Ժան Բեդել Բոկասա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժան Բեդել Բոկասա
ֆր.՝ Jean-Bedel Bokassa
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 22, 1921(1921-02-22)[1][2][3][…]
ԾննդավայրBobangui, French Equatorial Africa[4][2]
Մահացել էնոյեմբերի 3, 1996(1996-11-03)[1][3][5][…] (75 տարեկան)
Մահվան վայրԲանգի, Կենտրոնաաֆրիկյան Հանրապետություն[6]
ԳերեզմանBerengo's Palace
Քաղաքացիություն Ֆրանսիա,  Կենտրոնաաֆրիկյան Հանրապետություն և  Central African Empire
ԿրոնՀռոմի Կաթոլիկ եկեղեցի և իսլամ
Մասնագիտությունքաղաքական գործիչ, սպա, հանցագործ և գերիշխան
ԱմուսինՔեթրին Դանգիադե, Nguyễn Thị Huệ?, Marie-Joëlle Aziza-Eboulia?, Astrid Elisabeth Van Erpe?, Alda Adriano Geday?, Gabriella Drimbo?, Marie-Reine Hassen?, Marie-Jeanne Nouganga?, Annette Van Helst?, Marguerite Green Boyanga? և Éliane Mayanga?
Զբաղեցրած պաշտոններPresident of the Central African Republic?, president for life? և Emperor of Central Africa?
ԿուսակցությունMovement for the Social Evolution of Black Africa?
Պարգևներ և
մրցանակներ
Արժանիքի ազգային շքանշան Ռազմական խաչ 1939—1945 թթ. Ռազմական գործողությունների արտասահմանյան թատերաբեմերի ռազմական խաչ Croix du combattant volontaire 1939–1945 Croix du combattant volontaire de la Résistance Commemorative medal for voluntary service in Free France հնդկա-չինական արշավի հուշամեդալ Պատվո լեգեոնի Մեծ խաչի ասպետ Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ Գաղութային մեդալ Médaille commémorative de la guerre 1939–1945 Նեղոսի շքանշան Order of Operation Bokassa Order of Merit Երախտագիտության շքանշան Order of the Star of Ethiopia Հարավսլավական աստղ շքանշան Հասարակածային աստղի շքանշան Կոտ դ’Իվուարի Ազգային շքանշան Արիության շքանշան Մադագասկարի ազգային շքանշան Ալաուիթյան գահի շքանշանի Մեծ խաչ Order of Ouissam Alaouite National Order of the Lion of Senegal Լիոնի ազգային շքանշանի Մեծ խաչ Order of the Two Niles Պետական դրոշի շքանշան Չադի ազգային շքանշան National Order of Merit Անկախության շքանշան Grand Cordon of the National Order of the Leopard Հարավսլավական մեծ աստղի շքանշան Կոնգոյին մատուցած ծառայությունների համար շքանշան և Լեոպարդ
ԵրեխաներJean-Bédel Bokassa Jr.?, Georges Bokassa?, Jean-Serge Bokassa?, Kiki Bokassa?, Martine Bokassa?, Jean Le Grand Bokassa? և Marie Madeleine Bokassa?
Ստորագրություն
Изображение автографа
 Jean-Bedel Bokassa Վիքիպահեստում

Ժան Բեդել Բոկասա (ֆր.՝ Jean-Bedel Bokassa, հայտնի է նաև Սալահ էդ-Դին Ահմեդ Բոկասա (Salah Eddine Ahmed Bokassa) և Բոկասա I անուններով, փետրվարի 22, 1921(1921-02-22)[1][2][3][…], Bobangui, French Equatorial Africa[4][2] - նոյեմբերի 3, 1996(1996-11-03)[1][3][5][…], Բանգի, Կենտրոնաաֆրիկյան Հանրապետություն[6]), Կենտրոնաաֆրիկյան Հանրապետության (ԿԱՀ)` նախագահ (1966-1976 թթ.), Կենտրոնաաֆրիկյան կայսրության կայսր (1976-1979 թթ.), մարշալ (1974թ.): 20-րդ դարի ամենաարտասովոր բռնապետներից մեկն է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանակային կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժան-Բեդել Բոկասան ծնվել է Բոբանգի (Ուբանգի-Շարի) քաղաքում։ Նրանց ընտանիքում կար 12 երեխա։ Նրա հայրը մբակա ցեղի գյուղական տանուտերերից էր։ Ժան-Բեդել անունը կաթոլիկական սուրբ Ժան-Բատիստ դե Լա Սալի անվան ոչ ճիշտ ընթերցանության արդյունք էր, իսկ Բոկասա անունը մբակա ցեղի լեզվով նշանակում է «փոքրիկ անտառ» և օգտագործվում էր որպես ազգանուն։ Երբ Ժան-Բեդելը վեց տարեկան էր, նրա հայրը ֆրանսիական գաղութարարների կոնցեսիոնալ քաղաքականության դեմ ելույթ ունենալուց հետո գնդակահարվել է, իսկ մայրը` դրանից հետո ինքնասպան է եղել։ Ժան-Բեդելի դաստիարակությամբ զբաղվել են հարազատները, ովքեր նրան պատրաստվում էին քահանա դարձնել։

Սակայն 1939 թվականին Բոկասան ընդունվել է զինվորական ծառայության` ֆրանսիական գաղութարարների զորաբանակում։ 1941 թվականին, «Ֆրանսիայի մարտնչողներ» զորախմբում ստացել է ավագ սերժանտի կոչում և մասնակցել Բրազավիլի նվաճմանը։ 1944 թվականին մասնակցել է Ֆրանսիայի հարավում հակահիտլերյան խմբավորման զորքերի ափհանմանը, իսկ հետո Հռենոսի մարտերին։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը նա դիմավորել է Նորմանդիայում։ 1949 թվականին ավարտել է Սենեգալի Սեն Լուի քաղաքի սպայական դպրոցը, իսկ 1950-1953 թվականներին մասնակցել է Հնդկաչինի պատերազմին։ Մարտական ծառայությունների համար պարգևատրվել է Պատվավոր Լեգեոնի շքանշանով և Լոթարինգիական խաչով։ Զինվորական ծառայությունը շարունակել է Բրազավիլում, իսկ 1961 թվականին ստացել է ֆրանսիական բանակի կապիտանի կոչում։

1962 թվականին ազատվել է ֆրանսիական բանակից և ընդունվել ծառայության կենտրոնաաֆրիկյան զինված ուժերում։ ԿԱՀ-ի նախագահը, իր զարմիկ Դավիդ Դակոն, նրան նշանակել է զինված ուժերի շտաբի պետի պաշտոնին և 1964 թվականին շնորհել գնդապետի կոչում։

Նախագահ[խմբագրել | խմբագրել կոդը]

1965 թվականի դեկտեմբերի 31-ից 1966 թվականի հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածում Բոկասան իրականացրեց պետական հեղաշրջում (Ամանորյա հեղաշրջում), գահընկեց անելով և բանտարկելով Դավիդ Դակոյին։ Այդ դավադրությունը կազմակերպել էր ժանդարմերիայի պետը, սակայն Բոկասան կարողացավ չեզոքացնել նրան և հեղաշրջումն իրագործել իր օգտին։ Նա իրեն հռչակեց նախագահ և «Շարժում ` հանուն Սև Աֆրիկայի սոցիալական էվոլյուցիայի» (МЕСАН) միակ քաղաքական կուսակցության ղեկավար։ Այդ կուսակցությունը պարտադիր ընդգրկում էր երկրի ողջ մեծահասակ բնակչությանը։ Հունվարի 4-ին, նախագահը փոխեց սահմանադրությունը և սկսեց բռնապետական կառավարումը։ 1972 թվականին Բոկասան ինքն իրեն հռչակեց ցմահ նախագահ։

1969 և 1974 թվականներին տեղի ունեցան Բոկասային տապալելու պետական հեղաշրջման անհաջող փորձեր, իսկ 1976 թվականին կազմակերպվել էր մահափորձ։ Այդ իրադարձությունները նրան առիթ էին տալիս ամրապնդելու իր միանձնյա իշխանությունը։

Բոկասան մասնակցել է համաաֆրիկյան շարժմանը, մասնավորապես 1968 թվականին հիմնադրել է Կենտրոնաաֆրիկյան պետությունների միությունը, որի մեջ մտնում էին նաև Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը և Չադը։ Նա կողմնակից էր հողին վերադառնալուն, գյուղատնտեսությանը աջակցելուն և երկրում ագրարային բարեփոխումներ իրականացնելուն։

Արտաքին քաղաքականության կողմնորոշման հարցում Բոկասան տատանվում էր` խորհրդային, արևմտյան և Չմիացած երկրների շարժման միջև։ 1970 թվականին, պաշտոնական այցով ժամանել էր ԽՍՀՄ։ Ի դեպ, Կրեմլի նախկին գլխավոր բժիշկ Եվգենի Չազովը հիշում էր, որ Մոսկվայում բուժումներ ստանալու օրերին, Բոկասան հավանել էր ռուսական կերակրատեսակները և խնդրել էր իր երկիր գործուղել խորհրդային խոհարարի։ Մի օր այնպես է պատահել, որ խոհարարը, նախագահական խոհանոցի սառնարանում մարդկային մսի կտորներ էր նկատել և սարսափահար փախել էր դեսպանատուն։ Ըստ որոշ տվյալների, Բոկասան կերակրի մեջ օգտագործում էր ընդդիմության առաջնորդներին և մի անգամ նույնիսկ, գաղտնի կերպով, իր նախարարներին կերակրել է նախարարական աշխատակազմի անդամներից մեկի մսով։

Իր նախկին «մայր երկրի»` Ֆրանսիայի նկատմամբ, Բոկասան բռնել էր շանտաժի ուղին։ 1970-ական թվականներին մտերմացել էր Հարավսլավիայի, Հյուսիսային Կորեայի, Ռումինիայի և ԽՍՀՄ-ի հետ։ Բանգիում գտնվող Ֆրանսիայի դեսպանատան առջև կազմակերպել էր ցույց, սպառնում էր դուրս գալ ֆրանկի գոտուց, փակել ֆրանսիական հյուպատոսարանը մայրաքաղաքում, արգելքներ էր ստեղծում ֆրանսիական լրագրողների համար, ցանկանում էր վերականգնել դեռ 1966 թվականին Չինաստանի հետ խզված կապերը, ընդունել իսլամ և մտերմանալ Մուամմար ալ-Կադդաֆիի հետ։ Այդ բոլորի նպատակը մեկն էր` մեծացնել Ֆրանսիայից ստացվող ֆինանսական օգնությունը։ Իր հերթին, Ֆրանսիային անհրաժեշտ էր պահպանել իր ռազմավարական դիրքերը, մասնավորապես այնտեղ գտնվող ուրանի հանքավայրերը և ստիպված գնում էր զիջումների։ Սակայն դա չէր նշանակում, որ Ֆրանսիան հրաժարվում էր բռնապետին տապալելու փորձերից։ 1974-1976 թվականներին, մի շարք ֆիզիկական ոչնչացման փորձերի ետևում կանգնած էին ֆրանսիական հատուկ ծառայությունները։

1971 թվականին, մայրության օրվա առիթով, Բոկասան հրամայել էր ազատ արձակել բոլոր կալանավորված կանանց և մահապատժի ենթարկել այն տղամարդկանց, ովքեր ներգրավված էին կանանց դեմ կատարված հանցագործություններում։ 1976 թվականին, Մուամմար Կադդաֆիի պաշտոնական այցի ժամանակ, Բոկասան և իր կառավարության մի խումբ անդամներ ընդունեցին իսլամ ` վերցնելով համապատասխան անուններ։ Բոկասան իր քրիստոնեական Ժան-Բեդել անունը փոխարինեց Սալահ էդ-Դին Ահմեդ Բոկասա անունով։ Նա նաև լուծարեց կառավարությունը և այն փոխարինեց Կենտրոնաաֆրիկյան հեղափոխության խորհրդով` Լիբիայի հեղափոխական հրամանատարության խորհրդի օրինակով։ Այդ խորհրդի կազմի մեջ ընդգրկվեց նաև բանտից ազատված Դավիդ Դակոն։

Կայսր[խմբագրել | խմբագրել կոդը]

1976 թվականի դեկտեմբերի 4-ին, «Շարժում ` հանուն Սև Աֆրիկայի սոցիալական էվոլյուցիայի» կուսակցության արտակարգ համագումարի ժամանակ, հայտարարվեց Կենտրոնաաֆրիկյան հանրապետությունը Կենտրոնաաֆրիկյան կայսրության վերանվանելու մասին։ Համագումարը ընդունեց կայսրական սահմանադրությունը, որի համաձայն կայսրը հանդիսանում է գործադիր իշխանության ղեկավարը, իսկ կայսրության թագը հռչակվեց ժառանգաբար փոխանցվող։ Բոկասան կրկին վերադարձավ քրիստոնեությանը։

Քանի որ դրանից երկու տարի առաջ, Եթովպիայի կայսր Հայլե Սելասիե I-ը տապալվել էր, Բոկասան դարձավ, այդ ժամանակ աշխարհի երեք կայսրերից մեկը` Իրանի շահնշահ Մոհամմադ Ռեզա Փահլավիի և Ճապոնիայի կայսր Հիրոհիտոյի հետ միասին։

1977 թվականի դեկտեմբերի 4-ին տեղի ունեցավ Բոկասա դինաստիայի առաջին ներկայացուցիչ` Բոկասա I կայսրի թագադրման արարողությունը։ Լավագույն եվրոպական արտադրողների կողմից պատրաստվել էր թագը` զարդարված երկու հազար ադամանդներով։ Դրա արժեքը կազմում էր հինգ միլիոն դոլար, իսկ արարողության վրա ծախսվել էր երկրի տարեկան արտահանման եկամուտի մեկ քառորդը։ Ոսկյա գահը պատրաստված էր նստած արծվի տեսքով և կշռում էր երկու տոննա։ Բոկասայի հագին ընձառյուծի մորթով կարված պատմուճան էր։ Գնվել էին ավելի քան 100 լավագույն մակնիշների ավտոմեքենաներ և 130 սպիտակ վարգուն նժույգներ։ Արարողության ժամանակ նրա հագին եղած կոշիկները ընդգրկվել են Գինեսի ռեկորդների գրքի մեջ, որպես աշխարհի ամենաթանկարժեք կոշիկներ։ Արարողությունը շատ մանրամասներով կրկնօրինակված էր Նապոլեոն I-ի թագադրման արարողությունից, ում նորահայտ կայսրը համարում էր իր կերպարի օրինակը։ Թագադրման արարողությանը հրավիրվել էին աշխարհի և Աֆրիկայի բոլոր երկրների ղեկավարները, ինչպես նաև Հռոմի պապ Պողոս VI-ը։ Ակնհայտ էր, որ նրա համար պատրաստվում էր Հռոմի պապ Պիոս VII-ի դերը, ում ձեռքից Նապոլեոնը խլել էր թագը և դրանով ինքն իրեն թագադրել։ Սակայն, չնայած հարուստ նվերներ խոստանալուն, ոչ Հռոմի պապը և ոչ էլ երկրների ղեկավարները արարողությանը չներկայացան։ Միայն Ֆրանսիան ներկայացվել էր համագործակցության գործերով նախարարի ներկայությամբ, ռազմածովային նավատորմի նվագախմբով և թագադրության արարողության անվտանգությունն ապահովող գումարտակով։ Բոլորը Բոկասային համարում էին հոգեպես ոչ նորմալ և համեմատում էին Ուգանդայի տարօրինակ վարքագիծ ունեցող բռնապետ Իդի Ամինի հետ։

Թագադրման հեքիաթային շքեղությանը և կայսրական պալատին հակադրվում էր երկրում ` կյանքի ծայրահեղ ցածր մակարդակը։ 1977 թվականին՝ 43,4 հազար բնակչությանը սպասարկում էր ընդամենը մեկ բժիշկ, իսկ ամբողջ կայսրությանը սպասարկում էր ընդամենը մեկ ատամնաբույժ։

Չնայած նրան, որ կայսրությունը համարվում էր սահմանադրական, Բոկասայի բռնապետական նկրտումները երբեք չմեղմացան։ Այլախոհների ձերբակալությունները, մարդկանց կտտանքների ենթարկելը, որոնց Բոկասան մասնակցում էր անձամբ, սովորական երևույթներ էին։ Բոկասային աջակցում էր Ֆրանսիայի նախագահ Վալերի Ժիսկար դ'Էստենը (1974-1981թթ.), ում Բոկասան ներկայացրել էր ձեռնտու պայմաններ` օգտակար հանածոների շահագործման համար, մասնավորապես ուրանի, որը Ֆրանսիային անհրաժեշտ էր միջուկային զենքի ծրագրի շրջանակներում։ 1975 թվականին Ժիսկար դ'Էստենը Բոկասային հայտարարեց, որպես իր «ընկեր» և «ընտանիքի անդամ» և նույնիսկ մի քանի անգամ մեկնեց Կենտրոնական Աֆրիկա` որսի։

Տապալումը[խմբագրել | խմբագրել կոդը]

1979 թվականին, ընդդիմության ելույթները դաժանաբար ճնշելուց հետո (հատկապես դպրոցականների ցույցը` կառավարության կողմից պարտադրվող թանկարժեք համազգեստի դեմ, որի ընթացքում սպանվեց շուրջ 100 հոգի), միջազգային հանրությունը ցնցվեց և իրավապաշտպան համակարգի ուշադրությունը սևեռվեց Կենտրոնական Աֆրիկայի վրա։ Ֆրանսիայի հետագա աջակցությունը Բոկասայի վարչակարգին` դարձավ վարկաբեկիչ։ Այդ ժամանակ էլ սկսեցին լուրեր տարածվել Բոկասայի մարդակերության վերաբերյալ։ Բացի այդ, Կենտրոնական Աֆրիկայի նոր մտերմությունը Լիբիայի հետ, Ֆրանսիան արդեն չէր կարող հանդուրժել։ Երբ կայսրը բացակայում էր երկրից և պաշտոնական այցով գտնվում էր Լիբիայում, «Բարակուդա» գործողության շրջանակներում ֆրանսիական դեսանտայինները, 1979 թվականի սեպտեմբերի 20-ին իրականացրեցին անարյուն պետական հեղաշրջում, որի արդյունքում Դավիդ Դակոն կրկին դարձավ վերականգնված հանրապետության նախագահ։ Ֆրանսիացի քաղաքական գործիչ Ժակ Ֆոկարը այդ գործողությունն անվանեց «Ֆրանսիայի վերջին գաղութատիրական արշավ»։ Մի քանի շաբաթ անց, ֆրանսիական երգիծական «Le Canard enchaîné» շաբաթաթերթում հրապարակվեց այն նվերների ցանկը, որոնցով Բոկասան գնել էր Ժիսկար դ'Էստենի «հավատարմությունը» (դրանք հիմնականում ադամանդներ էին)։ Տնտեսական ճգնաժամի պայմաններում այդ ամենը այնքան էլ լավ չէր անրադառնում նախագահի վարկանիշի վրա և 1981 թվականին նա պարտվեց ընտրություններում` ի օգուտ Ֆրանսուա Միտտերանի։ Հետագայում պարզվեց, որ 1973 թվականին Բոկասան ադամանդներ է նվիրել նաև Հենրի Քիսինջերին։

Հետագա ճակատագիրը[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիբիայից Բոկասան մեկնեց Փղոսկրի Ափ (այժմ Կոտ դ'Իվուար), իսկ հետո ապրում էր Ֆրանսիայում, Փարիզի մոտ գտնվող Արդիկուր դղյակում։ Այդ ընթացքում նրա հայրենիքում կայացավ հեռակա դատավարություն, որի դատավճռով Բոկասան դատապարտվեց մահապատժի` ամբողջ գույքի բռնագրավմամբ, մեղադրվելով 13 հանցագործության մեջ (մարդասպանություն, մարդակերություն, պետական միջոցների յուրացում, պետական սեփականության անօրինական օգտագործում ` անձնական նպատակների համար, բռնաբարություն և այլն)։

1986 թվականին, Բոկասան կատարեց իր կյանքում թերևս ամենատարօրինակ արարքը։ Նա կամավոր վերադարձավ Կենտրոնաաֆրիկյան հանրապետություն, հույսով, որ ժողովուրդը իրեն կրկին կնստեցնի գահին։ Սակայն նա անմիջապես ձերբակալվեց և սկսվեց նոր դատավարություն։ Նա մեղադրվում էր պետական դավաճանության, մարդասպանության, մարդակերության և պետական գույքը վատնելու համար։ Բոկասան ակտիվորեն պաշտպանվում էր դատարանում և կարողացավ դատավորներին համոզել, որ սառնարանում մարդկանց մարմնի մասերը պահում էր ոչ թե ուտելու, այլ զուտ խորհրդանշական նպատակով (օրինակ, թշնամու լյարդը բերում էր հաջողություն և այլն)։ Չնայած մարդակերության համար նա մեղավոր չճանաչվեց, սակայն մյուս մեղադրանքները բավական էին, որ 1987 թվականին կրկին դատապարտվեր մահապատժի։ Հաջորդ տարի նա արժանացավ ներման և դատավճիռը փոխարինեցին ցմահ բանտարկությամբ, իսկ հետո այն փոխարինեցին 20-ամյա բանտարկությամբ։ 1993 թվականին, ժողովրդավարական կարգեր հաստատվելուց հետո, երկրում հայտարարվեց համընդհանուր համաներում և Բոկասան ազատ արձակվեց։

Երեք տարի անց` 1996 թվականի նոյեմբերի 3-ին, Ժան-Բեդել Բոկասան մահացավ ինֆարկտից։

Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոկասան ունեցել է 19 կին և իր կողմից ճանաչված 77 երեխա։ Նրա կանանցից մեկը` Եկատերինա Դանգիադեն, թագադրվել էր կայսրուհի Ժոզեֆինա Բոհարնեի օրինակով։ Բոկասայի և Եկատերինայի ավագ որդին` արքայազն Ժան-Բեդելը (ծնվ. 1973թ.), կայսրության ժամանակ համարվում էր թագաժառանգ, իսկ հոր մահից հետո հանդիսանում է Կենտրոնաաֆրիկյան կայսրական տան ղեկավարը` որպես Բոկասա II:

Ներկա իրավիճակը[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականին, Կենտրոնաաֆրիկյան հանրապետության նախագահ Ֆրանսուա Բոզիզեն ստորագրել է որոշում, որով վերականգնվել են Ժան-Բեդել Բոկասայի բոլոր իրավունքները, անվանելով նրան «մեծագույն մարդասեր և ազգի որդի, ով բոլորի կողմից ճանաչվել է որպես մեծ շինարար»։ Միաժամանակ նախագահն ավելացրել է. «Ես ցանկանում եմ խոսել Բոկասայի մասին։ Նա կառուցեց երկիր, իսկ մենք կործանեցինք այն ամենը, ինչ նա կառուցել էր»։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Իր մի քանի քաղաքական ընդդիմադիրների մսով, Բոկասան կերակրել էր կոկորդիլոսների և առյուծների։
  • 1979 թվականին Բոկասան հրաման էր արձակել, որ իր երկրի դպրոցականները ձեռք բերեն իր ընտանիքին պատկանող գործարանում կարված դպրոցական համազգեստները։ Այդ հրամանի դեմ ցույցի ելածները ձերբակալվեցին և ավելի քան 100 մարդ դաժանաբար սպանվեց։ Ի դեպ, Բոկասան անձամբ էր մասնակցում սպանություններին։
  • 2011 թվականին, նախկինում Բոկասային պատկանող ֆրանսիական Արդիկուր դղյակը, որը գտնվում է Փարիզի մոտակայքում, աճուրդում վաճառվել է 915 հազար եվրոյով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժան Բեդել Բոկասա» հոդվածին։