Ավտոմեքենա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ավտոմեքենա
Կառլ Բենցի «Velo» մոդելը (1894)
ՍորտավորումՓոխադրամիջոց
ԿիրառումՏարբեր
ԳործունեությունըՏեղափոխում
ՎառելիքԲենզին, Դիզել, Էլեկտրաէներգիա
Սնուցվում էԱյո
ԻնքնագնացԱյո
Անիվներ3-4
Առանցք0-2
Ստեղծվել է1672
ՀեղինակՖերդինանդ Վերբիսթ

Ավտոմեքենա (ծագել է՝ հին հունարեն՝ αὐτοինքնուրույն և լատին․՝ mobilisշարժվող), սեփական շարժիչով տրանսպորտային միջոց, որը հարմարեցված է ցամաքի վրա տեղաշարժման համար։ Լայնորեն տարածված է ողջ աշխարհում։ Ավտոմեքենաների արագ և հարմարավետ տեղաշարժման համար կառուցվում են հատուկ ավտոմայրուղիներ կամ պինդ ծածկով ճանապարհներ։

Լեքսուս

Պատմական ակնարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառլ Բենցը, առաջին ավտոմեքենայի ճարտարագետը
1885 թ. Բենցի ստեղծած առաջին ավտոմեքենայի լուսանկարը
Հենրի Ֆորդը (1919 թ.)

Ավտոմեքենան կամ ինքնաշարժը ընդամենը 2 հարյուրամյակի պատմություն ունի։ Քամու կամ մարդու մկանային ուժով շարժման մեջ դրվող սայլակների ստեղծման փորձեր կատարել են շատ վաղուց։ Մարդիկ մտածում էին նաև այնպիսի սայլ ստեղծել, որը շարժվեր ինքնիրեն՝ առանց ձիերի։ 18-րդ դարի 2-րդ կեսին շոգեմեքենայի հայտնագործումը դրդեց ֆրանսիացի ճարտարագետ Կյունոյին սայլի վրա շոգեմեքենա դնել, և 1769 թվականին նա ստեղծեց առաջին շոգեավտոմեքենան, որը, սակայն, շատ ծանր էր։

Ավտոմեքենայի լայն օգտագործումը՝ որպես տրանսպորտի միջոց, սկսվեց ներքին այրման շարժիչի երևան գալուց (1880 թվականից) հետո։ Առաջին իսկական ավտոմեքենան եռանիվ էր, այն 1885 թվականին ստեղծել է գերմանացի ինժեներ Կառլ Բենցը։ Դրանից հետո գերմանացի ճարտարագետ Գոտլիբ Դայմլերը և Կառլ Բենցը ստեղծեցին քառանիվ ավտոմեքենա։

Ավտոմեքենաշինության արշալույսին մեքենաները բաց էին՝ ծածկ չունեին։ Առաջին ավտոմեքենաները նաև շատ թանկ էին, և միայն 1907 թվականին Հենրի Ֆորդը ԱՄՆԴետրոյթ քաղաքում սկսեց հարահոս եղանակով թողարկել «Մոդել T» նոր ավտոմեքենան, որն անհամեմատ էժան էր։ Ոչ թանկ ավտոմեքենաների մեծ ընտրություն կար արդեն 1920-ական թվականների վերջին։ Հատկապես մեծ պահանջարկ ունեին փակ թափքով մոդելները։

Սկզբում ավտոմեքենաները նախատեսված էին միայն ուղևորների համար, այնուհետև դրանցով սկսեցին նաև բեռներ փոխադրել։ Բենզինային շարժիչով բեռնատարներն առաջին անգամ թողարկվեցին 1900-ական թվականներին (1914-1918), դրանք լայնորեն օգտագործվում էին բեռնափոխադրության համար։ 1920-ական թվականներին ստեղծվեցին հուսալի և հզոր դիզելային շարժիչեր, որոնք բեռնատարներում են մինչ օրս։

1960-ական թվականներին սկսեցին ավտոմեքենաների վրա տեղադրել էլեկտրոնային սարքավորումներ։ Ներկայում էլեկտրոնային համակարգով ղեկավարվող շարժիչով ավտոմեքենան գրեթե 2 անգամ ավելի խնայող է, քան կես դար առաջ։ 1990-ական թվականներից ավտոմեքենաների բազմաթիվ խոշորագույն արտադրողներ ձեռնամուխ են եղել էլեկտրամոբիլների արտադրությանը։ Ստեղծվել են նաև արևի էներգիայով մեքենաներ։

Մարդատարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայում աշխարհում հաշվվում է ավելի քան 500 միլիոն մարդատար ավտոմեքենա, և ամեն տարի արտադրվում են ևս 50 միլիոն նորերը[փա՞ստ]։ Մարդատար ավտոմեքենաների մեծ մասը քառանիվ է, կան նաև եռանվավորներ, իսկ մոդելներից մեկն ունի նույնիսկ 26 անիվ։ Մարդատար ավտոմեքենաները լինում են փակ թափքերով՝ սեդան, լիմուզին, կուպե, ունիվերսալ, և վերևից բացվող թափքերով կաբրիոլետ, րոդսթեր, ֆաետոն, լանդո նմուշների։

Բազմանպատակ ավտոմեքենաները, որոնց անվանում են նաև զբոսամեքենաներ, ամենատարողունակն են։ Լիմուզինները խոշոր, շքեղ ավտոմոբիլներ են, որոնցով սովորաբար երթևեկում են հարուստ մարդիկ։ Դրանք օգտագործվում են նաև հանդիսավոր իրադարձությունների ժամանակ, օրինակ՝ հարսանիքներում։

Փոքրալիտրաժները ոչ մեծ ավտոմեքենաներ են, որոնք առավել խնայողական են և ունեն բարձր մանևրայնություն։

Մեքենաների մեծ մասը 2 տանող անիվներով է (հետևի կամ կամ առջևի)։ Սակայն կան և այնպիսիները, որոնցում տանող են բոլոր 4 անիվները, օրինակ՝ Քրոսսովեր Նիվա և այլն։ Այսպիսի քառահաղորդակ ավտոմեքենաները նախատեսված են դժվարանցանելի ճանապարհներով երթևեկելու համար։

Բեռնատարներ և ավտոբուսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

23 տեղանոց «սուպերբուսը» կարող է ուղևորներին փոխադրել 250 կմ/ժ արագությամբ (նախագծել է հոլանդացի տիեզերագնաց Վուբբո Օքելսը)

Բեռնատարները և ավտոբուսներն ավտոճանապարհներով ծանր բեռներ ու մեծաքանակ ուղևորներ տեղափոխող տրանսպորտային խոշոր միջոցներ են։ Ավտոբուսները մարդկանց փոխադրում են տեղական երթուղիներով, բայց կան նաև հեռավոր տարածությունների երթուղային ավտոբուսներ, որոնք հանդերձված են երկարատև ճանապարհորդության համար նախատեսնած բոլոր հարմարություններով։

Ամենածանր բեռնատարների քաշը հասնում է 40 տ-ի, իսկ անիվների թիվը՝ 16-ի։ Բեռնատարների մեծ մասի վրա տեղադրված են դիզելային շարժիչներ։ Բեռնատարները կազմված են վարորդի խցիկից շրջանակից (շասսի), որի վրա, ըստ նշանակման, ամրացված են տարբեր տեսակի թափքեր։

Հատուկ ավտոմեքենաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավտոմեքենաները կարող են տարբեր այլ ֆունկցիաներ ունենալ։ Կան հրշեջ ու սանիտարական, փոստային և շինարարական, ռազմական ու մարտական ավտոմեքենաներ։ Կան նաև բեռներ բեռնաթափող (ինքնաթափեր), գլանատակառներով (ցիստեռն) հեղուկները և սառնարաններով սառեցրած մթերք տեղափոխող (սառնավտո) մեքենաներ։ Դրանցից մի քանիսը կարող են տեղափոխել 60-70 տ բեռ։ Կան նաև ավտոգնացքներ, որոնք միանգամից փոխադրում են 120 տ բեռ։ Դրանք աշխատում են խոշոր կառույցներում և բաց հանքերում, փոխադրում են հող, խիճ, հանքաքար։

Կշիռը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավտոմեքենայի զանգվածը ազդում է մեքենայի վառելիքի սպառման և արդյունավետության վրա, ավելին զանգվածի պատճառով մեքենայի վառելիքի սպառումը և արդյեւնավետությունը։ Ըստ Քեմբրիջի համալսարանի գիտնական Ջուլիան Օլվուդի անցկացրած հետազոտության, գլոբալ էներգիայի օգտագործումը մեծապես կարող է փոքրանալ՝ օգտագործելով թեթև ավտոմեքենաներ։

Անվտանգությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Այսպես կոչված «քրեշ֊թեստի» ժամանակ փորձարկվում է, թե որքանով է ավտոմեքենան համապատասխանում անվտանգության պահանջներին

Ժամանակակից ավտոմեքենաները ստեղծվում են առավելագույն անվտանգության հաշվարկներով։ Ուղևորասրահը նախագծվում է այնպես, որ այն չձևախախտվի, երբ վթարից ավտոմեքենայի թափարգելն ու բեռնախցիկը ճզմվեն։ Անվտանգության գոտիների օգտագործումը պարտադիր է։ Հատուկ փականներով հանդերձված դռներն ընթացքի ժամանակ չեն բացվում։ Մեքենայի պատուհանների ապակիները ջարդվելիս բեկորներ չեն առաջացնում դռների մեջ տեղադրված մետաղաձողերն ուղևորներին պահպանում են կողային հարվածներից։ Արգելակային հատուկ համակարգը թույլ չի տալիս, որ ավտոմեքենան շրջվի։

Շատ ավտոմեքենաներում այսօր օգտագործվում են օդային բարձիկներ (էրբագս)։ Վթարի դեպքում դրանք ակնթարթորեն փչվում են օդով, թուլացնում հարվածի ուժը և ուղևորներին առավելագույնս պահպանում վնասվածքներից։

Առաջացրած աղտոտումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավտոմեքենաների շարժիչներն արտանետում են բանեցված գազեր, որոնք աղտոտում են շրջապատի օդային միջավայրը։ Շարժիչի աշխատանքից առաջացած ամենավնասակար գազերից մեկը ածխածնի երկօքսիդն է։ Թեև այն թունավոր չէ, սակայն արտանետելով մթնոլորտ՝ նպաստում է ջերմոցային էֆեկտի խորացմանը։

Բենզինով աշխատող շարժիչները կարող են արտանետել նաև չայրված վառելանյութի, հատկապես թունավոր ածխածնի օքսիդի փոքր քանակություններ, ինչպես նաև այնպիսի միացություններ, ինչպիսիք են ազոտի օքսիդներ, որոնք քաղաքում առաջացնում են սմոգ՝ ծխամշուշ։ Այսօր բենզինայի շարժիչների վրա տեղադրվում են կատալիզային զտիչներ (կոնվերտերներ), որոնք թունավոր գազերը փոխարկում են ավելի անվտանգ ածխածնի երկօքսիդի և ջրի։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 645