Արդարություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արդարության արձանը

Արդարություն, հասարակագիտական կատեգորիա։ Բնորոշում է երևույթների այնպիսի վիճակ, որը համարվում է պատշաճ և համապատասխանում մարդու, մարդկային հանրության գոյության ու բնականոն զարգացման պահանջներին։ Արդարությունը ենթադրում է բարու և չարի այնպիսի առնչություն, որի հիմքում ընկած է հասարակության շահը և որը ճիշտ է, պատշաճ, բանական, բնականոն, բարոյական, գեղեցիկ։ Արդարությունը պահանջում է ներդաշնակություն ու համապատասխանություն տարբեր անհատների (դասակարգերի) իրավունքի և պարտականության, աշխատանքի և վարձատրման, հանցանքի և պատժի, ծառայության և հասարակական պարտքի միջև։ Այդ հարաբերությունների անհամապատասխանությունը գնահատվում է որպես անարդարություն։ Արդարության ելակետը, դրդապատճառը և նպատակը մարդն է։ Արդարությունը բացարձակ չէ, այն ունի կոնկրետ պատմական որոշակիություն և հասարակության զարգացման համեմատ հարաբերականորեն փոխվում Է։ Դասակարգային հասարակության մեջ արդարությունը կրում է դասակարգային բնույթ։ Արդարության տնտեսական հիմքը արտադրության միջոցների նկատմամբ մարդկանց ունեցած վերաբերմունքն է։

Արդարության գաղափարը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդիկ միշտ ձգտել են հավասարության և արդարության, քանի որ դրանց ապահովումը լավ հասարակություն կառուցելու նախապայմանն է։ Արդարության գաղափարը եղել է բոլոր հասարակություններում։ Տարբեր ժամանակներում իշխանության ներկայացուցիչներն էլ դա հիմնական նպատակ են համարել կամ գոնե ի լուր աշխարհի հայտարարել են այդ մասին։ Արդարության գաղափարի հիմքում ընկած է արդարացի, անաչառ լինելը։ Մասնագետների կարծիքով յուրաքանչյուրը, այդ թվում՝ փոքր երեխան, ունի արդարության բնածին զգացողություն, պահանջարկ։ Երբ փոքր երեխան վրդովված ճչում է, նա որոշակի «անարդարության» մասին է հայտնում։ Հին Հունական իմաստասերներն արդարության գաղափարը դիտարկել են ազնվության և հավասարության գաղափարների հետ միասին։ Նրանք արդարությունը նույնացրել են ճշմարտացիության, ներդաշնակության և առաքինության հետ։ Քաղաքացուց ակնկալվել է, որ իր գործողությունների կամ հասարակական տարբեր խնդիրների քննարկման ու լուծման ժամանակ նա միշտ մտածի ներդաշնակ պայմանների, արդար և առաքինի գործողությունների մասին։

Առանձնահատկությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Արդարության գաղափարի կարևորագույն առանձնահատկություններից է «մեկ արշինով չափելը», այսինքն՝ մարդկանց, նրանց արածը միևնույն չափանիշով գնահատելը, տարբերություն չդնելը։ Դատավորն ունի մեկ կշեռք, որով կշռում է հարուստին և աղքատին, մեծին և փոքրին։ Նրա դատավճիռը պայմանավորված է ոչ թե անհատով, այլ գործի հանգամանքներով։ Այսինքն՝ մարդուն գնահատելու, դատելու համար դիտարկում ենք նրա վարքագիծը, նրա կատարած գործողությունը և դրա արդյունքը, ոչ թե այդ մարդուն՝ ըստ իր հատկանիշների(սեռ, տարիք, հասարակական պատկանելություն և այլ)։

Արդարացի հասկացությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Արդարության արձան

Մի շարք հանգամանքներում արդարացի են համարվում հասարակության մեջ ընդունված որոշ կանոններ։ Դրանցից է «առաջինը` առաջինին» սկզբունքը, երբ առաջինը հասնողին ավելի շուտ է բաժին ընկնում այն, ինչի համար մարդիկ հավաքվել են։

Արդարացի է, որ սոցիալական աջակցություն ցուցաբերվի խոցելի խմբերին՝ անապահով մարդկանց, ընտանիքներին, հաշմանդամներին։ Պետությունը նրանց վճարում է կատարում ընտանեկան նպաստների կամ կենսաթոշակների տեսքով։

Արդարացի է, երբ սխալ գործողը պատժվում է իր արարքի համար, իսկ նրանք, ովքեր նման սխալներ չեն գործել, չեն պատժվում

Վերջապես՝ արդարացի է, երբ նրանք, ովքեր ավելի շատ ջանք են ներդնում ընդհանուր գործի հաջողության համար, մյուսներից ավելի բարձր գնահատականի կամ վարձատրության արժանանան։

Արդարության գնահատումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարիքը, արժանիքը, ներդրումը և ջանքերն արդարության գնահատման չափանիշներից են, որոնց միջոցով տարբերակված մոտեցում է ցուցաբերվում մարդկանց, նրանց գործունեությանը։ Գնահատման ժամանակ երբեմն օգտագործվում են նաև այլ չափանիշներ, օրինակ՝ մարդկանց մասին դատելն՝ ըստ նրանց տարիքի, սեռի, ռասսյի կամ կրոնական նախընտրություն։ Այդպիսի չափանիշները հիմնավոր չեն՝ անարդար են, և չեն նպաստում հասարակության ներդաշնակ զարգացմանը։

Արդարության իրավական և բարոյական կողմերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Արդարությունն ունի երկու «երես»` իրավական և բարոյական, որոնցից առաջինը կարգավորվում է օրենսդրությամբ, իսկ երկրորդը` հասարակական կյանքի այն կանոններով, որոնք անվանում են բարոյական նորմեր։

Առաջին դեպքում արդարությունն ապահովվում է օրենքների, որոշումների, հրամանագրերի, կարգերի և իրավական այլ փաստաթղթերի միջոցով, որոնցից բխում է, թե ինչ իրավունքներ և պարտականություներ ունի մեզնից յուրաքանչյուրը։

Օրենսդրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օրենսդրության կարևորագույն խնդիրը հասարակության բոլոր անդամների համար արդարություն ապահովելն է։ Այսինքն՝ եթե մարդը հանցագործություն է կատարել, ապա սահմանված պատիժը պետք է համապատասխան, համարժեք լինի նրա կատարած արարքին։ Օրենքները և այլ նորմատիվ իրավական ակտեր ստեղծում է պետական իշխանությունը, որն ապահովում է դրանց կատարումը։ Այդ նպատակով ստեղծված են պետական համապատասխան մարմիններ՝ դատարաններ, ոստիկություն, քրեակատարողական հիմնարկներ և այլն։ Օրենքի խախտման դեպքում արդարության վերականգման նպատակով այդ պետական մարմինների կողմից սահմանվում և իրագործվում է որոշակի պատիժ՝ տուգանքի, ազատազրկման կամ այլ ձևով։

Մարտին Լյութեր Քինգ

Ազատության համար պայքարի մեծ գործիչ Մարտին Լյութեր Քինգը անցյալ դարի 1960-ական թվականների Ամերիկյան քաղաքացիական իրավունքների շարժման մասնակիցներին հորդորում էր «ընդունել փոթորիկն առանց հակադարձության ու հակընդդիմության, համբերատարությամբ տանել բանտի չարչարանքները` արդարությունը պահպանելու համար»։ Երբ նրան հարցրել են, թե ինչպես կարելի է խախտել որոշ օրենքներ և հնազանդվել մյուսներին, նա պատասխանել է. «...Երկու տեսակի օրենքներ կան` արդար և անարդար։ Ես կլինեմ առաջինը, ով ձեզ խորհուրդ կտա հնազանդվելու արդար օրենքներին։ Մարդն ունի ոչ միայն իրավական, այլև բարոյական պատասխանատվություն՝ հնազանդվելու արդար օրենքներին։ Նմանապես, մարդը բարոյական պատասխանատվություն ունի չհնազանդվելու անարդար օրենքներին։ Ես համաձայն եմ Սուրբ Օգոստինոսի հետ. «Անարդար օրենքն օրենք չէ ընդհանրապես»։ Հուսով եմ, որ ի վիճակի եք հասկանալու իմ տեսակետը։ Ոչ մի դեպքում խորհուրդ չեմ տալիս խույս տալ կամ արհամարհել օրենքները... Դա կտանի դեպի անիշխանություն։ Մարդը, որը խախտում է անարդար օրենքը, պետք է դա անի բաց ձևով ր պատրաստակամ լինի ընդունելու պատիժը։ Ես համոզված եմ, որ անհատն իրականում արտահայտում է օրենքի հանդեպ բարձրագույն հարգանք, երբ խախտում է մի օրենք, որն, ըստ իր գիտակցության, անարդար է, և կամավոր ընդունում է ազատազրկման պատիժը, որպեսզի բարձրացնի հասարակության անդամների գիտակցությունն այդ անարդարության նկատմամբ»։

Բարոյական կողմը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազատության բարոյական կողմն առնչվում է ճշտի և սխալի, բարու և չարի, արդարի և անարդարի, պարտքի և խղճի մասին մարդկանց պատկերացումներին։ Բարոյականությունն առնչվում է այն կանոններին, որոնցով կարգավորվում է մարդու վարքագիծը հասարակության մեջ։ Նա թելադրում է մեզ անել ինչ-որ բան կամ արգելում է կատարել մեկ այլ բան։ Չնայած դրան՝ բարոյականի և իրավականի միջև հստակ սահմաններ դնելը դժվար է։

Բարոյական կանոնները[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարոյական կանոնները ձևավորվում են հասարակության կողմից, և դրանց հիման վրա ստեղծվում է, որոշակի հասարակական կարծիք։

  • Աշխարհի որևէ վայրում տեղի ունեցող անարդարությունը սպառնալիք է համընդհանուր արդարությանը։ (Մարտին Լյութեր Քինգ)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 8 CC BY-SA icon 80x15.png