Հայաստանի Հանրապետության պետական պարգևներ (1918-1920)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայաստանի Հանրապետության պետական պարգևներ (այլ կիրառումներ)

Հայաստանի Առաջին Հանրապետության պետական պարգևները - Հայաստանի Առաջին Հանրապետության՝ տարբեր ոլորտներում նշանակալի ներդրում ունեցած անձանց խրախուսման բարձրագույն ձևը։

Ըստ համապատասխան թույլատվության՝ ռազմական գործիչներին թույլատրվում էր կրել մինչ այդ ռուսական կայսերական շքանշանները՝ նոր հայկական շքանշանների կողքին։

Հայրենիքին արած ծառայությունների համար շքանշան[խմբագրել | խմբագրել կոդը]

1919 թ-ի մայիսի 26-ին Ալեքսանդր Խատիսյանի կառավարությունը ընդունել է առաջին հայկական պարգևի սահմանման մասին որոշում, որի անվանումն էր «Հայրենիքին արած ծառայությունների համար»։ Համաձայն որոշման շքանշանի ստեղծման համար նախատեսվել է 20 հազար ռուբլի։

Վարդան Զորավար շքանշան[խմբագրել | խմբագրել կոդը]

1920 թ-ի հունիսի 7-ին ՀՀ ռազմական նախարար Ռուբեն Տեր-Մինասյանը, նախարարի տեղակալ Հովհաննես Հախվերդյանը ու ռազմական նախարարության գլխավոր շտաբի պետ Բոգդան Բաղդասարյանը ներկայացրել են Համո Օհանջանյանի կառավարությանը «Վարդան Զորավար» ու «Տրդատ Մեծ» պարգևների սահմանման մասին առաջարկ։ Հուլիսի 2-ին կառավարությունը հաստատել է «Վարդան զորավար» շքանշան սահմանելու մասին որոշումը, չհաստատելով «Տրդատ Մեծ» շքանշանը։ Զեկույցում ներկայացված են եղել Հակոբ Կոջոյանի կողմից պատրաստված էսկիզները։ Ընդունող հանձնաժողովի նախագահողն էր Ալեքսանդր Թամանյանը։ Շքանշանների էսկիզները չեն պահպանվել։

1920 թ-ի հոկտեմբերի 15-ին գլխավոր շտաբի պետ Բոգդան Բաղդասարյանը պաշտոնական նամակով դիմում է ներկայացրել ՀՀ Արտաքին գործերի նախարարին առ այն, որ շքանշանները դեռևս պատրաստ չեն, սակայն թույլատրվում է շքանշանակիրներին տրամամդրել հատուկ ժետոններ՝ պետական զինանշանի պատկերով։

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ շքանշան[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ շքանշանը սահմանվել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գևորգ Ե Սուրենյանցի կողմից։ Շքանշանի վրա նշված է 1911։ Ըստ «Քրիստոնեա Հայաստան» հանրագիտարանի շքանշանի սահմանման տարեթիվը հենց 1911-ն է, սակայն որևէ ակնարկ պարգևի մասին չկա մինչև 1919 թ-ի հոկտեմբերի 1ը, երբ կաթողիկոսը շնորհում է այն Հայաստանում Ֆրանսիայի ռազմական ներկայացուցիչ Անտուան Մարի Ժոզեֆ Պուադըբարին։ Նույն պարգևը շնորհվում է նաև Մեծ Բրիտանիայի Անդրկովկասում կոմիսարի հայաստանյան ներկայացուցիչ կապիտան Գ. Ֆ. Գրիսին 1920 թ-ի հունվարի 24-ին։

1920 թ-ի մարտին Խորեն եպիսկոպոս Մուրադբեկյանը մեկնում է Լոնդոն ու այցելության ընթացքում տեղի առաջնորդ Աբել վարդապետ Նազարյանի հետ որոշում են շքանշանի կարգերը ու տեսակները՝ շնորհելով նրան երկու տեսակ ու երեք կարգ։ Այդ ժամանակ Լոնդոնում էր նաև Արշակ Ֆետվաճյանը, ով հնարավոր է մասնակցել է շքանշանի ձևավորման աշխատանքներին։

1920 թ-ի հոկտեմբերի 14-ին շքանշանը շնորհվում է ամերիկաբնակ հայ դոկտեր Փառնակ Ադամյանին, 1921 օգոստոսի 1-ին՝ Գալուստ Գյուլբենկյանին, օգոստոսի 7-ին՝ Գրիգոր քահանա Մանդակունիին ու Հանրապետական շաթիր Երվանդ Այվազյանին, սեպտեմբերի 9-ին՝ Զորավար Անդրանիկին ու 1919-ին նրա ղեկավարած «Հայ կարոտյալների օգնության Մանչեսթերի հանձնաժողով»-ի 7 անդամների, Պողոս Նուբարին, Գաբրիել Նորատունկյանին։

Շքանշանները պատրաստվել են Լոնդոնում տեղի առաջնորդի հսկողության ներքո ու տեղափոխվել են Հայաստան հավանաբար 1921 թ-ի կեսերին։

  • 33 հատ աշխարհական արծաթ, Գ աստիճան
  • 19 հատ հոգևորական արծաթ, Գ աստիճան
  • 10 հատ աշխարհական ոսկի, Բ աստիճան
  • 19 հատ հոգևորական ոսկի, Բ աստիճան
  • 4 հատ աշխարհական ոսկի քարերով, Ա աստիճան
  • 5 հատ հոգևորական ոսկի քարերով, Ա աստիճան

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայաստանի պարգևները (1918-1939) - Երևան, «Կոլլաժ» ՍՊԸ, 2011 թ.,160էջ - ISBN 978-9939-9025-2-4