Գահ
Գահ (թարգմանաբար պարսկերենից նշանակում է «նստելու տեղ», «բազմոց», «աթոռ» և ալյն)
1. Աշխարհիկ կամ հոգևոր իշխանություն խորհրդանշող բազկաթոռ: Միապետները, իշխանները, հոգևոր առաջնորդները ընդունելություններն ու հանդիսավոր այլ արարողություններ կատարել են գահասենյակում` բազմած աստիճաններով բարձրացող գահին: Շքեղությամբ ու ճոխությամբ աչքի են ընկել հատկապես թագավորական գահերը, որոնք քանդակվել են իշխանություն և հզորություն խորհրդանշող պատկերներով, ընդելուզվել ոսկե, արծաթե զարդերով, թանկարժեք քարերով: Եզակի նմուշ է հայ վարպետների կերտած ադամանդակուռ գահը («Ալմսատե գահ»), որը 1660-ին Սպահանի հայ վաճառականները, ի նշան բարեկամության, նվիրել են ռուսական Ալեքսեյ Միխայլովիչ ցարին:
2. Վաղ միջնադարյան Հայաստանում գահ է կոչվել նաև այն տեղը (բարձ), որը հատկացվել է նախարարներին` արքունիքում հանդիսավոր ընդունելությունների, խնջույքների ժամանակ (սահմանված էր Գահնամակ կոչվող հատուկ փաստաթղթով): Տարբեր պատճառներով թագավորը կարող էր զրկել նախարարին գահից, կամ այն իջեցնել: Նույն կերպ կարող էր բարձրացվել գահը: Գահով սահմանված կարգը խստիվ պահպանվում էր, իսկ նախարարները նախանձախնդիր էին իրենց գահերի պահպանման կամ բարձրացման հարցերում: Եղիշեն, երբ բերում է ցուցակ ուխտապահ նախարարների, որոնք Վարդան Մամիկոնյանի հետ միացան քրիստոնեությունը պաշտպանելու համար, չնայելով, որ Վարդանն իր պաշտելի հերոսն է, որ նա առաջնորդն է ապստամբության գործում, որ նա բոլոր հայ զորքերի սպարապետն է՝ այնուամենայնիվ նախարարների ցուցակում նրա անունը դնում է երրորդ տեղում՝ առաջին երկու տեղում նշանակելով Արծրունյաց և Խորխոռունյաց իշխաններին, որովհետև նրանք գահով ավագ էին: Ստեփանոս Օրբելյանը պատմում է, թե Սյունյաց Անդովկ իշխանը պարսից արքունիքում վիրավորանք կրելով նրանով, որ Շապուհը նրան տասնչորսերորդ գահը տվեց հայ նախարարների շարքում՝ դառնացած կերակրի ձեռք չտվեց, և երբ Շապուհը պատերազմի գնաց՝ նա իր զորքերով վրեժխնդրության համար ավերեց նրա ապարանքը, ավար առավ նրա գանձերը և հեռացավ հույների մոտ[1]:
Աղբյուր [խմբագրել]
- Հայկական համառոտ հանրագիտարան. Հատոր 1, 1990
| Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարան ից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Ծանոթագրություններ [խմբագրել]
- ↑ Գագիկ Հարությանունյան, Սուրեն Մարտիկյան, Արտակ Մովսիսյան (պ.գ.թ.) // Մեր հաղթանակները / Էդուարդ Լ.Դանիելյան // Երևան: «Գասպրինտ» ՍՊԸ, 2010. — Հ. Ա. — 500 հատ.