ՀՀ Սահմանադրության հոդված 1

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության առաջին հոդված, սահմանադրական հոդված, որը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարման առանձնահատկությունները, բովանդակությունը, բնույթը և նպատակները։ Որպես արժեքաբանական-գաղափարական փաստաթուղթ, սահմանում է պետական իրավազորությունը, որի հիմքում էլ ընկած է հասարակության կազմակերպման հիմնարար սկզբունքները։

Հայաստանի Սահմանադրության առաջին հոդվածը ժամանակ առ ժամանակ գրել է փոփոխությունները։ Անկախության կորստի պայմաններում շարադրված սահմանադրական նախագծում այն ուներ բավականին տարբեր բովանդակություն և ձևակերպում էր հայ ժողովրդի ազատատենչ նախնինների սուրբ պատգամները, որոնք պետականամետ գործողությունների դեպքում կարող էին երկիրը հասցնել անկախության։ Հայոց պատմության մեջ Սահմանադրության նախագծման ամենահամարձակ փորձերից է եղել 18-րդ դարում Հայաստանի ազատագրության Մադրասի խմբակի, մասնավորապես՝ Շահամիր Շահամիրյանի կողմից շարադրված «Որոգայթ փառացը», որը միաժամանակ և՛ Հայաստանի ազատագրության ծրագիր էր, և՛ ապագա անկախ Հայաստանի սահմանադրության նախագիծը[1]։ «Որոգայթ փառացը» ամբողջությամբ հիմնված էր ժամանակի արևմտաեվրոպական լուսավորական գաղափարների վրա։ ՀՀ ժամանակակից սահմանադրության առաջին հոդվածը վերջին անգամ փոփոխվել է 1991 թվականին՝ Հայաստանի անկախության դարակազմիկ իրադարձությանը զուգընթաց։ Այդ տարուց ի վեր այն գրեթե անփոփոխ կերպով արտացոլում է այս բովանդակությունը[2]։

Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է։
- հոդված 1, Հայաստանի Հանրապետության մայր օրենք «սահմանադրություն»

Կառուցվածքային առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության առաջին հոդվածը տեսականորեն համարվում է մայր օրենքի բովանդակության սկզբնամասը։ Կառուցվածքային առումով այն ներառված է «Սահմանադրական կարգի հիմունքները» գլխում։ Գլխի հոդվածները՝ մինչև հոդված 13, սահմանում են Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը, պետական կառավարումը, օրենսդիր, գործադիր և դատական մարմինների տարանջատումը, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների երաշխիքները, արտաքին և ներքին քաղաքականության իրակացման կարգը, ազգային խորհրդանիշներն ու ազգային նշանակության հարցեր։

Հաջորդ գլուխներն իրենց հերթին վերահաստատում են հոդված 1-ի բովանդակությունը՝ վերծանելով Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, ժողովրդավարականության, սոցիալականության և իրավականության երաշխիքները։

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինքնիշխանություն և ժողովրդավարականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի Հանրապետությունն ունի հստակ սահմանված տարածք, որի վրա իրականացնում է ներքին և արտաքին ինքնիշխանություն, ունի մշտական բնակչություն, կառավարություն, կախվածություն չունի այլ երկրներից, ընդունակ է և լիազորված մտնել միջազգային հարաբերությունների մեջ մյուս ինքնիշխան պետությունների հետ։ Տվյալ չափորոշիչների համապատասխանությունը երաշխավորում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան պետություն լինելու անառարկելի հանգամանքը։ Սահմանադրության ներածությունը ևս որոշ չափով անդրադառնում է Հայաստան պետության ինքնիշխանության ձևաչափին։ Մայր օրենքում բովանդակված է հետևյալ կերպ․

Հայ ժողովուրդը, հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները, իրականացրած ինքնիշխան պետության վերականգնման իր ազատասեր նախնիների սուրբ պատգամը, նվիրված հայրենիքի հզորացմանը և բարգավաճմանը, ապահովելու համար սերունդների ազատությունը, ընդհանուր բարեկեցությունը, քաղաքացիական համերաշխությունը, հավաստելով հավատարմությունը համամարդկային արժեքներին, ընդունում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը։
- Հայաստանի Հանրապետության սահմանադրություն, «ներածություն»

Հայաստանի Հանրապետության օրենքներն ու հռչակագրերը խստորեն դատապարտում են երկրի ինքնիշխանության անքակտելի և անկասելի սկզբունքի դեմ ուղղված ցանկացած օրինազանց քայլ։ Ինքնիշխանություն, նշանակում է պետական իշխանության գերակայություն ու անկախություն և դրան համապատասխան պետական իշխանություն։ Մեկ այլ ձևակերպմամբ ինքնիշխան պետություն նշանակում է տվյալ պետության պետական իշխանության գերակայությունը երկրի ներսում և նրա անկախությունն արտաքին հարաբերությունների ոլորտում։ Այսինքն` պետության ողջ տարածքում պետական իշխանության լիիշխանություն, որը բացառում է ամեն մի օտարերկրյա իշխանություն, ինչպես և միջազգային հարաբերությունների ոլորտում՝ պետության չենթարկվելն օտարերկրյա պետությունների իշխանություններին։ Պետության ինքնիշխանությունը միշտ ամբողջական է և բացառիկ, այնքանով, որ եթե պետությունը չունի ինքնիշխանություն, ապա այդ պետությունը դադարում է որպես պետություն գոյություն ունենալուց։ Ինքնիշխանությունը պետական իշխանության կարևորագույն հատկությունն է և պետության որակական հատկանիշը, որը բնութագրում է պետության իրավաքաղաքական էությունը։

Ժողովրդավարական լինելու հանգամանքը պարզաբանված է «Սահմանադրական կարգի հիմունքները» գլխի երկրորդ հոդվածում, որը սահմանում է․ «Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով»։ Հանրապետական կառավարման համակարգն ինքնին նախատեսում է ժողովրդավարություն։ ՀՀ Սահմանադրությունը երաշխավորում է ժողովրդի կամքին բռնացող և բացարձակապետական քաղաքականություն վարող կառավարության պատժելիությունը։ ՀՀ մայր օրենք «Սահմանադրություն»-ը, օրենքներն ու իրավական ակտերը, կառավարական որոշումներն ու հռչակագրերը հիմնված են միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների վրա։ Սա ինքնին ժողովրդավարական և մարդասիրական պետության բնորոշում է։

Սոցիալականություն և իրավականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի Հանրապետության սոցիալական պետություն լինելու գլխավոր երաշխիքը բնակչության խավերի տարանջատելիությունն է, իսկ կարևորագույն նպատակը՝ հաստատել սոցիալական արդարությունը քաղաքացիների միջև և ապահովել սոցիալական պաշտպանվածությունը[3]։ Բնակչության ցանկացած խավի նկատմամբ պետությունը վարում է բացառիկ կենտրոնաձիգ քաղաքականություն, որն ուղղված է վերջիններիս բարեկեցությանը, իրավունքների և ազատությունների պաշտպանությանը։ Սոցիալական քաղաքականությունը չափազանց լայնածավալ և բազմաբովանդակ հասկացություն է։ Այն, մի կողմից՝ ընդգրկում է բազմաթիվ տնտեսական ցուցանիշներ, որոնք բնութագրում են երկրի սոցիալական վիճակը և օգտագործվում պետական շինարարության պրակտիկ գործունեության ընթացքում ու կիրառվում պաշտոնական փաստաթղթերում։ ՀՀ Սահմանադրության «մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներն ու ազատությունները» գլխի 15-րդ հոդվածը մասամբ հանդես է գալիս որպես առաջին հոդվածի երաշխավոր։

Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն անկախ սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից, ունեն Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված բոլոր իրավունքները, ազատությունները և պարտականությունները։
- «Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներն ու ազատությունները», ՀՀ Սահմանադրություն, հոդված 15»

Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է օրենքի գերակայությունը (սահմանված՝ հոդված 6)։ Օրենքները կոչված են երաշխավորելու մարդու և քաղաքացու անվտանգությունը, վերջիններիս զերծ պահելու ներքին և արտաքին սպառնալինքներից և ընդհանրական իմաստով՝ ապահովելու հասարակության կազմակերպման հիմնարար սկզբունքները։ ՀՀ իրավապահ մարմիններն են ոստիկանությունն ու դատական իշխանությունը։ Դատական մարմնի որոշումը առարկելի է միայն օրենսդրական հիմքերի դեպքում։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հ 282 Հայոց պատմություն։ Դասագիրք 8-րդ դասարանի համար / Ա.Մելքոնյան, Ա.Սիմոնյան, Ա.Նազարյան, Հ.Մուրադյան, Երևան։ Զանգակ հրատ., 2013». online.fliphtml5.com. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 23-ին.
  2. «Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն». www.arlis.am. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 23-ին.
  3. «Սոցիալական պետության ինստիտուտը, Հայաստանի Հանրապետության ձեռքբերումներն ու մարտահրավերները» (PDF). 2018 թ․ օգոստոսի 23. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ սեպտեմբերի 20-ին. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)