Մոսկվայի դեկտեմբերյան զինված ապստամբություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Իվան Վլադիմիրով. «Բարիկադները Պրեսնյայում»

Մոսկվայի դեկտեմբերյան զինված ապստամբություն (ռուս.՝ Декабрьское восстание в Москве), 1905-1907 թվականների ռուսական առաջին հեղափոխության բարձրակետը։ Տեղի է ունեցել 1905 թվականի դեկտեմբերի 7 (20)-ից մինչև 18 (31)-ը։

Հոկտեմբերյան համառուսաստանյան գործադուլը (1905) Ռուսաստանի բանվոր դասակարգին ընդհուպ մոտեցրեց զինված ապստամբության։ Պետերբուրգում, Մոսկվայում, Ուկրաինայի, Կովկասի, Մերձբալթիկայի մի շարք քաղաքներում ստեղծվեցին բանվորական մարտական դրուժինաներ, ռումբերի պատրաստման արհեստանոցներ, զինապահեստներ։ Արտասահմանից զենք գնվեց և փոխադրվեց Ռուսաստան։ Ստեղծվեցին բանվորական մասսայական կազմակերպություններ՝ գործադուլային կոմիտեներ, մարտակաև դրուժինաներ, բանվորների դեպուտատների խորհուրդներ․ Աշնանը գործադուլի դուրս եկավ 1277 հազար բանվոր, միայն նոյեմբերին տեղի ունեցավ 796 գյուղացիական ելույթ։

Դեկտեմբերի սկզբին, հոկտեմբերի 17-ի մանիֆեստի հրապարակումից հետո ստեղծված ուժերի հավասարակշռությունը խախտվեց։ Մոսկվայի պրոլետարիատն առաջինն սկսեց ապստամբությունը։ Դեկտեմբերի 5-ին բոլշևիկների համաքաղաքային կոնֆերանսը որոշեց դեկտեմբերի 7-ից սկսել քաղաքացիական գործադուլ՝ այն զինված ապստամբության վերածելու նպատակով։ Բանվորների դեպուտատների սովետի գործադիր կոմիտեն դեկտեմբերի 6-ին ընդունեց քաղաղաքացիական գործադուլը զինված ապստամբության վերածելու վերաբերյալ բոլշևիկների առաջարկությունը։

Դեկտեմբերի 7-ին սովետի օրգան «Իզվեստիա»-ն հրապարակեց մանիֆեստ՝ «Բոլոր բանվորներին, զինվորներին և քաղաքացիներին», որտեղ վճռական և անզիջում պայքար էր հայտարարվում ընդդեմ ցարական արքունիքի։ Դեկտեմբերի 7-ին, ժամը 12-ին ապստամբությունն սկսվեց։ Առաջին օրը նրան մասնակցեց 100 հազար, հաջորդ օրը՝ 150 հազար մարդ։ Բարիկադային կատաղի կռիվներ տեղի ունեցան Կրասնայա Պրեսնյայի, Զամոսկվորեչիեի, Ռոգոժսկի, Սիմյոնովսկի շրջանում և Կազանյան կայարանի երկաթուղային հանգույցում։ Զորամասերին ապստամբությանը մասնակից դարձնելը համարվեց կենտրոնական խնդիր։

Ապստամբությունը ճնշելու համար ցարական կառավարությունը Պետերբուրգից և այլ քաղաքներից զորամասեր տեղափոխեց Մոսկվա։ Դեկտեմբերի 17-ին հակաբոլշևիկյան ուժերը ճնշեցին ապստամբությունը Կրասնայա Պրեսնյայում, հաշվեհարդար տեսան դրա մասնակիցների հետ։ Բոլշևիկների Մոսկվայի կոմիտեն և Մոսկվայի խորհուրդը, վերլուծելով ստեղծված իրադրությունը, որոշեցին դեկտեմբերի 18-ի լույս 19-ի գիշերը ապստամբությունը դադարեցնել։ Մոսկվայի զինված ապստամբությունը պարտվեց։

Մոսկվայի բանվորների զինված ապստամբության անմիջական ազդեցությամբ ապստամբություններ բռնկվեցին Կրասնոյարսկում, Պերմում, Նովորոսիյսկում, Սևաստոպոլում, Կրոնշտադում։ Խոշոր ապստամբություններ տեղի ունեցան Ուկրաինայում, Լատվիայում, զինված ընդհարումներ՝ Անդրկովկասում, մասնավորապես Բաքվում և Թիֆլիսում։ Արձագանքելով Ռուսաստանի, Բաքվի, Թիֆլիսի երկաթուղայինների կոչին՝ Ալեքսանդրապոլի երկաթուղայինները 1905 թվականի դեկտեմբերի 10-ին միացան ընդհանուր գործադուլին։

Բոլշևիկներն ու մենշևիկներն արմատապես տարաձայնվեցին ապստամբության գնահատման հարցում։ Մենշևիկների լիդեր Գեորգի Պլեխանովը հայտարարեց․— «Հարկավոր չէր զենք վերցնել»։ Լենինը և բոլշևիկները գտնում էին, որ «․․․ պետք էր ավելի վճռականորեն, ավելի եռանդագին և ավելի հարձակողական կերպով զենքի դիմել, պետք էր զանգվածներին բացատրել միմիայն խաղաղ գործադուլի անհնարինությունը և աներկյուղ ու անխնա զինված պայքարի անհրաժեշտությունը»։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Яковлев Н․ Н․, Вооруженные восстания в декабре 1905 го–да, М․, 1957․
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 334 CC-BY-SA-icon-80x15.png