Աիդա Բոյաջյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Բոյաջյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Աիդա Բոյաջյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 16, 1932 |
Ծննդավայր | Կահիրե, Եգիպտոս |
Վախճանվել է | 2019 |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ |
Մասնագիտություն | նկարչուհի |
Անդամակցություն | Հայաստանի նկարիչների միություն |
Աիդա Միհրանի Բոյաջյան (դեկտեմբերի 16, 1932, Կահիրե, Եգիպտոս - 2019), հայ նկարչուհի։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աիդա Բոյաջյանը ծնվել է Կահիրեում (Եգիպտոս) 1932 թվականին բժշկի ընտանիքում։ Չորս տարեկանից հաճախել է Մայրապետների ֆրանսիական կաթոլիկ դպրոցը։
1946 թվականին Եգիպտոսում հաճախել է հայ հայտնի նկարիչ Աշոտ Զորյանի նկարչական դասերին։ Եգիպտոսում լույս տեսնող «Ալի-բաբա» մանկական շաբաթաթերթի համար կատարել է ծաղրանկարներ։ 1947 թվականին ընտանիքով հայրենադարձել է Հայաստան։ Նույն թվականին ընդունվել է Երևանի Կրուպսկայայի անվան հանրակրթական դպրոցի 8-րդ դասարան և համատեղ հաճախել պիոներպալատի գեղանկարչական բաժինը։ 1947 թվականին պիոներ պալատում բացված նրա աշխատանքների անհատական ցուցահանդեսին ներկա է գտնվել հայտնի նկարիչ Հակոբ Կոջոյանը, որի խորհրդով Աիդա Բոյաջյանն ընդունվել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարան` միանգամից 2-րդ կուրս, առանց քննություններ հանձնելու (Մկրտիչ Քամալյանի և Ցոլակ Ազիզյանի դասարան)։ 1952 թվականին ավարտել է ուսումնարանը գերազանցության դիպլոմով, այնուհետև սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում (պրոֆեսոր Արա Բեքարյանի դասարան), որտեղ ուսման վեց տարիների ընթացքում գերազանց ուսման համար ստացել է «Գրիբոյեդովի անվան կրթաթոշակ», որի շնորհիվ ինստիտուտի կողմից ամեն տարի ուղարկվել է Մոսկվա և Լենինգրադ ռուսական և համաշխարհային գեղարվեստական գլուխգործոցները ուսումնասիրելու համար։
1957 թվականին ինստիտուտը նրան ուղեգիր է հատկացրել «Երիտասարդության և ուսանողության համաշխարհային 6-րդ փառատոնին» մասնակցելու համար։
1959 թվականից նախկին ԽՍՀՄ և Հայաստանի նկարիչների միության անդամ է։
Ստեղծագործական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բացի գեղանկարչական գործերից Աիդա Բոյաջյանը զբաղվել է նաև գրաֆիկայով։ Ունի մոտ հարյուր նկարազարդած գրքեր Հայաստանի և Սփյուռքի պատվերներով։
Զբաղվել է նաև էքսլիբրիսներով, որոնք ցուցադրվել են Հայաստանում և արտերկրում։
1957 թվականից (դեռ ուսման տարիներից) մասնակցել է հանրապետական, միութենական և արտերկրում կազմակերպված ցուցահանդեսներին։
Նրա աշխատանքներն արժանացել են բազմաթիվ դիպլոմների։
1979 թվականին մանկական համաշխարհային տարվա կապակցությամբ հայտարարված գրքի ձևավորման մրցույթում արժանացել է միակ մրցանակին՝ Աթաբեկ Խնկոյանի «Լուսին, լուսին, լուսերես» մանկական գրքի ձևավորման համար։ Նրա էքսլիբրիսները ցուցադրվել են Լեհաստանում, Չեխոսլովակիայում և այլուր։
Աիդա Բոյաջյանի գործերը գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում[1], Ֆրանսիայում, Լիբանանում, Եգիպտոսում, Սիրիայում, Կանադայում, ԱՄՆ-ում, (Նյու Յորք, Բոստոն, Լոս Անջելես, Ֆիլադելֆիա, Փասադենա)[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Աիդա Բոյաջյանի ստեղծագործությունները Հայաստանի ազգային պատկերասրահում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 29-ին.
- ↑ Biographischer Index Rußlands und der Sowjetunion (ռուսերեն). Walter de Gruyter. 2011 թ․ հոկտեմբերի 31. ISBN 9783110933369.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «KROUNK» ամսագիր N 4 (Երևան, 1987)։
- Գերմանական էնցիկլոպեդիկ բառարանում` «SAUR,ALLGEMEINES KUNSTLER-LEXIKON Die Bildenden Kunstler aller Zeiten und Volker», band 13 BORDALESO-BRAUN, K.G.Saur, (Munchen-Leipzig, 1996).
- Հայաստանի նկարիչների միության «Ժամանակակից կերպարվեստ» կատալոգ, (Երևան, 2002)։
- Հայաստանի նկարիչների միության «Հայկական գրաֆիկա» կատալոգ, (Երևան, 2003)։
- «Եգիպտահայ վարժարանների աշակերտների համաշխարհային հավաք» հուշամատյան, (Երևան, 2003)։
- Հայաստանի ազգային պատկերասրահի կատալոգ, «Դիմանկարը հայկական գրաֆիկայում», ցուցահանդեսի կատալոգ (Երևան, 2004)։
- Հայաստանի նկարիչների միության, «Գրաֆիկա. Քանդակ» կատալոգ, (Երևան, 2004)։
- Արվեստաբան Արմեն Սաթյանի «Անհատականության և ստեղծագործական փնտրումներ» գրքում զետեղված է Աիդա Բոյաջյանի կենսագրությունը և աշխատանքների լուսանկարները (ռուսերեն), (Երևան, 2006)։
- Հայաստանի նկարիչների միության 75-ամյակին նվիրված կատալոգ (Երևան, 2007)։
- Համաշխարհային հայկական կոնգրեսի, Ռուսաստանի հայերի միության, ՀՀ սփյուռքի նախարարության, Հայաստանի նկարիչների միության կազմած «Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես, մրցույթ» կատալոգ (Երևան, 2010)։
- Հայաստանի նկարիչների միության «Գրաֆիկա. քանդակ» կատալոգ (Երևան, 2010)։
- «Հայուհիներ» հանրագիտարանի 2-րդ հատոր, Ամարաս (Երևան, 2011)
- Հայաստանի նկարիչների միության 80-ամյակին նվիրված կատալոգ (Երևան, 2012)։
- Դեկտեմբերի 16 ծնունդներ
- 1932 ծնունդներ
- Կահիրե քաղաքում ծնվածներ
- 2019 մահեր
- Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի շրջանավարտներ
- Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտի շրջանավարտներ
- Հայաստանի նկարիչների միության անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- Հայ նկարչուհիներ
- ԽՍՀՄ նկարիչների միության անդամներ
- Հայ գրաֆիկներ