Շրջանի տարածքի զգալի մասը զբաղեցնում են թավ անտառները, որոնք հարուստ են բազմազան պտուղներով։ Իսկ Քիրսի լեռնաշղթայի Դիզափայտ լեռան լանջերը ծաղկառատ, խոտառատ արոտավայրեր են։ Լեռնային կտրտված մակերևույթի պատճառով դաշտավարության համար նպաստավոր հողատարածքներն ավելի քիչ են։
Կլիման ընդհանուր առմամբ չոր մերձարևադարձային է։ Տարեկան միջին ջերմաստիճանը ցածրադիր վայրերում +11,7 °C է, բարձրադիր վայրերում -1 °C։ Հունվարյան միջին ջերմաստիճանը համապատասխանաբար -0,7 °C, հուլիսինը +23,6 °C։ Տեղումների միջին տարեկան քանակը 500-700 մմ է։
Շրջանի տարածքը համընկնում է պատմական Արցախի Դիզակի մելիքության տարածքին և աչքի է ընկնում հայկական պատմաճարտարապետական մեծ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ հուշարձաններով։ Տարածքի գերակշռող մասի բարձրությունը ծովի մակերևույթից կազմում է 700-900 մ, իսկ ամենաբարձր կետը Դիզափայտ լեռան գագաթն է (2480 մ)։ Դիզափայտի «Սպիտակ տաճարը» հնագույն ուխտատեղի է։