«Աշխատանքային վաստակի համար» մեդալ
«Աշխատանքային վաստակի համար» մեդալ | |||
---|---|---|---|
| |||
Երկիր | Հայաստան | ||
Տեսակ | մեդալ | ||
Վիճակագրություն | |||
Հիմնադրման ամսաթիվ | հունիսի 21, 2014 | ||
Հերթականություն | |||
Ավագ պարգև | Երախտագիտության մեդալ | ||
Կրտսեր պարգև | Ծնողական փառքի մեդալ |
«Աշխատանքային վաստակի համար» մեդալ, Հայաստանի Հանրապետության պետական պարգև։ Հիմնադրվել է 2014 թ. հունիսի 21-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված, 2014 թ. հուլիսի 18-ին ՀՀ Նախագահի կողմից ստորագրված և 2014 թ. օգոստոսի 9-ին ուժի մեջ մտած «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքով։
Մեդալի կարգավիճակը
[խմբագրել | խմբագրել կոդը]«Աշխատանքային վաստակի համար» մեդալը շնորհվում է արդյունաբերության, գյուղատնտեսության, շինարարության, տրանսպորտի, շրջակա միջավայրի պահպանության և աշխատանքային գործունեության այլ ոլորտներում ունեցած նշանակալի ձեռքբերումների, ինչպես նաև երկարամյա անձնվեր և արդյունավետ աշխատանքի համար[1]։
Համաձայն ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետի՝ մեդալով պարգևատրում է Հայաստանի Հանրապետության Նախագահը։ Պարգևատրման վերաբերյալ Նախագահը հրապարակում է հրամանագիր։
Մեդալով պարգևատրվողները
[խմբագրել | խմբագրել կոդը]«Աշխատանքային վաստակի համար» մեդալով պարգևատրվում են արդյունաբերության, գյուղատնտեսության, շինարարության, տրանսպորտի, շրջակա միջավայրի պահպանության և այլ բնագավառների գործիչները[1]։
Պարգևատրման միջնորդությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Հանրապետության Նախագահը մեդալով կարող է պարգևատրել ինչպես անձնական նախաձեռնությամբ, այնպես էլ պարգևատրման վերաբերյալ պաշտոնատար անձանց միջնորդությունների հիման վրա։ Հայաստանի Հանրապետության Նախագահի 2014 թ. սեպտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների հետ կապված հարաբերությունները կարգավորելու մասին» թիվ ՆՀ-396-Ն հրամանագրով սահմանվել է, որ «Աշխատանքային վաստակի համար» մեդալով պարգևատրելու միջնորդությունները ներկայացնում են Հայաստանի Հանրապետության վարչապետը, Հայաստանի Հանրապետության պետական մարմինների ղեկավարները, Երևանի քաղաքապետը՝ տվյալ մարմինների և Երևանի քաղաքապետարանի գործունեության ոլորտին առնչության դեպքում։ Տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարները «Աշխատանքային վաստակի համար» մեդալով պարգևատրելու միջնորդությունները ներկայացնում են համապատասխան միջնորդություն ներկայացնելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձանց միջոցով[2]։
Կրելու կարգը
[խմբագրել | խմբագրել կոդը]«Աշխատանքային վաստակի համար» մեդալը կրում են կրծքի ձախ կողմում՝ ըստ հերթականության, Հայրենիքի շքանշանից, «Մարտական խաչ» շքանշանից, Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանից, Արիության մեդալից, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալից, Մարտական ծառայության մեդալից, Մխիթար Գոշի մեդալից, Մխիթար Հերացու մեդալից, Անանիա Շիրակացու մեդալից, Մովսես Խորենացու մեդալից, «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալից և Երախտագիտության մեդալից հետո և Ծնողական փառքի մեդալից առաջ։
Մեդալի նկարագրությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեդալի նկարագրությունը և նմուշը, դրա վկայականի նմուշը, մեդալի շերտաձողիկի նկարագրությունը և նմուշը հաստատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը։
«Աշխատանքային վաստակի համար» մեդալը բաղկացած է 2 մաuից՝ կախիչից և դրան կապoղակով ամրացված uկավառակից։ Սկավառակի տրամագիծը 35 մմ է, կենտրոնում՝ երկրագունդը խորհրդանշող շրջանաձև ֆոնին աշխատանքային ոլորտներ բնորոշող պատկերներ են՝ վերամբարձ կռունկ, ատոմակայան և գնացք։ Դրանց շուրջը՝ սկավառակի արտաքին տրամագծին զուգահեռ, պատկերված են ցորենի հասկեր, վերևում կա մակագրություն՝«ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՎԱՍՏԱԿԻ ՀԱՄԱՐ»։
Սկավառակը պատրաստված է պղնձի հատուկ համաձուլվածքից և արտադրված է դրոշմման եղանակով։ Այն անցնում է հատուկ մշակում և պատված է 99.9 հարգի ոսկով։
Կախիչը պատրաստված է թեթև մետաղից և ունի հնգակողմ բազմանկյան ձև, որը պաստառապատված է 24 մմ լայնության բաց կապույտ մետաքսե ժապավենով։ Ժապավենի մի ծայրում՝ վերից վար անցնում է ոսկեգույն 2 շերտագիծ։ Կախիչի աջ և ձախ կողմերի բարձրությունը 39 մմ է։ Կախիչի վերևի մասի երկարությունը 27 մմ է, ներքևինը՝ 47 մմ, հաստությունը՝ 1 մմ։ Կախիչի վերևի մասի երկարությունը կենտրոնից մինչև ներքևի գագաթը 50 մմ է։
Մեդալը դարձերեսի կողմից համարակալված է։
Մեդալի շերտաձողիկը պատրաստված է մետաղյա թերթիկից, որի չափերն են՝ 25 մմ x 10 մմ։ Շերտաձողիկի ժապավենը կրում է մեդալի ժապավենի գունային նկարագիրը[3]։
Պարգևատրման վիճակագրությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թ. սեպտեմբերի 16-ի դրությամբ մեդալով պարգևատրվել է 26 անձ։
Բոլոր 26 պարգևատրվածները ՀՀ քաղաքացիներ են։
26 պարգևատրվածներից 20-ը տղամարդ են, 6-ը՝ կին։
Ըստ տարեթվերի պարգևատրվել են.
- 2014 թ. - 9։
- 2015 թ. - 17։
Երախտագիտության մեդալակիրները
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմնական հոդված՝ «Աշխատանքային վաստակի համար» մեդալակիրների ցանկ
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանի Հանրապետության մեդալներ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐԻ ԵՎ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
- ↑ ՑԱՆԿ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ԵՎ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ
- ↑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՆՄՈՒՇՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ, ՇԵՐՏԱՁՈՂԻԿՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՆՄՈՒՇՆԵՐԸ