Ալլա Նազիմովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալլա Նազիմովա
Ի ծնե անուն՝Մարեմ-Իդես Լևենտոն
Ծննդյան թիվ՝հունիսի 3, 1879(1879-06-03)[1] կամ մայիսի 22, 1879(1879-05-22)[2]
Ծննդավայր՝Յալթա, Տավրիկյան նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանի թիվ՝հուլիսի 13, 1945(1945-07-13)[3][4][5][…] (66 տարեկան)
Վախճանի վայր՝Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[6]
Քաղաքացիություն՝ԱՄՆ
Ռուսական կայսրություն
Մասնագիտություն՝կինոպրոդյուսեր, սցենարիստ, գրող, թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի, դերասանուհի և կինոռեժիսոր
Պարգևներ՝
IMDb։ID 0623417

Ալլա Նազիմովա (անգլ.՝ Alla Nazimova, իսկական անունը՝ Մարեմ-Իդես (Ադելաիդա Յակովլևնա) Լևենտոն, հունիսի 3, 1879(1879-06-03)[1] կամ մայիսի 22, 1879(1879-05-22)[2], Յալթա, Տավրիկյան նահանգ, Ռուսական կայսրություն - հուլիսի 13, 1945(1945-07-13)[3][4][5][…], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[6]), կինոյի և թատրոնի ամերիկացի դերասանուհի, պրոդյուսեր և սցենարիստ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապագա դերասանուհին ծնվել է 1879 թվականի մայիսի 21-ին (հունիսի 3-ին) Յալթայում։ Նա դեղագործ Յակով Աբրամովիչ Լևենտովի (1846-1902 թվականից ոչ ուշ) և նրա կին Սառա Լեյվիևնա (Սոֆյա Լվովնա) Գորովիցի (1856-?) հրեական ընտանիքի երրորդ երեխան էր։ Ծնողները երկու երեխաների՝ Աննայի և Վլադիմիրի հետ Քիշնևից Յալթա էին տեղափոխվել 1875 թվականին[7][8][Ն. 1]։ 1876 թվականին Յա. Ա. Լևենտոնը համարվել է երկրորդ գիլդիայի վաճառական, ընտանիքն ապրում էր դեղագործ ՅԱ. Ա. Լևենտոնի՝ Նաբերեժնի № 191 հասցեում հատուկ կառուցված տանը։ 1887 թվականին ծնողները բաժանվել են, և Մարեմ-Իդեսը մնացել է հոր հետ, որը նույն թվականին ամուսնացել է երկրորդ անգամ (նոր ամուսնությունից հայրն ունեցել է 3 դուստր՝ Էվան (1888), Գիտելն ու Հելլենը և մեկ որդի՝ Ալեքսանդրը)։ 1890-1893 թվականներին Ադելաիդա Լևենտոնը սովորել է Յալթայի իգական պրոգիմնազիայում (գիմնազիայի փաստաթղթերում աղջիկն արդեն հանդես է գալիս Ադելաիդա Լևենտոն անունով)։

Կարիերայի սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալլա Նազիմովան 1899 թվականին

1893 թվականին, ավարտելով պրոգիմնազիան, Ադելաիդան տեղափոխվում է մոր ընտանիք՝ Օդեսա, որտեղ ընդունվում է գիմնազիա և միաժամանակ Ռուսաստանի կայսերական երաժշտական հանրության Օդեսայի մասնաճյուղի երաժշտական դասարանների ջութակի՝ Կ. Ա. Գավրիլովի բաժինը։ Օդեսայում առաջին անգամ նրա մեջ հետաքրքրություն է արթնանում բեմի նկատմամբ. պանսիոնի, որտեղ նա բնակություն էր հաստատել, սեփականատիրոջ դուստրերը ելույթ էին ունենում տեղական թատրոնում և հաճախ էին փորձեր անում աղջկա աչքերի առաջ։ Նրա եղբայրը, որն այդ ժամանակ հոր հիվանդության պատճառով նշանակվել էր քույրերի խնամակալ, ընդդիմանում է դերասանուհի դառնալու նրա ցանկությանը, բայց 1896 թվականին զիջում է, և 17-ամյա Ադելաիդան մեկնում է Մոսկվա, որտեղ Ալլա Նազիմովա մականունով սովորում է Կոնստանտին Ստանիսլավսկու դերասանական վարպետության դպրոցում՝ (Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոն

Ուսումնառության ժամանակ նա սիրավեպ է սկսում հայտնի միլիոնատիրոջ հետ, և իրենց ցավոտ բաժանությունից հետո թողնում է դպրոցն ու սկսում խաղալ մարզային թատրոնում։ 1899 թվականին Ալլան ամուսնանում է երիտասարդ դերասան Սերգեյ Գոլովինի հետ։ Նրանց ամուսնությունն անհաջող էր։ Ամուսինները շուտով սկսում են առանձին ապրել, բայց հայտնի չէ՝ նրանք երբևէ պաշտոնապես բաժանվել են։ Այնուհետև Ալլան վերադառնում է Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոն, սակայն մեկ տարի անց, հիասթափվելով Ստանիսլավսկու դասավանդման ձևից, ընդմիշտ լքում է դպրոցն ու մեկ ամիս անց պայմանագիր կնքում Կիսլովոդսկի թատրոնի հետ։

Թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոստրոմայում, որտեղ մեկնել էր ներկայացումներ տալու, Ալլան ծանոթանում է այդ տարիների լեգենդար դերասան Պավել Օռլենևի՝ Անտոն Չեխովի և Մաքսիմ Գորկու մտերիմ ընկերոջ հետ[Ն. 2]։ Դերասանների մեջ սկսվում է բուռն սիրավեպ։ 1904 թվականին թատերական խմբի կազմում նրանք հյուրախաղերի են մեկնում Եվրոպա, որտեղ փայլուն կերպով ելույթ են ունենում Լոնդոնի և Բեռլինի բեմերում։ Հանդիսատեսը ոգևորությամբ է ընդունում Ալլային, և շուտով նա դառնում է այդ ժամանակների թատերական առաջատար պրիմաներից մեկը։ 1905 թվականի փետրվարին Նազիմովան և Օռլենևը մեկնում են Ամերիկա և հյուրախաղեր ունենում կես տարի՝ հանդիսատեսին ներկայացնելով «Ֆյոդոր Իվանովիչ արքան» (ըստ Ալեքսեյ Տոլստոյի պիեսի), «Հրեաները» (ըստ Եվգենի Չիրիկովի պիեսի) դասական ներկայացումները, Չեխովի և այդ ժամանակ քիչ հայտնի Հենրիկ Իբսենի պիեսների հիման վրա գրված ներկայացումներ։ Թատերախմբի այդ շրջագայության մենեջերը հայտնի անիշխանական Էմմա Գոլդմանն էր[9]։

Չնայած քննադատների բարձր գնահատականներին՝ դերասանների միջոցները խիստ սահմանափակ էին, քանի որ չէին ներկայացնում առևտրային բեմադրություններ, և 1906 թվականի մայիսին Օռլենևն ու թատերախմբի մյուս անդամները վերադառնում են Ռուսաստան։ Նազիմովան մնում է ԱՄՆ-ում և պայմանագիր կնքում թատերական լեգենդար պրոդյուսեր Լի Շուբերտի հետ։ Օվկիանոսից այն կողմ ճանաչում ձեռք բերելու համար Ալլան պետք է լեզու սովորեր, և նա սկսում է անգլերեն սովորել Քերոլայն Հարրիսի մոտ։ Որպես միայնակ մայր՝ Հարրիսը հաճախ էր պարապմունքներին տանում որդուն՝ Դիկին՝ ապագա դերասան Ռիչարդ Բարթելմեսին։ 1916 թվականին Ալլայի հովանավորության շնորհիվ նա առաջին անգամ նկարահանվում է «Պատերազմի հարսնացուները» ֆիլմում։

Կինո[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաջորդ մի քանի տարիների ընթացքում Նազիմովան ակտիվորեն խաղում է Բրոդվեյի բեմահարթակում և մեծ ժողովրդականություն վայելել։ 1915 թվականին նա «Պատերազմի հարսնացուները» հակապատերազմական դրամատիկ ներկայացման մեջ խաղում է գլխավոր դեր։ Ներկայացումը մի կնոջ մասին է, որը Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ կորցնելով 2 եղբայրներին, սկսում է հակապատերազմական ցույցեր կազմակերպել, ինչի հետևանքով բանտարկվում է և այնտեղ գնդակահարվում։ Դերասանուհու տաղանդավոր խաղը գրավում է պրոդյուսեր Լյուիս Սելզնիկի ուշադրությունը։ Նա ցանկանում է պիեսի հիման վրա ֆիլմ նկարահանել և դերասանուհուն առաջարկում է 30 հազար դոլար հոնորար, դրան ավելացրած 1000 դոլար՝ գրաֆիկից դուրս նկարահանման յուրաքանչյուր օրվա համար։ Նազիմովան համաձայնվում է և այդպիսով 1916 թվականին, երբ դերասանուհին արդեն 37 տարեկան էր, առաջին անգամ նկարահանվում է կինոյում։

Ֆիլմի ժողովրդականությունն Ալլային ապահովում է աներևակայելի շահավետ պայմաններով 5-ամյա պայմանագրով Metro Pictures կինոընկերության հետ, որը 1924 թվականին միանում է Goldwyn Pictures կինոընկերությանը և վերածվում ամբողջ աշխարհում հայտնի Մետրո-Գոլդուին-Մայեր ստուդիայի։ Կինոընկերությունը դերասանուհուն առաջարկում է շաբաթական 13 հազար դոլար հոնորար (3 հազար դոլարով ավելի, քան ստանում էր Մերի Պիկֆորդը) և ֆիլմերի համար ռեժիսորին, սցենարը, խաղընկերոջն ինքնուրույն ընտրելու իրավունք։

Ալլա Նազիմովան «Անհանգիստը» ֆիլմում (1919)

1918 թվականին Նազիմովան, շարունակելով խաղալ թատրոնում, նկարահանվում է «Հրաշալի երևույթ», «Ճակատագրի խաղալիքները» և «Ակն ընդ ական» մելոդրամաների գլխավոր դերերում, և բոլոր 3 ֆիլմերում էլ դերասանուհու խաղընկերը նրա սիրեկան Չարլզ Բրիանտն էր, որի հետ Ալլան քաղաքացիական ամուսնությամբ ապրում էր 1912 թվականից։ Վերջին ֆիլմում, որտեղ խաղում էր արաբ շեյխի դստեր դերը, որը սիրահարված էր ֆրանսիացի սպային, Նազիմովան նաև պրոդյուսեր էր և Ալբեր Կապելլանիի հետ համառեժիսոր։ Նրա հաջորդ 2 ֆիլմերը՝ 1919 թվականին նկարահանված «Ծխից դուրս» և «Կարմիր լապտեր» դրամաները, որտեղ կրկին համառեժիսոր էր Կապելլանիի հետ, արժանացան ոչ քիչ հաջողության, սակայն «Անհանգիստը» ֆիլմն ավելի սառն ընդունվեց, և դերասանուհին առաջին անգամ զգաց անհաջողության համը։

Առաջին համաշխարհային պատերազմից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

Նազիմովան շարունակում էր աշխատել և 1920 թվականին՝ «Մահից ուժեղ» մելոդրամայում ֆրանսուհի պարուհու դերից հետո, որը հաջողություններ ունեցավ կինոթատրոններում, մասամբ վերականգնեց իր դիրքերը։ Սակայն նրա դրությունը վատացավ, և 1920-ական թվականների սկզբին Photoplay ամսագրի հանրահայտ դերասանների վարկանիշավորման մեջ նա 4-րդ հորիզոնականից իջավ 20-րդ տեղը։

1920 թվականին էկրան բարձրացավ նրա առաջին՝ «Միլիարդներ» կատակերգությունը՝ նկարահանված Բրիանտայի սցենարի հիման վրա։ Ֆիլմի զգեստների ձևավորողն ու նկարիչը Նատաշա Ռամբովան էր՝ Ալլայի ընկերուհին և 20-ականների կինոկուռք Ռուդոլֆ Վալենտինոյի ապագա կինը։ 1921 թվականին Նազիմովան Վալենտինոյի հետ նկարահանվեց Ալեքսանդր Դյումայի «Կամելիազարդ տիկինը» վեպի էկրանավորման մեջ։

1922 թվականին Հենրիկ Իբսենի պիեսի հիման վրա նկարահանված «Տիկնիկների տուն» մելոդրամայում նկարահանվելուց հետո Նազիմովան խաղաց իր ամենահայտնի ֆիլմերից մեկում՝ «Սալոմե» էկզոտիկ դրամայում (1923 թվականին՝ Օսկար Ուայլդի պիեսի հիման վրա։ Ֆիլմի ռեժիսորը նրա սիրեկան Բրիանտն էր, դեկորացիաներով և զգեստներով նորից զբաղվել էր Նատաշա Ռամբովան, իսկ Նազիմովան ոչ միայն կատարել էր Սալոմեի սկանդալային դերը, այլ նաև գրել էր սցենարը, եղել համառեժիսոր և արտադրության մեջ ներդրել իր սեփական միջոցները։ Այդ ամենը ֆիլմը չփրկեց վարձույթի ոլորտում ունեցած մեծ ձախողումից ինչպես Ամերիկայում, այնպես էլ Եվրոպայում։

Քանի որ Ալլայի՝ որպես կինոդերասանուհու հեղինակությունն խաթարվել էր, նա վերադարձավ թատրոն։ Հատկանշական է, որ Իբսենի «Տեսիլք» պիեսի հիման վրա գրված ներկայացման մեջ հենց նրա դերակատարումը (1936 թվականի աշնանը) Թենեսի Ուիլյամսին ոգեշնչեց դառնալ գրող[10] (իսկ 3 տասնամյակ առաջ նրա խաղը հիացրել էր[11] մեկ այլ ակնառու թատերագիր Յուջին Օ'Նիլին)։ Նա ժամանակ առ ժամանակ շարունակում էր նկարահանվել կինոյում. 1924 թվականին թողարկվեց «Փողոցային Մադոննա» ֆիլմը, 1925 թվականին նկարահանվեց «Իմ որդին» դրամայում և «Քաված մեղք» ցածր բյուջե ունեցող ֆիլմում։ Թատրոնի բեմում Ալլային շարունակում էր ուղեկցել փառքը, իսկ կինոէկրաններին դերասանուհին վերադարձավ միայն 1940-ական թվականների սկզբին՝ 15 տարվա ընդմիջումից հետո նկարահանվելով 5 ֆիլմերում։

Ալլա Նազիմովան 1922 թվականին

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1912 թվականին Նազիմովան ծանոթացավ դերասան Չառլզ Բրիանտի հետ, և չնայած նրա ամուսնությունը Սերգեյ Գոլովինի հետ պաշտոնապես լուծված չէր, նրանք ամուսիններ էին համարվում և միասին էին մինչև 1925 թվականը։ Բրիանտն Ալլայի խաղընկերն էր 10 ֆիլմում։

Դեռ նրա կենդանության օրոք խոսակցություններ էին գնում, որ նա համասեռամոլ է։ Այսպես, նրա սիրեկանների թվում նշվում են Թալլուլա Բենխհեդը, Վալենտինոյի առաջին կին Ջին Էքերը, Մոդ Ադամսը, Էվա Լե Գալլիենը և բանաստեղծուհի Մերսեդես դե Ակոստան, որոնք հայտնի էին Հոլլիվուդի աստղերի հետ ունեցած լեյսբիական կապերով։ 60-ական թվականներին Ակոստան հրապարակեց հուշագրություններ, որտեղ գունեղ նկարագրում էր 1916 թվականին իր առաջին հանդիպումը Նազիմովայի հետ[12]։ Այնուհանդերձ, հստակ տեղեկություններ այն մասին, որ նրանց միջև սիրային կապ է եղել, հուշագրությունները չեն պարունակում, իսկ նրանց ընկերության էությունը հաղորդվում է քողարկված արտահայտություններով[13]։

1919 թվականին դերասանուհին 65 հազար դոլարով Sunset Boulevard, 8080 հասցեում գնեց իսպանական ոճով առանձնատուն և այն անվանեց Ալլայի այգի։ Մուտքի հակառակ կողմում կար լողավազան, իսկ տան շրջակայքի տարածքում՝ ընդարձակ պարտեզ։ Այդ տանը Նազիմովան հաճախ էր երեկույթներ կազմակերպում, որտեղ հավաքվում էին հոլլիվուդյան կինոհանրության այդ տարիների սերուցքը՝ Չառլի Չապլինը, Դորոտի և Լիլիան Գիշ քույրերը, Թեդա Բերան, Գլորիա Սվենսոնը, Ռոսկո Արբակլը և շատ ուրիշներ։ 1928 թվականին միջոցների բացակայության պատճառով Ալլան ստիպված եղավ վաճառել առանձնատունը, և այն բանից հետո, երբ նրա ներսում կառուցվեց «Ալլահի այգի» անվանումով այգի (անգլ.՝ The Garden of Allah), ապրում էր նրա համարներից մեկում[14]։

«Կամելիազարդ տիկինը»

1936 թվականին դերասանուհու մոտ ախտորոշվեց կրծքի քաղցկեղ։ Հետևեց մաստեկտոմիան, և վիրահատությունից հետո հիվանդությունը, բարեբախտաբար, չվերսկսվեց[15]։ Ալլա Նազիմովան մահացել է 1945 թվականի հուլիսի 13-ին Լոս Անջելեսի հիվանդանոցում՝ արյունատար անոթների թրոմբոզից։ Դերասանուհին 66 տարեկան էր։ Նրա աճյունը հանգչում է համր կինոյի մյուս աստղերի կողքին՝ Գլենդելի (Կալիֆոռնիա) Ֆորեստ-Լաուն գերեզմանատանը։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Քույրը՝ Աննա Յակովլևնա Գոֆնեյդեր-Լևենտոն (տարագրության մեջ՝ Նինա Լևենտոն և Լյուտոն, 1874-1967), թարգմանչուհի և սցենարիստ, 1905-1906 թվականներին խմբագրել է հրեա երիտասարդ ուսանողների «Երիտասարդ Հրեաստան» ամսագիրը, որտեղ առաջին անգամ տպագրվել է սկսնակ բանաստեղծ Սամուիլ Մարշակը[16]։ Ամուսնացել է վաճառական Մարկուս Իսաևիչ Գոֆնեյդերի հետ, սակայն այդ ամուսնությունը կարճ կյանք է ունեցել, նրանց որդին կինոպրոդյուսեր, սցենարիստ և գրող Վել Լյուտոնն է[17][18][19]։
  • Եղբայրը՝ Վլադիմիր Յակովլևիչ Լևենտոն (1872-1939), իրավաբան, տնտեսական հարցերով հրապարակախոս, «Ռուսական գաղափարներ» ամսագրի աշխատակից, «Ռուսաստանի առավոտը» և «Օր» թրթերի բեռլինյան թղթակից, օգտագործել է «Վ. Նազիմով» մականունը։
  • Հորեղբոր որդին (Քիշնևի հրեական հիվանդանոցի ավագ բժիշկ Լև Աբրամովիչ Լևենտոնի որդին)՝ Վիկտոր Լևենտոն (1866-1942), դեղագործ, Յարենսկի համապետական քաղաքային հիվանդանոցի բարձրորակ դեղագործ, «Քիմիկոս և դեղագործ» ամսագրի խմբագիր, «Կանոնադրությունների ու կառավարական կանոնակարգերի ժողովածու դեղագործների, դեղատների սեփականատերերի, դեղագործական խանութների և դեղագործական ոլորտի այլ հաստատությունների համար» (Սանկտ Պետերբուրգ, Կյուգելգեն, Գլիչ և Կ°, 1911 և Ն. Կ. Մարտինով, 1913)[Ն. 3], «Լատիներեն հրովարտակ գթության քույրերի համար» (Պետրոգրադ, Կյուգելգեն, Գլիչ և Կ°, 1915) գրքերի հեղինակ[20]։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գովազդ (1919)


Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1944 ֆ Այն պահից սկսած, երբ դուք գնացիք Since You Went Away Զոֆյա Կոսլովսկա
1944 ֆ Սուրբ Լյուդովիկ թագավորի կամուրջը The Bridge of San Luis Rey Դոննա Մարիա
1944 ֆ Մեր օրերում In Our Time Սոֆյա Օրվիդ
1941 ֆ Արյուն և ավազ Blood and Sand Տիկին Ավգուստա Գալյարդո
1940 ֆ Փախուստ Escape Էմմի Ռիթթեր
1925 ֆ Իմ որդին My Son Անա Սիլվա
1925 ֆ Քաված մեղք The Redeeming Sin Ջոան
1924 ֆ Փողոցային Մադոննա Madonna of the Streets Մերի Կառսլսոն
1923 ֆ Սալոմե Salome Սալոմե, պրոդյուսեր
1922 ֆ Տիկնիկների տուն A Doll's House Նորա Էլմեր, պրոդյուսեր
1921 ֆ Կամելիազարդ տիկինը Camille Մարգարիտ Գոթյե
1920 ֆ Միլիարդներ Billions Կոմսուհի Տրիլովա
1920 ֆ Մադամ Սիրամարգ Madame Peacock Ջեյն Գորինգ, պրոդյուսեր
1920 ֆ Երեխայի սիրտը The Heart of a Child Սալլի Սնեյպ, պրոդյուսեր
1920 ֆ Մահից ուժեղ Stronger Than Death Սիգրիդ Ֆերսեն, պրոդյուսեր
1919 ֆ Անհանգիստը The Brat The Brat, պրոդյուսեր
1919 ֆ Կարմիր լապտեր The Red Lantern Մալի և Բլանշ Սակվիլ
1919 ֆ Ծխից դուրս Out of the Fog Ֆեյթ և Եվա
1918 ֆ Ակն ընդ ական Eye for Eye Գասսունա, պրոդյուսեր
1918 ֆ Ճակատագրի խաղալիքները Toys of Fate Զոռա / Հագա
1918 ֆ Հրաշալի երևույթ Revelation Ջոլին
1916 ֆ Պատերազմի հարսնացուներ War Brides Ջոան

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Բեսարաբիայի նահանգի մարդահամարի ցուցակներում, որոնք հասանելի են JewishGen.org (database Romania, պահանջվում է գրանցում) կայքում, նշված է Յանկել Լևենտոն (7 տարեկան)՝ Աբա (Աբրամ) Իոսիֆովիչի և Հաի-Ռուխլի Լևենտոնի որդի, Քիշնևի բնակիչ։ Նրա ավագ եղբայրներից երկուսն այդ ժամանակ նույնպես դեղագործական էին սովորում Օդեսայում։ Մյուս եղբայրը՝ բժշկական գիտությունների դոկտոր Լև Աբրամովիչ Լևենտոնը, Քիշնևի հրեական հիվանդանոցի գլխավոր բժիշկն էր, գլխավորել է Քիշնևի թալմուդտորական հոգաբարձուների խորհուրդը։
  2. Օլգա Կնիպերին գրված նամակներում Չեխովը թեթևակի հիշատակում է Ալլային. «Երեկ ես եղա Օռլենևի մոտ, ծանոթացա Լևենտոնի հետ, նա նրա հետ ապրում է մեկ բնակարանում։» («Ա. Պ. Չեխովի և Օ. Լ. Կնիպերի նամակագրությունը», I հատոր, 1901 թվականի օգոստոսի 28-ի նամակ)
  3. Երկրորդ՝ ընդլայնված հրատարակությունը լույս է տեսել «Կանոնադրությունների ու կառավարական կանոնակարգերի ժողովածու դեղագործների, մասնավոր և հասարակական դեղատների, դեղագործական խանութների, ֆաբրիկաների ու դեղագործական պատրաստուկների լաբորատորիաների, արհեստական հանքային ջրերի հաստատությունների և դեղագործական ոլորտի այլ ընկերությունների համար» վերնագրով (Սանկտ Պետերբուրգ, Ն. Կ. Մարտինով, 1913, — 255 էջ)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 Internet Movie Database — 1990.
  3. 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 4,2 Encyclopædia Britannica
  5. 5,0 5,1 5,2 Internet Broadway Database — 2000.
  6. 6,0 6,1 6,2 Deutsche Nationalbibliothek Record #119540649 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  7. С. П. Шендрикова «А. А. Назимова — звезда Голливуда из Ялты»(չաշխատող հղում)
  8. Зинаида Левицкая «Алла Назимова — звезда Голливуда из Ялты» // Берега Тавриды, № 5, 2010. — 240 с. Արխիվացված 2014-02-22 Wayback Machine: Ծնունդների մասին չափաբերական քաղվածում, որ կազմել էր Յալթայի քաղաքային ռաբբիի օգնականը, նշված է, որ Մարեմ-Իդես Լևենտոնը ծնվել է 1879 թվականի մայիսի 21-ին դեղագործ Յակով Աբրամով Լևենտոնի և նրա կին Սառայի՝ Լեյվինի դստեր ընտանիքում։
  9. «A few years later she served as manager and interpreter for the Russian actors Paul Orleneff and Alla Nazimova on their theatrical appearances in the United States». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 9-ին.
  10. «1936 — Autumn. Sees Alla Nazimova perform in Ibsen's Ghosts and is inspired to be a playwright». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 9-ին.
  11. Impressed as he had already been by Alla Nazimova’s New York season of Ibsen plays in 1907 … Litencyc.com
  12. Theolddyke.co.uk Արխիվացված 2009-03-13 Wayback Machine She had thick black hair which stood out from her head, and her eyes were the only truly purple coloured eyes I have ever seen. She held out both her hands to me and said that she had heard of me from Bessie and Jane. We took to each other instantly. I felt completely at ease and as if we had always known each other. She asked me to walk home with her.
  13. Интервью с биографом актрисы Гевином Ламбертом De Acosta eventually wrote an autobiography, in which she names names, although she talks about what they did in coded terms. Earlier drafts among her unpublished papers go into more detail about the weeks that she and Nazimova spent together after that initial meeting.
  14. Gardenofallah.com Արխիվացված 2022-02-02 Wayback Machine A History of the Name
  15. Theolddyke.co.uk Արխիվացված 2008-08-27 Wayback Machine In 1936 Madame had suffered from a breast cancer and underwent a mastectomy; the cancer did not return.
  16. Старая Ялта: «Молодая Иудея»
  17. The prince of Poverty Row
  18. Жизнь и люди Крыма в 1900 году
  19. Дом купца М. И. Гофшнейдера по ул. Кирова, 26
  20. «Блокада Ленинграда: Книга памяти (Виктор Львович Левентон, 1866—1942)». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 8-ին.
  21. Zimmerman, Bonnie (1999). Lesbian Histories and Cultures. Routledge. էջ 374. ISBN 0815319207.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալլա Նազիմովա» հոդվածին։