Հայաստանի պետական պարգևներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայաստանի Հանրապետության պետական պարգևներ (այլ կիրառումներ)

Հայաստանի Հանրապետության պետական պարգևները պետական շինարարության, տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի, արվեստի բնագավառներում, առողջապահության, սպորտի զարգացման ոլորտներում, օրինականության ամրապնդման, հայրենիքի պաշտպանության և պետության անվտանգության ապահովման գործում նշանակալի ավանդի, բարեգործական ակտիվ գործունեության, ինչպես նաև ունեցած ակնառու այլ ծառայությունների համար խրախուսման բարձրագույն ձևն են։

Մինչև 2014 թ. օգոստոսի 9-ը կիրառված կարգավիճակի համաձայն, Հայաստանի Հանրապետությանը, հասարակայնությանը մատուցած ակնառու և բացառիկ ծառայությունները նշելու համար հիմնվում են պետական պարգևներ։

Կարգավորող օրենսդրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի պետական պարգևների և պատվավոր կոչումների հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Սահմանադրությամբ, «Պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքով և Հայաստանի Նախագահի հրամանագրով։

Հայաստանի պետական պարգևները հիմնվել են 1994 թ. ապրիլի 22-ին Հայաստանի Գերագույն խորհրդի կողմից ընդունված, նույն օրը Հայաստանի Նախագահի կողմից ստորագրված և մայիսի 8-ին ուժի մեջ մտած «Պետական պարգևների մասին» Հայաստանի օրենքով (ուժը կորցրել է 2014 թ. օգոստոսի 9-ին) և վերասահմանվել են 2014 թ. հունիսի 21-ին Հայաստանի Ազգային ժողովի կողմից ընդունված, հուլիսի 18-ին Հայաստանի Նախագահի կողմից ստորագրված և օգոստոսի 9-ին ուժի մեջ մտած «Պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի օրենքով[1]։

Հայաստանի պետական պարգևների հետ կապված իրավահարաբերությունները կարգավորվել են Հայաստանի Նախագահի 2014 թ. սեպտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների հետ կապված հարաբերությունները կարգավորելու մասին» թիվ ՆՀ-396-Ն հրամանագրով, որով սահմանվել են Հայաստանի Հանրապետության պետական պարգևներով պարգևատրելու միջնորդություն ներկայացնելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձանց ցանկը, Հայաստանի Հանրապետության պետական պարգևներով պարգևատրելու միջնորդությանը ներկայացվող պահանջները և միջնորդություն ներկայացնելու կարգը, Հայաստանի Հանրապետության պետական պարգևների նկարագրությունները և նմուշները, դրանց վկայականների նմուշները, շերտաձողիկների նկարագրությունները և նմուշները[2]։

Պարգևատրման ընթացակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն Հայաստանի Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետի, Հայաստանի պետական պարգևներով պարգևատրում է Հայաստանի Հանրապետության Նախագահը՝ հրապարակելով հրամանագրեր։

Հայաստանի պետական պարգևով պարգևատրման հարցը որոշվում է պարգևատրվող անձի մատուցած ծառայությունների բնույթին ու կարևորությանը համապատասխան։ Անկախ միջնորդությունում նշված պետական պարգևի տեսակից՝ պետական պարգևի տեսակը և նպատակահարմարությունը որոշում է Հայաստանի Նախագահը։

Նույն պետական պարգևով, ինչպես նաև նույն պետական պարգևի նույն աստիճանով միևնույն անձին մեկից ավելի պարգևատրում չի կատարվում։

Հայաստանի պետական պարգևներով պարգևատրումը կատարվում է նաև հետմահու։

Հայաստանի Հանրապետության Նախագահն իր պաշտոնավարման ընթացքում չի կարող պարգևատրվել Հայաստանի պետական պարգևներով[1]։

Նախկին օրենսդրությամբ Հայաստանի պետական պարգևի տեսակը որոշվում է պարգևատրվողի անձի ծառայությունների բնույթին ու կարևորությանը համապատասխան, իսկ Հայաստանի շքանշանների, մեդալների նկարագրությունները և նմուշները հաստատում է Հայաստանի կառավարությունը՝ ըստ իր կողմից անցկացված մրցույթի արդյունքների։

Պարգևատրման միջնորդություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1994-2014 թթ.[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախկին օրենսդրությամբ (մինչև 2014 թ. օգոստոսի 9-ը գործող) Հայաստանի Հանրապետության պետական պարգևներով պարգևատրման միջնորդությունը հարուցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության նախարարությունների և գերատեսչությունների կողմից։ Նշված մարմիններում միջնորդություն հարուցելու մասին ստացված առաջարկությունների քննարկման և ամփոփման կարգը սահմանում էր Հայաստանի Հանրապետության կառավարությունը։

Ներկայումս[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի Հանրապետության Նախագահը պարգևատրում է պետական պարգևներով նաև պետական պարգևներով պարգևատրելու վերաբերյալ պաշտոնատար անձանց միջնորդությունների հիման վրա։ Այլ կերպ ասած, 2014 թ. օգոստոսի 9-ից սկսած Հանրապետության Նախագահը կարող է պետական պարգևներով պարգևատրել ոչ միայն միջնորդության հիման վրա, այլև սեփական նախաձեռնությամբ։

Հայաստանի Հանրապետության պետական պարգևներով պարգևատրելու միջնորդությանը ներկայացվող պահանջները և միջնորդությունը ներկայացնելու կարգը, պետական պարգևներով պարգևատրելու և պատվավոր կոչումներ շնորհելու միջնորդություն ներկայացնելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձանց ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը[1]։

Միջնորդության ներկայացման ընթացակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի Հանրապետության պետական պարգևներով պարգևատրելու միջնորդությունները ներկայացվում են Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ դրա իրավասությունն ունեցող պաշտոնատար անձանց կողմից։ Դրա իրավասությունը չունեցող պաշտոնատար կամ այլ անձանց կողմից՝ պարգևատրելու շնորհելու առաջարկություն ներկայացվելու դեպքում Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմը կարող է կարծիք ստանալու նպատակով առաջարկությունը 5-օրյա ժամկետում ուղարկել համապատասխան պետական մարմնին կամ մարմիններին։

Տոնի կամ այլ հատուկ օրվա հետ կապված միջնորդությունները ներկայացվում են տվյալ օրվանից առնվազն 1 ամիս առաջ։

Միջնորդության մեջ նշված անձը կամ կոլեկտիվը չի տեղեկացվում միջնորդության մասին։

Միջնորդությունը ներկայացվում է գրավոր և ներառում է՝

  1. պարգևատրելու շնորհելու հիմնավորումը,
  2. պարգևատրելու ներկայացված անձի անունը, ազգանունը և հայրանունը,
  3. պարգևատրելու ներկայացված անձի զբաղեցրած պաշտոնը, գործունեության բնույթը,
  4. պարգևի տեսակը։

Միջնորդությանը կցվում են՝

  1. պարգևատրելու ներկայացված անձի անհատական թերթիկը,
  2. պարգևատրելու ներկայացված անձի բնութագիրը, որտեղ նշվում են այդ անձի կողմից մատուցված ծառայությունները,
  3. պարգևատրման ներկայացված անձի կենսագրությունը,
  4. պարգևատրման ներկայացված անձի անձնագրի, քաղաքացիությունը հաստատող փաստաթղթի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի պատճենը։

Անկախ միջնորդությունում նշված պետական պարգևի տեսակից՝ պարգևատրելու հարցը, ինչպես նաև պետական պարգևի տեuակը որոշում է Հայաստանի Հանրապետության Նախագահը։

Գիտության, տնտեսության, կրթության, առողջապահության, մշակույթի բնագավառների և այլ կոլեկտիվների, ինչպես նաև զորամասերի պարգևատրման շնորհելու միջնորդությունը ներառում է՝

  1. պարգևատրման հիմնավորումը,
  2. պարգևատրվող կոլեկտիվի անվանումը կամ զորամասի անվանումը կամ թիվը,
  3. պարգևի տեսակը։

Գիտության, տնտեսության, կրթության, առողջապահության, մշակույթի բնագավառների և այլ կոլեկտիվների, ինչպես նաև զորամասերի պարգևատրման միջնորդությանը կից ներկայացվում են՝

  1. պարգևատրվող կոլեկտիվի կամ զորամասի թերթիկը,
  2. պարգևատրման ներկայացված կոլեկտիվի կամ զորամասի գործունեությունը և պատմությունը, որտեղ պետք է նշվեն Հայաստանի Հանրապետությանը և հասարակությանը մատուցված ծառայությունները[3]։

Պետական պարգևների հանձնման կարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

1994-2014 թթ.[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախկին օրենսդրությամբ Հայաստանի Հանրապետության պետական պարգևները հանձնում էին Հայաստանի Հանրապետության նախագահը կամ նրա հանձնարարությամբ՝ Հայաստանի Հանրապետության վարչապետը, նախարարները և գերատեսչությունների ղեկավարները։ Զինծառայողներին Հայաստանի Հանրապետության պետական պարգևները, որպես կանոն, հանձնվում են զորամասերում։ Պարգևատրված անձին Հայաստանի Հանրապետության պետական պարգևի հետ միասին հանձնվում է համապատասխան վկայական։ Պետական պարգևների վկայականների նմուշները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, իսկ հետմահու պարգևատրման դեպքում պետական պարգևը վկայականի հետ միասին հանձնվում է պարգևատրվածի ընտանիքին։

Ներկայումս[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի Հանրապետության պետական պարգևները և պատվավոր կոչումները հանձնում է Հայաստանի Հանրապետության Նախագահը կամ նրա լիազորած անձը։

Զինծառայողներին Հայաստանի Հանրապետության պետական պարգևները կարող են հանձնվել զորամասում կամ ծառայության այլ վայրում։

Պարգևատրված անձին Հայաստանի Հանրապետության պետական պարգևի հետ հանձնվում են նաև համապատասխան շերտաձողիկ և վկայական։

Պետական պարգևների նկարագրությունները և նմուշները, դրանց վկայականների նմուշները, պետական պարգևների շերտաձողիկների նկարագրությունները և նմուշները հաստատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը։

Հետմահու պարգևատրման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական պարգևը շերտաձողիկի և վկայականի հետ հանձնվում է պարգևատրվածի ընտանիքին[1]։

Պետական պարգևների բացառիկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինները, պաշտոնատար և ֆիզիկական անձինք, ստեղծագործական միությունները, գիտական ընկերությունները, հասարակական և այլ կազմակերպությունները չեն կարող հիմնել շքանշաններ, իսկ նրանց հիմնած մեդալների կամ կրծքանշանների նմուշները չպետք է շփոթության աստիճանի նման լինեն Հայաստանի Հանրապետության շքանշաններին, մեդալներին և պատվավոր կոչման կրծքանշաններին։ Նշված մարմինների և կազմակերպությունների հիմնած մեդալների անվանումների մեջ պետք է նշվի համապատասխան մարմնի կամ կազմակերպության անվանումը։

Պարգևատրվածների իրավունքներ և պարտականություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի Հանրապետության պետական պարգևների արժանացած անձինք ունեն շքանշանները, մեդալները կամ կրծքանշանները մշտապես կրելու իրավունք և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և դեպքերում օգտվում են արտոնություններից։

Պետական պարգևներով պարգևատրված անձինք պարտավոր են խնամքով պահպանել Հայաստանի Հանրապետության շքանշանները, մեդալները։

Պետական պարգևներով պարգևատրված անձինք Հայաստանի Հանրապետության պետական պարգևից կարող են զրկվել միայն դատական կարգով։

Պետական պարգևներով պարգևատրված անձի մահվան դեպքում շքանշանները, մեդալները և դրանց վկայականները կարող են որպես հիշատակ պահվել նրա ժառանգների մոտ կամ վերջիններիս համաձայնությամբ հանձնվել թանգարաններին։

Շքանշանները, մեդալները թանգարաններին են հանձնվում Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի գիտությամբ։ Թանգարանները պատշաճ պայմաններ են ստեղծում Հայաստանի Հանրապետության և ԽՍՀՄ շքանշանների, մեդալների և կրծքանշանների պահպանման համար։

Եթե պետական պարգևներով պարգևատրված անձը չունի ժառանգներ, ապա նրա մահվանից հետո շքանշանները, մեդալները և դրանց վկայականները վերադարձվում են Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ։

Հայաստանի Հանրապետության շքանշանները, մեդալները և դրանց վկայականները կորցնելու դեպքում պետական պարգևներով պարգևատրված անձինք պահպանում են իրենց իրավունքները։

Հայաստանի Հանրապետության շքանշանների, մեդալների և դրանց կրկնօրինակների կորստի դեպքում կրկնօրինակներ չեն տրվում, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք կորել կամ ոչնչացել են մարտական պայմաններում, արտակարգ իրավիճակների հետևանքով կամ այլ հանգամանքներում, երբ շքանշանները, մեդալները պահպանելու համար անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու հնարավորություն չի եղել։ Այդ դեպքում պարգևատրվածը դրանց կրկնօրինակներ ստանալու համար գրավոր դիմում է ներկայացվում պարգևատրման կամ շնորհման միջնորդություն ներկայացրած մարմին, իսկ եթե պարգևատրումը կամ շնորհումը կատարվել է առանց միջնորդության՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ։ Միջնորդություն ներկայացրած մարմինը շքանշանի, մեդալի կորստի մասին դիմումն ուսումնասիրելուց հետո՝ 5-օրյա ժամկետում, համապատասխան փաստաթղթերը տեղեկանքի հետ ներկայացնում է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ։ Կորած շքանշանների, մեդալների և դրանց վկայականների կրկնօրինակները պետական պարգևներով պարգևատրված անձանց հանձնում է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարը։

Պետական պարգևներով պարգևատրված Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք Հայաստանի Հանրապետությունից մեկնելիս իրավունք ունեն դուրս տանելու Հայաստանի Հանրապետության շքանշանները, մեդալները՝ դրանց վկայականների առկայության դեպքում։

Արգելքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արգելվում է Հայաստանի Հանրապետության շքանշան, մեդալ կամ դրանց շերտաձողիկները դրա իրավունքը չունեցող անձի կողմից կրելը, գնելը, վաճառելը, պատրաստելը, փոխանակելը կամ այլ կերպ իրացնելը։

Արգելվում է այնպիսի նշաններ, հուշադրամներ, հուշամեդալներ կրելը, գնելը, վաճառելը, պատրաստելը, փոխանակելը կամ այլ կերպ իրացնելը, որոնք շփոթության աստիճանի նման են Հայաստանի Հանրապետության շքանշաններին, մեդալներին։

Նշված ապօրինի գործողություններն առաջացնում են Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված վարչական պատասխանատվություն։

Իրավահաջորդություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին նախկինում շնորհված ԽՍՀՄ և ՀԽՍՀ պետական պարգևները պահպանում են իրենց ուժը։

ԽՍՀՄ և ՀԽՍՀ պետական պարգևների արժանացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն օգտվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված արտոնություններից։

Պետական պարգևների տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար օրենքներով սահմանված են հետևյալ պետական պարգևները.

Պետական պարգևների ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի Հանրապետության շքանշաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի Հանրապետության մեդալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի Առաջին Հանրապետության պետական պարգևները

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]