Գյումրու տիկնիկային թատրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյումրու տիկնիկային թատրոն
Տեսակտիկնիկագործություն
Երկիր Հայաստան
Գտնվելու վայրըԳյումրի
Հիմնադրման ամսաթիվմայիսի 26, 1935

Գյումրու տիկնիկային թատրոն, Ստեփան Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոն[1], առաջին մանկական թատրոնը Հայաստանում։ Հիմնադրվել է 1935 թվականի մարտին՝ ռեժիսոր Հասմիկ Գյոզալյանի ջանքերով։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայ թատրոնում շատ երախտավորներ կան, որոնք մեծ հետագիծ են թողել թատերական պատմության մեջ։ Ստեփան Ալիխանյանը արվեստ մտավ յուրովի, ստեղծեց իր աշխարհը, ստեղծագործական հախուռն թափով ծնեց նոր թատրոն, տիկնիկային թատրոն։ Որքան որ հին է այդ արվեստը, այնքան էլ նոր էր կյանք մտնում՝ սովետական կյանք, նպատակը՝ մանուկների գեղագիտական դաստիարակությունն էր, էսթետիկական մի դպրոց, որտեղ երեխան կարող էր շատ բան տեսնել ու սովորել։ Այդ տարիներին Գյումրու տիկնիկային թատրոնի շուրջն են համախմբվել Լենինականի դրամատիկ թատրոնի դերասաններ, հետագայում ՀԽՍՀ ժողովրդական արտիստներ Ա. Փաշայանը, Ռ. Օդաբաշյանը, Լ. Բադալյանը, Ա. Հարությունյանը և ուրիշներ։

Գյումրու տիկնիկային թատրոնն իր գործունեությունն սկսել է «Կապիկն ու հայելին», «Հեղափոխական Տանյան» (ռեժիսոր՝ Հ. Դյոզալյան) պիեսներով։ Թատրոնի հետ համագործակցել են անվանի ռեժիսորներ Վարդան Աճեմյանը և Ա. Արմենյանը, որոնք գրել և բեմականացրել են մանկական պիեսներ։ Մեծ հաջողությամբ են բեմադրվել «Չախ-չախ թագավորը» (1936, Վարդան Աճեմյան), «Քաջ Նազարը» (1937, Ա. Արմենյան) ներկայացումները։ Անցած ավելի քան քառասուն տարիներին թատրոնի խաղացանկում տեղ են գտել Դերենիկ Դեմիրճյանի «Նազելին» (գրվել է հատկապես Գյումրու տիկնիկային թատրոնի համար), «Գառնուկ ախպեր», «Կարմիր գլխարկ», «Մարտիկի երազը», «Ոսկե ձկնիկը», «Շունն ու կատուն», «Անմահական խնձոր» և այլ ներկայացումներ, որոնց մասնակցել են տիկնիկավարներ Դ. Պայազատը, Կ. Դարայանը, Ն. Ալիխանյանը, Լ. Մեսրոպյանը և ուրիշներ։ Թատրոնի նկարիչներն են եղել Վ. Շերիշևը, Կ. Մինասյանը, Զ. Սիմոնյանը, կոմպոզիտորները՝ Դ. Միրզոյանը, Ա. Շիշյանը և ուրիշներ։ Բեմադրությունների տիկնիկները պատրաստել է Ա. Ղազարյանը։

Մեծ ավանդ ունի ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, ռեժիսոր Ստեփան Ալիխանյանը, որի շանքերով ետպատերազմյան դժվար պայմաններում վերսկսվեց թատրոնի գործունեությունը։ Հովհաննես Թումանյանի ծննդյան 100-ամյակի առթիվ բեմադրված «Տերն ու ծառան» ներկայացումը արժանացել է մրցանակի։ Ներկայումս Լ. տ. թ-ի ռեժիսորներն են Ա. Ղուկասյանը և Ա. Տեր-Դրիգորյանը։ 1973 թվականից Գյումրու տիկնիկային թատրոնը «ՅՈւՆԵՍԿՕ»-ին կից տիկնիկային թատրոնների համաշխարհային կազմակերպության (ՈւՆԻՄԱ) անդամ է[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ՍՏԵՓԱՆ ԱԼԻԽԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՏԻԿՆԻԿԱՅԻՆ ԹԱՏՐՈՆ | Shirak Compatriot Association». www.shirakint.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 14-ին.
  2. Գյումրու տիկնիկային թատրոնը գոյություն ունի նվիրյալների շնորհիվ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 555