Երախտագիտության մեդալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Երախտագիտության մեդալի ժապավեն
Երախտագիտության մեդալի վկայական

Երախտագիտության մեդալ՝ Հայաստանի Հանրապետության պետական պարգև։ Հիմնադրվել է 2014 թ. հունիսի 21-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված, 2014 թ. հուլիսի 18-ին ՀՀ Նախագահի կողմից ստորագրված և 2014 թ. օգոստոսի 9-ին ուժի մեջ մտած «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքով։

Մեդալի կարգավիճակը[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թ. ընդունված օրենքի համաձայն, Երախտագիտության մեդալը շնորհվում է պետական, տնտեսական, սոցիալական, գիտատեխնիկական, հասարակական գործունեության, առողջապահության, կրթության, մշակույթի բնագավառների զարգացման գործում ներդրած անձնական մեծ ավանդի, բազմամյա նվիրումի և արգասաբեր աշխատանքի համար[1]։

2015 թ. ապրիլի 7-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընդունվել, ապրիլի 22-ին Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից ստորագրվել և մայիսի 7-ին ուժի մեջ է մտել «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը[2]։ Ըստ այդմ, Երախտագիտության մեդալը շնորհվում է նաև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում ակնառու ծառայություններ մատուցելու համար։

Համաձայն Հայաստանի Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետի՝ մեդալով պարգևատրում է Հայաստանի Հանրապետության Նախագահը։ Պարգևատրման վերաբերյալ Նախագահը հրապարակում է հրամանագիր։

Մեդալով պարգևատրվողները[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թ. ընդունված և ուժի մեջ մտած օրենքի համաձայն, Երախտագիտության մեդալով պարգևատրվում են պետական, հասարակական գործիչները, տնտեսության, կրթության, գիտության, մշակույթի և այլ բնագավառների գործիչները[1]։

2015 թ. ապրիլի 7-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընդունվել, ապրիլի 22-ին Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից ստորագրվել և մայիսի 7-ին ուժի մեջ է մտել «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը[2]։ Ըստ այդմ, Երախտագիտության մեդալով պարգևատրվում են նաև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում ակնառու ծառայություններ մատուցած անձինք։

Պարգևատրման միջնորդությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանրապետության Նախագահը մեդալով կարող է պարգևատրել ինչպես անձնական նախաձեռնությամբ, այնպես էլ պարգևատրման վերաբերյալ պաշտոնատար անձանց միջնորդությունների հիման վրա։ Հայաստանի Հանրապետության Նախագահի 2014 թ. սեպտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների հետ կապված հարաբերությունները կարգավորելու մասին» թիվ ՆՀ-396-Ն հրամանագրով սահմանվել է, որ Երախտագիտության մեդալով պարգևատրելու միջնորդությունները ներկայացնում են Հայաստանի Հանրապետության վարչապետը, Հայաստանի Հանրապետության պետական մարմինների ղեկավարները, Երևանի քաղաքապետը՝ տվյալ մարմինների և Երևանի քաղաքապետարանի գործունեության ոլորտին առնչության դեպքում։ Տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարները Երախտագիտության մեդալով պարգևատրելու միջնորդությունները ներկայացնում են համապատասխան միջնորդություն ներկայացնելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձանց միջոցով[3]։

Կրելու կարգը[խմբագրել | խմբագրել կոդը]

Երախտագիտության մեդալը կրում են կրծքի ձախ կողմում՝ ըստ հերթականության, Հայրենիքի շքանշանից, «Մարտական խաչ» շքանշանից, Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանից, Արիության մեդալից, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալից, Մարտական ծառայության մեդալից, Մխիթար Գոշի մեդալից, Մխիթար Հերացու մեդալից, Անանիա Շիրակացու մեդալից, Մովսես Խորենացու մեդալից և «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալից հետո, «Աշխատանքային վաստակի համար» մեդալից և Ծնողական փառքի մեդալից առաջ։

Մեդալի նկարագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեդալի նկարագրությունը և նմուշը, դրա վկայականի նմուշը, մեդալի շերտաձողիկի նկարագրությունը և նմուշը հաստատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը։

Երախտագիտության մեդալը բաղկացած է 2 մաuից՝ կախիչից և դրան կապoղակով ամրացված uկավառակից։ Սկավառակի տրամագիծը 35 մմ է, կենտրոնում՝ փայլեցված ֆոնին, հավերժությունը խորհրդանշող պատկեր է։ Սկավառակի արտաքին տրամագծին զուգահեռ պատկերված է ցորենի հասկ, վերևում կա կորաձև մակագրություն՝ «ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ»:

Սկավառակը պատրաստված է պղնձի հատուկ համաձուլվածքից և արտադրված է դրոշմման եղանակով։ Այն անցնում է հատուկ մշակում և պատված է 99.9 հարգի ոսկով։

Կախիչը պատրաստված է թեթև մետաղից և ունի հնգակողմ բազմանկյան ձև, որը պաստառապատված է 24 մմ լայնության ոսկեգույն՝ ծայրային մասերում շագանակագույն զոլակներով մետաքսե ժապավենով։ Ժապավենի մի ծայրում՝ վերից վար, անցնում է 3 կարմիր շերտագիծ։ Կախիչի աջ և ձախ կողմերի բարձրությունը 39 մմ է։ Կախիչի վերևի մասի երկարությունը 27 մմ է, ներքևինը՝ 47 մմ, հաստությունը՝ 1 մմ։ Կախիչի վերևի մասի երկարությունը կենտրոնից մինչև ներքևի գագաթը 50 մմ է։

Մեդալը դարձերեսի կողմից համարակալված է։

Մեդալի շերտաձողիկը պատրաստված է մետաղյա թերթիկից, որի չափերն են՝ 25 մմ x 10 մմ։ Շերտաձողիկի ժապավենը կրում է մեդալի ժապավենային գունային նկարագիրը[4]։

Պարգևատրման վիճակագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թ. փետրվարի 23-ի դրությամբ մեդալով պարգևատրվել է 111 անձ։

111 պարգևատրվածներից 74-ը Հայաստան Հայաստանի, 37-ը՝ օտարերկրյա քաղաքացիներ են։ 37 օտարերկրյա քաղաքացիներից 12-ը՝ Ռուսաստան Ռուսաստանի Դաշնության, 7-ը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ, 4-ը՝ Լիբանան Լիբանանի, 3-ը՝ Թուրքիա Թուրքիայի, 2-ական՝ Եգիպտոս Եգիպտոսի, Իրան Իրանի և Մեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիայի, 1-ական՝ Բուլղարիա Բուլղարիայի, Կանադա Կանադայի, , Ռումինիա Ռումինիայի, Սիրիա Սիրիայի և Ֆրանսիա Ֆրանսիայի քաղաքացիներ են։

111 պարգևատրվածներից 97-ը տղամարդ են, 14-ը՝ կին։

Ըստ պարգևատրվածների կարգավիճակի պատկերը հետևյալն է.

  • Արվեստի, գրականության և մշակույթի գործիչներ - 13,
  • Տնտեսության աշխատողներ - 15,
  • Ճարտարապետներ - 1,
  • Լրագրողներ և լրատվամիջոցների աշխատակիցներ - 6,
  • Բուժաշխատողներ - 1,
  • Մարզիկներ և մարզական գործիչներ - 15,
  • Պետական գործիչներ և պաշտոնյաներ - 9,
  • ՀՀ Զինված ուժերի զինծառայողներ - 5,
  • Ոստիկանության ծառայողներ - 2,
  • Հասարակական գործիչներ - 5,
  • Սփյուռքի գործիչներ - 11,
  • Բարերարներ - 3,
  • Համայնքային ծառայողներ - 1,
  • Կրթության ոլորտի գործիչներ - 2,
  • Գործարարներ - 17,
  • Օտարերկրյա ռազմական գործիչներ - 3,
  • Գիտնականներ - 1,
  • Օտարերկրյա պետական գործիչներ - 1։

Ըստ տարեթվերի պարգևատրվել են.

  • 2014 թ. - 27,
  • 2015 թ. - 76,
  • 2016 թ. փետրվարի 23-ի դրությամբ - 8 անձ։

Երախտագիտության մեդալակիրները[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական հոդված՝ Երախտագիտության մեդալակիրների ցանկ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղում[խմբագրել | խմբագրել կոդը]