Jump to content

Քաղաքացիական ազատություններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ձայնային ֆայլն ստեղծվել է հետևյալ տարբերակի հիման վրա (ապրիլի 18, 2024) և չի պարունակում այս ամսաթվից հետո կատարված փոփոխությունները։ Տես նաև ֆայլի մասին տեղեկությունները կամ բեռնիր ձայնագրությունը Վիքիպահեստից։ (Գտնել այլ աուդիո հոդվածներ)

Քաղաքացիական ազատություններ, երաշխիքներ և ազատություններ, որոնք կառավարությունները պարտավորվում են չսահմանափակել ո՛չ սահմանադրությամբ, ո՛չ օրենսդրությամբ և ո՛չ էլ  դատական ​​մեկնաբանություններով՝ առանց իրավական համապատասխան երաշխիքների։ Թեև տերմինի կիրառման շրջանակը տարբեր երկրներում տարբեր է, քաղաքացիական ազատությունները կարող են ներառել մտքի ազատությունը, մամուլի ազատությունը, կրոնի ազատությունը, ազատ կամարտահայտումը, հավաքների ազատությունը, անվտանգության և ազատության իրավունքը, խոսքի ազատությունը և գաղտնիության իրավունքը, օրենքի առաջ իրավահավասարությունը և պատշաճ իրավական ընթացակարգի իրավունքը, դատական պաշտպանության իրավունքը և կյանքի իրավունքը։ Քաղաքացիական ազատությունների թվում են նաև սեփականության իրավունքը, ինքնապաշտպանության իրավունքը և ֆիզիկական անձեռնմխելիության իրավունքը։ Քաղաքացիական ազատությունների և ազատության այլ տեսակների տարբերության համատեքստում կա տարբերակում պոզիտիվ ազատության/պոզիտիվ իրավունքների և նեգատիվ ազատության/նեգատիվ իրավունքների միջև։

Ընդհանուր պատկեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Խախտված ազատություն։ Ստամբուլի հնագիտական թանգարան

Ժամանակակից շատ երկրներ ունեն սահմանադրություն, իրավունքների հռչակագիր կամ նմանատիպ սահմանադրական փաստաթղթեր, որոնք թվարկում և ձգտում են երաշխավորել քաղաքացիական ազատությունները։ Մյուս երկրներն իրավական տարբեր միջոցներով ընդունել են նմանատիպ օրենքներ, այդ թվում՝ ստորագրելով և վավերացնելով կամ այլ կերպ ուժի մեջ դնելով հիմնական կոնվենցիաները, ինչպիսիք են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան և Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագիրը։ Քաղաքացիական որոշ ազատությունների գոյությունը վիճելի է, ինչպես նաև տարաձայնություններ կան, թե քաղաքացիական իրավունքների մեծ մասը որքանով պետք է տարածվեն կամ կիրառվեն։ Վիճահարույց օրինակների թվում են սեփականության իրավունքները, վերարտադրողական իրավունքները և քաղաքացիական ամուսնությունը։ Ավտորիտար ռեժիմներում, որտեղ պետական գրաքննությունը խոչընդոտում է նախատեսված հիմնարար քաղաքացիական ազատությունների իրականացմանը, այդ ազատությունների որոշ պաշտպաններ պնդում են անանունության գործիքների օգտագործումը՝ խոսքի ազատության, գաղտնիության և անանունության համար[1]։ Ժողովրդավարական երկրների կողմից քաղաքացիական ազատությունների ճանաչման աստիճանը կախված է ահաբեկչության սպառնալիքից[2]։ Քննարկման առարկա է նաև այն հարցը, թե արդյոք անզոհ հանցագործությունների առկայությունը ոտնահարում է քաղաքացիական ազատությունները։ Բանավեճի մեկ այլ առարկա է պատերազմի կամ արտակարգ իրավիճակների ժամանակ քաղաքացիական որոշակի ազատությունների կասեցումը կամ փոփոխումը, ներառյալ՝ արդյոք և որքանով դա պետք է տեղի ունենա։

Ընդունված է համարել, որ քաղաքացիական ազատությունների պաշտոնական հայեցակարգը սկիզբ է առնում 1215 թվականին ընդունված անգլիական իրավական կանոնադրության՝ Ազատությունների մեծ խարտիայից, որն իր հերթին հիմնված էր նախկինում գոյություն ունեցող փաստաթղթերի, մասնավորապես՝ Ազատությունների խարտիայի վրա[3]։

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության սահմանադրությունը (որը վերաբերում է միայն մայրցամաքային Չինաստանին և ոչ թե Հոնկոնգին, Մակաոյին և Թայվանին) ու հատկապես այնտեղ ամրագրված քաղաքացիների հիմնարար իրավունքների ու պարտականությունների գլուխը, պնդում է, որ պաշտպանում է քաղաքացիական բազմաթիվ ազատություններ։ Թայվանը, որն անջատված է մայրցամաքային Չինաստանից, ունի իր Սահմանադրությունը։

Թեև 1982 թվականին ընդունված սահմանադրությունը երաշխավորում է քաղաքացիական ազատությունները[4], Չինաստանի կառավարությունն իր իրավական համակարգում մշտապես օգտագործում է «պետական ​​իշխանության տապալում» և «պետական ​​գաղտնիքների պաշտպանություն» դրույթները՝ բանտարկելու նրանց, որոնք քննադատում են Չինաստանի կոմունիստական ​​կուսակցությանը և պետական առաջնորդներին[5]։

Խոշոր հանրահավաքները, ինչպիսին այս մեկն է Կալկաթայում, սովորական երևույթ են ողջ Հնդկաստանում։

Հիմնարար իրավունքները, որոնք ներառված են Հնդկաստանի սահմանադրության III մասում, երաշխավորում են այնպիսի ազատություններ, որ բոլոր հնդիկները՝ որպես Հնդկաստանի քաղաքացիներ, կարող են իրենց կյանքը խաղաղ ապրել։ Վեց հիմնարար իրավունքներն են՝ հավասարության իրավունքը, ազատության իրավունքը, շահագործման դեմ իրավունքը, կրոնի ազատության իրավունքը, մշակութային և կրթական իրավունքները և սահմանադրական պաշտպանության իրավունքը[6]։

Դրանք ներառում են անհատական իրավունքներ, որոնք ընդհանուր են լիբերալ Ժողովրդավարությունների մեծամասնության համար, ամրագրված են երկրի հիմնարար օրենքի մեջ և կիրառելի են դատական կարգով։ Այս իրավունքների խախտումը պատժվում է Հնդկաստանի Քրեական օրենսգրքով՝ դատական ​​իշխանության հայեցողությամբ։ Այս իրավունքները բացարձակ չեն և ոչ էլ անձեռնմխելի են սահմանադրական փոփոխություններից։ Դրանք միտված են վերացնել այն անհավասարությունները, որոնք մինչ անկախությունն առկա էին Հնդկաստանի սոցիալական կյանքում։ Մասնավորապես, դրանք հանգեցրին անձեռնմխելիության վերացմանը և կրոնական, ռասայական, կաստայի, սեռի կամ ծննդավայրի հիման վրա խտրականության արգելմանը։ Այդ իրավունքներն արգելում են մարդկանց թրաֆիքինգը և հարկադիր աշխատանքը։ Դրանք պաշտպանում են էթնիկ և կրոնական փոքրամասնությունների մշակութային և կրթական իրավունքները՝ թույլ տալով նրանց պահպանել իրենց լեզուն և ունենալ իրենց սեփական կրթական հաստատությունները։

Բոլոր մարդիկ՝ անկախ ռասայից, կրոնից, կաստայից կամ սեռից, իրավունք ունեն դիմելու Բարձր դատարաններ կամ Գերագույն դատարան՝ իրենց հիմնարար իրավունքների պաշտպանության համար։ Պարտադիր չէ, որ դիմողը լինի տուժող կողմը։ Հանրային շահից ելնելով` յուրաքանչյուր ոք կարող է իր անունից դատական ​​հայց ներկայացնել դատարան։ Սա հայտնի է որպես «ի շահ հանրության դատական գործընթաց»[7]։ Բարձր դատարանի և Գերագույն դատարանի դատավորները կարող են նաև ինքնուրույն գործել՝ հիմնվելով լրատվամիջոցների հաղորդագրությունների վրա։

Հիմնարար իրավունքներն ընդգծում են հավասարությունը՝ բոլոր քաղաքացիներին երաշխավորելով պետական հաստատություններին հասանելիություն և պաշտպանության միջոցների օգտագործում՝ անկախ նրանց ծագումից։ Կյանքի և անձնական ազատության իրավունքները տարածվում են ցանկացած ազգության ներկայացուցիչների վրա, մինչդեռ մյուս իրավունքները, ինչպես օրինակ՝ խոսքի և արտահայտման ազատությունը, կիրառելի են միայն Հնդկաստանի քաղաքացիների համար (ներառյալ Հնդկաստանի այն քաղաքացիները, որոնք մշտական բնակություն չունեն այնտեղ)[8]։ Պետական ​​համակարգում աշխատանքի մեջ հավասարության իրավունքը չի կարող տրվել Հնդկաստանի օտարերկրյա (անդրծովյան) քաղաքացիներին[9]։

Հիմնարար իրավունքներն անհատներին հիմնականում պաշտպանում են պետության ցանկացած կամայական գործողությունից, սակայն որոշ իրավունքներ կարող են կիրառվել նաև այդ նույն ֆիզիկական անձանց դեմ[10]։ Օրինակ՝ սահմանադրությունը վերացնում է անձեռնմխելիությունը և արգելում հարկադիր աշխատանքը։ Այս դրույթները զսպող միջոց են ինչպես կառավարության, այնպես էլ ֆիզիկական անձանց գործողությունների համար։ Հիմնարար իրավունքները բացարձակ չեն և ենթակա են ողջամիտ սահմանափակումների, որոնք անհրաժեշտ են ազգային շահերը պաշտպանելու համար։ Քեշավանանդա Բհարատին ընդդեմ Կերալա նահանգի գործում Գերագույն դատարանը որոշեց, որ սահմանադրության բոլոր դրույթները՝ ներառյալ հիմնարար իրավունքները, կարող են փոփոխվել[11]։ Այնուամենայնիվ, խորհրդարանը չի կարող փոխել սահմանադրական կարգի հիմնական կառուցվածքը, ինչպիսիք են աշխարհականությունը, ժողովրդավարությունը, ֆեդերալիզմը, իշխանությունների բաժանումը։ Այս որոշումը, որը հաճախ կոչվում է «հիմնական կառուցվածքի դոկտրին», ընդունված է համարել Հնդկաստանի պատմության կարևոր մաս։ 1978 թվականին «Մանեկա Գանդին ընդդեմ Հնդկաստանի միության» գործի շրջանակներում Գերագույն դատարանը դոկտրինը հռչակեց ավելի բարձր, քան Հնդկաստանի խորհրդարանի ընդունած օրենքները։ Դատավճռի համաձայն՝ խորհրդարանի ոչ մի օրենսդրական նախագիծ չի կարող օրենք համարվել, եթե այն խախտում է սահմանադրության հիմնական կառուցվածքը։ Հիմնարար իրավունքների այս ուղենշային երաշխիքը դիտվում էր որպես դատական ​​իշխանության անկախության եզակի օրինակ՝ հիմնարար իրավունքների սրբությունը պահպանելու հարցում։ Հիմնարար իրավունքները կարող են փոփոխվել միայն սահմանադրական փոփոխությունների միջոցով, ուստի դրանց ներառումը զսպող գործոն է ոչ միայն գործադիր իշխանության, այլ նաև խորհրդարանի և նահանգային օրենսդիր մարմինների համար[12]։ Ազգային անվտանգության և հասարակական կարգի պահպանման նպատակով արտակարգ դրության հայտարարումը կարող է հանգեցնել 19-րդ հոդվածով նախատեսված իրավունքների ժամանակավոր կասեցման (ներառյալ խոսքի, հավաքների և տեղաշարժի ազատությունը և այլն)։ Նախագահը կարող է նաև իր հրամանով կասեցնել սահմանադրությամբ նշված իրավական պաշտպանության միջոցները։

1947 թվականից ի վեր Ճապոնիան, որը սահմանադրական միապետության կառավարման համակարգ ունեցող երկիր է և հայտնի է որպես սոցիալապես «պահպանողական հասարակություն, որտեղ փոփոխությունները տեղի են ունենում աստիճանաբար», ունի սահմանադրություն, որի հիմքում թվում է, թե ընկած է իրավունքների մասին բավականին ուժեղ բիլլ (Գլուխ III. Ժողովրդի իրավունքներն ու պարտականությունները)[13]։ Շատ առումներով այն հիշեցնում է ԱՄՆ Սահմանադրությունը մինչև 1964 թվականի «Քաղաքացիական իրավունքների մասին» օրենքի ընդունումը, և դա այն պատճառով, որ ուժի մեջ է մտել դաշնակից ուժերի կողմից Ճապոնիայի բռնազավթման ժամանակ։ Այս սահմանադրությունը կարող էր թվալ իշխող վերնախավի նկատմամբ օտարերկրյա պարտադրանք, բայց ոչ հասարակ ժողովրդի համար, «որոնք հավատ չունեին իրենց վարկաբեկված առաջնորդների նկատմամբ և աջակցում էին կարևոր փոփոխություններին[14]։ Եթե կարճ, ապա, այս սահմանադրությունը ձգտում է ապահովել անհատի հիմնարար ազատություններն ու իրավունքները, որոնք մանրամասն ներկայացված են 10-ից 40-րդ հոդվածներում։ Մարդու արժանապատվության մասին դրույթներից ամենաակնառուն 1-ին բաժնի 25-րդ հոդվածն է, որը երաշխավորում է, որ բոլոր «մարդիկ պետք է ունենան իրավունք՝ պահպանելու առողջ և բարեկիրթ կյանքի նվազագույն չափանիշները»[15]։

Չնայած այս լիբերալ սահմանադրության ընդունմանը, որը հաճախ կոչվում է «Հետպատերազմական սահմանադրություն» (戦後憲法, Sengo-Kenpo) կամ «Խաղաղության սահմանադրություն» (平和憲法, Heiwa-Kenpo), ճապոնական իշխող վերնախավը ամեն կերպ փորձում էր ձևավորել ներառական, բաց և բազմակարծիք հասարակություն[16]։ Նույնիսկ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից և 1952 թվականին դաշնակիցների օկուպացիոն կառավարության հեռանալուց հետո, Ճապոնիան մնաց միջազգային քննադատության թիրախում՝ պատերազմական հանցագործությունները չճանաչելու, ինստիտուցիոնալ կրոնական խտրականության և մամուլին քիչ ազատություն տալու, երեխաների, փոքրամասնությունների, օտարերկրացիների և կանանց նկատմամբ վերաբերմունքի, քրեական արդարադատության պատժիչ համակարգ ունենալու և վերջերս նաև՝ ԼԳԲՏ մարդկանց դեմ համակարգված կողմնակալության համար[17][18][19]։

Իրավունքների մասին բիլլ ստեղծելու Ճապոնիայի առաջին փորձն արվել է 19-րդ դարի Մեյձիի սահմանադրության մեջ (1890 թվական), որը որպես հիմնական մոդել վերցրել էր և՛ Պրուսիայի (1850 թվական), և՛ բրիտանական սահմանադրությունները[20]։ Այնուամենայնիվ, դա միայն չնչին ազդեցություն ունեցավ օրենքի գերակայության պրակտիկայի, ինչպես նաև մարդկանց առօրյա կյանքի վրա։ Այսպիսով, անհատական իրավունքներին ձգտելու և կառավարության կամ հասարակության ճնշումներին դիմակայելու Ճապոնիայի համեմատաբար կարճ և միտումնավոր դանդաղ պատմությունը դեռևս նրան չի մղել դառնալու համընդհանուր և անհատական ​​ազատության առաջամարտիկ[21][22][23]։ Ըստ սահմանադրագետ Շիգենորի Մացուիի՝

«մարդիկ հակված են իրավունքների մասին բիլլը դիտարկել որպես բարոյական հրամայական, այլ ոչ թե դատական ​​նորմ։ Մարդիկ սոցիալական խնդիրները՝ ներառյալ մարդու իրավունքների խախտումները, լուծելու համար հակված են նաև ապավինել բյուրոկրատներին, այլ ոչ թե դատարաններին»։
- Շիգենորի Մացուի, «Մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությունը Ճապոնիայում»[24]

Չնայած Ճապոնիայի սոցիալական մշակույթի և իբր ընդունված լիբերալ սահմանադրականության միջև առկա տարաձայնություններին, երկիրը առաջընթաց է գրանցել իրավունքի հայեցակարգի և պրակտիկայի միջև անջրպետը նվազեցնելու ուղղությամբ։ Միտումն ավելի ակնհայտ է երկարաժամկետ հեռանկարում։ Այդ օրինակներից են. Ճապոնիայի խորհրդարանը (երկպալատ օրենսդիր մարմին) 1979 թվականին վավերացրել է Մարդու իրավունքների միջազգային բիլլը։ Այնուհետև 1985 թվականին ընդունել է «Տղամարդկանց և կանանց աշխատանքի հավասար հնարավորությունների մասին» օրենքը։ Սրանք գործողություններ են, որոնք ողջունվել են որպես կարևոր քայլեր դեպի ժողովրդավարական և մասնակցային հասարակություն։ Ավելին, 2015 թվականին Ճապոնիան Հարավային Կորեայի հետ համաձայնություն ձեռք բերեց՝ փոխհատուցել «Սփոփման կայարաններում» կանանց նկատմամբ բռնությունների համար, որոնք տեղի էին ունեցել Կորեայում ճապոնական բռնազավթման ժամանակ[25]։ Այնուամենայնիվ, իրավապաշտպան խմբերից մեկը և վերապրածների ընտանիքները դատապարտել էին համաձայնագիրը՝ այն բնորոշելով որպես հովանավորչական և վիրավորական[26]։

Ճապոնիայի կառավարությունն իր պաշտոնական կայքում ներկայացրել է մարդու իրավունքների վերաբերյալ տարբեր խնդիրներ։ Դրանց թվում են երեխաների նկատմամբ դաժան վերաբերմունքը (օրինակ՝ բուլինգը, մարմնական պատիժը, երեխաների նկատմամբ սեռական բռնությունը, մանկական մարմնավաճառությունը և մանկական պոռնոգրաֆիան), տարեցների և հաշմանդամություն ունեցող մարդկանց հաճախակի անտեսումը և դաժան վերաբերմունքը, բուրակումինների նկատմամբ խտրականությունը), Ճապոնիայի բնիկ այնու ժողովրդի խնդիրները, օտարերկրյա քաղաքացիները, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդները, բորոտությամբ տառապողները, պատիժը կրելուց հետո բանտից ազատվածները, հանցագործության զոհերը, մարդիկ, որոնց իրավունքները ոտնահարվել են ինտերնետից օգտվելու ժամանակ, անօթևանները, գենդերային ինքնության խանգարումներ ունեցող մարդիկ և կանայք։ Բացի այդ, կառավարությունը թվարկում է նաև համակարգային խնդիրներ, որոնք կապված են գենդերային կողմնակալության և աշխատանքի ընդունման ժամանակ սեռական նախապատվությունների հետ[27]։

Տեղական և արտասահմանյան իրավապաշտպան կազմակերպություններն ընդլայնում են ցանկը՝ ներառելով մարդու իրավունքների խախտումները, որոնք կապված են կառավարության քաղաքականության հետ, ինչպես օրինակ՝ «դաիյո կանգոկու» համակարգի պարագայում (փոխարինող բանտ) և հանցագործության մեջ կասկածվողներին հարցաքննելու մեթոդները[28]։ Այս գերատեսչությունների և հասարակ մարդկանց ջանքերը կարծես թե արդյունք են տալիս։ 2016 թվականին ԱՄՆ Պետքարտուղարությունը հրապարակեց մի զեկույց, որտեղ ասվում էր, որ Ճապոնիայում մարդու իրավունքների վիճակը բարելավման նշաններ է ցույց տալիս[29]։

Չնայած Ավստրալիան չունի ամրագրված Իրավունքների մասին բիլլ կամ պարտադիր իրավական բնույթ ունեցող նմանատիպ այլ փաստաթուղթ, քաղաքացիական ազատությունները պաշտպանվում են մի շարք կանոններով և կոնվենցիաներով։ Ավստրալիան առաջնային մասնակցություն է ունեցել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի ձևավորման աշխատանքներին և այն ստորագրած առանցքային պետություններից մեկն էր։

Ավստրալիայի սահմանադրությունը, որն ընդունվել է 1900 թվականին, ապահովում է իրավունքների խիստ սահմանափակ պաշտպանություն։ Այն պաշտպանում է՝

  • կրոնի ազատության իրավունքը և,
  • մարդու բնակության վայրի պատճառով խտրականության չենթարկվելու իրավունք (պատմական նախապաշարմունքներ, երբ մի նահանգի անհատները կարող են խտրականության բախվել մեկ այլ նահանգում՝ հիմնվելով բացառապես իրենց բնակության վայրի վրա)։

Բարձր դատարանի կողմից սահմանադրության որոշ մեկնաբանություններ թույլ են տալիս սահմանել ենթադրյալ իրավունքներ, ինչպիսիք են քաղաքական հաղորդակցության ազատությունը (լայնորեն մեկնաբանվում է) և ընտրելու իրավունքը, սակայն մյուսները, ինչպես օրինակ հավաքների ազատությունը և միավորվելու ազատությունը, դեռևս պետք է սահմանվեն։

Փախստականների հարցեր

Վերջին տասնամյակում Ավստրալիայում մեծացել են վեճերը ապաստան հայցողների նկատմամբ վերաբերմունքի վերաբերյալ։ Թեև Ավստրալիան ստորագրել է ՄԱԿ-ի Փախստականների մասին կոնվենցիան (1951), հաջորդած կառավարությունները գնալով ավելի են խստացրել մուտքն այդ երկիր. հատկապես փոքր ջրային նավերով մուտք փնտրողների դեմ։

Վարչապետ Թոնի Էբոթի կառավարության (2013), ինչպես և իր նախորդների (Գիլարդի և Հովարդի կառավարությունները) առջև ծառացած հիմնական խնդիրն ապաստան հայցողների՝ ծովով Ավստրալիա ժամանումը կանխելու դժվարությունն էր։ Ժամանակի ընթացքում շատերի կողմից ապաստան հայցողների ժամանումը ծովով ընկալվում էր որպես «անօրինական ներգաղթ»։ Ավստրալիայի ռազմածովային ուժերի վերջին ներգրավվածությունը փախստականների փրկարարական գործողություններում մտահոգություն էր առաջացրել իրավապաշտպան բազմաթիվ խմբերի շրջանում, որոնցից է «Amnesty International»-ը. նրանք մտահոգված էին փախստականների նկատմամբ վերաբերմունքի «ռազմականացմամբ» և որ ռազմածովային ուժերի ներգրավվումը կարող է ազդել Ավստրալիայում փախստականների իրավունքների պաշտպանության վրա։  Շատերի կարծիքով «վերադարձի» քաղաքականությունը հակասական էր, քանի որ այն ներառում էր փախստականներին կառավարությանը ենթակա փրկարար նավեր  նստեցնելը և Ինդոնեզիա հետ ուղարկելը։ Այնուամենայնիվ, չնայած առկա դիմադրությանը, Էբոթի կառավարության այս գործողությունները հանգեցրեցին պոտենցիալ փախստականների թվի կրճատմանը, ինչից ելնելով նրա կառավարությունը պնդում էր, որ իր այս որդեգրած քաղաքականությունը հաջողված է։

Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, որին միացել են գրեթե բոլոր եվրոպական երկրները (բացառությամբ Բելառուսի), սահմանում է քաղաքացիական մի շարք ազատություններ և եվրոպական տարբեր երկրներում ունի սահմանադրական տարբեր ուժ։

Չեխիայի Հանրապետություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թավշյա հեղափոխությունից հետո Չեխոսլովակիայում վերանայվեց սահմանադրությունը։ 1991 թվականին ընդունվեց Հիմնարար իրավունքների և ազատությունների խարտիան, որը համավասար էր Սահմանադրությանը։ Չեխոսլովակիայի կազմալուծումից հետո Չեխիայի Հանրապետությունը լիովին պահպանեց խարտիան։

Հայաստանում մարդու իրավունքներն ու քաղաքացիական ազատություններն ամրագրված են Հայաստանի Սահմանադրության մեջ։ Այն ընդունվել է 1995 թվականի հուլիսի 5-ին։ Սահմանադրության 1-ին հոդվածն ասում է, որ Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական և իրավական պետություն է։ Ըստ Սահմանադրության 2-րդ հոդվածի՝ Հայաստանում իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Իսկ 3-րդ հոդվածն էլ սահմանում է, որ մարդը բարձրագույն արժեք է։ «Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են»,— ամրագրված է Հայաստանի Սահմանադրության մեջ[30]։

Սահմանադրության մեջ ամրագրված է, որ Հայաստանում մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներն ու ազատություններն են՝ մարդու արժանապատվության անխախտելիությունը, կյանքի իրավունքը, ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության իրավունքը, խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի արգելքը, անձնական ազատությունը, օրենքի առջև ընդհանուր հավասարությունը, խտրականության արգելքը, կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը, հաղորդակցության ազատությունը և գաղտնիությունը, անձնական տվյալների պաշտպանությունը, կրթության իրավունքը, մտքի, խղճի և կրոնի ազատությունը, հավաքների ազատությունը և այլն։

Հայաստանում օրենսդրորեն պաշտպանված են աշխատողի իրավունքները։ Դրանք ամրագրված են ինչպես Սահմանադրության մեջ, այնպես էլ ՀՀ Աշխատանքային օրենսգրքում։ Ըստ ՀՀ Սահմանադրության 82-րդ հոդվածի՝ յուրաքանչյուր աշխատող, օրենքին համապատասխան, ունի առողջ, անվտանգ և արժանապատիվ աշխատանքային պայմանների, առավելագույն աշխատաժամանակի սահմանափակման, ամենօրյա և շաբաթական հանգստի, ինչպես նաև ամենամյա վճարովի արձակուրդի իրավունք։

Հայաստանում սոցիալական ապահովությունն իր մեջ ներառում է հիվանդության, հաշմանդամության, աշխատավայրում դժբախտ պատահարների, խնամքի կարիք ունենալու, ծերության, գործազրկության, աշխատանքը կորցնելու և այլ դեպքերում սոցիալական ապահովության իրավունք։ ՀՀ օրենսդրությամբ սահմանվում է նաև անվճար հիմնական բժշկական ծառայությունների ցանկը։

Հայաստանի Սահմանադրությամբ ամրագրվում է նաև Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը։ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանն անկախ պաշտոնատար անձ է, որը հետևում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտոնատար անձանց և կազմակերպությունների կողմից մարդու իրավունքների և ազատությունների պահպանմանը, նպաստում խախտված իրավունքների և ազատությունների վերականգնմանը, իրավունքներին ու ազատություններին առնչվող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործմանը։ Մարդու իրավունքների պաշտպանի վրա տարածվում է պատգամավորի համար սահմանված անձեռնմխելիության իրավունքը։

1789 թվականին Ֆրանսիայում ընդունված Մարդու և քաղաքացու իրավունքների հռչակագիրը սահմանեց քաղաքացիական բազմաթիվ ազատություններ և ունի սահմանադրական ուժ։

Գերմանական սահմանադրությունը (գերմ.՝ Grundgesetz, թարգ.՝ «Հիմնական օրենք»), սկսվում է քաղաքացիական ազատությունների մանրամասն թվարկմամբ, իսկ 1-ին բաժնում սահմանում է, որ «մարդկային արժանապատվությունն անձեռնմխելի է։ Այն հարգելը և պաշտպանելը պետք է լինի պետական ​​բոլոր իշխանությունների պարտականությունը»։ «Ավստրիական համակարգի» համաձայն՝ մարդիկ իրավունք ունեն դիմելու Գերմանիայի դաշնային սահմանադրական դատարան («Bundesverfassungsgericht»), եթե կարծում են, որ խախտվում են իրենց քաղաքացիական իրավունքները։ Տարիների ընթացքում այս ընթացակարգը զգալիորեն փոխել է գերմանական օրենսդրությունը։

Միացյալ Թագավորություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Միացյալ Թագավորությունում քաղաքացիական ազատությունները սկիզբ են առնում 1215 թվականի Ազատությունների մեծ խարտիայից, ինչպես նաև 17-րդ դարի ընդհանուր իրավունքից կամ անգլիական իրավունքից և ստատուտների իրավունքից, ինչպիսին է 1628 թվականի Իրավունքի հանրագիրը, 1679 թվականի «Հաբեաս կորպուս» ակտը և 1689 թվականի Իրավունքների մասին բիլլը։

Այս օրենքների առանձին հատվածներ գործում են նաև այսօր և լրացվում են այլ օրենքներով և կոնվենցիաներով, որոնք միասին կազմում են Միացյալ Թագավորության ոչ պաշտոնական սահմանադրությունը։ Բացի այդ, Միացյալ Թագավորությունը ստորագրել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, որը վերաբերում է ինչպես մարդու իրավունքներին, այնպես էլ քաղաքացիական ազատություններին։ 1998 թվականին ընդունված Մարդու իրավունքների ակտը Միացյալ Թագավորության օրենսդրության մեջ ներառում է Կոնվենցիայի իրավունքների մեծ մասը։

2008 թվականի հունիսին այն ժամանակվա ներքին գործերի ստվերային նախարար Դևիդ Դևիսը հրաժարվեց իր պատգամավորական մանդատից, ինչպես ինքն է ձևակերպել, այն ժամանակվա լեյբորիստական ​​կառավարության կողմից «քաղաքացիական ազատությունների էրոզիայի» պատճառով և վերընտրվեց` քարոզարշավ իրականացնելով քաղաքացիական ազատությունների պաշտպանության վրա կենտրոնացած հարթակում (չնայած խոշոր կուսակցությունների թեկնածուները դեմ չէին նրան)։ Դևիսին անհանգստացնում էին կառավարության ընդունած հակաահաբեկչական օրենքները և, մասնավորապես, նախնական կալանքի ժամկետի երկարաձգումը, որը շատերն ընկալեցին որպես Ազատությունների մեծ խարտիայում սահմանված հաբեաս կորպուս սկզբունքի խախտում։

Ռուսաստանի Դաշնության սահմանադրությունը տեսականորեն երաշխավորում է նույն իրավունքներն ու քաղաքացիական ազատությունները, ինչ Միացյալ Նահանգներինը՝ բացառությամբ զենքի կրումը։ Համանման իրավունքների թվում են խոսքի ազատությունը, կրոնի ազատությունը, ասոցիացիաների և հավաքների ազատությունը, լեզվի ընտրության ազատությունը, պատշաճ իրավական ընթացակարգը, արդար դատավարության իրավունքը, գաղտնիության իրավունքը, ընտրելու ազատությունը, կրթության իրավունքը և այլն։ Այնուամենայնիվ, իրավապաշտպան կազմակերպությունները, օրինակ՝ «Amnesty International»-ը, ահազանգում են, որ Վլադիմիր Պուտինը, աճող ավտորիտարիզմի պայմաններում, խստորեն սահմանափակել է խոսքի ու կամարտահայտման ազատությունները, ինչպես նաև հավաքների և ասոցիացիաների ազատությունը[31]։

Հյուսիսային Ամերիկա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանադայի սահմանադրությունը ներառում է Կանադայի իրավունքների և ազատությունների խարտիան, որը երաշխավորում է միևնույն իրավունքներն ու ազատությունները, ինչ Միացյալ Նահանգների սահմանադրությունը։ Խարտիայում բացակայում է գույքի կամ դրա պաշտպանության մասին որևէ հիշատակում։

Մեքսիկայի սահմանադրությունը վավերացվել է 1917 թվականի փետրվարի 5-ին։ Ինչպես ԱՄՆ սահմանադրությունը, այնպես էլ Մեքսիկայի Միացյալ Նահանգները բոլոր քաղաքացիների համար երաշխավորում է խոսքի ազատության իրավունք, սակայն այդ իրավունքը բացարձակ չէ (օրինակ՝ մանկական պոռնոգրաֆիան, մահվան սպառնալիքները և զրպարտությունը խոսքի ազատությունը սահմանափակող բացառություններ են, իսկ օրինախախտները կարող են պատժվել)։ Այնուամենայնիվ, ի տարբերություն Միացյալ Նահանգների և Կանադայի՝ Մեքսիկայում քաղաքացիություն ստանալու ավելի խիստ սահմանափակումներ են գործում։ Օրինակ՝ միայն Մեքսիկայում ծնված մարդիկ կարող են աշխատել իրավապահ մարմիններում, օրենքներ ընդունել կամ ծառայության անցնել զինված ուժերում։ Այն նաև սահմանում է, որ Մեքսիկայում ծնված յուրաքանչյուր անձ չի կարող զրկվել իր քաղաքացիությունից[32]։

Ամերիկայի Միացյալ Նահանգներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Միացյալ Նահանգների սահմանադրությունը՝ հատկապես Իրավունքների մասին բիլլը, պաշտպանում է քաղաքացիական ազատությունները։ Սահմանադրության տասնչորսերորդ փոփոխության ընդունումը հետագայում պաշտպանեց քաղաքացիական ազատությունները՝ սահմանելով արտոնությունների կամ անձեռնմխելիության կետը, պատշաճ իրավական ընթացակարգի դրույթը և հավասար պաշտպանության դրույթը։ Միացյալ Նահանգներում մարդու իրավունքները հաճախ կոչվում են քաղաքացիական իրավունքներ. դրանք այն իրավունքները, արտոնությունները և անձեռնմխելիություններն են, որոնք ունեն բոլոր մարդիկ՝ ի տարբերություն քաղաքական իրավունքների, որոնք բնորոշ են միայն նրանց, ովքեր, որպես թեկնածուներ կամ ընտրողներ, իրավունք ունեն մասնակցելու ընտրություններին[33]։ Մինչ համընդհանուր ընտրական իրավունքի ներդրումը, այս տարբերակումը կարևոր էր, քանի որ շատ մարդիկ չունեին ընտրելու իրավունք, բայց դեռ համարվում էին կյանքի, ազատության և երջանկության ձգտման իրավունքներից բխող հիմնարար ազատությունների տեր։ Այս տարբերությունը հիմա ավելի քիչ կարևոր է, երբ ամերիկացիներն օգտվում են գրեթե համընդհանուր ընտրական իրավունքից, իսկ քաղաքացիական իրավունքներն այժմ ներառում են քվեարկելու և ընտրություններին մասնակցելու քաղաքական իրավունքները, որոնք, ընդհանուր առմամբ, քաղաքացիական ազատությունների հետ միասին դասակարգվում են որպես պոզիտիվ կամ նեգատիվ իրավունքներ։ Քանի որ բնիկ ամերիկացիների ցեղային կառավարություններն ինքնիշխանություն ունեն իրենց անդամների նկատմամբ, ԱՄՆ Կոնգրեսը 1968 թվականին ընդունեց օրենք, որն ըստ էության Իրավունքների մասին բիլլով սահմանված պաշտպանական միջոցների մեծ մասը տարածում է նաև  ցեղերի անդամների վրա ընդ որում՝ դրա կիրարկումը հիմնականում պետք է իրականացվեր ցեղային դատարանների կողմից[34]։

1988 թվականին ընդունված «Քաղաքացիական ազատությունների մասին» օրենքը 1988 թվականի օգոստոսի 10-ին ստորագրվել է նախագահ Ռոնալդ Ռեյգանի կողմից։ Կոնգրեսի կողմից օրենքն ընդունվել է, որպեսզի Միացյալ Նահանգները հրապարակային ներողություն խնդրի ճապոնական ծագում ունեցող անձանցից, որոնք կորցրել էին իրենց ունեցվածքն ու ազատությունը Միացյալ Նահանգների կողմից խտրական գործողությունների պատճառով (1942-1946 թվականներ)։ Այս օրենքը նաև բազմաթիվ այլ առավելություններ տվեց կառավարության ղեկավարման տակ գտնվող տարբեր ոլորտներում։ ԱՄՆ Գանձապետարանի կազմում ստեղծվեց Քաղաքացիական ազատությունների ոլորտում հանրային կրթության հիմնադրամ։ Օրենքը ԱՄՆ գլխավոր դատախազին հանձնարարում էր բացահայտել և գտնել այս օրենքի շահառու հանդիսացող և ժամանակին տուժած յուրաքանչյուր անձին ու Քաղաքացիական ազատությունների ոլորտում հանրային կրթության ​​հիմնադրամի միջոցներից նրան վճարել 20,000 ԱՄՆ դոլար։ Օրենքով նախատեսված էր նաև տնօրենների խորհրդի ստեղծում, որը պատասխանատու պետք է լիներ այս հիմնադրամից հատկացումների համար։ Ի վերջո, պահանջվում էր, որ հանձնաժողովի կողմից ստեղծված կամ ստացված բոլոր փաստաթղթերն ու արձանագրությունները պահպանվեին Միացյալ Նահանգների գլխավոր արխիվի ֆոնդապահի պահպանության ներքո[35]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Ghappour, Ahmed (2017 թ․ սեպտեմբերի 1). «Data Collection and the Regulatory State». Connecticut Law Review. 49 (5): 1733.
  2. Hunter, Lance Y. (2015 թ․ սեպտեմբերի 18). «Terrorism, Civil Liberties, and Political Rights: A Cross-National Analysis». Studies in Conflict & Terrorism (անգլերեն). 39 (2): 165–193. doi:10.1080/1057610x.2015.1084165. ISSN 1057-610X. S2CID 110482777.
  3. Hunter, Lance Y. (2015 թ․ սեպտեմբերի 18). «Terrorism, Civil Liberties, and Political Rights: A Cross-National Analysis». Studies in Conflict & Terrorism (անգլերեն). 39 (2): 165–193. doi:10.1080/1057610x.2015.1084165. ISSN 1057-610X. S2CID 110482777.
  4. «Constitution of the People's Republic of China». Վերցված է 2015 թ․ մարտի 5-ին.
  5. «China jails rights activist outspoken on Tibet». Reuters. 2008 թ․ ապրիլի 3.
  6. Constitution of India-Part III Fundamental Rights.
  7. «Bodhisattwa Gautam vs. Subhra Chakraborty; 1995 ICHRL 69». [World Legal Information Institute]. Վերցված է 2006 թ․ մայիսի 25-ին. This was the case where public interest litigation was introduced (date of ruling 15 December 1995).
  8. Tayal, B.B. & Jacob, A. (2005), Indian History, World Developments and Civics, p. A-25
  9. «Citizenship (Amendment) Bill, 2003» (PDF). Rajya Sabha. էջ 5. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2006 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2006 թ․ մայիսի 25-ին.
  10. «Bodhisattwa Gautam vs. Subhra Chakraborty; 1995 ICHRL 69». [World Legal Information Institute]. Վերցված է 2006 թ․ մայիսի 25-ին. This was the case where Fundamental Rights were enforced against private individuals (date of ruling 15 December 1995).
  11. Kesavananda Bharati vs. state of Kerala; AIR 1973 S.C. 1461, (1973) 4 SCC 225 – In what became famously known as the "Fundamental Rights case", the Supreme Court decided that the basic structure of the constitution was unamendable.
  12. Tayal, B.B. & Jacob, A. (2005), Indian History, World Developments and Civics, p. A-24
  13. Ellington, Lucien (2002). Japan: A Global Studies Handbook. Santa Barbara, CA: ABC-CLIO. էջ 209. ISBN 978-1576072714.
  14. Law, David S. (2013 թ․ մայիսի 26). «The Myth of the Imposed Constitution» (անգլերեն). Rochester, NY. SSRN 2270399.
  15. Yokota, Yozo, & Chiyuki Aoi (2000). «Japan's foreign policy towards human rights: uncertain changes» (PDF). Human Rights and Comparative Foreign Policy: Foundations of Peace, Edited by David Forsythe. United Nations University Press: Chapter 5. Արխիվացված (PDF) օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 9-ին.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  16. Haddad, Mary Alice (2012). Building Democracy in Japan. Cambridge: Cambridge University Press. էջ 59. ISBN 978-1107014077.
  17. «Japan veering away from global human rights standards, says Amnesty International». The Japan Times. Kyodo News. 2015 թ․ փետրվարի 25. Վերցված է 2016 թ․ հուլիսի 5-ին.
  18. Suzanne Trimel (2014 թ․ հուլիսի 25). «UN Urges End to Discrimination Against LGBT Individuals in Japan». Analysis. Outright International. Վերցված է 2016 թ․ հուլիսի 5-ին.
  19. Osumi, Magdalena (2015 թ․ հունիսի 26). «U.S. rights report slams Japan on child abuse, prison conditions, asylum system». News report. Japan Times. Վերցված է 2016 թ․ հուլիսի 5-ին.
  20. Kazuhiro Takii and David Noble, The Meiji Constitution: The Japanese Experience of the West and the Shaping of the Modern State (Tokyo, Japan: International House of Japan, 2007), 181.
  21. Andrew Gordon, Postwar Japan As History. Berkeley: University of California Press, 1993, p. 91.
  22. Henderson, Dan Fenno (2015). «Chapter 11: Law and Political Modernization in Japan». In Ward, Robert E. (ed.). Political Development in Modern Japan: Studies in the Modernization of Japan. Princeton University Press. էջեր 441–445. ISBN 978-1400871667. Վերցված է 2016 թ․ հուլիսի 5-ին.
  23. Ugo Dessì, Japanese Religions and Globalization. London: Routledge, 2013, p. 64.
  24. “The protection of ‘Fundamental human rights’ in Japan,” a chapter in Human Rights in Asia: A Comparative Legal Study of Twelve Asian Jurisdictions, France and the USA, edited by Peerenboom, R. P., Carole Petersen, and Hongyi Chen (London: Routledge, 2006), 149
  25. «Japan and South Korea agree WW2 'comfort women' deal». BBC. 2015 թ․ դեկտեմբերի 28. Վերցված է 2016 թ․ հուլիսի 5-ին.
  26. Sanghani, Radhika (2015 թ․ դեկտեմբերի 29). «The horrific story of Korea's 'comfort women' – forced to be sex slaves during World War Two». Telegraph. London. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 5-ին.
  27. Government of Japan (2009 թ․ մարտի 6). «Major Human Rights Problems». Human Rights Bureau. Ministry of Justice, Japan. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 5-ին.
  28. Jeffrey Flynn, Reframing the Intercultural Dialogue on Human Rights: A Philosophical Approach (London: Routledge, 2014), 114.
  29. Wanklyn, Alastair (2016 թ․ ապրիլի 14). «Japan human rights improve but problems persist: U.S. State Department». Japan Times. Վերցված է 2016 թ․ հուլիսի 5-ին.
  30. www.arlis.am https://www.arlis.am/documentview.aspx?docID=143723. Վերցված է 2024 թ․ փետրվարի 14-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  31. «Putin rolling back civil rights, warns Amnesty». the Guardian. 2008 թ․ փետրվարի 27.
  32. «Constitución reordenada y consolidada». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 27-ին.
  33. America's Constitution: A Biography by Akhil Reed Amar
  34. Robert J. McCarthy, "Civil Rights in Tribal Courts; The Indian Bill of Rights at 30 Years", 34 Idaho Law Review 465 (1998).
  35. Foley, Thomas (1988). «Civil Liberties Act of 1987 – Conference Report». Congress.gov. Վերցված է 2015 թ․ հունիսի 18-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Alan Dershowitz. "Preserving Civil Liberties." Reflections on the Fractured Landscape, spec. sec. of Chronicle of Higher Education, Chronicle Review, September 28, 2001. Accessed August 11, 2006.
  • Jean Edward Smith, and Herbert M. Levine. Civil Liberties and Civil Rights Debated. Englewood Cliffs, NJ: Prentice Hall, 1988.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քաղաքացիական ազատություններ» հոդվածին։