Լովիս Կորինտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լովիս Կորինտ
գերմ.՝ Lovis Corinth
Ի ծնեգերմ.՝ Franz Heinrich Louis Corinth
Ծնվել էհուլիսի 21, 1858(1858-07-21)[1][2][3][…]
ԾննդավայրGvardeysk, Վելաու շրջան, Քյոնիգսբերգ վարչական օկրուգ, Պրուսիա նահանգ, Պրուսիայի թագավորություն, Գերմանական միություն[4][5]
Վախճանվել էհուլիսի 17, 1925(1925-07-17)[6][1][2][…] (66 տարեկան)
Մահվան վայրԶանդվորտ, Հյուսիսային Հոլանդիա, Նիդերլանդներ[6][7][5]
Քաղաքացիություն Պրուսիայի թագավորություն
ԿրթությունՄյունխենի գեղարվեստի ակադեմիա, Ժյուլիանի ակադեմիա, Kneiphof Gymnasium? (1873) և Art Academy Königsberg?
Մասնագիտություննկարիչ, քանդակագործ, համալսարանի դասախոս, գծանկարիչ, գծանկարիչ, վիմագրող, նկարազարդող և նկարիչ-փորագրող
Ոճէքսպրեսիոնիզմ և իմպրեսիոնիզմ[8]
Ժանրդիմապատկեր[7], ֆիգուրատիվիզմ[7], բնանկար[7], կրոնական նկարչություն[7] և դիցաբանական գեղանկարչություն[7]
Ուշագրավ աշխատանքներThe Violinist?, Carmencita?, Q1196013? և Römische Campagna?
ՈւսուցիչFranz Defregger?, Լյուդվիգ ֆոն Լյոֆց և Robert Trossin?[9]
ԱշակերտներDavid Friedmann?, Sigfride Bille?, Franz Mohr?, Mina Arndt?[10], Rudolf Sieger? և Elsbeth Stockmayer?
Ներշնչվել էՌեմբրանդտ վան Ռեյն[11] և Պիտեր Պաուլ Ռուբենս[11]
Պարգևներ
ԱնդամակցությունԲեռլինի սեցեսիոն[12]
ԱմուսինՇարլոտտա Բերենդ-Կորինտ
ԶավակներWilhelmine Corinth? և Thomas Corinth?
 Lovis Corinth Վիքիպահեստում

Լովիս Կորինտ (գերմ.՝ Lovis Corinth, հուլիսի 21, 1858(1858-07-21)[1][2][3][…], Gvardeysk, Վելաու շրջան, Քյոնիգսբերգ վարչական օկրուգ, Պրուսիա նահանգ, Պրուսիայի թագավորություն, Գերմանական միություն[4][5] - հուլիսի 17, 1925(1925-07-17)[6][1][2][…], Զանդվորտ, Հյուսիսային Հոլանդիա, Նիդերլանդներ[6][7][5]), գերմանացի նկարիչ։ Մաքս Լիբերմանի, Լեսեր Ուրիի և Մաքս Սլեֆոգտի հետ համարվում է գերմանական իմպրեսիոնիզմի ականավոր ներկայացուցիչներից մեկը, չնայած նրա վերջին գործերը իմպրեսիոնիզմի ու էքսպրեսիոնիզմի համադրություն են։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկություն և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լովիս Կորինտը ծնվել է Հենրիխ և Վիլհելմինա Կորինտների ընտանիքում, որոնք ունեին կաշեգործական արհեստանոց և բավական մեծ ֆերմերային տնտեսություն։ Նա եղել է ընտանիքի միակ ընդհանուր երեխան և մեծացել է մոր նախկին ամուսնությունից առկա հինգ քույր ու եղբայրների հետ։

1866-1873 թվականներին հաճախել է Քյոնիգսբերգի Կնայպհոֆի գիմնազիան` այնտեղ ապրելով մորաքրոջ տանը։ 1870 թվականին ֆրանս-պրուսական պատերազմի սկսվելու հետ մորաքրոջ տունը վերածվում է զինվորների հավաքատեղիի։ Երբ 1873 թվականին մահանում է Կորինտի մայրը, նա վերադառնում է տուն, որտեղ էլ ավելի ուշ ձևավորվում է նկարիչ դառնալու ցանկությունը։

Որպեսզի որդին նկարչութուն սովորի, Լովիսի հայրը վաճառել է Տապիաուի իր սեփականությունը և նրա հետ տեղափոխվել Քյոնիգսբերգ։ Այստեղ նա ընդունվել է Գեղարվեստի ակադեմիա, ուր նկարչության հիմունքներ ու գեղանկարչութան պատմություն է դասավանդել Օտտո Գյունտերը։ Գյունտերի և նրա այլ աշակերտների հետ Կորինտը մեկնել է Բեռլին և Թյուրինգիա, որտեղ եղել է Ալբերտ Բրենդելի արվեստանոցում։ Կորնտը կենտրոնացել է դիմանկարի ու բնանկարի վրա։

Մյունխեն, Անտվերպեն, Փարիզ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր ուսուցիչ Գյունտերի խորհրդով 1880 թվականին Կորինտն ընդունվել է Մյունխենի գեղարվեստի ակադեմիա, որն այն ժամանակ Փարիզի ակադեմիայի հետ գեղանկարչության կենտրոն էր համարվում և մեծ դեր էր խաղում քաղաքի մշակութային կյանքում։ Լովիս Կորինտը սկզբում սովորել է Ֆրանց Դեֆրեգերի, ապա Լյուդվիգ Լյոֆցի դասարանում։ Կորինտի հետ ակադեմիայում ուսանել են Հանս Օլդեն և Բերնթ Գրյոնվոլդը, որոնց հետ բարեկամական հարաբերությունները Լովիսը պահպանել է նաև ուսումնառությունից հետո։ Կորինտը հակվում է նատուրալիստական ուղղությանը, որն այդ ժամանակ փորձում էր հակադրվել դասական պատմական գեղանկարչությանը։ Կրթության մեջ մեծ տեղ է գրավել նյու գեղանկարչության ուսանումը։ Կորինտի վրա ազդեցություն թողած ևս մեկ մանկավարժ եղել է Վիլհելմ Տրյուբները, որի մահվան առիթով 1920 թվականին Կորինտը մահախոսական է գրել։

1882-1883 թվականներին Կորինտը ծառայել է բանակում, ապա մինչ ուսման վերադառնալը հոր հետ ուղևորություն է կատարել Իտալիա, եղել Գարդա լճի շրջակայքում։

1884 թվականին Կորինտը երեք ամիս անցկացրել է Անտվերպենում ուսանելով։ Նույն թվականին նրա «Դավադրություն» նկարը միջազգային հաջողություն է ունեցել. այն Լոնդոնի սալոնում արժանացել է բրոնզե մեդալի։ Անտվերպենում Կորինտ Լովիսը ստեղծել է իր ամենահայտնի կտավներից մեկը` «Օթելլո մավրը», որում պատկերված է սևամորթ տղամարդ։ Հոկտեմբերին Կորինտն ուղևորվել է Փարիզ և ընդունվել Ժյուլիանի ակադեմիա, որտեղ կնոջ մերկ մարմին նկարելու փորձ է ձեռք բերել։ Փարիզում լինելը նկարչին առանձնակի հաջողություն չի բերել, և նա Փարիզից վերեդարձել է մեծամասշտաբ քսան նկարներով` մեծ մասամբ նյու ժանրի։ Նշանավոր իմպրեսիոնիստների հետ միաժամանակ Փարիզում լինելը, երբ փարիզյան պատկերասրահներում ցուցադրվում էին այդ ժամանակ արդեն մահացած Գյուստավ Կուրբեի և Էդուարդ Մանեի նկարները, ոչ մի ազդեցություն չի թողել Կորինտի արվեստի վրա։ Նա ոգեշնչվել է Էռնեստ Մեյսոնիեի, Վիլհելմ Լայբլի և հատկապես Ժյուլ Բաստիեն Լըպաժի աշխատանքները։

1886 թվականի ամռանը Կորինտը Հանս Օլդեի հետ ուղևորվել է Բալթիկ ծովի ափ` դիմանկարներ ու բնանկարներ նկարելու։ 1887 թվականին նա վերադարձել է Քյոնիգսբերգ և նկարել իր հոր դիմանկարը, սակայն այդ նկարը նույնպես չի գնահատվել Քյոնիգսբերգի ակադեմիայի կողմից։

1887 թվականին Լուիս Կորինտը ձմռանը տեղափոխվել է Բեռլին, որտեղ ծանոթացել է Մաքս Կլինգերի, Վալտեր Լեյստիկովի, Կառլ Շտաուֆեր-Բեռնի հետ։ Երևի հենց Բեռլինում էլ Կորինտը ստեղծել է իր առաջին ինքնադիմանկարը։ Հաջորդ տարի Կորինտը վերադարձել է Քյոնիգսբերգ` իր ծանր հիվանդ հոր մոտ, և հոր մի քանի դիմանկարներ ստեղծել մինչև նրա մահը 1889 թվականի հունվարի 10-ին։

Մյունխեն, 1891-1900 թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կորինտին նվիրված հուշատախտակ Մյունխենում

1890 թվականին Կորինտի «Պիետա» («Իջեցում խաչից») նկարը, որ ներկայացվել էր Փարիզյան սալոնին, մրցանակ է ստացել։ Հաջողությունից հուսադրված` Կորինտը 1891 թվականին որոշում է կրկին տեղափոխվել Մյունխեն։ Այստեղ նա հաստատվում է Շվաբինգում։ Իր լուսամուտից երևացող տեսարանը նկարիչը պատկերել է նույն թվականի իր շատ նկարներում։ Նա հետաքրքվել է այն ժամանակ Մյունխենում ճանաչում վայելող պլեներական արվեստով, երբ նկարիչներն իրենց արվեստանոցները լքում էին` սյուժեներ փնտրելով բաց երկնքի տակ։ Պլեներական արվեստը հանրաճանաչ դարձրին Մյունխենի մշակութային կյանքի ականավոր դեմքերը` Առնոլդ Բյոկլինը, Մաքս Կլինգերը և Հանս Թոման։ Այդ թվականին Կորինտի գլխավոր ստեղծագործությունը դարձավ խոշորամասշտաբ «Դիոգենեսը»։ Սակայն Ապակե պալատում կազմակերպված ցուցահանդեսը չի արդարացրել նկարչի սպասումները, ընդհակառակը, արժանացել է խիստ քննադատության` Կորինտին գցելով իր ուժերի հանդեպ տարակուսանքի մեջ։ Իր ընկեր Օտտո Էկմանից նա սովորել է օֆորտի արվեստը, և արդեն 1894 թվականին ստեղծվել է օֆորտների «Տրագիկոմեդիա» շարքը, որտեղ զգալի է մոդեռնի և Մաքս Կլինգերի ազդեցությունը։

«Սպանդանոց», 1893

Սկսած 1892 թվականից` Կորինտը ստեղծել է սպանդանոցի թեմայով նկարների շարք, որը մեծ տպավորություն է թողել քննադատների վրա։ Նկարները ստեղծված են ռեալիստական ոճով հրահրող թեմայով։ Կորինտը կապված է եղել մյունխենյան արվեստի «հեղափոխականների» հետ, որոնք իրենց աշխատանքները չէին ներկայացնում պաշտոնական Ապակե պալատում և հավաքվում էին մյունխենյան նկարիչների «Ալոտրոպիա» ընկերությունում։ 1892 թվականին այդ ընկերությունից առանձնացել է Մյունխենի սեցեսիոնը, որում բացի Կորինտից ընդգրկված էին Մաքս Լիբերմանը, Օտտո Էկմանը, Թոմաս Թեոդոր Հայնեն, Հանս Օլդեն, Հանս Թոման, Վիլհելմ Տրյուբները, Ֆրանց ֆոն Շտուկը և Ֆրից ֆոն Ուդեն։ Ցուցահանդեսների հարցը լավացնելու նպատակով Կորինտը Էկմանի, Տրյուբների, Հայնեի, Մաքս Սլեֆոգտի, Կառլ Շտրատմանի, Գերման Օբրիստի և Պետեր Բերենսի հետ 1893 թվականին ցանկացել է հիմնել «Ազատ միավորումը»։ Այս առիթով Սեցեսիոնում տարաձայնություններ են առաջացել, որի արդյունքում ընկերությունը չի հիմնվել, իսկ այս գործում ներառված նկարիչները հեռացվել են սեցեսիոնից։ Իրենց ցուցահանդեսները նրանք կազմակերպել են Շուլտի պատկերասրահում։

«Խաչից իջեցումը» 1895 թվականին դարձել է Կորինտի առաջին գործը, որն իսկապես վաճառվել է։ Նույն թվականին այն ներկայացվել է Ապակե պալատի ցուցահանդեսում և արժանացել ոսկե մեդալի։ 1895-1900 թվականներին ցուցահանդեսներում ներկայացվել են Կորինտի այլ գործեր ևս, որոնք, սակայն, հասարակության վրա ազդեցություն չեն թողել։ Իր ընկերներից մեկի միջոցով Կորինտը ծանոթացել է մյունխենյան «Կողմնակի իշխանություն» գրական խմբակի անդամների հետ. այնտեղ ընդգրկված էին Մաքս Գալբեն, Էդուարդ ֆոն Կայզերլինգը, Ֆրանկ Վեդեկինդը և Օտտո-Էրիխ Գարտլեբենը։ 1896 թվականին Կորինտը դարձել է ներկայումս գոյություն ունեցող «Հավատով ամուրներ» (գերմ.՝ In Treue fest) մասոնական օթյակի հիմնադիրներից մեկը, որի համար 1898 թվականին նկարել է «Օթյակի եղբայրներ» նկարը` այնտեղ պատկերելով օթյակի 12 անդամներին։ Հետագա տարիներին Կորինտը ստեղծել է ամենահաջող ու հայտնի նկարների շարքերը։ Այսպես, 1896 թվականին նա նկարել է իր հայտնի «Ինքնադիմանկար կմախքի հետ» նկարը, 1897 թվականին՝ «Կախարդներ» և «Սուրբ Անտոնիոսի տառապանքները»։ 1900 թվականին նա նկարել է «Սալոմեն», որի հետ մեծ հույսեր է կապել, սակայն մերժվել է Մյունխենի սեցեսիոնի ցուցահանդեսին մասնակցելուց։ Փորձելով հաղթահարել անհաջողությունը` Կորինտը որոշել է լքել Մյունխենը և տեղափոխվել Բեռլին։ Այնտեղ Լեյստիկովը, ում հետ նա պահպանել էր լավ հարաբերություններ, Մաքս Լիբերմանի և Պաուլ Կասիրերի հետ հիմնել է Բեռլինի սեցեսիոնը։ 1900 թվականի հուլիսին «Սալոմեն» հայտնվում է Բեռլինի սեցեսիոնի երկրորդ ցուցահանդեսի ուշադրության կենտրոնում, և ինչպես Կորինտն է նշում, այն դառնում է Բեռլինի «խոշոր մեծությունը»։ Բացի «Սալոմեից» այս ցուցահանդեսին ներկայացվել են նաև «Սուսաննան և երկու ծերունիները», «Դրոշմ» նկարները։ Լեյստիկովի շներհիվ` Կորինտը ստանում է դիմանկարի իր առաջին պատվերները։

Բեռլինյան շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

1901 թվականի աշնանը Լովիս Կորինտը տեղափոխվել է Բեռլին և դարձել Բեռլինի սեցեսիոնի անդամ։ Նույն թվականին նրա «Պերսևս և Անդրոմեդա» նկարը ցուցադրցել է սեցեսիոնի ցուցահանդեսում Վինսենթ վան Գոգի, Վիլհելմ Լայբլի և Առնոլդ Բյոկլինի նկարների կողքին։ Լեյստիկովը նրան օգնել է Կլոպշտոկշտրասե (գերմ.՝ Klopstockstraße) արվեստանոցի հարցում, որտեղ 1901 թվականի հոկտեմբերի 14-ին բացվել է գեղարվեստի դպրոց։ Նրա առաջին աշակերտուհին դարձել է Էրիխ Լասեն։ Դպրոցը շահույթ է բերել, իսկ Կորինտի նկարները մեծ հաջողության են արժանացել։

Արդեն դեկտեմբերին Պաուլ Կասիրերը կազմակերպել է Կորինտի նկարների հատուկ ցուցահանդես, իսկ մեկ տարի անց Կորինտն ընտրվել է սեցեսիոնի կառավարման կազմում։ «Բանաստեղծ Պետեր Հիլեի դիմանկարը» Կորինտի այլ աշխատանքների հետ` «Սամուելն անիծում է Սավուղին», «Գրացիաներ» և «Ինքնադիմանկար մոդելի հետ», ցուցադրվել է սեցեսիոնի` 1902 թվականի ցուցահանդեսին։ Բացի Կորինտի աշխատանքներից` այս ցուցահանդեսում ներկայացվել են Էդուարդ Մանեի և Էդվարդ Մունկի աշխատանքներից, իսկ Հիլեի դիմանկարը ձեռք է բերել Բրեմենի Կունստհալեն։

1903 թվականի մարտի 26-ին Լովիս Կորինտն ամուսնացել է Շառլոտ Բերենդի հետ, որը վերցրել է կրկնակ ազգանուն` Բերենդ-Կորինտ։ Նույն թվականի հոկտեմբերի 13-ին լույս աշխարհ է եկել նրանց որդին` Թոմաս Կորինտը, և ընտանիքը տեղափոխվել է Հենդելշտրասե (գերմ.՝ Händelstraße): Վեց տարի անց` 1909 թվականի հունիսի 13-ին, լույս աշխարհ է եկել նրանց դուստրը` Վիլհելմինան։

1903 թվականի ամենամյա ցուցահանդեսին Կորինտը ներկայացրել է իր «Աղջիկը ցլի հետ» և «Ոդիսևսի պայքարը մուրացկանի հետ» նկարները, 1904 թվականին ստեղծվել են «Տինի Զենդերս» և «Իջեցում դագաղի մեջ» նկարները։ Նույն թվականին Կասիրերն իր պատկերասրահում կազմակերպել է Պոլ Սեզանի ցուցահանդեսը, որը Կորինտի վրա մեծ տպավորություն է թողել։ 1906 թվականին Կորինտը սկսել է իր գրական առաջին մեծ գործը` «Ինքնակենսագրությունը», որի վրա աշխատել է ընդհուպ իր մահը 1925 թվականին։ Նկարչի մահից հետո նրա այրին հրատարակել է այդ գիրքը։ Այդ նույն թվականին Կորինտը ստեղծել է մի շարք հայտնի ու տպավորիչ նկարներ` «Իջեցում խաչից», «Զևսի մանկությունը», «Լոգանքից հետո», ինչպես նաև «Ռուդոլֆ Ռիտները Ֆլորիան Գեյերի կերպարում»։ 1907 թվականին ստեղծվել են «Սամսոնի գերեվարումը», «Մեծ տառապանքներ», «Ինքնադիմանկար բաժակով», ինչպես նաև մեծ բանավեճերի առիթ հանդիսացած «Պառկած մերկը»։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լովիս Կորինտ» հոդվածին։