Կոկորդիլոսներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չինական ալիգատոր
Նեղոսյան կոկորդիլոս
Հնդկական գավիալ

Կոկորդիլոսները և ալիգատորներ, կազմում են ջրային սողունների առանձին կարգ։ Հայտնի է ժամանակակից կոկորդիլոսների մոտ 30 տեսակ, որոնք պատկանում են 3 ընտանիքների՝ ալիգատորներ (կայմաններ), իսկական կոկորդիլոսներ և գավիալներ։

Ալիգատորներն ապրում են Հյուսիսային Ամերիկայի հարավարևելյան մասում (միսիսիպյան ալիգատոր) և Հարավային Ամերիկայում։ Չինական ալիգատորը հազվագյուտ է և ապրում է Յանցզի գետի ստորին հոսանքներում։ Իսկական կոկորդիլոսները հանդիպում են Ասիայի, Աֆրիկայի (նեղոսյան կոկորդիլոս), Ամերիկայի, Ավստրալիայի արևադարձային գոտում, Վեստ Ինդիա, Մալայան կղզեխմբերում և Օվկիանիայում։ Գավիալների ընտանիքն ընդգրկում է 1 տեսակ՝ Գանգեսի գավիալը (ապրում է Հնդկաստանի և Հնդկաչինի գետերում)։

Կոկորդիլոսները և ալիգատորները շատ նման են միմյանց. մարմինը երկարացած է, վերից վար տափակ, ծածկված է հաստ եղջերային վահանիկներով, որոնց տակ տեղադրված են ոսկրային թիթեղիկներ։ Ծնոտները զինված են բազմաթիվ սուր ատամներով, սակայն միակցելիս նկատելի են էական տարբերություններ. ալիգատորների դունչը կարճ է ու բութ, իսկ կոկորդիլոսների 4-րդ ատամը դուրս է ցցված։

Այս սողունների աչքերը և ռունգերը դուրս են ցցված գլխի վրա։ Ականջի և քթի անցքերը սուզվելիս փակվում են հատուկ փականներով։ Բերանի խոռոչում կա երկրորդային քիմք, որը քթի անցուղին բաժանում է բերանի խոռոչից ու դրանով գիշատչին հնարավորություն է տալիս ջրում երախը բաց պահել և միևնույն ժամանակ մթնոլորտային օդ շնչել ջրից դուրս թողած քթանցքերով։ Լեզուն ամբողջ երկարությամբ սերտաճած է բերանի խոռոչի հատակին։ Որսը կուլ է տալիս ամբողջությամբ, առանց ծամելու, իսկ պարզ կոնաձև ատամները ծառայում են միայն որսը բռնելուն։ Թոքերը խոշոր են, ունեն բարդ խորշիկավոր կառուցվածք, որը հնարավորություն է տալիս կուտակել օդի մեծ պաշար և ջրի տակ երկար մնալ։ Սիրտը քառախորշ է, փորոքները՝ աջ ու ձախ կեսերի բաժանված։ Տեսողությունն ու լսողությունը լավ են զարգացած, հոտառությունը և շոշափելիքի զգայարանը՝ թույլ։

Կոկորդիլոսները և ալիգատորները կատաղի գիշատիչներ են, որոնք ահ ու սարսափ են տարածում ջրային բնակիչների վրա։ Նրանք պատկանում են սողունների հնագույն խմբին, որի ներկայացուցիչները, սկսած դինոզավրերի ժամանակաշրջանից, քիչ են փոփոխության ենթարկվել։ Հիմնականում ապրում են ջրում, ցամաք են դուրս գալիս հազվադեպ՝ հանգստանալու, այլ ջրամբար տեղափոխվելու կամ բազմանալու համար։ Ցամաքում դանդաղաշարժ են, ջրում՝ շատ ճարպիկ։ Կողմնորոշվում են տեսողությամբ և լսողությամբ։ Երաշտի ժամանակ խորասուզվում են տիղմի մեջ, քուն են մտնում մինչև անձրևների սկսվելը։

Կոկորդիլոսների հիմնական կերը ձուկն է։ Խոշոր ու տարեց անհատները կարող են հարձակվել ավելի մեծ կենդանիների և մարդու վրա։

Բազմացման շրջանում արուները սովորաբար բույն են կառուցում տիղմից ու բույսերից՝ ջրեզերքից ոչ հեռու։ Որոշ տեսակներ ավազի մեջ խոր փոսեր են փորում և ձվերը (20–100) խնամքով ծածկում հողով կամ ավազով։ Ձվերը հավի կամ սագի ձվերի չափ են՝ ծածկված կարծր կրային պատյանով։ Ձվերի 3-ամսյա ինկուբացիայի ընթացքում կոկորդիլոսը չի լքում բնի տարածքը և խնամքով պահպանում է ապագա սերնդին։ Երբ ձագերը դուրս են գալիս ձվերից, էգերը բերանով նրանց տեղափոխում են ջուրը։ Փոքր կոկորդիլոսները նախընտրելի կերակուր են շատ կենդանիների համար։ Այդ պատճառով էլ մայրերը երկար պահպանում են ձագերին։ Վերջիններս սեռահասուն են դառնում 8–10 տարեկանում։ Կոկորդիլոսներն ապրում են մինչև 100 տարի։

Խոշոր կոկորդիլոսների և ալիգատորների համար բնության մեջ թշնամիներ չկան. նրանց պաշտպանում է զրահի պես հաստ մաշկը։ Սակայն երիտասարդի մաշկը նուրբ է և թանկ է գնահատվում. օգտագործվում է արդուզարդի առարկաներ պատրաստելու համար։ Ներկայումս կոկորդիլոսներին բուծում են հատուկ ֆերմաներում՝ կաշվի և նրբախորտիկ համարվող մսի համար։ Սողունների այս տեսակներին անհետացման վտանգ է սպառնում, և նրանք պաշտպանության կարիք ունեն։

  • Կոկորդիլոսներից ամենախոշորը նեղոսյան կոկորդիլոսն է, որի երկարությունը կարող է հասնել մինչև 8 մ-ի։
  • Ամենափոքր կոկորդիլոսը չինական ալիգատորն է, որի երկարությունը մինչև 2 մ է։

Կոկորդիլոսներից ամենախոշորը նեղոսյան կոկորդիլոսն է, որի երկարությունը կարող է հասնել մինչև 8 մ-ի: Ամենափոքր կոկորդիլոսը չինական ալիգատորն է, որի երկարությունը մինչև 2 մ է:


Արտաքին հղումներ[խմբագրել]

Հայկական Հանրագիտարան