Արմեն Օհանյան (պարուհի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արմեն Օհանյան (այլ կիրառումներ)
Արմեն Օհանյան
Դիմանկար
Ծնվել է1887[1][2]
ԾննդավայրՇամախի, Բաքվի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել է1976[1][2]
Մահվան վայրՄեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[3]
ԳերեզմանՄեքսիկայի Միացյալ Նահանգներ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Մայրենի լեզուհայերեն
Մասնագիտությունդերասանուհի, գրող, գրականագետ, թարգմանչուհի, belly dancer, պարուհի և répétiteur
ԱշխատավայրԲաքվի պետական հայկական թատրոն, Փոքր թատրոն և Թբիլիսիի օպերայի և բալետի թատրոն
ԿուսակցությունՄեքսիկական կոմունիստական կուսակցություն
 Armen Ohanian Վիքիպահեստում

Արմեն Օհանյան (Տեր-Օհանյան) (օրիորդական անունը՝ Սոֆյա Էմանուելի Փիրբուդաղյան, 1887[1][2], Շամախի, Բաքվի նահանգ, Ռուսական կայսրություն - 1976[1][2], Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[3]), հայ պարուհի, դերասանուհի, գրող, թարգմանչուհի, գրականագետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին քայլերը Արմեն (Արմենուհի) Տեր-Օհանյան բեմական կեղծանունով կատարել է Բաքվի հայկական թատրոնում։ 1906—1908 թթ. խաղացել է այդ և Նոր Նախիջևանի հայկական թատրոններում, ապա՝ ՄԳԹ-ում, պարարվեստում մասնագիտացել է Լ. Ռ. Նելիդովայի պլաստիկայի դպրոցում (Մոսկվա), ինչպես նաև Ստանիսլավսկու ստուդիայում։ Որոշ ժամանակ աշխատել է նաև Մոսկվայի Փոքր թատրոնում։ 1914—1916 թթ. սովորել է Սորբոնի համալսարանում։

Տեղափոխվելով Պարսկաստան՝ նա դարձել է եվրոպական տիպի պարսկական առաջին թատրոնի հիմնադիրը։ 1910-ին Թեհրանում պարսկերենով բեմադրել է Նիկոլայ Գոգոլի «Ռևիզորը»։ Ինքը՝ Օհանյանը, կատարել է Մարիա Անտոնովնայի դերը։ Պարսկաստանում Օհանյանն ուսումնասիրել է արևելյան պարեր և 1911-ից մինչև 1930-ականների սկիզբը որպես «պարսիկ պարուհի» հանդես է եկել տարբեր երկրներում՝ պրոֆեսիոնալ բեմում առաջին անգամ ցուցադրելով արևմտյան հանդիսատեսի համար տարաշխարհիկ արևելյան հնագույն և անտիկ աշխարհի լավ ոճավորված պարեր։ Օգտագործելով պարուհի Այսեդորա Դունկանի «ազատ պարի» մեթոդները, հայ, ռուս, պարսիկ երգահանների երաժշտությամբ և օգտագործելով զանազան դիմակներ, Օհանյանը ներկայացնում էր «Սալոմե», «Անահիտի տաճարում», «Մենություն», «Հաշիշ», «Դավաճանություն», «Շամախեցի մեծ խանը» և այլ պարային համարներ։ Ելույթ է ունեցել Լոնդոնում, Բրյուսելում, Միլանում, Սոֆիայում, Բուխարեստում, Կահիրեում, ԱՄՆ-ի մի շարք քաղաքներում։

Հիմնավորվելով Փարիզում՝ Օհանյանն իրեն նվիրեց գրականությանը, հրատարակեց ինքնակենսագրական գրքեր ֆրանսերենով։ Դրանցից առաջինը «Շամախեցի պարուհին» էր՝ Անատոլ Ֆրանսի առաջաբանով (1918), որը թարգմանվել է անգլերեն, գերմաներեն, իսպաներեն, շվեդերեն, ֆիններեն, եբրայերեն։ Այնուհետև հրատարակել է «Քաղաքակրթության ճիրաններում» (1921), «Աշխարհի մեկ վեցերորդ մասում» (ԽՍՀՄ կատարած այցի ժամանակ արված նրա նոթերը, 1928), «Նորին մեծության մենակատարը» (1929) և «Օձեր գայթակղող կնոջ ծիծաղը» (1931) գրքերը։ Փարիզում խաղացել է Սեդայի դերը (Լևոն Շանթի «Հին աստվածներ»-ում, բեմադրությունը՝ Մկրտիչ Ջանանի, մասնակցել Մ. Ջանանի լոնդոնյան հյուրախաղերին (1921)։

Ինքնատիպ դերասանուհին սիրային կապերի մեջ էր փարիզյան վերնախավի ազդեցիկ ներկայացուցիչների հետ, որոնց թվում էին քաղաքական գործիչ Մորիս Բառնեսը, նկարիչ Էմիլ Բեռնարը (որն ստեղծել է նրա դիմանկարը և գրել «Պարսկական պարուհի» գիրքը նրա մասին), արձակագիր Անդրե Ժերմենը, գրող Նատալի Բառնին և այլք։

1927 թ. Օհանյանն ամուսնացել է մեքսիկացի դիվանագետ և կոմունիստ Մակեդոնիո Գարզայի հետ։ Որոշ ժամանակ անց նրանք բնակություն են հաստատել Մեքսիկայում։ Օհանյանն ընդունվել է Մեքսիկայի կոմունիստական կուսակցության շարքերը։ 1936 թ Մեխիկոյում բացել է պարի դպրոց։ Ռուսերենից իսպաներեն թարգմանություններ է արել, իսպաներենով գրել մենագրություններ ռուս, խորհրդային և մեքսիկական գրականության մասին, այդ թվում՝ «Լև Տոլստոյ (1828—1910). կյանքը, դարաշրջանը, ստեղծագործությունները» (Մադրիդ, 1934), «Գորկու ուղին մե´րն է» (Մեխիկո, 1935), «Իսպանական գրականության մարքսիստական վերլուծություն» (Մեխիկո, 1937), «Երջանիկ Հայաստան» (Մեխիկո, 1946), «Մեքսիկան և մշակույթը» (Մեխիկո, 1967) և այլն։ Իր ստեղծագործություններից ամենաշատն արժեվորում էր «Վտարանդու երազանքը» պոեմը, որը գրել է հայերեն։ 1950 թ. ավարտել է Մեխիկոյի ազգային համալսարանի փիլիսոփայության բաժինը։ 1958 թ. ամուսնու հետ այցելել է Խորհրդային Միություն, եղել Հայաստանում և իր պահոցի (արխիվ) մի մասը նվիրել Երևանի Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանին։

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • La danseuse de Shamakha, Grasset, Paris, 1918.
  • Dans les griffes de la civilisation, Grasset, Paris, 1921.
  • Dans la sixième partie du monde (voyage en Russie), Grasset, Paris, 1928.
  • Le soliste de Sa Majesté, B. Grasset, Paris, 1929.
  • Les rires d’une charmeuse de serpents, Les Revues, Paris, 1931.
  • Leon Tolstoi (1828 - 1910). Su vida, su época, su obra, Editorial Cimientos, Madrid, 1934.
  • La ruta de Máximo Gorki es la nuestra, Editorial Cimientos, México, 1935.
  • Un análisis marxista de la literatura española, Ediciones de la Liga de Escritores y Artistas Revolucionarios, México, 1937.
  • Las guerras campesinas en Rusia y Tolstoi, Editorial Cimientos, México, 1939.
  • Clásicos mexicanos. Ruiz de Alarcón. Juana de Asbaje. Lizardi, Editorial Cimientos, México, 1939.
  • El sentido clasista del romanticismo y Alejandro Pushkin, Editorial Popular, México, 1938.
  • Armenia feliz, Editorial Cimientos, México, 1946.
  • Literatura española medieval y clásicos mexicanos, Editorial Cimientos, México, 1956.
  • México en la cultura, Editorial Cimientos, México, 1967.
  • Recuerdos del Cáucaso pre-revolucionario y de mis andanzas por el mundo, primer tomo, México, Editorial Cimientos, 1969.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 MAK (польск.)
  3. 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #119279894 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արծվի Բախչինյան, Վարդան Մաթևոսյան. «Շամախեցի պարուհին. Արմեն Օհանյանի կյանքը և ստեղծագործությունը», Երևան, 2007
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արմեն Օհանյան (պարուհի)» հոդվածին։