Սոցիալական քաղաքականություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Սոցիալական քաղաքականությունը չափազանց լայնածավալ և բազմաբովանդակ հասկացություն է: Այն, մի կողմից՝ ընդգրկում է բազմաթիվ տնտեսական ցուցանիշներ, որոնք բնութագրում են երկրի սոցիալական վիճակը և օգտագործվում պետական շինարարության պրակտիկ գործունեության ընթացքում ու կիրառվում պաշտոնական փաստաթղթերում: Իսկ մյուս կողմից՝ հատկապես վերջին շրջանում, սոցիալական քաղաքականությունը դարձել է հասարակական ոլորտի տարբեր մասնագետների ուսումնասիրման և գիտական քննարկումների առարկա՝ տալով սոցիալական քաղաքականության հասկացության և բովանդակության վերաբերյալ տարաբնույթ բնորոշումներ:

Սոցիալական քաղաքականությունը պետության ներքին քաղաքականության բաղկացուցիչ մաս է, որն արտահայտված է նրա սոցիալական ծրագրերում, պրակտիկայում և հասարակության մեջ հարաբերություններ է իրականացնում հօգուտ բնակչության հիմնական սոցիալական խմբերի: Այն ուղղված է սոցիալական հիմնախնդիրների լուծմանը: Սոցիալական քաղաքականության հասկացության վերաբերյալ բնորոշումները տրվում են ինչպես նեղ, այնպես էլ լայն առումով: Առաջինը վերաբերում է հասարակական կյանքի սոցիալական ոլորտի առանձին բնագավառներին՝ առողջապահությանը, գիտությանը, կրթությանը, մշակույթին և սպորտին, իսկ երկրորդը ՝ մարդու կենսագործունեության ապահովման ամբողջ համակարգին, նրա վերարտադրության ողջ գործընթացին: Այսպիսով ՝ ընդհանուր առմամբ սոցիալական քաղաքականությունն ունի ընդգրկուն ու լայն ոլորտ, առնչվում է հասարակության լայն խավերի շահերի հետ և կարևոր տեղ ունի ժամանակակից պետության գործունեության մեջ:

Սոցիալական քաղաքականությունն իրենից ներկայացնում է կառույցների, հասարակական կազմակերպությունների, պետական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև արտադրական կոլեկտիվների կողմից իրականացվող միջոցառումների համակարգ, որոնք ուղղված են հասարակական բարեկեցության բարձրացմանը, ժողովրդի կյանքի որակի բարելավմանը և սոցիալ-քաղաքական կայունությանը, հասարակության մեջ սոցիալական գործընկերության ապահովման հետ կապված սոցիալական նպատակներին և արդյունքներին հասնելուն:

Սոցիալական քաղաքականությունն իրենից ներկայացնում է կառույցների, հասարակական կազմակերպությունների, պետական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև արտադրական կոլեկտիվների կողմից իրականացվող միջոցառումների համակարգ, որոնք ուղղված են հասարակական բարեկեցության բարձրացմանը, ժողովրդի կյանքի որակի բարելավմանը և սոցիալ-քաղաքական կայունությանը, հասարակության մեջ սոցիալական գործընկերության ապահովման հետ կապված սոցիալական նպատակներին և արդյունքներին հասնելուն:

Սոցիալական քաղաքականությունը պետության, նրա իշխանական կառույցների և դրանց հետևում կանգնած քաղաքական ուժերի ներքին քաղաքականության բաղադրատարրերից է. քաղաքականություն ՝ ուղղված հասարակական կյանքի սոցիալական ոլորտին: Այսպիսով ՝ հասարակական կյանքի սոցիալական ոլորտը սոցիալական քաղաքականության օբյեկտն է: Սոցիալական ոլորտ ասելով ՝ պետք է հասկանալ տնտեսության ոչ արդյունաբերական ճյուղերի (կրթություն, առողջապահություն, սոցիալական ապահովություն և այլն) հաստատությունների համախումբը, որոնք այլ կերպ անվանվում են սոցիալական ենթակառույցներ: Այս ոլորտում հիմնականը մարդկանց և նրանց միավորումների միջև հարաբերությունների լայն շրջանակն է ՝ սոցիալական հարաբերությունները: 1. Սոցիալական քաղաքականությունը ենթադրում է այնպիսի գործունեություն, որն ուղղված է սոցիալական հիմնախնդիրների լուծմանը: Սոցիալական քաղաքականության շրջանակներում սոցիալական հիմնախնդիր ասելով ՝ պետք է հասկանալ որոշակի սոցիալական իրավիճակ, որը խոչընդոտում է մարդկանց, սոցիալական խմբերի պահանջմունքների բավարարման հնարավորություններին: Գոյություն ունեն այնպիսի սոցիալական հիմնախնդիրներ, ինչպիսիք են աղքատությունը, գործազրկությունը, կրթության, բժշկական ծառայությունների անմատչելիությունը և այլն: Այդ իսկ պատճառով սոցիալական քաղաքականությունը պետք է նպաստի առաջ եկող սոցիալական հիմնախնդիրների լուծման միջոցով հասարակության անդամների կենսապայմանների և ապրելակերպի օպտիմալ զարգացմանը և, ընդհանուր առմամբ, հասարակական համակարգի կայունության ապահովմանը: 1. Սոցիալական քաղաքականությունը ընկալվում է նաև որպես սոցիալական հիմնախնդիրների կոլեկտիվ լուծման ռազմավարություն: Նման մեկնաբանությունը ելնում է այն հանգամանքից, որ սոցիալական քաղաքականության թե ռազմավարությունը, թե դրա վրա ձևավորվող միջոցառումները, որպես կանոն իրագործվում են մի շարք սոցիալական սուբյեկտների ՝ օրենսդիրների, սոցիալական ծրագրեր իրականացնողների, հարկատուների, հենց սոցիալական ծառայությունների սպառողների, ֆինանսական կառույցների և այլ սուբյեկտների համաձայնեցված գործակցության միջոցով:

Սոցիալական քաղաքականության նպատակը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոցիալական քաղաքականության նպատակը՝

  1. Ապահովել երկրի բնակչության և հատկապես նրա առավել անապահով և անպաշտպան խմբերի և խավերի սոցիալական պաշտպանվածությունը, ստեղծել հասարակության բոլոր շերտերի ՝ էթնիկ խմբերի և տարբեր հայացքներ ունեցող խավերի միջև բարենպաստ մթնոլորտ և համաձայնություն:
  2. Բավարարել բնակչության անհրաժեշտ կենսական պահանջմունքները, բարձրացնել յուրաքանչյուր քաղաքացու կյանքի որակը, նրա ազատության աստիճանը, լիարժեք օգտագործել ինքնազարգացման համար ֆիզիկական, մտավոր և բարոյահոգեբանական ներուժը:
  3. Ստեղծել ինստիտուցիոնալ և սոցիալ-տնտեսական նախադրյալներ քաղաքացիների, զանազան հասարակական շերտերի և խմբերի կողմից՝ իրենց պահանջմունքներն ու շահերն իրացնելու, ակտիվություն դրսևորելու և անհատականությունը բացահայտելու համար:

Սոցիալական քաղաքականության խնդիրները[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոցիալական քաղաքականության խնդիրներն են `

  • Ստեղծել սոցիալական պաշտպանվածության ժողովրդավարական համակարգ:
  • Ապահովել բնակչության բնապահպանական անվտանգությունը, առողջությունը, սոցիալական ենթակառուցվածքների զարգացումը:
  • Կարգավորել բնակչության եկամուտները, հարկային և վարկային քաղաքականությունը:
  • Արդյունավետ զուգակցել երկրի, մարզային և տեղական կտրվածքով իրականացվող սոցիալական քաղաքականությունը:
  • Ապահովել բնակչության յուրաքանչյուր սոցիալական խմբի հեռանկարային կայուն զարգացումը:

Սոցիալական քաղաքականության նպատակային խմբերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոցիալական քաղաքականությունն իրենից ներկայացնում է սոցիալական հիմնախնդիրների լուծմանն ուղղված տարբեր սոցիալական ծրագրեր և միջոցառումներ, որոնք ուղղված են մարդկանց, նրանց միավորումներին: Կոնկրետ սոցիալական ծրագրերի և միջոցառումների իրականացման օբյեկտ են դառնում կոնկրետ մարդիկ, նրանց միավորումներ: Նրանք իրենցից ներկայացնում են սոցիալական քաղաքականության նպատակային խմբերը: Ավանդաբար առանձնացվում է երեք այդպիսի հիմնական նպատակային խումբ՝

Ողջ բնակչությունը. Այս տեսակետից սոցիալական քաղաքականությունը ենթադրում է մարդկանց կյանքի անվտանգության ապահովում, սպառողների շահերի պաշտպանություն, ազգի առողջության ամրապնդում, նրա հոգևոր զարգացման համար պայմանների ստեղծում:

Բնակչության առանձին խմբեր ու շերտեր, ինչպես, օրինակ, մտավորականությունը, զինծառայողները, կրթության, առողջապահության, մշակույթի և այլ ոլորտների աշխատողները: Այս առումով իրականացվու է բնակչության առանձին խմբերի ու շերտերի սոցիալական անհրաժեշտ պայմանների ապահովում և վերահսկում:

Բնակչության խոցելի խմբերը ՝ բազմազավակ ընտանիքներ, հաշմանդամներ, թոշակառուներ, գործազուրկներ, երեխաներ և այլն: Այս տեսանկյունից սոցիալական քաղաքականությունը իրականացնում է բնակչության խոցելի խմբերի անվտանգության ապահովում:

Սոցիալական քաղաքականության ռազմավարության ուղղությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոցիալական քաղաքականության ռազմավարության հիմնական ուղղություններն են ՝

  • բնակչության եկամուտների քաղաքականություն (կենսամակարդակ, սպառողական զամբյուղ, բարեկեցություն),
  • սոցիալական աջակցություն և բնակչության անաշխատունակ ու չքավոր շերտերի պաշտպանություն (կենսաթոշակային ապահովություն, սոցիալական սպասարկում, սոցիալական երաշխիքներ և այլն),
  • սոցիալական ոլորտի ճյուղերի զարգացման հիմնական ուղությունները (առողջապահության, կրթություն, գիտություն, մշակույթ, ֆիզիկական կուլտուրա և սպորտ),
  • սոցիալ-տնտեսական քաղաքականություն,
  • ժամանակակից սոցիալական ենթակառուցվածքների քաղաքականություն (բնակարան, տրանսպորտ, ճանապարհներ, կապ, առևտրական և կենցաղային սպասարկում),
  • գաղթի քաղաքականություն (հայրենակիցների իրավունքների և շահերի պաշտպանություն արտասահմանում, արտաքին աշխատանքային գաղթ),
  • քաղաքականություն բնակչության առանձին կատեգորիաների նկատմամբ (ընտանեկան, այդ թվում՝ երեխաների, հաշմանդամների, ծերերի, երիտասարդների, տարեցների նկատմամբ և այլն):

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Սոցիալական քաղաքականություն, Մոդելներ և լուծումներ, Ուղեցույց սոցիալական աշխատողների համար, Երևան-2003,
  2. Սեդրակ Պողոսյան, «Սոցիալական քաղաքականություն» դասընթացի տեսական հիմունքները, 2010 թ.
  3. А. Райкевич, Социальная политика, М.: Прогресс, 1977