Սուրեն Մուրադյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մուրադյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սուրեն Մուրադյան
Ծնվել էնոյեմբերի 26, 1930(1930-11-26)[1]
ԾննդավայրՈրնակ, Ալավերդու շրջան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]
Վախճանվել էդեկտեմբերի 26, 2020(2020-12-26)[2] (90 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայաստան
Մասնագիտությունբանաստեղծ և լրագրող
Ազգությունհայ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան (1952)[1]
ԱնդամակցությունՀԳՄ և Հայաստանի ժուռնալիստների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ[1]
ԱշխատավայրՊիոներ կանչ, Ավանգարդ, Ոզնի և Հայբուսակ
Սուրեն Մուրադյան Վիքիքաղվածքում
Սուրեն Մուրադյան Վիքիդարանում
 Suren Muradyan Վիքիպահեստում

Սուրեն Ստեփանի Մուրադյան (նոյեմբերի 26, 1930(1930-11-26)[1], Որնակ, Ալավերդու շրջան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] - դեկտեմբերի 26, 2020(2020-12-26)[2], Երևան, Հայաստան), հայ բանաստեղծ, մանկագիր, երգիծաբան, դրամատուրգ, թարգմանիչ, լրագրող։ Հայաստանի գրողների միության անդամ (1964

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրեն Ստեփանի Մուրադյանը ծնվել է 1930 թվականի նոյեմբերի 26-ին, Լոռու մարզի Ակներ գյուղում։ 1945 թվականին ավարտել է Ակների յոթամյա, իսկ 1948 թվականին՝ Ալավերդու Ս. Սպանդարյանի անվան միջնակարգ դպրոցները։ 1952 թվականին ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի պատմալեզվագրական ֆակուլտետը, իսկ 1957 թվականին՝ Մոսկվայի ժուռնալիստիկայի բարձրագույն դասընթացը։ Տարբեր տարիների աշխատել է «Պիոներ կանչ», «Ավանգարդ» թերթերի, «Ոզնի» երգիծաթերթի, «Խորհրդային Հայաստան» ամսագրի, ռադիոյի երիտասարդական հաղորդումների խմբագրություններում, «Արևիկ» հրատարակչությունում։ 10 տարի դասախոսել է «Հայբուսակ» համալսարանի հումանիտար ֆակուլտետում։

Մանկական անդրանիկ ժողովածուն՝ «Առաջին երգ»-ը, լույս է տեսել 1953 թվականին։ Հրատարակել է մանկական, քնարական, երգիծական շուրջ 130 անուն գիրք, որոնց մեծ մասը թարգմանվել է աշխարհի 17 լեզուներով, այդ թվում՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, ուկրաիներեն, բելառուսերեն, պարսկերեն, լիտվերեն, արաբերեն, վրացերեն, տաջիկերեն, ուդմուրդերեն, ուզբեկերեն և այլն։ Գրել է նաև հեքիաթներ և պիեսներ, որոնք բեմադրվել են մի շարք թատրոններում[3]։ «Լենինի հոլիկը» 1973 թվական) պոեմն արժանացել է «Դետսկայա լիտերատուրա» հրատարակչության համամիութենական մրցանակին։ 1973 թվականին՝ «Երկնքից երեք խնձոր ընկավ» գրքի համար Հայաստանի գրողների միության և Հրատպետկոմի 1-ին մրցանակ, 1987 թվականին՝ մրցանակ «Փոքրիկ ուսուցչուհին» ժողովածուի համար, 1993 թվականին՝ ՀԳՄ Ստեփան Զորյանի անվան մրցանակ՝ «Ինչու երկու, ինչու մեկ» և «Սիրավեպ՝ ապահարզանից հետո» գրքերի համար, 2002 թվականին՝ ՀԳՄ 1-ին մրցանակ՝ մանկական գրականության գծով, նույն թվականին՝ միանգամից 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ մրցանակներ «Արևիկ» մանկական անսամբլի հայտարարած լավագույն երգերի տեքստերի համար։ 2000 թվականին պարգևատրվել է Հայաստանի գրողների միության Եղիշե Չարենցի շքանշանով, 2005 թվականին՝ Մովսես Խորենացու մեդալով, ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալով, 2007 թվականին՝ արժանացել է ՀԳՄ Վախթանգ Անանյանի անվան մրցանակի՝ «Մայրիկն ու հայրիկը» մանկական ժողովածուի համար։ Մուրադյանի «Ծաղկամանի գաղտնիքը» պիեսը բեմադրվել է Երևանի Թումանյանի անվան և Գյումրու տիկնիկային թատրոններում։

Ս. Մուրադյանը կատարել է թարգմանություններ Տիչինայից, Սամուիլ Մարշակից, Կոռնեյ Չուկովսկուց, Միխալկովից, Ա․ Բարտոյից։

1964 թվականից Հայաստանի գրողների միության անդամ է, 1959 թվականից եղել է Ժուռնալիստների միության անդամ։ ԽՄԿԿ անդամ 1955 թվականից։

Կարծիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համո Սահյան. «Սուրեն Մուրադյանը 7-ից 70 տարեկան ընթերցողների տաղանդավոր բանաստեղծն է»։

Դերենիկ Դեմիրճյան. «Լավ է իր պարզությամբ, բնականությամբ ու անմիջականությամբ «Քարտաշի սերը» բանաստեղծությունը։ Անձնականի և հասարակականի օրգանական ձուլման գեղեցիկ օրինակ»։

Վախթանգ Անանյան. «Չգիտեմ ինչու, երբ կարդում եմ Սուրեն Մուրադյանի համով-հոտով գրած բանաստեղծությունները, կարոտում եմ իմ անցած-գնացած մանկությունը, մեր ծաղկոտ սարերը, ամպերի մեջ ծվարած լեռներն ու քարոտ կածանները։ Մարդկանց մասին է գրում Սուրեն Մուրադյանը, քաջության, անձնվիրության, ազնվության, ընկերասիրության և այլ բարձր հատկանիշների մասին, բայց, իմ կարծիքով, այդ ամենի մեջ Լոռվա բնությունն իր մասն ունի, այն չքնաղ երկիրը, ուր աճել և ձևավորվել է այսօրվա շնորհալի բանաստեղծը»։

Սիլվա Կապուտիկյան. «Իմ աչքի առաջ դու հասունացար, դարձար մանուկների ամենափնտրված բանաստեղծը։ Իզուր չէ, որ դու մեծ Թումանյանի հողից ես ծնվել։ Քո բնավորության ու բանաստեղծությունների մեջ զգում եմ թումանյանական պարզությունն ու անմիջականությունը։ Դու հայ մանկաշխարհի սիրված բանաստեղծն ես, մեր գրականության անխոնջ ու անկեղծ նվիրյալը»։

Էդուարդաս Մեժելայտիս. «Կորնեյ Չուկովսկուց ու նրա բժիշկ Այբոլիտից ինչ-որ բան եմ զգում իմ գործընկեր Սուրեն Մուրադյանի մեջ։ Սուրեն Մուրադյանի մանկական բանաստեղծություններն իսկական վարպետի գործեր են»։

Խաչիկ Դաշտենց. «Սուրեն Մուրադյանը մեր ամենաշնորհալի գրողներից է։ Նա աչքի է ընկնում իր բարձր բարոյականությամբ և վարքով»։

Ռուբեն Զարյան. «Եթե մեկը փոքր-ինչ ճանաչում է Սուրեն Մուրադյանին, անպայման կասի, որ նրա գրչի տակից դուրս եկած ամեն մի տող ազնվագույն զգացումների հարազատ արձագանքն է լինելու։ Իսկ ով չի ճանաչում անձնապես, բայց նրա չափածո գործերի ուշադիր ընթերցողն է, առանց կասկածելու կասի, որ դրանց հեղինակը շատ բարի սիրտ ունի»։

Գևորգ Էմին. «Սուրեն Մուրադյանը տասնամյակներ շարունակ բանաստեղծություններ, պոեմներ, շուտասելուկներ ու հանելուկներ է գրում մանուկների համար, անընդհատ հանդիպում ու շփվում է նրանց հետ դպրոցներում, գրադարաններում ու ամառային ճամբարներում, և երևի դրա համար էլ նրա հասակակիցները բոլորը փոխվում են, մեծանում, նույնիսկ ծերանում, իսկ նա միշտ նույն Սուրենն է մնում, նույն ժպտադեմ պատանին»։

Խաժակ Գյուլնազարյան. «Սուրեն Մուրադյանի քնարերգության հիմնական առանձնահատկությունները, որոնցով նա շահել է ամենաանաչառ ընթերցողների՝ մանուկների սերն ու համակրանքը, քնարական անաղարտությունը, մարդկային բարձր հատկությունների փառաբանությունը, բնության զարմանալի խորը ընկալումն ու հիացական արտացոլումը և նաև իր բնօրրանից դուրս աղմկոտ կյանքի հույզերի երևակումն է բարձր հումանիզմի դիրքերից»։

Գեղամ Սարյան. «Սուրեն Մուրադյանի բանաստեղծությունները հաճույքով են կարդում երեխաները։ Նրա մանկական ստեղծագործությունները սիրում են ոչ միայն հայ, այլև սովետական մյուս ժողովուրդների երեխաները»։

Սուրեն Մուրադյանի մտքերից[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Եթե ինձ հարցնեին՝ ո՞րն է մանկական գրողի կոչման առանձնահատկությունը, կասեի՝ զարմանալու հատկությունը։ Մարդը պետք է բոլոր տարիքներում չկորցնի զարմանալու, սիրելու արժանիքը, այլապես նա կդառնա անտարբեր ու չի կարող մանկան նման մաքուր, զարմացած, գեղեցիկ աչքերով նայել կյանքին, մարդկանց։
  • Աշխարհը, իմ պատկերացմամբ, կանգուն է չորս բարոյական սյուների վրա՝ սեր, հավատ, բարություն, աշխատանք։ Փորձիր կտրել այդ սյուներից մեկը՝ առաստաղը փուլ կգա և մեծ աղետ կպատահի։
  • Որտեղ էլ եղել եմ, ինչպիսի նոր վայրերով ու պատկերներով էլ հրապուրվել եմ, իմ ոգևորության, կարոտի և գեղեցկության չափանիշը, բանաստեղծական խտացված կերպարը եղել է իմ ծննդավայրը, իմ Լոռին, իմ Ակներ գյուղը։
  • Ճշմարտությունը պիտի ասել համարձակ, սրտացավությամբ, երբեմն էլ հումորով, բայց ոչ չարությամբ։
  • Ես իմ կյանքն ապրել եմ ոչ թե ուրագի նման՝ «միշտ դեպի քեզ, միշտ դեպի քեզ», այլ սղոցի նման՝ «մին դեպի քեզ, մին դեպի մեզ»։
  • «Մանկագիրը մի առավելություն ունի՝ մեր ընթերցողները նախ շատ են, և երկրորդ՝ նրանք ամենաանկեղծն են։ Եթե երեխան չհավանի գիրքը, չի շարունակի կարդալ։ Մեր իսկական քննադատները մանուկներն են, մեծերը կարող են կեղծել, սուտ ասել, բայց փոքրերը՝ ոչ, եթե չհավանեն, գիրքը կշպրտեն։ Այդ առումով մանկագիրն ավելի բախտավոր է»։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1953 - Առաջին երգ
  • 1955 - Ինչքան լավ է դրսում, բայց այն ո՞վ է մրսում
  • 1957 - Գառնարածի երգը
  • 1959 - Կյանքի ճանապարհին
  • 1960 - Մկնիկ հարսնացուն
  • 1961 - Իմ հյուրերը
  • 1964 - Ամպիկ
  • 1966 - Մե՞ծ եմ, թե՞ փոքրիկ
  • 1968 - Գարնան մատիտները
  • 1971 - Թագուհին մեր տանը
  • 1973 - Երկնքից երեք խնձոր ընկավ
  • 1976 - Կարմիր ասպետը
  • 1977 - Յոթ ցանկություն
  • 1978 - Հանելուկներով այբուբեն
  • 1979 - Հայաստանի մրգերը
  • 1979 - Ուրախ ձայներ (երգեր Ս. Մուրադյանի տեքստերով)
  • 1984 - Իմ մանկության ձին
  • 1986 - Փոքրիկ ուսուցչուհին (հայերեն և ռուսերեն)
  • 1987 - Բարության ծառը
  • 1988 - Զարուհու արկածները մանկապարտեզում
  • 1990 - Մրգաքաղ
  • 1992 - Ինչու երկու, ինչու մեկ
  • 1997 - Քո իրավունքները
  • 1998 - Հեքիաթներ
  • 2003 - Չափածո հեքիաթներ
  • 2003 - Մկնիկ հարսնացուն
  • 2004 - Արջուկ-լրջուկ
  • 2005 - Ինչու՞ է ուղտը սապատավոր
  • 2006 - Մայրիկի օրորը
  • 2006 - Աշխարհի ամենափոքրիկ թագուհին
  • 2007 - Երկնքից տասը խնձոր ընկավ
  • 2007 - Մայրիկն ու հայրիկը, նույն թվականին արժանացել է ՀԳՄ Վ. Անանյանի անվան մանկապատանեկան գրականության մրցանակի
  • 2007 - Հանելուկներով այբուբեն
  • 2007 - Իմ կենդանաբանական այգին
  • 2008 - Ժամանցագիրք
  • 2008 - Յոթ ինչու, յոթ պատասխան
  • 2008 - Երեք խնձոր փոքրիկներին
  • 2009 - Հանելուկներով մրգաստան
  • 2009 - Մանկական երգարան (Ս. Մուրադյանի տեքստերով), 2010 թ. արժանացել է Թեքեյան մշակութային միության Վահան Թեքեյանի անվան մանկապատանեկան գրականության մրցանակի
  • 2009 - Մանկական պիեսներ
  • 2009 - Կչկչան հավիկի և Զուզու կովիկի հեքիաթը
  • 2009 - Ծաղկամանի գաղտնիքը (չափածո հեքիաթներ), 2010 թ. արժանացել է Թեքեյան մշակութային միության Վահան Թեքեյանի անվան մանկապատանեկան գրականության մրցանակի
  • 2009 - Արևազօծ ծաղկանոց
  • 2010 - Արևներ ու աստղիկներ
  • 2010 - Իմաստուն պապերն ու նրանց թոռները
  • 2010 - Ծաղկամանի գաղտնիքը (մանկական պիեսներ)
  • 2011 - Այբուբեն՝ աղջիկներին
  • 2011 - Ես զինվոր եմ քաջ
  • 2011 - Երկնքից երեք խնձոր է իջնում
  • 2012 - Մանկական գանձարան
  • 2012 - Գրքի թևով, հազար ձևով (Երևան)
  • 2012 - Հեքիաթի աղջիկը
  • 2014 - Աշխարհի ամենափոքրիկ թագուհին (Աիդա Բոյաջյանի նկարազարդմամբ)
  • 2014 - Տասը հեքիաթ (Խորեն Հակոբյանի նկարազարդմամբ)
  • 2014 - Մկնիկ հարսնացուն (մեծերի և փոքրերի երաժշտաթատերախաղ)
  • 2016 - 100 հանելուկ
  • 2016 - Մեկ մանկիկ եմ, մեկ պապիկ եմ (հատընտիր)

Քնարական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1959 - Հասկեր
  • 1976 - Կապույտ թռչուն
  • 1982 - Ոսկե տերևաթափ
  • 2002 - Բանաստեղծները չեն ծերանում
  • 2005 - Աշնանամուտի զանգեր
  • 2010 - Ձյունոտ ծաղիկներ
  • 2010 - Հայոց մայրաքաղաքները
  • 2010 - Ութսուն ղողանջ
  • 2011 - Սիրո տաղարան
  • 2011 - Ես սիրում եմ քեզ, հայրենի՛ք

Երգիծական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1992 - Վարդեր և փշեր
  • 1992 - Սիրավեճ ապահարզանից հետո
  • 1999 - Ուրախ երգիծանի
  • 2000 - Երգիծական այբուբեն
  • 2004 - Երգիծատուն
  • 2010 - Եռաժանի ժպիտներ

Գրականագիտական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1983 - Սերունդների հետ միշտ նորանալով
  • 2000 - Մեծերն իմ կյանքում
  • 2007 - Գրական նամականի
  • 2009 - Սուրեն Մուրադյան. կենսամատենագիտություն
  • 2012 - Մի երկար, լուսարար ճանապարհ
  • 2014 - Թումանյանի հետ

Թարգմանական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1973 - Գաղտնիքը գաղտնիքով (Գրիցկո Բոյկո)
  • 1979 - Պարտեզի ծաղիկները (Ն. Վերզիլին, Վս. Ռոժդեստվենսկի)
  • 1982 - Մի բուռ սաթ (Նեկրոշյուս Յուոզաս)
  • 1983 - Գնդակը (Ագնիյա Բարտո)
  • 1987 - Այբուբենը՝ ձյան վրա (Վալենտին Լուկշա)
  • 1988 - Հեքիաթ հիմար մկնիկի մասին (Սամուիլ Մարշակ)
  • 1988 - Նամակ բոլոր երեխաներին (Յուլիան Տուվիմ)

Բեմադրված պիեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ծաղկամանի գաղտնիքը (Երևանի Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոն)
  • Պոչատ աղվեսը (Երևանի Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոն)
  • Ծպտված Ձմեռ պապը և Ձյունանուշը (Երևանի Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոն)
  • Կախարդական հեքիաթ (Երևանի Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոն)
  • Անառակ որդու վերադարձը (Երևանի պատանու հանդիսատեսի թատրոն)
  • Արկածային այբուբեն (Երևանի Շուշանիկ և Խորեն Ավետիսյանների անվան կրթահամալիր)
  • Թռչող կարկանդակներ (Երևանի Շուշանիկ և Խորեն Ավետիսյանների անվան կրթահամալիր)
  • Սուտասան Թորոսի արկածները (Գյումրիի տիկնիկային թատրոն)
  • Անտառային ֆանտազիա (Գյումրիի տիկնիկային թատրոն)
  • Սուտասան Թորոսի արկածները (Վանաձորի տիկնիկային թատրոն)
  • Գայլը Ձմեռ պապիկի զգեստով (Շուշիի Մկրտիչ Խանդամիրյանի անվան դրամատիկական թատրոն)
  • Անտառային հեքիաթ (Արտաշատի պետական թատրոն)
  • Սիրավեճ ապահարզանից հետո (Արտաշատի և Ալավերդու պետական թատրոններ)

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ինչպես թռչունները թագավոր ընտրեցին
  • Արժանավոր ժառանգորդը
  • Ծաղիկների թագուհին
  • Երեք խոստովանություն
  • Վախկոտ-պարծենկոտը
  • Գայլը Ձմեռ պապիկի զգեստով
  • Փոքրիկ Կարոն
  • Թագավորն ու ցորենը
  • Մկնիկ հարսնացուն
  • Նապաստակն ու դերձակները
  • Արկածային այբուբեն
  • Ծիծեռնակի բույնը (նաև՝ ռադիոբեմականացմամբ)

Մանկական օպերաների լիբրետոներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վախկոտ-պարծենկոտը (երաժշտությունը՝ Էմմա Միհրանյանի), որի հիման վրա Մոսկվայում թողարկվել է հայկական առաջին մանկական ձայնապնակը։
  • Մկնիկ հարսնացուն (երաժշտությունը՝ Ռոբերտ Պետրոսյանի)

Մանկական և էստրադային երգերի տեքստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ս. Մուրադյանը 250-ից ավելի երգերի հեղինակ է, այդ թվում՝

  • «Անհայտ զինվորը», «Առավոտ», «Շնիկի դասը», «Իմ մայրիկը», «Հայ դյուցազնին», «Գյումրի» (երաժշտ.՝ Գեղունի Չթչյանի), որոնք շահել են Կոմպոզիտորների միության և երգչախմբային ընկերության մրցանակներ
  • «Ջանըմ, ջանըմ» կատակերգը, «Հաղթանակ» կանտատը (երաժշտ.՝ Գրիգոր Հախինյանի), որը շահել է Մշակույթի նախարարության առաջին մրցանակը
  • «Արևին ընդառաջ» կանտատը (երաժշտ.՝ Յուրի Գևորգյանի), որը լույս է տեսել նաև Մոսկվայում և Սոֆիայում
  • «Արևազօծ ծաղկանոց» (երաժշտ.՝ Արեգ Լուսինյանի), 12 երգերի շարք է
  • «Ինքնահավանը» կատակերգը (երաժշտ.՝ Ռոբերտ Պետրոսյանի) շահել է «Սայաթ-Նովա»-2000 համահայկական մրցույթի գլխավոր մրցանակը
  • «Թզուկների երգը», «Հեքիաթային ճանապարհ» (երաժշտ.՝ Մարտին Վարդազարյանի)
  • «Նապաստակի օրորը» (երաժշտ.՝ Լիլիթ Համբարձումյանի)
  • «Բարության ծառը» (երաժշտ.՝ Լիլիթ Համբարձումյանի)
  • «Մայրիկն այսօր ուշացել է» (երաժշտ.՝ Հռիփսիմե Խրիմյանի)
  • «Սուտասանը», «Վառվիր խարույկ» (երաժշտ.՝ Ռուսլան Գալստյանի)
  • «Կչկչան հավիկը» (երաժշտ.՝ Լիանա Հարությունյանի)

Թարգմանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում
  • Բարտո Ագնիա։ Գնդակը.- Երևան։ Սովետական գրող, 1983.- 44 էջ։
  • Բոյկո Գրիցկո։ Գաղտնիքը գաղտնիքով.- Երևան։ Հայաստան, 1973.- 27 էջ։
  • Իմ Դաղստան.- Երևան։ Սովետական գրող, 1980.- 332 էջ.- Բովանդ-ից՝ Ստեղծագործությունների մի մասը։
  • Լուկշա Վալենտին։ Այբուբենը ձյան վրա։ Բանաստեղծություններ և հեքիաթներ.- Երևան։ Արևիկ, 1987.- 36 էջ։
  • Խաղաղ Դոնի բանաստեղծներ.- Երևան։ Սովետական գրող, 1983.- 138 էջ.- Բովանդ-ից՝ Վ. Սիդորով։
  • Ծիածան /Կազմ.՝ Հ. Սևան, Ս. Մուրադյան.- Երևան։ Սովետական գրող, 1982.- 184 էջ.- (ԽՍՀՄ գրողների բանաստեղծություններ)։
  • Կոչևսկի Վիկտոր։ Ցոլքեր.- Երևան։ Հայաստան, 1973.- 212 էջ։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի «Խաչատուր Աբովյան» ոսկե մեդալ, 2005 թ.[4]
  • «Մովսես Խորենացու» մեդալ, 2007 թ.
  • ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ, 2010 թ.
  • «Ֆրիտյոֆ Նանսեն» հիմնադրամի ոսկեզօծ մեդալ, 2010 թ.
  • «Թումանյանի հետնորդ» պատվավոր կոչում, 2010 թ.
  • Թեքեյանի անվան մրցանակ, 2010 թ.
  • ՀՀ կրթության և գիտության նախարարության ոսկե մեդալ, 2015 թ.
  • ՀՀ վարչապետի հուշամեդալ, 2015 թ.
  • «Գրական վաստակի համար», Գրողների միություն
  • «Եղիշե Չարենց», Գրողների միություն

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 8 (հայ.) — հատոր 8. — էջ 96.
  2. 2,0 2,1 2,2 Скончался писатель Сурен Мурадян
  3. «Սուրեն Մուրադյանի կենսագրությունը avproduction.am կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 12-ին.
  4. Սուրեն Մուրադյանի կենսագրությունը ՀԳՄ կայքում

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուրեն Մուրադյան» հոդվածին։
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուրեն Մուրադյան» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուրեն Մուրադյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 96