Խոսրովիկ Թարգմանիչ
Խոսրովիկ Թարգմանիչ | |
---|---|
Ծնվել է | անհայտ[1][2] |
Մահացել է | անհայտ[1][2] |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | մատենագիր |
Խոսրովիկ թարգմանիչ (աղբյուրներում հիշատակվում է նաև որպես Խոսրովիկ Հռետոր, ծննդյան և մահվան թթ. անհայտ են), VIII դարի առաջին կեսի հայ նշանավոր մատենագիր և աստվածաբան։ Մասնակցել է 719 թ. Հովհաննես Գ Օձնեցի կաթողիկոսի կողմից հրավիրած Մանազկերտի եկեղեցական ժողովին, որի նպատակն էր հարթել հայ և ասորական եկեղեցիների միջև ծագած տարաձայնությունները՝ Փրկչի մարմնի անապականության վարդապետության հարցում[3]։ Հովհան Օձնեցի կաթողիկոսի գլխավորությամբ, հայ 7 վարդապետների և 23 եպիսկոպոսների հետ, մասնակցել է Մանազկերտի (Ապահունյաց գավառ) 726 թվականի եկեղեցական ժողովին։
Խոսրովիկ Թարգմանիչից պահպանվել է դավանաբանական բնույթի 7 երկ (գլխավորապես՝ ուղերձներ (թղթեր)), որոնցում քննադատվում ու մերժվում են քաղկեդոնականությունը և ասորական քրիստոնեական միաբնակ եկեղեցու երկու ծայրահեղ հերձվածները (սևերյան և հուլիանական)։ Հանդես է եկել որպես հայ եկեղեցու դավանաբանության ու ծեսերի ջատագով։ Նրա թղթերից 5-ը, որոնք մեկ ամբողջություն են կազմում և առնչվում են վերոհիշյալ ժողովին, գրվել են 726 - 727 թվականներին։ Դրանք նվիրված դավանաբանական և ծիսական խնդիրներին։ Դավանաբանական վեճ մղելով Հայ եկեղեցու գաղափարական հակառակորդների դեմ՝ հեղինակը քննադատել և մերժել է քաղկեդոնականությունը և ասորական եկեղեցու մեջ տարածում գտած սևերյան և հուլիանոսական հերձվածները, հանդես եկել որպես Հայ եկեղեցու դավանաբանական առանձնահատկությունների ու ծեսերի ջատագով։
Առաջին թուղթը գրված է քաղկեդոնականության դեմ, դրանում մերժվում է քաղկեդոնական դավանության էությունը և հաստատվում է Հայ եկեղեցու քրիստոսաբանությունը։ Երկրորդ և երրորդ թղթերը, որոնք իրենց բովանդակությամբ նման են Հովհաննես Գ Օձնեցու «Ընդդեմ երևութականաց» ճառին, Հուլիանոս Հալիկառնասցու հետևորդների վարդապետության աստվածաբանական հերքումն են։ Պաշտպանել և հիմնավորել է քրիստոսաբանական այն մեկնակետը, համաձայն որի որ Աստծո մարդեղացումը կատարվել է ոչ թե Բանի և մարմնի սոսկական նույնացմամբ («ըստ բնության մի բնություն», որ է՝ Բանի և մարմնի համագոյություն), այլ՝ «ըստ անճառ միավորության»։ Ի հակակշիռ հուլիանական 'այն տեսակետի, որ Քրիստոսի մարմինն «ըստ բնության անչարչարելի և անմահ» է և անհաղորդ է մարդկային կրքերին, նա պաշտպանել է Հայ եկեղեցու վարդապետության այն սկզբունքը, համաձայն որի, Տերունական մարմինը բնությամբ չարչարելի է, մահկանացու և լիովին հաղորդակից մեղքից զերծ մարդկային կրքերին, իսկ միավորված Բանով՝ Աստվածությամբ, անմեղ, անչարչարելի և անմահ է[4]։
Չորրորդ թուղթն ուղղված է Անտիոքի Աթանաս պատրիարքին (724–740), դրանով Խոսրովիկը իրազեկ է պահում պատրիարքի ուղարկած եպիսկոպոսներից մեկի՝ Թեոդորոսի գաղափարներում Սևերոս Անտիոքացու վարդապետության տարրերի առկայության մասին։
Հինգերորդ թղթում Խոսրովիկը անդրադարձել է Սևերոս Անտիոքացու և Հուլիանոս Հալիկառնասցու հերձվածների առաջացմանը, բնորոշել դրանց տեսական առանձնահատկությունները։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Տաշեան Յ., Խոսրովիկ և Գիրք հերձուածոց, տե՛ս նրա «Մատենագրական մանր ուսումնասիրությունք», մաս 1, Վիեննա, 1895։
- Յովսէփեան Գ., Խոսրովիկ Թարգմանիչ, Վաղարշապատ, 1899։
- Ակինյան Ն., Խոսրովիկ Թարգմանիչ և իր երկասիրություն ները, «ՀԱ», 1904, 1905
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,0 2,1 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. Այվազյան — Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1. — էջ 521.
- ↑ http://www.religions.am/index.php?option=com_content&view=article&id=141&Itemid=31&6118381fb671ff0bbaa9155848b0bebb=3a1cf636053649d5308c522fb5fccd2d
- ↑ «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, Երևան, 2002, էջ 437։
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 79)։ |