Վկա (իրավունք)
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Վկա, անձ, որը նախաքննության մարմինների կամ դատարանի կանչով ցուցմունք է տալիս քրեական կամ քաղաքացիական գործի վերաբերյալ իրեն հայտնի փաստերի մասին։ Քրեական դատավարությունում վկան կարող է հարցաքննվել ապացուցման ենթակա ամեն մի հանգամանքի, այդ թվում՝ մեղադրյալի անձնավորությունը բնութագրող փաստերի և հարցաքննվողի ու մեղադրյալի փոխհարաբերությունների մասին։ Քաղաքացիական դատավարությունում վկայությունը թույլատրվում է բոլոր դեպքերում, բացառությամբ այն դեպքի, երբ պահանջվում է ներկայացնել գրավոր ապացույցներ (տան առուծախ, կտակ, հիսուն ռուբլուց ավելի փոխառության գործարքներ և այլն)։ Վկայություն տալը խորհրդային յուրաքանչյուր քաղաքացու պարտքն է։ Վկայության չներկայացող անձը կարող է տուգանվել կամ բերման ենթարկվել։ Ակնհայտ սուտ ցուցմունք տալու, ցուցմունք տալուց հրաժարվելու կամ վկայությունից խուսափելու համար վկան կարող է ենթարկվել քրեական պատասխանատվության։ Քաղաքացիական դատավարությունում վկա լինել չեն կարող ներկայացուցիչները, քրեական դատավարությունում՝ պաշտպանը (այն հանգամանքների վերաբերյալ, որոնք նրանց հայտնի են դարձել ներկայացուցչի կամ պաշտպանի պարտականություններ կա տարելու կապակցությամբ)։ Բացի այդ վկան չեն կարող լինել նաև նրանք, որոնք հոգեկան կամ ֆիզիկական պակասությունների պատճառով ի վիճակի չեն ճիշտ ընկալել գործի հանգամանքները և դրանց մասին ճիշտ ցուցմունք տալ։ Որպես վկա չի կարող հարցաքննվել նաև մեղադրյալը այն արարքների վերաբերյալ, որոնց կատարման մեջ մեղադրվում են ինքն ու նրա հանցակիցները։ Վկան իրավունք ունի ցուցմունք տալ իրեն հայտնի տվյալների մասին, ուղղումներ, լրացումներ կատարել ցուցմունքում, բողոքարկել քննիչի գործողությունները ևն։ Պահպանվում է որպես վկա կանչված քաղաքացու միջին աշխատավարձը, բացի այդ, վճարվում են նրա ճանապարհածախսը, հյուրանոցում բնակվելու և այլ ծախսերը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 478)։ |