնելու համար։ Այդ նպատակով նա կարող էր դիմել ծայրահեղ միջոցների։ Մարդը, ում հետապնդում են, և ով փրկում է իրեն, վտանգավոր է։ ...Եվ ահա, նա առեղծվածային սպանվեց»[59]։ Իսկ «Բորսային լուրեր»-ի մեկնաբանը գրել է՝ «Պարզ զգացվում է, որ Գապոնի մահով անհետացել է հնարավոր բացահայտումների աղբյուրը, որից ինչ-որ մեկը վախենում էր։ Բայց ո՞վ»[38]

Գապոնի գերեզմանը Ուսպենսկյան գերեզմանատանը։ Մինչև մեր օրերը չի պահպանվել[53]

Վ. Մ. Գրիբովսկու վկայությամբ՝ առաջիկա հանրային դատարանում Գապոնը խոստացել էր հրապարակել պետության բարձրաստիճան պաշտոնյաներին բացահայտող փաստաթղթեր։ «Ես կապացուցեմ, որ ես դավաճան չեմ, և կբացահայտեմ այնպիսի նկարներ, որից բոլորը ախ կանեն,-ասել է նա Գրիբովսկուն։- Ես շատ բան գիտեմ, ունեմ փաստաթղթեր, որոնց համար ոմն մեկը հսկայական գումար կտար»[20]։ Ավելի ուշ Գրիբովսկին հիշում է, որ խոսելով այդ փաստաթղթերի մասին՝ Գապոնը մի հնչեղ անուն է տվել, ով սերտորեն կապված էր հոկտեմբերի 17-ի Մանիֆեստի պատմության հետ[60]։ Իսկ Գապոնի այրի Ա. Կ. Ուզդալևայի վկայությամբ՝ ամուսինը բազմիցս ասել է, որ իր ձեռքում ուժեղ միջոց կա մի մարդու դեմ, ով իրեն կործանել է, և հասկացրել է, որ այդ մարդը Կոմս Վիտտեն է[61]։ Փաստաթղթերի մի մասը Գապոնն ի պահ էր հանձնել փաստաբան Ս.Պ. Մարգոլինին, ում հանձնարարել էր դատարանում պաշտպանել իր շահերը։ Փաստաթղթերի մյուս մասը նա պահում էր իր մոտ։ Գրիբովսկու և Մարգոլինի հետ մասնավոր զրույցներում Գապոնը մտավախություն է հայտնել որ իշխանությունները կարող են «միջոցներ ձեռնարկել», որպեսզի դատը չկայանա և փաստաթղթերը չհրապարակվեն[60]։ Գապոնը ենթադրում էր, որ իրեն կարող են սպանել, և պնդում էր, որ փաստաթղթերը հրապարակվեն նույնիսկ իր մահվան դեպքում։ «Չզարմանաք,-ասում էր նա,-եթե ես հանկարծ անհետանամ։ Նրանց կողմից, ում տհաճ են մերկացումները, իմ դեմ կարող են «միջոցների» կիառել, որպեսզի ես անձամբ ի վիճակի չլինեմ կանգնել դատարանի առաջ»[20]։ Իսկ հարցին, թե հատկապես ու՞մից է նա վախենում, Գապոնը պատասխանել է, որ վախենում է միայն անվտանգության բաժանմունքից, որը հիմքեր ունի իր անհետացումը ցանկանալու[61]։

1906 թվականի ամռանը Գապոնի գործը նոր ողբերգական շրջադարձ ընդունեց։ Հունիսին Գապոնի նախկին փաստաբան Ս. Պ. Մարգոլինը մեկնեց արտերկիր հանգստանալու։ Մի շարք թերթերում հաղորդագրություններ հայտնվեցին, թե Մարգոլինը Գապոնի՝ իրեն ի պահ տված փաստաթղթերը տանում է արտասահմանում հրապարակելու[60]։ Մեկնելուց առաջ Մարգոլինը որոշ անձանց հայտնել էր Գապոնի սպանության գործով իրեն հայտնի բոլոր տեղեկությունները հրապարակելու իր մտադրության մասին։ «Պետերբուրգսկայա գազետա»-ն հաղորդում էր՝ «Հանգուցյալը համոզված է եղել, որ դատական իշխանությունները գիտեն Գապոնի մարդասպանների անունները, և որ հետաքննությունը լիովին ավարտված է։ Սրանով հանդերձ, Սերգեյ Պավլովիչը նաև համոզված է եղել, որ դատական գործընթաց երբևէ չի լինելու, քանի որ դրանով վարկաբեկվելու են որոշ անհատներ»[62]։ Գործընկերների վկայությամբ՝ Մարգոլինը Գապոնի մեջ պատմական անձնավորություն էր տեսնում և մեծ նշանակություն էր տալիս նրա գործին[63]։ Գալով արտասահման՝ Մարգոլինը կանգ է առել ինչ-որ գերմանական հյուրանոցում, և այստեղ հանկարծամահ է եղել քրոնիկ հիվանդության նոպայից։ Որոշ տվյալներով մահը վրա է հասել ստամոքսի ցավերի նոպայից[60]։ Գապոնի հանելուկային փաստաթղթերը անհետ կորել են, և այլևս ոչ ոք դրանք չի տեսել։

Հետագայում Գապոնի գործի քննությունը գնալով ավելի դանդաղեց, չնայած թերթերում երբեմն հաղորդագրություններ Էին հայտնվում հավաքված «աղմկահարույց նյութի» մասին։ Արդյունքում՝ հետաքննության մի քանի տարի անց գործը փակվեց, իսկ նրա նյութերն այդպես էլ չհրապարակվեցին։ Դրանք մինչ օրս չեն հրապարակվել։

Լրագրային հրապարակումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Գեորգի Գապոն

Միևնույն ժամանակ, անկախ քննությունից, մամուլում սկսեցին հայտնվել այս սպանության հանգամանքների վրա լույս սփռող նյութեր։

1907 թվականին ինժեներ Ռուտենբերգն ապրում էր Մաքսիմ Գորկու մոտ, Կապրի կղզում և հրատարակության էր պատրաստում Գապոնի սպանության մասին իր հիշողությունները[50]։ 1907 թվականի հոկտեմբերին իտալական «Corriere della Sera» թերթում հայտնվում է «ռուս ներգաղթյալներից մեկի» հարցազրույցը, որն ապրում էր Մաքսիմ Գորկու մոտ՝ Կապրի կղզում[64]։ Հոդվածում նշվում էր, որ Գապոնի սպանությունը իրականացվել է մի խումբ հեղափոխականների և աշխատողների կողմից՝ Ռուտենբերգի մասնակցությամբ։ Հարցազրույցի տվյալներով՝ Գապոնի՝ Ռուսաստան վերադառնալուց հետո հեղափոխականները հանձնարարել են Ռուտենբերգին՝ հետևել նրա գործունեությանը։ Ռուտենբերգին հաջողվել է վստահություն ձեռք բերել Գապոնի նկատմամբ և շուտով համոզվել, որ նա այլևս չի ծառայում ազատագրական շարժման գործին։ Գապոնը այնքան է վստահել նրան, որ մի անգամ նրան առաջարկել է 50 հազար ռուբլու դիմաց ոստիկանությանը մարտական կազմակերպության մասին տեղեկություններ հայտնել։  Ռուտենբերգն այդ մասին պատմել է իր ընկերներին, սակայն նրանք կասկածել են, որ ինքը դարձել է Գապոնի հանցակիցը։ Այնուհետև, որպեսզի իրեն ապահովագրի նրանց կասկածներից, Ռուտենբերգը որոշել է ընկերների ներկայությամբ բացահայտել Գապոնին։ Այդ նպատակով նա հրավիրել է երկու հեղափոխականների և երկու բանվորների, ովքեր էլ գաղտնալսել են նրանց զրույցը և, համոզվելով դավաճանության մեջ, սպանել են Գապոնին ատրճանակի երեք կրակոցներով[64]։ Իտալական թերթում հրապարակված հարցազրույցը արտատպել են ռուսական որոշ թերթեր, մասնավորապես՝ «Ռուս» («Русь») թերթը[64]։

«Ռուս» թերթի հրապարակումը պատասխան արձագանք առաջացրեց բանվոր-գապոնականների կողմից։ 1905 թվականի հունվարի 9-ի իրադարձությունների հերթական տարելիցին մի խումբ բանվորներ «Նովայա Ռուս» թերթում զետեղեցին «Ի պաշտպանություն Գապոնի» հավաքական հայտարարությունը[12]։ Իրենց հայտարարության մեջ բանվորները գրում էին՝

«Այսօր մեր թանկագին ընկերոջ և եղբոր՝ Գեորգի Ապոլոնովիչ Գապոնի, որի ազնիվ անունն իր բազմաթիվ թշնամիների կողմից մինչ օրս շարունակվում է տարածվել, անվան հետ կապված իրադարձության 4-րդ տարելիցի օրը, մենք՝ ներքոստորագրյալներս, նրան լավ ճանաչող բանվորները, որոշեցինք բարձրաձայնել, որ Գապոնի թշնամիների կողմից տարածվող այն կարծիքը, թե նա իր կյանքի վերջին օրերին դավաճանել է ռուս ժողովրդի ազատագրական շարժումը, և որ, իբր, զբաղվել է հետախուզությամբ և դավաճանությամբ, աղաղակող բամբասանք է... Իսկ այս թերթին ու բոլոր այն տպագիր օրգաններին, որոնք իրենց մոտ տեղադրել էին վերը նշված նամակագրությունը և դրա նման այլ թղթակցություններ, մենք խնդրում ենք տպագրել նաև մեր այս հայտարարությունը ու դրանով օգնել մեզ վերականգնելու այն մարդու պատիվը, ով շատ բան է արել ռուս աշխատավոր ժողովրդի համար և ով ներկայումս զրկված է իր պատվի համար պայքարելու հնարավորությունից»[12]։

Հայտարարության մեջ նաև ներկայացվում էին փաստաթղթեր, որոնք վկայում էին, որ Գապոնը մինչև վերջին օրը չի դավաճանել ազատագրական շարժմանը և մնացել է աշխատանքային գործի մարտիկ։ Գապոնին վերագրված մեղադրանքները հերքելու համար բանվորները Ռուտենբերգին և նրա հանցակիցներին առաջարկել են ներկայանալ միջնորդական դատարան և իրենց մեղադրանքները կրկնել բանվորների ներկայությամբ։ Այս միջնորդական դատարանի նախագահ բանվորները նշանակել էին գրող Մաքսիմ Գորկուն[12]։ Սակայն այս հայտարարությանը ո՛չ Ռուտենբերգը, ո՛չ Գորկին չարձագանքեցին։

Ազեֆի բացահայտումը

[խմբագրել | խմբագրել կոդը]
Եվգենի Ազեֆ: Ոստիկանության դեպարտամենտի նկար

1908 թվականի վերջին տեղի ունեցավ կարևոր իրադարձություն, որը լույս սփռեց Գապոնի սպանության հանգամանքների վրա։ Վ. Լ. Բուրցևի և նրա օգնականների ջանքերով բացահայտվեց հեղափոխական շարժման մեջ ոստիկանական խոշորագույն գործակալը՝ էսէռների կուսակցության մարտական կազմակերպության ղեկավար Եվգենի Ազեֆը։ Այս կապակցությամբ էսէռների կուսակցության կողմից իրականացված հետաքննությունը պարզեց Ազեֆի մասնակցությունը խոշորագույն ահաբեկչական գործողություններին՝ Վ. Կ. Պլևեի, Մեծն իշխան Սերգեյ Ալեքսանդրովիչի և այլոց սպանություններին։ Նույն հետաքննությունը պարզեց նաև Ազեֆի մասնակցությունը Գեորգի Գապոնի սպանությանը[65]։ 1909 թվականի սկզբին կուսակցության ԿԿ-ն պաշտոնական հայտարարություն տարածեց, որում Ազեֆին հայտարարում էր «սադրիչ գործակալ» և հայտնում ահաբեկչական գործունեությանը նրա մասնակցության մասին։ Այդ հայտարարությունը տեղադրած թերթերում հաղորդվում էր, որ Ազեֆն «իր համախոհներին հաճախ է մեղադրել դավաճանության մեջ և տարբեր հեղափոխական դատարաններով հասնել նրանց մահապատժի դատապարտմանը։ Նման հեղափոխական հաշվեհարդարներից ամենահնչեղը Գապոնի սպանությունն էր, ում Ազեֆը մեղադրում էր կոմս Վիտտեին վաճառվելու մեջ»[66]։

Ազեֆի բացահայտումը հանրության ուշադրությունը բևեռեց Գապոնի գործի վրա։ Լրագրողները հույս հայտնեցին, որ այդ իրադարձությունը կօգնի բացահայտել Գապոնի սպանության իրական պատճառները։ Փիլիսոփա և հրապարակախոս Ա. Ս. Իզգոևը հայտարարեց, որ Ազեֆի բացահայտումը փաստ է, որը պետք է խթան հանդիսանա Գապոնի գործի վերանայման համար[67]։ 1905 թվականի հունվարի 9-ի իրադարձությունների պատմաբան Լյուբով Գուրևիչը գրել է՝ «Ազեֆի գործով թերթերի բացահայտումները գաղտնի հանքերից և պատմության դամբարաններից, ի թիվս շատ այլ բաների, հանեցին նաև Գապոնի մահվան իրական պատճառների վերաբերյալ դեռևս չձևակերպված ցուցումներ։ Հայտնի չէ, թե հետագայում կձևակերպվե՞ն այդ ցուցումները, դրանք կբավականացնե՞ն արդյոք ներկայումս ապրող որևէ մեկի հետաքրքրությունը, որպեսզի կողմնակի հանգամանքներից նետվող ակնարկից կառչելով՝ գոնե քայլ կատարի իր մանրամասնություններով նենգ ու նողկալի սպանության հետաքննության հարցում, որի պաշտոնական գործընթացը ժամանակին ինչ-որ անհասկանալի կերպով կասեցվել է»[68]։ Մամուլում սկսեցին հայտնվել նոր փաստեր ու բացահայտումներ։

1909 թվականի փետրվարին ինժեներ Ռուտենբերգը հայտարարություն հրապարակեց, որում խոստովանում էր, որ Գապոնի սպանությունը կատարել է Ազեֆի հանձնարարությամբ[2][69]։ Իր հայտարարության մեջ Ռուտենբերգը պնդում էր, որ Գապոնի սպանության մասին որոշումն ընդունվել է էսէռների կուսակցության Կենտկոմի կողմից այն փաստերի հիման վրա, որոնք վկայում էին ոստիկանության դեպարտամենտի փոխնախագահ Պ. Ի. Ռաչկովսկու հետ Գապոնի հարաբերությունների մասին։ Ընդ որում՝ Կենտկոմը անհնար էր համարել միայն Գապոնի սպանությունը, և Ռուտենբերգին հանձնարարել էին Ռաչկովսկու հետ հանդիպման ժամանակ նրանց երկուսին միասին սպանել։ Սակայն Կենտկոմի անդամը Ազեֆը, ստանձնելով Ռուտենբերգի հրահանգչի դերը, Կենտկոմի անունից նրան հանձնարարել է սպանել միայն Գապոնին այն դեպքում, եթե պարզվեր, որ երկուսին սպանելն անհնար է[2]։ Համոզվելով, որ Ռաչկովսկին դադարել է հանդիպել Գապոնի հետ՝ Ռուտենբերգը, կատարելով Ազեֆի հանձնարարությունը, կազմակերպել է միայն Գապոնի սպանությունը։ Սպանությունը կատարելու համար նա հրավիրել է մի խումբ աշխատավորների, կուսակցության անդամների, որոնց բացատրել է, որ իրենք կատարում են Կենտկոմի դատավճիռը։ Հետագայում պարզվել է, որ հանձնարարությունը չի համապատասխանել ԿԿ-ի որոշմանը, և կուսակցությունը հրաժարվել է ստանձնել սպանության պատասխանատվությունը։ Միաժամանակ, Ռուտենբերգը պնդում էր, որ սպանությունն իրականացնողներին հնարավորություն է տվել համոզվելու Գապոնի դավաճանության մեջ[2]։

Գապոնի սպանության մեջ Ազեֆի դերի բացահայտումը լրագրողական նոր հետաքննությունների առիթ դարձավ։ «Գոլոս Մոսկվի» («Голос Москвы») թերթում հայտնվեցին նյութեր, որոնք վկայում էին Գապոնի և Ազեֆի ծանոթության ու նրանց թշնամական հարաբերությունների մասին։ Թերթի թղթակիցը զրուցել էր մի խումբ բանվորների՝ գապոնականների հետ, որոնցից մեկը հիշել է, որ Գապոնից լսել է Ազեֆի ազգանունը[70]։ Գապոնը նրա մասին արտահայտվել էր որպես հեղափոխության ամենաազդեցիկ առաջնորդի՝ իր ենթականերին բռնապետորեն կառավարող. «Նա ղեկավարում է նրանց, և սրանք հեզաբար կատարում են նրա բոլոր քմահաճույքները»,- պատմել էր Գապոնը։- Ես փորձեցի առարկել և ապացուցել, որ նա շատ է առաջ անցել։ Իմ խոսքերը հանդիպեցին կենդանի հակահարվածի. մենք չսիրեցինք միմյանց»[70]։ Բանվորները նաև հիշել են, որ հենց նրա հետ է Գապոնը վիճել Ժնևի խորհրդաժողովում[70]։ Մեկ այլ հրապարակման մեջ լրագրող Ն. Իստոմինը հիշում է, թե ինչպես էր Գապոնը սահմանից վերադառնալիս «Ջոն Գրաֆթոն» շոգենավի վթարից հետո մեղադրում Ազեֆին իր անհաջողությունների համար։ «Գապոնը խոսում էր հուզված և չարացած։ Հավանաբար, ամեն ինչ փոթորկվել էր այս սարսափելի խառնվածքով մարդու մեջ՝ - Կրկին անիծյալ Ազեֆը խանգարեց...[71]: Իսկ երդվյալ հավատարմատար Ի. Գ. Գալպերշտեյնի վկայությամբ՝ Ազեֆի ազգանունը Գապոնից բազմիցս լսել է նաև անժամանակ մահացած փաստաբան Ս. Պ. Մարգոլինը[72]։

Հատված Լ. Յա. Գուրևիչի «Արատավորված անուն» հոդվածից, «Սլովո» թերթ, 1909 թվական

1909 թվականի օգոստոսին ինժեներ Ռուտենբերգը «Le Matin» թերթում հրապարակեց Գապոնի սպանության իր վարկածը[73]։ Նույն թվականի սեպտեմբերին նրա հուշերը տպագրվեցին Բուրցևի հրատարակած «Բիլոե» («Былое») ամսագրում։ «Գապոնի գործը» վերնագրված իր հիշողություններում Ռուտենբերգը մանրամասն պատմել է Գապոնի հետ իր հարաբերությունների մասին[3]։ Ռուտենբերգի պնդմամբ՝ գրքի հիմքում դրվել են Գապոնի հետ իր ունեցած զրույցների մասին գրավոր «հաշվետվությունները», որոնք նա կազմել է կուսակցության կենտրոնական կոմիտեի հանձնարարությամբ և փոխանցել կուսակցական ղեկավարությանը։ Հաշվետվությունները հստակ ապացուցել են Գապոնի և Ռաչկովսկու հարաբերությունների փաստը, որն էլ նրա սպանության առիթ է հանդիսացել[34]։ Ինչպես և առաջին հայտարարության մեջ, Ռուտենբերգը շարունակում էր պնդել, որ սպանության մասին որոշումը կայացվել է էսէռների կուսակցության կենտկոմի անդամների կողմից, սակայն պայմանով, որ Գապոնը սպանվի Ռաչկովսկու հետ միասին։ Միայն Գապոնի սպանության թույլտվությունը Ռուտենբերգին տրվել է անձամբ Ազեֆի կողմից, ով թաքցրել է նրանից, որ այդ տարբերակը հավանության չի արժանացել Կենտկոմի մյուս անդամների կողմից։ Իմանալով միայն Գապոնի սպանության մասին՝ կուսակցությունը հրաժարվել է ստանձնել այդ արարքի պատասխանատվությունը, իսկ Ազեֆը հրաժարվել է իր խոսքերից՝ հայտարարելով, որ միայն Գապոնի սպանության որևէ թույլտվություն ինքը չի տվել[34]։ Արդյունքում սպանությունը դիտարկվել է որպես Ռուտենբերգի անձնական գործ, իսկ Կենտկոմից այդ գործում վերջինիս մասնակցության ճանաչման հասնելու նրա փորձերը ապարդյուն են եղել։ Միաժամանակ, Ռուտենբերգը պնդում է, որ կուսակցական դատավճիռն ի կատար ածած աշխատավորները գաղտնալսման մեթոդով համոզվել են Գապոնի դավաճանության մեջ[34]։

Ռուտենբերգի գրքի հրապարակումը դժգոհություն առաջացրեց գապոնական-աշխատավորների շրջանում։ Բանվորները հերթական անգամ Ռուտենբերգի պնդումները զրպարտություն որակեցին և կոչ արեցին նրան կանգնելու միջնորդական դատարանի առջև։ Թերթերում իրենց հայտարարությունը հրապարակելու հնարավորություն չունենալով՝ բանվորները որպես միջնորդ «օգտագործեցին» «Անկախ աշխատավորական կուսակցության» նախկին ղեկավար Մ.Ա. Ուշակովին։ Ելույթ ունենալով մամուլում՝ Ուշակովը հայտարարեց, որ Գապոնի դավաճանական գործունեության մասին Ռուտենբերգի պնդումները սուտ են, և աշխատավորները կարող են հաստատել այն փաստը, որ Գապոնը մինչև կյանքի վերջը իշխող ռեժիմի թշնամին է եղել[74]։ «Որպեսզի մեկընդմիշտ վերջ դնեն Գապոնի մասին ասեկոսեներին, նրանք այժմ ձգտում են հանգուցյալի նկատմամբ միջնորդ դատի»,-պատմել է Ուշակովը։ -Այդ դատը վաղ թե ուշ տեղի է ունենալու, և դրան մասնակցելու են ներկայացուցիչներ բանվորներից ու հեղափոխականներից, որոնք փաստերի հիման վրա կորոշեն, թե ով է եղել դավաճանը՝ Գապոնը, թե՞ Ռուտենբերգը»[75]։ Սակայն, ինչպես և առաջին անգամ, աշխատավորների առաջարկը մնաց անպատասխան, և միջնորդ դատ այդպես էլ չկայացավ։

Սպանությունն ըստ ուշ աղբյուրների

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գապոնի բանակցությունները Ռուտենբերգի հետ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Պյոտր Ռաչկովսկի

Իր հուշերում, որոնք հրապարակվել են «Բիլոե» («Былое») ամսագրում, Ռուտենբերգը մանրամասն շարադրել Է Գապոնի հետ իր հարաբերությունների պատմությունը[3][34]։

Ռուտենբերգի խոսքերով՝ 1906 թվականի փետրվարի 6-ին Մոսկվայում իրեն՝ իր գաղտնի հասցեով ներկայացել է Գապոնը։  Ռուտենբերգի հասցեն Գապոնն իմացել է նրա կնոջից՝ Օլգա Խոմենկոյից, ով նրան լիովին վստահում էր։ Գտնելով Ռուտենբերգին՝ Գապոնը հայտարարել է, որ նրա հետ «լուրջ գործ» ունի։ Ռուտենբերգից ազնիվ խոսք վերցնելով, որ ասածը գաղտնի կմնա, Գապոնը պատմել է նրան կառավարական և ոստիկանական պաշտոնյաների հետ իր հանդիպումների մասին։ Էսէռների կուսակցության կենտրոնական կոմիտեում իր առաջին «հաշվետվությունում» Ռուտենբերգը մանրամասն վերարտադրել է այդ խոսակցությունը[34]։

Ըստ Գապոնի՝ 1905 թվականի հոկտեմբերի 17-ի մանիֆեստից հետո նա անօրինական կերպով վերադարձել է Ռուսաստան՝ «Ռուս ֆաբրիկա-գործարանային բանվորների փակ ժողովի» 11 բաժինները վերականգնելու մտադրությամբ։ Մի քանի հրապարակախոսներ ներկայացել են կոմս Ս. Յու. Վիտտեին և նրա մոտ ջանք են թափել Գապոնի և բաժինները բացելու լեգալացման համար։ Նրանցից մեկը՝ Ա. Ի. Մատյուշենսկին, Գապոնին ծանոթացրել է կոմս Վիտտեի հատուկ հանձնարարությունների պաշտոնյա Ի. Ֆ. Մանասևիչ-Մանույլովի հետ։ Հանդիպման ժամանակ Մանույլովը հայտարարել է, որ Վիտտեն Գապոնին խորհուրդ է տվել մեկնել արտասահման, քանի որ ներքին գործերի նախարար Պ. Ն. Դուրնովոն պնդում է, որ նա ձերբակալվի։ Մանույլովի հետ երկար բանակցություններից հետո Գապոնը կառավարության հետ համաձայնագիր է կնքել, ըստ որի նա պարտավորվել է հեռանալ Պետերբուրգից, իսկ Վիտտեն պարտավորվել է բացել բաժինները, փոխհատուցել դրանց փակման պատճառած վնասները 30 000 ռուբլու չափով և 6 շաբաթ անց լեգալացնել Գապոնին։ Գապոնը հետևել է համաձայնագրին և մոտ նոյեմբերի 24-ին մեկնել է արտասահման[34]։

Վերադառնալով Ռուսաստան դեկտեմբերի 25-ին՝ մի փոքր ավելի վաղ նախատեսված ժամկետից, Գապոնը համոզվում է, որ Վիտտեն իր խոստումները չի կատարել։ Բաժինները բացվել են կարճ ժամանակով, բայց Մոսկվայի ապստամբությունից հետո դրանք կրկին փակվել են։ Վիտտեի խոստացած 30 000 ռուբլուց բանվորները ստացել են միայն 7000-ը. մնացյալ գումարը, ինչպես պարզվեց, Ա. Ի. Մատյուշենսկին վերցրել և փախել էր։ Գապոնը այդպես էլ չէր օրինականացվել։ Մանույլովի հետ հաջորդ հանդիպման ժամանակ նա բացատրել է, որ Վիտտեն բաժինների բացման օգտին պայքարել է Դուրնովոյի դեմ։ Դուրնովոն կտրականապես դեմ է եղել գապոնական բաժիններին և հայտարարել է, որ հրաժարական կտա, եթե դրանք բացվեն։ Դուրնովոյի հանձնարարականով Գապոնին առաջարկվել է հանդիպել նրա աջ ձեռքի՝ ոստիկանության դեպարտամենտի փոխտնօրեն Պ. Ի. Ռաչկովսկու հետ[34]։

Հանդիպումը տեղի է ունեցել 1906 թվականի հունվարի սկզբին։ Հանդիպման ժամանակ Ռաչկովսկին հայտարարել է, որ բաժինների բացման հետ կապված գործը շատ դժվարին է։ Դուրնովոն գապոնական բաժինները վտանգավոր է համարում, իսկ Գապոնի գտնվելը Պետերբուրգում՝ անցանկալի։ Դուրնովոն և Դ. Ֆ. Տրեպովը ի դեմս Գապոնի տեսնում են վտանգավոր մարդու, ով կառավարության աչքի առաջ կազմակերպել է հունվարի 9-ին հեղափոխությունը և այժմ էլ կարող է «նման բան ձեռնարկել»։ Գապոնը փորձել է հանգստացնել պաշտոնյային՝ բացատրելով, որ աշխատավորների շարժման վերաբերյալ իր հայացքները փոխվել են, և այժմ նա միայն խաղաղ, արհեստակցական շարժման ջատագով է։ Ծայրահեղ հայացքներից, որոնք նա արտահայտել է իր հայտարարություններում, նա հրաժարվել է և զղջում է դրանց համար։ Ռաչկովսկին ի պատասխան նշել է, որ կառավարությունը դրանում ոչ մի երաշխիք չունի, և նրան առաջարկել է Դուրնովոյի անունով մի նամակ գրել՝ շարադրելով ասվածը։ Գապոնը որոշ տատանումներից հետո համաձայնել և գրել է այդ նամակը[34][76]

Իվան Մանասևիչ-Մանույլով

Հաջորդ հանդիպմանը Ռաչկովսկին ներկայացել էր Պետերբուրգյան անվտանգության բաժանմունքի պետ Ա. Վ. Գերասիմովի հետ։  Գերասիմովը բարեկամական զգացմունքների դրսևորման քողի ներքո խուզարկել է Գապոնին՝ համոզվելու համար, որ նա զենք չունի։ Ռաչկովսկին Գապոնին հայտնել է, որ իր գրած նամակը բացասական տպավորություն է թողել Դուրնովոյի և Վիտտեի վրա։ Դուրնովոն նույնիսկ շպրտել է թուղթը՝ մինչև վերջ չկարդալով այն։ Վիտտեն, Դուրնովոն և Տրեպովը դեռևս առաջվա նման զգուշանում են Գապոնից և վախենում են, որ նա «ինչ-որ բան կձեռնարկի»։ Ռաչկովսկին Գապոնին առաջարկել է կառավարությանը ապացուցել, որ այլևս հեղափոխական մտադրություններ չունի։ Այդ նպատակով նրան առաջարկել են բացեիբաց ծառայության անցնել և որևէ պաշտոն զբաղեցնել կառավարությունում։ Գապոնին առաջարկում էին բարձր պաշտոններ և մեծ աշխատավարձեր, սակայն նա հրաժարվել է այդ առաջարկներից։ Այդ ժամանակ Ռաչկովսկին առաջարկել է մեկ այլ տարբերակ՝ ինչ-որ բան պատմել այն հեղափոխականների մասին, որոնց հետ նա հանդիպել է արտասահմանում։  Ռաչկովսկին վկայակոչել է նախկին նարոդովոլեց Լ. Ա. Տիխոմիրովի զղջման օրինակը և Գապոնին առաջարկել է հետևել նրա օրինակին։ Գապոնը պատասխանել է, որ ոչինչ չգիտի[34]։

Այնուհետև խոսակցությունը անդրադարձել է Ռուտենբերգին։ Գապոնը վերջինիս իր ընկերն է անվանել և ասել, որ նրան շատ լուրջ հեղափոխական է համարում։ Այնուհետև Ռաչկովսկին և Գերասիմովը առաջարկել են նրան «գայթակղել» Ռուտենբերգին՝ ոստիկանությունում ծառայության անցնելու համար։ «Ա՜յ թե դուք մեզ նման կերպ գայթակղեիք»,-ասել են նրանք։ «Այսպես էլ ասեցին շան որդիները»,-պատմել է Գապոնը։ Նրա խոսքերով՝ ինքը խուսափել է ուղիղ պատասխանից և հայտարարել է, որ գործը հեշտ չէ, բայց 100 000 ռուբլի գումարի դիմաց նա կարող էր դա կազմակերպել։ Այստեղ Գապոնն ընդհատել է իր պատմությունը և անցել հեղափոխական պլանի շարադրմանը, որը, նրա խոսքով, այն «լուրջ գործն» էր, որի համար նա ժամանել էր Մոսկվա[34]։

Գապոնի՝ վերոնշյալ պատմությունը հաստատվում է այլ անկախ աղբյուրների կողմից։ Նշված պաշտոնյաների հետ Գապոնի բանակցությունների մասին գրված են Վիտտեի հուշերում[77], Դուրնովոյի գաղտնի զեկույցում[78], Ա. Վ. Գերասիմովի[79], Ի. Ֆ. Մանասևիչ-Մանույլովի[80][81] հիշողություններում և տարբեր անձանց հետ Գապոնի ունեցած պատմություններում։ Փաստաբան Ս. Պ. Մարգոլինի վկայությամբ՝ Գապոնը իրենից չի թաքցրել, որ հարաբերություններ է պահպանում ոստիկանության դեպարտամենտի պաշտոնյաների հետ։ Նրա հետ զրույցներից մեկում նա ասել է՝ «Ես նույն Գապոնն եմ, որը ես եղել եմ հունվարի 9-ին։ Ես մինչև հունվարի 9-ն էլ եմ եղել անվտանգության բաժանմունքի հետ կապված, բայց օգտագործել եմ իմ կապերը բացառապես աշխատավորական շարժման շահերի համար։  Իմ խնդիրն է կյանքի կոչել աշխատավորական բաժինները։ Ես պահպանում եմ Ռաչկովսկու, Մանույլովի և մյուսների հետ իմ կապերը։ Նրանք հարցրել են ինձ, թե արդյո՞ք իմ կազմակերպությունները դավադրություն չեն լինի թագավորի դեմ, և ես նրանց խոստացել եմ, որ մենք չենք գնա թագավորի դեմ, որ մենք միայն խաղաղ սոցիալական աշխատանքով կզբաղվենք»[22]։

Ի. Ֆ. Մանասևիչ-Մանույլովն իր հիշողություններում ներկայացրել է Գապոնի հետ 1905 թվականի դեկտեմբերի վերջին ունեցած զրույցներից մեկը[80]։ Գապոնը խոսել է հոկտեմբերի 17-ին Մանիֆեստի՝ իր աջակցության, հեղափոխականների բռնի մարտավարության մերժման և աշխատանքային շարժումը խաղաղ հուն մտցնելու ձգտման մասին։

«Եթե կառավարությունը չկարողանա հեղափոխությունը տեղը դնել և չաշխատի հոկտեմբերի 17-ի Մանիֆեստը կյանքի կոչելու ուղղությամբ, ապա այն, իմ կարծիքով, կհայտնվի սարսափելի վիճակում։  Մեր առջև կարող են սարսափելի պատկերներ հայտնվել, որոնք կհիշեցնեն պուգաչովյան խռովության օրերը ... Դուք կարծում եք, որ դա դժվա՜ր է անել։ Բնավ՝ ո՜չ... - Գապոնի ոչ մեծ կերպարանքում, ձյութի պես սև աչքերում ինչ-որ մի սարսափելի, տհաճ բան կար։ Նրա գունատ, կնճռոտ դեմքին հանկարծ կարմրություն հայտնվեց։ - Այո՛, այո՛... Ռուսաստանում խռովություն բարձրացնելը դժվար չէ ... ես կարող էի դա կարճ ժամանակում իրագործել... բայց հիմա ժամանակը չէ ... պետք է աշխատել հանգստություն պահպանել... բանվորերի արյուն պետք չէ... Բավական է…»[80]:

Գապոնի հանդեպ կառավարության անվստահության մասին հաղորդում են Վիտտեի և Գերասիմովի հուշերը։ Վիտտեի խոսքերով՝ երբ ինքն իմացել է, որ Գապոնը անօրինական կերպով վերադարձել է Ռուսաստան, նրան հրահանգել է անհապաղ մեկնել արտասահման և դրա համար 500 ռուբլի է տվել։ Դուրնովոն ցանկացել է ձերբակալել Գապոնին և դատել նրան 1905 թվականի հունվարի 9-ի իրադարձությունների համար, սակայն Վիտտեն պնդել է, որ նրան թույլ տան հեռանալ Ռուսաստանից[77]։ Կայսրին հասցեագրված Դուրնովոյի՝ 1906 թվականի մարտի 6-ի գաղտնի զեկույցում հաղորդվում է Վիտտեի և Գապոնի միջև՝ «Ռուս ֆաբրիկա-գործարանային աշխատավորների ժողով»-ի 11 բաժինների բացման և 30000 ռուբլի սուբսիդիայի տրամադրման համաձայնագրի մասին։ Դուրնովոյի խոսքով՝ ինքը դեմ է եղել Գապոնի հետ որևէ գործարքի, սակայն Վիտտեի պնդմամբ համաձայնել է սուբսիդավորել Գապոնի՝ բանվորներին ուղղված նամակի տպագրությունը[78]։

Նույն զեկույցում խոսվում է Գապոնին ոստիկանական հետախուզման մեջ ներգրավելու փորձերի մասին։ Դրա համար Դուրնովոյի կարգադրությամբ 1906 թվականի հունվարի կեսերին նրա մոտ է ուղարկվել Պ. Ի. Ռաչկովսկին։ Ռաչկովսկու հետ զրույցում Գապոնը պատրաստակամություն է հայտնել կարճ ժամանակում բացահայտել էսէռների մարտական կազմակերպությունը, սակայն զեկույցը գրելու պահին իր խոստումը չի կատարել[78]։ Գնդապետ Ա. Վ. Գերասիմովն իր հուշերում հիշում է Գապոնի հետ Դուրնովոյի հանձնարարությամբ կայացած հանդիպման մասին։ Գապոնը նրա վրա թողել է մի մարդու տպավորություն, ով խոսքով պատրաստ էր մատնել «ամեն ինչ ու բոլորին», բայց իրականում ոչինչ չգիտեր։ Գերասիմովը Դուրնովոյին զեկուցել է իր տպավորությունների մասին, սակայն Դուրնովոն, Ռաչկովսկու ազդեցության տակ, շարունակել է պնդել Գապոնի հետ գործարքի մեջ մտնել։ Գերասիմովի խոսքերով՝ Գապոնը Ռուտենբերգին գործի մեջ ներգրավելու համար պահանջել է 100 000 ռուբլի՝ 50 000-ական իր և Ռուտենբերգի համար[79]։ Դուրնովոն, չունենալով այդչափ գումար, օգնության համար դիմել է Վիտտեին։ Սա պատասխանել է, որ գանձարանի համար այդ գումարը ոչ մի նշանակալի բան չի, բայց Գապոնին նա չի վստահում և նույնը խորհուրդ է տալիս Դուրնովոյին[77]։

Գապոնի հեղափոխական պլանները

[խմբագրել | խմբագրել կոդը]
«Գապոնի ողջ կերպարում ֆանատիզմ էր նկատվում, և զգացվում էր, որ այդ մարդը չի երկմտի, եթե ստիպված լինի, քայլել դիակների վրայով»[82]

Գապոնի և Ռուտենբերգի հանդիպումը տևել է երկու օր՝ փետրվարի 6-ին և 7-ին։ Ռաչկովսկու հետ իր հանդիպումների մասին Ռուտենբերգին պատմելով՝ Գապոնն անցել է իր հեղափոխական ծրագրի շարադրմանը։ Գապոնը վստահություն է հայտնել, որ Վիտտեն և Դուրնովոն իր հետ «բարի և չար քննիչ» են խաղում և հայտարարել, որ անհրաժեշտ է վրեժխնդիր լինել նրանց չկատարած խոստումների համար։ «Իրավիճակն այնպիսին է, որ պետք է օգտագործել այն,-ասել է Գապոնը։ -Նախկինում ես դեմ էի միասնական ահաբեկչությանը, հիմա կողմ եմ»։ Գապոնը Ռուտենբերգին առաջարկել է համաձայնել Ռաչկովսկու առաջարկին, գնալ նրա հետ հանդիպման, իսկ հետո իր կարգավիճակն օգտագործել հեղափոխական նպատակով։ Գապոնի ծրագիրը կայանում էր նրանում, որ վստահություն ձեռք բերվեր Վիտտեի և Դուրնովոյի մոտ, իսկ հետո նրանց դեմ ահաբեկչական գործողություններ կազմակերպվեր։  Գապոնի պնդմամբ՝ դա մեծ նշանակություն կունենար և խթան կհանդիսանար համաժողովրդական ընդվզման համար։  Ապստամբության կազմակերպման համար նա ենթադրում էր հենվել «ժողով»-ի 11 բաժինների վրա, որոնք աշխատավորների շրջանում մեծ ժողովրդականություն էին վայելում[34]։

Գապոնը երեք անգամ վերադարձել է իր պլանի շարադրանքին՝ փետրվարի 7-ին՝ Ռուտենբերգի հետ առաջին հանդիպման ժամանակ, մարտի 1-ին և մարտի 5-ին կայացած հանդիպման ժամանակ։ Գապոնի ծրագիրը հիմնված էր այն բանի վրա, որ Վիտտեի և Դուրնովոյի միջև հակասություններ կային և նրանց միջև պայքար էր մղվում իշխանության համար։ Մի կողմից, Վիտտեն և նրա մերձավորները, ինչպես Մանասևիչ-Մանույլովը, կցանկանային, որ Դուրնովոն սպանվեր։ Մյուս կողմից, Ռաչկովսկին և Դուրնովոն դեմ չէին լինի սպանված տեսնել Վիտտեին։ Գապոնն արդեն այս թեմայով խոսել էր Մանույլովի հետ և կարողացել էր իմանալ Դուրնովոյի սիրուհու, որի մոտ նա գնում էր, տան հասցեն։ Տունը գտնվում էր Մոխովայա փողոցի վրա։ Հետագայում կարելի էր ավելին իմանալ։ Մանույլովի միջոցով կարելի էր «դուրս գալ» Վիտտեի «վրա», իսկ Ռաչկովսկու միջոցով՝ Դուրնովոյի «վրա», ապա հարմար պահի «հնձել» նրանց։ Գապոնը խոստացել է Դուրնովոյին իր սեփական ձեռքերով սպանել[34]։

Գապոնն առաջարկել է Ռուտենբերգին այդ ծրագրի իրագործումը վստահել էսէռների մարտական կազմակերպության ղեկավարներին՝ Ազեֆին և Սավինկովին։ Նա պետք է հանդիպեր նրանց հետ, և միասին քննարկեին առաջարկված ծրագիրը։ Ռուտենբերգը պետք է ներազդեր նրանց վրա այնպես, որպեսզի նրանք վստահեին իրեն։ Գապոնը պետք է ռազմական կազմակերպություն մեջ ընդունվեր նրանց հետ հավասար իրավունքներով և ամեն ինչից տեղյակ լիներ, «ոչ թե՝ ինչպես Ժնևում»։ Այնուհետև հնարավոր կլիներ օգտագործել առկա կապերը և «հասնել» Վիտտեին և Դուրնովոյին։ Ինքը՝ Ռուտենբերգը, պետք է համաձայներ Ռաչկովսկու հետ հանդիպմանը, նրան ինչ-որ տեղեկություններ հաղորդեր և նրանից գումար ստանար։ «Առանց փողի ոչինչ անել հնարավոր չէ։ Փողն ամեն ինչի լծակն է»։  Զրույցի վերջում Գապոնն առաջարկել է ոչինչ չհայտնել Ազեֆին և Սավինկովին և «գործը երկուսով անել»։ Ռուտենբերգը ոչինչ չի պատասխանել, խոստացել է մտածել և մեկնել է Պետերբուրգ[34]։

1906 թվականի փետրվարին սկանդալ առաջացավ, որը պայմանավորված էր Գապոնի՝ Վիտտեից 30 000 ռուբլի ստանալու մասին տեղեկատվության հրապարակմամբ։ Սկանդալը դարձավ Գապոնի դեմ թերթերի արշավի սկիզբը, որին մասնակցեցին բոլոր ձախ կուսակցությունները։ Մեկ ամսվա ընթացքում Գապոնի ազդեցությունը հասարակության մեջ և աշխատանքային միջավայրում արագորեն նվազեց։ Ինքնավերականգնման նպատակով Գապոնը առաջ քաշեց հասարակական դատարանի գաղափարը, որտեղ պատրաստվում էր հերքել իրեն առաջադրված բոլոր մեղադրանքները։ Գապոնի ազդեցության անկման պատճառով նրա հեղափոխական ծրագիրը անիրագործելի դարձավ, և մարտի 1-ին և 5-ին Ռուտենբերգի հետ հանդիպումների ժամանակ նա արդեն դրա մասին խոսել է անցյալ ժամանակով[34]։ Սակայն մարտի 10-ին կայացած հանդիպման ժամանակ Գապոնը կրկին վերադառնում է ահաբեկչական պլանին, և այս անգամ առաջարկում է սպանել Ռաչկովսկուն և Գերասիմովին։  Գապոնն ասում է, որ բոլոր սկանդալներից հետո իր հասարակական վիճակն այնպիսին է, որ միայն նման ակտով կարող է վերականգնել իր հանդեպ եղած վստահությունը։ Ռուտենբերգի խոսքերով՝ Գապոնը խոսել է այնպիսի եռանդով և մոլուցքով, որ նա սկսել է լրջորեն քննարկել այդ ծրագիրը։ Գապոնն ասել է, որ դա իր վաղեմի գաղափարն է, և որ լավ կլինի նրանց սպանել նախքան Պետական Դումայի բացումը։ Եվ Դուրնովոյին՝ նույնպես. «Եթե ես համոզված լինեմ, որ ինձ ավելի կարևոր առաքելություն վերապահված չէ, ես ինձ վրա կվերցնեմ այդ գործը։ Միայն պետք է այնպես կազմակերպել, որպեսզի հեռանալ լինի»[34]։

Ինչպես հետևում է Ռուտենբերգի հիշողություններից, նա չի հավատացել Գապոնի հեղափոխական ծրագրերի իրական լինելուն և հակված է եղել երևակայություններ տեսնել նրանց մեջ։ Պատմելով Գապոնի պլանների մասին՝ Ռուտենբերգը գրել է, որ նա շփոթվել է, ընկել հակասությունների մեջ, և եզրակացրել, որ նրա ծրագրերը միայն «սիմուլյացիա» էին և փող ստանալու ցանկության քողարկում։ «Ջերմագին և սահուն կերպով Գապոնը խոսում էր միայն ընդհանուր ծրագրերի մասին, իսկ փաստերը շարադրում էր զգուշորեն, անհետևողական, հաճախ հակասելով ինքն իրեն»[34]։ Մինչդեռ ժամանակակից պատմաբաններ Բ. Ա. Ռավդինը[83] և Դ. Վ. Պոսպելովսկին[84] ենթադրում են, որ Գապոնի ծրագրերը լիովին իրական էին։ Պատմաբան Բ. Ա. Ռավդինի կարծիքով՝ Գապոնը մտադիր էր ի կատար ածել Վիտտեի և Դուրնովոյի դեմ իր ահաբեկչական պլանները՝ կախված «ժողովի» բաժինների բացման շուրջ բանակցությունների հաջողությունից կամ անհաջողությունից՝

«Ի՞նչ էր առաջարկում Գապոնը։ Ձևացնել, որ Ռուտենբերգը մեծ վարձատրության դիմաց պատրաստ է գաղտնի ոստիկանությանը մատնել Էսէռների կուսակցության մարտական կազմակերպությունը, մահափորձերի ժամանակացույցը, իսկ ահաբեկիչներին զգուշացնել ժամանակին, որպեսզի նրանք կարողանան թաքնվել։ Եթե ինչ-որ մեկը կընկներ ոստիկանության ձեռքը, սարսափելի չէ...անտառը հատելիս տաշեղներ կթռչեն։ Առաջարկների երկրորդ կետը՝ կազմակերպել մի շարք իրական մահափորձեր, ասենք, Վիտտեի, Դուրնովոյի կամ Տրեպովի, ոստիկանության առաջատար պաշտոնյաների, օրինակ՝ Ռաչկովսկու։ Հավանաբար, Գապոնի մտահղացումները պետք է վերածվեին շարժման՝ կախված այն բանից, թե որքանով կհաջողվեր իրագործել նրա հիմնական գաղափարը «ժողովի» և սրանում իր տեղի վերականգնումը։  Մի կողմից, նա կառավարության համար իր լոյալության ապացույցներ էր պատրաստում, մյուս կողմից՝ և՛ փոխհատուցում էր կառավարության այն պաշտոնյաներին, որոնք խոստացել էին իրապես վերակենգնել բաժինները և չէին կատարել դրանք, և՛ պատրաստվում էր վերականգնել իր հեղինակությունը, որն էապես խարխլվել էր կառավարության հետ նրա գաղտնի փոխհարաբերությունների բացահայտման և 30 հազարի շուրջ սկանդալի պատճառով»[83]։

Հատված Ս. Յա. Ստեչկինի «Գապոնի գաղտնիքները» հոդվածից, «Բորսային տեղեկագիր» («Биржевые ведомости»), 1906 թվական[11]

Գապոնի այս ծրագրերի առկայության մասին գոյություն ունեն նաև անկախ վկայություններ։ Այսպես, պրոֆեսոր Դ. Վ. Պոսպելովսկին վկայակոչում է գապոնական շարժման առաջնորդներից մեկի՝ բանվոր Ա. Ե. Կարելինի հիշողությունները, ով պատմել է, որ այդ ծրագրերի մասին իմացել է իր ընկեր, «Ժողովի» բաժիններից մեկի ղեկավար, բանվոր Վ. Ա. Անդրինգից[84]։ Խորհրդային տարիներին հրապարակված իր հուշերում Կարելինը գրել է՝

«Գապոնին հալածատանջ արեցին։ Նրա մասին բամբասանքներ և զրպարտչագրեր տարածեցին։ «Ես ցույց կտամ, թե ինչ եմ ներկայացնում ինձանից,-բազմիցս ասել է Գապոնը։ - Նրանք դեռ կիմանան, որ ես կեղտոտ անձնավորություն չեմ։ Եվ ինչպես ազնիվ մարդ եղել եմ, ազնիվ էլ կմնամ։» -Լսելով այդ խոսքերը՝ մենք չգիտեինք, թե ինչ է նա պլանավորում՝ թերթ գրել, թե՞ տեռորի դիմել։ Պատահաբար իմացա, որ նա որոշել է ընտրել երկրորդ ճանապարհը։  Մի օր ինձ մոտ եկավ իմ ընկերը, բանվոր Անդրիխը, Վլադիմիր Անտոնովիչը, և ասաց, որ Գապոնը իրեն կանչում է մարտական խումբ, որը նա սկսել է կազմավորել՝ մտադրվելով սպանել Ռաչկովսկուն, Վիտտեին և մյուսներին։ Դրանից ոչինչ չի ստացվի։ Ահաբեկչությունը պատասխան ահաբեկչություն կառաջացնի,-ասացի ես։ Գապոնն իր մտադրության մասին պատմել էր Ռուտենբերգին, այս վերջինս՝ Ազեֆին, իսկ Ազեֆից էլ իմացել էր Ռաչկովսկին»[85]։

Հետաքրքիր տեղեկություններ են պարունակվում կոմս Ս. Յու. Վիտտեի հիշողություններում։ Ըստ Վիտտեի՝ իր ծանոթ Ի.Դ. Սիտինի հրատարակած «Ռուսկոյե սլովո» («Русское слово») թերթի տրամադրությանն է տրվել Գապոնի հուշերի չհրապարակված ձեռագիրը։  Այդ հուշերում Գապոնը հայտնել է Վիտեին սպանելու իր մտադրության մասին։ Ըստ այդ ծրագրի՝ Գապոնը պետք է Ի. Ֆ. Մանասևիչ-Մանույլովի և իշխան Վ. Պ. Մեշչերսկու միջնորդությամբ ներկայանար Վիտտեին և ընդունելության ժամանակ գնդակահարեր նրան։ «Որոշված է եղել, որ Գապոնը ինձ մոտ կգա և ինձ կսպանի բրաունինգով։ Բայց դա նրան չհաջողվեց, քանի որ, չնայած Մանույլովի և Մեշչերսկու խնդրանքներին, ես Գապոնին չընդունեցի»[86]։ Ձեռագիրն այդպես էլ չհրապարակվեց, և նրա հետագա ճակատագիրը հայտնի չէ։  Սակայն հայտնի է, որ իշխան Մեշչերսկու մոտ Գապոնը եղել է մահվանից մոտ մեկ ամիս առաջ[87]։

«Բորսային տեղեկագրի» տեղեկություններով, երբ թերթերում արշավ սկսվեց Գապոնի դեմ, նրա ընկերները պահանջեցին հերքել զրպարտչական լուրերը։ Բայց նա հայտարարեց, որ դեռ ժամանակը չէ, որ պետք է մի քի չէլ սպասել, և ինքն ուժեղ հարված կհասցնի իր թշնամիներին։ «Գործն՝ ինքը,- ասում էր Գապոնը, - կխոսի իր մասին, և այդ ժամանակ կիմանան, թե ինչ է արել և ինչ է անում տեր Գապոնը»։ Օզերկի մեկնելուց առաջ վերջին օրերին նա ասել է, որ զբաղված է մեծ աշխատանքով, և որ «ահա-ահա»՝ արդեն շուտով կհասկանան և կգնահատեն իր նշանակությունը ազատագրական շարժման գործում[88]։ Բանվորական ամսագրի խմբագիր նշանակված լրագրող Ս. Յա Ստեչկինին Գապոնն ասել է՝ «Դուք աշխատում եք, գրել աշխատավորների մասին՝ ձեր ամենասիրելի գործն է, իսկ ես նետվելու եմ հեղափոխության ալիքների մեջ»։ Ստեչկինը հարցրել է, թե արդյո՞ք աշխատավորական կազմակերպությունները դրանից չեն տուժի։ «Ոչինչ, ոչինչ։ Իմ գործն առանձին է։  Ես չեմ վտանգի աշխատավորների գործը և ընտանիքների երջանկությունը։ Դուք մի՛ անհանգստացեք։ Աշխատե՛ք հօգուտ կազմակերպությունների, ձեզ ոչինչ չի դիպչի։ Ես հրատարակության համար բանկին գումար ի պահ կտամ, իսկ աշխատավորները կվերահսկեն ամբողջ գործը։ Այդ գործը նրանց հոգեհարազատ է։ Իսկ ես ունեմ ի՛մ պլանը, դժոխային պլանը»[11]։

Գապոնին մտերիմ բանվորներից մեկը հիշում է՝ «Ես Գեորգիի ամենավստահելի մարդն էի, և, այդուհանդերձ, նա ամեն ինչ չէ, որ ինձ ասում էր։  Ես գիտեի, որ նա «մեծ գործ» ունի, որ նա կրկին ու կրկին երկու ճակատով խաղ է խաղում, բայց ինքնավստահ, իր դեմքին բնորոշ մշտական ժպիտով ասում էր՝ «Լռի՛ր, եղբայր... Ես ինքս ամեն ինչ ավելի լավ եմ հասկանում։ Կառավարության ուսերին պետք է հեղափոխություն անել։ ...Նրանք կարծում են, որ խաբեցին ինձ, բայց հենց ես եմ խաբելու նրանց... Ա՛յ կտեսնեք... Ես նոտաների նման ամեն ինչ կարդում եմ։ ...Ես ունեմ իմ աստղը։»...Այդ ամենը նա ասել է Օզերկի մեկնելուց մի քանի օր առաջ»[19]։

Հայտնի լրագրող Ա. Ե. Զարինը, մեկնաբանելով Գապոնի անհետացումը, նրան կապել էր Պետական I Դումայի բացման մոտենալու հետ՝ «Նա զրկվել էր իր նշանակալիությունից, բայց չէր կորցրել այն, և իր էներգիայով, իր ունակություններով, իր մաքիավելական խելքով կարող էր դեռ իր դերը խաղալ և կրկին տրիբունի տեղը զբաղեցնել բանվորների շրջանում։ Իսկ ե՞րբ։ Ա՛յժմ։ Ժամանակը մոտենում է։ Դումայի բացումն էր, իսկ դրան հետևելու էր մայիսի 1-ը։ Աշխատավորների շրջանում դժգոհություններ, գործազուրկների շրջանում սով և ֆաբրիկա--գործարանային շրջաններում չդադարող ռեպրեսիաներ... Միգուցե նա իր ունակություններով «վտանգավոր» է թվացել անվտանգություն ապահովող անձանց։ ... Եվ անհետացավ...»[23]:

Վ. Մ. Կարելինի վկայությամբ՝ անհետացումից քիչ առաջ Գապոնը իր մերձավորներին հայտնել է, որ պատրաստվում է զենք բերելու նպատակով մեկնել Ֆինլանդիա՝ նկատի ունենալով Պետական Դումայի զինված աջակցության համար զանգվածներ կազմակեպել[89]։ Մեկնաբանելով այդ հաղորդագրությունը՝ Լ. Յա. Գուրևիչը գրել է՝ «Հնարավոր է, որ, խճճվելով անվտանգության բաժանմունքի ներկայացուցիչների հետ վերսկսված հարաբերությունների մեջ, նա այդ նույն ժամանակ, իրոք, ապագա հեղափոխական ելույթների պլան էր կազմել, որոնք իրեն կվերականգնեին և՛ սեփական աչքերում, և՛ իրեն վստահած ընկերների, և՛ պատմության առջև»[89]։ Գապոնի մյուս կին-կուսակից Միլդա Խոմզեն[90] հաստատել է՝ «Սրանք խորությամբ մտածված պլանի առաջին քայլերն էին։ Եթե նրան չսպանեին, Պետական Դուման չէր ցրվի, ժանդարմական հանցախումբը հեղափոխությանը չէր հաղթի։ Նա ցանկանում էր անցնել թշնամու ճամբար և այն պայթեցնել ներսից»[91]։

Գապոնի ճակատագրի որոշումը

[խմբագրել | խմբագրել կոդը]
Բորիս Սավինկով

Գապոնի հետ փետրվարի 6-7-ին ունեցած զրույցից անմիջապես հետո Ռուտենբերգը Մոսկվայից մեկնում է Պետերբուրգ։ Իմանալով, որ էսէռների կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամ Եվգենի Ազեֆը գտնվում է Հելսինգֆորսում, Ռուտենբերգն անմիջապես գնում է այնտեղ։ Նա քաղաք է ժամանում փետրվարի 11-12-ին, առաջին առավոտյան գնացքով։ Ազեֆի հետ հանդիպման ժամանակ Ռուտենբերգը նրան ներկայացնում է Գապոնի հետ իր զրույցների բովանդակությունը և հարցնում, թե հիմա ինչ պետք է անի։  Ռուտենբերգի խոսքով՝ Ազեֆը «զարմացած ու վրդովված էր» իր լսածից[34]։ Նա հայտարարում է, որ Գապոնի վերջը պետք է անհապաղ տալ՝ «որպես նողկանքի», և դա պետք է անի ինքը՝ Ռուտենբերգը։ Դրա համար Ազեֆն առաջարկում է նրան հետևյալ պլանը՝ Ռուտենբերգը պետք է Գապոնին ժամադրի, նրան կառք նստեցնի, դուրս բերի անտառ, մեջքին դանակով հարվածի և շպրտի ձյան վրա։ Ծրագրի կատարման համար նրան տրամադրվելու էր պետերբուրգյան մարտական կազմակերպության վարգաձիերից մեկը[34]

Նույն օրվա առավոտյան պետերբուրգյան երկրորդ գնացքի հետ Հելսինգֆորս է ժամանում Բորիս Սավինկովը՝ մարտական կազմակերպության ղեկավարության գծով Ազեֆի տեղակալը։ Իմանալով Ռուտենբերգի պատմության մասին՝ Սավինկովը միանում է Գապոնին սպանելու անհրաժեշտության մասին Ազեֆի կարծիքին[34]։ Նրանք երկուսով ակտիվորեն համոզում են Ռուտենբերգին։ Երրորդ մարդը, ով իմացել է Ռուտենբերգի պատմածի մասին, էսէռների կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամ Վիկտոր Չեռնովն էր, ով այդ ժամանակ բնակվում էր Հելսինգֆորդում։ Ազեֆը գնացել է նրա մոտ նույն օրը, հաղորդել Է Ռուտենբերգի պատմածի մասին և հարցրել նրա կարծիքը[34]։ Ի տարբերություն Սավինկովի, Չեռնովը դեմ է արտահայտվել Գապոնի սպանությանը։ Չեռնովը դա պատճառաբանել է նրանով, որ Գապոնին կուրորեն հավատալու պարագայում աշխատավորների զգալի մասի մոտ կարող է լեգենդ ձևավորվել, թե հեղափոխականները նրան սպանել են նախանձից և նրա ազդեցության վախից[92]։ «Ես այն ժամանակ պնդում էի,- հիշում էր Չեռնովը,-որ թեև հայտնի անձի հեղինակությունը խիստ խարխլված է, բայց և այնպես դեռևս կան հայտնի շերտեր, որոնք հավատում են նրան, որ մի օր ձեռք բերված համբավն այնքան էլ հեշտ չէ կյանքից դուրս հանել, և որ այն հանցագործությունների վերաբերյալ, որոնք կատարվել են նրա կողմից, մենք չենք կարող ունենալ բոլոր անվիճելի և ակնհայտ հանցանշանները»[92]։ Կենտկոմը չէր կարող ոստիկանության հետ նրա հարաբերությունների ապացույցներ ներկայացնել, բացի Ռուտենբերգի ցուցմունքներից՝ նրա հետ դեմ առ դեմ տեղի ունեցած զրույցի մասին։ Որպես այլընտրանք Չեռնովն առաջարկում է Գապոնին սպանել «հանցանքի վայրում», այսինքն՝ Ռաչկովսկու հետ նրա հանդիպման ժամանակ[34]։

Նույն օրվա երեկոյան բոլորը՝ չորսով, հավաքվում են ֆինն հեղափոխական Վալտեր Ստենբեկի բնակարանում և քննարկում ստեղծված իրավիճակը[93]։ Չեռնովը կրկին կրկնել է Գապոնին «հանցանքի վայրում» սպանելու անհրաժեշտության մասին իր գաղափարը։ Ազեֆը որոշ մտորումներից հետո միացել է Չեռնովի կարծիքին և սկսել զարգացնել Գապոնի և Ռաչկովսկու սպանության ծրագիրը։ Ըստ Սավինկովի հիշողությունների՝ Ազեֆը այսպես է տրամաբանել՝ «Դե, այդ դեպքում իրեղեն ապացույցն, ի վերջո, ակնհայտ կլինի։ Ազնիվ մարդը չէր կարող հանդիպել Ռաչկովսկու հետ։ Բոլորը կհամոզվեն, որ Գապոնը իսկապես դավաճան է»[93]։ Ինքը՝ Սավինկովը, շարունակել է պնդել, որ կարելի է նաև միայն Գապոնին սպանել՝ վստահեցնելով, որ նրա դավաճանության ապացույցները վաղ թե ուշ «ինքնաբերաբար» կգտնվեն[93]։ Բայց, ի վերջո, նա ևս միանում է ավագ ընկերների կարծիքին։ Արդյունքում Ազեֆն ու Չեռնովը հայտարարում են, որ, որպես Կենտկոմի անդամներ, իրենք ամեն ինչ վերցնում են իրենց պատասխանատվության տակ, և Կենտկոմի անունից որոշում են կայացնում սպանել և՛ Գապոնին, և՛ Ռաչկովսկուն[93]։ Հելսինգֆորսում չգտնվող կենտրոնական կոմիտեի մյուս անդամների կարծիքը չի հարցվել։

Էսէռների հիշողություններում հիշատակումներ չեն պահպանվել այն մասին, թե հատկապես ինչ է պատմել նրանց Գապոնը Ռուտենբերգի հետ իր ունեցած զրույցների մասին։ Սակայն ակնհայտ է, որ նրանք Գապոնի առաջարկները մեկնաբանել են որպես դավաճանության նպատակով մարտական կազմակերպություն մուտք գործելու փորձ։ Վերջին հոդվածներից մեկում Չեռնովը վստահություն է հայտնել, որ Գապոնը ցանկացել է մտնել մարտական կազմակերպություն՝ Ռաչկովսկու առաջադրանքով[94]։ Ռուտենբերգի գործով էսէռների կուսակցության 1909 թվականի պաշտոնական հայտարարության մեջ Գապոնի գործողությունները սահմանվել են որպես «սադրիչ փորձեր»[2]։ Միևնույն ժամանակ, էսէռների առաջնորդները գիտակցել են, որ իրենք նրա մեղքի համոզիչ ապացույցները չունեն և որ նրա սպանությունը լայն զանգվածների համար անհասկանալի է լինելու։ Հենց այդ պատճառով նրանք կանգ են առել կրկնակի՝ Գապոնի և Ռաչկովսկու սպանության գաղափարի վրա՝ կարծելով, որ Գապոնի և Ռաչկովսկու կապը առաջինի մեղքի ակնհայտ ապացույցը կլինի[93]։

Մշակված պլանը ենթադրել է, որ սպանությունը պետք է կատարվի հենց Ռուտենբերգի կողմից, քանի որ հենց նրան էր Գապոնը անվտանգության հետ համագործակցության առաջարկ արել։ Ռուտենբերգը պետք է ձևականորեն համաձայներ Ռաչկովսկու հետ հանդիպմանը, Գապոնի հետ միասին գնար այնտեղ և նրանց երկուսին սպաներ այդ հանդիպման ժամանակ։ Ռուտենբերգին տրամադրվելու էի մարտական կազմակերպության զինյալներ՝ որպես օգնություն։ Գապոնի համար ռումբը պետք է պատրաստեր Լ. Ի. Զիլբերբերգը[93]։ Ռուտենբերգին հանձնարարվում է նաև հանգամանորեն արձանագրել Գապոնի հետ իր բոլոր զրույցները և այդ մասին գրավոր «հաշվետվությունները» փոխանցել Կենտկոմին[93]։

Սավինկովի վկայությամբ՝ Ռուտենբերգը դժկամությամբ է համաձայնել իրեն առաջարկված դերին։ Նրան շփոթեցրել է գործի նուրբ կողմը՝ Գապոնի առաջարկին տրվելիք կեղծ համաձայնությունը և ստի վրա կառուցված ողջ պլանը։ «Նա դեռևս չէր հարմարվում այն մտքին, որ մարտական գործն անխուսափելի է և անփոփոխ կերպով կառուցվում է ոչ միայն անձնազոհության, այլև՝ խաբեության վրա»,-հիշել է Սավինկովը[93]։ Ռուտենբերգը հայտարարել է, որ իրեն առաջարկվող դերի մեջ ինքն իր վրա հույս չի դնում, բայց որոշ տատանումներից հետո համաձայնել է։ Այն մասին, թե ինչպես է կայացվել այդ որոշումը, մանրամասն պատմել է Վիկտոր Չեռնովը պատմաբան Բ. Ի. Նիկոլաևսկուն ուղղված նամակում[95]։ Չեռնովի խոսքերով՝ Ռուտենբերգի հետ արդեն առաջին հանդիպման ժամանակ Ազեֆն ու Սավինկովը նրա հետ «շատ կոշտ բացատրություն» են ունեցել։ «Երկուսն էլ, ըստ էության, ասում էին, որ հեղափոխականի, որպիսին համարվում է նողկալի առաջարկներով դավաճանը, և՛ իրավունքը, և պարտքն է, առանց որևէ ատյաններին հարցնելու և դիմելու, անմիջապես արձագանքել՝ հաշվեհարդար տեսնել նրա հետ և դրանով իսկ սրբել այդ առաջարկով իրեն հասցրած վիրավորանքը»[95]։

Վիկտոր Չեռնով

«Ե՛վ Ազեֆը, և՛ հատկապես Սավինկովը Ռուտենբերգին տառացիորեն դեմ էին տվել պատին. ինչպե՞ս կարող է նա՝ ինչ-որ առումով Գապոնին «կերտողը» և նրան կուսակցություն բերողը, այդքան երկար և այդքան պասիվ ընդունել նրա « մոլորեցնող» դեմարշները, և արդյունքում վազել նույն մարտական կազմակերպություն և առաջարկել՝ ահա, խնդրեմ, ես Գապոնին գայթակղեմ, իսկ դուք նրան սպանեք։ Ազեֆը դեռ համեմատաբար այդքան էլ բորբոքված չէր, բայց Սավինկովը բառացիորեն ամբողջովին եռում էր վրդովմունքից և բառացիորեն քամահրում էր շփոթված, ընկճված, «թրջված հավի» նմանվող (ինչպես նա՝ նույն Սավինկովը, հետագայում արտահայտվեց անձամբ ինձ հետ զրույցի ժամանակ) խեղճ Ռուտենբերգին... Հետագա բոլոր բանակցությունները, պլանները, նախապատրաստությունները Ռուտենբերգի բռնաբարություններն էին՝ Ազեֆի և Սավինկովի կողմից, որոնք նրան առավել ակտիվ դեր էին պարտադրում Ռաչկովսկու և Գապոնի ոչնչացման գործում, մինչդեռ Ռուտենբերգն ամեն կերպ հակառակվում էր, թուլակամություն անում (կրկին՝ Սավինկովի և Ազեֆի բնորոշմամբ) և ձգտում էր սահմանափակել իր՝ Գապոնին գայթակղելու դերը, և հետագա ամեն բան փոխանցել մեկ ուրիշին»[95]։

Ինքը՝ Սավինկովն իր «Ահաբեկչի հիշողություններում» իրադարձությունները մի փոքր այլ կերպ է նկարագրում։ Գապոնի սպանության նախաձեռնությունը նա վերագրում է իրեն, իսկ Ռաչկովսկու և Գապոնի (կրկնակի) սպանության գաղափարը՝ Ազեֆին[93]։ Սակայն այս վարկածը կասկածի տակ դրվեց արդեն Բ. Ի. Նիկոլաևսկու կողմից՝ Չեռնովին ուղղված պատասխան նամակում[96]. Նիկոլաևսկու կարծիքով՝ «Սա Ազեֆին բնորոշ խաղ էր Սավինկովի հետ, որին նա առաջ մղեց ազնիվ հիմարի դերում»[96]։ Առաջին զրույցի ժամանակ Ազեֆը միայն Գապոնի սպանության ջատագովն էր և նույն գաղափարը ներշնչել էր Սավինկովին։ Բայց ծանոթանալով Չեռնովի դիրքորոշմանը՝ նա մտքափոխվել է՝ Սավինկովին թողնելով նախկին դիրքորոշմանը։ Իսկ հետո արդեն Սավինկովը, իրեն հատուկ խառնվածքով, սկսել է այդ միտքը ներշնչել Ռուտենբերգին։ «Իսկ ես հենց Ձեզնից եմ լսել,-գրել է Նիկոլաևսկին,-ինչպես էր Սավինկովը կարողանում մահացու բռնել և ծաղրել մարդկանց»[96]։

Այն բանից հետո, երբ սպանության մասին որոշումն ընդունվել է, Չեռնովն ու Սավինկովը հեռացել են Հելսինգֆորսից, իսկ Ռուտենբերգի հետ հետագա բանակցություններն իրենց վրա է վերցրել Ազեֆը[34]։ Չեռնովը, հեռանալով Հելսինգֆորսից, որոշման մասին հայտնել է Կենտկոմի մյուս անդամներին։ Չեռնովի խոսքերով՝ այդ որոշումը նրանց կողմից ուժեղ ընդդիմության է արժանացել։ Սկզբում նրանք չեն ցանկացել համաձայնել նույնիսկ կրկնակի՝ Գապոնի և Ռաչկովսկու սպանության հետ։ Սակայն, ի վերջո, «հաշտվել են» այդ որոշման հետ[92]։ Կենտրոնական կոմիտեի անդամ Մարկ Նաթանսոնը մնացել է հատուկ կարծիքին՝ դեմ արտահայտվելով Գապոնի՝ նույնիսկ Ռաչկովսկու հետ սպանությանը[93]։ Հետագայում նա պնդել է, որ այդ որոշումը չեղյալ հայտարարվի։ Կենտրոնական կոմիտեի մեկ այլ անդամ՝ Անդրեյ Արգունովը, կայացված որոշման մասին ոչինչ չի իմացել[97]։ Իսկ կենտրոնական կոմիտեի ողջ կազմի կողմից միայն Գապոնի սպանության մասին որոշում ընդունելու վերաբերյալ, ըստ Չեռնովի, խոսք անգամ չի եղել[92]։

1906 թվականի սկզբին էսէռների կուսակցության կենտրոնական կոմիտեի կազմում ընդգրկված են եղել 6 հոգի՝ Ե. Ֆ. Ազեֆը, Վ. Մ. Չեռնովը, Մ. Ա. Նաթանսոնը, Ա. Ա. Արգունովը, Ն. Ի. Ռակիտնիկովը և Պ. Պ. Կրաֆտը[97]։ Առաջին հինգն ընտրվել էին Կենտկոմի կազմում 1905 թվականի դեկտեմբերին էսէռների կուսակցության՝ Իմատրայում կայացած առաջին համագումարում, իսկ վեցերորդը ներառվել էր կոոպտացիայի միջոցով։ Կենտրոնական կոմիտեի ամենաազդեցիկ անդամն այդ պահին Ազեֆն էր, և Կենտկոմի կազմի ձևավորումը մեծապես կախված էր նրա հայեցողությունից[98]։ Բնութագրելով նրա դիրքը կուսակցությունում՝ Չեռնովն ասել է, որ «նա Կենտկոմի ամենագործուն անդամներից մեկն էր, որը հայտնի պահին այնպիսի ազդեցություն և ուժ ուներ, որ ստանձնել էր Կենտկոմի վերստեղծման առաքելությունը Ռուսաստանում»[98]։ Էսէռների կուսակցության փարիզյան խմբի բանաձևում ասվում էր, որ Ազեֆն այնքան անսահման իշխանություն և հեղինակություն է վայելում, որ «ամենալայն հնարավորություններն ունի տեղավորելու իր աշխատակիցներին կուսակցական բոլոր կազմակերպություններում»[99]։ Կենտրոնական կոմիտեի մյուս անդամների հետ հարաբերություններում Ազեֆը հաճախ կոպտություն, ինքնավստահություն, ինքնագոհություն և ցինիզմ է դրսևորել[97]։ Սակայն նրա հեղինակությունն այնքան բարձր է եղել կուսակցությունում, որ նրա կարծիքի, ավելի՝ քան մեկ ուրիշի, հետ հաշվի են նստել։ Նա միանձնյա կատարում էր ամենադժվար գործերը, և Կենտկոմը միայն խոնարհվում էր նրա երկաթյա կամքի առաջ։ Ինչ վերաբերում է էսէռական շարքային գործիչներին, ապա նրանք թեև չեն սիրել նրան, բայց վախենում էին ու անտրտունջ կատարում նրա բոլոր հրամանները[100]։

Առանձնակի ուժով Ազեֆի ազդեցությունն արտահայտվել է ոստիկանության հետ համագործակցության մեջ կասկածվող անձանց սպանության գործերում։ Այդ առումով Ազեֆն առանձնակի վճռականություն է ցուցաբերել՝ պնդելով անհապաղ սպանել դավաճաններին։ Երբ կուսակցությունում տեղեկություններ են ստացվել Ն. Յ. Թաթարովի դավաճանության մասին, Կենտկոմը որոշում էր կայացրել նրան հեռացնել բոլոր գործերից և հանձնաժողով էր ստեղծել նրա գործը քննելու համար։ Սակայն արձակուրդից եկած Ազեֆը Կենտկոմին ստիպել է փոխել իր որոշումը։ Արգունովի վկայությամբ՝ Ազեֆը բորբոքվել է, հայհոյել բոլորին՝ «կակղամորթներ», «ագռավներ» բառերով, և ապացուցել, որ Թաթարովին պետք էր անհապաղ սպանել[4]։ Արդյունքում Թաթարովը սպանվել է առանց նրա գործի մանրամասն քննության։ Չեռնովի վկայությամբ՝ Ազեֆը նույն վճռականությունը դրսևորել է Գապոնի սպանության գործում՝

«Երբ կուսակցությունում կասկածներ են առաջանում սադրիչ համարվող Թաթարովի դեմ, հանցանշանների անբավարարությանը ստիպում է միայն վերջինիս հեռացնել աշխատանքից։ Ազեֆն արհամարհանքով հայտարարում է՝ «Է՜խ, դուք։ Այստեղ պետք չէ հետաքննել, այլ՝ սպանել։ Էլ ի՞նչ հանցանշաններ են ձեզ պետք։ Արդյո՞ք նման գործերում բավարար ապացույցներ լինում են։ Չե՞ք տեսնում, որ նա սադրիչ է...»: Եվ նույն վճռականությունը՝ Գապոնի հարցում, երբ Ռուտենբերգի կողմից բացահայտվում են նրա սադրիչ ծրագրերը»[101]։

Ազեֆի հրահանգները Ռուտենբերգին

[խմբագրել | խմբագրել կոդը]
«Մարտին… Նրա փրկիչը և դահիճը… Որքան սարսափելի է այս ամենը և որքան ստոր ավարտ ունեցավ…» Բանվոր[19]

Սպանության մասին որոշումն ընդունելուց հետո Չեռնովն ու Սավինկովը հեռացել են Հելսինգֆորսից, իսկ Ազեֆն իր վրա է վերցրել Ռուտենբերգի հրահանգչի դերը[34]։ Մշակված պլանի համաձայն՝ Ռուտենբերգը պետք է հեռանար բոլոր գործերից և խզեր բոլոր կապերը Կենտկոմի և կուսակցական կազմակերպությունների հետ, որպեսզի ոստիկանությունը հետքի վրա չկարողանար ընկնել։ Գապոնի հետ հաջորդ հանդիպման ժամանակ նա պետք է պատրաստակամություն հայտներ հանդիպել Ռաչկովսկու հետ։ Ռուտենբերգը իրեն պետք է մարտական կազմակերպության անդամ անվաներ և հաղորդեր, որ ղեկավարում է Դուրնովոյի դեմ նախապատրաստվող դավադրությունը[93]։ Համոզիչ լինելու համար նրան հանձնարարվել էր ձևացնել մահափորձի նախապատրաստումը՝ տվյալ ժամանակամիջոցին Պետերբուրգի փողոցներում կառքեր տեղակայելով։ Որպես օգնություն նրան տրամադրության տակ էր դրվում մարտական կազմակերպության անդամ Ի. Դվոյնիկովը՝ ձիով և թեթև երկտեղանի կառքով[93]։ Ռաչկովսկու հետ հանդիպելու համաձայնությունը տալով՝ Ռուտենբերգը պետք է նրա հետ իր համագործակցությունը պայմանավորեր այն գումարի չափով, որը նա կվճարեր մահափորձի համար։ Գապոնի հետ իր բանակցությունների ամբողջ բովանդակությունը նա պետք է գրեր ու «հաշվետվությունների» տեսքով փոխանցեր Կենտկոմի ներկայացուցչին։ Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչը, որի հետ նա պետք է կապ հաստատեր, Ազեֆն էր[34]։

Իր հիշողություններում Ռուտենբերգը հաստատել է, որ Ազեֆի հետ իր զրույցների ընթացքում վերջինս հնարավոր է համարել Գապոնի և Ռաչկովսկու դեմ կրկնակի մահափորձի անհաջողության հնարավորությունը և նման անհաջողության դեպքում ընդունել է միայն Գապոնին սպանելու անհրաժեշտությունը[34]։ Երկրորդ տարբերակի համար Ազեֆը նախապես պատրաստել է անհրաժեշտ ամեն ինչ։  Նա օգնության խնդրանքով դիմել է ֆիննական հեղափոխական կուսակցության ներկայացուցիչներին՝ ասելով, որ միայն Գապոնի սպանության դեպքում դա պետք է ի կատար ածվի Ֆինլանդիայում՝ Պետերբուրգի և Վիբորգի միջև։ Ազեֆը խնդրել է դրա համար տարածք, մարդկանց ու ձիեր տրամադրել։  Ֆիննական կուսակցության ներկայացուցիչը պատասխանել է, որ իրենք պատրաստ են մեկ ձի և երկու մարդ տրամադրել[34]։ Ֆրանսիական «Le Matin» թերթի տվյալներով՝ սպանությունը պետք է տեղի ունենար Տերիոկիում, ուր այն ժամանակ իր ընտանիքի հետ ապրում էր Գապոնը[73]։ Սակայն ֆիննական կուսակցության ներկայացուցիչները, իմանալով, թե ինչ գործի մասին է խոսքը, կտրականապես հրաժարվել են մասնակցել դրան[34]։ Ռուտենբերգը մեկնում է Պետերբուրգ՝ հույս ունենալով կրկնակի սպանություն կատարել։ Գապոնի սպանության ծախսերի համար Ռուտենբերգը էսէռների կուսակցության կենտկոմից 700 ռուբլի է ստանում[102]։

Փետրվարի 21-ին կամ 22-ին Ռուտենբերգը ժամանում Է Պետերբուրգ և սկսում է գործել ըստ նախատեսված պլանի։ Գապոնի հետ առաջին հանդիպումը կայանում է փետրվարի 24-ին Տերիոկիում՝ Գապոնի բնակարանում[34]։ Զրույցի ընթացքում Ռուտենբերգը ցանկություն է հայտնում հանդիպել Ռաչկովսկու հետ և հարցնում է, թե նա որքա՞ն է պատրաստ իրեն վճարել։ Գապոնն անորոշ պատասխան է տալիս։ Հաջորդ հանդիպումը տեղի է ունենում մարտի 1-ին, նույն բնակարանում։ Գապոնը պատմում է աշխատավորական կազմակերպությունում իր գործերի և առաջիկա հանրային դատի մասին։ Ռուտենբերգը կրկին վճռական կերպով հայտարարում է Ռաչկովսկու հետ հանդիպելու իր ցանկության մասին։ Գապոնի համար այս հայտարարությունն անսպասելի էր, բայց նա խոստանում է խոսել ոստիկանի հետ[34]։ Գործելով ըստ կուսակցության ցուցումների՝ Ռուտենբերգը պայմանավորվում է հանդիպել այն գումարի չափով, որը Ռաչկովսկին կհամաձայնի վճարել մահափորձի համար։ Արդյունքում խոսակցությունը սակարկության բնույթ է ընդունում՝ Ռուտենբերգը գին է առաջարկում, իսկ Գապոնն այն իջեցնում է[93]։ Որոշվում է, որ Գապոնը կբանակցի Ռաչկովսկու հետ և ժամադրության վայր կնշանակի։ Բանակցությունների արդյունքում հանդիպումը նշանակվում է մարտի 4-ին Պետերբուրգի «Կոնտան» ռեստորանում։

Նշանակված օրը Ռուտենբերգը ժամանում է ռեստորան, բայց ոչ մեկին այնտեղ չի հանդիպում։ Ռաչկովսկին ժամադրության չի ներկայանում։ Հաջորդ օրը՝ մարտի 5-ին, Ռուտենբերգը հանդիպում է Գապոնի հետ, ով բացատրում է, որ թյուրիմացություն է տեղի ունեցել։ Ռաչկովսկին ժամադրության չի եկել, քանի որ Ռուտենբերգը չի հայտնել հանդիպմանը իր համաձայնության մասին։ Այժմ նա հրավիրում է նրան հանդիպման հաջորդ կիրակի օրը[34]։ Որոշ ժամանակակից հետազոտողներ կարծում են, որ Ռաչկովսկին հանդիպմանը չի ներկայացել, քանի որ նախազգուշացված է եղել իր դեմ պատրաստվող մահափորձի մասին։ Ենթադրվում էր, որ Ռաչկովսկուն Ազեֆն է զգուշացրած եղել[57]։ Սակայն Պետերբուրգյան անվտանգության բաժանմունքի պետ Ա. Վ. Գերասիմովն իր հուշերում պնդել է, որ Ռաչկովսկուն նախապատրաստվող մահափորձի մասին ինքն է զգուշացրել[79]։ Գերասիմովի խոսքերով՝ ինքը նախապատրաստվող մահափորձի մասին իմացել է իր գործակալներից մեկից և այդ մասին հայտնել Է Ռաչկովսկուն հեռախոսով։ Ռաչկովսկին պատասխանել է, որ «դա ծիծաղելի է» և «դրան չի կարելի հավատալ», առաջարկել է անձամբ Գերասիմովին գալ այդ հանդիպմանը։ Գերասիմովը խոհեմորեն հրաժարվել է, բայց Ռաչկովսկին էլ հանդիպմանը չի գնացել[79]։

Երկաթուղային կայարան Տերիոկիում։ XX դարի սկզբի լուսանկար

Ռաչկովսկու հետ կապված անհաջողությունը բարոյալքում է Ռուտենբերգին։ Նա որոշում է, որ Ռաչկովսկին հանդիպման չի գա, եթե ինքը նախապես նրան որևէ լրտեսական տեղեկություններ չփոխանցի։ Սա հաշվի առնելով՝ Ռուտենբերգը որոշում է հրաժարվել այդ գործից։ Այդ նպատակով նա մեկնում է Հելսինգֆորս և հանդիպում Ազեֆին[34]։ Հանդիպման ժամանակ նա հայտնում է, որ գործը գլուխ չի գալիս և Գապոնին Ռաչկովսկու հետ միասին սպանելը, ըստ երևույթին, չի հաջողվի։ Դրան ի պատասխան՝ զայրացած Ազեֆը սկսում է մեղադրել Ռուտենբերգին, որ նա չի կատարում իր հրահանգները։ Ըստ Ռուտենբերգի՝ Ազեֆն իրեն մեղադրել Է Պետերբուրգում մարտական կազմակերպության տապալման մեջ և կոպիտ ձևով «չարությունը թափել է իր վրա»[103]։ Զրույցի վերջում Ազեֆը նրան երեկոյան հանդիպման է կանչել, որպեսզի մտածի այն հարցի շուրջ, թե «արդյո՞ք Ռաչկովսկուն հանգիստ թողնեն և միայն Գապոնի վերջտ տան»[34]։ Ինչպես հետագայում պնդել էր Ռուտենբերգը, Ազեֆին այդ ժամանակ արդեն հայտնի էր միայն Գապոնի սպանության վերաբերյալ ԿԿ-ի բացասական վերաբերմունքը, բայց նա այդ մասին ոչ մի բառով չի հիշատակել[103]։ Ազեֆի կոպիտ տոնից վիրավորված՝ Ռուտենբերգը հրաժարվում է հանդիպումից և վերադառնում է Պետերբուրգ՝ գրություն թողնելով, որ գործը շարունակելու է ըստ նախկին ցուցումների[34]։

Մարտի 10-ին Ռուտենբերգը հերթական անգամ Տերիոկիում հանդիպում է Գապոնի հետ։ Գապոնը «ջերմությամբ և սիրալիր» պատմում էր նրան Գերասիմովին և Ռաչկովսկուն սպանելու իր ծրագրի մասին և առաջարկում էր մասնակցել դրան։ Ռուտենբերգը պետք է ինչ-որ բան հաղորդեր Ռաչկովսկուն, գումար ստանար՝ 25 հազարից ոչ պակաս, իսկ հետո կարելի էր մահափորձերը կազմակերպել։ Մահափորձերը կազմակերպելու համար Գապոնն առաջարկել է օգտագործել իր աշխատավորներին[34]։ Ռուտենբերգը դժկամությամբ է պատասխանել, բայց համաձայնել է հանդիպմանը։ Սակայն մարտի 13-ին կրկին պարզվել է, որ Ռաչկովսկին հանդիպման չի գալու։ Այդ ժամանակ Ռուտենբերգը հերթական անգամ որոշում է թողնել այդ գործը և մեկնել արտասահման։ Հելսինգֆորս մեկնելուց հետո նա Ազեֆին է փոխանցում իր «հաշվետվությունը» Գապոնի հետ ունեցած վերջին զրույցի մասին և հայտնում է, որ ցանկանում է մեկնել արտասահման։ Սակայն Ազեֆը ոչինչ չի պատասխանում այդ գրությանը։ Այդ ժամանակ Ռուտենբերգը հեռախոսով կապվում է Ազեֆի հետ, սակայն վերջինս հայտարարում է, որ ոչ մի պատասխան չի լինելու[34]։

Ըստ Վ. Մ. Չեռնովի, Ազեֆը հետագայում Ռուտենբերգի հետ իր «տալ-առնելիքի» վերջաբանը ներկայացրել է այսպես՝ «Ռուտենբերգը չդիմացավ, կրկին «թոշնեց», և բավական էր Ռաչկովսկուն մեկ անգամ չներկայանալ նշանակված հանդիպմանը, որպեսզի Ռուտենբերգն ամբողջ գործը տանուլ տված համարեր, և կրկին գար խոսելու այն մասին, որ կոմբինացված լիկվիդացիայի պլանն անիրագործելի է»։ Ազեֆը որոշել է, որ «ոչ մի գարեջուր էլ Ռուտենբերգի հետ չես եփի, որ ինքը գործ է բռնել ոչ թե մարդու, այլ ոչնչության հետ» և հեռախոսազրույցի ժամանակ հանդիմանել է նրան՝ ասելով՝ «Դե, դու չես կարող (կամ չես ուզում), կուսակցությունն էլ ոչինչ չունի քո հետ խոսելու, գրողի ծոցը գնա և արա այն, ինչ ուզում ես»[95]։ Ռուտենբերգի տեղեկություններով՝ այդ զրույցի ժամանակ Ազեֆի մոտ եղել է Սավինկովը։  Բայց Սավինկովը լիակատար լռություն է պահպանել։ Իր հիշողություններում Ռուտենբերգը գրել է՝ «Ես այդ լռությունն ընդունեցի որպես կշտամբանք, ավելի ճիշտ ՝ որպես վիրավորանք այն բանի համար, որ այս կամ այն ձևով ես ի կատար չէի ածել Կենտկոմի կողմից ինձ տրված հանձնարարությունը... որոշեցի ի կատար ածել Կենտկոմի՝ ինձ տված հանձնարարությունը նրանցից միայն մեկի մասով»[34]։

Հետագայում Ռուտենբերգն իմացել է, որ ծանուցագիր ստանալով Գապոնի և Ռաչկովսկու չհաջողված սպանության և իր արտասահման մեկնելու մասին, Կենտկոմը չեղյալ է հայտարարել սպանության մասին որոշումը։ Դրա փոխարեն Կենտկոմը այլ որոշում է կայացրել՝ մասնակցել Գապոնի նկատմամբ հանրային դատին։ Այդ դատարանում ԿԿ-ն ենթադրում էր հրապարակել Ռուտենբերգի տեղեկությունները Գապոնի հետ նրա ունեցած զրույցների մասին[2]։ ԿԿ-ն այդ մասին հրապարակային հայտարարություն էր արել և դատի էր տվել իր ներկայացուցչին։ Սակայն որոշման մասին տեղեկացված Ազեֆն այդ մասին ոչինչ չի հայտնել Ռուտենբերգին։ Ազեֆը գիտեր Ռուտենբերգի՝ Պետերբուրգ վերադառնալու մասին և սպանությունից երկու օր առաջ իրեն տեղյակ էր պահվել նախապատրաստվող ահաբեկչության մասին։  Նա հնարավորություն է ունեցել ցանկացած պահի կապ հաստատելու Ռուտենբերգի հետ և կանգնեցնելու նրան, բայց՝ չի արել[2]։

Սպանությունը կատարողները

[խմբագրել | խմբագրել կոդը]
Բանվոր Ա. Ի. Չուդինովը, Գապոնի սպանության հնարավոր մասնակիցներից մեկը
Գապոնի սպանության գործով մեկ այլ կասկածյալ ՝ բարոն Ա. Ա. Դիքգոֆը, երբեք բանվոր չի եղել

Վերադառնալով Պետերբուրգ՝ Ռուտենբերգը ձեռնամուխ է եղել Գապոնի սպանության նախապատրաստմանը։ Քանի որ ֆիննական կուսակցության ներկայացուցիչները հրաժարվել էին մասնակցել այդ գործին, Ռուտենբերգը սկսել է դրա համար այլ կատարողներ փնտրել։ Նա հրավիրել է մի խումբ աշխատավորների, էսէռների կուսակցության անդամների, պատմել է նրանց, որ Գապոնը դավաճան է դարձել, և նրանք համաձայնել են մասնակցել նրա սպանությանը[34]։ Էսէռների կուսակցությանը այդ աշխատավորների պատկանելության մասին վկայում են առնվազն հինգ անկախ աղբյուրներ[7][34][93][104][105]։ Թե ում էր պատկանում Գապոնին բանվորների ձեռքերով սպանելու գաղափարը, հայտնի չէ։ Ինքը՝ Ռուտենբերգը պնդել է, որ նրանց հրավիրել է որպես «վկաներ», որպեսզի նրանց «վկայական ցուցմունքներով» փոխարինի «հանցանշանի»՝ Ռաչկովսկու դիակի, պակասությունը[34]։ Ըստ Վ. Մ. Չեռնովի՝ Ռուտենբերգը հրավիրել է նրանց, քանի որ չի համարձակվել սպանել Գապոնին սեփական ձեռքերով։ «Նա նրանց հետ արեց այն, ինչ ուզում էր անել մարտական կազմակերպության օգնությամբ. գայթակղեց Գապոնին, իսկ նրան վերացնելու խնդիրը գցեց նրանց ուսերին»[95]։

Պահպանվել են սպանության մի քանի մասնակիցների հիշողությունները, որոնք հայտնում են Ռուտենբերգի՝ բանվորներին դիմելու մասին։ 1909 թվականի մարտին «Պետերբուրգսկայա գազետա»-ում հրապարակվել է էսէռների կուսակցության Պետերբուրգի կոմիտեին կից մարտական դրուժինաների կազմակերպիչ «ընկեր Վլադիսլավի» հաղորդագրությունը[7]։ Հեղինակի պնդմամբ՝ սպանությունից երեք շաբաթ առաջ նրան մոտեցել է Ռուտենբերգը և, Պետերբուրգի կոմիտեից մանդատներ ներկայացնելով, խնդրել է իրեն ցույց տալ մի քանի հուսալի «գիտակից» բանվորների։ Ռուտենբերգը հաղորդել է, որ առկա է ԿԿ-ի որոշումը Գապոնի և Ռաչկովսկու համատեղ սպանության մասին, և խնդրել է դրա համար մարդկանց տրամադրել։ Հարցին, թե ինչու են անհրաժեշտ եղել հենց բանվորներ, Ռուտենբերգը պատասխանել է, որ «Գապոնը, ով դավաճանել է աշխատավորական գործը, պետք է զոհվի աշխատավորների ձեռքով»[7]։ Համաձայնելով դրա հետ՝ «ընկեր Վլադիսլավը» նրան տրամադրել է ութ բանվոր-դրուժիննիկներ, որոնցից հետո ընտրվել են հինգը։ Սպանությունից մեկ օր առաջ հինգն էլ՝ «ընկեր Վլադիսլավի» գլխավորությամբ, մեկնել են Օզերկի՝ գործողությունների վայր։ Սպանության միջոց պետք է դառնար պարանը։ Սակայն նշանակված օրը Պետերբուրգից ժամանել է միայն մեկը՝ Գապոնը։ Այն ժամանակ Ռուտենբերգի համաձայնությամբ որոշվել է սպանել միայն Գապոնին[7]։

«Ընկեր Վլադիսլավի» հաղորդագրությունը հաստատվել է մարդասպաններից մեկի՝ ավելի ուշ վկայությամբ, որի հետ արդեն խորհրդային տարիներին զրուցել է Լ. Գ. Դեյչը[104]։ Դեյչի գրքում նա պայմանականորեն կոչվում է «ընկեր Ստեփան»։ Վերջինս պատմում է՝

«Մեր՝ էսէռ-բանվորների մեջ կային «մարտական դրուժինաներ» կամ «հնգյակներ», որոնցից յուրաքանչյուրի գլուխ կանգնած էր «կազմակերպիչը», որը կապ էր հաստատում միայն մյուս՝ նույն կարգավիճակով կազմակերպչի հետ, իսկ մենք՝ շարքային անդամներս, գիտեինք միայն մեր հնգյակը։ Այսպես, մի անգամ մեր կազմակերպիչը, հավաքելով մեզ, հայտնեց, որ հայր Գապոնը դավաճան է դարձել, որ նա մատնել է ընկ. Մարտինին, դա Պ. Ռուտենբերգի կեղծանունն էր, վաճառվել է պահակազորին և այժմ գործում է ոստիկանության գլխավոր պաշտոնյաների՝ Ռաչկովսկու և Կուրլովի հետ միասին։ Հետևաբար, պետք է սպանել նրան, և, միևնույն ժամանակ, ճանկի մեջ առնել նաև վերջին երկուսին։ Մեր ամբողջ հնգյակը պատրաստակամություն հայտնեց։ Կազմակերպիչը մեզ հայտնեց, որ պետք է Ֆինլանդիայի երկաթուղով գնալ Օզերկի՝ այն ամառանոցը, որտեղ պետք է Գապոնը գար իր նոր «ընկերների» հետ։ Քանի որ մենք ենթադրում էինք, որ նրանց, հավանաբար, ուղեկցելու է խուզարկուների մեծ խումբ, մենք որոշեցինք, որ մեզանից երկուսը պետք է կայարանից հետևեն եկվորներին։ Բայց երբ գնացքը եկավ, պարզվեց, որ եկել է միայն Գապոնը, և որ ոչ ոք նրա հետ չի»[104]։

Ռուտենբերգն՝ ինքը, իր հիշողություններում իրադարձությունները մի փոքր այլ կերպ է նկարագրել։ Ըստ նրա տարբերակի՝ բանվորները, որոնց նա դիմել էր, վստահել են իրեն՝ որպես կուսակցության ներկայացուցիչ, սակայն չեն կարողացել համակերպվել այն մտքի հետ, որ Գապոնը դավաճան է դարձել։ Այդ ժամանակ Ռուտենբերգը նրանց առաջարկել էր համոզվել դրանում։ Այդ նպատակով նա աշխատավորներից մեկին առաջարկել է փոխել հագուստը, սայլապանի հագուստ հագնել և լսել նրանց զրույցը։ Մարտի 22-ին նա հանդիպել է Գապոնին, նրան սայլ է նստեցրել և ճանապարհին նրա հետ խոսակցություն է սկսել Ռաչկովսկու և փողի մասին։ Գապոնն ասել է, որ Ռաչկովսկին կրկին հրավիրում է նրան հանդիպման և միայն Դուրնովոյի մահափորձի համար խոստանում է 25 000։ Ռուտենբերգը հարցրել է այն մարդկանց ճակատագրի մասին, որոնք կարող են ձերբակալվել մահափորձի ձախողման դեպքում։ Գապոնը պատասխանել է, որ անհանգստանալու բան չկա, նրանց կարելի է նախապես զգուշացնել, և նրանք կթաքնվեն։ Ռուտենբերգը խոսել է նաև աշխատավորների կարիքների համար նվիրաբերված ինչ-որ գումարի մասին, սակայն Գապոնը նրան մեղադրել է գաղտնիությունը չպահելու մեջ և իջել է սայլից։ Ճանապարհին Ռուտենբերգը Ռաչկովսկու հետ հանդիպելու պատրաստակամություն է հայտնել և խնդրել ճշտել ժամադրության ժամանակն ու վայրը։ Այսքանով նրանք բաժանվել են, և Ռուտենբերգը ձեռնամուխ է եղել սպանության նախապատրաստմանը[34]

Զվերժինսկու ամառանոցը Օզերկիում

Սայլապանի հագուստով հանդերձավորված բանվորը այս մասին պատմել է իր բոլոր ընկերներին, և նրանք համոզվել են, որ Գապոնը դավաճան է դարձել։ Որոշում է կայացվել կալանավորել Գապոնին, նրան մեղադրանք առաջադրել և բացատրություն պահանջել, իսկ հետո որոշել նրա ճակատագիրը։ Որպես գործողության վայր ընտրվել և վարձվել է Օզերկիում գտնվող մի դատարկ ամառանոց։ Ռուտենբերգը «սպասավորի» ուղեկցությամբ ներկայացել է ամառանոց։ Ամառանոցը վարձել է Իվան Պուտիլինի անվամբ և կոնսպիրացիայի (գաղտնապահության) նպատակով բակապանին հանձնարարել է մաքրություն կատարել այնտեղ։ Իվան Պուտիլինի անունով անձնագիրը պատկանել է էսէռների մարտական կազմակերպությանը[106]։ Մարտի 24-ին Ռուտենբերգը Ազեֆի հետ կապի միջնորդ հանդիսացող անձին հայտնել է, որ սպանության համար ամեն ինչ պատրաստ է, մարտի 25-ին կամ 26-ին այդ անձը հաղորդագրությունը փոխանցել է Ազեֆին։ Վերջինս լռություն է պահպանել։ Գապոնին Ռուտենբերգը նամակով հայտնել է, որ նա Ռաչկովսկու հետ ժամադրության օր ու վայր նշանակի։ Պատասխան գրության մեջ Գապոնը Ռուտենբերգին կշտամբել է «ժամավաճառության» համար և հայտնել, որ հանդիպումը նշանակված է «Կյուբա» ռեստորանում մարտի 27-28-ին։ Նա բանավոր փոխանցել է, որ քաղաքից ոչ մի տեղ չի գնալու, իսկ քաղաքում կհանդիպի որտեղ հարմար է։ Սակայն Ռուտենբերգին հաջողվել է համոզել նրան մարտի 28-ին քաղաքից դուրս գալ, մեկնել Օզերկի՝ առավոտյան ժամը 4-ին գնացքով։ Այստեղ նրան արդեն սպասում էին թաքնված բանվորները[34]։

Ըստ Ս. Դ. Մստիսլավսկու հիշողությունների՝ Գապոնի սպանության կատարածուները այսպես կոչված «Մարտական բանվորական միության» անդամներ էին[105]։ Միությունը ստեղծվել էր Գործազուրկների Խորհուրդների հիման վրա, որոնց թվում շատ էին ֆաբրիկաներից և գործարաններից քաղաքական անվստահության համար հեռացվածները։ Սկզբում միությունը կրում էր անկուսակցական բնույթ, սակայն կարճ ժամանակ անց ընկավ բոլշևիկների ու էսէռների կուսակցական ազդեցության տակ։ Միությունը բաժանված էր շրջանային դրուժինաների, որոնք ղեկավարում էին ընտրովի ղեկավարները։ Ընդհանուր ղեկավարությունը պատկանում էր այդ ղեկավարների խորհրդին՝ Կենտրոնական Կոմիտեին, որի գլուխ կանգնած էր նույն Մստիսլավսկին[105]։ Միությունը բավականին անարխիկ էր և խիստ կարգապահություն չուներ։ Նախաձեռնությունը տեղերում պատկանում էր շրջանային դրուժինաներին, որոնցից յուրաքանչյուրն ուներ իր սեփական դրամարկղը։  Դրուժիննիկների սովորական զբաղմունքը սևհարյուրյակայինների հետ փոխհրաձգություն էր և խանութների զինված բռնագրավում։ Ցածր կարգապահության պատճառով էքսպրոպրիացիայի ենթարկած գումարների զգալի մասը հայտնվում էր հենց գրոհայինների գրպաններում։ Ժամանակի ընթացքում դրուժինաների մի մասն անցավ կուսակցական կազմակերպությունների ենթակայության տակ, իսկ մյուսները «փոշիացան»։ Մստիսլավսկու խոսքերով՝ Գապոնի սպանությանը մասնակցել են Վիբորգի կողմերի կուսակցական դրուժիննիկները՝ էսէռ-բանվորներ Կազիմիր Միժեյկոն, Մատտի Տոյկկան և Վասիլի Տիմոշեչկինը[105]։ Ընտանեկան ավանդության վրա հիմնված այլ տվյալներով՝ սպանությանը մասնակցել է նաև բանվոր-էսէռ Ալեքսանդր Իգնատևիչ Չուդինովը[107]։

Սպանության մյուս մասնակիցների անունները հայտնի չեն։ 1909 թվականին «Բիլոյե» («Былое») ամսագրում Ռուտենբերգի հիշողությունների հետ միասին տպագրվել են իրադարձությունների ոմն «վկայի», «N. N.» ստորագրությամբ, հիշողությունները[108]։ Ըստ պատմաբան Բ. Ի. Նիկոլաևսկու տեղեկությունների՝ այդ հուշերի հեղինակը Ա. Ա. Դիքգոֆ-Դերենտալն էր՝ էսէռների կուսակցության անդամ, և «ամենևին էլ՝ ոչ բանվոր»[96]։ Թեպետ հուշերի հեղինակը չէր պնդում, որ սպանության մասնակից է եղել[108]։ Կյանքի մայրամուտին Վ. Լ. Բուրցևը «Բիլոյե»-ի փարիզյան ժողովածուի մեջ (1933 թվական, թիվ 2) պնդում էր, որ «Դա նույն Դերենտալ-Դիքգոֆն էր՝ Գապոնի դահիճը, ով 1906 թվականին Օզերկիում պարանը գցել է նրա պարանոցին։ Այն ժամանակ նա անձամբ է խեղդել Գապոնին այն բանի համար, որ նա կապ էր հաստատել պահակազորի հետ…»[109]: Ս. Դ. Մստիսլավսկին իր «Գապոնի մահը» վեպում որպես սպանության մասնակից ներկայացրել է ինքն իրեն[110]։ Սակայն Մստիսլավսկու վեպը գրված է գեղարվեստական ժանրում և լի է հորինված մանրամասներով, իսկ Մստիսլավսկու ստեղծագործության քննադատները նշել են, որ նա հակված է եղել բոլոր պատմական իրադարձություններում իրեն գլխավոր գործող անձի դերեր վերագրել[111]։

Ոստիկանության դեպարտամենտի արտասահմանյան գործակալության վարիչի քաղաքացիական խորհրդական Ա. Մ. Գարտինգի 1906 թվականի հունիսի 14-ի (27) զեկույցում, ի դեպ, նշվում էր, որ Գապոնի սպանությանը, բացի Ռուտենբերգից, ներկա է եղել նաև «Դեպարտամենտի մի անհայտ աշխատակից»[30]։

Ողբերգության վերջնական տեսարան

[խմբագրել | խմբագրել կոդը]
Զվերժինսկայայի ամառանոցը Օզերկիում: Սենյակի, որտեղ տեղի է ունեցել Գապոնի սպանությունը,ինտերիերը

Մարտի 28-ի առավոտյան սպանության բոլոր կատարողները հավաքվում են ամառանոցում և սպասում Գապոնի ժամանմանը։ «Ընկեր Վլադիսլավի» վկայությամբ՝ Ռուտենբերգը նրանց հայտնել էր, որ Գապոնը ամառանոց է գալու Ռաչկովսկու ուղեկցությամբ[7]։ Իսկ «ընկեր Ստեփանի» խոսքերով՝ իրենք ակնկալել են, որ Գապոնը ժամանելու է «խուզարկուների մի ամբողջ կույտի» ուղեկցությամբ։ Այդ պատճառով բոլոր գրոհայինները զինված են եղել բրաունինգներով՝ եթե փոխհրաձգություն առաջանա[104]։ Գնացքի ժամանումից առաջ մեկ կամ երկու գրոհայիններ ուղևորվում են կայարան, որպեսզի հեռվից հետևեն ժամանողներին և անհրաժեշտության դեպքում կրակոցներ արձակեն։ Իսկ եթե ամեն ինչ բարեհաջող ընթանար, սպանության գործիքը պետք է ծառայեր պարանը[7]։ Ռուտենբերգն՝ ինքը, պետք է Գապոնին դիմավորեր կայարանում և նրան ուղեկցեր ամառանոց։

Գապոնը, ինչպես և խոստացել էր, Պետերբուրգից ժամանում է առավոտյան ժամը 4-ին գնացքով։ Ռուտենբերգը նրան դիմավորում է կայարանում և, ճանապարհը զննելու պատրվակով նրան թողնելով, ուղևորվում է «ընկեր Վլադիսլավի» մոտ՝ հայտնելու, որ Գապոնը մենակ է եկել։ Քննարկելով ստեղծված իրավիճակը՝ նրանք որոշում են, որ նահանջն արդեն ուշ է և ստիպված են սպանել Գապոնին։ «Ընկեր Վլադիսլավը» վերադառնում է ամառանոց, հաղորդում փոփոխության մասին և մոտակա անտառներից հեռացնում բանվորների մի մասին, որոնց կարիքը արդեն չկար[7]։ Ռուտենբերգը վերադառնում է Գապոնի մոտ։ Ըստ Ռուտենբերգի՝ Գապոնը նրան սպասում էր Օզերկիի գլխավոր փողոցում։ Գապոնը նրան դիմավորում է՝ ծիծաղելով նրա անվճռականության վրա՝ «և՛ ուզում ես գնալ Ռաչկովսկու մոտ, և՛ վախենում ես»[34]։ Ռուտենբերգը պատասխանում է, որ իրեն անհանգստացնում է այն մարդկանց ճակատագիրը, որոնք կարող են ձերբակալվել մահափորձերի ձախողման դեպքում։  Գապոնը ասում է, որ նրանց կարելի է զգուշացնել, և՝ կարող են թաքնվել։ Իսկ եթե ինչ-որ մեկը ձերբակալվի, կարելի է կազմակերպել նրանց փախուստը։ Նա հարցնում է, թե որքա՞ն կարող է դա արժենալ, և դրա համար գումար է առաջարկում։ Ճանապարհին Գապոնը տարբեր ծրագրեր է մշակում, թե ինչպես պետք է փրկել ձերբակալված մարդկանց։ Այնուհետև Գապոնը հարցնում է, թե արդյո՞ք այստեղ տեղ չկա, որտեղ կարելի է նստել և սնվել։ Ռուտենբերգը պատասխանում է, որ այստեղ ինքը մի գաղտնի բնակարան ունի, և նրան առաջնորդում է ամառանոց[34]։

Իրադարձությունների հետագա զարգացումը աղբյուրները նկարագրել են տարբեր ձևերով։ «Ընկեր Վլադիսլավի» տարբերակով, երբ Գապոնն ու Ռուտենբերգը ամառանոց են եկել, ինքը պահակի անվան տակ դիմավորել է նրանց, մոմ վառել և աստիճաններով ուղեկցել դեպի այն սենյակ, որտեղ թաքցված էին սպասող բանվորները։ Այստեղ Ռուտենբերգը Գապոնին ասել է, թե ինչ է սպասվում իրեն, մյուսները նրան գետնին են տապալել, կապել ու խեղդել պարանով։ Այս ամենը մոտ կես ժամ է տևել[7]՝

«Շուտով եկան ընկ. Ռուտենբերգը և Գապոնը, ես ներս թողեցի նրանց։ Գապոնի հարցին, թե ով եմ ես, Ռուտենբերգն ասաց, որ տան պահակն եմ, և ասաց, որ ես լույս վառեմ նրանց համար։ Ես վառեցի մոմը և առաջնորդեցի նրանց ուղիղ այն սենյակ, որտեղ սպասում էին մեզ մնացած երկու ընկերները, և որտեղ հետագայում հայտնաբերվեց դիակը։ Տեսնելով ևս երկու մարդու՝ Գապոնը, հավանաբար, տագնապեց. նա գունատվեց, նրա ձայնը դողում էր, երբ հարցնում էր, թե ովքեր են նրանք և ինչու։ Այդ ժամանակ Ռուտենբերգն ասաց, թե իրեն ինչ է սպասվում ... նրան գցեցին հատակին, Ռուտենբերգը սեղմեց նրա բերանը, ես պահեցի ոտքերը, «Սինիչկան» (բանվոր)՝ ձեռքերը և ընկ. «Գրիշան» (նույնպես բանվոր) ձգեց հանգույցը։ Կես ժամ անց Գապոնը դիակ էր, որից հետո ամեն ինչ բերվեց այնպիսի տեսքի, ինչպիսին հետո հայտնաբերվել է դատական իշխանությունների կողմից։ Մենք հեռացանք ամառանոցից, հանդիպեցինք մեզ սպասող մյուս ընկերներին և փոքր խմբերով մեկնեցինք Պետերբուրգ»[7]։

Ռուտենբերգի հուշերում իրադարձությունները մի փոքր այլ կերպ են շարադրվում։ Ըստ Ռուտենբերգի տարբերակի՝ նրանք Գապոնի հետ մենակ են եկել ամառանոց, և նրանց ոչ ոք չի հանդիպե։ Բանվորները թաքնվել էին վերին հարկում գտնվող փոքրիկ սենյակում։ Ենթադրվում էր, որ Ռուտենբերգը կբարձրանա աստիճաններով, աշխատողներին կարձակի, նրանք կկապեն Գապոնին և մեղադրանք կառաջադրեն։ Սակայն ամեն ինչ այլ կերպ է ստացվել։ Գապոնն առաջինն է բարձրացել աստիճաններով, մտել է հանդիպակաց մեծ սենյակը, իր վրայից նետել մուշտակը և նստել բազմոցին։ Բազմոցը փոքրիկ սենյակի դռան դիմաց է եղել, և Ռուտենբերգը չի կարողացել ազատել բանվորներին՝ վախենալով, որ կրակոցներ կսկսվեն։ Նա մտամոլոր քայլել է սենյակում՝ մտածելով, թե ինչ պետք է անել։ Այդ ժամանակ Գապոնը սկսել է խոսել և անսպասելիորեն այնքան անկեղծ է խոսել, որ ինքը՝ Ռուտենբերգը չէր սպասել։ Գապոնը սկսել է համոզել նրան գնալ Ռաչկովսկու մոտ և պատմել մահափորձերի մասին։ «Պետք է վերջ տալ։ Եվ ինչու՞ ես դու կասկածում։ 25000-ը մեծ փող է»,- համոզել է Գապոնը։ Բանվորները հարևան սենյակում էին և բարակ միջնապատի միջով ամբողջ խոսակցությունը լսում էին[34]։

Ռուտենբերգը սկսում է Գապոնին ուղղորդող հարցեր տալ։ Նա ասում էր, որ վախենում է մահափորձերի մասնակիցների ճակատագրից. չէ՞ որ նրանց կախաղան կուղարկեն։ Գապոնը նորից կրկնում է, որ նրանց կարելի է զգուշացնել, իսկ ծայրահեղ դեպքում՝ փախուստ կազմակերպել։ Երբ Ռուտենբերգն ասում է, որ փախչել կհաջողվի միայն մի մասին, իսկ մնացածներին, այնուամենայնիվ, կկախեն, Գապոնը նյարդայնացած հայտարարում է՝«Ափսո՜ս... Ոչինչ չես կարող անել։ Դուք վերջապես ուղարկու՞մ եք Կալյաևին կախաղան»։ Ռուտենբերգը խոսում է նաև ինչ-որ գումարի, բանվոր Չերյոմուխինի ինքնասպանության, թերթերի բացահայտումների և շատ այլ բաների մասին։ Իսկ Գապոնը պատասխանում է բոլորին, և յուրաքանչյուր պատասխանի հետ ավելի լկտի և ցինիկ է պահում իրեն։ Ի վերջո, Ռուտենբերգն ուղիղ հարց է ուղղում նրան՝ «Իսկ եթեաշխատավորները, թեկուզ և՝ քո յուրայինները, իմանան Ռաչկովսկու հետ քո հարաբերությունների մասին»:-«Նրանք ոչինչ չեն իմանա», - պատասխանում է Գապոնը։ - «Իսկ եթե իմանան, կասեմ, որ այդ կապերը իրենց իսկ օգտի համար են»։  «Իսկ եթե ես հրապարակե՞մ այդ ամենը»:- «Դու, իհարկե, դա չես անի, և չարժե էլ այդ մասին խոսել ... Իսկ եթե անես դա, ես թերթերում կտպագրեմ, որ դու խենթ ես, որ ես ոչինչ չգիտեմ։  Ո՛չ ապացույցներ ունես, ո՛չ վկաներ։ Եվ ինձ, իհարկե, կհավատան»։  Այս տեսարանի վերջում Ռուտենբերգը շարժվում է դեպի փոքր սենյակի դռները, բացում է դրանք և այնտեղից արձակում է «վկաներին»[34]։

Գապոնի մարմինը՝ ծածկված մուշտակով

«Գաղտնալսող վկաներով» սյուժեն հանդիպում է նաև այլ հեղինակների՝ Լ. Գ. Դեյչի «ընկեր Ստեփանի»[104], «Բիլոյե»-ի հեղինակի մոտ[108] (եթե միայն «ընկեր Ստեփան»-ը, «ընկեր Վլադիսլավ»-ը և Դիքգոֆ-Դերենտալը նույն անձը չեն) և Ս. Դ. Մստիսլավսկու «Գապոնի մահը»-ի մեջ[110]։ Ըստ «ընկեր Ստեփանի» հուշերի՝ բանվորները թաքնվել են փոքրիկ սենյակում և սկսել են հաց ու երշիկ ուտել։ Այդ ժամանակ աստիճաններով քայլեր են լսվել, և սենյակ են մտել երկու հոգի։ Բանվորները լսել են Գապոնի ձայնը, ով սկսել է համոզել «ընկեր Մարտինին»՝ «մեկ մահափորձի համար համաձայնել 25 000, երկուսի համար՝ 50 000 և չորսի համար՝ 100 000 ռուբլու»[104]։ «Նա այնքան լկտի, ցինիկ էր խոսում, որ մենք մեր ականջներին չէինք հավատում»,-հիշում է «ընկեր Ստեփանը»։ Նրանց սարսափելի հոգնեցնում է անվերջ թվացող այս խոսակցությունը, բայց Ռուտենբերգը ոչ մի կերպ չէր արձակել նրանց դարանից, և շարունակում էր հարցեր տալ Գապոնին։ Բանվորների համբերությունը հատում էր։ «Եվ այնպիսի ծանր վիճակում էինք, որ հիմա էլ տհաճ է հիշել... չեմ կարող փոխանցել, թե ինչ նողկալի վիճակ էր՝ րոպե-րոպե սպասել, որ պետք է մարդ սպանենք»,- պատմում է «ընկեր Ստեփանը»[104]։

Վերջապես, Ռուտենբերգը բացում է դուռը, ազատ է արձակում աշխատավորներին, և նրանք հարձակվում են Գապոնի վրա։ Ռուտենբերգի հիշողություններով՝ Գապոնը առաջին րոպեին բղավել է՝ «Մարտի՛ն», բայց իր առջև տեսել է ծանոթ բանվորի դեմքը և « ամեն բան հասկացել»։ Բանվորները նրան գետնին են տապալում և սկսում են կապկպել, իսկ նա հուսահատ պայքարում էր[34]։ «Ընկեր Ստեփանի» խոսքերով՝ բանվորների մեջ էր «մրճահար Պավելը»՝ բարձրահասակ մկանուտ մի տղան, ով անձամբ ճանաչում էր Գապոնին։ Նա հարձակվել է Գապոնի վրա, նրան տապալել է հատակին, սկսել է խեղդել իր երկաթե ձեռքերով։ Սակայն վերջինս իր հերթին շրջվել և իր «տակովն է արել» Պավելին։ «Ընկեր Պավելին» օգնության է նետվել «ընկեր Սերգեյը», բայց Գապոնը նրան ևս տապալել է՝ անհավատալի արագաշարժություն և ուժ ցուցաբերելով։ Այդ ժամանակ «ընկեր Ստեփանը» բռնել է պարանը, որը հավանաբար պատահաբար այստեղ էր թողել փայտ բերող դռնապանը, և նրա հանգույցը գցել է Գապոնի պարանոցին։ Բոլորը միասին նրան տարել են հարևան սենյակ և կախել կախիչի վրա մեխած կեռչանից[104]։ Մահվանից առաջ Գապոնը խռխռացրել է, թե այդ ամեն ինչն արել է «հանուն իր նախկին գաղափարի»[34]։ «Ընկերնե՛ր, եղբայրնե՛ր։ Մի՛ հավատացեք այն ամենին, ինչ լսել եք։ Ես նախկինի պես ձեր կողմից եմ, ես ի՛մ գաղափարն ունեմ»,-փորձել է ասել Գապոնը։ «Ամեն ինչ չեմ հիշում, թե նա՝ մեզ և մենք նրան ինչ ենք ասել»,- պատմել է «ընկեր Ստեփանը»։ -«Այնպիսի վիճակ էր, որ հնարավոր չէ փոխանցել. կեղտոտ բան է սպանելը, թեկուզ և՝ դավաճանին»[104]։

Ինքը՝ Ռուտենբերգը, ներկա չի եղել սպանությանը։ Երբ Գապոնին կապկպել են, նա աստիճաններով իջել է առաջին հարկ և հանգուցալուծմանն է սպասել ապակեպատ վերանդայում[34]։ Բարձրացել է վերև միայն այն ժամանակ, երբ նրան հայտնել են, որ Գապոնը մահացած է։ «Բիլոյե»-ի հեղինակի հիշողություններով՝ Ռուտենբերգի մոտ նյարդային տենդ է սկսվել[108]։ Նա երկար ժամանակ նայում էր Գապոնի կախված դիակին և մտածում իր ինչ-որ բանի մասին։ «Այդ ժամանակ նրա դեմքը այլայլվեց, և ամբողջովին դողալով՝ նա անսպասելիորեն ասաց.... Աստվա՜ծ իմ ... Աստվա՜ծ իմ։ Ի՜նչ սարսափելի է ... Բայց այդպես էր պետք... »: Նրա ուսերը ջղակծկվեցին, դեմքը մեռյալ-գունատ էր։ Ես խնդրեցի նրան հանգստանալ։ «Նա ստացավ այն, ինչին արժանի էր»,-ասել եմ նրան Գապոնի մասին։ -«Այո ... Բայց, այնուամենայնիվ,... Ի՜նչ սարսափելի է... ի՜նչ սարսափելլի է։ Չէ՞ որ բավականին բաներով ես կապված էի այս մարդու հետ։ Որքա՜ն արյուն կա...»[108]:

Գապոնը սպանվեց 1906 թվականի մարտի 28-ի երեկոյան ժամը 7-ին։ Մարդասպանները խուզարկել էին հանգուցյալի գրպանները և առգրավել նրա կաշվե դրամապանակը և երկու նոթատետրերը։ Դրամապանակում եղել էր 1300 ռուբլի, տասը տարբեր գրառումներ, մեկ ստացական, երկու այցեքարտեր և «Լիոնյան կրեդիտ» բանկի N 414 չհրկիզվող արկղի բանալիները[34]։ Բանալիներն ու փաստաթղթերը վերցրել է Ռուտենբերգը, իսկ գումարը կատարողները բաժանել են իրար մեջ[110]։ Այնուհետև ամառանոցը կողպվել է, և մուտքի դռան բանալին նետվել է սառցանցքը։ Երբ թերթերում հաղորդագրություններ հայտնվեցին, որ Գապոնը սպանության ժամանակ կողոպտվել է, Բեռլինից փաստաբան Մարգոլինի անունով 1300 ռուբլի է ուղարկվել՝ նոր թղթադրամներով[15]։

Ազեֆի հրաժարականը

[խմբագրել | խմբագրել կոդը]
«Է՜խ, դուք: Այստեղ պետք չէ հետաքննել, այլ՝ սպանել։ Էլ ի՞նչ հանցանշաններ են ձեզ պետք: Արդյո՞ք նման գործերում բավարար ապացույցներ լինում են: Չե՞ք տեսնում, որ նա սադրիչ է...» Ե. Ֆ. Ազեֆ[101]

Մարտի 29-ի առավոտյան Ռուտենբերգը ժամանում է Հելսինգֆորս։ Նա Կենտկոմին է փոխանցում Գապոնի առգրավված անձնական իրերը և տպագրության համար՝ հայտարարության ուրվագիծը և գնում է գյուղ։ Մի քանի օր անց նրան է մոտենում մարտական կազմակերպության անդամ Բ. Ն. Մոիսեենկոն և Ազեֆի անունից հայտնում, որ ԿԿ-ն հրաժարվում է այդ գործով որևէ հայտարարություն տալ, քանի որ դա համարում է Ռուտենբերգի մասնավոր գործը։ Ռուտենբերգը զարմանում է և մեկնում Հելսինգֆորս[34]։ Այդ ժամանակ Մոսկվայից Հելսինգֆորս է ժամանում Սավինկովը։ Ազեֆի հետ հանդիպման ժամանակ վերջինս, գործի ընթացքում, նրան ասում է՝ «Դու գիտես, Գապոնը սպանվել է»։ Սավինկովը զարմացել և հարցրել է՝ «Մարտի՞նն է (Ռուտենբերգ) սպանել։ Կուսակցությունը թույլատրե՞լ է»- «Ո՛չ, Մարտինն ինքնուրույն է գործել»[93]։

Նույն օրը Ազեֆը և Սավինկովը երկուսով ուղևորվել են Ռուտենբերգի մոտ։ «Նրանց գալն ինձ համար անասելի ուրախություն էր», — հիշում է Ռուտենբերգը։ -Երկուսն էլ գրկախառնվեցին, համբուրեցին ինձ։ Սավինկովն անկեղծ ու պարզ էր, Ազեֆը՝ ներողամիտ ու բարեհաճ»[34]։ Սավինկովը կարծում էր, որ կուսակցությունը պետք է Գապոնի մահը հայտարարի որպես կուսակցական գործ։ Ազեֆը, ընդհակառակը, կտրականապես հայտարարում է, որ Կենտկոմը դա չի անի։ Նա նաև ասում է, որ Գապոնի մահվան մասին հայտարարության մեջ ոչ մի խոսք չպե՛տք է լինի սպանությանը կուսակցության և մարտական կազմակերպության մասնակցության մասին։ Այնուհետև նրանք երեքով գնացել են Մարկ Նաթանսոնի մոտ։ Նաթանսոնը վճռականորեն աջակցել է Ազեֆին։ Նաթանսոնը հայտարարել է, որ Գապոնի սպանությունը համարում է Ռուտենբերգի մասնավոր գործը, ով միայն ինքը «բարոյական իրավունք» ուներ դա անելու։ Իսկ երբ Ռուտենբերգը վկայակոչել է Կենտկոմի որոշումը, Նաթանսոնն ասել է, որ ԿԿ-ը Օզերկիում տեղի ունեցածի մասին ոչինչ չէր կասկածում։ Տեղեկանալով, որ Ռուտենբերգը որոշել է հրաժարվել գործից և մեկնում է արտասահման, Կենտկոմը չեղյալ է հայտարարել դատավճիռը և համաձայնություն է հայտնել մասնակցելու Գապոնի նկատմամբ հանրային դատին։ Կենտկոմն արդեն այդ դատին մասնակցելու համար նշանակել էր իր ներկայացուցչին, ով պետք է Ռուտենբերգի ցուցմունքները ներկայացներ Ռաչկովսկու հետ Գապոնի կապի մասին։ Այժմ, երբ պարզվում է, որ Գապոնը սպանվել է, կենտրոնական կոմիտեն այն չի կարող ճանաչել կուսակցական գործ, քանի որ «կենտրոնական կոմիտեն չի կարող միաժամանակ դատել և սպանել»[34]։

Նաթանսոնն առաջարկել է ոչինչ չհրապարակել Գապոնի գործի մասին և այն գաղտնի թողնել. «Չէ՞ որ հեղափոխությունը գաղտնիքներ ունենում է»։ Այդ ժամանակ Ռուտենբերգն առաջարկել էր հայտարարություն կազմել իր անունից։ Դրան Ազեֆը պատասխանել է, որ իր անունից Ռուտենբերգը կարող է հայտարարել ամեն ինչ, բայց որպեսզի այդ հայտարարության մեջ ոչ մի բառ չնշվի ո՛չ Կենտկոմի, ո՛չ էլ մարտական կազմակերպության մասին։ Նաթանսոնը պաշտպանել է Ազեֆին, Սավինկովը նույնպես դեմ չի եղել։ Ռուտենբերգն իր կողմից կազմել է «աշխատավորների դատարանի» անունից հայտարարության նախագիծը։ Ազեֆը, ծանոթանալով փաստաթղթին, առաջարկել է այն ուղարկել արտասահմանից, որպեսզի չվարկաբեկի այն քաղաքը, որտեղ իրենք գտնվում են։ Ազեֆի կարգադրությամբ Գապոնի իրերը ուղարկվել են Բեռլին և այստեղից ուղարկվել Գապոնի փաստաբան Ս. Պ. Մարգոլինին։ Գապոնի գրառումների բնօրինակները և նրա նոթատետրերը մնացել են Ազեֆի տրամադրության տակ։ Ռուտենբերգը մեկնել է արտասահման, ժամանել Ժնև, որտեղ Միխայիլ Գոցին է տվել իր կազմած հայտարարությունը՝ խմբագրելու համար։  Գոցն, իր հերթին, խորհուրդ է տվել Ռուտենբերգին հայտարարության տակ ստորագրություն չդնել՝ ասելով, որ դիմումի անանունությունը գործին չի վնասի։ Արդյունքում Բեռլինից Պետերբուրգ է ուղարկվել «աշխատավորների դատարանի անանուն դատավճիռը», որը թերթերում հրապարակվել է ապրիլի 19-ին[34]։

Այդ ընթացքում, արդեն ապրիլի 16-ին թերթերում «Մասկա» ստորագրությամբ հայտնվում է Ի. Ֆ. Մանասևիչ-Մանույլովի «Դեպի Գապոնի սպանությունը» հոդվածը, որում հաղորդվում էր, որ Գապոնին սպանել է էսէռների «մարտական կազմակերպության անդամ» Մարտին Ռուտենբերգը։ Հոդվածում նշվում էր, որ Ռուտենբերգը նախ ցանկություն է հայտնել համագործակցել ոստիկանության հետ, իսկ հետո սպանել է Գապոնին՝ որպես իր «դև-գայթակղիչի»[26]. Ապրիլի 26-ին էսէռների կուսակցության կենտրոնական կոմիտեն հերքել է այդ հաղորդագրությունները՝ հայտարարելով, որ դրանք «նողկալի զրպարտանքներ» են, սակայն լռել է այդ գործում իր մասնակցության մասին։ Կենտկոմի հայտարարության մեջ ասվել է, որ Գապոնը 1905 թվականից հետո կուսակցական կազմակերպություններից ոչ մեկի հետ հարաբերություններ չի ունեցել»։ Ռուտենբերգի տեղեկություններով՝ այդ հայտարարության կազմողը եղել է Վ. Մ. Չեռնովն, ով անմիջական մասնակցություն է ունեցել Գապոնի ճակատագրի որոշմանը[34]։ Մայիսի 4-ին էսէռների «Դելո նարոդա» («Дело народа») պաշտոնական թերթում անանուն հրապարակմամբ Չեռնովը կրկին հերքել է այդ սպանությանը կուսակցության մասնակցության մասին լուրերը։ Մեկնաբանելով Գապոնի սպանության վարկածները՝ Չեռնովը գրել է՝ «Առաջին դիտարկումը՝ կապված էսէռական կազմակերպության վերաբերյալ, նույնիսկ բավականին ավելորդ է։ -Բոլորին բավական լավ հայտնի է, որ կազմակերպությունը post factum միշտ էլ ուղիղ և բաց հայտարարել է, թե ինչ է անում և ինչի համար է անում։ Նույն սկզբունքով նա ամեն անգամ ծանուցել է նաև ոստիկանության հետ կուսակցության համար վնասակար հարաբերությունների մեջ գտնվող անձանց ոչնչացման մասին... Հարցին, թե ո՞վ է սպանել Գապոնին, լիովին պատասխանում էր բոլոր թերթերում հրապարակված աշխատավորական դատարանի դատավճիռը, որին չգիտես ինչու չէին ուզում հավատալ…»[112]:

Էսէռների կուսակցության ներսում սպանության մեկ այլ վարկած էր տարածվել։ Այստեղ խոստովանում էին, որ Գապոնը սպանվել է Ռուտենբերգի կողմից, սակայն կարծում էին, որ նա գործել է սեփական նախաձեռնությամբ։ Այս արարքի նկատմամբ վերաբերմունքը տարբեր էր։ Ոմանք, ինչպես Սավինկովը, հավանություն էին տալիս Ռուտենբերգի արարքին։ Մյուսները, ինչպես Չեռնովը, դրանում ցավալի թյուրիմացություն էին տեսնում, որն արդարացում էր միայն գործի հանգամանքներով։ 1906 թվականի վերջում Ռուտենբերգին ուղղված նամակում Չեռնովը գրել է՝ «Ես, և մյուս ընկերներն էլ, լիովին հասկանում ենք, որ բարոյական ցնցումը, որ դուք ապրել եք այն անձի անկմամբ, ում դուք հավատում էիք և ով իր մեջ փառավոր պատմական օրեր էր մարմնավորում, և հուզմունքը, առանց որի չէր կարող ծնվեր այդ անձին պատմությունից ջնջելու որոշումը, միանգամայն բավարար հիմք են եղել տեղի ունեցած թյուրիմացության համար... և անձամբ ինձ համար այս ամենի մեջ տարօրինակը այն է, թե ինչպես կարող եք դուք այժմ մտածել և պնդել, թե ձեզ կարգադրվել է անել այն, ինչը տեղի ունեցել»[92]։ Վերջապես, երրորդները դատապարտում էին Ռուտենբերգի արարքը՝ դրանում անձնական վրեժխնդրության դրսևորում տեսնելով։ Կուսակցության ամենատարեց անդամներից մեկը՝ Օսիպ Մինորը, Ազեֆի կնոջից իմանալով կատարվածի մասին, Ռուտենբերգի դեմ խիստ վրդովվել՝ ասելով, որ «Գապոնի սպանությունը ամենևին էլ հերոսական արարք չէ, որովհետև տվյալ դեպքում նա գործել է ոչ թե կուսակցական նպատակներով, այլ միայն անձնական վրեժխնդրության զգացումով»[113]։ Երբ Ազեֆի կինը հայտնել է, որ Ռուտենբերգը գտնվում է ծանր վիճակում և մոտ է ինքնասպանությանը, Մինորը պատասխանել է, որ «դա, ըստ էության, նրա համար լավագույն միջոցն է դուրս գալու այն վիճակից, որում ինքն իրեն դրել է, քանի որ սոցիալիստ-հեղափոխականների կուսակցությունում նա այլևս անելիք չունի»[113]։

Գապոնի սպանությունից հետո թարմ հետքերով գրվել է Ա. Ա. Դիքգոֆ-Դերենտալի «մութ գիշերը» վիպակը ահաբեկիչ մարդասպանների մասին, «Ռուսկոյե բոգատստվո» («Русское богатство»), 1907 թվական, NN 9—11

Ինքը ՝ Ռուտենբերգը, համաձայն չի եղել այդ վարկածներից ոչ մեկի հետ։ Այն բանից հետո, երբ հասարակության մեջ տարածվել է այն կարծիքը, որ նա Գապոնին սպանել է անձնական դրդապատճառներով, Ռուտենբերգը սկսել է պայքարել, որ կուսակցությունը ճանաչի իր մասնակցությունն այդ գործում։ Բանավոր և գրավոր հայտարարություններում նա պնդել է, որ գործել է ԿԿ-ի հանձնարարությամբ, և սպանության կատարողներն էլ վստահ են եղել, որ կատարում են ԿԿ-ի որոշումը[102]։ Նա պնդել է, որ Կենտկոմի անդամ Ազեֆն է իրեն թույլ տվել սպանել միայն Գապոնին այն դեպքում, եթե Ռաչկովսկու հետ Գապոնի կրկնակի սպանությունը չհաջողվի։ Նա նաև պնդել է, որ Ազեֆը սպանությունից երկու օր առաջ տեղյակ է եղել իր պատրաստվածության մասին, սակայն իրեն չի կանգնեցրել, և, վերջապես, Ազեֆն ի՛նքն է օգնել իրեն այդ նախապատրաստման մեջ խորհուրդներով և այն անձանց ցուցումներով, ովքեր պետք է սպանեին միայն Գապոնին։ Սակայն Ազեֆը կտրականապես հերքել է այդ մեղադրանքները[93]։ Կենտկոմում հարցը հանգել է նրան, որ կա՛մ Ռուտենբերգն է ստում, կա՛մ՝ Ազեֆը։ Իսկ քանի որ Ազեֆի հեղինակությունը կուսակցությունում անհաղթահարելի էր, ապա ԿԿ-ն հավատում է նրան, այլ ոչ թե Ռուտենբերգին։ 1906 թվականի հուլիսին Ազեֆը Հայդելբերգում հանդիպել է Ռուտենբերգի հետ և կշտամբել նրան այն բանում, որ նա գործի մասին պատմում է ոչ այնպես, ինչպես իրականում եղել է։ Երբ Ռուտենբերգը առարկել է, Ազեֆը այսպիսի հարցադրում է արել՝ «Լավ, դուք ինձ մի բան ասեք. ես ձեզ հանձնարարել եմ Գապոնի սպանությունը, թե՞ ոչ»:- «Իհա՛րկե»։ -«Դուք ստում եք, Մարտին Իվանովիչ»[34]։ Զրույցի վերջում Ազեֆը հայտարարել է, որ Ռուտենբերգի նյարդերը լարված են, և նրան առաջարկել է գնալ Ռուսաստան ու զբաղվել աշխատանքով։ «Ռուսաստան մեկնելու նրա առաջարկը ես ընդունեցի որպես միանգամայն որոշակի մտադրություն՝ օգնելու ինձ կախվել մոտակա կախաղանից», - հիշում է Ռուտենբերգը[34]։

Սավինկովը լիովին միացել է Կենտկոմի կարծիքին։ «Ես կարծում էի, որ կենտրոնական կոմիտեն ճիշտ է գործել»,-հետագայում գրել է Սավինկովը։ -Ես լավ էի հիշում, որ Ազեֆն ու Չեռնովը դեմ արտահայտվեցին միայն Գապոնի սպանությանը»[93]։ Կուսակցության մերժումից ընկճված՝ Ռուտենբերգը ընկել է դեպրեսիայի մեջ։ Նա կարծում էր, որ Ազեֆն ու Սավինկովը դավաճանել են իրեն՝ սկզբում ուղարկելով Գապոնին սպանելու, իսկ հետո հրաժարվելով պատասխանատվություն վերցնել դրա համար։ Ինչ-որ ժամանակ Ռուտենբերգը մոտ է եղել ինքնասպանությանը, իսկ հետո սկսել է իրականացնել Ազեֆին ու Սավինկովին սպանելու ծրագիրը, որոնք պետք է կախվեին «Գապոնի պես» «կախաղանի վրա»։ 1908 թվականի փետրվարի 19-ին Սավինկովին ուղղված նամակում Ռուտենբերգը գրել է՝

«Եվ անողոք տրամաբանությամբ ես հանգեցրի նրան, որ եթե կախել եմ Գապոնին, ապա նույն կախաղանի վրա պետք է կախվեն Պավել Իվանովիչ Սավինկովը և Իվան Նիկոլաևիչ Ազեֆը։ Եվ աչքիս առջև գալիս է նույն սենյակը՝ անկյունում վառարան, նույն կախիչը և նրա վրա՝ երկու մարմիններ՝ գեր և նիհար, հավասար մգացած դեմքերով, հավասար ձգված վզերով, նույնաբար կոտրված իրաններով և առաջ ձգված ոտքերով...[103]:

1907 թվականին Ռուտենբերգը բնակություն է հաստատել Մաքսիմ Գորկու մոտ՝ Կապրի կղզում և սկսել է գրել Գապոնի սպանության մասին իր հիշողությունները։ Այդ հիշողությունները պետք է նրան ռեաբիլիտացնեին հասարակության աչքերում՝ որպես հեղափոխականի։  Սակայն Կենտկոմի հակազդեցության պատճառով գիրքը լույս չի տեսել ընդհուպ մինչև Ազեֆի դիմակազերծումը։ Միայն դրանից հետո՝ 1909 թվականի փետրվարին, կուսակցությունը պաշտոնապես ճանաչեց իր մասնակցությունն այդ գործում։ 1909 թվականի օգոստոսին Ռուտենբերգը հրատարակեց իր գիրքը՝ դրանում ավելացնելով այն ամենը, ինչ վերաբերում էր ԿԿ-ի և անձամբ Ազեֆի դերին Գապոնի սպանության գործում[3][34]։

Գապոնի հետ կապված պատմությունը բարոյապես կոտրել է Ռուտենբերգին։ Նա երկար ժամանակ չէր կարողանում ապաքինվել սպանության պահին ապրած շոկից։ Սավինկովի հետ զրույցում նա ասել է՝ «Ես նրան տեսնում եմ երազի մեջ... նա անընդհատ աչքիս առաջ է։ Մտածիր, չէ՞ որ ես նրան փրկեցի հունվարի 9-ին ... իսկ հիմա նա կախված է»[93]։ Երբ Ռուտենբերգը պատրաստվել է հրատարակել իր գիրքը, հրատարակիչը Մաքսիմ Գորկու միջոցով խնդրել է դրանում լրացումներ անել։ «Իսկ ինձ սարսափեցնում էր ոչ միայն գրելը, այլ նույնիսկ այդ գործի մասին մտածելը,- հիշել է Ռուտենբերգը[34]։ ԿԿ-ի հետ հաջորդ հակամարտությունը, որը պայմանավորված էր Գապոնի սպանությունը կուսակցական գործով ճանաչելու մերժմամբ, վերջնականապես բարոյալքել է Ռուտենբերգին։ Չեռնովի խոսքերով՝ Գապոնի հետ կապված պատմությունը նրան կոտրել է որպես հեղափոխական[95]։ Հետագայում Ռուտենբերգը հեռացել է հեղափոխությունից, վերադարձել հուդայականությանը և դարձել սիոնիստական շարժման գործիչներից մեկը։ Չնայած դրան, 1917 թվականի Փետրվարյան հեղափոխությունից հետո նա վերադարձել է Ռուսաստան և կրկին ակտիվ մասնակցություն է ունեցել Կերենսկու և էսէռների կողմից ծավալվող քաղաքական իրադարձություններին՝ մի քանի անգամ նույնիսկ ղեկավար պաշտոններ զբաղեցնելով և Հոկտեմբերյան հեղափոխությունից առաջ և հետո բոլշևիկներին հակազդելով։ Ի վերջո, Օդեսայում խորհրդային իշխանության վերականգնման պատճառով Ռուտենբերգը 1919 թվականին ստիպված է եղել կրկին արտագաղթել։ Դրանից հետո մեկնել է Պաղեստին, որտեղ մասնակցել է երկրի էլեկտրաֆիկացմանը և Իսրայելի պետության ստեղծմանը։ Գապոնի գործին իր մասնակցության մասին նա փորձել է չհիշել և չի սիրել, երբ իրեն հիշեցրել են այդ մասին։ Երբ Խորհրդային Ռուսաստանում որոշել են վերահրատարակել Գապոնի սպանության մասին նրա գիրքը, նա ակտիվորեն բողոքել է, և գիրքը հրատարակվել է առանց նրա համաձայնության։ «Ես դեռ վստահ չեմ, թե արդյո՞ք Գապոնի սպանությունն արդար էր, արդյո՞ք նա իրականում սադրիչ գործակալ էր»[50]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 К убийству Гапона // Путь. —М., 1906. — № 75 (2 июня). — С. 4.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Письмо тов. П. Рутенберга // Знамя труда. —Париж, 1909. — № 15 (февраль). — С. 19—20.
  3. 3,0 3,1 3,2 3,3 П. М. Рутенберг. Дело Гапона // Былое. —Париж, 1909. — № 11—12. — С. 29—115.
  4. 4,0 4,1 Заключение судебно-следственной комиссии по делу Азефа. — Париж: Издание ЦК ПСР, 1911. — 104 с.
  5. ПСС В.И. Ленина, т.10, с. 521
  6. Կաղապար:Из
  7. 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 Как был убит Гапон? Сообщение одного из участников убийства // Петербургская газета. —СПб., 1909. — № 62 (5 марта). — С. 2.
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 Z. К исчезновению Гапона // Двадцатый век. — 1906. — № 12 (7 апреля).
  9. 9,0 9,1 9,2 9,3 К убийству Гапона // Новое время. —СПб., 1906. — № 10812 (21 апреля). — С. 1.
  10. 10,0 10,1 U. Исчезновение Гапона // Новое время. —СПб., 1906. — № 10797 (6 апреля). — С. 4.
  11. 11,0 11,1 11,2 С. Я. Стечкин. Тайны Гапона. (Из моих сношений с Гапоном) // Биржевые ведомости. —СПб., 1906. — № 9253 (22 апреля). — С. 2.
  12. 12,0 12,1 12,2 12,3 12,4 Рабочие. В защиту Гапона // Новая Русь. —СПб., 1909. — № 8 (9 января). — С. 3.
  13. Исчезновение Г. Гапона // Маленькая газета. —СПб., 1906. — № 74 (6 апреля). — С. 3.
  14. Г. А. Гапон. Обращение к прокурору Санкт-Петербургской судебной палаты // Нижегородский листок. —Н.-Новгород, 1906. — № 78. — С. 4.
  15. 15,0 15,1 Н. Симбирский <Н. В. Насакин>. Правда о Гапоне и 9-м января. — СПб.: «Электропечатня» Я. Кровицкого, 1906. — 226 с.
  16. Г. А. Гапон. Второе письмо в газету «Русь» // Русь. —СПб., 1906. — № 55. — С. 2.
  17. 17,0 17,1 17,2 17,3 17,4 17,5 17,6 Борей <В. А. Шуф>. Похороны Гапона // Новое время. —СПб., 1906. — № 10827 (4 мая). — С. 4.
  18. 18,0 18,1 К убийству Гапона // Новое время. —СПб., 1906. — № 10826 (5 мая). — С. 4.
  19. 19,0 19,1 19,2 И. М. <И. Ф. Манасевич-Мануйлов>. Страничка воспоминаний. К 9 января // Новое время. —СПб., 1910. — № от 9 января.
  20. 20,0 20,1 20,2 В. М. Грибовский. Ещё одна тайна Гапона // Слово. —СПб., 1906. — № 456 (6 мая). — С. 2.
  21. Марголин Сергей Павлович – начинал карьеру кандидатом на судебные должности при Санкт-Петербургском военно-окружном суде. Затем стал присяжным поверенным и защищал подсудимых Л. Буланова, А. Зунделевича и А. Зубковского на крупных процессах «11-ти» (6–14 мая 1880 г.) и «16-ти» (25–30 октября 1880 г.), скончался в Нейснаре (Пруссия) в 1906 при невыясненных обстоятельствах.
  22. 22,0 22,1 22,2 22,3 К. Энгер. Финал гапониады. (Беседа с пр. повер. С. П. Марголиным) // Биржевые ведомости, 2-е издание. —СПб., 1906. — № 114 (30 апреля). — С. 6.
  23. 23,0 23,1 А. Е. Зарин. Неделя о Гапоне // Современная жизнь. —СПб., 1906. — № 80 (18 апреля). — С. 2.
  24. П. М. Пильский. Гапон // Современник. —М., 1906. — № 23, 25. — С. 1—2.
  25. 25,0 25,1 -в. О Гапоне. (Из беседы с присяжным поверенным С. П. Марголиным) // Петербургский листок. —СПб., 1906. — № 103 (16 апреля). — С. 2.
  26. 26,0 26,1 26,2 26,3 Маска <И. Ф. Манасевич-Мануйлов>. К убийству о. Гапона // Новое время. —СПб., 1906. — № 10807 (16 апреля).
  27. 27,0 27,1 К убийству Гапона // Двадцатый век. —СПб., 1906. — № 49 (17 мая).
  28. Ольга Рутенберг. Письмо в редакцию // Двадцатый век. —СПб., 1906. — № 22 (18 апреля). — С. 6.
  29. Социалисты-революционеры о Гапоне // Биржевые ведомости. —СПб., 1906. — № 9258 (26 апреля).
  30. 30,0 30,1 30,2 30,3 30,4 30,5 Докладная записка и. о. вице-директора Департамента полиции С. Е. Виссарионова об убийстве Г. А. Гапона // В. Хазан. Пинхас Рутенберг. От террориста к сионисту. —Иерусалим, 2008. — С. 832—837.
  31. 31,0 31,1 31,2 «Документ» о Гапоне // Двадцатый век. —СПб., 1906. — № 23 (19 апреля).
  32. М. А. Об убийстве Гапона // Новое время. —СПб., 1906. — № 10812 (21 апреля). — С. 3.
  33. Убийство без убитого // Двадцатый век. —СПб., 1906. — № 24 (20 апреля). — С. 1.
  34. 34,00 34,01 34,02 34,03 34,04 34,05 34,06 34,07 34,08 34,09 34,10 34,11 34,12 34,13 34,14 34,15 34,16 34,17 34,18 34,19 34,20 34,21 34,22 34,23 34,24 34,25 34,26 34,27 34,28 34,29 34,30 34,31 34,32 34,33 34,34 34,35 34,36 34,37 34,38 34,39 34,40 34,41 34,42 34,43 34,44 34,45 34,46 34,47 34,48 34,49 34,50 34,51 34,52 34,53 34,54 34,55 34,56 34,57 34,58 П. М. Рутенберг. Убийство Гапона. — Л.: «Былое», 1925.
  35. Убийство Гапона // Новое время. —СПб., 1906. — № 10810 (19 апреля). — С. 3.
  36. Вскрытие ящика Гапона // Двадцатый век. —СПб., 1906. — № 33 (30 апреля). — С. 2.
  37. 37,00 37,01 37,02 37,03 37,04 37,05 37,06 37,07 37,08 37,09 37,10 Борей <В. А. Шуф>. Гапон найден // Новое время. —СПб., 1906. — № 10822 (1 мая). — С. 1.
  38. 38,0 38,1 38,2 Стикс. Cui prodest? // Биржевые ведомости. —СПб., 1906. — № 9270 (3 мая). — С. 2.
  39. 39,00 39,01 39,02 39,03 39,04 39,05 39,06 39,07 39,08 39,09 39,10 Убийство Георгия Гапона // Биржевые ведомости, 2-е издание. —СПб., 1906. — № 115 (3 мая). — С. 6—7.
  40. С. Соломин <С. Я. Стечкин>. Рясы // Мир. —СПб., 1909. — № 2 (ноябрь). — С. 98—102.
  41. 41,0 41,1 Nemo. Где и как убит Гапон? // Новое время. —СПб., 1906. — № 10824 (3 мая). — С. 4.
  42. Следствие о Гапоне. (Беседа с пр. пов. С. П. Марголиным). // Биржевые ведомости. —СПб., 1906. — № 9292 (16 мая). — С. 2.
  43. N. К убийству Гапона // Новое время. —СПб., 1906. — № 10827 (6 мая). — С. 4.
  44. 44,0 44,1 44,2 44,3 Следствие по делу Гапона // Наша жизнь. —СПб., 1906. — № 454 (25 мая).
  45. Конец гапоновской дачи // Петербургская газета. —СПб., 1909. — № 17 мая.
  46. 46,0 46,1 46,2 46,3 Б. М. Похороны Гапона // Наша жизнь. —СПб., 1906. — № 436 (4 мая). — С. 4.
  47. Объявления // Слово. —СПб., 1906. — № 455 (3 мая).
  48. 48,0 48,1 48,2 Рапорт Спб. уездного исправника о похоронах Георгия Гапона 3-го мая 1906 года // Былое. —Л., 1925. — № 1.
  49. 49,0 49,1 49,2 Похороны Гапона // Нижегородская газета. —Н.-Новгород, 1906. — № 17 (6 мая). — С. 4.
  50. 50,0 50,1 50,2 В. Хазан. Пинхас Рутенберг: от террориста к сионисту (в двух томах). — Иерусалим: «Гешарим», 2008. — 976 с.
  51. И. П. Ювачёв. Могила Гапона // Исторический вестник. —СПб., 1909. — № 10. — С. 206—210.
  52. «Могилы знаменитостей. Гапон Георгий Аполлонович (1870-1906)». "Могилы знаменитостей". Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 1-ին.
  53. 53,0 53,1 «Мои поиски места погребения Георгия Гапона». НП "Общество Некрополистов". Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 1-ին.
  54. А. Вергежский <А. В. Тыркова-Вильямс>. Гапон // Реформа. —СПб., 1906. — № от 1 мая. — С. 1.
  55. Насакин (Н. Симбирский, Ратмир) Николай Вадимович, драматург, беллетрист, публицист и экономист, род. 1 авг. 1867 г. в им. Комаровка, Симб. губ.

    Венгеров, Семён Афанасьевич Критико-биографический словарь русских писателей и ученых
  56. Письмо Ракитина — П. М. Рутенбергу 4 апреля 1908 г. // В. Хазан. Пинхас Рутенберг. От террориста к сионисту. —Иерусалим, 2008. — С. 847—851.
  57. 57,0 57,1 57,2 И. Н. Ксенофонтов. Георгий Гапон: вымысел и правда. — М.: РОССПЭН, 1996. — 320 с.
  58. Последние вести // Путь. —СПб., 1906. — № 38 (20 апреля). — С. 2.
  59. Кто убил Гапона? // Путь. —М., 1906. — № 57 (11 мая). — С. 3.
  60. 60,0 60,1 60,2 60,3 В. М. Грибовский. Загадочные документы Гапона // Исторический вестник. —СПб., 1912. — № 3. — С. 949—961.
  61. 61,0 61,1 И. Кому выгодно? // Двадцатый век. —СПб., 1906. — № 48 (16 мая). — С. 4.
  62. Кто убийца Гапона? // Петербургская газета. —СПб., 1906. — № 202 (27 июля). — С. 2.
  63. -м. Адвокат // Биржевые ведомости, 2-е издание. —СПб., 1906. — № 189 (29 июля). — С. 3.
  64. 64,0 64,1 64,2 М. П. Как был убит Гапон // Русь. —СПб., 1907. — № 291 (31 октября). — С. 3.
  65. В. Л. Бурцев. В погоне за провокаторами. — М.: «Современник», 1989. — 272 с.
  66. Иностранная печать о деле Азефа // Речь. —СПб., 1909. — № 19 (20 января). — С. 3.
  67. А. С. Изгоев. Литературно-общественный дневник. Гапон // Речь. —СПб., 1909. — № 38 (8 февраля). — С. 2.
  68. Л. Я. Гуревич. Запятнанное имя // Слово. —СПб., 1909. — № 703 (8 февраля). — С. 5.
  69. П. М. Рутенберг. Почему я убил Гапона // Биржевые ведомости. —СПб., 1909. — № 10984 (28 февраля). — С. 3.
  70. 70,0 70,1 70,2 Новое об Азефе // Голос Москвы. —М., 1909. — № 16 (21 января). — С. 1.
  71. Н. Истомин. «Азефы». Конспираторы // Голос Москвы. —М., 1909. — № 26 (1 февраля). — С. 3.
  72. К аресту А. Лопухина // Петербургский листок. —СПб., 1909. — № 20 (21 января). — С. 3.
  73. 73,0 73,1 Новые данные о смерти Гапона // Речь. —СПб., 1909. — № 216 (9 августа). — С. 2—3.
  74. Признания М. А. Ушакова // Русское слово. —СПб., 1909. — № 263 (15 ноября). — С. 5.
  75. Юренин <Г. И. Московский>. Тайна убийства Гапона (Из воспоминаний М. А. Ушакова о Гапоне) // Петербургский листок. —СПб., 1910. — № 8 (9 января). — С. 5.
  76. Г. А. Гапон. Письмо к министру внутренних дел П. Н. Дурново // Красный архив. —М.-Л., 1925. — № 2 (9). — С. 295—297.
  77. 77,0 77,1 77,2 С. Ю. Витте. Воспоминания. Царствование Николая II. — Берлин: «Слово», 1922. — Т. 2. — 571 с.
  78. 78,0 78,1 78,2 Н. Петров. Гапон и граф Витте // Былое. —Л., 1925. — № 1. — С. 15—27.
  79. 79,0 79,1 79,2 79,3 А. В. Герасимов. На лезвии с террористами. — М.: Товарищество Русских художников, 1991. — 208 с.
  80. 80,0 80,1 80,2 И. М-в <И. Ф. Манасевич-Мануйлов>. Странички недавнего прошлого // Новое время. —СПб., 1908. — № от 28 декабря.
  81. Маска <И. Ф. Манасевич-Мануйлов>. О Гапоне // Новое время. —СПб., 1906. — № 10809 (18 апреля). — С. 3.
  82. Б. Георгий Гапон // Новый путь. —СПб., 1906. — № 98 (9 мая). — С. 2.
  83. 83,0 83,1 Б. А. Равдин. Репутация попа Гапона // Даугава. —Рига, 1991. — № 3—4.
  84. 84,0 84,1 Д. В. Поспеловский. На путях к рабочему праву. Профсоюзы в России. — Франкфурт-на-Майне: Посев, 1987. — 236 с. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 15-ին.
  85. А. Е. Карелин. Девятое января и Гапон. Воспоминания // Красная летопись. —Л., 1922. — № 1. — С. 106—116.
  86. С. Ю. Витте. Князь В. П. Мещерский // С. Ю. Витте. Воспоминания. Царствование Николая II. — Берлин: «Слово», 1922. — Т. 2. — С. 509—527.
  87. В. П. Мещерский. Наши дни // Гражданин. —СПб., 1906. — № 28. — С. 6.
  88. М.-ий. Ещё о Гапоне // Биржевые ведомости. —СПб., 1906. — № 9286 (12 мая). — С. 3.
  89. 89,0 89,1 Л. Я. Гуревич. Девятое января. — Харьков: «Пролетарий», 1926. — 90 с.
  90. Gapon, das Schicksal einer russischen Revolutionärin: Bekenntnisse der Milda Chomse. — Berlin: Ziemsen, 1919. — 190 с.
  91. В. А. Поссе. Мой жизненный путь. — М.: «Земля и Фабрика», 1929. — 548 с.
  92. 92,0 92,1 92,2 92,3 92,4 Письмо В. М. Чернова — П. М. Рутенбергу, 1906 г. // П. М. Рутенберг. Убийство Гапона. —Л., 1925. — С. 92—95.
  93. 93,00 93,01 93,02 93,03 93,04 93,05 93,06 93,07 93,08 93,09 93,10 93,11 93,12 93,13 93,14 93,15 93,16 93,17 Б. В. Савинков. Воспоминания террориста. — Харьков: «Пролетарий», 1928.
  94. Б. Ол. <В. М. Чернов>. Из тёмного царства // Знамя труда. —Париж, 1909. — № 15 (февраль). — С. 12—14.
  95. 95,0 95,1 95,2 95,3 95,4 95,5 Письмо В. М. Чернова — Б. И. Николаевскому 7 октября 1931 г. // О. В. Будницкий. История терроризма в России. —Ростов-на-Дону, 1996. — С. 432—439.
  96. 96,0 96,1 96,2 96,3 Письмо Б. И. Николаевского — В. М. Чернову 15 октября 1931 г. // О. В. Будницкий. История терроризма в России. —Ростов-на-Дону, 1996. — С. 441—445.
  97. 97,0 97,1 97,2 А. А. Аргунов. Азеф — социалист-революционер // Провокатор: Воспоминания и документы о разоблачении Азефа. —Л., 1929. — С. 13—133.
  98. 98,0 98,1 Из истории партии с.-р. Показания В. М. Чернова по делу Азефа в Следственной комиссии партии с.-р. 2 февраля 1910 г. // Новый журнал. —Нью-Йорк, 1970. — № 101. — С. 172—197.
  99. К делу А. А. Лопухина // Слово. —СПб., 1909. — № 684 (20 января). — С. 3.
  100. К характеристике Азефа // Слово. —СПб., 1909. — № 684 (20 января). — С. 4.
  101. 101,0 101,1 В. Тучкин <В. М. Чернов>. Евгений Азеф // Знамя труда. —Париж, 1909. — № 15 (февраль). — С. 2—7.
  102. 102,0 102,1 Письмо П. М. Рутенберга в ЦК ПСР 10 апреля 1908 г. // П. М. Рутенберг. Убийство Гапона. —Л., 1925. — С. 101—102.
  103. 103,0 103,1 103,2 Письмо П. М. Рутенберга — Б. В. Савинкову 19 февраля 1908 г. // В. Хазан. Пинхас Рутенберг. От террориста к сионисту. —Иерусалим, 2008. — С. 840—846.
  104. 104,0 104,1 104,2 104,3 104,4 104,5 104,6 104,7 104,8 Л. Г. Дейч. Священник Георгий Гапон // Л. Г. Дейч. Провокаторы и террор. —Тула, 1926. — С. 40—80.
  105. 105,0 105,1 105,2 105,3 С. Д. Мстиславский. Из истории военного движения. «Офицерский» и «Боевой» союзы 1906—1908 гг. (По личным воспоминаниям) // Каторга и ссылка. —М., 1929. — № 6 (55). — С. 7—31.
  106. В. М. Зензинов. Пережитое. — Нью-Йорк: Издательство им. Чехова, 1953. — 416 с.
  107. А. В. Чудинов. Об одном из участников суда над Гапоном // Вопросы истории. —М., 2000. — № 6. — С. 173.
  108. 108,0 108,1 108,2 108,3 108,4 N. N. Последние минуты Гапона // Былое. —Париж, 1909. — № 11—12. — С. 116—122.
  109. Бурцев В. Л. «Былое. Сборники по новейшей русской истории». Новая серия. — Париж: Иллюстрированная Россия, 1933. — Т. 2. — С. 54. — (Библиотека «Иллюстрированной России»).
  110. 110,0 110,1 110,2 С. Д. Мстиславский. Смерть Гапона. — М.: Изд. О-во Огонёк, 1928. — 38 с.
  111. Л. И. Рузер. Плохое обращение с историей, или Мистика крови // Красная новь. —М., 1928. — № 7. — С. 228—236.
  112. <В. М. Чернов>. Обзор печати // Дело народа. —СПб., 1906. — № 2 (4 мая). — С. 1.
  113. 113,0 113,1 Л. Г. Прайсман. Террористы и революционеры, охранники и провокаторы. — М.: РОССПЭН, 2001. — 432 с.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • П. М. Рутенберг. Убийство Гапона. — Л.: «Былое», 1925.
  • Б. В. Савинков. Воспоминания террориста. — Харьков: «Пролетарий», 1928.
  • Л. Г. Дейч. Священник Георгий Гапон // Л. Г. Дейч. Провокаторы и террор. —Тула, 1926. — С. 40—80.
  • А. Е. Карелин. Девятое января и Гапон // Красная летопись. —Л., 1922. — № 1. — С. 106—116.
  • Маска <И. Ф. Манасевич-Мануйлов>. К убийству о. Гапона // Новое время. —СПб., 1906. — № 10807 (16 апреля).
  • Как был убит Гапон? Сообщение одного из участников убийства // Петербургская газета. —СПб., 1909. — № 62 (5 марта). — С. 2.
  • Письмо тов. П. Рутенберга // Знамя труда. —Париж, 1909. — № 15 (февраль). — С. 19—20.
  • П. М. Рутенберг. Дело Гапона // Былое. —Париж, 1909. — № 11—12. — С. 29—115.
  • Н. Симбирский <Н. В. Насакин>. Правда о Гапоне и 9-м января. — СПб.: «Электропечатня» Я. Кровицкого, 1906. — 226 с.
  • В. М. Грибовский. Загадочные документы Гапона // Исторический вестник. —СПб., 1912. — № 3. — С. 949—961.
  • История терроризма в России в документах, биографиях, исследованиях / Автор-составитель О. В. Будницкий. — Ростов-на-Дону: «Феникс», 1996. — 576 с.
  • В. Хазан. Пинхас Рутенберг: от террориста к сионисту (в двух томах). — Иерусалим: «Гешарим», 2008. — 976 с.
  • И. Н. Ксенофонтов. Георгий Гапон: вымысел и правда. — М.: РОССПЭН, 1996. — 320 с.
  • Б. А. Равдин. Репутация попа Гапона // Даугава. —Рига, 1991. — № 3—4.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեորգի Գապոնի սպանություն» հոդվածին։